Գլխավոր տեղեկություն
Համար
N 1954-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 դեկտեմբերի 2025 թվականի N 1954-Ն

 

ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԿՆՔՎԱԾ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ՝ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ 2026 թվականի հունվարի 1-ից հետո՝ տասներկուամսյա ժամկետում, գործատուները թվային համակարգ են մուտքագրում իրենց հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող աշխատողների աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի «Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգը և թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին» N 410-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման հավելվածի 3-րդ կետը «էլեկտրոնային համակարգի» բառերից հետո լրացնել «, իսկ ֆիզիկական անձ գործատուն՝ Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի» բառերով.

2) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետով՝

«3.1. Ֆիզիկական անձ գործատուն աշխատանքային պայմանագիրը կնքելու նպատակով պետք է հաշվառվի հարկային մարմնում և ստանա հարկ վճարողի հաշվառման համար։».

3) որոշման հավելվածի 5-րդ կետը «արտացոլվում է» բառերից հետո լրացնել «աշխատանքի ընդունվող անձի (աշխատողի), իսկ մինչև տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի՝» բառերով, իսկ «աշխատանքի ընդունվող անձի» բառերից հետո լրացնել «(աշխատողի)» բառով.

4) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝

«5.1. Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետության քաղաքացու հետ, ապա գործատուի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից քաղաքացուն տրամադրվում է Հայաստանի Հանրապետությունում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք, որից հետո աշխատանքային պայմանագիրն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում, որից հետո համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատանքի ընդունվող անձի էլեկտրոնային հասցեին։».

5) որոշման հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Մուտքը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման, իսկ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիների մուտքը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։».

6) որոշման հավելվածի 7-րդ կետը «(աշխատողը)» բառից հետո լրացնել «, իսկ մինչև տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը» բառերով.

7) որոշման հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների։».

8) որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«9. Աշխատանքային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո, աշխատանքային պայմանագրում առկա տեղեկատվության հիման վրա, նախալրացվում է նոր ընդունվող աշխատողի գրանցման հայտը, որում ինքնաշխատ արտացոլվում են աշխատանքային պայմանագրում առկա և աշխատողի գրանցման հայտում ներառվող անհատական տեղեկությունները։».

9) որոշման հավելվածի 10-րդ կետում «ինքնաշխատ ձևավորված գրանցման հայտը» բառերը փոխարինել «նախալրացված՝ աշխատողի գրանցման հայտը» բառերով.

10) որոշման հավելվածի 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) որոշման հավելվածի 12-րդ կետի 6-րդ ենթակետը «Հայաստանի Հանրապետությունում» բառերից հետո լրացնել «*» նշանով.

12) որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին ենթակետով՝

«6.1) ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվում է մինչև տասնվեց տարեկան անձի հետ*.».

13) որոշման հավելվածի 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով՝

«7.1) աշխատողի էլեկտրոնային հասցեն*.»։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1954-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԻՆՉԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԿՆՔՎԱԾ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ն ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԳՈՐԾՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ՝ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի՝ թվային համակարգ մուտքագրելու վերաբերյալ դրույթների հետ կապված հարաբերությունները (բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի)։

2. Գործատուն կամ նրա ներկայացուցիչը (այսուհետ՝ գործատու), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի» համապատասխան էջի միջոցով անհրաժեշտ դաշտերը լրացնելով, թվային համակարգ է մուտքագրում մինչև 2026 թվականի հունվարի 1-ը կնքված և շարունակվող աշխատանքային պայմանագրերը (եթե աշխատանքային պայմանագրերը չեն կնքվել թվային համակարգի միջոցով), ինչպես նաև մինչև 2025 թվականի հուլիսի 1-ն ընդունված և գործող աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը՝ մուտքագրման պահին գործող պայմաններով։ Ֆիզիկական անձ գործատուն մուտքագրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջի միջոցով՝ անհրաժեշտ դաշտերը լրացնելով (ֆիզիկական անձ գործատուն աշխատանքային պայմանագիրը կնքելու նպատակով պետք է հաշվառվի հարկային մարմնում և ստանա հարկ վճարողի հաշվառման համար)։

3. Աշխատողի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը թվային համակարգ մուտքագրելիս համակարգն ինքնաշխատ արտացոլում է աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկությունները՝ աշխատողի գրանցման հայտի առկայության դեպքում։

4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված գործողությունից հետո կազմված աշխատանքային պայմանագիրը (անհատական իրավական ակտը) ստորագրվում է գործատուի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

5. Գործատուի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագիրը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) արտացոլվում է աշխատողի (իսկ մինչև տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի)՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում, որի մասին համակարգի կողմից ինքնաշխատ ծանուցում է ուղարկվում աշխատողի էլեկտրոնային հասցեին։

6. Գործատուի կողմից ստորագրված աշխատանքային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակի համապատասխան էջում արտացոլվելուց հետո աշխատողը (իսկ մինչև տասնվեց տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների դեպքում` ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը) էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրում է աշխատանքային պայմանագիրը։ Սույն կետով նախատեսված գործողությունն անհրաժեշտ է իրականացնել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

7. Սույն կարգի 4-րդ և 6-րդ կետերում նշված գործողությունը գործատուի կամ աշխատողի կողմից կատարվում է թվային համակարգում աշխատանքային պայմանագրի տվյալների իսկությունը հավաստելու կամ հաստատելու նպատակով, այլ ոչ թե որպես աշխատանքային պայմանագրի նոր կնքման կամ վերաստորագրման գործողություն:

8. Մուտքը Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ իրականացվում է Հայաստանի Հանրապետության «Ես եմ» ազգային նույնականացման հարթակի միջոցով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման, իսկ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացիների մուտքը՝ հարկ վճարողի հաշվառման համարով (ՀՎՀՀ) և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրվող մուտքանուն-գաղտնաբառով։

9. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար կիրառվում է նույնականացման քարտում զետեղված էլեկտրոնային թվային ստորագրություն կամ բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների, իսկ օտարերկրացիների համար՝ այլ էլեկտրոնային թվային ստորագրության լուծումներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 1-ի N 285-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշմամբ սահմանված պահանջների:

10. Աշխատանքային պայմանագրում լրացվում են հետևյալ դաշտերը՝

1) պայմանագրի համարը*.

2) պայմանագրի կնքման վայրը*.

3) պայմանագրի կնքման ամսաթիվը*.

4) պայմանագրի գրանցման ամսաթիվը (աշխատողի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրը` գեներացվում է ինքնաշխատ)*.

5) գործատուի ՀՎՀՀ-ն և անվանումը (ֆիզիկական անձ գործատուի դեպքում անունը, ազգանունը, հայրանունը)*.

6) աշխատողի անունը, ազգանունը, հայրանունը*.

7) աշխատողի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, բացառությամբ եթե աշխատողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ և փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում*.

8) ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի հանրային ծառայության համարանիշը կամ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է մինչև տասնվեց տարեկան անձի հետ*.

9) աշխատողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները (օտարերկրացի աշխատողի պարագայում նաև բնակության իրավունքը կամ օրինական գտնվելը հաստատող փաստաթղթի տվյալները).

10) աշխատողի էլեկտրոնային հասցեն*.

11) աշխատանքի վայրը*.

12) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.

13) աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը*.

14) պաշտոնի անվանումը*.

15) աշխատանքային գործառույթները կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին, որը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի հավելված*.

16) հիմնական աշխատավարձի չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները)*.

17) աշխատավարձը որոշելու ձևը*.

18) աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվող հավելումները, հավելավճարները, լրավճարները*.

19) աշխատանքային պայմանագրի տեսակը (նշել անորոշ կամ որոշակի ժամկետով)*, իսկ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի դեպքում նշել նաև պայմանագրի գործողության ժամկետը*.

20) փորձաշրջան սահմանելու դեպքում` փորձաշրջանի տևողությունը և պայմանները.

21) աշխատաժամանակի ռեժիմը*.

22) աշխատաժամանակի շաբաթական տևողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի)*.

23) ամենամյա արձակուրդի տեսակը (նվազագույն, լրացուցիչ, երկարացված) և տևողությունը*.

24) աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը*.

25) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի և աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները*.

26) կողմերի իրավունքներն ու պարտականությունները.

27) նշում հավելվածի մասին, եթե աշխատանքային պայմանագիրն ունի հավելված՝ նշելով նաև հավելվածով կարգավորվող հարցերի շրջանակը.

28) այլ պայմաններ։

11. Սույն կարգի 10-րդ կետում աստղանիշով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման։

12. Սույն կարգի 10-րդ կետի 20-րդ ենթակետով նախատեսված պայմանը չի լրացվում, եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը։

13. Սույն կարգի 10-րդ կետում նշված դաշտերը լրացնելիս, անհրաժեշտ է նշել նաև, թե որ ժամանակահատվածից է գործում նշված պայմանը (տեղեկությունը), եթե աշխատանքային պայմանագիրը կնքելուց կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունելուց հետո է փոփոխությունն (լրացումը) իրականացվել։

14. Եթե աշխատանքային հարաբերությունները ծագել են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով, ապա սույն կարգի 10-րդ կետում նշված դաշտերը լրացվում են աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում: Նշված դեպքում անհատական իրավական ակտն աշխատողի կողմից չի ստորագրվում, ընդ որում աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը թվային համակարգում գրանցելու ամսաթիվը՝ գործատուի կողմից էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրելու օրն է, որը գեներացվում է ինքնաշխատ։

15. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ, ինչպես նաև առանձին խնդիրների իրականացման համար պետական մարմինների կողմից ներգրավված փորձագետների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակից Հայաստանի Հանրապետության կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով ինքնաշխատ եղանակով փոխանցվում է թվային համակարգ:

16. Եթե պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված՝ անձին վերաբերող տեղեկություններն օրենսդրությամբ սահմանված են որպես գաղտնի կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, ապա վերջիններիս վերաբերյալ կնքված աշխատանքային պայմանագրերը կամ ընդունված անհատական իրավական ակտերը թվային համակարգ չեն մուտքագրվում։

17. Եթե աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը մինչև 2026 թվականի ավարտը չի մուտքագրվել թվային համակարգ և նույն տարում անհրաժեշտություն է առաջացել աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում փոփոխություն կատարել կամ դադարեցնել աշխատանքային հարաբերությունները, ապա աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում փոփոխությունը կամ աշխատանքից ազատման անհատական իրավական ակտը թվային համակարգի միջոցով չի ընդունվում։

 

2. ԱՇԽԱՏՈՂԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

18. Աշխատողի աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը մուտքագրելիս թվային համակարգն ինքնաշխատ ստուգում է իրականացնում աշխատողի գրանցման հայտում առկա տեղեկատվության և մուտքագրվող աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի տվյալների համադրմամբ։

19. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված ստուգման արդյունքում անհամապատասխանությունների առկայության դեպքում գործատուն համապատասխանեցնում է կա՛մ աշխատողի գրանցման հայտն աշխատանքային պայմանագրին (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտին), կա՛մ աշխատանքային պայմանագիրը (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը) աշխատողի գրանցման հայտին, բացառությամբ սույն կետի 1-3-րդ ենթակետերով սահմանված դեպքերի, հաշվի առնելով, որ այդ դեպքերում հնարավոր չէ հետադարձության ուժով անհամապատասխանությունը վերացնել՝

1) աշխատանքային պայմանագիրը կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն առկա է, սակայն բացակայում է աշխատողի գրանցման հայտը.

2) աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը ավելի վաղ է, քան աշխատողի գրանցման հայտում է սահմանված.

3) աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը ավելի ուշ է, քան աշխատողի գրանցման հայտում է սահմանված։

20. Սույն կարգի 18-րդ կետով սահմանված գործողությունն իրականացնելուց հետո թվային համակարգը թույլ կտա շարունակել աշխատանքային պայմանագրի կնքման գործընթացը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

25.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան