ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
Քաղ. Երևան |
23 դեկտեմբերի 2025 թ. |
«ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (ԿՉՄԲ/BIPM)» ԱՍՈՑԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ՕՉՄԿ/OIML)» ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Սահմանադրական դատարանը` կազմով. | |
|
նախագահող` |
Արման Դիլանյանի (զեկուցող), |
| դատավորներ` |
Արտակ Զեյնալյանի, |
| մասնակցությամբ` (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ | |
| Կառավարության ներկայացուցիչ՝ |
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի, |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի, 40 և 74-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց ««Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Կառավարությունն իր` 2025 թվականի մայիսի 29-ի N 657-Ա որոշմամբ հավանություն է տվել «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը և որոշել է նամակ-համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:
Գործի քննության առիթը Կառավարության՝ 2025 թվականի մայիսի 30-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
Սահմանադրական դատարանի 2025 թվականի հուլիսի 1-ի ՍԴԱՈ-103 աշխատակարգային որոշմամբ սույն գործով վարույթը կասեցվել է մինչև համապատասխան մարմիններից ապացույցներ և պարզաբանումներ ստանալը: Սահմանադրական դատարանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի ՍԴԱՈ-155 աշխատակարգային որոշմամբ սույն գործի վարույթը վերսկսվել է:
Ուսումնասիրելով «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերը (այսուհետ նաև՝ համապատասխանաբար՝ ԿՉՄԲ/BIPM և ՕՉՄԿ/OIML նամակ-համաձայնագրեր), հետազոտելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.
1. ԿՉՄԲ/BIPM նամակ-համաձայնագիրն ստորագրվել է 2025 թվականի մարտի 18-ին՝ ԿՉՄԲ/BIPM ասոցացված անդամ դառնալու նպատակով, իսկ ՕՉՄԿ/OIML նամակ-համաձայնագիրը հաստատվել է 2025 թվականի ապրիլի 2-ին՝ 2025 թվականից ՕՉՄԿ/OIML-ի թղթակցային անդամ դառնալու նպատակով։
2. ԿՉՄԲ/BIPM նամակ-համաձայնագրի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանն առընթեր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը պատասխանատու կլինի առնչվող բոլոր հարցերում Հայաստանի Հանրապետությանը ներկայացնելու համար։
ՕՉՄԿ/OIML նամակ-համաձայնագրի համաձայն՝ Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանատու է օրենսդրական չափագիտության ոլորտում քաղաքականության մշակման համար, իսկ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն իրականացնում է օրենսդրական չափագիտության ոլորտի քաղաքականությունը։
ԿՉՄԲ/BIPM նամակ-համաձայնագիրն ունի առդիր, այն է՝ 2025 թվականի մարտի 17-ին կազմված հաշիվ ապրանքագիրը՝ Հայաստանի Հանրապետության՝ 2025 թվականի ասոցացված պետության կարգավիճակով առաջին անդամավճարը։
3. Նամակ-համաձայնագրերով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է պարտավորություն՝ վճարել տարեկան անդամավճարներ։
ԿՉՄԲ/BIPM նամակ-համաձայնագրի համաձայն՝ 2025 թվականի համար նախատեսված 13 359 (հաշիվ-ապրանքագիրը կցվում է) եվրոյի չափով առաջին տարեկան անդամավճարը ԿԶՄԲ կողմից ստացվելուց հետո՝ ասոցացված պետություն դառնալու գործընթացը կավարտվի և Հայաստանի Հանրապետությունը կդառնա ասոցացված պետություն։
Հաջորդ տարիների համար բաժանորդագրությունը ենթակա կլինի Կշիռների և չափերի գլխավոր համաժողովի ընդհանուր կոմիտեի (ԿՉԳՀ) 24-րդ նիստի (2011թ․) 4-րդ բանաձևի դրույթներին, ի լրումն ԿԶՄԲ-ի կողմից տրամադրվող դոտացիայի վերաբերյալ ԿՉԳՀ-ի հետագա որոշումների։
4. Համաձայն ԿՉԳՀ-ի 24-րդ նիստի (2011թ.) 4-րդ բանաձևի1 դրույթների՝ ասոցացված անդամ հանդիսացող պետությունները պարտավոր են առաջին հինգ տարվա ընթացքում վճարել տարեկան անդամավճար, որի չափը հաշվարկվում է՝ ելնելով տվյալ պետության կողմից Միավորված ազգերի կազմակերպությանը վճարվող անդամավճարի չափից։ Միևնույն ժամանակ, դիմումին կից ներկայացված Ֆինանսների նախարարության եզրակացության համաձայն՝ Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը թղթակցային և Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին ասոցացված անդամակցության գործընթացի մեկնարկը նախատեսվում է 2025 թվականից, և անդամակցության առաջին տարվա անդամավճարի ամբողջական վճարումն իրականացվելու է ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից (...): Հետևաբար՝ հաշվի առնելով վերոնշյալը, 2025 թվականին՝ ասոցացված պետության կարգավիճակում, Հայաստանի Հանրապետության առաջին տարվա անդամավճարը կֆինանսավորվի ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից, իսկ հետագա տարիներին՝ սկսած 2026 թվականից, Հայաստանի Հանրապետությունը կվճարի անդամավճարներ։
5. «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության հիմնադրման մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ Թղթակից անդամները չեն կարող ներկայացվել Համաժողովում, սակայն կարող են նշանակել դիտորդներ, որոնք գործում են զուտ խորհրդակցական ձայնի իրավունքով: Նրանք չեն վճարում անդամակցության վճարներ, ինչպես անդամ պետությունները, սակայն կրում են իրենց պահանջով այդպիսի ծառայություններ մատուցելու ծախսերը, ինչպես նաև Կազմակերպության հրատարակությունների բաժանորդագրության ծախսերը:
ՕՉՄԿ-ին որպես Թղթակից անդամ միանալու ընթացակարգի համաձայն՝ Թղթակից անդամ դառնալու համար անհրաժեշտ է ազգային օրենսդրական չափագիտության համար պատասխանատու անձի կամ համապատասխան նախարարի կողմից ստորագրված նամակ ուղարկել Օրենսդրական չափագիտության միջազգային բյուրո, որով, ի թիվս այլնի, ապագա Թղթակից անդամը պարտավորվում է վճարել Օրենսդրական չափագիտության միջազգային համաժողովի կողմից սահմանված տարեկան միանվագ անդամակցության վճարը:
Օրենսդրական չափագիտության տասնվեցերորդ միջազգային համաժողովի արձանագրության նախագծի 10.1. կետի համաձայն՝ Թղթակից անդամի ընթացիկ վճարը կազմում է 1 400 եվրո (այսինքն՝ 1-ին դասի անդամ պետության ներդրվող միջոցների բազային մասնաբաժնի 10%-ը)՝ անկախ Թղթակից անդամի բնակչության թվից կամ դրա տնտեսության բարգավաճման աստիճանից: Թղթակից անդամի տարեկան ներդրվող միջոցների չափը կավելանա 2024 թվականից սկսած և աստիճանաբար կաճի՝ նպատակ ունենալով մինչև 2028 թվականն այն հավասարեցնել անդամ պետության՝ վերջինիս դասի համար սահմանված տարեկան ներդրվող միջոցների 50%-ին (ենթակա է հաստատման 17-րդ համաժողովի ընթացքում): Թղթակից անդամի ներդրվող միջոցների բազային մասնաբաժնի առաջարկված ավելացումը տեղի կունենա հետևյալ եղանակով.
■
2022թ.՝ 1 420 եվրո,■ 2023թ.՝ 1 440 եվրո,
■ 2024թ.՝ 2 010 եվրո,
■ 2025թ.՝ 2 820 եվրո:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.
1. «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
__________________________
1 https://www.bipm.org/en/committees/cg/cgpm/24-2011/resolution-4
|
Նախագահող |
Ա. Դիլանյան |
|
23 դեկտեմբերի 2025 թվականի ՍԴՈ-1808 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ««ԿՇԻՌՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՆ (ԿՉՄԲ/ BIPM)» ԱՍՈՑԱՑՎԱԾ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ՕՉՄԿ/OIML)» ԹՂԹԱԿՑԱՅԻՆ ԱՆԴԱՄ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱՄԱԿ-ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾՈՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՍԴՈ-1808 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանը, դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննելով ««Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, 2025 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1808 որոշմամբ որոշել է, որ «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:
Համաձայն չլինելով Սահմանադրական դատարանի 2025 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1808 որոշմանը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Ե. Խունդկարյանս շարադրում եմ դրա վերաբերյալ իմ հատուկ կարծիքը։
Նախքան հատուկ կարծիքի պատճառաբանություններին անդրադառնալը՝ հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանի կողմից որոշումներ և եզրակացություններն ընդունելիս քվեարկությանը մասնակցելը և Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման կամ եզրակացության ընդունմանը կողմ կամ դեմ քվեարկելը Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունն է։
Հաշվի առնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերի քննության արդյունքում Սահմանադրական դատարանի կողմից ընդունվող որոշումների (դրանցում արտահայտվող իրավական դիրքորոշումների) նշանակությունը միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացի, ինչպես նաև իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի համար՝ հանրությանը պետք է հասանելի լինեն այդպիսի գործով ընդունված որոշմանը Սահմանադրական դատարանի դատավորի անհամաձայնության պատճառները, իսկ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված է Սահմանադրական դատարանի դատավորի՝ ընդունված որոշումից տարբերվող դիրքորոշումը պաշտոնապես ներկայացնելու մեկ եղանակ՝ հատուկ կարծիք շարադրելը։ Հետևաբար կարծում եմ, որ նշված գործերի քննության արդյունքում համապատասխան որոշման ընդունմանը դեմ քվեարկելու փաստից ուղղակիորեն բխում է հատուկ կարծիք ներկայացնելու՝ իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունը, ինչով էլ պայմանավորված ներկայացնում եմ իմ հատուկ կարծիքը։
Հարկ եմ համարում նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության որոշումը» վերտառությամբ 74-րդ հոդվածի 6-րդ մասում նշված որոշումներից որևէ մեկն ընդունելու համար անհրաժեշտ է օրենքով սահմանված կարգով Սահմանադրական դատարան ներկայացված դիմում։ Հակառակ դեպքում, եթե առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված դիմում կամ այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին, ապա Սահմանադրական դատարանն իրավասու չէ ըստ էության որոշում ընդունել միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ։
Ինչպես վերը նշվեց, Սահմանադրական դատարանն իր 2025 թվականի դեկտեմբերի 23-ի ՍԴՈ-1808 որոշմամբ «Կշիռների և չափերի միջազգային բյուրոյին (ԿՉՄԲ/BIPM)» ասոցացված անդամ դառնալու մասին» և «Օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպությանը (ՕՉՄԿ/OIML)» թղթակցային անդամ դառնալու մասին» նամակ-համաձայնագրերում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հարկ եմ համարում ընդգծել, որ սույն հատուկ կարծիքի շրջանակներում նշված որոշմանը բովանդակային առումով անդրադառնալն անհրաժեշտ չեմ համարում, քանի որ այդ որոշմանն իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից։
Այսպես՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը սահմանում է դիմումին ներկայացվող պահանջները և Սահմանադրական դատարան դիմումի ներկայացման եղանակը։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված իրավանորմերի բովանդակությունից հետևում է, որ Սահմանադրական դատարանում գործերի քննության միակ հնարավոր առիթը դիմումն է, որը պետք է ներկայացվի իրավասու անձի կողմից, համապատասխանի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին և ներկայացված լինի թույլատրելի եղանակով։
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները (22-րդ հոդվածի 1-ին մաս, 24-րդ հոդվածի 1-ին մաս, 46-րդ հոդվածի 2-րդ մաս, 74-րդ հոդվածի 1-ին մաս, 88-րդ հոդվածի 6-րդ մաս) թույլ են տալիս կատարել հետևյալ դատողությունները.
- մինչև Ազգային ժողովի կողմից միջազգային պայմանագրի վավերացումը դրանում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը վերապահված է Կառավարությանը.
- այդ հարցով Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումը պետք է լինի իրավասու անձի կողմից ստորագրված.
- այդ հարցով դիմումը կարող է թղթային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան առանց նախապայմանների.
- այդ հարցով դիմումը կարող է էլեկտրոնային եղանակով ներկայացվել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա են համապատասխան տեխնիկական հնարավորություններ։
Վերահաստատելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ գործող իրավակարգավորումների պայմաններում Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայությունը և դրանով պայմանավորված՝ էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու, դրանց հիման վրա գործեր քննելու Սահմանադրական դատարանի իրավասությունը պետք է հավաստվեն Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտով։ Այսինքն՝ Սահմանադրական դատարան դիմող հնարավոր սուբյեկտները (դրա իրավունքն ունեցող անձինք) Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտից պետք է իրազեկվեն, որ Սահմանադրական դատարանում առկա են էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, ինչպես նաև տեղեկանան էլեկտրոնային այն հարթակի մասին, որով Սահմանադրական դատարանն ընդունելու է էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, և միայն այդ պայմաններում անձինք կարող են էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնել Սահմանադրական դատարան։
Ասվածի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ առանց համապատասխան իրավական հիմքի հնարավոր չէ միանշանակ եզրահանգում կատարել այն մասին, թե Սահմանադրական դատարանում առկա են արդյոք էլեկտրոնային եղանակով դիմումներ ընդունելու համապատասխան տեխնիկական հնարավորություններ, իսկ նման եզրահանգման հիմքում պետք է ընկած լինի Սահմանադրական դատարանի համապատասխան իրավական ակտը, որում պետք է նշված լինի էլեկտրոնային այն հարթակը, որի միջոցով դիմումների ներկայացումը Սահմանադրական դատարանը համարելու է ընդունելի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների այն գործիքակազմը, որի միջոցով Սահմանադրական դատարանում իրականացվելու է էլեկտրոնային փաստաթղթում առկա էլեկտրոնային ստորագրության իսկության ստուգումը։ Դրա միջոցով Սահմանադրական դատարան դիմող անձանց համար հստակ և կանխատեսելի կլինի ոչ միայն այն, թե Սահմանադրական դատարանի կողմից որ հարթակի միջոցով են ընդունվում էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումները, այլև այն, թե տեղեկատվական տեխնոլոգիաների տեխնիկական միջոցների ինչ գործիքակազմով է Սահմանադրական դատարանում պարզվում ստացված դիմումի՝ իրավասու անձի կողմից ստորագրված լինելու հանգամանքը։
Քննարկվող դեպքում սույն գործի նյութերում առկա է թղթային տարբերակով դիմում, որի վրա առկա չէ դիմողի ստորագրություն։
Նկատի ունենալով, որ սույն գործի նյութերում առկա դիմումի թղթային օրինակում բացակայում է որևէ ստորագրություն և Սահմանադրական դատարանի կողմից գործի քննության առիթ համարված դիմումի վրա առկա է միայն նշում՝ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված լինելու մասին, հարկ եմ համարում անդրադառնալ Սահմանադրական դատարան էլեկտրոնային փաստաթղթի ձևով դիմում ներկայացնելու հարցին։
Ելնելով միջազգային պայմանագրերում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու վերաբերյալ գործերով Սահմանադրական դատարանի կողմից կայացված որոշումների (օրինակ՝ ՍԴՈ-1581, ՍԴՈ-1620, ՍԴՈ-1622, ՍԴՈ-1674, ՍԴՈ-1676, ՍԴՈ-1706, ՍԴՈ-1734, ՍԴՈ-1746 և այլն) կապակցությամբ իմ կողմից ներկայացված՝ հատուկ կարծիքներում վկայակոչված՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքի վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից՝ կարելի է արձանագրել, որ էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված, էլեկտրոնային փաստաթուղթ համարվող դիմումն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի իրավասու անձի կողմից ձեռագիր ստորագրված դիմումը հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.
- հաստատվել է էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը, այսինքն՝ առկա է էլեկտրոնային թվային ստորագրության ստուգման տվյալների և միջոցների կիրառման հնարավորություն և կիրառման դրական արդյունք, որը նույնականացնում է ստորագրող անձին.
- չկան բավարար ապացույցներ այն մասին, որ փաստաթուղթը փոփոխվել կամ կեղծվել է այն պահից, երբ այն հաղորդվել և (կամ) տրվել է պահպանության, բացառությամբ այն դարձունակ փոփոխությունների, որոնք անհրաժեշտ և անխուսափելի են այդ էլեկտրոնային փաստաթղթի հաղորդման և (կամ) պահպանման համար:
Ընդ որում, էլեկտրոնային ստորագրությունը կարող է էլեկտրոնային փաստաթղթին տալ իրավական նշանակություն այն դեպքում, երբ էլեկտրոնային ստորագրությունը տեսողական դիտման համար մատչելի տեսքով և ընկալման համար հասկանալի ձևով արտահայտվում է ցուցասարքի (դիսփլեյի) էկրանին, թղթի կամ էլեկտրոնային կրիչից տարբերվող որևէ այլ նյութական առարկայի վրա։
Վերոգրյալի հաշվառմամբ կարծում եմ, որ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի միջոցով դիմումների ներկայացումն ընդունելի համարելու պայմաններում անգամ սույն դեպքում գործի քննության առիթ համարված դիմումին կարող էր տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն միայն վերը նշված պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, քանի որ միայն այդ դեպքում հնարավոր կլիներ արձանագրել, որ դիմումն իսկապես ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ Սահմանադրական դատարանում էլեկտրոնային թվային ստորագրության իսկությունը ստուգելու տեխնիկական հնարավորությունների առկայության մասին իրավական ակտի բացակայության պայմաններում, ինչպես նաև սույն գործի նյութերում առկա դիմումի վրա որևէ ստորագրության բացակայության պայմաններում, կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված, ուստի պետք է վրա հասնեին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հետևանքները, այն է՝ դիմողը պետք է եռօրյա ժամկետում Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից տեղեկացվեր դիմումի՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ հոդվածին անհամապատասխանության մասին, ինչի արդյունքում դիմողը նաև կկարողանար օգտվել դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու օրենսդրական հնարավորությունից։
Միաժամանակ, եթե Սահմանադրական դատարանը համարել է, որ սույն դեպքում առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, որն ունի նույն իրավական նշանակությունը, ինչն ունի անձի ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթուղթը, ապա կարծում եմ, որ նման եզրահանգում կատարելու համար սույն գործում առնվազն պետք է առկա լիներ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից կազմված փաստաթուղթ այն մասին, որ տվյալ դեպքում իսկապես առկա է էլեկտրոնային թվային ստորագրությամբ պաշտպանված էլեկտրոնային փաստաթուղթ, և Սահմանադրական դատարանի աշխատակազմը ստուգել է ստորագրության իսկությունը՝ պարզելով, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) կողմից։ Մինչդեռ սույն գործում նման փաստաթղթի բացակայության պայմաններում անհասկանալի է, թե ինչպես է սույն գործի քննության առիթ համարված դիմումին տրվել դիմողի («Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով նրա անունից հանդես եկող իրավասու անձի) ձեռագիր ստորագրությամբ ամրագրված փաստաթղթի նշանակություն, այլ կերպ՝ ներկայացված փաստաթուղթն ինչ հիմքով է համարվել իրավասու անձի կողմից ստորագրված։
Ամփոփելով վերոգրյալը՝ կարծում եմ, որ սույն գործով առկա չէ թույլատրելի եղանակով ներկայացված, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմում, որպիսի պայմաններում Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ընդունել ըստ էության որոշում։ Միաժամանակ հարկ եմ համարում ընդգծել, որ տվյալ դեպքում նաև առկա չէին ինչպես գործի քննությունը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքեր։ Կարծում եմ, որ տվյալ դեպքում սահմանադրական դատավարության կողմը չի կարող զրկվել սահմանադրական արդարադատություն ստանալու իրավունքից, քանի որ Սահմանադրական դատարանի աշխատակազմի կողմից նրան պետք է տրամադրվեր օրենքով սահմանված ժամկետը՝ առկա թերությունները շտկելու և դիմումը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխանեցնելու համար։
|
Դատավոր` |
Ե. ԽունդկարՅԱՆ |
|
«23» դեկտեմբերի 2025 թ. |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|