ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՎՃԻՌԸ ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15028/16
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 25.12.2025
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.10.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2026

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՀՐԱՉՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 15028/16)

 

Վ Ճ Ի Ռ

 

(Արդարացի փոխհատուցում. գործերի ցուցակից հանելը)

 

Հոդված 41 Արդարացի փոխհատուցում Հոդված 39 Բարեկամական կարգավորում

Կազմվել է Քարտուղարության կողմից։ Պարտադիր չէ Դատարանի համար։

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

9 հոկտեմբերի 2025թ.

 

Սույն վճիռը վերջնական է դառնում Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում։ Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimոčkovո]՝ Նախագահ,

Մարիա Էլոսեգի [Marվa Elցsegui],

Գեորգիոս Ա. Սերղիդես [Georgios A. Serghides],

Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],

Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],

Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan],

Սեբաստիան Բիանկերի [Sռbastien Biancheri]՝ դատավորներ,

և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,

2025 թվականի սեպտեմբերի 9-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

1. Գործը վերաբերում է դիմումատուի՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված ազատ արտահայտվելու իրավունքի խախտմանը՝ կապված վիրավորանքի և զրպարտության վերաբերյալ վարույթի հետ, որն իր դեմ հարուցվել է այն բանից հետո, երբ նա հայտնել է իր նախկին գործընկերոջ ենթադրյալ կոռուպցիոն գործունեության մասին՝ վերջինիս ղեկավարության հետ մասնավոր նամակագրությամբ։

2. 2024 թվականի օգոստոսի 27-ին կայացված վճռում (հիմնական վճիռ) Դատարանը որոշել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում (տե՛ս Հրաչյա Հարությունյանն ընդդեմ Հայաստանի [Hrachya Harutyunyan v. Armenia] գործը, թիվ 15028/16, § 64, 2024 թվականի օգոստոսի 27)։

3. Քանի որ Կոնվենցիայի 41-րդ հոդվածը դեռևս չէր կարող կիրառվել նյութական վնասի մասով որոշում կայացնելու համար, Դատարանը հետաձգել է այն և առաջարկել է Կառավարությանը և դիմումատուին վեց ամսվա ընթացքում ներկայացնել տվյալ հարցի վերաբերյալ իրենց գրավոր դիտարկումները և մասնավորապես տեղեկացնել Դատարանին իրենց կողմից ձեռք բերված ցանկացած համաձայնության մասին (նույն տեղում, § 67 և եզրափակիչ դրույթների երրորդ կետ)։

4. 2025 թվականի մայիսի 12-ին և 16-ին Դատարանն ստացել է երկու կողմերի կողմից պատշաճ ստորագրված հայտարարությունները, որոնցով դիմումատուն համաձայնվել է, որ իր գանգատը հանվի Դատարանի գործերի ցուցակից՝ Կառավարության կողմից իրեն 2 492 000 ՀՀ դրամ վճարելու պարտավորության դիմաց՝ որպես ցանկացած նյութական վնասի փոխհատուցում՝ գումարած այդ գումարի առնչությամբ դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։ Այն ենթակա կլինի վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցելու ամսաթվից հետո երեք ամսվա ընթացքում։ Այդ գումարը նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունը ստանձնում է այդ ժամկետը լրանալու օրվանից մինչև վճարման օրը պարզ տոկոսներ վճարելու պարտավորություն՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ։ Վճարումը համարվում է գործի վերջնական լուծում:

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

5. Դատարանը հաշվի է առնում դիմումատուի և Կառավարության միջև Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն նյութական վնասի հարցի վերաբերյալ ձեռք բերված բարեկամական կարգավորումը։ Այն համարում է, որ համաձայնությունը Դատարանի կանոնակարգի 75-րդ կանոնի 4-րդ կետի իմաստով արդարացի է։ Այն նաև համոզված է, որ կարգավորումը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչպես սահմանված է Կոնվենցիայով և դրան կից արձանագրություններով, և գանգատի հետագա քննությունն արդարացնելու որևէ հիմք չի գտնում։

6. Հաշվի առնելով վերոնշյալը՝ նպատակահարմար է գործը հանել քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

որոշում է գանգատի մնացած մասը հանել իր գործերի ցուցակից:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 9-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Վիկտոր Սոլովեյչիկ

Կատերինա Շիմաչկովա

Քարտուղար

Նախագահ