ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատներ թիվ 48207/19 և 46398/20
Էմիլ ՍԱՖԱՐՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
և
Հարություն ՍԱՐԳՍՅԱՆՆ ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք) 2025 թվականի հուլիսի 3-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici]՝ Նախագահ,
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով կից աղյուսակում տարբեր օրերի ներկայացված վերոնշյալ գանգատները,
հաշվի առնելով գործերը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները,
անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.
ՓԱՍՏԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Դիմումատուների տվյալները ներկայացված են կից աղյուսակում:
2. Դիմումատուների՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի (իսկ թիվ 48207/19 գանգատի դեպքում՝ 13-րդ հոդվածի) համաձայն ներկայացված բողոքները՝ պարտադիր զինվորական ծառայության ընթացքում իրենց որդիների մահվան և հետագա քննության վերաբերյալ, ուղարկվել են Հայաստանի կառավարություն (Կառավարություն)։
3. Կից ներկայացված աղյուսակում նշված օրը Դատարանն ստացել է գործը հաշտության համաձայնությամբ կարգավորելու վերաբերյալ կողմերի կողմից ստորագրված հայտարարությունները, որոնց համաձայն դիմումատուները համաձայնել են հրաժարվել Հայաստանի դեմ հետագա պահանջներից այն փաստերի առնչությամբ, որոնք հիմք են սույն գանգատների համար՝ կից աղյուսակում մանրամասնորեն ներկայացված գումարները Կառավարության կողմից իրենց վճարելու պարտավորությունը կատարելու պայմանով: Այս գումարները կփոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով։ Այն ենթակա կլինի վճարման Դատարանի կողմից կայացված որոշման մասին ծանուցելուց հետո երեք ամսվա ընթացքում։ Այս գումարները նշված եռամսյա ժամկետում չվճարելու դեպքում Կառավարությունն իր վրա է վերցնում այդ ժամկետը լրանալու օրվանից մինչև վճարման օրը վճարել պարզ տոկոսներ՝ Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքով, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ: Վճարումը համարվելու է գործերի վերջնական լուծում:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
4. Հաշվի առնելով գանգատների առարկայի համանմանությունը՝ Դատարանը նպատակահարմար է գտնում դրանք քննել համատեղ՝ մեկ որոշմամբ։
5. Դատարանը հաշվի է առնում կողմերի միջև առկա հաշտության համաձայնությունը: Դատարանը գտնում է, որ համաձայնությունը հիմնված է մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա, ինչը սահմանված է Կոնվենցիայով և համապատասխան Արձանագրություններով, և որևէ պատճառ չի տեսնում գանգատների հետագա քննությունը շարունակելն արդարացնելու համար։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ պատշաճ է համարվում գործերը քննվող գործերի ցուցակից հանելը։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Որոշում է միացնել գանգատները.
Որոշում է գանգատները հանել իր կողմից քննվող գործերի ցուցակից՝ Կոնվենցիայի 39-րդ հոդվածին համապատասխան:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին։
|
Մարտինա Կելլեր |
Ջիլբերտո Ֆելիչի |
|
Քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
ՀԱՎԵԼՎԱԾ
Կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն բողոքներ պարունակող գանգատներ
(պարտադիր զինվորական ծառայության ընթացքում մահն ու հետագա քննությունը)
|
Գանգատ թիվ, ներկայացնելու ամսաթիվը |
Դիմումատուի անունը, ծննդյան տարեթիվը |
Ներկայացուցչի անունը և գտնվելու վայրը |
Կառավարության հայտարարությունն ստանալու ամսաթիվը |
Դիմումատուի հայտարարությունն ստանալու ամսաթիվը |
Ոչ նյութական վնասի, ինչպես նաև ծախսերի ու ծախքերի համար դիմումատուներից յուրաքանչյուրին շնորհված գումարը (եվրոյով)1 |
|
48207/19 04.09.2019 |
Էմիլ Սաֆարյան 1968 |
Ա. Խաչատրյան Երևան |
21.03.2025 |
21.03.2025 |
25.000 |
|
46398/20 21.08.2020 |
Հարություն Սարգսյան 1974 |
Լ. Սիմոնյան Երևան |
20.03.2025 |
18.03.2025 |
10.0002 |
_______________
1 Գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ:
2 Կառավարության փաստարկների hամաձայն՝ նշված գումարից զատ, սույն գործով դիմումատուն իրավունք ունի ստանալու որոշ խմբերի զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող ֆինանսական փոխհատուցում՝ ազգային օրենսդրության համաձայն: