ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՌԻԹՄՈԼՈԳԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 156-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 25.12.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.12.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«16» դեկտեմբեր 2025 թվականի

N 156-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌԻԹՄՈԼՈԳԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել առիթմոլոգի և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

16.12.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի դեկտեմբեր «16»-ի

թիվ 156-Ն հրամանի

 

ԱՌԻԹՄՈԼՈԳԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ 

 

1ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը իրականացնում է մասնագիտական գործունեություն առիթմոլոգիայի և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգիայի ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգ կարող է համարվել անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն (կլինիկական օրդինատուրա, կլինիկական ռեզիդենտուրա) սրտաբանություն մասնագիտությամբ, առիթմոլոգիա և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգիա նեղ մասնագիտացում և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգ.

3) Առիթմոլոգիական բաժանմունքի վարիչ.

4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ և ունակություններ. առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է`

1) Տիրապետի ընդհանուր առիթմոլոգիայի դրույթներին.

2) Տիրապետի իմպլանտացվող սարքերի ծրագրավորման և բուն իմպլանտացիայի դրույթներին և հմտություններին.

3) Տիրապետի սրտի էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության դրույթներին.

4) Տիրապետի ռիթմի խանգարումների բուժման արդի մոտեցումներին, ինչպես դեղորայքային, այնպես էլ աբլացիայի հիմնական դրույթներին.

5) Կարողանա նախնական պատկերացում կազմել առիթմիայի տեսակի, դրա հետ կապված ռիսկերի և բուժման կամ կանխարգելման ժամանակակից մոտեցումների մասին.

6) Իմանա ռիթմավար սարքերի կառուցվածքն ու ֆունկցիաները, սարքերի ծրագրավորումը և տվյալների վերլուծությունը` հազվասրտությունների, իմպլանտացվող ռիթմավար սարքերի ուղեցույցային ցուցումների, սարքի տեսակի ընտրությոան տարբեր բրադիառիթմիաների դեպքում.

7) Իմանա պառոքսիզմալ հաճախասրտությունները, դրանց ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները ըստ ուղեցույցների.

8) Կատարի հաճախասրտությունների տարբերակիչ ախտորոշում էլեկտրոսրտագրության, Հոլտեր հետազոտության, ինչպես նաև` էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտության օգնությամբ։ Կարողանա իրականացնել պառոքսիզմալ հաճախասրտությունների աբլացիա.

9) Իրականացնի փորոքային հաճախասրտությունների ախտորոշումը, ռիսկի գնահատումը, իմանա բուժման ժամանակակից մոտեցումները.

10) Վարի կարդիոմիոպաթիկ պացիենտներին, կարողանա վերլուծի կարդիովերտեր դեֆիբրիլյատորների ցուցումները, իրականացնի սարքի ծրագրավորում և դրանցից ստացված տվյալների վերլուծություն.

11) Տիրապետի սրտային հանկարծամահության կանխարգելման ժամանակակից մոտեցումներին բարձր ռիսկի պացիենտների մոտ.

12) Տիրապետի գենետիկ հիվանդություններով պայմանավորված առիթմիաներով, հատկապես, կյանքին վտանգ սպառնացող առիթմիաներով պացիենտերի ժամանակակից ախտորոշման, բուժման և վարման մոտեցումներին.

13) Վարի սրտային անբավարարությամբ պացիենտներին։ Կարողանա վերլուծել իմպլանտացվող սարքերից (սրտի ռեսինխրոնիզացնող թերապիայի, հաղորդիչ համակարգի խթանող ռիթմավարների) ստացված տվյալները.

14) Տիրապետի սինկոպեների ախտորոշման ու վարման ժամանակակից մոտեցումներին և կարողանա վերլուծել իմպլանտացվող շարունակական գրանցիչների ցուցումները, իրականացնի դրանց ծրագրավորում.

15) Տիրապետի նախասրտերի շողացմամբ պացիենտների վարման մոտեցումներին և բուժման ժամանակակից մեթոդներին, կարողանա վերլուծել թրոմբոէմբոլիկ բարդությունների կանխարգելման ցուցումները` թոքային երակների իզոլյացիայի դեպքում.

6. Բժշկական hատուկ գիտելիքներ և հմտություններ. առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է`

1) Իրականացնի բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներ.

2) Տիրապետի բուժօգնության որակի և անվտանգության ցուցանիշներին.

3) Ճանաչի, ախտորոշի և համապատասխան բուժօգնություն տրամադրի տերմինալ իրավիճակներում.

4) Տրամադրի առաջին և շտապ բուժօգնություն անհետաձգելի վիճակներում.

5) Իմանա արտակարգ իրավիճակներում աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, բուժտարհանման միջոցառումները.

6) Ոււնենա բժշկական փաստաթղթերի հետ աշխատանքի վարման հմտություններ:

 

4 ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ․

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. առիթմոլոգ և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հայասատանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9․ Տեխնիկական հմտություններ. առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6 ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10․ Առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ ԱՌԻԹՄՈԼՈԳԻ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՍՐՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՖԻԶԻՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Առիթմոլոգը և կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ԱռիթմոլոգԻԱ ԵՎ կլինիկական սրտային էլեկտրաֆիզիոլոգԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

 1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

 2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

 3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան