ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 1. | Սույն օրենքի կարգավորման առարկան |
1. Սույն օրենքը կարգավորում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի՝ ի դեմս տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կազմավորման և գործունեության կարգը, կարգավիճակը, անդամներին ներկայացվող պահանջները, անկախության երաշխիքները, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության հետ կապված հարաբերությունները, իրավասությունների, վերահսկողության շրջանակը և լիազորությունները:
| Հոդված 2. | Հանձնաժողովի կարգավիճակը և իրավասությունների շրջանակը |
1. Հանձնաժողովն ինքնավար մարմին է, որն ապահովում է տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրությամբ իր իրավասության ներքո գտնվող խնդիրների իրականացումը, կազմակերպում է տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգի մշակման աշխատանքները և համակարգում տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների իրականացումը:
2. Հանձնաժողովը կազմակերպում է՝
1) ազգային նույնականացման շերտի, այդ թվում՝ անձի էլեկտրոնային նույնականացման, թվային ստորագրության ու գաղտնագրման ծրագրային ապահովումների համակարգի, տեղեկատվական մուտքի հարթակի (hartak.am), «Ես եմ» նույնականացման հարթակի մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը և օգտագործումը.
2) թվային ճարտարապետության, այդ թվում՝ պետական տեղեկատվական համակարգի տեղեկություններին թվային անվտանգ միջավայրում հասանելիության, կառավարական ցանցի, տվյալների փոխանակման և այլ շերտերի, պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միջգերատեսչական համակարգի մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը և օգտագործումը, միջազգային պայմանագրերի հիման վրա դրանց ինտեգրումն այլ տեղեկատվական համակարգերի:
| Հոդված 3. | Համագործակցությունը |
1. Հանձնաժողովն իր լիազորություններն իրականացնելիս համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կառույցների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ, կարող է կնքել հուշագրեր և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթեր:
2. Հանձնաժողովն օրենսդրությամբ նախատեսված գործառույթները «Կիբեռանվտանգության մասին» օրենքով նախատեսված կարգավորող և վերահսկող այլ մարմինների կողմից կարգավորվող և վերահսկվող անձանց նկատմամբ իրականացնում է այդ մարմինների հետ համագործակցության հիման վրա: Հանձնաժողովի ու կարգավորող և վերահսկող այլ մարմինների համագործակցության ձևերն են՝
1) կարգավորող և վերահսկող այլ մարմինների կողմից կարգավորվող կամ վերահսկվող անձանց առնչվող ոլորտներում տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովը տեղեկացնում է համապատասխան մարմնին.
2) կարգավորող և վերահսկող այլ մարմինները օրենքով նախատեսված դեպքերում տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության վերաբերյալ իրավական ակտեր ընդունելուց առաջ ներկայացնում են Հանձնաժողով՝ խորհրդատվական կարծիքի.
3) Հանձնաժողովի նախագահն ու կարգավորող և վերահսկող այլ մարմինների ղեկավարները ընդունում են համատեղ հրամաններ, որոնցով կարգավորվում են՝
ա. Հանձնաժողովի ու կարգավորող և վերահսկող այլ մարմինների միջև տեղեկատվության փոխանակման դեպքերն ու կարգը,
բ. համապատասխան ոլորտում տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության վերաբերյալ համագործակցության ընթացակարգերը կարգավորող, ինչպես նաև Հանձնաժողովի ու կարգավորող և վերահսկող այլ մարմինների՝ օրենքով սահմանված իրավասությունների շրջանակից բխող այլ հարցեր,
գ. Հանձնաժողովի կողմից կարգավորող և վերահսկող մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանն օժանդակելու կարգն ու պայմանները:
| Հոդված 4. | Հանձնաժողովի հիմնական խնդիրները |
1. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝
1) Հայաստանի Հանրապետության միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման խթանման և պաշտպանվածության ապահովումը.
2) սույն օրենքի, այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի կիրառման ապահովումը, դրանց խախտումների կանխարգելումը.
3) Հայաստանի Հանրապետությունում պետական տեղեկատվական համակարգի միջոցով ծառայություններ մատուցելու խթանմանը նպաստող պայմանների ստեղծումը.
4) օտարերկրյա պետական տեղեկատվական համակարգերի և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ապահովումը.
5) կիբեռանվտանգության, էլեկտրոնային ծառայությունների և էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման, թվայնացման գործընթացների համակարգման, միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման նպատակով Կառավարության քաղաքականության մշակմանը մասնակցելը.
6) պետական տեղեկատվական համակարգի կառավարման ապահովումը.
7) նույնականացման, թվային ստորագրության և գաղտնագրման ծրագրային ապահովումների մշակման կազմակերպման և ղեկավարման աշխատանքները.
8) օրենքով նախատեսված այլ խնդիրների իրականացումը:
2. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված իրավասությունների սահմաններում ընդունում է ենթաօրենսդրական իրավական ակտեր, այդ թվում՝ նորմատիվ բնույթի:
3. Հանձնաժողովը սույն օրենքի կիրառման վերաբերյալ կարող է հրապարակել խորհրդատվական բնույթի ցուցումներ, ուղեցույցներ:
Գ Լ ՈՒ Խ 2
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄԻՆԸ
| Հոդված 5. | Հանձնաժողովի կազմը և անդամներին ներկայացվող պահանջները |
1. Հանձնաժողովը կազմված է հինգ անդամից՝ նախագահ և չորս անդամ:
2. Հանձնաժողովի անդամների պաշտոններն ինքնավար պաշտոններ են:
3. Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ և հայերենին տիրապետող անձը, որն ունի՝
1) առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն հինգ տարին՝ քաղաքական, ինքնավար, վարչական կամ հայեցողական պաշտոններում կամ կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ ունեցող այլ պաշտոններում (անկախ պետական կամ մասնավոր ոլորտում կատարած աշխատանքից) կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառներում, և
2) կիբեռանվտանգության, տվյալների մշակման, պաշտպանության, օգտագործման կամ հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) ոլորտների օրենսդրության վերաբերյալ գիտելիքներ, որոնք կարող են հաստատվել գործատուի կողմից տրված աշխատանքային փորձի կամ կատարված աշխատանքի նկարագրության վերաբերյալ կամ այլ տեղեկատվությամբ:
| Հոդված 6. | Հանձնաժողովի կազմավորման կարգը |
1. Հանձնաժողովի նախագահին և մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով նշանակում է Ազգային ժողովը:
2. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով՝ Հանձնաժողովի անդամ:
3. Հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն անձը՝
1) որը չի համապատասխանում սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջներին.
2) որի 65 տարին լրացել է.
3) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
4) որը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է դիտավորությամբ կատարած հանցագործության համար.
5) որն օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
6) որն ունի Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի պաշտոնում նշանակումը խոչընդոտող հիվանդություն.
7) որը վերջին հինգ տարվա ընթացքում ունեցել է Հանձնաժողովի գործունեության ոլորտներում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում մասնակցություն (բաժնեմաս, բաժնետոմս, փայ):
4. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն Կառավարությունը՝ երկու անդամ, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը՝ մեկական անդամ: Ընդ որում, եթե Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները մեկից ավելի են, ապա Ազգային ժողովի կառավարող կամ ընդդիմադիր խմբակցությունները Հանձնաժողովի անդամի համապատասխան թափուր պաշտոնում առաջադրում են նախապես համաձայնեցված մեկ միասնական թեկնածու: Կառավարությունը Հանձնաժողովի անդամների թեկնածուներ առաջադրելիս պետք է առաջնորդվի առավելագույնս տարբեր մասնագիտական կարողություններով և գիտելիքներով օժտված թեկնածուներ առաջադրելու սկզբունքով՝ սույն օրենքով սահմանված իրավասությունների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով:
5. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի պաշտոնում թեկնածուն առաջադրվում է սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:
6. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Հանձնաժողովի անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չի ընդունվում, ապա նույն մարմնի կողմից այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը պահպանվում է:
| Հոդված 7. | Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը |
1. Հանձնաժողովի նախագահը և մյուս անդամները նշանակվում են հինգ տարի ժամկետով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի և Հանձնաժողովի առաջին կազմի:
2. Եթե Հանձնաժողովի անդամի պաշտոնում նշանակումը կատարվում է մինչև այդ պաշտոնի թափուր դառնալը, ապա Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետն սկսվում է այդ պաշտոնը թափուր դառնալու օրվանից:
3. Հանձնաժողովի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման կամ դադարեցման դեպքում Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է նախորդ անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածի համար: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակահատվածը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նոր անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը: Այն դեպքում, երբ Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնն առաջացել է այդ պաշտոնը զբաղեցրած անդամի՝ Հանձնաժողովի նախագահ նշանակվելու հետևանքով, ապա այդ թափուր պաշտոնում Հանձնաժողովի նոր անդամը նշանակվում է Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետի մնացած ժամանակահատվածով: Եթե Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման չլրացած ժամկետը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը:
4. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի նախագահ է նշանակվում Հանձնաժողովի անդամներից մեկը, ապա նա պաշտոնավարում է մինչև իր՝ որպես Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետի ավարտը: Եթե պաշտոնավարման մնացած ժամանակը պակաս է մեկ տարուց, ապա Հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանվում է հինգ տարի, որին գումարվում է մնացած ժամանակահատվածը:
5. Հանձնաժողովի անդամը պաշտոնավարում է մինչև իր 65 տարին լրանալը:
| Հոդված 8. | Հանձնաժողովի անդամի գործունեության երաշխիքները |
1. Հանձնաժողովի անդամն անկախ է և գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
2. Հանձնաժողովի անդամը չի կարող պատասխանատվության ենթարկվել իր լիազորություններն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած որոշման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ նրա արարքում առկա են հանցագործության հատկանիշներ:
3. Հանձնաժողովի անդամն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում Հանձնաժողովի իրականացրած վարչական վարույթի հետ կապված, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի:
4. Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ Հանձնաժողովի անդամի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել, կամ Հանձնաժողովի անդամը կարող է ազատությունից զրկվել գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա միայն Հանձնաժողովի համաձայնությամբ՝ Հանձնաժողովի անդամների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Հանձնաժողովի անդամն առանց Հանձնաժողովի համաձայնության կարող է զրկվել ազատությունից, եթե նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Այս դեպքում ազատությունից զրկելը չի կարող տևել 72 ժամից ավելի: Հանձնաժողովի անդամին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվում է Հանձնաժողովի նախագահին:
| Հոդված 9. | Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները |
1. Հանձնաժողովի անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, որևէ պաշտոն՝ առևտրային կազմակերպություններում, հանդիսանալ որևէ կուսակցության անդամ կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացառությամբ գիտական, կրթական կամ ստեղծագործական աշխատանքի:
2. Հանձնաժողովի անդամն իր հրապարակային ելույթներում ցուցաբերում է քաղաքական զսպվածություն և չեզոքություն:
| Հոդված 10. | Հանձնաժողովի նախագահը |
1. Հանձնաժողովի նախագահը՝
1) իր իրավասության շրջանակում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային և այլ կազմակերպություններում, համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, ինչպես նաև միջազգային և այլ կազմակերպությունների հետ, կարող է կնքել հուշագրեր և իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթեր.
2) ղեկավարում և համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով տալիս է հանձնարարականներ, սահմանում է Հանձնաժողովի անդամների համակարգման ոլորտները, ըստ ոլորտների կատարում է աշխատանքի բաշխում Հանձնաժողովի անդամների միջև.
3) հրավիրում և նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում է նիստի օրակարգը.
4) ստորագրում է Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները.
5) համակարգում և ապահովում է Հանձնաժողովի, նրա անդամների բնականոն աշխատանքը.
6) Հանձնաժողովի անդամների և իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ, իր իրավասությունների սահմաններում աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում Հանձնաժողովի աշխատողներին, դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, ընդունում է հրամաններ, ներառյալ համապատասխանության գնահատում, մշտադիտարկում իրականացնելու վերաբերյալ.
7) կազմակերպում է Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների կատարումը.
8) իրականացնում է սույն օրենքով, այլ օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով նախատեսված այլ լիազորություններ:
2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակվելու, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի՝ տարիքով ավագ անդամը:
| Հոդված 11. | Հանձնաժողովի անդամը |
1. Հանձնաժողովի անդամը՝
1) մասնակցում է Հանձնաժողովի նիստերին և քվեարկում, Հանձնաժողովի նիստի ժամանակ կարող է հանդես գալ ելույթներով, հարցերով և առաջարկություններով.
2) մեծամասնության կարծիքից տարբերվող կարծիք ունենալու դեպքում ներկայացնում է հատուկ կարծիք.
3) իր լիազորությունների սահմաններում համակարգում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքները, տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում հսկողություն, ապահովում է Հանձնաժողովի նախագահի հանձնարարականների իրականացումը.
4) իր լիազորությունների սահմաններում հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում է քննարկումներ, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
5) իր լիազորությունների սահմաններում Հանձնաժողովի անունից ստորագրում է պաշտոնական փաստաթղթեր.
6) Հանձնաժողովի նախագահին և Հանձնաժողով ներկայացնում է առաջարկություններ:
| Հոդված 12. | Հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը |
1. Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարում են, եթե՝
1) լրացել է նրա պաշտոնավարման տարիքը.
2) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.
3) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
4) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.
5) նա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած.
6) նրա նկատմամբ պաշտոնավարման ընթացքում կայացվել է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.
7) նա մահացել է.
8) նա օրենքով սահմանված կարգով զրկվել է որոշակի պաշտոն զբաղեցնելու իրավունքից:
2. Հանձնաժողովի անդամի լիազորությունները Հանձնաժողովի եզրակացության հիման վրա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են, եթե՝
1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել Կառավարության սահմանած ցանկով նախատեսված՝ դատավորի պաշտոնում նշանակումը խոչընդոտող հիվանդություն.
2) նա երկարատև անաշխատունակության կամ այլ հարգելի պատճառով մեկ տարվա ընթացքում բացակայել է Հանձնաժողովի նիստերի առնվազն կեսից.
3) նա մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու անգամ անհարգելի բացակայել է Հանձնաժողովի նիստերից.
4) նա խախտել է Հանձնաժողովի անդամի անհամատեղելիության պահանջները.
5) նա պարբերաբար չի կատարել կամ ոչ պատշաճ է կատարել իր պաշտոնեական պարտականությունները.
6) պաշտոնավարման ընթացքում պարզվել է, որ նա նշանակման պահին չի համապատասխանել Հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջներին, կամ առկա են եղել նշանակումը խոչընդոտող հիմքեր:
3. Հանձնաժողովի նախագահի լիազորությունները դադարում են, եթե նրա՝ որպես Հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարել կամ դադարեցվել են:
4. Հանձնաժողովի նախագահը կամ սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացությունը դրա ընդունման օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում ուղարկում է Ազգային ժողովի նախագահին:
5. Ազգային ժողով հրաժարական ներկայացնելիս Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ:
6. Հանձնաժողովի անդամի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք, և ոչ ուշ, քան երկու ամիս առաջ, իսկ այլ հիմքով Հանձնաժողովի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն այդ մասին գրավոր տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաև այն մարմնին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ նշելով սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, որոնց պետք է համապատասխանի Հանձնաժողովի տվյալ անդամը:
7․ Հանձնաժողովի անդամի լիազորությունները կասեցվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված եզրակացության ընդունման պահից մինչև «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով որոշման ընդունումը:
| Հոդված 13. | Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումները |
1. Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար ձևավորվում են հիմնական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ:
2. Հանձնաժողովի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները քաղաքացիական ծառայողներ են: Հանձնաժողովի գլխավոր քարտուղարը քաղաքացիական ծառայող է: Հանձնաժողովի քաղաքացիական ծառայողների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով և այլ օրենքներով:
3. Հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատողները համարվում են տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներ:
4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայությունը պետական ծառայության տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:
| Հոդված 14. | Հանձնաժողովի անդամների և ծառայողների վարձատրությունը |
1. Հանձնաժողովի անդամների և քաղաքացիական ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, իսկ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները՝ սույն օրենքով:
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների համար ապահովվում է յուրաքանչյուր աշխատողի կոմպետենցիաների շրջանակին համապատասխանող վարձատրություն՝ հաշվի առնելով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով, «Կիբեռանվտանգության մասին» օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 19-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների աշխատողների համադրելի կոմպետենցիաների համար աշխատանքի շուկայում վարձատրության միջին չափերը: Սույն մասում նշված կազմակերպությունների համադրելի կոմպետենցիաներով աշխատողների շուկայական վարձատրության վերաբերյալ տեղեկատվություն Հանձնաժողովն ստանում է հարկային մարմնից, որը տեղեկատվություն տրամադրում է Հանձնաժողովի դիմումն ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հանձնաժողովը կարող է նաև նշված տեղեկատվությունն ստանալ սույն մասում նշված կազմակերպություններից: Աշխատողների աշխատանքի շուկայում վարձատրության միջին չափերը որոշելու համար հիմք է ընդունվում հարկային մարմնի հետ ճշգրտված տեղեկատվությունը:
3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների վարձատրության մեթոդաբանությունը հաստատում է Հանձնաժողովը:
4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում պարգևատրման կարգը, բացառությամբ քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատականի հիման վրա պարգևատրման կարգի, հաստատում է Հանձնաժողովը:
Գ Լ ՈՒ Խ 3
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
| Հոդված 15. | Հանձնաժողովի գործունեությունը |
1. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ իրավական ակտերին համապատասխան և իր գործառույթներն ու լիազորություններն իրականացնելիս ինքնուրույն է:
2. Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերի մանրամասները սահմանվում են Հանձնաժողովի աշխատակարգով:
| Հոդված 16. | Հանձնաժողովի լիազորությունները |
1. Հանձնաժողովը՝
1) իրականացնում է վերահսկողություն տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրության պահպանման նկատմամբ.
2) տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում ընդունում է կարգավորող իրավական ակտեր և իրականացնում է օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ, այդ թվում՝
ա. հաստատում է խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ,
բ. իրազեկում է հանրությանը տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառին առնչվող հարցերի մասին,
գ. տալիս է պարզաբանումներ տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ,
դ. օրենքով նախատեսված դեպքերում տալիս է եզրակացություն,
ե. պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական անձանց կամ դրանց պաշտոնատար անձանց տալիս է զգուշացում այն գործողությունների կամ վարքագծի վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմանը կամ այդ բնագավառներում մեծացնել անվտանգային ռիսկերը, այդ առնչությամբ ընդունում է կարգավորող ակտեր.
3) հարուցում է տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ հանձնարարելով իր սահմանած ժամկետում շտկել խախտումը և հետագայում բացառել այն.
4) իրականացնում է վերահսկողություն Հանձնաժողովի որոշումների կատարման (պահպանման) նկատմամբ.
5) կազմակերպում է կիբեռանվտանգությանը սպառնացող ռիսկերի գնահատում, վերլուծություն և իրականացնում է պետական ու օրենքով նախատեսված այլ տեղեկատվական համակարգերի անվտանգության ապահովում.
6) կազմակերպում է թվային ճարտարապետության մշակումը, կառավարումը, զարգացումը, հոսթինգը, օգտագործումը և հասանելիության ապահովումը, այդ թվում՝ պետական տեղեկատվական համակարգի տեղեկություններին և կենտրոնական հարթակներին հասանելիության ապահովումը թվային անվտանգ միջավայրում.
7) կազմակերպում է ազգային նույնականացման շերտի մշակման, կառավարման, զարգացման և անխափան հասանելիության ապահովման աշխատանքները.
8) կազմակերպում է հանրային տեղեկություններն ամպային տիրույթում տեղակայման կառուցակարգերի մշակումը, կառավարումը և զարգացումը.
9) սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ դիմում է պետական, տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի կամ դրանց պաշտոնատար անձի վերադասին, իսկ վերադաս չունենալու դեպքում՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմին, իրավաբանական անձին կամ դրանց պաշտոնատար անձանց.
10) դիմում է դատարան՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց և դրանց պաշտոնատար անձանց տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրությունը խախտող ակտերը, գործողությունները և անգործությունը ոչ իրավաչափ կամ անվավեր ճանաչելու, դադարեցնելու կամ դրանցից ձեռնպահ մնալու պահանջով, եթե այդ վեճը հնարավոր չէ լուծել վարչական կարգով կամ բանակցությունների արդյունքում.
11) օրենքով սահմանված դեպքում դիմում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններ տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում աջակցություն ստանալու նպատակով.
12) ամփոփում է տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում օրենսդրության կիրառման փորձը և առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ.
13) մասնակցում է տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում պետական քաղաքականության մշակմանը.
14) հաստատում է իր աշխատակարգը.
15) սահմանում է Հանձնաժողովի վարչական վարույթի վերաբերյալ գործերի և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները, ինչպես նաև Հանձնաժողովի գործավարության կարգը.
16) սահմանում է տեղեկատվական համակարգերի և կիբեռանվտանգության բնագավառում խախտումների վերաբերյալ արձանագրությունների ձևը.
17) գնահատում է անձը հաստատող փաստաթղթի տվյալների կրիչի տեխնիկական բնութագրերի համապատասխանությունը օրենքով և դրա հիման վրա ընդունված ակտերով սահմանված պահանջներին.
18) սահմանում է Հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը.
19) սահմանում է Հանձնաժողովում տեղեկությունների դասակարգման կարգը.
20) օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպում և ապահովում է կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների կիբեռանվտանգությունը.
21) օրենքով նախատեսված դեպքերում կազմակերպում և իրականացնում է կիբեռմիջադեպերին արձագանքելու գործառույթները, համակարգում է կիբեռմիջադեպերի կանխարգելումը.
22) համագործակցում է քաղաքացիական հասարակության կառույցների հետ.
23) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
2. Հանձնաժողովը սույն հոդվածով նախատեսված լիազորությունների իրականացման ժամանակ և օրենքով նախատեսված այլ դեպքերում կարող է ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, ներքին և անհատական բնույթի իրավական ակտեր:
3. Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում քրեորեն հետապնդելի արարքի հատկանիշներ հայտնի դառնալու դեպքում եռօրյա ժամկետում Հանձնաժողովն այդ մասին տեղեկացնում է իրավապահ մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով: Անդրսահմանային կիբեռմիջադեպերի մասին հատկանիշներ հայտնի դառնալու դեպքում Հանձնաժողովը, նախքան այն կիբեռմիջադեպի հնարավոր դերակատարին վերագրելը, տեղեկացնում է արտաքին հարաբերությունների ոլորտում լիազորված մարմնին և հրապարակային հայտարարությունները նախօրոք քննարկում է այդ մարմնի հետ:
4. Հանձնաժողովի նախագահն ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր՝ որոշումներ ու կարգադրություններ:
| Հոդված 17. | Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները |
1. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ և եզրակացություններ:
2. Հանձնաժողովի որոշումները և եզրակացությունները ընդունվում են գրավոր, բացառությամբ ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չընդունելու (այդ թվում՝ դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատողներին հանձնարարություն տալու, նիստից հեռացնելու մասին որոշումները և այլն) դեպքերի: Հանձնաժողովի հայեցողությամբ այդ որոշումները ևս կարող են ձևակերպվել գրավոր:
3. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ, պետական մարմնի միջնորդությամբ կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա կարող է պարզաբանել իր որոշումները և եզրակացությունները՝ առանց փոխելու դրանց բովանդակությունը:
| Հոդված 18. | Հանձնաժողովի նիստերը, քննարկումները և դրանց անցկացման կարգը |
1. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ընդունվում են նիստում:
2. Հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով, ինչպես նաև Հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված այլ դեպքերում:
3. Հանձնաժողովի նիստն անցկացվում է Հանձնաժողովի գտնվելու վայրում կամ Հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ՝ այլ վայրում:
4. Հանձնաժողովի նիստը նախագահում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում՝ նրան փոխարինող անդամը:
5. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է առնվազն չորս անդամ:
6. Հանձնաժողովի նիստերը կարող են կազմակերպվել հեռավար: Հանձնաժողովի անդամը նիստին կարող է մասնակցել հեռավար՝ Հանձնաժողովի նիստը նախագահողի համաձայնությամբ:
7. Հանձնաժողովի նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է նիստը նախագահողը:
8. Նիստին մասնակցող անձինք իրավունք ունեն կատարելու գրառումներ, սղագրություն և ձայնագրություն: Նիստի ընթացքում լուսանկարահանումը և տեսաձայնագրումը, ինչպես նաև հեռարձակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ հեռահաղորդակցության կապի այլ միջոցով կատարվում են նախագահողի թույլտվությամբ:
9. Եթե նիստին ներկա անձանցից որևէ մեկը խախտում է նիստի կարգը կամ անհարգալից վերաբերմունք է դրսևորում Հանձնաժողովի կամ այլ անձանց նկատմամբ, ապա Հանձնաժողովը կարող է որոշում կայացնել նիստի անցկացման վայրից նրան հեռացնելու և նրա բացակայությամբ նիստը շարունակելու վերաբերյալ:
10. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Գրավոր արձանագրությունն ստորագրում են Հանձնաժողովի՝ նիստին մասնակցած բոլոր անդամները:
11. Շահագրգիռ անձանց շահերի, ներառյալ առևտրային գաղտնիքի, ինչպես նաև պետական անվտանգության, հասարակական կարգի կամ բարոյականության պաշտպանության նպատակով Հանձնաժողովը որոշում է կայացնում նիստը կամ դրա առանձին մասն անցկացնել դռնփակ:
12. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին հարցը քննարկվում է դռնփակ:
13. Հարցը կամ դրա մասը դռնփակ նիստում քննելու մասին որոշում կայացվելու դեպքում նիստին կամ դրա առանձին մասին մասնակցելու իրավունք ունեցող անձանց շրջանակը որոշում է Հանձնաժողովի նախագահը:
| Հոդված 19. | Հարցի քննարկմանը և քվեարկությանը Հանձնաժողովի անդամի մասնակցության անհնարինությունը |
1. Հանձնաժողովի անդամը չի կարող մասնակցել հարցի քննարկմանը և քվեարկությանը, եթե առկա է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված բացարկ հայտնելու հիմքերից որևէ մեկը:
2. Հանձնաժողովի անդամը պարտավոր է ինքնաբացարկի հիմքն իրեն հայտնի դառնալու պահից անհապաղ՝ գրավոր կամ բանավոր, Հանձնաժողով ինքնաբացարկ ներկայացնել՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները:
3. Հանձնաժողովի անդամը կարող է քննարկման առարկա դարձնել Հանձնաժողովի այլ անդամի բացարկ հայտնելու հարցը:
4. Հանձնաժողովի նիստը նախագահողը քննարկման է ներկայացնում ինքնաբացարկի կամ բացարկի հարցը, որը քննարկվում է Հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամի մասնակցությամբ:
5. Հարցի քննարկումից հետո Հանձնաժողովը կայացնում է որոշում: Հանձնաժողովի՝ ինքնաբացարկ հայտնած կամ բացարկվող անդամը, ինչպես նաև բացարկ հայտնած անդամը չեն մասնակցում ինքնաբացարկի կամ բացարկի հարցով քվեարկությանը:
6. Ինքնաբացարկի կամ բացարկի ընդունման դեպքում այդ անդամը չի մասնակցում այն հարցի քննությանը և քվեարկությանը, որի կապակցությամբ առկա է ինքնաբացարկի կամ բացարկի հիմք:
| Հոդված 20. | Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման կարգը |
1. Հանձնաժողովի նիստերում որոշումները և եզրակացություններն ընդունվում են Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում նիստը նախագահողի ձայնը որոշիչ է:
2. Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:
3. Հանձնաժողովի որոշման կամ եզրակացության պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ տարբերվող կարծիք ունենալու դեպքում Հանձնաժողովի անդամը մեկ օրվա ընթացքում ներկայացնում է գրավոր հատուկ կարծիք: Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքն ստորագրվում և կցվում է համապատասխան որոշմանը կամ եզրակացությանը:
4. Հանձնաժողովի ընդունած որոշումը և եզրակացությունը Հանձնաժողովի նախագահն ստորագրում է մեկ օրվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերի:
5. Հանձնաժողովի ընդունած որոշումը կամ եզրակացությունը, որն ընդունվել է որոշակի դիտողությունների և առաջարկությունների ներկայացմամբ, դրանց համապատասխան լրամշակվում և Հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվում է հինգ օրվա ընթացքում:
6. Հանձնաժողովի որոշումները կամ եզրակացությունները մինչև սահմանված կարգով ընդունվելը կարող են քննարկվել շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ իրավաբանական անձանց որոշումներ կայացնելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Շահագրգիռ կողմերի հետ Հանձնաժողովի որոշումները կամ եզրակացությունները քննարկելու կարգը հաստատում է Հանձնաժողովը:
| Հոդված 21. | Հանձնաժողովի որոշումների և եզրակացությունների ընդունման մասին իրազեկելը և ուժի մեջ մտնելը |
1. Հանձնաժողովի որոշումները և եզրակացություններն ստորագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում, ուղարկվում են հասցեատիրոջը: Հանձնաժողովի որոշումները, եզրակացությունները հրապարակվում են Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում, բացառությամբ պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող հատվածների:
2. Հանձնաժողովի որոշումներն ուժի մեջ են մտնում Հանձնաժողովի նախագահի ստորագրման պահից, եթե այդ որոշմամբ ուժի մեջ մտնելու ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: Հանձնաժողովի ընդունած վարչական ակտերը և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
3. Հանձնաժողովի եզրակացություններն ուժի մեջ են մտնում ընդունման պահից:
4. Պետական տեղեկատվական համակարգի և կիբեռանվտանգության բնագավառի հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի եզրակացության կատարումը պարտադիր է: Եզրակացությամբ չառաջնորդվելը հիմք է հանդիսանում հանրային տեղեկություններին հասանելիությունը սահմանափակելու կամ հասանելիություն չտրամադրելու կամ օրենքով նախատեսված դեպքերում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու համար:
| Հոդված 22. | Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց պարտականությունը Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում |
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են հինգ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ, նյութեր և տեղեկություններ, եթե նշված տվյալները, նյութերը և տեղեկությունները պահանջելու մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:
2. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ տվյալներ, նյութեր և տեղեկություններ պահանջելիս Հանձնաժողովը տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տվյալներ, նյութեր և տեղեկություններ ներկայացնելու իրավական հետևանքների մասին:
3. Հիմնավոր միջնորդության հիման վրա սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ:
4. Հանձնաժողովը կարող է ստանալ և լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը:
| Հոդված 23. | Գաղտնիք համարվող տեղեկությունների պահպանումը |
1. Առևտրային, պետական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պահպանվում են օրենքով սահմանված կարգով:
2. Հանձնաժողովի նախագահը, անդամները, հանրային ծառայողները և աշխատողները չեն կարող հրապարակել կամ այլ կերպ տարածել ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև օգտագործել նման տեղեկությունները շահադիտական նպատակներով:
3. Սույն օրենքի իմաստով՝ ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկություններ են համարվում նաև Հանձնաժողովի հանրային ծառայողներին և աշխատողներին իրենց ծառայողական (աշխատանքային) պարտականությունները կատարելու ընթացքում հայտնի դարձած տեղեկությունները, այդ թվում՝ Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման ընթացքում կիբեռանվտանգության, տեղեկատվական համակարգերի անվտանգության գործիքների կիրառման, տեխնոլոգիական և ծրագրային լուծումների, ինչպես նաև վերահսկողության և հսկողության տվյալների վերաբերյալ, բացառությամբ հրապարակված կամ այլ կերպ տարածված տեղեկությունների:
4. Հանձնաժողովը կարող է սահմանել ծառայողական օգտագործման համար նախատեսված տեղեկությունների ցանկ և պահպանության տարբեր աստիճաններ, ինչպես նաև դրանց օգտագործման կարգը:
5. Սույն հոդվածում նշված տեղեկությունների հրապարակման հետևանքով հասցված վնասը ենթակա է փոխհատուցման՝ օրենքով սահմանված կարգով:
| Հոդված 24. | Հանձնաժողովի գործունեության կազմակերպումը |
1. Հանձնաժողովի բնականոն գործունեությունն ապահովում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները:
2. Հանձնաժողովի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատում է Հանձնաժողովը:
3. Հանձնաժողովի հաստիքացուցակը, կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունը, պաշտոնների, այդ թվում՝ հայեցողական պաշտոնների, քաղաքացիական աշխատանք և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց անվանացանկը հաստատում է Հանձնաժողովի նախագահը:
| Հոդված 25. | Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը և բողոքարկումը |
1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված կարգավորումները:
2. Հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով: Հանձնաժողովի որոշումը, բացառությամբ տուգանք կիրառելու մասին որոշման (այսուհետ՝ հանրային իրավական դրամական պահանջ), ուժի մեջ մտնելու օրվանից ենթակա է անհապաղ, սակայն ոչ ուշ, քան որոշման մեջ սահմանված ժամկետում կատարման, և դրա բողոքարկումը չի կասեցնում դրա գործողությունը կամ կատարումը:
3. Այն դեպքում, երբ Հանձնաժողովի որոշումը, բացի հանրային իրավական դրամական պահանջից, ներառում է նաև այլ կարգավորումներ, ապա սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված բացառությունը կիրառվում է միայն հանրային իրավական դրամական պահանջի մասով:
| Հոդված 26. | Հանձնաժողովի ֆինանսավորումը |
1. Հանձնաժողովի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Հանձնաժողովը օրենքով սահմանված կարգով յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում Հանձնաժողովի բյուջետային ֆինանսավորման հայտը՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար:
3. Բյուջետային հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում՝ անփոփոխ, իսկ առարկության դեպքում փոփոխված ընդգրկվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում: Պետական բյուջեի նախագծի հետ Ազգային ժողով է ներկայացվում նաև Հանձնաժողովի հայտը:
| Հոդված 27. | Հանձնաժողովի գործունեության հրապարակայնությունը |
1. Հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է նախորդ տարվա ընթացքում Հանձնաժողովի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:
2. Հաղորդումը Ազգային ժողովում քննարկվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, հրապարակվում է Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունների:
Գ Լ ՈՒ Խ 4
ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
| Հոդված 28. | Վերահսկողություն իրականացնելը |
1. Օրենքով նախատեսված դեպքերում օրենքով և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնում և, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, պատասխանատվության միջոցներ կիրառում է Հանձնաժողովը՝ սույն օրենքով սահմանված կարգով համապատասխանության գնահատում իրականացնելու միջոցով:
2. Օրենքով նախատեսված համապատասխան գործառույթների առկայության դեպքում իրավաբանական անձի նկատմամբ սույն օրենքով և «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված վերահսկողությունն իրականացնում է կարգավորող և վերահսկող մարմինը: Սույն մասով իրականացվող վերահսկողությունից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, համապատասխան կարգավորող և վերահսկող մարմինը վերահսկողության արդյունքների մասին տեղեկացնում է Հանձնաժողովին:
3. Կիբեռանվտանգության ոլորտում օրենքով նախատեսված կարգավորող և վերահսկող այլ մարմին առկա չլինելու կամ կարգավորող և վերահսկող մարմնի կիբեռանվտանգության ապահովման ոլորտում գործառույթների իրականացման իրավական հիմքերի բացակայության դեպքում իրավաբանական անձի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հանձնաժողովը՝ սույն օրենքով սահմանված կարգով:
4. Հանձնաժողովը իրավաբանական անձանց նկատմամբ օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ընթացքում համապատասխան կարգավորող և վերահսկող այլ մարմինների հետ համագործակցությունն ապահովում է սույն օրենքով սահմանված կարգով:
5. Համապատասխանության գնահատումն իրականացնում է Հանձնաժողովի կողմից ստեղծվող համապատասխանության գնահատում իրականացնելու համար լիազորված խումբը (այսուհետ՝ գնահատող խումբ):
6. Համապատասխանության գնահատումներն անցկացվում են Հանձնաժողովի որոշմամբ՝ Հանձնաժողովի տարածքում: Առանձին դեպքերում Հանձնաժողովի որոշմամբ գնահատող խմբի անդամները վերահսկվող անձի մոտ կարող են իրականացնել տեղեկատվական համակարգերի տեխնիկական և ֆիզիկական անվտանգության պահանջների համապատասխանության գնահատում: Սույն մասում նշված որոշման մեջ նշվում են վերահսկվող անձի անվանումը, համապատասխանության գնահատման նպատակը, ուղղությունները (ոլորտները), գնահատող խմբի կազմը, այդ թվում՝ ղեկավարը, համապատասխանության գնահատում անցկացնելու սկիզբը և ավարտը:
7. Սույն օրենքի հիման վրա համապատասխանության գնահատման արդյունքում կազմված հաշվետվություններում և եզրակացություններում (տեղեկանքներում) պարունակվող տեղեկությունները համարվում են ծառայողական օգտագործման համար տեղեկություններ, որոնք կարող են երրորդ անձանց տրամադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:
8. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում կարգավորող և վերահսկող մարմինը վերահսկողություն իրականացնում է օրենքներով և այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ:
9. Հանձնաժողովը համապատասխանության գնահատում իրականացնելիս իրավունք ունի ստանալու այլ պետական մարմինների աջակցությունը:
10. Հանձնաժողովը կարող է համապատասխանության գնահատման ցանկացած փուլում առանձին հարցերի պարզաբանման նպատակով ներգրավել համապատասխան մասնագետների, փորձագետների:
11. Հանձնաժողովը կարգավորող և վերահսկող այլ մարմինների կողմից շահագործվող տեղեկատվական համակարգերի նկատմամբ վերահսկողություն իրականացնում է մշտադիտարկման միջոցով՝ նշված մարմիններից ստացված, օրենքով սահմանված աուդիտի արդյունքների հիման վրա:
12. Սույն հոդվածը չի տարածվում Հանձնաժողովի կնքած պայմանագրերի պայմանների պահպանման նկատմամբ իրականացվող ստուգումների դեպքերի վրա: Պայմանագրերի պայմանների նկատմամբ իրականացվող ստուգումների կարգը հաստատում է Հանձնաժողովը:
| Հոդված 29. | Համապատասխանության գնահատման պայմանները |
1. Համապատասխանության գնահատումներն անցկացվում են վերահսկվող անձի տեղեկատվական համակարգերին հասանելիություն ապահովելու միջոցով և տեղեկատվական համակարգերի ու կիբեռանվտանգության ապահովման պահանջներին վերաբերող տվյալների, նյութերի և տեղեկությունների, դրանցում կատարված փոփոխությունների, վերաբերող պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների և այլ փաստաթղթերի), տեխնիկական առաջադրանքների, անկախ աուդիտորական եզրակացությունների ուսումնասիրության և վերլուծության միջոցով:
2. Համապատասխանության գնահատման ընթացքում առանց գնահատող խմբի ղեկավարի թույլտվության կողմնակի անձանց մուտքը գնահատող խմբի աշխատանքային տարածք արգելվում է:
3. Համապատասխանության գնահատում իրականացնելիս կարող են կիրառվել համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնիկական կամ ծրագրային միջոցներ, էլեկտրոնային և այլ սարքավորումներ, կրիչներ, թվային տիրույթում կարող են կատարվել գործողություններ՝ ուղղված համապատասխանության գնահատման իրականացմանն ու արդյունքների ամփոփմանը:
| Հոդված 30. | Վերահսկվող անձի պարտականությունները |
1. Վերահսկվող անձը պարտավոր է ՝
1) ապահովել տեղեկատվական համակարգերին և կիբեռանվտանգության ապահովման պահանջներին վերաբերող տվյալների, նյութերի և այլ տեղեկությունների, դրանցում կատարված փոփոխությունների, վերաբերող պայմանագրերի (ակտերի, արձանագրությունների և այլն), տեխնիկական առաջադրանքների, անկախ աուդիտորական եզրակացությունների տրամադրումը գնահատող խմբին, ինչպես նաև ապահովել գնահատող խմբի հասանելիությունը տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային ծրագրերին՝ անկախ այն հանգամանքից՝ դրանք պարունակում են առևտրային գաղտնիք կամ անձնական տվյալներ, թե ոչ.
2) կատարել գնահատող խմբի ղեկավարի օրինական պահանջները, ինչպես նաև գնահատող խմբի ղեկավարին և անդամներին ներկայացնել գրավոր և բանավոր բացատրություններ, տեղեկություններ և պարզաբանումներ համապատասխանության գնահատման ենթակա հարցերի վերաբերյալ:
2. Արգելվում է համապատասխանության գնահատման ընթացքում խոչընդոտել կամ միջամտել գնահատող խմբի անդամների օրինական գործողությունները: Գնահատող խմբի անդամները հրավերի առկայության դեպքում կարող են մասնակցել վերահսկվող իրավաբանական անձի կառավարման մարմինների նիստերին, ժողովներին և քննարկումներին, ներկայացնել համապատասխանության գնահատման արդյունքները, հնարավոր հետևանքները:
| Հոդված 31. | Գնահատող խմբի իրավունքները և պարտականությունները, Հանձնաժողովի պատասխանատվությունը |
1. Գնահատող խումբը համապատասխանության գնահատում իրականացնելու նպատակով իրավասու է՝
1) վերահսկվող անձից, նրա ղեկավարներից և իրավասու աշխատողներից պահանջելու համապատասխանության գնահատման ենթակա տեղեկատվական համակարգերին, էլեկտրոնային ծրագրերին հասանելիություն, տվյալներ, նյութեր և տեղեկություններ.
2) վերահսկվող անձի ղեկավարությանը և իրավասու աշխատողներին իրենց իրավասության սահմաններում ներկայացնելու հիմնավոր այլ պահանջներ, եթե դրանք բխում են համապատասխանության գնահատման անհրաժեշտությունից և նպատակից:
2. Գնահատող խումբը պարտավոր է համապատասխանության գնահատումն իրականացնել սույն օրենքով և դրան համապատասխան ընդունված իրավական ակտերով սահմանված կարգով: Գնահատող խումբը պարտավոր է աշխատանքների ավարտից հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, համապատասխանության գնահատման վերաբերյալ հաշվետվությունը, եզրակացությունը (տեղեկանքները) ներկայացնել Հանձնաժողովի նախագահին:
3. Հանձնաժողովը պատասխանատվություն է կրում գնահատող խմբի անդամներին ժամանակավորապես տրամադրված տվյալների, նյութերի և տեղեկությունների պահպանության, ապահովության և վերադարձելիության համար:
| Հոդված 32. | Համապատասխանության գնահատման ուղղությունները (ոլորտները) և ամփոփումը |
1. Հանձնաժողովը կարող է համապատասխանության գնահատում իրականացնել հետևյալ ուղղություններով (ոլորտներով).
1) օրենքով նախատեսված կարգով տեղեկատվական համակարգերի և պետական տեղեկատվական համակարգի անվտանգության ապահովման գնահատում.
2) օրենքի պահանջներին պաշտոնական կայքէջերի կամ դրանց բջջային հավելվածների գնահատում.
3) տեղեկությունների և տվյալների՝ օրենքով սահմանված կարգով օգտագործման և պահպանության գնահատում.
4) տեղեկատվական մուտքի հարթակի, տվյալների փոխանակման շերտի օգտագործման, տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման գնահատում.
5) տվյալների կառավարման, ամպային տիրույթում տեղակայման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների գնահատում.
6) կիբեռհարձակման կամ կիբեռմիջադեպերի պատճառների ու հետևանքների գնահատում, ձեռնարկված միջոցառումների՝ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների գնահատում.
7) որակավորված աուդիտորի կողմից կիբեռանվտանգության աուդիտի արդյունքներով կազմված հաշվետվության պահանջների կատարման կամ բացահայտված թերությունների վերացման գնահատում:
2. Համապատասխանության գնահատման ընթացքում կարող են կատարվել վերլուծություն և գնահատում՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բոլոր ուղղություններով (ոլորտներով) կամ դրանց մի մասով:
3. Հանձնաժողովի նախագահն իրավասու է մինչև համապատասխանության գնահատումն սկսելը վերահսկվող անձից պահանջելու Հանձնաժողով ներկայացնել համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ տվյալները, նյութերը և տեղեկությունները: Այդ դեպքում վերահսկվող անձը պարտավոր է Հանձնաժողովի նախագահի գրավոր պահանջը կատարել հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե գրությամբ ավելի երկար ժամկետ սահմանված չէ:
4. Համապատասխանության գնահատման ավարտից հետո՝ երկշաբաթյա ժամկետում, վերահսկվող անձի ղեկավարների, գնահատող խմբի անդամների և Հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված այլ մասնակիցների մասնակցությամբ անցկացվում է համապատասխանության գնահատման արդյունքների քննարկում: Քննարկումը կազմակերպում, մասնակիցների ցանկը Հանձնաժողովի նախագահի հետ համաձայնեցնում և հրավերները փոխանցում է գնահատող խմբի ղեկավարը:
5. Հանձնաժողովի գրավոր պահանջով վերահսկվող անձը պարտավոր է ապահովել համապատասխանության գնահատման արդյունքների ներկայացումը կազմակերպության մասնակիցներին, ինչպես նաև վերջիններիս կամ նրանց ներկայացուցիչների մասնակցությունը համապատասխանության գնահատման արդյունքների քննարկմանը: Նշված անձանց բացակայությունը հիմք չէ քննարկումը չիրականացնելու համար: Քննարկմանը կարող են հրավիրվել նաև տվյալ կազմակերպությունում աուդիտ անցկացրած անկախ աուդիտորական կազմակերպության ներկայացուցիչները: Քննարկման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն:
6. Քննարկման արդյունքների հիման վրա Հանձնաժողովի նախագահի սահմանած ժամկետում գնահատող խումբը կազմում է համապատասխանության գնահատման հաշվետվություն:
7. Հաշվետվությունը կազմվում է երկու օրինակից, որը ստորագրում են գնահատող խմբի անդամները: Հաշվետվության մեկ օրինակը փոխանցվում է վերահսկվող անձի ղեկավարությանը:
8. Վերահսկվող անձի գործադիր մարմինը և (կամ) նրա նշանակալից մասնակցություն ունեցող մասնակիցն իրավունք ունեն հաշվետվության վերաբերյալ ներկայացնելու իրենց գրավոր առարկություններն ու բացատրությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
| Հոդված 33. | Խախտման արձանագրումը |
1. Սույն օրենքի 32-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետի ավարտից հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գնահատող խումբը օրենքների, Հանձնաժողովի որոշումների և իրավական այլ ակտերի պահանջների խախտումներն արձանագրում է արձանագրություն կազմելու միջոցով: Արձանագրությունն ստորագրում են գնահատող խմբի բոլոր անդամները: Արձանագրությունը գնահատող խմբի բոլոր անդամների կողմից ստորագրվելու պահից խախտումը համարվում է սույն օրենքով սահմանված կարգով արձանագրված: Խախտումն արձանագրելու պահից սկսվում է պատասխանատվության միջոցի կիրառման վարույթը (այսուհետ՝ վարույթ), որն իրականացվում է սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն օրենքով սահմանված կարգավորումները:
2. Արձանագրության մեջ մանրամասնորեն նկարագրվում է խախտումը, և նշվում է օրենքի, Հանձնաժողովի որոշման կամ իրավական այլ ակտի նորմը, որը խախտվել է, ինչպես նաև պատասխանատվության միջոցը, որը ենթակա է կիրառման:
3. Արձանագրությունը կազմելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում այն գրությամբ ուղարկվում է խախտումը թույլ տված անձի գործադիր մարմնի ղեկավարին:
4. Արձանագրությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում վերահսկվող անձն ստորագրում է արձանագրությունը և առձեռն հանձնում Հանձնաժողով: Արձանագրությանը կից կարող են ներկայացվել ստորագրված գրավոր բացատրություններ կամ պարզաբանումներ:
| Հոդված 34. | Պատասխանատվության միջոցի կիրառման հիմքերը և պատասխանատվության միջոցները |
1. Հանձնաժողովը համապատասխանության գնահատման արձանագրության հիման վրա կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ, եթե խախտվել են օրենքների, Հանձնաժողովի որոշումների և իրավական այլ ակտերի պահանջները:
| Հոդված 35. | Համապատասխանության գնահատումը խոչընդոտելը |
1. Հանձնաժողովին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարման խոչընդոտում է համարվում վերահսկվող անձի կամ անձի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կամ նրա աշխատակցի կամ այլ ներկայացուցչի կողմից սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ տվյալներ, նյութեր կամ տեղեկություններ չներկայացնելը կամ տեղեկատվական համակարգին հասանելիություն չապահովելը կամ այլ կերպ համապատասխանության գնահատումը խոչընդոտելը, որն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:
| Հոդված 36. | Հանձնաժողովի կողմից մշտադիտարկում իրականացնելը |
1. Պետական տեղեկատվական համակարգի անխափան գործունեությունն ու անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև այլ հնարավոր խոցելիություններից պաշտպանելու նպատակով Հանձնաժողովը կարող է իրականացնել մշտադիտարկում Հանձնաժողովի տարածքում: Մշտադիտարկման ընթացքում իրականացվում է սույն օրենքով, այլ օրենքներով, դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով և Հանձնաժողովի որոշումներով ու եզրակացություններով սահմանված պահանջների ապահովման վերլուծություն: Տեղեկատվական համակարգի կառավարչի համաձայնությամբ մշտադիտարկում կարող է իրականացվել իր տարածքում: Տարեկան մշտադիտարկումների ծրագիրը հաստատում է Հանձնաժողովը:
2. Մշտադիտարկում է համարվում օրենքով նախատեսված պետական տեղեկատվական համակարգերի, փոխանակման շերտի, ինչպես նաև իրավաբանական անձի տիրույթում Հանձնաժողովի սահմանած պահանջներին համապատասխան կարգաբերված և փոխանակման շերտի մաս կազմող սարքերի, սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների նկատմամբ որոշակի պարբերականությամբ իրականացվող դիտարկումը:
3. Մշտադիտարկում իրականացնելիս կարող են կիրառվել համակարգչային տեխնոլոգիաներ և այլ տեխնիկական կամ ծրագրային միջոցներ, էլեկտրոնային և այլ սարքավորումներ, կրիչներ, կատարվել այլ գործողություններ՝ ուղղված մշտադիտարկման իրականացմանն ու արդյունքների ամփոփմանը:
4. Մշտադիտարկումն իրականացվում է Հանձնաժողովի նախագահի հրամանի հիման վրա: Հրամանում նշվում են մշտադիտարկման ենթակա հարցերը, մշտադիտարկման ժամանակահատվածը, պարբերականությունը, մշտադիտարկում իրականացնող անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը): Մշտադիտարկման ներքին ընթացակարգը, արդյունքների ամփոփման և ներկայացման կարգը հաստատում է Հանձնաժողովը:
5. Հանձնաժողովը պարտավոր չէ մշտադիտարկում իրականացնելու մասին տեղեկացնել մշտադիտարկման ենթակա տեղեկատվական համակարգի կառավարչին, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ տեղեկատվական համակարգի կառավարչի համաձայնությամբ մշտադիտարկում իրականացնելու դեպքի:
6. Մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատասխանատվության միջոցներ չեն կարող կիրառվել:
7. Մշտադիտարկման արդյունքում Հանձնաժողովը՝ եզրակացությամբ, կամ Հանձնաժողովի նախագահը՝ գրությամբ, կարող է պահանջել ապահովել սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի և Հանձնաժողովի որոշումների ու եզրակացությունների կիրառումը կամ վերացնել կամ կանխել դրանց խախտումները կամ նվազեցնել ռիսկերը, եթե համարում է, որ՝
1) բացահայտման ենթակա տեղեկությունը սահմանված կարգով չի բացահայտվել, կամ սահմանված կարգով չեն ապահովվել պաշտոնական կայքէջի պահպանումն ու սպասարկումը.
2) օրենքով սահմանված կարգի խախտմամբ հասանելիություն է տրվել, կամ բացահայտվել է տեղեկություն.
3) չեն ապահովվել սույն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված՝ տեղեկատվական հարթակի, տվյալների շտեմարանների ստեղծման, ներդրման, կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման պահանջները կամ պայմանները.
4) չեն ապահովվել տվյալների կառավարման, ամպային տիրույթում տեղակայման, տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցների կիրառման և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի՝ սույն օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրերով սահմանված պահանջները կամ պայմանները:
8. Հանձնաժողովն իրավունք ունի, սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելուն զուգահեռ, սահմանափակելու նաև տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման հնարավորությունը մինչև Հանձնաժողովի եզրակացության կատարումը, եթե ունի հիմնավոր կասկածներ, որ նշված սահմանափակումը չկիրառելը կարող է խափանել պետական տեղեկատվական համակարգի անվտանգ և անխափան աշխատանքը:
9. Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման սահմանափակումը վերացնում է Հանձնաժողովը, եթե ապահովվել է սույն օրենքի, այլ օրենքների, դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի և Հանձնաժողովի որոշումների ու եզրակացությունների կիրառումը, կամ վերացվել կամ կանխվել են դրանց խախտումները, կամ նվազեցվել են ռիսկերը: Տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման սահմանափակումը վերացնելու կարգը հաստատում է Հանձնաժողովը:
10. Համապատասխան մարմինը կամ իրավաբանական անձը պարտավոր է սույն հոդվածով նախատեսված եզրակացությունը կամ գրությունն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում միջոցներ ձեռնարկել դրանցով ներկայացված օրինական պահանջները կատարելու ուղղությամբ և այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովի նախագահին:
11. Կիբեռանվտանգության ապահովման բնագավառում Հանձնաժողովը մշտադիտարկումներ իրականացնում է «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված կարգով և դեպքերում:
| Հոդված 37. | Հանձնաժողովի օրինական պահանջները չկատարելու հետևանքները |
1. Եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավաբանական անձը չի կատարում Հանձնաժողովի օրինական պահանջները, ապա Հանձնաժողովը՝
1) դիմում է տվյալ մարմնի վերադաս մարմնին կամ համապատասխան պաշտոնատար անձին՝ պարտականությունների կատարման մեջ թերացած անձի նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու գործընթաց սկսելու համար.
2) սույն օրենքով սահմանված կարգով նախաձեռնում է համապատասխանության գնահատում սկսելու գործընթաց.
3) սահմանափակում է տեղեկատվական համակարգերի և տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտի օգտագործման հնարավորությունը մինչև Հանձնաժողովի օրինական պահանջների կատարումը, եթե ունի հիմնավոր կասկածներ, որ նշված սահմանափակումը չկիրառելը կարող է խափանել պետական տեղեկատվական համակարգի անվտանգ և անխափան աշխատանքը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հետևանքը կարող է կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ 1-ին կամ 2-րդ կետի հետ միաժամանակ:
3. Կարգապահական պատասխանատվության միջոց կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձը պարտավոր է դիմումն ստանալու պահից մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ և արդյունքների մասին տեղեկացնել Հանձնաժողովին:
4. Տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակման շերտին հասանելիությունը վերականգնելու կարգը սահմանում է Հանձնաժողովը:
Գ Լ ՈՒ Խ 5
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 38. | Պետական տեղեկատվական համակարգին և կիբեռանվտանգությանն առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացության հիմքերը |
1. Հանձնաժողովը եզրակացություններ ընդունում է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
2. Օրենքով նախատեսված դեպքերում եզրակացություն ստանալու նպատակով Հանձնաժողով դիմելու իրավունք ունեն պետական, տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք:
3. Եզրակացություն ստանալու նպատակով Հանձնաժողով դիմելու կարգը հաստատում է Հանձնաժողովը:
| Հոդված 39. | Եզրակացություն տալու կարգը |
1. Պետական տեղեկատվական համակարգի և կիբեռանվտանգության բնագավառի հարցերի վերաբերյալ եզրակացություն Հանձնաժողովը տրամադրում է պետական, տեղական ինքնակառավարման մարմնի կամ իրավաբանական անձի դիմումն ստանալուց հետո՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
2. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ եզրակացություն տալու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով:
3. Նախքան եզրակացության ընդունումը Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դիմումատուին՝ եզրակացության ընդունման համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու պահանջով, ինչպես նաև ստանալ քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ, դիմումատուին կամ նրա պաշտոնատար անձանց հրավիրել Հանձնաժողովի նիստի կամ քննարկման:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկությունների բացակայության դեպքում Հանձնաժողովը եզրակացություն ընդունում է այդ տեղեկությունների բացակայությամբ՝ նշելով դրա նշանակությունը և ազդեցությունը քննարկվող հարցի վերաբերյալ:
Գ Լ ՈՒ Խ 6
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ
| Հոդված 40. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության իրավական հիմքերը |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով:
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով և «Հանրային ծառայության մասին» օրենքով, կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության յուրաքանչյուր պաշտոն ունի պաշտոնի անձնագիր (աշխատատեղի նկարագիր), որը հաստատում է գլխավոր քարտուղարը: Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնների անձնագրերի չափանիշները հաստատում է Հանձնաժողովի նախագահը։
| Հոդված 41. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողների պաշտոնների համակարգը |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոններն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, գործունեության ազդեցության, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց լուծման, ինչպես նաև մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներից:
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնները դասակարգվում են երեք խմբի, որոնցից յուրաքանչյուրը դասակարգվում է երեք ենթախմբի:
3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնների անվանումները, խմբերը և ենթախմբերը սահմանում է Հանձնաժողովը, որի համար սույն օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասում նշված որակավորումները կրում են կողմնորոշիչ բնույթ:
| Հոդված 42. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներին ներկայացվող հիմնական պահանջները |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պաշտոն զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝
1) պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն, բացառությամբ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնների ամենաբարձր խմբի ամենաբարձր ենթախմբի պաշտոնների, որոնք զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա բարձրագույն կրթություն.
2) պետք է տիրապետի հայերենին.
3) պետք է բավարարի տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները, և առկա չլինեն պաշտոնի նշանակման համար օրենքով սահմանված սահմանափակումները.
4) պաշտոնի անձնագրով նախատեսված դեպքերում պետք է ունենա պահանջվող գիտելիքները ու կոմպետենցիաները հիմնավորող փաստաթուղթ (օրինակ՝ որակավորում, սերտիֆիկատ և այլն):
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պաշտոնում չի կարող նշանակվել այն անձը՝
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով զրկվել է հանրային ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) որը դատապարտվել է հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարված կամ վերացված լինելու հանգամանքից.
4) որի նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում.
5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի հարուցվել ոչ արդարացնող հիմքով.
6) որն ունի Կառավարության հաստատած ցանկով նախատեսված՝ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում լիազորությունների իրականացումը խոչընդոտող հիվանդություն կամ ֆիզիկական արատ.
7) որն օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն:
| Հոդված 43. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի նշանակելու պայմանները |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում ծառայողների՝ գործառույթից կախված որակավորման պահանջները սահմանում է Հանձնաժողովը, որի համար Միջազգային հավատարմագրման ֆորումի բազմակողմ ճանաչման համաձայնագրին միացած ազգային հավատարմագրման մարմինների կողմից ISO/IEC 17024 ստանդարտով հավատարմագրված հավաստագրման մարմինների կողմից տրված որակավորումները կրում են կողմնորոշիչ բնույթ:
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում պաշտոնի նշանակման պայմանները հաստատում է Հանձնաժողովը:
3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնները համալրվում են կամ մրցութային կարգով, կամ փոխադրման կարգով, կամ կադրերի ռեզերվից պաշտոնների համալրման կարգով: Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնները մրցութային կարգով համալրելու կարգը և պայմանները սահմանում է Հանձնաժողովը։
4. Եթե տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության թափուր պաշտոնը չի զբաղեցվում փոխադրման կարգով կամ կադրերի ռեզերվից կամ սույն օրենքով նախատեսված մրցութային կարգով, ապա կարող է զբաղեցվել ժամկետային աշխատանքային պայմանագրով: Սույն մասով սահմանված պայմանագիրը կնքվում է առավելագույնը վեց ամիս ժամկետով և այն անձի հետ, որը բավարարում է տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:
5. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կադրերի ռեզերվից պաշտոնների համալրման նպատակով Հանձնաժողովի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը կարող է առաջարկություն ներկայացնել տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայության կադրերի ռեզերվում գտնվող ծառայողին թափուր պաշտոնն զբաղեցնելու վերաբերյալ, եթե նա բավարարում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները:
| Հոդված 44. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում սկսնակ մասնագետի ներգրավումը |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում որպես սկսնակ մասնագետ որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրով կարող է ներգրավվել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և, բացի սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ մասնագիտական գիտելիքներն ու կոմպետենցիաները հիմնավորող փաստաթուղթ ունենալու պահանջից, սույն օրենքով սահմանված մյուս պահանջները բավարարող անձը:
2. Սկսնակ մասնագետները տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի սահմանած կարգով անցնում են սկսնակ մասնագետների համար նախատեսված վերապատրաստման դասընթացներ: Սույն մասում նշված վերապատրաստման դասընթացներն անցնելու արդյունքների վերաբերյալ Հանձնաժողովը տալիս է համապատասխան փաստաթուղթ։
3. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում սկսնակ մասնագետները համարվում են քաղաքացիական աշխատանք կատարողներ: Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում սկսնակ մասնագետների աշխատանքի ժամանակահատվածը համարվում է հանրային ծառայության ստաժ։
4․ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում որպես սկսնակ մասնագետ ներգրավելու կարգը սահմանում է Հանձնաժողովը։
| Հոդված 45. | Հանձնաժողովում պաշտոնի նշանակելը և պաշտոնից ազատելը |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հանձնաժողովի նախագահը:
2. Հանձնաժողովի քաղաքացիական ծառայողները պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։
3. Հանձնաժողովի տեխնիկական սպասարկում և քաղաքացիական աշխատանք իրականացնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի գլխավոր քարտուղարը՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Հանձնաժողովում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է Հանձնաժողովի նախագահը:
| Հոդված 46. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոն զբաղեցնելը տեղափոխման և փոխադրման կարգով |
1. Հանձնաժողովի նախագահը մինչև երկու տարի ժամկետով կարող է տեղափոխություն կատարել հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների հավասարազոր պաշտոն զբաղեցնող ծառայողների միջև, եթե վերջիններս բավարարում են տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում Հանձնաժողովի նախագահը կարող է նույն կամ այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողին փոխադրել թափուր պաշտոնի, եթե նա բավարարում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները:
3. Փոխադրումից հետո թափուր մնացած պաշտոնը կարող է զբաղեցվել սույն օրենքով նախատեսված մրցույթով կամ կադրերի ռեզերվից:
4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչև սահմանված հիմքի վերացումը Հանձնաժողովի նախագահը կարող է այլ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման ծառայողին փոխադրել այդ պաշտոնին, եթե նա բավարարում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի անձնագրի պահանջները: Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին ժամանակավոր թափուր պաշտոնի փոխադրման դեպքում նրա պարտականությունները կատարում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված փոխարինող ծառայողը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամանակավոր թափուր պաշտոնն առաջանում է՝
1) հղիության և ծննդաբերության արձակուրդի դեպքում.
2) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի դեպքում.
3) պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում.
4) տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության դեպքում.
5) եռամսյա ժամկետը գերազանցող վերապատրաստման կամ ծառայողական գործուղման մեկնելու դեպքում:
6. Տեղափոխությունը, փոխադրումն իրականացվում են տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի համաձայնությամբ:
7. Տեղափոխության և փոխադրման դեպքերում տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում:
8. Տեղափոխության և փոխադրման կարգով պաշտոն զբաղեցնելու կարգը և պայմանները, ինչպես նաև տեղափոխության և փոխադրման կարգով պաշտոն զբաղեցնելու ժամանակ անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանում է Հանձնաժողովը:
9. Սույն հոդվածի իմաստով՝ հավասարազոր պաշտոն է համարվում տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնների անվանացանկում տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության պաշտոնի համապատասխան խմբի նույն ենթախմբում ընդգրկված պաշտոնը:
| Հոդված 47. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի առաջխաղացումն առանց մրցույթի |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի (բացառությամբ կադրերի ռեզերվում գտնվող անձանց) առաջխաղացումն առանց մրցույթի իրականացվում է համապատասխան պաշտոնի առանձնահատկություններով պայմանավորված կատարողականի գնահատման գործընթացի արդյունքների հիման վրա:
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայողի առաջխաղացման նպատակով կատարողականի գնահատման գործընթացի կազմակերպման արդյունքների ամփոփման կարգը և ձևաչափը սահմանում է Հանձնաժողովը:
| Հոդված 48. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:
| Հոդված 49. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պաշտոնից ազատվելը |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը պաշտոնից ազատվում է՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.
3) հաստիքների կրճատման դեպքում, եթե տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
4) Կառավարության հաստատած հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու դեպքում.
5) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
6) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
7) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
8) նրա նկատմամբ սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը նշանակելու դեպքում.
9) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր աշխատանքի չներկայանալու դեպքում՝ չհաշված հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը.
10) սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկն ի հայտ գալու դեպքում.
11) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում:
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան կամ պաշտոնից ազատման դեպքում:
| Հոդված 50. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի իրավունքները |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողն իրավունք ունի՝
1) ծանոթանալու իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեությանը վերաբերող փաստաթղթերին.
2) իր իրավասության սահմաններում քննարկելու հարցեր և ընդունելու որոշումներ.
3) աշխատանքի համար ստանալու համարժեք վարձատրություն.
4) սահմանված կարգով մասնակցելու ծառայողական առաջխաղացմանը.
5) մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների բարելավման համար սահմանված կարգով մասնակցելու վերապատրաստումների՝ պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին.
6) ներկայացնելու առաջարկություններ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի գործունեության կատարելագործման վերաբերյալ.
7) օրենքով նախատեսված այլ իրավունքներ:
| Հոդված 51. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի պարտականությունները |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը պարտավոր է՝
1) տիրապետել զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին.
2) կատարել Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.
3) ապահովել պահանջվող մասնագիտական որակավորում և գործնական հմտություններ.
4) պահպանել ծառայողական կարգապահությունը.
5) պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության օգտագործման համար սահմանված պահանջները, այդ թվում՝ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո.
6) պահպանել օրենքով սահմանված սահմանափակումներն ու անհամատեղելիության պահանջները:
| Հոդված 52. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսման միջոցները |
1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու և առանձնակի ցուցանիշների համար Հանձնաժողովի սահմանած կարգով տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսման հետևյալ միջոցները.
1) շնորհակալության հայտարարում.
2) միանվագ դրամական պարգևատրում.
3) հուշանվերով պարգևատրում.
4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում:
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ Հանձնաժողովի սահմանած կարգով որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժի հանումը:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված խրախուսման միջոցները կիրառում է Հանձնաժողովի նախագահը:
4. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված խրախուսման միջոցը կիրառում է կարգապահական տույժ նշանակած պաշտոնատար անձը:
| Հոդված 53. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի կարգապահական պատասխանատվության հիմքերը |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) սահմանված վարքագծի կանոնները խախտելը.
2) իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը.
3) ներքին կարգապահական կանոնները խախտելը.
4) օրենքով սահմանված սահմանափակումները կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելը:
| Հոդված 54. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը |
1. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով՝ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) զգուշացում.
2) նկատողություն.
3) խիստ նկատողություն.
4) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
5) պաշտոնից ազատում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կիրառում է նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:
| Հոդված 55. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգը |
1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից չի անցել վեց ամսից ավելի՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:
2. Տույժերը ձևակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
3. Կարգապահական տույժի մասին տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ երկօրյա ժամկետում:
4. Եթե կարգապահական տույժ նշանակվելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:
5. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա: Ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
6. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողն իրավունք ունի իր նկատմամբ նշանակված կարգապահական տույժի մասին որոշումն օրենքով սահմանված կարգով բողոքարկելու դատարան:
| Հոդված 56. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին ավելի ցածր պաշտոնի փոխադրելը |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողին չի կարելի ավելի ցածր պաշտոնի փոխադրել, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի դիմումի հիման վրա.
2) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է սույն օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը նշանակելիս.
3) ավելի ցածր պաշտոնի փոխադրելն իրականացվում է հաստիքները կրճատելիս՝ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի համաձայնությամբ:
| Հոդված 57. | Հանձնաժողովում ծառայության առանձնահատկությունները |
1. Հանձնաժողովի անդամները և աշխատողներն իրենց լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո չեն կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել իրականացրած վարչական վարույթի հետ կապված, բացառությամբ տվյալ վարույթի ընթացքում թույլ տված չարաշահումների քննության դեպքի:
2. Հանձնաժողովի անդամները և աշխատողները չեն կարող ենթարկվել գույքային, վարչական պատասխանատվության՝ օրենքով նախատեսված իրենց պարտականությունների պատշաճ կատարման համար:
| Հոդված 58. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողի և անդամների արձակուրդը |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի ծառայողներն ունեն ամենամյա նվազագույն 20 աշխատանքային օր և ամենամյա լրացուցիչ չորս աշխատանքային օր տևողությունով վճարովի արձակուրդի իրավունք:
2. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի անդամներին արձակուրդ տրամադրում է Հանձնաժողովի նախագահը կամ օրենքով սահմանված դեպքերում՝ նրան փոխարինող անձը:
| Հոդված 59. | Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կադրերի ռեզերվը և ծառայողի անձնական գործը |
1. Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության կադրերի ռեզերվը (այսուհետ՝ կադրերի ռեզերվ) վարում է Հանձնաժողովի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը:
2. Կադրերի ռեզերվում, իրենց դիմումի համաձայն, գրանցվում են սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 9-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների:
3. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու միանգամյա առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված ծառայողի 65 տարին լրանալը: Ծառայողը, իր դիմումի համաձայն, կարող է հանվել կադրերի ռեզերվից վաղաժամկետ:
4. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը համարվում է հանրային ծառայության ստաժ: Ծառայողը կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածում չի վճարվում:
5. Կադրերի ռեզերվում գրանցվելու դեպքում ծառայողի հետ վերջնահաշվարկ չի կատարվում: Այս դեպքում ծառայողի հետ վերջնահաշվարկը կատարվում է կադրերի ռեզերվում լինելու առավելագույն ժամկետը լրանալուց կամ, իր դիմումի համաձայն, կադրերի ռեզերվից վաղաժամկետ հանվելուց հետո:
6. Եթե ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է սույն օրենքով նախատեսված ծառայության պաշտոն Հանձնաժողովում, ապա կադրերի ռեզերվից դուրս գալու դեպքում վերջնահաշվարկ չի կատարվում:
7. Ծառայողը հանվում է կադրերի ռեզերվից հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու կամ այլ աշխատանքի անցնելու դեպքում:
8. Կադրերի ռեզերվում գրանցված լինելու ժամանակ ծառայողը չունի արձակուրդի իրավունք, և վերջնահաշվարկի մեջ ռեզերվում գրանցված լինելու ժամանակահատվածը չի հաշվարկվում:
9. Ծառայության կադրերի ռեզերվը վարելու, կադրերի ռեզերվում գրանցելու, կադրերի ռեզերվից հանելու և կադրերի ռեզերվից պաշտոնների համալրման կարգը սահմանում է Հանձնաժողովը:
10. Ծառայողի ծառայողական գործունեության ընթացքն արտացոլվում է նրա անձնական գործում: Անձնական գործերի վարման կարգը հաստատում է Հանձնաժողովը:
Գ Լ ՈՒ Խ 7
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
| Հոդված 60. | Եզրափակիչ մաս |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հոդված 61. | Անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուն հաջորդող օրվանից Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են թափուր, և սույն օրենքով նախատեսված մարմինները կարող են մեկնարկել Հանձնաժողովի անդամի թեկնածուների առաջադրման և նշանակման գործընթացը:
2. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների թեկնածությունների առաջադրումը սույն օրենքով նախատեսված մարմիններն իրականացնում են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի մեկնարկից երկու ամսվա ընթացքում: Հանձնաժողովի անդամների առաջին կազմի նշանակումն Ազգային ժողովն իրականացնում է սույն օրենքով և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
3. Հանձնաժողովի առաջին կազմի անդամների պաշտոնավարման ժամկետներն են՝
1) երկու անդամի համար՝ երկու տարի.
2) մեկ անդամի համար՝ երեք տարի.
3) մեկ անդամի համար՝ չորս տարի.
4) Հանձնաժողովի նախագահի համար՝ հինգ տարի:
4. Հանձնաժողովի առաջին կազմի անդամները երկրորդ անգամ Հանձնաժողովի անդամ կարող են նշանակվել ընդհանուր հիմունքներով, հինգ տարի ժամկետով և համարվում են մեկ ամբողջական ժամկետ պաշտոնավարած:
5. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված ժամկետով Հանձնաժողովի առաջին կազմի երկու անդամներին առաջարկում են համապատասխանաբար Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը և Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը, իսկ 2-րդ և 3-րդ կետերով սահմանված ժամկետները Հանձնաժողովի առաջին կազմի երկու անդամներից ամեն մեկի համար առաջարկում է Կառավարությունը՝ առաջադրման հետ միաժամանակ:
6. Հանձնաժողովի առաջին կազմի աշխատանքների կազմակերպման համար տվյալ տարվա պետական բյուջեից ֆինանսական միջոցների հատկացման մասին Կառավարության որոշումը մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
7. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման համար աշխատավայր և աշխատանքային պատշաճ պայմաններ ապահովելու համար բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը առաջարկություն է ներկայացնում վարչապետի աշխատակազմ:
8. Հանձնաժողովը համարվում է ձևավորված, եթե Ազգային ժողովի կողմից նշանակվել է Հանձնաժողովի առնվազն չորս անդամ: Հանձնաժողովն իր կազմավորումից հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատում է իր կանոնադրությունը և կառուցվածքը:
9. Հանձնաժողովի նախագահը պաշտոնի նշանակվելուց հետո՝
1) տասնօրյա ժամկետում հաստատում է Հանձնաժողովի ձևավորման աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ հաստիքների ժամանակավոր քանակ, բայց ոչ ավելի, քան 30 հաստիք, որում ներառվում է նաև գլխավոր քարտուղարի հաստիքը․
2) սույն մասի 1-ին կետում նշված հաստիքների հաստատումից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, գլխավոր քարտուղարի հետ կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մինչև տվյալ պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքով նշանակում կատարելը՝ այլ ինքնավար մարմնի գլխավոր քարտուղարի համար սահմանված պահանջների հաշվառմամբ.
3) սույն մասի 1-ին կետում նշված հաստիքների հաստատումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, ձևավորում է փորձագիտական խմբեր՝ անձնակազմի կառավարման, իրավական ապահովման և կազմակերպաֆինանսական: Փորձագիտական խմբերի համար սահմանում է գործողությունների ժամանակացույց.
4) ապահովում է Հանձնաժողովի հաշվառումն իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնում՝ Հանձնաժողովի կանոնադրությունը հաստատվելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:
10. Սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետով սահմանված փորձագիտական խմբերում նախատեսված պաշտոնները համալրվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր կնքելու միջոցով: Պայմանագրերը կնքում է գլխավոր քարտուղարը: Տվյալ անձանց վարձատրությունը սահմանվում է քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների երկրորդ ենթախմբին համապատասխանող սանդղակի առաջին մակարդակի հիմնական աշխատավարձի չափով:
11. Հանձնաժողովի կառուցվածքի, պաշտոնների անվանացանկի և հաստիքացուցակի հաստատումից հետո մինչև հաստիքների՝ օրենքով սահմանված կարգով համալրումը Հանձնաժողովի քաղաքացիական ծառայության հաստիքները զբաղեցվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով, իսկ տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնում ծառայության հաստիքները զբաղեցվում են սույն օրենքով սահմանված ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգով:
12. Սույն օրենքից բխող իրավական ակտերը համապատասխան մարմիններն ընդունում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
13. Հանձնաժողովը սույն օրենքի ընդունման պահից հետո՝ մեկ տարվա ընթացքում, մշակում, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջոցով շրջանառության մեջ է դնում սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման արդյունքում պետական բյուջե մուծվող պետական տուրքերի կամ այլ պարտադիր վճարների գանձման դեպքերի, կարգի և չափերի կարգավորման մասին օրենսդրական ակտերի փաթեթ:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-444-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|