ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին
ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
| Հոդված 1. | Օրենքի կարգավորման առարկան և գործողության ոլորտը |
1. Սույն օրենքը կարգավորում է հանրությանը և յուրաքանչյուր անձի թվային անվտանգ միջավայրում կամ բաց տեղեկությունների քաղաքականություն իրականացնելու միջոցով արդյունավետ ու որակյալ ծառայություններ մատուցելու հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև ապահովում է հանրային հսկողություն պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պարտականությունների կատարման նկատմամբ, սահմանում հանրային տեղեկություններին հասանելիություն ապահովելու, ամպային տիրույթում տեղակայելու, այդ տեղեկությունների նկատմամբ հսկողություն, վերահսկողություն իրականացնելու եղանակները:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սույն օրենքով սահմանված տեղեկությունները հավաքելու, մշակելու, օգտագործելու, տվյալների շտեմարաններ ստեղծելու, դրանք կառավարելու, տեղեկությունները հասանելի դարձնելու հետ կապված հարաբերությունների վրա: Սույն օրենքի գործողությունը տարածվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի իմաստով հանրային ծառայությունների ոլորտների իրավաբանական անձանց և սույն օրենքով նախատեսված՝ պայմանագրեր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց պատկանող շտեմարանների կամ տեղեկատվական համակարգերի վրա, որոնց միջոցով օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման կամ ծառայությունների մատուցման ընթացքում կատարվում է ֆիզիկական անձի նույնականացում անձը հաստատող տվյալների հետ՝ անկախ այն հանգամանքից՝ այդ տվյալները հավաքվում կամ մշակվում են օրենքի հիման վրա, թե տվյալների սուբյեկտի համաձայնությամբ:
3. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերում օրենքով պաշտպանվող տեղեկությունների կամ տվյալների շտեմարանների վրա:
| Հոդված 2. | Հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը |
1. Հանրային տեղեկությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից և իրավական այլ ակտերից:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են վավերացված միջազգային պայմանագրի նորմերը:
3. Սույն օրենքում նշված տեղեկություններին հասանելիությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով:
| Հոդված 3. | Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները |
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) հանրային տեղեկություն՝ պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարաններում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից օրենքով նախատեսված գործառույթների (այսուհետ՝ պետական գործառույթ) իրականացման նպատակով և ընթացքում օրենքով սահմանված չափով և կարգով ձեռք բերված, գրանցված կամ ցանկացած եղանակով մշակված տվյալների ամբողջություն՝ անկախ նյութական կրիչից.
2) Ինքնավար մարմին՝ «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողով.
3) բաց տեղեկությունների քաղաքականություն՝ թվային տիրույթում հանրային հասանելիության ապահովում այն տեղեկությունների նկատմամբ, որոնք օրենքով պաշտպանվող տեղեկություններ չեն.
4) հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալ՝ պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված տվյալների շտեմարաններում հավաքված եզակի, չկրկնվող տվյալներ, որոնք հավաքվել են տվյալների շտեմարանում օրենքով կամ պայմանագրով նախատեսված գործառույթների, պարտականությունների կատարման ընթացքում.
5) հանրային տեղեկության բազմակի օգտագործում՝ պետական գործառույթների իրականացման նպատակով և ընթացքում ձեռք բերված ու մշակված տեղեկությունների ստացում ու օգտագործում իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից՝ օրենքով չարգելված ցանկացած նպատակի համար.
6) տեղեկությունների մուտքի միասնական հարթակ՝ միասնական վեբկայք կամ ծրագրային հավելված, որն ապահովում է հասանելիություն տեղեկատվություն տնօրինողների գործունեությանը և նրանց կողմից մատուցվող ծառայություններին առնչվող հանրային տեղեկություններին, բազմակի օգտագործման ենթակա տեղեկություններին, ինչպես նաև էլեկտրոնային ծառայություններին.
7) տվյալների փոխանակման շերտ՝ ծրագրային ապահովում, որը հնարավորություն է տալիս պետական տեղեկատվական համակարգին միացած շտեմարանների, ինչպես նաև այլ տեղեկատվական համակարգերի միջև ապահովելու ցանցային կապ և փոխանակելու տեղեկություններ թվային անվտանգ միջավայրում.
8) տվյալների կատալոգ՝ տվյալների կառավարման գործիք, որը պարունակում է համապարփակ տեղեկություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակվող տվյալների և դրանց առնչվող մետատվյալների վերաբերյալ.
9) բաց տեղեկություն՝ տեղեկություն, որին կարող է հասանելիություն ստանալ, օգտագործել, փոփոխել և տարածել յուրաքանչյուր ոք.
10) տեղեկություններին հասանելիություն՝ տեղեկություն պահանջող անձի հարցմանը պատշաճ կարգով պատասխանելու կամ թվային անվտանգ միջավայրում ծառայություններ մատուցելու կամ տեղեկության բացահայտմամբ տեղեկատվության ազատության իրականացման եղանակ.
11) տեղեկատվական համակարգ՝ «Կիբեռանվտանգության մասին» օրենքով սահմանված համակարգ.
12) ամպային տիրույթ՝ վիրտուալ միջավայր ամպային ենթակառուցվածքում, որը նախատեսված է տեղեկատվական ռեսուրսների կառավարման և հոսթինգի համար.
13) ամպային հաշվողական ծառայություն՝ տվյալներ և կիրառական ծրագրեր պահպանելու համար կիրառվող տեխնոլոգիա, որն աշխատում է ցանցի (առանձնացված կամ համացանցի) և վիրտուալ սերվերների միջավայրում, և որն ամպային տեխնոլոգիայի կիրառմամբ հնարավորություն է տալիս մուտք գործելու համօգտագործվող և մասշտաբային հաշվողական ռեսուրսների խումբ՝ առանց համակարգը փոփոխելու.
14) ամպային ծառայության մատակարար՝ ցանկացած կազմակերպություն, որն առաջարկում է հաշվողական ծառայություններ (պահուստավորում, մշակում, ցանցային կապ) համացանցի միջոցով.
15) հանրային տեղեկությունների գաղտնիություն՝ տեղեկատվական անվտանգության սկզբունք, որի խախտումը կարող է հանգեցնել տվյալների չարտոնված բացահայտման.
16) հանրային տեղեկությունների ամբողջականություն՝ տեղեկատվական անվտանգության սկզբունք, որի խախտումը կարող է հանգեցնել տվյալների չարտոնված ձևափոխման, ամբողջականության և իսկության խախտման, ինչպես նաև դրանց մասնակի կամ ամբողջական կորստի.
17) Լիազոր մարմին՝ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետով թվարկված ոլորտներում քաղաքականություն մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմին:
| Հոդված 4. | Լիազոր մարմնի իրավասությունները |
1. Լիազոր մարմինն ունի հետևյալ իրավասությունները.
1) իր իրավասությունների շրջանակում միասնական թվայնացված միջավայրի և թվային տնտեսության ձևավորման նպատակով թվային փոխակերպման միասնական քաղաքականության մշակում և իրականացում.
2) թվային լուծումների ստեղծման և զարգացման շրջանակում պետություն-մասնավոր համագործակցության խթանում.
3) իր իրավասությունների շրջանակում տվյալների կառավարման և պահպանման միասնական համապարփակ քաղաքականության մշակում և իրականացում.
4) իր իրավասությունների շրջանակում թվային փոխակերպման ոլորտում միջպետական համագործակցության ապահովում, միջազգային պայմանագրերով նախատեսված Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարում.
5) իր իրավասությունների շրջանակում տվյալների մշակման միասնական քաղաքականության ձևավորման ապահովում.
6) իր իրավասությունների շրջանակում ամպային հաշվողական ծառայությունների ներդրման միասնական քաղաքականության մշակում և իրականացում.
7) համագործակցելով Ինքնավար մարմնի հետ՝ միջազգային ստանդարտների հիման վրա պետական ամպային ենթակառուցվածքային ազգային ստանդարտների մշակում և ներկայացում ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի հաստատմանը.
8) հանրային իշխանության մարմինների կողմից թվային փոխակերպման ծրագրերի իրականացման և այդ ծրագրերի ֆինանսավորման գործընթացի համակարգում:
2. Հանրային իշխանության մարմինների կողմից թվային փոխակերպման ծրագրերի իրականացման և այդ ծրագրերի ֆինանսավորման գործընթացի համակարգման կարգը սահմանում է Կառավարությունը:
| Հոդված 5. | Հանրային տեղեկությունների բազմակի օգտագործումը |
1. Բազմակի օգտագործման կարող է տրվել միայն այն հանրային տեղեկությունը, որը օրենքով պաշտպանվող տեղեկություն չէ: Եթե օրենքով պաշտպանված է հանրային տեղեկության մի մասը, ապա բազմակի օգտագործման կարող է տրամադրվել տեղեկության այն մասը, որը չի հանդիսանում օրենքով պաշտպանված տեղեկություն, կամ հանրային տեղեկության բազմակի օգտագործումը հնարավոր է, եթե այն չի պարունակում օրենքով պաշտպանված տեղեկության բացահայտման վտանգ:
2. Հանրային տեղեկությունների փոխանակումը պետական մարմինների միջև իրենց պետական գործառույթների իրականացման նպատակով չի հանդիսանում հանրային տեղեկության բազմակի օգտագործում:
3. Արգելվում է կնքել պայմանագրեր, որոնք պայմանագրի մյուս կողմին տալիս են հանրային տեղեկության բազմակի օգտագործման բացառիկ իրավունք, բացառությամբ այն դեպքերի, երբ նման պայմանագիր կնքելու թույլտվություն տալիս է Կառավարությունը՝ ելնելով պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, ինչպես նաև այլ հանրային շահերի պաշտպանության նպատակներից: Այդ պայմանագրերի կնքման հիմնավորումները և դրանց արդիականությունը տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից ենթակա են վերանայման առնվազն երկու տարին մեկ:
4. Եթե հանրային տեղեկության բազմակի օգտագործման տրամադրումը խախտում է անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, ապա այդ հանրային տեղեկությունն արգելվում է տրամադրել բազմակի օգտագործման: Այդ դեպքում կարող է տրամադրվել հանրային տեղեկության այն մասը, որը չի խախտում անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը, կամ տեղեկությունը պետք է տրամադրվի օգտագործման այնպես, որ չխախտվի անձի մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը:
5. Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին հանրային տեղեկությունը բազմակի օգտագործման համար տրամադրվում է «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված կարգով և չափով՝ լիցենզային պայմանագրի հիման վրա:
6. Հանրային տեղեկությունների՝ օրենքով սահմանված կարգով տրամադրումը ներառում է նաև այդ տեղեկության բազմակի օգտագործման իրավունքը: Եթե տեղեկատվություն տնօրինողը լիցենզային պայմանագրի միջոցով պայմաններ է սահմանել մտավոր սեփականության իրավունքի օբյեկտ հանդիսացող հանրային տեղեկության օգտագործման համար, ապա այդ տեղեկությունն օգտագործվում է լիցենզային պայմանագրի պայմաններին համապատասխան:
7. Պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի հանրային տեղեկությունների կրկնօրինակումը ցանկացած կրիչի վրա, հետագայում որպես ճշգրիտ, արդիական տվյալ կամ տեղեկություն տեղեկատվական համակարգերի միջոցով ծառայություններ մատուցելու համար, արգելվում է:
| Հոդված 6. | Հանրային տեղեկություններին հասանելիության ապահովումը թվային անվտանգ միջավայրում |
1. Սույն օրենքով սահմանված դեպքերում տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է ապահովել հանրային տեղեկություններին հասանելիություն թվային ձևաչափով: Թվային ձևաչափով հասանելիության դեպքում կիրառվում են ծրագրային հավելվածներ, հավելվածների ծրագրավորման միջերեսներ (API), հարթակներ, որոնք հնարավորություն են տալիս անմիջապես բացահայտելու, նույնականացնելու և վերծանելու կոնկրետ տվյալներ, ներառյալ առանձին փաստեր կամ դրանց ներքին կառուցվածքը (մեքենայաընթեռնելի ձևաչափ):
2. Տեղեկատվություն տնօրինողը, որպես կանոն, հանրային տեղեկությունները բացահայտում է թվային ձևաչափով: Եթե հանրային տեղեկության բացահայտման համար հանրային տեղեկության փոխակերպումը թվային ձևաչափի անհնար է, կամ այդպիսի փոխակերպումն անհամաչափ մեծ ջանք կպահանջի տեղեկատվություն տնօրինողից, ապա տրամադրվում է մուտք բաց տեղեկություններին՝ իրենց սկզբնական կամ ցանկացած այլ ձևաչափով:
3. Հանրային տեղեկությանը թվային ձևաչափով հասանելիություն ապահովելու համար կատարվող ողջամիտ ծախսերը ենթակա են հատուցման: Այդ ծախսերի ձևավորման (հաշվարկի) կարգը և առավելագույն չափը սահմանում է Կառավարությունը՝ հիմք ընդունելով տեղեկությանը հասանելիություն ապահովելու ծախսերը: Հանրային տեղեկության տրամադրման համար «Պետական տուրքի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով և այլ օրենքներով սահմանված կարգով ու չափով կարող է գանձվել տուրք կամ վճար:
4. Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է իր պաշտոնական կայքէջում տեղադրել հանրային տեղեկության հասանելիության ապահովման փոխհատուցման և այլ օրենքներով սահմանված կարգով ու չափով գանձվող տուրքերի կամ վճարների չափերը, հանրային տեղեկությանը հասանելիություն ստանալու կարգը և պայմանները:
5. Եթե անձը պահանջում է ստանալ հանրային տեղեկություն, որը պարունակում է իր վերաբերյալ օրենքով պաշտպանված տեղեկություն կամ որպես օրինական ներկայացուցիչ կամ լիազորագրի հիման վրա պահանջում է հանրային տեղեկություն երրորդ անձի վերաբերյալ, ապա տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է էլեկտրոնային նույնականացման միջոցով նույնականացնել հարցում կատարող անձին:
6. Սույն հոդվածում նշված հանրային տեղեկություններին (այդ թվում՝ բաց) հասանելիությունն ապահովվում է տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով:
| Հոդված 7. | Հանրային տեղեկության բացահայտումը |
1. Հանրային տեղեկության բացահայտումը տեղեկատվություն տնօրինողի կողմից սույն օրենքով սահմանված կարգով հասանելիության տրամադրումն է հանրային տեղեկություններին՝ առանց հանրային տեղեկություն պահանջող անձի կողմից հարցում կատարելու:
2. Հանրային տեղեկությունների բացահայտումը ներառում է նաև այդ տեղեկությունների՝ օրենքով սահմանված կարգով բազմակի օգտագործման իրավունքը: Եթե տեղեկատվություն տնօրինողը լիցենզային պայմանագրի միջոցով պայմաններ է սահմանել հանրային տեղեկության օգտագործման համար, ապա այդ տեղեկությունն օգտագործվում է լիցենզային պայմանագրի պայմաններին համապատասխան:
3. Տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, բացահայտել իր գործունեությանն առնչվող այն հանրային տեղեկությունները և դրանցում կատարված փոփոխությունները, որոնք օրենքով սահմանված կարգով չեն դասակարգվել պետական գաղտնիքի կամ սահմանափակ տարածման այլ տեղեկությունների շարքին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված հանրային տեղեկություններում կատարված փոփոխությունները բացահայտվում են դրանք կատարվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
5. Հանրային տեղեկությունների բացահայտման կարգը և շրջանակը սահմանում է Կառավարությունը:
| Հոդված 8. | Տեղեկատվություն տնօրինողի պաշտոնական կայքէջը |
1. Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի և վարչապետի աշխատակազմերը, պետական կառավարման համակարգի մարմինները, անկախ պետական և ինքնավար մարմինները, տարածքային կառավարման մարմինները, օրենքով սահմանված կարգով խոշորացված համայնքները, Երևան և Գյումրի համայնքները պարտավոր են իրենց գործունեության լուսաբանման և հանրային տեղեկությունների բացահայտման համար ունենալ և սպասարկել պաշտոնական կայքէջեր, ապահովել դրանց անվտանգությունը: Սույն մասում նշված մարմինների կայքէջերին, դրանց սպասարկմանը և անվտանգությանը ներկայացվող պահանջները սահմանում է Կառավարությունը: Սույն մասում նշված մարմինների կայքէջերին ներկայացվող պահանջները մշակելիս հաշվի են առնվում նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները:
2. Պաշտոնական կայքէջերի սպասարկումը և անվտանգության ապահովումն իրականացվում են համապատասխանաբար պետական կամ համայնքային բյուջեի միջոցների հաշվին:
| Հոդված 9. | Տեղեկությունների մուտքի միասնական հարթակը և տվյալների կատալոգը |
1. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակը ձևավորում է Ինքնավար մարմինը՝ համագործակցելով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց (ծառայություն մատուցողների) հետ: Տեղեկությունների մուտքի միասնական հարթակն ապահովում է օգտատերերի հարմարավետությանը միտված աշխատանք՝ թվային ծառայությունների ստեղծմամբ: Տեղեկությունների մուտքի միասնական հարթակում ընդգրկված թվային ծառայությունների մատուցմանը ներկայացվող անվտանգության ու տեխնիկական ընդհանուր պահանջները սահմանում է Ինքնավար մարմինը:
2. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակի կառավարումն ու զարգացումն ապահովում է Ինքնավար մարմինը՝ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Համապատասխան մարմինները պարտավոր են իրենց կողմից մատուցվող ծառայությունները ինտեգրել ու հասանելի դարձնել տեղեկությունների մուտքի միասնական հարթակում և ապահովել ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ հանրային տեղեկությունների ու տվյալների ճշգրտությունը, արդիականությունն ու հասանելիությունը:
4. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակի միջոցով մատուցվում են առնվազն հետևյալ ծառայությունները.
1) ապահովվում է հասանելիություն հանրային ծառայությունների կատալոգին.
2) ապահովվում են հանրային ծառայությունների հետադարձ կապը և գնահատումը.
3) ապահովվում են հանրային ծառայությունների վերաբերյալ ծանուցումները.
4) տվյալների սուբյեկտին հասանելիություն է ապահովվում իր անձնական տվյալներին և փաստաթղթերին.
5) ապահովվում է հանրային ծառայությունների հետագծելիությունը, այդ թվում՝ տվյալների սուբյեկտի համար.
6) ապահովվում է պետական մարմինների հետ հաղորդակցությունը:
5. Տեղեկությունների մուտքի միասնական հարթակի կառավարման կարգը, անձնական տվյալները մշակելու, օգտագործելու և հասանելիություն ապահովելու կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
6. Տվյալների կատալոգը ձևավորում և վարում է Ինքնավար մարմինը: Տվյալների կատալոգն ապահովում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում մշակվող տվյալների ակտիվների կառավարումը՝ ապահովելով յուրաքանչյուր մարմնում մշակվող տվյալների (այդ թվում՝ բաց տեղեկությունների) ցանկի վերաբերյալ սպառիչ տեղեկություններ, այդ տվյալները փնտրելու և գտնելու համար օգտատերերի հարմարավետությանը միտված ծառայություններ՝ օգտագործելով մետատվյալներ:
7. Մետատվյալները պետք է պարունակեն բավարար տեղեկություններ տվյալների ակտիվների բնութագրերի և հատկությունների վերաբերյալ: Տվյալների կատալոգում կարող են օգտագործվել՝
1) տեխնիկական մետատվյալներ, որոնք նկարագրում են տվյալների կառուցվածքը.
2) գործընթացային մետատվյալներ, որոնք նկարագրում են տվյալների ակտիվի ստեղծման, հասանելիության և օգտագործման պատմությունը.
3) գործարար մետատվյալներ, որոնք նկարագրում են տվյալների ակտիվի գործարար արժեքը՝ թույլ տալով օգտատերերին գնահատել դրանց արդիականությունը, ճշգրտությունը և կիրառելիությունը որոշակի դեպքերում:
8. Արգելվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակվող, սակայն տվյալների կատալոգում չներառված տվյալի փոխանակումը պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի միջոցով:
9. Տվյալների կատալոգի կառավարումն ու զարգացումն ապահովում է Ինքնավար մարմինը՝ պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին: Տվյալների կատալոգի ձևավորման, վարման և թարմացման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
| Հոդված 10. | Տվյալների հաղորդակցման ցանցին հասանելիությունը |
1. Յուրաքանչյուր անձի պետք է հնարավորություն ընձեռվի «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքով նախատեսված պետական կամ համայնքային գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար օգտվելու հանրային տեղեկություններից:
2. Պետական կամ համայնքային գրադարաններում ինտերնետի միջոցով անվճար հանրային տեղեկություններից օգտվելու ապահովման կարգը սահմանում է Կառավարությունը:
| Հոդված 11. | Տվյալների շտեմարանը |
1. Տվյալների շտեմարանը տվյալների համակարգված ամբողջություն է, որը ստեղծվում կամ մշակվում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց տեղեկատվական համակարգերում, և որն օգտագործվում է օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ դրանց հիման վրա ընդունված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված գործառույթների իրականացմամբ ծառայություններ մատուցելու համար:
2. Տվյալների համակարգված ամբողջությունը, որը մշակվում է տվյալների շտեմարանում, կարող է բաղկացած լինել միայն այլ շտեմարաններում պարունակվող հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալներից:
3. Տվյալների հավաքումը տվյալների շտեմարան իրականացվում է միայն «մեկ հարցման» սկզբունքի հիման վրա: «Մեկ հարցման» սկզբունքը ենթադրում է, որ քաղաքացին, իր վերաբերյալ ցանկացած տեղեկություն մեկ անգամ տրամադրելով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնին, ազատվում է նույն տեղեկությունը երկրորդ անգամ տրամադրելու պարտականությունից: Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, օրենքով նախատեսված դեպքերում նաև իրավաբանական ու ֆիզիկական անձինք պարտավոր են այդ տեղեկությունները սահմանված կարգով փոխանակել փոխգործելիության շրջանակում՝ տվյալների փոխանակման շերտի միջոցով:
4. Տվյալների շտեմարանում հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալների մշակումից կարող են ձևավորվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նոր հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալներ կամ տեղեկություններ: Սույն հոդվածի 1-ին մասում նշված ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ այն տվյալները կամ տեղեկությունները, որոնք գտնվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տրված իրավական ուժ ունեցող թղթային կրիչների (փաստաթղթերի) վրա, մուտքագրվում են շտեմարան, որից հետո սույն հոդվածի 1-ին մասում նշված ծառայությունների մատուցման համար իրավական հիմք է հանդիսանում բացառապես շտեմարանում առկա տվյալը կամ տեղեկությունը: Իրավական ուժ ունեցող փաստաթղթերից տվյալների շտեմարան տվյալներ կամ տեղեկություններ մուտքագրելու կարգը սահմանում է Կառավարությունը:
5. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված դրույթները չեն տարածվում արտաքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտներում լիազորված մարմինների և արտաքին հետախուզության ծառայության՝ օրենքով նախատեսված իրենց գործառույթների իրականացման նպատակով ստեղծված այն տվյալների շտեմարանների վրա, որոնց միջոցով իրավաբանական և ֆիզիկական անձանց ծառայություններ չեն մատուցվում:
| Հոդված 12. | Պետական տեղեկատվական համակարգը |
1. Պետական տեղեկատվական համակարգը բաղկացած է պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված, տվյալների փոխանակման շերտին միացված տվյալների շտեմարաններից, այդ թվում՝ սույն օրենքով նախատեսված աջակցող համակարգերից և ապահովում է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, սույն օրենքով, այլ օրենքներով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց տեղեկատվական համակարգերի փոխգործելիությունը:
2. Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցվելու համար շտեմարանը պետք է համապատասխանի սույն օրենքի հիման վրա հաստատված պահանջներին, այդ թվում՝ տվյալների պաշտպանության, փոխգործելիության և տեղեկատվական համակարգերի անվտանգության պահանջներին: Նշված պահանջներին համապատասխանությունը գնահատվում է տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի իրականացման միջոցով, որը ներառում է նաև խոցելիության գնահատումը և ներթափանցման թեստավորումը: Սույն մասով նախատեսված աուդիտը սահմանված կարգով կազմակերպում և իրականացնում է Ինքնավար մարմինը: Աուդիտի իրականացման և շտեմարանները պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
3. Պետական տեղեկատվական համակարգը պետք է ապահովի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման միջոցով լուծումներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած ժամանակ ստույգ պարզելու, այդ թվում՝ տվյալների սուբյեկտին, թե ում, ինչ նպատակով, երբ, ինչ ձևով և ինչ տեղեկությունից օգտվելու հնարավորություն է տրվել (հասանելիություն ապահովվել) կամ փոխանցվել, որը պարունակում է անձնական տվյալներ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
4. Պետական տեղեկատվական համակարգի կամ դրա՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բաղկացուցիչ մասերի տեխնիկական սպասարկումն ապահովելու նպատակով Կառավարությունը կարող է ստեղծել իրավաբանական անձ կամ այդ գործառույթները վերապահել որևէ իրավաբանական անձի:
| Հոդված 13. | Տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող տեղեկատվական համակարգերը |
1. Տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք տեղեկատվական համակարգեր ձևավորում են (այսուհետ՝ ոչ պետական տեղեկատվական համակարգ) տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված պարտականությունների կատարման կամ ծառայությունների մատուցման համար: Սույն հոդվածով նախատեսված համակարգերը սույն օրենքով սահմանված կարգով միացվում են պետական տեղեկատվական համակարգին, դրանում գրանցված տվյալների շտեմարաններին, տվյալների փոխանակման շերտին, անհրաժեշտության դեպքում՝ այլ տեղեկատվական համակարգերի թվային տիրույթում քաղաքացիներին որակյալ ու անվտանգ ծառայություններ մատուցելու նպատակով:
2. Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված շտեմարաններին և տվյալների փոխանակման շերտին միանալու համար ոչ պետական տեղեկատվական համակարգը պետք է համապատասխանի սույն օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջներին: Նշված պահանջներին համապատասխանությունը գնահատում է Ինքնավար մարմինը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների աուդիտի միջոցով:
| Հոդված 14. | Տվյալների շտեմարանների ստեղծումը |
1. Պետական մարմնի՝ օրենքով նախատեսված լիազորության իրականացման կամ օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կիրարկումն ապահովելու նպատակով տվյալների շտեմարան ստեղծվում կամ ներդրվում է Կառավարության որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցելու նպատակով ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանը ստեղծվում կամ ներդրվում է տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի՝ օրենքով կամ կանոնադրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի կամ ֆիզիկական անձի որոշմամբ:
3. Արգելվում է նույն տվյալների հավաքման և մշակման համար առանձին տվյալների շտեմարանների ստեղծումը, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմամբ ծառայությունների մատուցման կամ պայմանագրի հիման վրա իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից ծառայությունների մատուցման նպատակով:
4. Մինչև տվյալների շտեմարան ստեղծելը կամ տվյալների շտեմարանում հավաքված տվյալների կազմում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը կամ տվյալների շտեմարանի աշխատանքը դադարեցնելը տվյալների շտեմարանի կառավարիչը պարտավոր է հաստատել անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը և ստանալ Ինքնավար մարմնի եզրակացությունը: Ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանների համար սույն մասում նշված անհրաժեշտ բոլոր տեխնիկական փաստաթղթերը հաստատում և Ինքնավար մարմնի եզրակացությունն ստանում են տեղական ինքնակառավարման մարմինը, իրավաբանական անձի՝ օրենքով կամ կանոնադրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող մարմինը կամ ֆիզիկական անձը: Մինչև տվյալների շտեմարան ստեղծելը կամ տվյալների շտեմարանում հավաքված տվյալների կազմում փոփոխություններ կամ լրացումներ կատարելը կամ տվյալների շտեմարանի աշխատանքը դադարեցնելը անհրաժեշտ տեխնիկական փաստաթղթերի ցանկը հաստատում է Ինքնավար մարմինը:
5. Սույն հոդվածի 4-րդ և 6-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում չգրանցված այն տվյալների շտեմարանների վրա, որոնք ապահովում են միայն համապատասխան մարմնի կամ իրավաբանական անձի կառավարման ներքին կարիքները կամ փաստաթղթերի շրջանառությունը:
6. Տվյալների շտեմարանը երեք տարին մեկ ենթակա է աուդիտի, որը ներառում է նաև խոցելիության գնահատումը և ներթափանցման թեստավորումը: Աուդիտի արդյունքում գնահատվում է տվյալների շտեմարանի համապատասխանությունը սույն օրենքի, այլ օրենքների և դրանց հիման վրա ընդունված իրավական ակտերի և կիրառելի ստանդարտների պահանջներին: Աուդիտ սահմանված կարգով կազմակերպում կամ իրականացնում է Ինքնավար մարմինը:
7. Տվյալների շտեմարանների աուդիտի իրականացման կարգը և տվյալների շտեմարանների ստեղծման ու շահագործման կիրառելի ստանդարտները հաստատում է Ինքնավար մարմինը:
8. Օրենքով նախատեսված կարգավորող և վերահսկող մարմինների կողմից կարգավորվող կամ վերահսկվող ոլորտներում կարող են սահմանվել ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանների ստեղծման ու շահագործման կիրառելի ավելի խիստ ստանդարտներ՝ հաշվի առնելով կարգավորվող ոլորտի առանձնահատկությունները: Կիրառելի ավելի խիստ ստանդարտներ կարգավորող և վերահսկող մարմինները կարող են սահմանել նաև իրենց կողմից շահագործվող շտեմարանների համար: Այդպիսի ստանդարտներ սահմանված լինելու դեպքում սույն օրենքով նախատեսված աուդիտ իրականացվում է՝ հիմք ընդունելով նաև այդ պահանջները:
| Հոդված 15. | Տվյալների շտեմարանի կառավարիչը |
1. Տվյալների շտեմարանի կառավարիչը պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին է կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը կազմակերպում է տվյալների շտեմարանի ստեղծումը, ներդրումը, տվյալների շտեմարանի կառավարումն ու ծառայությունների մատուցումը՝ օրենքով նախատեսված լիազորության իրականացման կամ օրենքի հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի կիրարկումը կամ պայմանագրով նախատեսված պարտականության կատարումն ապահովելու նպատակով: Տվյալների շտեմարանի կառավարիչը պատասխանատու է տվյալների շտեմարանի կառավարման օրինականության, տվյալների շտեմարանի անվտանգության ապահովման, զարգացման ու կատարելագործման համար:
2. Տվյալների շտեմարանների կառավարման ոլորտը համակարգում է Ինքնավար մարմինը:
3. Տվյալների շտեմարանների կառավարումն իրականացվում է տվյալների շտեմարանի կանոնակարգի հիման վրա, որը հաստատվում է տվյալների շտեմարանի ստեղծման մասին Կառավարության որոշմամբ, Ինքնավար մարմնի եզրակացության հիման վրա, իսկ ոչ պետական տեղեկատվական համակարգի շտեմարանի դեպքում՝ տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի՝ օրենքով կամ կանոնադրությամբ համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի կամ ֆիզիկական անձի որոշմամբ: Տվյալների շտեմարանի կանոնակարգով սահմանվում է նաև շտեմարանի կառավարիչը:
4. Տվյալների շտեմարանի կառավարիչը տվյալների շտեմարանի կանոնակարգով սահմանված լիազորությունների շրջանակում կարող է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագրի հիման վրա լիազորել իրավաբանական անձի՝ կատարելու տվյալների շտեմարանի ներդրման, տվյալների մշակման, տվյալների շտեմարանի թարմացման, տեխնիկական սպասարկման և անվտանգության ապահովման աշխատանքներ: Շտեմարանի կանոնակարգով, հաշվի առնելով տվյալների շտեմարանի առանձնահատկությունները, կարող է սահմանվել սույն մասում նշված բոլոր աշխատանքների կամ դրանց մի մասը փոխանցումը:
5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձը պարտավոր է հետևել կառավարչի ցուցումներին տվյալների շտեմարանի ներդրման, տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման ընթացքում, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պայմանագրի շրջանակում ապահովել տվյալների շտեմարանի անվտանգությունը:
6. Տվյալների շտեմարանի կառավարիչն ապահովում է տվյալների շտեմարանի կենտրոնացված տեխնոլոգիական միջավայրի ստեղծումն ու կառավարումը՝ օրենքով կամ շտեմարանի կանոնակարգով նախատեսված դեպքերում ապահովելով նաև տեղական ինքնակառավարման մարմինների սեփական կամ պատվիրակված լիազորությունների իրականացման համար շտեմարանի օգտագործումը:
7. Տվյալների շտեմարանի կառավարիչն ապահովում է տվյալների սուբյեկտների վերաբերյալ ոչ ճիշտ տվյալների ուղղումը (այդ թվում՝ տվյալների սուբյեկտի նախաձեռնությամբ): Տվյալների ուղղման ընթացակարգը պետք է ապահովի տվյալներում կատարված փոփոխությունների և ուղղումների հետագծելիությունը: Տվյալների շտեմարանում ոչ ճիշտ տվյալների ուղղում կատարելու կարգը սահմանում է Կառավարությունը:
| Հոդված 16. | Տվյալների շտեմարանի կանոնակարգը |
1. Տվյալների շտեմարանի կանոնակարգը նախատեսում է տվյալների շտեմարանի կառավարման, շահագործման, օգտագործման, պահպանման, վերակազմավորման և դադարեցման, այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասում նշված իրավաբանական անձի կողմից տվյալների մշակման և տվյալների շտեմարանի թարմացման, տվյալների շտեմարան հավաքվող տվյալների կազմի, հավաքման աղբյուրի, դրանք ներկայացնողների և ներկայացման, անհրաժեշտության դեպքում՝ նաև շտեմարանի կառավարման այլ կազմակերպչական հարցերի վերաբերյալ դրույթներ:
2. Տվյալների շտեմարան տվյալներ ներկայացնողներն են պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները կամ իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, որոնք պարտավոր են տվյալներ ներկայացնել օրենքով կամ իրավական այլ ակտով կամ կնքված պայմանագրով սահմանված կարգով ու չափով կամ կամավոր հիմունքներով:
| Հոդված 17. | Տվյալների հավաքումը և մշակումը |
1. Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցված տվյալների շտեմարանում տվյալների հավաքումը և մշակումը որպես սկզբնաղբյուր տվյալ կարող են իրականացվել միայն օրենքով սահմանված գործառույթների և մյուս տվյալների շտեմարանների սկզբնաղբյուր տվյալների հիման վրա:
2. Պետական տեղեկատվական համակարգում տվյալների սկզբնաղբյուր լինելը որոշվում է սույն օրենքով նախատեսված տեխնիկական փաստաթղթերի հիման վրա: Տվյալների շտեմարանի ստեղծման նպատակը համարվում է հիմնավորված, եթե մշակվող տվյալները հանդիսանում են սկզբնաղբյուր տվյալներ:
3. Տվյալներն ունեն իրավական ուժ, եթե հավաքվել, մշակվել և օգտագործվել են օրենքով սահմանված կարգով:
| Հոդված 18. | Տվյալների շտեմարանի գրանցումը |
1. Տվյալների շտեմարանը պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգում գրանցում է Ինքնավար մարմինը մինչև տվյալների շտեմարանի ներդրումը (շահագործումը): Տվյալների շտեմարանի գրանցման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
2. Մինչև պետական տեղեկատվական համակարգում տվյալների շտեմարանի գրանցումը Ինքնավար մարմինը պարտավոր է գնահատել տվյալների շտեմարանի տեխնիկական համապատասխանությունը և հավաքվող տվյալների ու դրանց աղբյուրների համապատասխանությունը օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջներին: Սույն մասով նախատեսված գնահատման արդյունքում Ինքնավար մարմինը կազմում և տրամադրում է եզրակացություն, որը պետք է պարունակի նաև ներդաշնակեցման վերաբերյալ առաջարկություններ:
| Հոդված 19. | Տվյալների շտեմարանների հասանելիությունը |
1. Տվյալների շտեմարանում առկա մշակված հանրային տեղեկություններին հասանելիություն ապահովվում է, եթե դրանում պարունակվող տեղեկություններին հասանելիությունը սահմանափակված չէ օրենքով:
2. Տվյալների շտեմարանում մշակվող հանրային տեղեկություններին տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց հասանելիություն կարող է տրամադրվել առևտրային կամ օրենքով նախատեսված նպատակներով օգտագործելու համար՝ տվյալների շտեմարանի կառավարչի հետ կնքվող պայմանագրի հիման վրա: Սույն մասում նշված պայմանագիրը կարող է կնքվել, եթե տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի ոչ պետական տեղեկատվական համակարգը բավարարում է պետական տեղեկատվական համակարգին միանալու` սույն օրենքով և իրավական ակտերով նախատեսված պահանջները: Տվյալների շտեմարանի կառավարչի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Ինքնավար մարմինը: Սույն մասում նշված՝ օրենքով և իրավական ակտերով նախատեսված պահանջները բավարարելու հանգամանքը գնահատում է տվյալների շտեմարանի կառավարիչը: Տվյալների շտեմարանի կառավարչի դիմումի հիման վրա գնահատում կարող է իրականացնել Ինքնավար մարմինը, որի արդյունքում կազմվում և տրամադրվում է եզրակացություն:
3. Արտաքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտներում լիազորված մարմինների և արտաքին հետախուզության ծառայությանը վերաբերող, տվյալների շտեմարան մուտքագրված տեղեկությունները կարող են օգտագործվել միայն Կառավարության սահմանած կարգով և դեպքերում:
| Հոդված 20. | Պետական տեղեկատվական համակարգին աջակցող համակարգերը |
1. Տվյալների շտեմարանների անխափան և անվտանգ աշխատանքն ապահովում են պետական տեղեկատվական համակարգին աջակցող հետևյալ համակարգերը.
1) տվյալների դասակարգման համակարգը.
2) ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը.
3) տեղեկատվական համակարգերի անվտանգության միջոցառումների համակարգը.
4) տվյալների փոխանակման շերտը.
5) պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերն ստեղծվում (ձևավորվում) են Կառավարության որոշմամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Կառավարությունը հաստատում է նշված համակարգերի կիրառման կարգերը (կանոնակարգերը), եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Աջակցող համակարգերին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանում է Ինքնավար մարմինը:
3. Պետական տեղեկատվական համակարգի՝ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-5-րդ կետերում նշված աջակցող համակարգերը կարող են ապահովվել մասնավոր հատվածից օրենքով սահմանված կարգով ծառայությունների ձեռքբերման միջոցով՝ Կառավարության որոշմամբ: Սույն մասում նշված աջակցող համակարգերը ծառայությունների ձեռքբերման միջոցով ապահովելու դեպքում դրանց ներկայացվող պահանջները մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում Ինքնավար մարմինը: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի համակարգի՝ սույն մասով նախատեսված իրավահարաբերությունների կարգավորումն իրականացվում է «Տարածական տվյալների մասին» օրենքով սահմանված կարգով:
4. Պետական տեղեկատվական համակարգի և դրան միացած տվյալների շտեմարանների շահագործման համար աջակցող համակարգերի հասանելիությունը և օգտագործումը պարտադիր են: Սույն հոդվածի 1-ին մասում նշված աջակցող համակարգերը պարտադիր չեն ոչ պետական տեղեկատվական համակարգի՝ սույն օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում նշված տվյալների շտեմարանների շահագործման համար:
5. Աջակցող համակարգերի շահագործման պարտադիր պահանջից բացառություն կարող է արվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող պարտավորությունների կատարման նպատակով ձևավորված տվյալների շտեմարանների համար՝ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
6. Տվյալների փոխանակում պետական տեղեկատվական համակարգին պատկանող տվյալների շտեմարանների հետ կամ տվյալների շտեմարանների միջև իրականացվում է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի միջոցով:
7. Տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտին կարող են միանալ և անվտանգ թվային միջավայրում տվյալներ փոխանակել Ինքնավար մարմնի հետ կնքվող պայմանագրի հիման վրա, եթե փոխանակման շերտի միջոցով միացվող տվյալների շտեմարանի կառավարչի հետ կնքվել է շտեմարանին միանալու պայմանագիր: Տվյալների փոխանակման շերտին միանալու պայմանագիրը կարող է կնքվել, եթե ոչ պետական տեղեկատվական համակարգը բավարարում է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտին միանալու՝ սույն օրենքով և իրավական ակտերով նախատեսված պահանջները: Սույն մասում նշված՝ օրենքով և իրավական ակտերով նախատեսված պահանջները բավարարելու հանգամանքը գնահատում է Ինքնավար մարմինը, որի արդյունքում կազմվում և տրամադրվում է եզրակացություն: Տվյալների փոխանակման շերտին միանալու պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Ինքնավար մարմինը:
8. Սույն հոդվածի 6-րդ մասի դրույթները չեն սահմանափակում իրավաբանական անձանց միջև տվյալների փոխանակումը տվյալների փոխանակման շերտի միջոցով՝ Ինքնավար մարմնի սահմանած կարգով:
9. Արգելվում է պետական տեղեկատվական համակարգում առկա տվյալների պատճենահանումը կամ փոխանակումը տվյալների փոխանակման՝ սույն օրենքով չնախատեսված շերտերի միջոցով:
| Հոդված 21. | Հանրային տեղեկությունների տեղակայումը (միգրացիան) ամպային տիրույթում |
1. Ամպային տիրույթում տեղակայվող հանրային տեղեկությունների ամբողջականության, հասանելիության և անվտանգության համար պատասխանատու է տեղեկատվություն տնօրինողը:
2. Մինչև պետական տեղեկատվական համակարգի մաս կազմող տվյալների շտեմարաններում մշակվող հանրային տեղեկություններն ամպային տիրույթում տեղակայելու մասին որոշում կայացնելը տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է գնահատել հանրային տեղեկությունների առկա պաշարն ու կառուցվածքը և սահմանված կարգով դասակարգել դրանք:
3. Տեղեկատվություն տնօրինողն ամպային հաշվողական ծառայության մատակարարի ընտրություն կազմակերպում է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամպային հաշվողական ծառայությունների գնման գործընթացի մեթոդաբանությունը և կարգը հաստատում է Կառավարությունը:
4. Ամպային տիրույթում տեղեկատվական համակարգերի և պաշտոնական կայքէջերի անվտանգության նվազագույն պահանջները սահմանում է Կառավարությունը:
5. Ամպային տիրույթում հանրային տեղեկությունների և պաշտոնական կայքէջերի տեղակայման կարգը հաստատում է Ինքնավար մարմինը:
6. Ամպային հաշվողական ծառայությունների մատուցման պայմանագրերում չպետք է նշվեն սահմանափակումներ, որոնք կխոչընդոտեն հանրային տեղեկությունների կամ պաշտոնական կայքէջերի միգրացիան դեպի այլ ամպային տիրույթ:
| Հոդված 22. | Սույն օրենքով սահմանված իրավունքների խախտման դեպքերի բողոքարկումը |
1. Սույն օրենքով սահմանված իրավունքների խախտման դեպքերը կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել դատարան:
| Հոդված 23. | Սույն օրենքով սահմանված պահանջների նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը |
1. Սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ օրենքով նախատեսված կարգով վերահսկողություն և հսկողություն իրականացնում է Ինքնավար մարմինը:
| Հոդված 24. | Ինքնավար մարմնի հաշվետվությունը |
1. Ինքնավար մարմինը մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 1-ը հրապարակում է հաշվետվություն նախորդ տարվա ընթացքում սույն օրենքի պահանջների պաշտպանության նպատակով իրականացված գործողությունների վերաբերյալ:
2. Հաշվետվությունը պետք է տեղեկություններ պարունակի սույն օրենքի պահանջների խախտումների, խախտումներ կատարած տեղեկատվություն տնօրինողների, բողոքների, հարուցված վարույթների, կիրառված տույժերի և սույն օրենքի կատարման հետ կապված այլ հանգամանքների վերաբերյալ:
3. Հաշվետվությունները տեղադրվում են Ինքնավար մարմնի պաշտոնական կայքէջում:
4. Ի հավելումն սույն հոդվածի 1-ին մասում նշված հերթական հաշվետվությունների՝ Ինքնավար մարմինը կարող է հրապարակել հաշվետվություններ սույն օրենքի կիրառման ընթացքում հայտնի դարձած էական հարցերի վերաբերյալ, որոնք ունեն համընդհանուր ազդեցություն կամ պահանջում են հրատապ կարգավորում:
5. Ինքնավար մարմինը սույն օրենքի կիրառման վերաբերյալ կարող է հրապարակել խորհրդատվական բնույթի ցուցումներ, ուղեցույցներ:
| Հոդված 25. | Եզրափակիչ մաս |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| Հոդված 26. | Անցումային դրույթներ |
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները սույն օրենքով նախատեսված գրադարաններում ինտերնետ կապի միջոցով հանրային տեղեկություններին հասանելիությունն ապահովում են մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
2. Պետական մարմինները պարտավոր են մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը ձեռնարկել համապատասխան միջոցներ իրենց պաշտոնական կայքէջերը սույն օրենքից բխող պահանջներին համապատասխանեցնելու համար:
3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված և գործող ու սույն օրենքով նախատեսված պետական տեղեկատվական համակարգի հետ անհամատեղելի տվյալների շտեմարանների գործունեությունը ենթակա է դադարեցման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
4. Տվյալների շտեմարանները, որոնք կրկնում են տվյալների այլ շտեմարաններ կամ հավաքում կամ պահպանում միմյանց փոխլրացնող ու փոխկապակցված տվյալներ, պետք է միաձուլվեն կամ համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:
5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալների շտեմարանների պահպանման կամ սպասարկման համար կնքված պայմանագրերը շարունակում են իրենց գործողությունը մինչև այդ պայմանագրերով սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված տվյալների շտեմարանների համար կնքված պայմանագրերի, որոնք կարող են գործել մինչև այդ մասերում նշված ժամկետի ավարտը:
6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված և գործող տվյալների շտեմարանների՝ սույն օրենքի պահանջներին համապատասխանության գնահատման և պետական տեղեկատվական համակարգին միացման կարգը մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում Ինքնավար մարմինը: Սույն մասում նշված գնահատումն իրականացնում է Ինքնավար մարմինը:
7. Իրենց լիազորությունների շրջանակում գործող իրավական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին, ինչպես նաև սույն օրենքից բխող իրավական ակտերը, այդ թվում՝ տվյալների շտեմարանների վերաբերյալ, համապատասխան մարմինները պարտավոր են ընդունել մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը:
8. Սահմանել, որ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նույնականացման ազգային համակարգի, տվյալների անվտանգ փոխգործելիության և կիբեռանվտանգության ենթակառուցվածքների ներդրման և զարգացման նպատակով ստեղծված «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի ֆինանսավորումը շարունակվելու է իրականացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև Ինքնավար մարմնի ստեղծումն ու ամբողջական ձևավորումը (սույն օրենքից և այլ օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ, ներքին ու անհատական իրավական ակտերի ընդունումը և ուժի մեջ մտնելը), բայց ոչ ավելի, քան 2026 թվականը ներառյալ:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-443-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|