ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47.1-ին հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենսգրքի 47.21-րդ հոդվածի վերնագրից հանել «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով» բառերը, իսկ նույն հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում՝ առողջության համընդհանուր ապահովագրության, իսկ դրա բացակայության դեպքում պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնության և սպասարկման իրականացմանը ներկայացվող պահանջները չկատարելը կամ խախտելը՝
առաջացնում է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարհինգհարյուրապատիկի չափով:»։
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.36-րդ հոդվածով․
| «Հոդված 47.36․ | Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնության և սպասարկման համար ծառայությունների կամ դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը |
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կնքված պայմանագրի առկայության դեպքում ապահովագրված անձից ապահովագրական փաթեթում ներառված բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ այդ ծառայությունների տրամադրումը մերժելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսնապատիկի չափով։
2. Դեղատնային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում կնքված պայմանագրի առկայության դեպքում ապահովագրված անձից ապահովագրական փաթեթում ներառված դեղերի համար օրենքով չնախատեսված վճարներ գանձելը կամ դրանց տրամադրումը մերժելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր դեպքի համար՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով։
3. Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ նախորդ դեպքի համար նշանակված տուգանքի կրկնապատիկի չափով:»։
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-472-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական: