ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի
1-ին մասի 9-րդ և 10-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«33) չափորոշիչ՝ բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակներում, ինչպես նաև այլ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումն ու իրականացումը նկարագրող և կանոնակարգող փաստաթուղթ, որը հաստատում է լիազոր մարմինը․»:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով․
«3) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի կողմից վարվող բազան՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով սահմանված նպատակների համար։»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) լիազոր մարմնին, ինչպես նաև բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջության բնագավառում գործունեություն իրականացնող պետական կազմակերպություններին՝ վարակիչ, ինչպես նաև քիմիական, ճառագայթային, կենսաբանական գործոններով պայմանավորված հիվանդացության դեպքերում և լիազոր մարմնի սահմանած առանձին ոչ վարակիչ հիվանդությունների կամ զանգվածային թունավորումների կամ դրանց սպառնալիքի դեպքերում.».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.
«2.1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով նախատեսված Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և բժշկական կազմակերպությունների, ինչպես նաև դեղատների միջև` հօգուտ ապահովագրված անձի կնքված պայմանագրերով նախատեսված ապահովագրական փաթեթի ծառայությունների ընթացքի և որակի ստուգումներ, ինչպես նաև մշտադիտարկումներ, դիտարկումներ իրականացնելիս․».
3) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնին՝ ֆունկցիոնալության առաջնակի կամ կրկնակի գնահատում կամ վերագնահատում իրականացնելու նպատակով.»:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Յուրաքանչյուր ոք, սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում՝ առողջության պահպանման և բարելավման ծրագրերին, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան:»:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Յուրաքանչյուր երեխա առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում:»:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություն ունեցող յուրաքանչյուր ոք առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում, «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, իրավունք ունի ստանալու բժշկական օգնություն և սպասարկում:»:
Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան, ինչպես նաև առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակում՝ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Կառավարության սահմանած կարգով:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Այն դեպքերում, երբ առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցները բավարար չեն արտակարգ իրավիճակներում կամ Հայաստանի Հանրապետության նկատմամբ օտարերկրյա պետության կողմից իրականացված ռազմական գործողությունների կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնելու համար, հիմնադրամը Լիազոր մարմնի միջոցով դիմում է Կառավարությանը՝ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար։»․
3) 2-րդ մասի «պետության կողմից երաշխավորված» բառերը փոխարինել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան» բառերով.
4) 3-րդ մասի 1-ին կետի «պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով» բառերը փոխարինել «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներին համապատասխան» բառերով.
5) 4-րդ մասի «պետության կողմից երաշխավորված» բառերը փոխարինել «առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում» բառերով։
Հոդված 9. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11) հիվանդանոցային պայմաններում պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելուց առաջ, իսկ անգիտակից կամ կյանքին սպառնացող վիճակում գտնվող պացիենտներին գիտակցության գալուց կամ կյանքին սպառնացող վտանգի վերացումից հետո իրազեկել պացիենտի իրավունքների (ներառյալ՝ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքի) և պարտականությունների մասին: Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում բժշկական օգնություն և սպասարկում ստացողներին, նվազագույն ծառայությունների ծավալ կամ բժշկական օգնության և սպասարկման լրացուցիչ ծառայություններ ստացողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին նրանց համար մատչելի ձևաչափով տրամադրվում է իրազեկման թերթիկ, իսկ վճարովի բժշկական օգնություն և սպասարկում ստացողների հետ կնքվում են ծառայությունների վճարովի մատուցման մասին պայմանագրեր.»:
Հոդված 10. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
| «Հոդված 44. | Պետության բյուջետային նպատակային ֆինանսավորումը |
1. Պետությունը բյուջետային նպատակային ֆինանսավորման միջոցով, որի ծավալները որոշվում են բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է առողջապահության բնագավառի պահպանումը և զարգացումը:
2. Պետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, իրականացնում է առողջության համընդհանուր ապահովագրության՝ իր պարտավորությունների շրջանակում նախատեսված ապահովագրավճարների վճարումը: Առողջության համընդհանուր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքով, առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրավական ակտերով:
3. Պետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և առողջության պահպանման և բարելավման ծրագրերին համապատասխան, ապահովում է կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացումը:
4. Կառավարությունը սահմանում է առանձին բժշկական արտադրատեսակներ կենտրոնացված կարգով ձեռք բերելու ու բաշխելու կարգը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում մատուցվող նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների համար օգտագործվող ներպատվաստվող (իմպլանտացվող) բժշկական արտադրատեսակներ ձեռք բերելն իրականացվում է արտադրողի կողմից ներկայացվող համապատասխանության հավաստագրի, ավտարիզացիոն նամակի (երաշխիքային-լիազոր նամակի) և ծագման սերտիֆիկատի առկայության դեպքում:»։
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 12. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-469-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|