ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի դեկտեմբերի 17-ին
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» 2004 թվականի մայիսի 25-ի ՀՕ-80-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Պետությունը երաշխավորում է Սահմանադրությամբ նախատեսված բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության օրենսդրության շրջանակում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց հոգեբուժական օգնության և սպասարկման տրամադրումը` մարդասիրության ու մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների հիման վրա:».
2) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրերի, ինչպես նաև «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների շրջանակում անհետաձգելի հոգեբուժական օգնության և սպասարկման, ինչպես նաև հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում հոգեբուժական օգնության և սպասարկման ծառայությունների, դեղերի տրամադրումը.
2) օրենքով սահմանված կարգով հոգեբուժական փորձաքննության բոլոր ձևերի իրականացումը, ժամանակավոր անաշխատունակության փորձաքննության իրականացումը.».
3) 4-6-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Հոգեբուժական կազմակերպությունները հոգեբուժական օգնությունը և սպասարկումը իրականացնում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների համաձայն որոշված հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակների, ներառյալ՝ հարբժշկական ծառայությունների ծավալների շրջանակներում՝ համաձայն օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրերի:
5. «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումներով նախատեսված ծառայությունների մեջ չընդգրկված հոգեբուժական բժշկական օգնության և սպասարկման տեսակները, հարբժշկական ծառայությունները իրականացվում են վճարովի հիմունքներով: Հոգեբուժական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների մատուցման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
6. Օտարերկրացիների շտապ և անհետաձգելի հոգեբուժական օգնությունը և սպասարկումը տրամադրվում են «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի կարգավորումների համաձայն:»․
4) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) լիազոր մարմնին` օրենքով նախատեսված իր լիազորությունների իրականացման համար․»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին և 2.2-րդ կետերով.
«2.1) Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամին՝ օրենքով նախատեսված իր լիազորությունների իրականացման համար.
2.2) աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձի ֆունկցիոնալության գնահատումն իրականացնելու համար:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հոդված 4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:
|
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-466-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական: