ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԱԼԵՐԳՈԼՈԳԻ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԻՄՈՒՆՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 157-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 24.12.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
19.12.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«19» դեկտեմբեր 2025 թ.

N 157-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԱԼԵՐԳՈԼՈԳԻ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԻՄՈՒՆՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մանկական ալերգոլոգի, կլինիկական իմունոլոգի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

19.12.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի դեկտեմբեր «19»-ի

թիվ 157-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԿԱՆ ԱԼԵՐԳՈԼՈԳԻ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԻՄՈՒՆՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մանկական ալերգոլոգը, կլինիկական իմունոլոգն իրականացնում է մասնագիտական գործունեություն ալերգոլոգիայի և կլինիկական իմունոլոգիայի ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, անչափահաս բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Մանկական ալերգոլոգ, կլինիկական իմունոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն մանկական ալերգոլոգիա, կլինիկական իմունոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, կլինիկական ռեզիդենտուրա) և ում կրթությունը հավաստող փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Մանկական ալերգոլոգը, կլինիկական իմունոլոգը կրթական ծրագրերի միջոցով կարող է ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4․ Մանկական ալերգոլոգը, կլինիկական իմունոլոգն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական ալերգոլոգ, կլինիկական իմունոլոգ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության մանկական ալերգոլոգ, կլինիկական իմունոլոգ.

3) Մանկական ալերգոլոգիական բաժանմունքի վարիչ.

4) Ցերեկային ստացիոնարի մանկական ալերգոլոգ, կլինիկական իմունոլոգ.

5) Անհետաձգելի բժշկական օգնության բաժանմունքի մանկական ալերգոլոգ, կլինիկական իմունոլոգ.

6) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ և ունակություններ. մանկական ալերգոլոգը, կլինիկական իմունոլոգը պետք է`

1) Տիրապետի մանկաբուժության, մանկական ռևմատոլոգիայի, մանկական մաշկաբանության, համաճարակաբանության, ընդհանուր թերապիայի, թոքաբանության, նյարդաբանության, մանկական ինֆեկցիոն հիվանդությունների ընդհանուր գիտելիքներին և կարողանա կատարել տարբերակիչ ախտորոշում համախտանիշների միջև.

2) Տիրապետի մանկական ալերգիկ և իմունային հիվանդությունների ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդների ու մոտեցումների հիմնական սկզբունքներին` համաձայն միջազգային և Հայաստանի Հանրապետության ուղեցույցների ու գործելակարգերի, ինչպես նաև գործող Հիվանդությունների միջազգային դասակարգման (D80-D89, L50.1, J45.0 45,1 J30.0, J30.2 J30, L50, L50.1 Լ50,3 L50.4 L50.5 L50.6 T78.0 Z03.9).

3) Կարողանա վերլուծել հիվանդի ալերգոլոգիական և իմունոլոգիական անամնեզի տվյալները.

4) Կարողանա կիրառել հիվանդի հետազոտման օբյեկտիվ մեթոդները, հայտնաբերել հիվանդության ընդհանուր և սպեցիֆիկ նշանները.

5) Տիրապետի հետազոտման ալերգոլոգիական մեթոդներին՝ մաշկային և լաբորատոր ալերգոլոգիական թեստերին, սադրիչ-հրահրիչ թեստերին.

6) Տիրապետի մանկական ալերգիկ հիվանդությունների և իմունային խանգարումների ֆարմակոթերապիայի հիմունքներին, դեղամիջոցների հիմնական խմբերի ֆարմակոդինամիկային և ֆարմակոկինետիկային, դեղորայքի օգտագործումից առաջացած բարդություններին, դրանց շտկման մեթոդներին.

7) Տիրապետի ալերգեն սպեցիֆիկ իմունոթերապիայի ձևերին, հնարավոր բարդություններին և դրանց շտկման մեթոդներին.

8) Տիրապետի արտաքին շնչառական գործառույթի հետազոտման՝ սպիրոմետրիայի կատարման մեթոդին և դրա արդյունքների վերլուծությանն ու գնահատմանը.

9) Կարողանա գնահատել արյան, մեզի, իմունոլոգիական և կենսաքիմիական, կոագուլոգրամայի ցուցանիշները.

10) Կարողանա վերլուծել ֆիզիկական հետազոտության, լաբորատոր և գործիքային հետազոտությունների արդյունքները, գնահատել իմունոլոգիական հատուկ հետազոտությունների արդյունքները.

11) Կարողանա կազմել հիվանդի վարման տարբերակված պլան՝ համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի.

12) Կարողանա ձևակերպել առողջապահության ոլորտի օրենսդրությամբ նախատեսված բժշկական փաստաթղթերը.

13) Տիրապետի արտակարգ իրավիճակների (աղետների) ժամանակ առաջին բուժօգնության գործնական հմտություններին.

14) Իրականացնի բուժական և ախտորոշիչ միջամտություններ, ներառելով տեղեկատվություն կոնկրետ պաթոլոգիաների վերաբերյալ, դրանց կանխարգելման, ընթացքի, հետազոտման մեթոդների և բուժման նորագույն մոտեցումների կիրառմամբ, ընդգծելով`

ա. հիվանդությունների միջազգային դասակարգչին համապատասխան ախտորոշումների հստակեցումը.

բ. վարման տարբերակված պլանի կազմումը համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի.

գ. հիվանդի անաշխատունակության կարգավիճակի հստակեցումը.

դ. ապացուցողական բժշկության հիմունքների պահպանումը:

6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. ալերգոլոգը, կլինիկական իմունոլոգը պետք է`

1) Ունենա հատուկ հմտություններ հակահիստամինային, գլյուկոկորտիկոստերոիդային, իմունոտրոպ և կենսաբանական դեղամիջոցների կիրառման դեպքում հնարավոր կողմնակի ազդեցությունների վերացման և դրանք անվտանգ կիրառելու համար.

2) Կարողանա տարբերակել հիմնական ալերգոլոգիական հիվանդությունների ախտանիշները` տարբերակիչ ախտորոշման, վերջնական ախտորոշիչ եզրահանգման և բուժման պլանի մշակման համար.

3) Անաֆիլաքսիայի և անոթայտուցների դեպքում կարողանա ճիշտ ախտորոշել և ցուցաբերել շտապ բժշկական օգնություն՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի.

4) Կարողանա կատարել մաշկային ալերգափորձեր, նոսրացնել ալերգեններն ախտորոշման և բուժման համար.

5) Կարողանա կատարել մաշկային, ներմաշկային դեղորայքային փորձեր, տիրապետել նոսրացման աստիճաններին, գնահատել փորձի արդյունքները.

6) Կարողանա ճանաչել, ախտորոշել և համապատասխան բուժօգնություն տրամադրել տերմինալ իրավիճակներում.

7) Կարողանա կատարել օրալ հրահրման փորձեր, տիրապետել դեղաչափերին, գնահատել արդյունքները.

8) Իմանա արտակարգ իրավիճակներում աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունները, բուժտարհանման միջոցառումները և կարողանա տրամադրել առաջին ու շտապ բուժօգնություն անհետաձգելի վիճակներում:

 

4 ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Մանկական ալերգոլոգը, կլինիկական իմունոլոգը պետք է ունենա`

1) հաղորդակցման հմտություններ․

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5 ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. Մանկական ալերգոլոգը, կլինիկական իմունոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հայասատանի կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման:

9․ Տեխնիկական հմտություններ. մանկական ալերգոլոգը, կլինիկական իմունոլոգը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6 ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10․ Մանկական ալերգոլոգը, կլինիկական իմունոլոգը պետք է կարողանա`

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ՄԱՆԿԱԿԱՆ ԱԼԵՐԳՈԼՈԳԻ, ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԻՄՈՒՆՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Մանկական ալերգոլոգը, կլինիկական իմունոլոգն իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների վերաբերյալ իրավունքներով և պարտականություններով:

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՄԱՆԿԱԿԱՆ ԱԼԵՐԳՈԼՈԳԻԱ ԵՎ ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ԻՄՈՒՆՈԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության
աստիճան

Կոմպետենտության մակարդակ

 1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

 2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

 3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 դեկտեմբերի 2025 թվական: