ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-77-Ո-Կ-15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.22-2026.01.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.12.2025
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.11.2025
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2025

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

 

ԲԴԽ-77-Ո-Կ-15

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյանի


մասնակցությամբ՝

անդամներ

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ

Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
Ա. Հարությունյանի

Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Ք. ՄԿՈՅԱՆԻ

Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և

կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ՝

Հ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ

Հանձնաժողովի անդամ՝

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի դատավոր

 

Ա. ԱդամՅԱՆԻ

քարտուղարությամբ՝

Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ

Մ. ԹԵԼՈՅԱՆԻ

 

25 նոյեմբերի 2025 թվական 

 ք. Երևան

 

դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին 2025 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ Կ-15/2025 որոշմամբ ներկայացված միջնորդությունը և կից փաստաթղթերը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 05.05.2025 թվականին Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ստացված Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղորդումը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի (այսուհետ նաև` Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու վերաբերյալ:

Հանձնաժողովը 13.08.2025 թվականին կայացրել է կարգապահական վարույթ հարուցելու մասին թիվ Կ-15/2025 որոշումը, իսկ 13.10.2025 թվականին՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին (այսուհետև նաև՝ Խորհուրդ) դիմելու մասին թիվ Կ-15/2025 որոշումը։

Միջնորդությունը և կից նյութերը Խորհուրդ մուտքագրվել են 16.10.2025 թվականին:

Խորհրդի 27.10.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:

Խորհուրդը 10.11.2025 թվականին կայացած նիստում բավարարել է Խորհրդի անդամ Արմեն Դանիելյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը:

10.11.2025 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 25.11.2025 թվականը:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Վարույթ հարուցած մարմինը, ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերը, ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ նաև՝ Քրեական օրենսգիրք) 7-րդ հոդվածի 1-ին մասը, 84-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Քրեական դատավարության օրենսգիրք) 115-րդ, 122-րդ, 209-րդ հոդվածները, 239-րդ հոդվածի 1-ին մասը, 288-րդ հոդվածը, 291-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 292-րդ հոդվածը, Վճռաբեկ դատարանի 23.12.2022 թվականի թիվ ԵԴ/1194/06/21 դատական գործով կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, նշել է, որ դատարանը, մի դեպքում՝ թիվ ԱՐԴ/0267/01/22 քրեական գործով առերևույթ չի պահպանել Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջները, թիվ ԱՐԴ/0017/08/23 դատական գործով չի կատարել Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի, 209-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները և թիվ ԱՐԴ/0018/06/23 դատական գործով խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ և 288-րդ հոդվածների պահանջները:

Վարույթ հարուցած մարմինը ներկայացված միջնորդությամբ և նիստի ընթացքում ընդգծել է, որ Դատավորի կողմից միաժամանակ թվով երեք գործերով թույլ են տրվել ակնհայտ և կոպիտ խախտումներ, որոնք իրենց համակցության մեջ առաջացրել են այնպիսի հետևանքներ, որոնք հեղինակազրկում են դատական իշխանությունը, քանի որ Դատավորը չի կիրառել ուղղակիորեն դատավարական օրենքով սահմանված այնպիսի պահանջներ, որոնք չկիրառելը չի կարող հանդիսանալ օրենքի մեկնաբանության խնդիր, քանի որ դրանք օրենքով սահմանված իմպերատիվ ու պարտադիր այնպիսի պահանջներ են, որոնց մասին Դատավորը պետք է տեղյակ լիներ՝ նախևառաջ «Դատավորը գիտի օրենքը» սկզբունքի ուժով:

Հանձնաժողովի կողմից, որպես կարգապահական խախտման հիմքեր, ներկայացվել են երեք առանձին դեպքեր, որոնցում ըստ Հանձնաժողովի՝ հիմնավորվում են Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասի, Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի, 209-րդ հոդվածի 4-րդ մասի, 122-րդ հոդվածի, 288-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի դատավարական նորմերի առերևույթ խախտման հատկանիշներ, ինչպես նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերի համապատասխան վարքագծի կանոնների խախտումներ:

 Չնայած Դատավորի կողմից թույլ տրված առերևույթ կարգապահական խախտումներին իրենց համակցության մեջ գնահատական տալուն՝ վարույթ հարուցող մարմինը անհրաժեշտ է գտել անդրադառնալ քննարկվող յուրաքանչյուր առերևույթ խախտման դեպքին առանձին:

Այսպես, Դատավորը 2023 թվականի մայիսի 5-ին կայացված թիվ ԱՐԴ/0267/01/22 դատավճռով մեղադրյալ Մ.Ա.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 2 (երկու) տարի ժամկետով: Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա (այսուհետև նաև՝ Պրոբացիայի ծառայություն): Դատարանը Մ. Ա.-ի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը թողել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատարանը որևէ պարտականություն դատապարտյալի նկատմամբ չի սահմանել:

Հարկ է նշել նաև, որ հիշյալ դատավճռի դեմ բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակի՝ դատավճիռը՝ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու արդյունքում նշանակված փորձաշրջանի ընթացքում համապատասխան պարտականություններ չսահմանելու մասով փոփոխվել է, վերջինիս նկատմամբ փորձաշրջանի ընթացքում սահմանվել է պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել ՀՀ տարածքը և բնակության վայրը փոխելու դեպքում սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնել իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին:

Վարույթ հարուցած մարմինը վերոգրյալի հիման վրա արձանագրել է, որ Դատարանը, անտեսելով փորձաշրջանի ընթացքում դատապարտյալի վրա պարտականություններ դնելու իմպերատիվ պահանջը, հանգել է դատապարտյալի նկատմամբ փորձաշրջանի ընթացքում որևէ պարտականություն չսահմանելու վերաբերյալ չհիմնավորված հետևության՝ այդպիսով չկատարելով Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջը և առերևույթ թույլ տալով քրեաիրավական նորմի խախտում:

Քննարկվող դեպքերից մեկ այլ առերևույթ խախտման անդրադառնալիս, վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Դատավորը թիվ ԱՐԴ/0017/08/23 որոշմամբ անհիմն կերպով մերժել է միջնորդությամբ նշված ժամանակահատվածում համապատասխան հեռախոսահամարների վերծանումներն առգրավելու թույլտվություն ստանալու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդության կապակցությամբ վարույթի հարուցումն այն պատճառաբանությամբ, որ քննիչի ներկայացրածը ՀՀ քրեական դատավարության 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա կատարվող քննչական գործողությունների շրջանակում նախատեսված չէ: Այսինքն, Դատարանը քննիչի միջնորդության կապակցությամբ վարույթ հարուցելու հարցը լուծելու փուլում քննարկել է դատարանի կողմից քննության ենթակա քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունների շրջանակի հարցը՝ անտեսելով այն հանգամանքը, որ վարույթ հարուցելու հարցը լուծելիս դատարանը միջնորդվող ապացուցողական գործողության բնույթին չի անդրադառնում, այլ միայն ստուգում է ներկայացված միջնորդության՝ օրենսգրքով նախատեսված պայմաններին համապատասխանության հարցը: Բացի այդ, Դատարանը ղեկավարվել է Քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասով, որով սահմանված տեղեկատվությունը վերաբերում է բացառապես անձնական տվյալներին, այն է՝ հաղորդակցվողների հեռախոսահամարներին, բաժանորդի անհատական տվյալներին, հաղորդակցվողների գտնվելու վայրին և նրանց տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներին, որոնք ստանալու համար դատարանի որոշում չի պահանջվում: Դատավորը հաշվի չի առել այն հանգամանքը, որ քննիչը միջնորդել էր առգրավել նշված բջջային հեռախոսահամարների ելքային և մուտքային զանգերի և կարճ հաղորդագրությունների վերծանումները, որոնք համարվում են նամակագրություն և հաղորդակցության այլ ձևեր և ենթակա են առգրավման Քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածով սահմանված կարգով՝ դատարանի որոշմամբ:

Վարույթ հարուցած մարմինը, որպես առերևույթ կարգապահական խախտում է ներկայացրել նաև այն դեպքը, երբ Դատարանը 2023 թվականի հունիսի 8-ի թիվ ԱՐԴ/0018/06/23 որոշմամբ մերժել է քննիչի միջնորդությունը՝ մեղադրյալ Հ.Մ.-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ, իսկ պաշտպանի միջնորդությունը բավարարել է՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելով 1 000 000 (մեկ միլիոն) դրամ գրավ և բացակայելու արգելք՝ խախտելով Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հստակ պահանջը, այն է՝ դատարանը խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով, ի թիվս այլնի, կայացնում է միջնորդությունը մասնակի բավարարելու վերաբերյալ որոշում այն դեպքերում, երբ հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել ավելի մեղմ այնպիսի խափանման միջոցի (կամ մեկ այլ դեպքում՝ խափանման միջոցների համակցության) կիրառմամբ, որի անհրաժեշտության և հնարավորության հարցի լուծումը վերապահված է իրեն:

Քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանքի, տնային կալանքի և վարչական հսկողության կիրառման անհրաժեշտության հարցի լուծումը վերապահված է դատարանին, հետևաբար Դատավորը տվյալ դեպքում կիրառել է դատական սանկցավորման ոչ ենթակա խափանման միջոցներ՝ բացակայելու արգելք և գրավ, որի իրավասությունն, ըստ Հանձնաժողովի՝ չուներ, այդպիսով, առերևույթ թույլ տալով քրեադատավարական նորմի էական խախտում:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում վարույթ հարուցող մարմինը, անդրադառնալով կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներին, փաստել է, որ թիվ ԱՐԴ/0267/01/22 քրեական գործով Դատավորի կողմից 2023 թվականի մայիսի 5-ին կայացվել է դատավճիռ, որով անձը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նրա նկատմամբ նշանակվել է ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով: Կիրառելով Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը՝ Դատարանը որոշել է ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով Պրոբացիայի ծառայության վրա:

Միաժամանակ դատավճռում սահմանվել է, որ վերը նշված դատապարտված անձի նկատմամբ նախկինում կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը պետք է թողնել անփոփոխ, մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Մեղադրյալի նկատմամբ փորձաշրջանի ընթացքում պարտականություններ Դատարանը չի սահմանել և միայն դատավճռի բողոքարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի օգոստոսի 23-ին կայացրել է որոշում, որով թիվ ԱՐԴ/0267/01/22 քրեական գործով 2023 թվականի մայիսի 5-ի դատավճիռը փոփոխվել է՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու արդյունքում նշանակված փորձաշրջանի ընթացքում համապատասխան պարտականություններ չսահմանելու մասով:

Դատապարտված անձի նկատմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի վերոնշյալ որոշմամբ, արձանագրելով այն, որ փորձաշրջանի ընթացքում դատապարտյալի վրա պարտականություններ դնելը դատարանի հայեցողական լիազորությունը չէ, այլ կրում է իմպերատիվ բնույթ, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սահմանել է պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը և բնակության վայրը փոխելու դեպքում սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնել իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին:

Վերոշարադրյալի կապակցությամբ վարույթ հարուցած մարմինն հարկ է համարել ընդգծել, որ կիրառելով Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, Դատավորը, սակայն, պատշաճ ուշադրություն չի դարձրել նույն հոդվածի 6-րդ մասին, համաձայն որի՝ դատարանը դատապարտյալի վրա դնում է նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ այլ պարտականություններ:

Վարույթ հարուցած մարմինն ուշադրության արժանի է համարել այն փաստը, որ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է նաև, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ 1-5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո և պարտավոր է կատարել դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունները: Փորձաշրջանի ընթացքում դատարանի կողմից նշանակվող պարտականություններն են՝

1) կրթական և մշակութային ծրագրերին մասնակցելը, այդ թվում՝ նոր արհեստ կամ մասնագիտություն ձեռք բերելը,

2) առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելը,

3) բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելը,

4) ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելը,

5) հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելը,

6) սեռավարակից կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունից բուժման կուրս անցնելը,

7) տուժողի, նրա ընտանիքի անդամի, նրա խնամքի տակ գտնվող անձի կամ դատարանի կողմից նշված այլ անձի հետ որևէ շփում ունենալու արգելքը,

8) որոշակի վայրեր այցելելու արգելքը,

9) հոգեբանական-վերականգնողական կուրս անցնելը:

Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատարանը դատապարտյալի վրա դնում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ այլ պարտականություններ, որոնք կարող են նպաստել նրա վերասոցիալականացմանը:

Այս տեսանկյունից վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել նաև, որ «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանվում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողությունն իրականացնում է նրա մշտական բնակության վայրի տարածքային մարմինը, իսկ մշտական բնակության վայր չունեցող կամ օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում՝ նրա փաստացի բնակության վայրի կամ դատական ակտի մեջ նշված վայրի տարածքային մարմինը: Տարածքային մարմինը վերահսկողություն է իրականացնում դատական ակտով պրոբացիայի շահառուի վրա դրված պարտականությունների կատարման նկատմամբ:

Հիշատակված հոդվածների համակարգային վերլուծության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ Պրոբացիայի ծառայության՝ որպես նշանակված պատժի կամ փորձաշրջանի նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնի կողմից դատապարտյալի նկատմամբ իրականացվող վերահսկողությունն արտահայտվում է վերջինի նկատմամբ դատարանի կողմից նշանակված պարտականութունների պատշաճ կատարումը հսկելու միջոցով: Այլ կերպ ասած՝ այն դեպքերում, երբ դատապարտյալի նկատմամբ, օրինակ՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում սահմանվում է փորձաշրջան՝ առանց որևէ պարտականության սահմանման, ապա տվյալ իրադրությունում Պրոբացիայի ծառայությունը, ըստ էության, որևէ գործընթացի կամ դատապարտյալի նկատմամբ հսկողություն իրականացնելու հնարավորություն չունի, քանի որ փաստացի չկա որևէ գործողություն (պարտականություն), որը պրոբացիայի շահառուն պարտավոր է կատարել (կամ չկատարել) և դրա նկատմամբ անհրաժեշտ է հսկողություն սահմանել:

Նման պայմաններում, ըստ վարույթ հարուցած մարմնի, Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերի համակարգային վերլուծությամբ փաստվում է, որ փորձաշրջանի ընթացքում անձի կողմից դրված պարտականությունները չկատարելը դատարանի կողմից՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու հիմք կարող է հանդիսանալ: Վերոնշյալի համատեքստում, հակառակ մոտեցման պարագայում, եթե ելնենք այն կանխավարկածից, որ հնարավոր է պատիժը պայմանականորեն չկիրառել և որևէ պարտականություն չսահմանել, ապա ստացվում է՝ փորձաշրջանի ընթացքում անձն ինչ վարքագիծ էլ դրսևորի (օրինակ՝ երկրից գնա կամ բնակության վայրը փոխի), դա չի կարող հիմք հանդիսանալ պատիժը պայմանական չկիրառելը վերացնելու համար:

Նշվածից զատ, Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության իրավական հիմքերում և հիմնավորումներում վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քրեական օրենսգրքի 93-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը, արձանագրել է նաև, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում սահմանված փորձաշրջանը և դրա նկատմամբ իրականացվող վերահսկողությունը, որպես այդպիսին, ունի այնքան կարևոր և էական նշանակություն, որ օրենսդիրը փորձաշրջանի հետ է կապել մի շարք իրավական հետևանքներ, մասնավորապես՝ վերը նշված դրույթի համաձայն՝ դատվածությունը մարվում է սույն օրենսգրքի 84-րդ, 85-րդ, 88-րդ 89-րդ հոդվածներով սահմանված պատժից ազատվելու, ինչպես նաև 86-րդ հոդվածով սահմանված կարգով պատժի կատարումը հետաձգելու դեպքերում՝ փորձաշրջանն ավարտվելուց հետո:

 Վերոշարադրյալի կապակցությամբ Հանձնաժողովը, ինչպես միջնորդությամբ, այնպես էլ դատական նիստի ընթացքում ներկայացուցիչների միջոցով ընդգծել է, որ կաշկանդված լինելով Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված իմպերատիվ պահանջով, Դատավորը ոչ իրավաչափորեն գտել է, որ սահմանված 2 (երկու) տարի ժամկետով փորձաշրջանի ընթացքում դատապարտյալի վարքի նկատմամբ պետք է սահմանել միայն վերահսկողություն՝ այն դնելով համապատասխան ծառայության վրա, ինչով, ըստ էության, անտեսել է Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը դատապարտյալի վրա դնելու պահանջը:

Կարգապահական առերևույթ խախտումներից մեկ այլ դեպքով վարույթ հարուցած մարմինն իր՝ 2025 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ Կ-15/2025 որոշմամբ գտել է, որ թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասում, նույն հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում, 292-րդ հոդվածում ամրագրված պահանջների խախտումներ, այն է՝ Դատավորը թիվ ԱՐԴ/0017/08/23 դատական գործով 2023 թվականի մարտի 9-ին կայացրել է «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշում, որով մերժել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչության քննիչի պաշտոնակատարի կողմից Դատարան ներկայացված միջնորդությունը «Բջջային հեռախոսակապի միջոցով կատարված հաղորդակցության տվյալների, հեռախոսազանգերի վերծանումներն առգրավելու մասին»:

«Վարույթ հարուցելը մերժելու մասին» 09.03.2023 թվականի որոշման մեջ Դատարանը, մասնավորապես, նշել է. «2023 թվականի մարտի 9-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության քննիչի պաշտոնակատար Գևորգ Գևորգյանի կողմից ներկայացված միջնորդությունը, որով վերջինս Դատարանին միջնորդում է ստանալ թույլտվություն՝ թիվ 81102723 քրեական վարույթով «ՄՏՍ-Հայաստան» ՓԲ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲ և «Յուքոմ»» ՓԲ ընկերություններից առգրավել (…) բջջային հեռախոսահամարների 2023թ. փետրվարի 01-ից 2023թ. փետրվարի 13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարված ելքային և մուտքային զանգերի (այդ թվում՝ զրոյական) և կարճ հաղորդագրությունների (SMS) վերծանումները: (…)

Դատարանն արձանագրում է, որ իրավասու է քննարկման առարկա դարձնել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որևէ քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը: Մինչդեռ տվյալ պարագայում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության քննիչի պաշտոնակատար Գևորգ Գևորգյանի կողմից դատարան է ներկայացվել միջնորդությունն այն պարագայում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա կատարվող քրեական գործողությունների շրջանակում քննիչի կողմից ներկայացվածը նախատեսված չէ, փոխարենը նույն 209-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվություն ստանալու պահանջը կատարվում է բացառապես դատախազի թույլտվությամբ:

Այսպիսով, վերը նշվածով պայմանավորված Դատարանը գտնում է, որ իրավասու չէ քննարկման առարկա դարձնել ներկայացված միջնորդությունը, ինչը հիմք է վարույթ հարուցելը մերժելու համար:»:

Վերլուծելով վերոգրյալ փաստական տվյալները՝ Հանձնաժողովն իր միջնորդության մեջ և դատական նիստի ընթացքում փաստել է, որ.

Քննիչի կողմից ներկայացվել է ապացուցողական գործողություն կատարելու միջնորդություն՝ «Բջջային հեռախոսակապի միջոցով կատարված հաղորդակցության տվյալների, հեռախոսազանգերի վերծանումներն առգրավելու մասին»,

  Դատարանն ապացուցողական գործողություն կատարելու վերաբերյալ ներկայացված միջնորդության վարույթ ընդունման փուլում, կաշկանդված լինելով ստուգելու միջնորդության վերաբերյալ Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված ձևական պահանջների առկայությունը, առերևույթ քննարկման առարկա է դարձրել այդ փուլին ոչ բնորոշ հարցերի շրջանակ և կայացրել «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշում այն պատճառաբանությամբ, որ միջնորդությամբ ակնկալվող գործողության կատարումը Քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա կատարվող քննչական գործողությունների շրջանակում նախատեսված չէ,

Դատարանը վերը նշված ոչ իրավաչափ եզրահանգմանը գալիս անտեսել է, որ համապատասխան բջջային հեռախոսահամարների քննիչի միջնորդության մեջ նշված ժամանակահատվածում կատարված ելքային և մուտքային զանգերի (այդ թվում՝ զրոյական) և կարճ հաղորդագրությունների (SMS) վերծանումներն առգրավելու վերաբերյալ ապացուցողական գործողության կատարումը, առերևույթ, ներառված է Քրեական դատավորության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասում, այն է՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը,

 Դատարանը միջնորդությամբ ակնկալվող ապացուցողական գործողության կատարումը ոչ իրավաչափորեն նույնացրել է Քրեական դատավարության օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ բաժանորդային տվյալներ պահանջելու գործողության հետ:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության իրավական հիմքերում և հիմնավորումներում վարույթ հարուցած մարմինն առավել կարևորել է այն հանգամանքը, որ Դատավորը, ստանալով հիշյալ միջնորդությունը, պետք է ստուգման ենթարկեր Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանվածության հարցը՝ միջնորդությանն առաջադրվող ձևական պահանջների պահպանվածության համատեքստում՝ արդյունքում կայացնելով համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում: Տվյալ դեպքում, թեև Դատարանի կողմից կայացված որոշումը կրել է «Վարույթ հարուցելը մերժելու մասին» վերնագիրը, այնուամենայնիվ, հիշյալ որոշման բովանդակության ուսումնասիրությունից հետևում է, որ Դատարանը քննարկման առարկա է դարձրել վարույթի հարուցման փուլում քննարկման ոչ ենթակա հարցեր, մասնավորապես, խնդրարկվող գործողության բնույթին վերաբերող հարցեր, արդյունքում՝ առերևույթ ոչ իրավաչափորեն կիրառելով Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի, 209-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները՝ խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պահանջը, ինչն էլ Հանձնաժողովի գնահատմամբ, առերևույթ խոչընդոտել է վարույթի բնականոն ընթացքը:

Հանձնաժողովը հարկ է համարել նշել նաև, որ Դատարանի կողմից 2023 թվականի մարտի 9-ին կայացված՝ «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշման դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2023 թվականի ապրիլի 11-ին կայացված որոշմամբ թիվ ԱՐԴ/0017/08/23 վարույթով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի մարտի 9-ի որոշումը բեկանելուց և գործը նույն դատարան՝ նոր քննության փոխանցելուց հետո Դատարանը 2024 թվականի մայիսի 24-ին կայացրել է «Ապացուցողական գործողության կատարման դատական երաշխիքների վարույթ հարուցելու հարցը քննության առնելու մասին» որոշում, որի համաձայն՝ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզի քննչական վարչության քննիչի պաշտոնակատարի կողմից ներկայացված միջնորդության հիման վրա Դատարանը որոշել է հարուցել ապացուցողական գործողության կատարման դատական երաշխիքների՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելու վերաբերյալ վարույթ և այն իրականացնել գրավոր ընթացակարգով: Նույն օրը մեկ այլ որոշմամբ Դատարանը որոշել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի պաշտոնակատարի միջնորդությունը բավարարել:

Անդրադառնալով Հանձնաժողովին ուղղված գրավոր բացատրությամբ Դատավորի կողմից բերված այն փաստարկին, ըստ որի՝ «(…) կարճ հաղորդագրությունների (SMS) վերծանումները …» եզրույթը Քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված չէ և չունի քրեաիրավական բովանդակություն՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ այն ուղղակիորեն բխում է Քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի իրավակարգավորումից, ուստի այս առումով Դատավորի կողմից բերված փաստարկներն առարկայազուրկ են: Բացի այդ, վարույթ հարուցած մարմինն ընդգծել է այն հանգամանքը, որ կարգապահական վարույթ հարուցելու միջնորդության հիմքում սույն գործով ոչ թե էական է դիտվում քննիչի կողմից միջնորդվող պահանջի հիմնավոր լինել կամ չլինելը, այլ այն, որ Դատավորի կողմից, ըստ էության, գնահատվել է դատական երաշխիքներից դուրս գտնվող պահանջ, իսկ քրեադատավարական վերը նշված նորմերի համատեքստում էլ ակնհայտ է, որ ելքային և մուտքային զանգերը, այդ թվում հաղորդագրությունները ևս գտնվում են դատական վերահսկողության և պաշտպանության ներքո:

Վարույթ հարուցած մարմնի կողմից միջնորդությամբ ներկայացված առերևույթ կարգապահական խախտման երրորդ դեպքով՝ թիվ ԱՐԴ/0018/06/23 դատական գործով, Հանձնաժողովը ներկայացրել է, որ Դատարանի կողմից 2023 թվականի հունիսի 8-ին կայացվել է «Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշում», որի համաձայն Դատարանը, քննության առնելով ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչի միջնորդությունը՝ թիվ 48124723 քրեական վարույթով մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ, որոշել է միջնորդությունը մերժել, իսկ պաշտպանի միջնորդությունը՝ բավարարել և մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն կիրառել գրավ՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելք:

Դատարանը, թիվ ԱՐԴ/0018/06/23 դատական գործով կայացված որոշման մեջ, մասնավորապես, նշել է, որ գործում առկա նյութերի ուսումնասիրությունը Դատարանին թույլ է տալիս գալ այն հետևության, որ մեղադրյալի վարքագիծը « (…)այդ թվում՝ խոչընդոտելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքերը և նոր հանցանք կատարելու մտավախությունը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցների, տվյալ դեպքում՝ գրավի և բացակայելու արգելքի կիրառմամբ, որոնք, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող են հաղթահարել նրա կողմից հնարավոր ոչ օրինական վարքագիծ դրսևորելու վերաբերյալ մտավախությունները, դրանք առավել պիտանի են հետապնդվող նպատակին հասնելու համար, ավելին՝ դրանք հնարավորություն կտան ապահովելու մեղադրյալի ազատության իրավունքի և նրա մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը:»:

Այսպիսով, Դատարանը գտել է, որ այլընտրանքային խափանման միջոցների համակցությունն ի զորու կլինի կանխել մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը, ուստի այդ պայմաններում գտել է, որ մեղադրյալի նկատմամբ պետք է կիրառել համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավը՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելք:

Այս առնչությամբ վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել, որ Դատարանն, ըստ էության, կիրառել է Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասով դատարանին վերապահված լիազորությունը՝ կայացնելով միջնորդությունը մերժելու մասին որոշում, սակայն անտեսել է, որ իր որոշմամբ նշված հիմնավորմամբ միջնորդությունը մերժելիս Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 122-րդ հոդվածի կարգավորումների ուժով կիրառված այլընտրանքային խափանման միջոցները Դատարանն իրավասու չէր կիրառել: Հետևաբար, մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը վերը նշված պատճառաբանությամբ մերժելու պայմաններում Դատարանն առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցի լուծումը պետք է թողներ վարույթի համապատասխան հանրային մասնակիցերին:

Հանձնաժողովը սույն կարգապահական խախտման իրավական հիմքերի և հիմնավորումների շրջանակներում վկայակոչել է Վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/1194/06/21 դատական գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը, ըստ որի՝ « (…) կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը, հանգելով հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոցի կիրառմամբ, իրավասու չէր կիրառել խափանման միջոց գրավը, քանի որ դրա կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցի լուծումը դուրս է խափանման միջոցների դատական երաշխիքների շրջանակից:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 3-րդ կետի, 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննելիս, դատարանը գտնելով, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ, իրավասու է կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն միայն այն դեպքում, երբ այդպիսի խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառման դեպքում դրա մեջ ներառված խափանման միջոցների առնվազն մեկի ընտրության լիազորությունը վերապահված է դատարանին: Նման դեպքերում դատարանը քննիչի միջնորդությունը բավարարում է մասնակի և կիրառում համապատասխան խափանման միջոցը (օրինակ՝ տնային կալանք) կամ դրանց համակցությունը (օրինակ՝ տնային կալանք և գրավ): Իսկ այն դեպքերում, երբ դատարանը միջնորդության քննության արդյունքում գտնում է, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար ոչ միայն միջնորդվող կալանքի, այլև իր իրավասությանը վերապահված խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունը բացակայում է, ապա դատարանը պետք է մերժի քննիչի միջնորդությունը՝ առավել մեղմ խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման հարցի լուծումը թողնելով վարույթի համապատասխան հանրային մասնակիցների հայեցողությանը»:

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից Հանձնաժողովին գրավոր բացատրությամբ ներկայացված այն փաստարկին, որ վերը նշված նորմերի մեկնաբանության մասին Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է ավելի ուշ, վարույթ հարուցող մարմինը իր միջնորդությամբ հարկ է համարել տեղեկացնել, որ «Դատական համակարգ» տեղեկատվական համակարգչային ծրագրում առկա տվյալների համաձայն՝ թիվ ԵԴ/1194/06/21 դատական գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կայացվել է 2022 թվականի դեկտեմբերի 23-ին, մինչդեռ դատարանի քննարկման առարկա՝ «Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը Դատավորը կայացրել է 2023 թվականի հունիսի 8-ին, Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշման կայացումից շուրջ վեց ամիս հետո, ուստի Դատավորի հիշյալ փաստարկը նույնպես առարկայազուրկ է:

Ամփոփելով վերը նշված փաստերը՝ վարույթ հարուցած մարմինը գտել է, որ քննարկվող դեպքում նույնպես Դատավորը չի լուծել իրեն վերապահված հարցերը, չի ապահովել անհրաժեշտ ու բավարար մասնագիտական պատրաստվածություն, չի ապահովել գործի ողջամիտ ժամկետի քննություն և անձանց իրավունքների պաշտապանությունը տվյալ դեպքում էլ իրականացվել է վերադաս կարգով դատական ակտի բողոքարկման միջոցով: Սույն գործով բողոքարկելու արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից 2023 թվականի հուլիսի 12-ին կայացված որոշմամբ Դատարանի կայացրած որոշումը, մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց գրավը և բացակայելու արգելքը կիրառելու մասով, փոփոխվել է և մեղադրյալի նկատմամբ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցը թողնվել է լուծելու վարույթի համապատասխան հանրային մասնակիցներին:

Անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների մեղքի ձևին՝ վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը, 147-րդ հոդվածի 5-րդ մասը, 148-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ ելակետային են համարվել Դատավորի կողմից գրավոր բացատրությամբ հայտնված տեղեկությունները, որոնց հիման վրա Հանձնաժողովը անդրադարձել է դրանց դրսևորման ձևին և գտել է, որ Դատավորը թույլ է տվել վերը շարադրված իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները կոպիտ անփութությամբ:

Վարույթ հարուցած մարմինը, հարգելով Դատավորի կարգավիճակն ու գիտակցելով վերջինիս հեղինակությունը բարձր պահելու իր պարտականությունը, հաշվի առնելով գործի իր կողմից կատարված փաստական հանգամանքների ուսումնասիրությունը և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում, միջնորդել է Բարձրագույն դատական խորհրդին քննել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Դատական նիստում Վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչները պնդել են ներկայացված միջնորդությունը:

 

3 Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած բացատրությամբ հայտնել է, որ թիվ ԱՐԴ/0017/08/23 դատական գործով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի պաշտոնակատարի կողմից Դատարան է ներկայացվել վարույթով ապացուցողական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդություն, Դատարանին միջնորդելով տալ թույլտվություն թիվ 81102723 քրեական վարույթով «ՄՏՍ-Հայաստան» ՓԲ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲ և «Յուքոմ»» ՓԲ ընկերություններից առգրավել (…) բջջային հեռախոսահամարների 2023թ. փետրվարի 01-ից 2023թ. փետրվարի 13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարված ելքային և մոտքային զանգերի (այդ թվում՝ զրոյական) և կարճ հաղորդագրությունների (SMS) վերծանումները:

 Դատավորը բացատրության մեջ նշել է, որ ստանալով դատական գործով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրման արդյունքում հանգել է հետևության, որ վարույթի հարուցումը ենթակա է եղել մերժման այն պատճառաբանությամբ, որ քննիչի կողմից հայցվող պահանջը՝ այն է «(․․,) կարճ հաղորդագրությունների (SMS) վերծանումները» եզրույթը քրեական դատավարության օրենսգրքում ամրագրված չէ և չունի քրեաիրավական բովանդակություն։

 Հետևաբար Դատավորը, համարելով, որ ներկայացված միջնորդությունը չի պարունակել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ ապացուցողական գործողություն, մերժել է վարույթի հարուցումը, քանի որ պահպանված չի եղել Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը։

 Թիվ ԱՐԴ/0267/01/22 քրեական վարույթով Դատավորը պարզաբանել է, որ 2023 թվականի մայիսի 5-ին կայացրել է դատավճիռ, որով մեղադրյալ ՄԱ-ին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակել ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ դատավճռով սահմանել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով Պրոբացիայի ծառայության վրա։ Վերոգրյալի համատեքստում Դատավորը հարկ է համարել արձանագրել, որ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածը, որը կարգավորում է պատիժը պայմանականորեն չկիրառելու քրեաիրավական հարաբերությունները, 5-րդ մասի տառացի մեկնաբանությամբ սահմանում է հետևյալը

«(...)

 5. Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ 1-5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո և պարտավոր է կատարել դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունները։»։

Այնուհետև, հիշյալ դրույթը թվարկում է փորձաշրջանի ընթացքում դատարանի կողմից նշանակվող թվով իննը պարտականությունները։ Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն «6 Դատարանը դատապարտյալի վրա դնում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ այլ պարտականություններ, որոնք կարող են նպաստել նրա վերասոցիալականացմանը։»։

Դատավորը նշել է, որ «Փորձաշրջանի ընթացքում դատարանի կողմից նշանակվող պարտականություններն են» և «Դատարանը դատապարտյալի վրա դնում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը» ձևակերպումները ուղղակիորեն չեն սահմանում կամ նշված դրույթներից ուղղակիորեն չի բխում, որ Դատարանը պարտավոր է պարտադիր դնել որևէ պարտականություն դատապարտյալի վրա, քանի որ ըստ իրեն՝ հիշյալ դրույթները ուղղակի պարունակում են կանոն առ այն, որ դատարանը ինչպես կարող է նշանակել հոդվածի 5-րդ մասով նախատեսված մեկ պարտականություն, այնպես էլ մի քանիսը, իսկ 6-րդ մասի համաձայն էլ կարող է նշանակել պարտականություն, որը նույնիսկ 5-րդ մասով սահմանված չէ։

Դատավորը նշել է նաև, որ վերոնշյալ իրավակարգավորումներից միանշանակ չի բխում, որ դատարանը պարտադիր պետք է սահմանի պարտականություն նույնիսկ այն դեպքում, երբ այդպիսի պարտականություն սահմանելու անհրաժեշտությունը օբյեկտիվորեն բացակայում է։

Դատավորը նաև հատկանշական է համարել, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով ևս սահմանված չի եղել դատարանի՝ դատապարտյալի վրա որևէ պարտականություն դնելու պարտականություն։

Վկայակոչելով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումն առ այն, որ փորձաշրջանի ընթացքում պարտականություն դնելը պարտադիր է, Դատավորն արձանագրել է, որ նշված նախադեպային դիրքորոշումն իսկ պայմանավորված է եղել օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությամբ։ Այսինքն, եթե օրենսդրական կարգավորումներից ուղղակիորեն բխեր դատարանի նման պարտականությունը, ապա նախադեպային դիրքորոշում արտահայտելու անհրաժեշտություն Վճռաբեկ դատարանը չէր ունենա։ Դատավորը հարկ է համարել նշել նաև, որ Վճռաբեկ դատարանի հիշյալ որոշումը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հասանելի է դարձել իր կողմից կայացված դատական ակտից ավելի ուշ։

Բացի այդ, Դատավորը հարկ է համարել նշել, որ օրենսդիրը նախատեսել է հնարավորություն դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ դնել պարտականություն դատապարտյալի վրա, ինչից բխում է, որ փորձաշրջանի ընթացքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողության իրականացման շրջանակներում անհրաժեշտություն առաջանալու դեպքում Պրոբացիայի ծառայությունը կարող էր դատապարտյալի վրա պարտականություն դնելու միջնորդություն ներկայացնել, որը քննարկվող գործի շրջանակներում չի իրականացվել, ինչից ևս բխում է, որ դրա անհրաժեշտությունը բացակայել է։

Անդրադառնալով թիվ ԱՐԴ/0018/06/23 դատական գործին՝ Դատավորը վարույթ հարուցած մարմնին պարզաբանել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչի կողմից թիվ 48124723 քրեական վարույթով մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին 2023 թվականի հունիսի 2-ին Դատարան ներկայացված միջնորդության քննության արդյունքում Դատարանը մերժել է միջնորդությունը և բավարարել է պաշտպանի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցների համակցություն՝ գրավ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելք։

Դատավորը, մասնավորապես, պարզաբանել է, որ քննիչի միջնորդության քննության արդյունքում հաստատված է համարել մեղադրյալի կողմից իրեն վերագրվող արարքը կատարելու հիմնավոր կասկածի առկայությունը և, անդրադառնալով միջնորդության մեջ նշված կալանավորման նպատակներին, գտել է, որ այլընտրանքային խափանման միջոցների համակցությունն ի զորու կլինի կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը։

Դատավորը նաև հարկ է համարել տեղեկացնել, որ սույն որոշումը կայացնելիս ղեկավարվել է Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ըստ որի «(...) 3. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված որոշումը, եթե՝

1) հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառմամբ»։

Դատավորը վերը նշվածի հիման վրա եզրահանգել է, որ հիշյալ դրույթը լիազորում է դատարանին միջնորդությունը մասնակի բավարարելով կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ չսահմանափակվելով այլընտրանքային խափանման միջոցների տեսակներով։

Դատավորը իր կարծիքն է հայտնել նաև Վճռաբեկ դատարանի կողմից կայացված թիվ 23.12.2022 թվականի ԵԴ/1194/06/21 որոշման վերաբերյալ, որով արտահատվել է այն իրավական դիրքորոշումն, ըստ որի՝ երբ դատարանի իրավասությանը վերապահված խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունը բացակայում է, դատարանը պետք է մերժի քննիչի միջնորդությունը՝ նշելով, որ հիշյալ որոշումը «Դատալեքս» տեղեկատվական համակարգում հասանելի է դարձել իր նախագահությամբ կայացված որոշումից ավելի ուշ։

Դատավորը ներկայացված փաստերի և իրավանորմերի վերլուծության արդյունքում հանգել է հետևության, որ օրենքների իրավական կարգավորումները բավարար հստակ չեն, թույլ չեն տալիս դրանք միանշանակ մեկնաբանել ու հենց դա է վկայում այն փաստը, որ Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշումներով իրավակիրառ պրակտիկա է ձևավորել, մասնավորապես, թիվ ԵԴ/1194/06/21 որոշման մեջ արձանագրելով, որ Վճռաբեկ դատարանը «(․․․) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 3-րդ կետի, 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համադրված վերլուծության արդյունքում» է հանգել նման իրավական դիրքորոշման։

Դատավորը Խորհրդին գրավոր բացատրություններ չի ներկայացրել։

Դատավորի կողմից դատական նիստի ընթացքում վերահաստատվել են իր դիրքորոշումները, որոնք գրավոր ներկայացվել են վարույթ հարուցած մարմնին, մասնավորապես, առ այն, որ օրենսդրական կարգավորումները բավարար հստակ չեն եղել և դա փաստվել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից օրենսդրական կարգավորումների միատեսակ կիրառությունն ապահովելու համար նախադեպային որոշումներ կայացնելով, միևնույն ժամանակ կարևորելով նաև այն հանգամանքը, որ որևէ գործով անձանց նկատմամբ իրավական ոչ բարենպաստ հետևանքներ նշված ենթադրյալ խախտումները չեն առաջացրել։

Ելնելով վերոգրյալից՝ Դատավորը Խորհրդին խնդրել է մերժել Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը։

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

4.1. Դատավորի կողմից 05052023 թվականին թիվ ԱՐԴ/0267/01/22 քրեական գործով կայացված դատավճռով մեղադրյալ ՄԱ-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակվել է ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության վրա։ ՄԱ-ի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը թողնվել է անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Դատավորի կողմից կայացված դատավճռով փորձաշրջանի ընթացքում Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որևէ պարտականություն (կամ մի քանիսը) դատապարտյալի վրա չի դրվել:

4.2. Վերաքննիչ քրեական դատարանի 23082023 թվականի որոշմամբ թիվ ԱՐԴ/0267/01/22 քրեական գործով Դատարանի 05052023 թվականի դատավճիռը՝ մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու արդյունքում նշանակված փորձաշրջանի ընթացքում համապատասխան պարտականություններ չսահմանելու մասով, փոփոխվել է՝ մեղադրյալի նկատմամբ փորձաշրջանի ընթացքում սահմանվել է պարտականություն՝ առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության չլքել Հայաստանի Հանրապետության տարածքը և բնակության վայրը փոխելու դեպքում սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնել իր վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին։

4.3. Թիվ ԱՐԴ/0017/08/23 դատական գործով 09032023 թվականին կայացված՝ «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշմամբ Դատարանը նշել է. «(...) դատարանում մուտքագրվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության քննիչի պաշտոնակատար Գևորգ Գևորգյանի կողմից ներկայացված միջնորդությունը, որով վերջինս Դատարանին միջնորդում է ստանալ թույլտվություն՝ թիվ 81102723 քրեական վարույթով «ՄՏՍ-Հայաստան» ՓԲ, «Տելեկոմ Արմենիա» ՓԲ և «Յուքոմ»» ՓԲ ընկերություններից առգրավել (…) բջջային հեռախոսահամարների 2023թ. փետրվարի 01-ից 2023թ. փետրվարի 13-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կատարված ելքային և մուտքային զանգերի (այդ թվում՝ զրոյական) և կարճ հաղորդագրությունների (SMS) վերծանումները: (…) Դատարանն արձանագրում է, որ իրավասու է քննարկման առարկա դարձնել միայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որևէ քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը: Մինչդեռ տվյալ պարագայում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության քննիչի պաշտոնակատար Գևորգ Գևորգյանի կողմից դատարան է ներկայացվել միջնորդությունն այն պարագայում, երբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա կատարվող քննչական գործողությունների շրջանակում քննիչի կողմից ներկայացվածը նախատեսված չէ, փոխարենը նույն 209-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվություն ստանալու պահանջը կատարվում է բացառապես դատախազի թույլտվությամբ: Այսպիսով, վերը նշվածով պայմանավորված Դատարանը գտնում է, որ իրավասու չէ քննարկման առարկա դարձնել ներկայացված միջնորդությունը, ինչը հիմք է վարույթ հարուցելը մերժելու համար:»:

4.4. Վերաքննիչ քրեական դատարանի 11042023 թվականի որոշմամբ դատախազի հատուկ վերանայման բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ թիվ ԱՐԴ/0017/08/23 դատական գործով Դատարանի 09032023 թվականի որոշումը բեկանվել է և գործը փոխանցվել է նույն դատարան՝ նոր քննության։

4.5. Նոր քննության արդյունքներով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 24052024 թվականին կայացվել է «Ապացուցողական գործողության կատարման դատական երաշխիքների վարույթ հարուցելու հարցը քննության առնելու մասին» որոշում, իսկ նույն օրվա մեկ այլ՝ «Նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ բավարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի պաշտոնակատարի միջնորդությունը։

4.6. Թիվ ԱՐԴ/0018/06/23 դատական գործով Դատարանի կողմից 08062023 թվականին կայացված «Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ թիվ 48124723 քրեական վարույթով մեղադրյալ ՀՄ-ին կալանքի տակ պահելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է, պաշտպանի միջնորդությունը՝ բավարարվել և մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն կիրառվել է գրավ՝ 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելք։

4.7. Վերաքննիչ քրեական դատարանի 12072023 թվականի որոշմամբ դատախազի հատուկ վերանայման բողոքը բավարարվել է մասնակի՝ Դատարանի 08062023 թվականի թիվ ԱՐԴ/0018/06/23 որոշումը՝ մեղադրյալ ՀՄ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը և բացակայելու արգելքը կիրառելու մասով, փոփոխվել է և մեղադրյալի նկատմամբ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցը թողնվել է լուծելու վարույթի համապատասխան հանրային մասնակիցներին։

 

5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.

Հաշվի առնելով վարույթ հարուցած մարմնի կողմից միջնորդությամբ բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված հակափաստարկները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

5.1. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է (են) տրվել նյութական և դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում (խախտումներ),

5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ նյութական և դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը (խախտումները) իր (իրենց) հերթին հանգեցրել է (են) դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտման,

5.3. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված ենթադրյալ նյութական և դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտումը (խախտումները) կատարվել է (են) դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ։

 

6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչների, Դատավորի դիրքորոշումները, ինչպես նաև ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման՝ հետևյալ պատճառաբանությամբ.

Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:

Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ և դրան կից նյութերով ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներով:

Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են սահմանադրությամբ կամ օրենքներով:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:

Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:

Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով։

Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտնելու հիմքեր, 6-րդ կետի համաձայն՝ առանց արդարադատության շահերի վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, իսկ 10-րդ կետի համաձայն՝ ապահովել իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումը:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝

1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.

2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:

 Օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:

Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ մեկ կարգապահական վարույթի շրջանակներում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է մեկ որոշում՝ կիրառելով պատասխանատվության մեկ միջոց: Եթե կարգապահական խախտման հիմքը պարբերաբար խախտումն է, ապա Բարձրագույն դատական խորհուրդը կիրառում է պատասխանատվության մեկ միջոց:

Քննարկելով վարույթ հարուցած մարմնի կողմից ներկայացված՝ թիվ ԱՐԴ/0267/01/22 քրեական գործով Դատավորի կողմից խախտում թույլ տալու հանգամանքը՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

Քրեական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հանցանք կատարած անձին քրեական պատասխանատվության, պատժի կամ քրեաիրավական ներգործության այլ միջոցների ենթարկելը կամ քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը պետք է լինի արդարացի՝ ապահովելով ինչպես կիրառվող օրենսդրության, այնպես էլ պետական հակազդեցության համաչափությունը կատարած հանցանքին, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը:

Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե դատարանը հանցանք կատարած անձի նկատմամբ կարճաժամկետ ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու կամ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս հանգում է հետևության, որ պատժի նպատակների իրականացումը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան՝ 1-5 տարի ժամկետով, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո և պարտավոր է կատարել դատարանի որոշմամբ սահմանված պարտականությունները: Փորձաշրջանի ընթացքում դատարանի կողմից նշանակվող պարտականություններն են՝

1) կրթական և մշակութային ծրագրերին մասնակցելը, այդ թվում՝ նոր արհեստ կամ մասնագիտություն ձեռք բերելը,

2) առանց դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի համաձայնության Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելը,

3) բնակության վայրը փոխելու դեպքում դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնին սեղմ ժամկետում իր նոր բնակության վայրի հասցեն հայտնելը,

4) ոգելից խմիչքներից (ալկոհոլից), թմրամիջոցներից, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութերից ունեցած կախվածությունից բուժման կուրս անցնելը,

5) հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելը,

6) սեռավարակից կամ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունից բուժման կուրս անցնելը,

7) տուժողի, նրա ընտանիքի անդամի, նրա խնամքի տակ գտնվող անձի կամ դատարանի կողմից նշված այլ անձի հետ որևէ շփում ունենալու արգելքը,

8) որոշակի վայրեր այցելելու արգելքը,

9) հոգեբանական-վերականգնողական կուրս անցնելը:

Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատարանը դատապարտյալի վրա դնում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ՝ այլ պարտականություններ, որոնք կարող են նպաստել նրա վերասոցիալականացմանը:

Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե դատապարտյալը փորձաշրջանի ընթացքում խուսափում է դատարանի սահմանած պարտականությունները կատարելուց, վերահսկողությունից կամ դատարանի նշանակած անվտանգության միջոցը կամ լրացուցիչ պատիժը կատարելուց, ապա համակողմանի գնահատման ենթարկելով խուսափելու պատճառները՝ դատարանը վերացնում է անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի կամ դատապարտյալի միջնորդությամբ մինչև 1 տարի ժամկետով երկարաձգում է անձի նկատմամբ նշանակված փորձաշրջանի ժամկետը, այդ թվում` առավելագույն` 5 տարի ժամկետով նշանակված փորձաշրջանի ժամկետը:

Վերոնշյալ իրավադրույթների համակարգային վերլուծությունից հետևում է, որ դատարանը պարտավոր է պատիժը պայմանականորեն չկիրառելիս սահմանել փորձաշրջան և դատապարտյալի վրա դնել օրենքով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը, իսկ վերջինս, փորձաշրջանի ընթացքում գտնելով դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո, պարտավոր է կատարել դատարանի որոշմամբ իր վրա դրված համապատասխան պարտականությունը կամ պարտականությունները, ինչի չկատարումը կարող է հանգեցնել օրենքով նախատեսված հետևանքների։

Տվյալ դեպքում Դատավորի կողմից 05052023 թվականին թիվ ԱՐԴ/0267/01/22 քրեական գործով կայացված դատավճռով մեղադրյալ ՄԱ-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և որպես պատիժ նշանակվել է ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով։ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության վրա։ Մինչդեռ դատավճռով փորձաշրջանի ընթացքում Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված որևէ պարտականություն (կամ մի քանիսը) դատապարտյալի վրա չի դրվել:

Նման պայմաններում Խորհուրդը գտնում է, որ օրենքով նախատեսված իմպերատիվ պահանջն անտեսելու արդյունքում Դատավորը ոչ իրավաչափորեն գտել է, որ սահմանված փորձաշրջանի ընթացքում դատապարտյալի վարքի նկատմամբ պետք է սահմանել միայն վերահսկողություն՝ այն դնելով համապատասխան ծառայության վրա՝ առանց Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասի ուժով նույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը դատապարտյալի վրա դնելու:

Ինչ վերաբերում է Դատավորի այն փաստարկին, թե վերը նշված դրույթը միանշանակ չի պարտավորեցնում դատարանին սահմանել պարտականություններից մեկը կամ մի քանիսը, այլ ուղղակի սահմանում է պարտականությունների ցանկ, որը դատարանը կարող է սահմանել, ինչը հաստատվում է նաև նույն հոդվածով՝ դատարանի կողմից սեփական նախաձեռնությամբ նաև այլ պարտականություններ սահմանելու հնարավորությամբ, ապա Խորհրդի գնահատմամբ այն հերքվում է հոդվածի պարզ ուսումնասիրությամբ և տառացի մեկնաբանությամբ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Այսպես, օրենսդիրը Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածում դատարանի համար հայեցողություն սահմանել է՝ օգտագործելով «կարող է» բառերը, ինչով նախատեսել է բոլոր այն դեպքերը, երբ դատարանը կարող է կայացնել այս կամ այն որոշումը, օրինակ՝ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը կարող է նշանակել նաև լրացուցիչ պատիժ, ինչպես նաև անվտանգության միջոց (Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 8-րդ մաս): Մինչդեռ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերի իմպերատիվ բնույթը հաստատվում է նրանով, որ օրենսդիրը կիրառել է «Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը սահմանում է փորձաշրջան», «Դատարանը դատապարտյալի վրա դնում է սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը» ձևակերպումները, ուստի Դատարանն այս իրավադրույթների ուժով կաշկանդված է առաջնորդվելու բացառապես պահանջի հրամայականով, քանի որ կիրառելի իրավական դրույթը հայեցողության հնարավորություն չի վերապահում: Այսինքն՝ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասը որևէ ողջամիտ տրամաբանությամբ և մեկնաբանության որևէ կանոնի կիրառմամբ չէր կարող ընկալվել և կիրառվել որպես փորձաշրջանի ընթացքում որոշակի պարտականություն դնելու դատարանի հայեցողական լիազորություն։ Նշված պատճառաբանությամբ հերքվում է Դատավորի այն պնդումը, որ Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմամբ է արձանագրվել, որ փորձաշրջանի ընթացքում պարտականություն դնելը պարտադիր է և նշված նախադեպային դիրքորոշումն իսկ պայմանավորված է եղել օրենքի միատեսակ կիրառության ապահովման անհրաժեշտությամբ։

Ինչ վերաբերում է Դատավորի ներկայացրած այն փաստարկին, որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով ևս սահմանված չի եղել դատարանի՝ դատապարտյալի վրա որևէ պարտականություն դնելու պարտականությունը, ապա Խորհրդի գնահատմամբ հիշյալ փաստարկը ոչ թե հերքում, այլ հաստատում է գործող Քրեական օրենսգրքով պարտականություններ սահմանելու իմպերատիվ պահանջի առկայությունը, քանի որ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված և ներկայումս ուժը կորցրած Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգավորման համաձայն՝ «5. Պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս դատարանը դատապարտյալի վրա կարող է դնել որոշակի պարտականություններ՝ չփոխել մշտական բնակության վայրը, բուժման կուրս անցնել ալկոհոլամոլությունից, թմրամոլությունից, վեներական հիվանդությունից կամ թունամոլությունից, նյութական օգնություն ցույց տալ ընտանիքին: (…)»:

Խորհուրդը հարկ է համարում ընդգծել նաև, որ դատարանի կողմից սահմանված փորձաշրջանի և դրա ընթացքում դատապարտյալի վրա դրվող պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը էական նշանակություն ունի ոչ միայն նրա վերասոցիալականացման, այլ նաև դրանք խախտելու դեպքում անձի իրավական կարգավիճակի և վրա հասնող հետևանքները որոշելու համար:

Միաժամանակ Խորհուրդը փաստում է, որ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ փորձաշրջանի ընթացքում դատապարտյալի կողմից դատարանի սահմանած պարտականությունները կատարելուց խուսափելու հետևանքը պետք է լիներ դատարանի կողմից անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու որոշումը վերացնելը, ինչը Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պարտականությունները կայացված դատավճռով չսահմանելու պարագայում հնարավոր չէր լինի ապահովել:

Խորհուրդը կարևոր է համարում արձանագրել նաև, որ կայացված դատավճռով Դատավորը անձի նկատմամբ կիրառված բացակայելու արգելք խափանման միջոցը թողել էր անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը, ինչից օրինաչափորեն կարելի է հանգել հետևության, որ չսահմանելով Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված Հայաստանի Հանրապետության տարածքը չլքելու պարտականությունը, դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, հնարավորություն էր ապահովվել անձին անխոչընդոտ լքելու ՀՀ տարածքը, ինչով անհնարին կդառնար Պրոբացիայի ծառայության կողմից վերահսկողություն իրականացնելու գործառույթը՝ Դատավորի կողմից նշանակված փորձաշրջանը դարձնելով ինքնանպատակ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորը տվյալ դեպքում անձի նկատմամբ փորձաշրջանի ընթացքում որևէ պարտականություն չսահմանելով, խախտել է Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը:

Քննարկելով վարույթ հարուցած մարմնի կողմից ներկայացված՝ թիվ ԱՐԴ/0017/08/23 դատական գործով Դատավորի կողմից խախտում թույլ տալու հանգամանքը՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

Քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի համաձայն՝

«1. Քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքում կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց1:

2. Բացառապես քննիչի որոշման հիման վրա են կատարվում՝

1) դեպքի վայր հանդիսացող բնակարանում սկզբնական զննումը.

2) արտաշիրմումը.

3) խուզարկությունը, բացառությամբ բնակարանի խուզարկության, թվային խուզարկության և սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` անձնական խուզարկության.

4) առգրավումը, բացառությամբ բնակարանում կատարվող առգրավման, նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավման, էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավման, բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավման.

5) քննումը:

3. Բացառապես դատախազի թույլտվությամբ են կատարվում՝

1) սույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջը.

2) պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի առգրավումը:

4. Բացառապես դատարանի որոշման հիման վրա են կատարվում՝

1) բնակարանում խուզարկությունը և առգրավումը.

2) դեպքի վայր չհանդիսացող բնակարանում զննումը և դեպքի վայր հանդիսացող բնակարանում հետագա զննումը.

3) թվային խուզարկությունը.

4) նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը.

5) բժշկական, նոտարական, բանկային կամ հարակից գաղտնիք պարունակող փաստաթղթերի և առարկաների առգրավումը.

6) էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների առգրավումը.

7) սույն օրենսգրքի 232-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվության պահանջը։»:

Քրեական դատավարության օրենսգրքի 291-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքով սահմանված պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում դատարանը քննում է՝ սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որևէ քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդությունը»:

Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ապացուցողական գործողություն կատարելու, ինչպես նաև գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա:

2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝

1) իրավասու դատարանի անվանումը.

2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.

3) միջնորդությունը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը, ժամը և րոպեն.

4) վարույթի համարը.

5) այն անձի վերաբերելի տվյալները, որի սահմանադրական իրավունքը միջնորդվում է սահմանափակել.

6) միջնորդվող ապացուցողական գործողությունը, ինչպես նաև դրա կատարման վերաբերելի պայմանները, այդ թվում՝ ժամկետները.

7) միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքը.

8) գաղտնի քննչական գործողության ժամկետի երկարաձգման միջնորդության դեպքում` գաղտնի քննչական գործողության կատարման ընթացքում ստացված արդյունքը.

9) այն փաստարկները, որոնք հիմնավորում են անձի սահմանադրական իրավունքի սահմանափակման անհրաժեշտությունը և համաչափությունը, այդ թվում՝ միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքն այլ եղանակով ստանալու ողջամիտ անհնարինությունը.

10) միջնորդությանը կցվող նյութերի ցանկը։

3. Միջնորդությանը կցվում է քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրության պատճենը, ինչպես նաև միջնորդության հիմնավորվածությունը հաստատող անհրաժեշտ նյութերի պատճենները, իսկ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելու մասին որոշում կայացված լինելու դեպքում՝ նաև դատարանի համապատասխան որոշման պատճենը։

(…)

9. Ապացուցողական գործողություն կատարելու միջնորդությունն ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու միջնորդությունն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան հաջորդ օրը դատարանը կայացնում է համապատասխան վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին որոշում:

10. Վարույթ հարուցելու մասին որոշման մեջ նշվում է այն գրավոր, իսկ սույն օրենսգրքի 264-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ բանավոր ընթացակարգով իրականացնելու մասին: Բանավոր ընթացակարգով վարույթ իրականացնելու դեպքում որոշման մեջ նշվում են դատական նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը, օրը և ժամը: Դատական նիստը նշանակվում է հնարավոր ամենակարճ ժամկետում: Դատական նիստի ժամանակը որոշելիս հաշվի է առնվում միջնորդվող ապացուցողական գործողությունից ակնկալվող արդյունքի կորստի կամ վնասման հավանականությունը:

11. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն հոդվածի 2-8-րդ մասերով սահմանված որևէ պայման։ Վարույթի հարուցման մերժումը խոչընդոտ չէ նոր միջնորդություն ներկայացնելու համար։

(…)»:

Թիվ ԱՐԴ/0017/08/23 դատական գործով 09032023 թվականին Դատավորը կայացրել է «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշում այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության քննիչի պաշտոնակատարի ներկայացրած միջնորդությունն ընդգրկված չէ դատարանի կողմից քննության ենթակա գործողություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունների շրջանակում:

Մինչդեռ Խորհրդի գնահատմամբ ապացուցողական գործողություն կատարելու վարույթի հարուցման փուլում դատարանն իրավասու է անդրադառնալու միայն քննիչի միջնորդության բովանդակությանը և դրան կցվող փաստաթղթերին օրենքով ներկայացվող պայմանների պահպանվածության հարցին, և ըստ այդմ՝ կայացնելու վարույթ հարուցելու կամ այն մերժելու մասին որոշում։

Ինչ վերաբերում է Դատարանի այն փաստարկին, որ միջնորդությունը չի պարունակել Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ ապացուցողական գործողություն, ապա Խորհուրդը փաստում է, որ այն անհիմն է, քանի որ «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշումը չի պարունակել Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասով միջնորդությանը վերաբերող ձևական պահանջներից որևէ մեկը չկատարելու հիմնավորում:

Խորհուրդն արձանագրում է, որ հիշյալ որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով այն, որ քննիչի միջնորդությամբ չի ներկայացվել Քրեական դատավության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա կատարվող քննչական գործողությունների շրջանակում կատարվելիք գործողություն՝ մատնանշելով նույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ Օրենսգրքի 232-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված տվյալներ պարունակող տեղեկատվություն ստանալու պահանջը կատարվում է բացառապես դատախազի թույլտվությամբ:

Խորհրդի գնահատմամբ Դատավորի ենթադրություններն առ այն, որ «(…) կարճ հաղորդագրությունների (SMS) վերծանումները» եզրույթը Քրեական դատավորության օրենսգրքում ամրագրված չէ և չունի քրեաիրավական բովանդակություն, հերքվում են այն հիմնավորմամբ, որ դրանք բխում են Քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի իրավակարգավորումից, որի համաձայն՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա կատարվում է նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդը փաստում է, որ Դատավորի կողմից 09032023 թվականին կայացված «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշումը չի վերաբերել վարույթի հարուցման փուլում քննարկման ենթակա հարցերին, դրանում ստուգման չի ենթարկվել Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանվածության հարցը, այլ քննարկման առարկա է դարձվել քննիչի կողմից խնդրարկվող գործողության բնույթին վերաբերող հարցեր՝ խախտելով Քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասի և 292-րդ հոդվածի պահանջները:

Քննարկելով վարույթ հարուցած մարմնի կողմից ներկայացված՝ թիվ ԱՐԴ/0018/06/23 քրեական գործով Դատավորի կողմից խախտում թույլ տալու հանգամանքը՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը.Քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «1. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել ինչպես առանձին, այնպես էլ համակցված, եթե հնարավոր է ապահովել դրանց պայմանների միաժամանակյա պահպանումը:

2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կարող է կիրառել միայն դատարանը: Դատական վարույթում դատարանն իրավասու է կիրառելու նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները:

3. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները կարող է կիրառել`

1) քննիչը` մինչև մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին դատախազին հանձնելը.

2) հսկող դատախազը` մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին քննիչից ստանալու պահից մինչև դրանք դատարան հանձնելը.

3) դատարանը` խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը լուծելիս:

4. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները քննիչը կարող է կիրառել բացառապես հսկող դատախազի համաձայնությամբ:

5. Այլընտրանքային խափանման միջոցները կարող են կիրառվել սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հանգամանքների վերաբերյալ ողջամիտ ենթադրության առկայության դեպքում:»:

Քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոցներն են կալանքը և այլընտրանքային խափանման միջոցները։

2. Այլընտրանքային խափանման միջոցներն են`

1) տնային կալանքը.

2) վարչական հսկողությունը.

3) գրավը.

4) պաշտոնավարման կասեցումը.

5) բացակայելու արգելքը.

6) երաշխավորությունը.

7) դաստիարակչական հսկողությունը.

8) զինվորական հսկողությունը:»:

Քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը

1) միջնորդությունը մերժելու մասին.

2) միջնորդությունը մասնակի բավարարելու մասին.

3) միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու մասին։

2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝

1) հայտնաբերում է սույն օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված որևէ հանգամանք.

2) չի հաստատվում մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածը.

3) հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցը ենթակա է լուծման վարույթի համապատասխան հանրային մասնակիցների կողմից` իրենց իրավասության սահմաններում.(…)»:

Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/1194/06/21 դատական գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ին կայացված որոշմամբ, անդրադառնալով խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության վերաբերյալ որոշմանը, նշել է, մասնավորապես, «(…) կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդության քննության արդյունքում, Առաջին ատյանի դատարանը, հանգելով հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել առավել մեղմ խափանման միջոցի կիրառմամբ, իրավասու չէր կիրառել խափանման միջոց գրավը, քանի որ դրա կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցի լուծումը դուրս է խափանման միջոցների դատական երաշխիքների շրջանակից: (…) … այն դեպքերում, երբ դատարանը միջնորդության քննության արդյունքում գտնում է, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար ոչ միայն միջնորդվող կալանքի, այլև իր իրավասությանը վերապահված խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունը բացակայում է, ապա դատարանը պետք է մերժի քննիչի միջնորդությունը՝ առավել մեղմ խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման հարցի լուծումը թողնելով վարույթի համապատասխան հանրային մասնակիցների հայեցողությանը:»:

Տվյալ դեպքում, թիվ ԱՐԴ/0018/06/23 դատական գործով Դատարանի կողմից 08062023 թվականին կայացված «Մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ թիվ 48124723 քրեական վարույթով մեղադրյալ ՀՄ-ին կալանքի տակ պահելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը մերժվել է, պաշտպանի միջնորդությունը՝ բավարարվել և մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցություն կիրառվել է գրավ՝ 1000000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելք։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Խորհուրդն արձանագրում է, որ քննարկվող դատավարական փուլում` մինչդատական վարույթում, մեղադրյալի նկատմամբ որպես համակցված այլընտրանքային խափանման միջոցներ՝ գրավը և բացակայելու արգելքը կիրառելով, Դատարանը խախտել է Քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ և 288-րդ հոդվածների պահանջները:

Վերոգրյալը հաստատվում է նաև Դատավորի կողմից կայացված որոշումից շուրջ 6 (վեց) ամիս առաջ Վճռաբեկ դատարանի կողմից ԵԴ/1194/06/21 դատական գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ին որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշմամբ, ըստ որի՝ «(…) Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննելիս, դատարանը գտնելով, որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ, իրավասու է կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն միայն այն դեպքում, երբ այդպիսի խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառման դեպքում դրա մեջ ներառված խափանման միջոցների առնվազն մեկի ընտրության լիազորությունը վերապահված է դատարանին: (…)»:

Նման պայմաններում, գնահատելով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման ակնհայտությունը, Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորին մեղսագրվող նյութական և դատավարական նորմերի խախտման առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով, և Խորհրդի գնահատմամբ իրենց ամբողջության մեջ Դատավորի ոչ իրավաչափ գործողությունները հեղինակազրկել են դատական իշխանությունը՝ նվազեցնելով դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը և վնասելով դատավորի բարձր պաշտոնի հանրային ընկալումը:

Խորհուրդն արձանագրում է նաև, որ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Քրեական օրենսգիրքը և 2021 թվականի հունիսի 30-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը գործողության մեջ են դրվել 2022 թվականի հուլիսի 1-ից հետո, իսկ Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի վերագրվող խախտումները ներառում են 2023 թվականի մարտ-հունիս ամիսների ժամանակահատվածը, ուստի այս հանգամանքը կարող էր որոշակի առումով Դատավորի ծանրաբեռնվածության պայմաններում հանգեցնել կիրառելի նորմերի տարընկալման, սակայն Խորհուրդը գտնում է, որ վերոգրյալը չի կարող նվազեցնել Դատավորի մասնագիտական պատրաստավածությունը բարձր պահելու, դատական իշխանության առջև դրված խնդիրները բարձր որակով և պատշաճ լուծելու, որակյալ արդարադատություն իրականացնելու և դրանով իսկ դատական իշխանության հեղինակությունը բարձր պահելու հրամայականն ու անհրաժեշտությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Խորհուրդը փաստում է, որ վերը վկայակոչված նյութական և դատավարական նորմերի խախտումները հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերի համապատասխան վարքագծի կանոնների խախտմանարդյունքում Դատավորը չի լուծել իրեն վերապահված հարցերը, չի ապահովել անհրաժեշտ ու բավարար մասնագիտական պատրաստվածություն, չի ապահովել գործի ողջամիտ ժամկետում քննություն, և անձինք այդ գործերով ստիպված են եղել իրենց իրավունքները պաշտպանել վերադասության կարգով՝ դատական ակտերի բողոքարկման միջոցով:

Գնահատման առարկա դարձնելով Դատավորի կողմից թույլ տրված արարքում մեղքի առկայության հարցը՝ Խորհուրդն արձանագրում է հետևյալը.

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ օրենսդրի կողմից արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման վարքագծի առումով առանձնացվել են մեղքի դրսևորման երկու ձևեր՝ դիտավորություն և կոպիտ անփութություն:

Խորհուրդը փաստում է, որ դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ:

Անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումների մեղքի ձևին և հաշվի առնելով Դատավորի կողմից թույլ տրված կարգապահական խախտումներին իրավական գնահատականի վերաբերյալ ներկայացված փաստարկները, դատավարական հենք չունեցող ենթադրությունների վրա հիմնված գործողությունները, թույլ տրված կարգապահական խախտման նկատմամբ հոգեբանական վերաբերմունքը և բացատրությամբ ներկայացված տեղեկությունները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու վերաբերյալ ապացույցներ չներկայացվելու հանգամանքը՝ Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորն իրեն վերագրվող խախտումները թույլ է տվել կոպիտ անփութությամբ, չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։

Խորհուրդը հավելում է, որ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Խորհուրդը հաշվի է առնում, որ սույն կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

Միաժամանակ, Դատավորի նկատմամբ կիրառման ենթակա կարգապահական տույժի համաչափության տեսանկյունից, Խորհուրդն էական է համարում սույն գործի փաստերն ու խախտումների բնույթը, մարդու իրավունքների խախտման տեսանկյունից՝ հետևանքների փաստացի բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, բավարարել: Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին հայտարարել խիստ նկատողություն:

2 Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

______________________

1 Մեջբերումը՝ գործող քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածից, քանի որ ենթադրյալ կարգապահական խախտումը կատարելու ժամանակահատվածի խմբագրությամբ վերաբերելի դրույթները որևէ փոփոխության չեն ենթարկվել, իսկ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ԱԺ կողմից ընդունված ՀՕ-393-Ն որոշմամբ հիշյալ հոդվածը լրացվել է 7-րդ կետով, որը ենթադրայլ կարգապահական խախտման հետ առնչություն չունի:

 

Բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Ա. Աթաբեկյան

 

Անդամներ`

Հատուկ կարծիք

Հատուկ կարծիք

 

Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ա. Հարությունյան
Էդ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 դեկտեմբերի 2025 թվական:

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ ԵՎ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ

 

«25» նոյեմբերի 2025թ.

ք. Երևան

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:»:

Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 27.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետի համաձայն՝ «(…) Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար:»:

Վերոնշյալ աշխատակարգի 97-րդ կետի համաձայն՝ «Հատուկ կարծիքը Խորհրդի անդամների կողմից կարող է ներկայացվել ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասնական։ Հատուկ կարծիքը Խորհրդի մեկից ավելի անդամների կողմից ներկայացվելու դեպքում, այն ստորագրում են ներկայացրած բոլոր անդամները:»:

Արժևորելով ստորև քննարկվող հարցերի շուրջ Խորհրդի անդամների (նախագահ՝ Ա. Աթաբեկյան, անդամներ՝ Ա. Աբրահամյան, Մ. Համբարձումյան, Ա. Հայրապետյան, Ա. Հարությունյան, Էդ. Հովհաննիսյան, Ք. Մկոյան) ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին (այսուհետ՝ Դատարան կամ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը բավարարելու և նրան խիստ նկատողություն հայտարարելու վերաբերյալ Խորհրդի՝ 2025 թվականի նոյեմբերի 25-ի որոշման եզրափակիչ մասի առնչությամբ մնում ենք հատուկ կարծիքի՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:

Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա։

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել:

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննելու արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը կարող է դատավորի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը.

1) նախազգուշացում.

2) նկատողություն.

3) խիստ նկատողություն. (...)

4) էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Վերոգրյալ իրավանորմերի բովանդակային վերլուծությունից հետևում է, որ պատասխանատվության միջոցները, որոնք կարող են կիրառվել սահմանվում են օրենքով և դրանց կիրառումն իրականացվում է համաչափության սկզբունքով: Այլ կերպ ասած՝ օրենսդիրը դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը սահմանելով որպես իրավաբանական պատասխանատվության տեսակ, կարգապահական պատասխանատվության ենթարկելու սկզբունքների շարքում, ի թիվս այլնի, սահմանել է համաչափության սկզբունքը։ Ընդ որում, հարկ է նկատել, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վարույթում համաչափության սկզբունքի բաղադրատարր հանդիսացող պատժաչափի տարբերակման սկզբունքի ապահովման տեսանկյունից, օրենսդիրը կարևոր է համարել դատավորի նկատմամբ կարգապահական տույժ նշանակելիս հաշվի առնել խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Տվյալ դեպքում, հաշվի առնելով, որ Խորհրդի որոշումներին ներկայացվող կարևորագույն պահանջներից մեկը դրանց հիմնավորվածությունն է, ինչը ենթադրում է ինչպես արարքը կարգապահական խախտում որակելու, այնպես էլ խախտման բնույթի նկարագրությանն ու ընտրված կարգապահական պատասխանատվության միջոցի համաչափությանը մանրամասն անդրադառնալու պահանջ, ուստի սույն կարծիքի շրջանակներում կարևոր ենք համարում անդրադառնալ Դատավորին պատասխանատվության ենթարկելու դեպքում վերջինիս կատարած խախտման և Խորհրդի կողմից կարգապահական տույժի ընտրության միջև համաչափության հարաբերակցության հարցին՝ արձանագրելով հետևյալը.

Սահմանադրության 162-րդ հոդվածը նախատեսում է՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:

ՀՀ սահմանադրական դատարանն իր 2016 թվականի հուլիսի 08-ի ՍԴՈ-1291 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(...) Հանրային իշխանության իրականացումը, նախևառաջ, սահմանափակվում է իրավական պետության գաղափարից բխող՝ համաչափության ընդհանուր սկզբունքով, որը հանդիսանում է իրավական պատասխանատվության, այդ թվում՝ վարչական պատասխանատվության, հիմքում ընկած կարևորագույն սկզբունքներից մեկը»:

Միաժամանակ, ՀՀ սահմանադրական դատարանն իր՝ 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546 որոշմամբ, անդրադառնալով համաչափության սկզբունքի բովանդակությանը, նշել է, որ իր բազմաթիվ որոշումներում անդրադարձել է համաչափության սկզբունքին և, ի թիվս այլոց, վկայակոչել իր՝ 2010 թվականի հոկտեմբերի 12-ի ՍԴՈ-920 որոշումը, այն է՝ «(...) համաչափության սկզբունքը պահանջում է ապահովել արդարացի հավասարակշռություն սահմանվող պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև», ինչպես նաև 2010 թվականի նոյեմբերի 16-ի ՍԴՈ-924 որոշմամբ արտահայտած հետևյալ իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ «(...) իրավաբանական պատասխանատվության հիմքում ընկած համաչափության սահմանադրական սկզբունքը պահանջում է նաև, որ սահմանված պատասխանատվության չափը լինի տարբերակված՝ ելնելով կատարված արարքի ծանրությունից, հանրային վտանգավորության աստիճանից, պատճառված վնասից, մեղքի աստիճանից և այլ էական հանգամանքներից»:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ կարգապահական վարույթն ի թիվս այլ սկզբունքների, իրականացվում է նաև դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության սկզբունքի հիման վրա: Ընդ որում, օրենսդրորեն Խորհրդին իրավունք է վերապահվել կարգապահական խախտում թույլ տված դատավորի նկատմամբ կիրառել օրենքով սահմանված կարգապահական տույժերից որևէ մեկը՝ դրա ընտրությունը պայմանավորելով մի շարք հանգամանքներով: Այլ կերպ ասած, դատավորի նկատմամբ պատասխանատվության համապատասխան միջոցը (կարգապահական տույժի տեսակը) ընտրելիս և այն կիրառելիս պետք է պահպանվի համաչափությունը, որը կհամապատասխանի դատավորի կողմից կատարված խախտման ծանրության աստիճանին և դրա արդյունքում վրա հասնող իրավական հետևանքներին: Այսինքն՝ առավել նվազ ծանրության կարգապահական խախտման դեպքում պետք է կիրառվի առավել մեղմ կարգապահական պատասխանատվության միջոց և հակառակը։

Այսպիսով, Սահմանադրությամբ և Օրենսգրքում «դատավորի կարգապահական պատասխանատվության» ինստիտուտը սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել ամրագրելու դրա հիմնարար բնույթը և նշանակությունը, ընդգծելու դատավորի գործունեության և նրան պատասխանատվության ենթարկելու ինստիտուտների կարևորության աստիճանը և ունեցած դերը հանրային կյանքում։ Հետևաբար, արդարադատության իրականացման ամբողջականությունը ենթադրում է սպառիչ բնույթ, այսինքն՝ պետք է անդրադարձ կատարվի վերագրվող արարքի և նախատեսված տույժի տեսակի համաչափությանը։ Միայն վերոնշյալը հաշվի առնելով հնարավոր կլինի ապահովել տույժ նշանակելիս արդարության սկզբունքի պահպանությունը: Տույժն արդարացի է, եթե համաչափ է կատարված արարքին, ինչպես նաև բավարար տույժի նպատակներին հասնելու տեսանկյունից: Արդարության պահանջները չպահպանելը կարող է հանգեցնել չափազանց մեղմ կամ չափազանց խիստ տույժի նշանակման: Հետևաբար, կոնկրետ կարգապահական վարույթով տույժ կիրառելիս Խորհուրդը պետք է հաշվի առնի խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Ընդ որում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես իր բազմաթիվ նախադեպային որոշումներում անդրադառնալով համաչափության սկզբունքին նշել է, որ կիրառվող միջոցների և դրանց նպատակների մեջ պետք է լինի ողջամիտ համաչափություն1:

Ամփոփելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ դատավորի նկատմամբ կարգապահական տույժի կիրառումն ինքնանպատակ չէ, այն ուղղված է պատասխանատվության միջոցի ու չափի և պատասխանատվության սահմանմամբ հետապնդվող իրավաչափ նպատակի միջև արդարացի հավասարակշռություն ապահովելուն, որպիսի պայմաններում դրա կիրառումը չի կարող կրել ձևական բնույթ, ուստիև տույժ նշանակելիս պետք է իրավական գնահատման ենթարկել դատավորի կատարած խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դրա ծանրությունը, դատավորի անձը և օրենքով նախատեսված ուշադրության արժանի այլ հանգամանքներ: Ընդ որում, Խորհուրդը ևս իր նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է տույժ նշանակելիս համաչափության սկզբունքի պահպանման կարևորությանը։

Համաչափության սկզբունքի տեսանկյունից կարևորվում է նաև այն հանգամանքը, որ Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասում օրենսդիրն ուշադրության արժանի այլ հանգամանքները սպառիչ չի սահմանել, այնքանով, որքանով դրանք յուրաքանչյուր դեպքում կարող են ունենալ տարբեր դրսևորումներ:

Տվյալ դեպքում, ըստ վարույթ հարուցած մարմնի, Դատարանը թիվ ԱՐԴ/0267/01/22 քրեական գործով մեղադրյալ Միհրան Ռաֆիկի Ավդալյանին 05.05.2023 թվականի դատավճռով մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ նշանակել է ազատազրկում երկու տարի ժամկետով, միևնույն ժամանակ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի կիրառմամբ՝ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով սահմանել է փորձաշրջան երկու տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության վրա, սակայն անտեսել է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու և փորձաշրջան սահմանելու դեպքում դատապարտյալի վրա պարտադիր կատարման նպատակով պարտականություններ դնելու վերաբերյալ Քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված օրենսդրական իմպերատիվ պահանջը:

Դատավորը ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության քննիչի պաշտոնակատարի կողմից ներկայացված «Բջջային հեռախոսակապի միջոցով կատարված հաղորդակցության տվյալների, հեռախոսազանգերի վերծանումներն առգրավելու մասին» միջնորդության վարույթ ընդունման փուլում, կրելով միջնորդության վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածով նախատեսված ձևական պահանջների առկայությունը ստուգելու պարտականություն, քննարկման առարկա է դարձրել այդ փուլին չվերաբերող հարցեր և թիվ ԱՐԴ/0017/08/23 գործով 09.03.2023 թվականին կայացրել է՝ «Վարույթ հարուցելը մերժելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ միջնորդությամբ ակնկալվող գործողության կատարումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ բացառապես դատարանի որոշման հիման վրա կատարվող քննչական գործողությունների շրջանակում նախատեսված չէ, անտեսելով այն հանգամանքը, որ ելքային և մուտքային զանգերի և կարճ հաղորդագրությունների վերծանումներն առգրավելու վերաբերյալ ապացուցողական գործողությունը ներառված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 209-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետում՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավումը ձևակերպման շրջանակներում:

Բացի այդ, Դատավորը քննության առնելով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության ավագ քննիչի՝ թիվ 48124723 քրեական վարույթով մեղադրյալ Հակոբ Ռուբենի Մարգարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը՝ թիվ ԱՐԴ/0018/06/23 գործով 08.06.2023 թվականին կայացված որոշմամբ մերժել է այն և բավարարել պաշտպան Բակուր Օհանյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Հակոբ Ռուբենի Մարգարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ կիրառելով գրավ՝ 1.000.000 ՀՀ դրամի չափով և բացակայելու արգելք, այն հիմնավորմամբ, որ. «Գործում առկա նյութերի ուսումնասիրությունը Դատարանին թույլ է տալիս գալ այն հետևության, որ մեղադրյալ Հակոբ Մարգարյանի օրինական վարքագիծը, այդ թվում՝ խոչընդոտելու, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հիմքերը և նոր հանցանք կատարելու մտավախությունը հնարավոր է ապահովել կալանավորման այլընտրանքային խափանման միջոցների, տվյալ դեպքում՝ գրավի և բացակայելու արգելքի կիրառմամբ», որպիսի պայմաններում անտեսել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և նույն օրենսգրքի 122-րդ հոդվածի իրավակարգավորումների հիմքով կիրառված այլընտրանքային խափանման միջոցների Դատարանի կողմից այլևս կիրառելի չլինելու հանգամանքը, քանի որ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցի քննությունը ենթակա էր վարույթի համապատասխան հանրային մասնակիցների իրավասությանը:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև Դատավորի կողմից 10.11.2025 թվականին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում իրեն վերագրված կարգապահական խախտումների ընդունված լինելու հանգամանքը, նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի թիվ ԱՐԴ/0267/01/22, թիվ ԱՐԴ/0017/08/23 և թիվ ԱՐԴ/0018/06/23 գործերով կայացված որոշումներում տեղ գտած արձանագրումներն ու Խորհրդի 25.11.2025 թվականի թիվ ԲԴԽ-77-Ո-Կ-15 որոշման եզրահանգումները՝ գտնում ենք, որ թիվ ԱՐԴ/0267/01/22, թիվ ԱՐԴ/0017/08/23 և թիվ ԱՐԴ/0018/06/23 գործերով համապատասխանաբար 05.05.2023, 09.03.2023 և 08.06.2023 թվականներին կայացված դատական ակտերում ի պաշտոնե գործելիս դատավորի վարքագծի կանոնների խախտման հանգեցրած նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներն ակնհայտորեն անհերքելի են, որպիսի պայմաններում հարկ ենք համարում անդրադառնալ Դատավորի կողմից թույլ տրված խախտումների համար հիմք հանդիսացած մասնագիտական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակի առկայության, ինչպես նաև արարքի հետևանքների գնահատման հարցերին՝ արձանագրելով, որ.

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Guðmundur Andri Ástráðsso-ն ընդդեմ Իսլանդիայի2 գործով անդրադառնալով «տրիբունալ» հասկացությանը հատուկ ընդգծել է, որ այն պետք է բաղկացած լինի հատուկ ընտրված դատավորներից, այն է՝ այդ դատավորները պետք է բավարարեն տեխնիկական կոմպետենտության և բարոյական հատկանիշների պահանջներին, որպեսզի իրականացնեն տվյալ պետությունում օրենքի գերակայության սկզբունքով պահանջող դատական գործառույթներ (§§ 220-221)։ Սովորական դատավորների նշանակման պատշաճ ընթացակարգը խիստ կարևոր է, որպեսզի նշված ասպեկտներով ամենաբարձր որակավորում ունեցող թեկնածուները նշանակվեն դատական պաշտոնների։ Որքան բարձր է «տրիբունալի» դիրքը դատական հիերարխիայում, այնքան խիստ պետք է լինեն ընտրության կիրառելի չափանիշները։ Ավելին, ոչ պրոֆեսիոնալ դատավորները կարող են ենթարկվել ընտրության տարբեր չափանիշների, մասնավորապես, երբ հարցը վերաբերում է անհրաժեշտ տեխնիկական գիտելիքներին։ Նման արժանիքների վրա հիմնված ընտրությունը ոչ միայն ապահովում է դատական մարմնի՝ որպես «տրիբունալ», արդարադատություն իրականացնելու տեխնիկական ունակությունը, այլ նաև շատ կարևոր է այն իմաստով, որ ապահովում է հասարակության վստահությունը դատական իշխանության հանդեպ և ծառայում է որպես լրացուցիչ երաշխիք դատավորների անձնական անկախության համար (§ 222)։

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդն իր հերթին անդրադառնալով դատավորների մասնագիտական վարքագիծը կարգավորող սկզբունքներին և կանոններին, ի թիվս այլնի, նշել է, որ. «(...) դատավորների մասնագիտական ​​վարքագիծը հանրության անդամների կողմից դիտվում է որպես դատարանների նկատմամբ վստահության անբաժանելի մաս։ (...) Իրենց պարտականությունները կատարելիս դատավորները պետք է գործեն այնպես, որ ցույց տան իրենց մասնագիտական կարողությունները: (...) Դատական համակարգի արդյունավետությունը պահանջում է նաև, որ դատավորներն ունենան բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքներ: Դատավորները պետք է պահպանեն իրենց բարձր մասնագիտական չափանիշները՝ վերապատրաստման միջոցով, որոնք կապահովեն նրանց անհրաժեշտ որակավորումը։ Դատավորները պետք է կատարեն իրենց գործառույթները բարեխղճորեն և ողջամիտ ժամկետում:»3:

Վերոնշյալի հաշվառմամբ հարկ է նշել, որ դատավորի մասնագիտական կոմպետենտությունը օրենսդրության խորքային իմացության, իրավական մշակույթի բարձր մակարդակի, վերլուծական հմտությունների, տեղեկատվության հետ աշխատելու ունակության, գործընթացի անթերի վերահսկողության, ինչպես նաև անհրաժեշտ անձնական որակների (օբյեկտիվություն, սթրեսակայունություն, արդարություն) և էթիկայի համադրություն է, որը ապահովում է արդարադատության արդար և ժամանակին իրականացումը, ինչը պահանջում է անընդհատ ինքնակատարելագործում և վերապատրաստում։ Զուր չէ, որ անկախությունը, անկողմնակալությունը, բարեվարքությունն ու պրոֆեսիոնալիզմը հանդիսանում են դատական համակարգի հիմնաքարային արժեքները4: Այդ իսկ պատճառով դատավորի կողմից մասնագիտական պարտականությունների ոչ պատշաճ և անբարեխիղճ կատարումը, արդարադատություն իրականացնելու վերաբերյալ դատավարական օրենսդրության կոպիտ և համակարգված խախտումները, որոնք հանգեցնում են դատավարության հիմնարար սկզբունքների խեղաթյուրմանը և հանգեցնում գործընթացի մասնակիցների իրավունքների կոպիտ խախտմանը՝ հանդիսանում են կարգապահական խախտումներ՝ ենթադրելով դատավորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում:

 

Ի պաշտոնե գործող դատավորի իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումն ապահովելու՝ Օրենսգրքով, ինչպես նաև այլ փաստաթղթերում ամրագրում ստացած կանոնի կարևորության հաշվառմամբ, անդրադառնալով Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների բնույթին, հարկ ենք համարում արձանագրել, որ դրանք ակնհայտորեն հանդիսանում են Դատավորի մասնագիտական պատրաստվածության ոչ բավարար մակարդակը բնութագրող խոսուն դրսևորումներ, որոնք իրենց ակնհայտությամբ ստվերում են դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնում են դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը՝ վնասելով դատավորի բարձր պաշտոնի վերաբերյալ հանրային ընկալումը, հետագայում ևս չբացառելով նման իրավիճակների կրկնությունը:

Անդրադառնալով թիվ ԱՐԴ/0267/01/22, ԱՐԴ/0017/08/23 և ԱՐԴ/0018/06/23 գործերով թույլ տրված խախտումների՝ ծանրաբեռնվածության և օրենսդրական փոփոխությունների արդյունքում ստեղծված անորոշության հետևանք լինելու մասին 10.11.2025 թվականին տեղի ունեցած նիստի ընթացքում ներկայացված փաստարկին, ապա հարկ ենք համարում նշել նաև, որ Քրեական օրենսգրքը և Քրեական դատավարության օրենսգիրքը գործողության մեջ են դրվել 2022 թվականի հուլիսի 1-ից, իսկ Դատավորի կողմից վերոնշյալ գործերով նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները թույլ են տրվել՝ 2023 թվականի մարտ-հունիս ամիսների ընթացքում կայացված դատական ակտերով, որպիսի պայմաններում Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության օրենսգրքի գործողության մեջ դրվելուց մինչ դատական ակտերի կայացման միջև ընկած ժամանակահատվածի տևականությունն օրենսդրական փոփոխություններին ծանոթանալու նկատմամբ անհրաժեշտ հետևողականության առկայության պարագայում ողջամտորեն հանդիսացել է բավարար ժամանակահատված դրանք յուրացնելու համար: Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ ծանրաբեռնվածությունը, որպես իրավիճակ կարող է հանգեցնել, օրինակ, որոշ դատավարական ժամկետները չպահպանելուն, այդ թվում դատական ակտը սահմանված ժամկետում չտրամադրելուն և այլն, սակայն որևէ կերպ չի կարող հանգեցնել մասնագիտական անկարողության բացահայտ դրսևորումների, որպիսի պայմաններում Դատավորի կողմից վկայակոչված ծանրաբեռնվածության հանգամանքը նման խախտումները թույլ տրված լինելը հաստատված համարելու պարագայում չի կարող դրանց գնահատման վրա ունենալ որևէ ազդեցություն:

Քննության առնելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջոցի ընտրության հարցը՝ գտնում ենք, որ ընտրվող պատասխանատվության միջոցը պետք է համաչափ լինի խախտմանը, որպիսի պարագայում անհրաժեշտ է նաև իրավական գնահատական տալ այն հարցին, թե արդյոք Դատավորի դրսևորած վարքագիծը պարունակում է բավարար հիմքեր վերջինիս կողմից թույլ տրված կարգապահական խախտումն էական գնահատելու համար:

Օրենսգրքի 142-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ էական կարգապահական խախտում է՝

1) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը, որը հանգեցրել է Սահմանադրությամբ կամ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ամրագրված՝ մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտման կամ դատական իշխանության հեղինակազրկման.

2) սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խախտումը, որը դրսևորվել է 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականությունների խախտմամբ և պայմանավորված կատարման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով՝ համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ.

3) երկու նկատողություն կամ մեկ խիստ նկատողություն ունեցող դատավորի կողմից կարգապահական խախտում կատարելը:

Կարգապահական խախտումն էական գնահատելու համար կարևոր ենք համարում արձանագրել, որ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 8-րդ և 9-րդ, 12-րդ, 15-րդ և 16-րդ կետերով և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ, 7-րդ և 8-րդ, 13-րդ և 14-րդ կետերով նախատեսված դատավորի պարտականություններից յուրաքանչյուրի խախտումը, կապված խախտման հանգամանքներով և (կամ) առաջացրած հետևանքներով կարող է դիտվել որպես էական խախտում:

Օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս անհրաժեշտ է հաշվի առնել խախտման բնույթը և հետևանքները, դիտավորությունը կամ կոպիտ անփութությունը, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Սույն գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ թիվ ԱՐԴ/0267/01/22, թիվ ԱՐԴ/0017/08/23 և թիվ ԱՐԴ/0018/06/23 գործերով համապատասխանաբար 05.05.2023, 09.03.2023 և 08.06.2023 թվականներին կայացված դատական ակտերում Դատավորի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումները հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով սահմանված վարքագծի կանոնների խախտման, այն է՝ դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց զերծ մնալու, ինքնաբացարկի հիմքերի բացակայության դեպքում օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու, առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը քննելու և լուծելու, ինչպես նաև իր պատշաճ մասնագիտական պատրաստվածությունն ու հմտությունների շարունակական կատարելագործումն ապահովելու վերաբերյալ պահանջների խախտումների, որոնք ակնհայտորեն հանդիսանում են Դատավորի մասնագիտական պատրաստվածության ոչ բավարար մակարդակը բնութագրող խոսուն դրսևորումներ, և իրենց ակնհայտությամբ ստվերում են դատական իշխանության հեղինակությունը, նվազեցնում են դատական իշխանության նկատմամբ հանրության վստահությունը՝ վնասելով դատավորի բարձր պաշտոնի վերաբերյալ հանրային ընկալումը, հետագայում ևս չբացառելով նման իրավիճակների կրկնությունը, որպիսի հանգամանքներն իրենց համակցության մեջ ստեղծում են Դատավորի արարքը, որպես էական կարգապահական խախտում գնահատելու բավարար հիմքեր:

Դատավորի կողմից Օրենսգրքի 142-րդ հոդվածի իմաստով «արարք» կատարելը ենթադրում է նաև դատական գործունեության ընթացքում դատավորի կողմից այնպիսի վարքագծի (ներառյալ` անգործության) դրսևորում, որն ակնհայտորեն կարող է կասկածի տակ դնել արդարադատությունը ՀՀ Սահմանադրությամբ և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված իրավական չափորոշիչներին համապատասխանելու հանգամանքը՝ խեղաթյուրելով դրա բուն էությունը։ Այսպիսով, Դատավորն իր գործողություններում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց: Ուստի միջնորդության քննությամբ հաստատված փաստերի հաշվառմամբ, գալիս ենք այն եզրահանգման, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումն էական կարգապահական խախտում է, որը համատեղելի չէ դատավորի կարգավիճակի հետ և վերոնշյալի համատեքստում դիտարկելով դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը նաև որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ՝ անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիք, ինչպես նաև դիտարկելով դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանն ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման5, հիմք ընդունելով սույն կարծիքում տեղ գտած վերլուծությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, գտնում ենք, որ ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանի նկատմամբ կիրառելի է էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում տույժի տեսակը:

 

____________________________

1 ՄԻԵԴ, Guérin v. France, պարբերություն 37; Omar v. France, պարբերություն 34:

2 Մանրամասն տես՝ https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-206582%22]}:

3 Մանրամասն տես՝ https://rm.coe.int/168070098d:

4 ՄԻԵԴ, Parlov-Tkalčić v. Croatia, (Application no. 24810/06), պարբերություն 86, Oleksandr Volkov v. Ukraine, (Application no. 21722/11), պարբերություն 107, Findlay v. THE United Kingdom (Application no. 22107/93), պարբերություն 73:

5 Venice Commission, CDL-PI(2018)008, Compilation of Venice Commission opinions and reports concerning courts and judges, էջ 32:

 

ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ

Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան