ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 5172-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 18.12.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.12.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.12.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 5172-Ա

«18» դեկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սաթենիկ Ավետիսյանի ներկայացուցիչ Հակոբ Սաֆարյանի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-128423-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-128423-25 դիմումի առարկայի քննության կապակցությամբ 2025 թվականի դեկտեմբերի 10-ին ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ, որին մասնակցել է Սաթենիկ Ավետիսյանի ներկայացուցիչ՝ Աշոտ Գալստյանը:

Ուսումնասիրելով 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-128423-25 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ կազմված՝ 2025 թվականի դեկտեմբերի 10-ի արձանագրությունը, գնահատելով ներկայացված պահանջին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

2006 թվականի ապրիլի 7-ին տրված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2018803 վկայականի համաձայն՝ Արման Գալստյանի և Սաթենիկ Ավետիսյանի անվամբ պետական գրանցման են ենթարկվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում՝ Կինոյի տան դիմաց գտնվող՝ 12.0քմ մակերեսով տաղավարի նկատմամբ սեփականության, իսկ 12.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքները, ինչի համար հիմք է հանդիսացել 2006 թվականի մարտի 29-ին կնքված՝ թիվ 1616 առուվաճառքի պայմանագիրը:

Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշման 1-ին կետով որոշվել է չօրինականացնել Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածում գտնվող ինքնակամ տեղադրված կրպակը: Նույն որոշման 2-րդ կետով հանձնարարվել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության ու հասարակական կարգի պահպանության ծառայության օժանդակությամբ ապամոնտաժել Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակը և անօրինական տիրապետումից ազատել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը:

Հակոբ Սաֆարյանին հասցեագրված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 23/147638-22 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածում՝ Վարդան Մամիկոնյանի հուշարձանի հարևանությամբ գտնվող՝ Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակներն ապամոնտաժվել են Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա, N 3880-Ա, N 3881-Ա և N 3882-Ա որոշումների հիման վրա: Նույն գրությամբ նաև պարզաբանվել է, որ Երևանի քաղաքապետին հասցեագրված՝ Հակոբ Սաֆարյանի 2022 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ Դ-117869 գրությանը կից ներկայացված սեփականության իրավունքի վկայականում ամրագրված՝ Արման Գալստյանին և Սաթենիկ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող կրպակը գտնվում է Կինոյի տան դիմաց, իսկ հիշյալ որոշումների հիման վրա ապամոնտաժվել են Վարդան Մամիկոնյանի հուշարձանի հարևանությամբ գտնվող՝ Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակները:

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության քննիչ Սարգիս Նազարյանին հասցեագրված՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 23/150216-22 գրությամբ տեղեկացվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածում՝ Վարդան Մամիկոնյանի հուշարձանի հարևանությամբ գտնվող՝ Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակներն ապամոնտաժվել են Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա, N 3880-Ա, N 3881-Ա և N 3882-Ա որոշումների հիման վրա: Նույն գրությամբ նաև տեղեկացվել է, որ Արման Գալստյանին և Սաթենիկ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող և սեփականության իրավունքի վկայականում ամրագրված կրպակը գտնվում է Կինոյի տան դիմաց, իսկ հիշյալ որոշումների հիման վրա ապամոնտաժվել են Վարդան Մամիկոնյանի հուշարձանի հարևանությամբ գտնվող՝ Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակները:

Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 2023 թվականի մայիսի 18-ի թիվ Ն/23893-23 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածում՝ Վարդան Մամիկոնյանի հուշարձանի հարևանությամբ գտնվող՝ Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ տեղադրված «Լավ Ղարս» կրպակն ապամոնտաժվել է Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշման հիման վրա:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/0675/05/23 վարչական գործով 2023 թվականի սեպտեմբերի 7-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (այսուհետ՝ Վճիռ) Սաթենիկ Ավետիսյանի հայցը բավարարվել է, այն է՝ Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշումը ճանաչվել է անվավեր, իսկ նույն որոշման հիման վրա Երևանի քաղաքապետարանի գործողություններն՝ ուղղված Արման Գալստյանին և Սաթենիկ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող տաղավարը քանդելուն, ճանաչվել է ոչ իրավաչափ:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի թիվ ԱՏ-24102025-01-0041 տեղեկանքով (այսուհետ՝ Տեղեկանք) հայտնվել է հետևյալը. «... ք.Երևան Կենտրոն Կինոյի տան դիմաց գտնվող շինության (սեփականության վկայական N 2018803) շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը 2022 թվականի դրությամբ ըստ կադաստրային գործի տվյալների կազմում է 3,730,987 ՀՀ դրամ, իսկ հողամասի իրավունքի տեսակը վարձակալություն է, որը ենթակա չէ կադաստրային գնահատման:»:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-128423-25 դիմումի հիմքում, որպես ոչ իրավաչափ վարչական ակտի և ոչ իրավաչափ վարչարարության (գործողության) հետևանքով առաջացած վնասը հատուցման ենթակա լինելու փաստը հիմնավորող ապացույցներ, դիմումատուի կողմից դրվել են Վճիռը և Տեղեկանքը, հետևաբար քննվող վարույթով ենթակա են պարզման հետևյալ փաստական հանգամանքները.

1) արդյոք Վճռով հիմնավորվում է, որ Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշման պահանջի կատարման հետևանքով Սաթենիկ Ավետիսյանը կրել է վնաս,

2) արդյոք Տեղեկանքով հիմնավորվում է, որ Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշման պահանջի կատարման հետևանքով կրած ենթադրյալ վնասը կազմում է 3,730,987 ՀՀ դրամ:

Վճռով դատարանը հաստատված է համարել հետևյալը. «Գործի քննությամբ, մասնավորապես Երևանի քաղաքապետի 09.11.2022 թվականի թիվ 3879-Ա վարչական ակտով պարզվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածում գտնվող Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ տեղադրված կրպակը, որով ծանրաբեռնված է համայնքային հողամասը որոշվել է չօրինականացնել և ապամոնտաժել։ Գործի քննության ընթացքում Պատասխանողի կողմից Դատարան ներկայացված վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում Հայցվոր կողմը պնդեց, որ վիճարկվող որոշմանը կից ներկայացված լուսանկարում պատկերված «Լավ Ղարս» կրպակը կառուցվել է Հայցվորի և Երրորդ անձի կողմից և պատկանում է վերջիններիս, ինչպես նաև ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի 18.05.2023 թվականի թիվ Ն/23893-23 գրությամբ հաստատվել է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգու վեցերորդ հատվածում՝ Վարդան Մամիկոնյանի հուշարձանի հարևանությամբ գտնվող, Երևան համայնքին պատկանող հողամասում ինքնակամ տեղադրված «Լավ Ղարս» կրպակը ապամոնտաժվել է Երևանի քաղաքապետի 09.11.2022 թվականի հ.3879-Ա որոշման հիման վրա։»:

Վերոգրյալից հետևում է, որ թիվ ՎԴ/0675/05/23 վարչական գործի քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, հիմք ընդունելով Սաթենիկ Ավետիսյանի պնդումը, հաստատված է համարել, որ Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշման վարույթի նյութերում առկա լուսանկարում պատկերված «Լավ Ղարս» կրպակը կառուցվել է Սաթենիկ Ավետիսյանի և Արման Գալստյանի կողմից և պատկանում է վերջիններիս:

Վճռով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանն արձանագրել է նաև, որ թիվ ՎԴ/0675/05/23 վարչական գործով թեև վիճարկվել է Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշմամբ քանդված կրպակը սեփականության իրավունքով Սաթենիկ Ավետիսյանին և Արման Գալստյանին պատկանելու հարցը, սակայն չի վիճարկվել քանդված կրպակը Սաթենիկ Ավետիսյանի և Արման Գալստյանի կողմից կառուցված և տեղադրված լինելու հանգամանքը, որպիսի պարագայում դատարանը եկել է այն հետևության, որ հաստատվում է գործով հայցվորի և երրորդ անձի իրավական շահի առկայությունը, որպես վիճարկվող որոշմամբ քանդված կրպակի կառուցողների և տեղադրողների, ինչպես նաև դրանով պայմանավորված՝ վերջիններիս իրավունքների նկատմամբ վիճարկվող ակտի միջամտող բնույթը:

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից հաստատված՝ վերը նշված փաստական հանգամանքներից հետևում է, որ թիվ ՎԴ/0675/05/23 վարչական գործով հաստատվել է քանդված կրպակը Սաթենիկ Ավետիսյանի և Արման Գալստյանի կողմից կառուցված լինելու հանգամանքը, հաստատվել է վերջիններիս իրավական շահի առկայությունը և վերջիններիս իրավունքների նկատմամբ՝ Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշման միջամտող բնույթը: Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը, վեճի լուծման նկատմամբ կիրառելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 2-րդ կետի և նույն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի դրույթները, եկել է այն եզրահանգման, որ վարչական մարմնի կողմից խախտվել է ինքնակամ կառույցի օրինականացման կամ այն քանդելու մասին որոշում ընդունելուն ուղղված վարույթով ինքնակամ կառույցն իրականացրած անձանց մասնակից դարձնելու և վերջիններիս լսված լինելու իրավունքն ապահովելու օրենսդրական պահանջը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի երրորդ մասով և Կոնվենցիայի 13-րդ հոդվածով երաշխավորված մարդու` վարչական վարույթի ընթացքում լսված լինելու իրավունքի խախտման փաստը Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը բավարար է գնահատել Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով անվավեր ճանաչելու համար, իսկ տաղավարի քանդման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու հիմքում դրել է անվավեր որոշումն իրավական հետևանքների չհանգեցնելու և այդ պատճառաբանությամբ անվավեր որոշմամբ նախատեսված գործողությունները կատարման ենթակա չլինելու իրավական եզրահանգումը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 97-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցումն իրականացվում է վարչարարությամբ առաջացած հետևանքները վերացնելու կամ դրամական միջոցներով հատուցելու եղանակով:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04.10.2013 թվականի որոշումը)։»:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:

Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-128423-25 դիմումով վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է Վճռի հիման վրա, որով Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշման անվավերության հիմքում Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը դրել է Սաթենիկ Ավետիսյանին, որպես ինքնակամ կառույց իրականացրած և այդ ինքնակամ կառույցն օրինականացնելուն կամ քանդելուն ուղղված վարույթով շահագրգիռ անձի, վարույթին մասնակից դարձրած չլինելու և վերջինիս լսված լինելու իրավունքը ապահովված չլինելու հանգամանքը, ընդ որում՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանն արձանագրել է, որ գործով վիճարկվել է Երևանի քաղաքապետի 2022 թվականի նոյեմբերի 9-ի N 3879-Ա որոշմամբ քանդված կրպակը սեփականության իրավունքով Սաթենիկ Ավետիսյանին և Արման Գալստյանին պատկանելու հարցը:

2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-128423-25 դիմումով վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է պետական գրանցման ենթարկված սեփականության իրավունքի խախտման փաստի ուժով, մինչդեռ Վճռով հաստատվել է ինքնակամ իրականացված կառույցին վերաբերող վարույթով լսված լինելու իրավունքի խախտման հանգամանքը, ինչից կարելի է հանգել այն հետևության, որ Վճռով հաստատված փաստական հանգամանքների պայմաններում չի հիմնավորվում Սաթենիկ Ավետիսյանի, ինչպես որպես ինքնակամ կառույց իրականացրած անձի, այնպես էլ որպես 12.0քմ մակերեսով տաղավարի համասեփականատիրոջ, կողմից 3,730,987 ՀՀ դրամի չափով վնաս կրած լինելու փաստական հանգամանքը:

2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-128423-25 դիմումով ներկայացված պահանջն անհիմն է նաև այն պատճառաբանությամբ, որ Վճռով հաստատված փաստական հանգամանքների համաձայն՝ քանդված տաղավարը կառուցված է եղել Սաթենիկ Ավետիսյանի և Արման Գալստյանի կողմից, մինչդեռ Տեղեկանքում նշված արժեքը փոխհատուցելու պահանջը ներկայացվել է միայն Սաթենիկ Ավետիսյանի կողմից:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-128423-25 դիմումի հիման վրա իրականացված վարույթով ստացված ապացույցների գնահատման արդյունքում չի հիմնավորվել ինքնակամ կառույցի քանդման վարչական վարույթի ընթացքում Սաթենիկ Ավետիսյանի լսված լինելու իրավունքի խախտման և 3,730,987 ՀՀ դրամ գումարի չափով վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, չի հիմնավորվել 3,730,987 ՀՀ դրամ գումարն ինքնակամ կառույցի քանդման՝ Վճռով ոչ իրավաչափ ճանաչված գործողության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ, 96-րդ, 97-րդ հոդվածների դրույթներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Սաթենիկ Ավետիսյանի ներկայացուցիչ Հակոբ Սաֆարյանի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ Դ-128423-25 դիմումով ներկայացված պահանջը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան