ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1906-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ հոդվածները, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ հոդվածի 5-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ Շվեյցարիայի Համադաշնությունից ընդունել 3 հետիոտնային կամուրջների նախագծերն ու նախագծանախահաշվային փաստաթղթերը (այսուհետ՝ գույք) և ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
2․ Գույքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր, Ալավերդի և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներին՝ հետիոտնային կամուրջների կառուցման աշխատանքների իրականացման նպատակով։
3․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը․
2) սույն որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետում նշված համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անունից նվիրաբերության պայմանագրերի կնքումը։
4․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝
1) սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում գործակալության տնօրենի հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը․
2) սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում սույն որոշման 2-րդ կետում նշված համայնքների ղեկավարների հետ համատեղ ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
20.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|