ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 դեկտեմբերի 2025 թվականի N 1868-Ն
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՉՈՐ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՎ 80 ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏՈԿՈՍ ԿԱՄ ԱՎԵԼԻ ՏԻՏԱՆԻ ԵՐԿՕՔՍԻԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 96 որոշման 5-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել, որ՝
1) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 96 որոշման (այսուհետ՝ որոշում) 5-րդ կետով նախատեսված՝ հակագնագցման տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվածային տոկոս կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերը և պատրաստուկները (բացառությամբ որոշման 2-րդ հավելվածում թվարկված գունանյութերի տեսակների)՝ տարեկան 250 տոննա ծավալով․
2) որոշման 3-րդ կետով նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում նաև որոշման 3-րդ հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների կողմից պատրաստվող տիտանի երկօքսիդի նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված՝ արտադրողի հավաստագրի ձևը՝ համաձայն որոշման 4-րդ հավելվածի, և ապրանքների մասին հայտարարագրում այդպիսի հավաստագրի մասին տեղեկություններ ներկայացնելու դեպքում։
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին՝ որոշման կիրարկման իմաստով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների՝ առանց հակագնագցման տուրքի վճարման «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա՝ եզրակացության մեջ նշված քանակներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, գործում է 5 տարի ժամկետով, և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 16-ից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
19.12.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2025 թվական: