ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4915-Ա |
«05» դեկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գագիկ Մանուչարյանի 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ Դ-123205-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:
2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ Դ-123205-25 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2025 թվականի նոյեմբերի 28-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Գագիկ Մանուչարյանը:
Ուսումնասիրելով 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ Դ-123205-25 դիմումը, դրան կից ներկայացված ապացույցները, 2025 թվականի նոյեմբերի 28-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող և լսումների ժամանակ ներկայացված բոլոր փաստական հանգամանքները` պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ Դ-123205-25 դիմումով, ինչպես նաև հրավիրված լսումների ժամանակ ներկայացված դիրքորոշմամբ Գագիկ Մանուչարյանը, հիմք ընդունելով նշված դիմումին կից ներկայացված «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Գ-25/006 եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի հոկտեմբերի 24-ին Ալեք Մանուկյան փողոցի թիվ 4/3 հասցեի մոտ ծառն արմատախիլ լինելու և «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում պատճառված վնասը՝ 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:
2025 թվականի հունվարի 14-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB122422 վկայագրի համաձայն՝ «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Գագիկ Մանուչարյանի սեփականությունը:
«Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի նոյեմբերի 4-ին տրված՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Գ-25/006 եզրակացության «Հետևություն» բաժնի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափի շուկայական գինը, 2025 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ գործող շուկայական գներով, գնահատվել է 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
2025 թվականի նոյեմբերի 4-ին տրված թիվ B 1372061392 հաշիվ վավերագրի համաձայն՝ «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման ծառայության դիմաց Գագիկ Մանուչարյանը «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վճարել է 30.000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ Դ-123205-25 դիմումով բարձրացված հարցի ուսումնասիրության արդյունքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից 2025 թվականի նոյեմբերի 12-ին տեղեկացվել է, որ «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկել է Կենտրոն վարչական շրջանի Ա․Մանուկյան փողոցի թիվ 4/3 հասցեում գտնվող թենիսի կորտերի վարձակալված տարածքի նախկինում հատված, չորացած բարդու արմատախիլ եղած բունը, որը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից մասնատվել և դուրս է բերվել տարածքից:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Մարաշի բաժնի պետին ուղղված 2025 թվականի հոկտեմբերի 27-ի զեկուցագրի համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ստացված հաղորդման կապակցությամբ Գագիկ Մանուչարյանը ոստիկանության աշխատակցին հայտնել է, որ նույն օրը, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում ծառը կոտրվել և ընկել է «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, ինչի կապակցությամբ այց է կատարվել պատահարի հասցե և կազմվել է գրավոր արձանագրություն: Նշված զեկուցագրի համաձայն՝ պատահարի արդյունքում վնասվել են ավտոմեքենայի դիմացի ձախ դուռը, դիմապակին, շարժիչի ծածկոցը, շիթը, դիմացի ձախ անվաթևը:
2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ Դ-123205-25 դիմումին կից և դրա հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում Գագիկ Մանուչարյանի կողմից չի ներկայացվել «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետքաբանական փորձաքննության եզրակացություն և չի ապացուցվել այն հանգամանքը, թե 2025 թվականի հոկտեմբերի 24-ին Ալեք Մանուկյան փողոցի թիվ 4/3 հասցեի մոտ ծառն արմատախիլ լինելու և «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ընկնելու հետևանքով ավտոմեքենան ի՞նչ վնասվածքներ է կրել և չի ապացուցվել «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի նոյեմբերի 4-ի՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Գ-25/006 եզրակացության մեջ նշված վնասը նկարագրված պատահարի ուղղակի և անմիջական հետևանքը հանդիսանալու հանգամանքը (պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայություն):
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:
Որպես վնասի չափը հիմնավորող ապացույց՝ Գագիկ Մանուչարյանը ներկայացրել է «Փորձագետների միություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի նոյեմբերի 4-ի՝ ավտոմեքենային պատճառված վնասի գնահատման թիվ Գ-25/006 եզրակացությունը, որի ապացուցողական նշանակությունը վերը մեջբերված նախադեպային որոշման մեջ արտահայտված դիրքորոշումներից ելնելով գնահատելիս, կարելի է փաստել, որ այն չի հանդիսանում Գագիկ Մանուչարյանի պահանջի առարկան կազմող վնասը հիմնավորող պատշաճ ապացույց, քանի որ այն չի պարունակում տեղեկատվություն և փորձագիտական եզրահանգումներ գնահատման առարկա գույքի վնասվածքներ առաջացման պատճառների վերաբերյալ, ինչպես նաև չի պարունակում հղում պատահարի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Մարաշի բաժնում կազմված նյութերին:
Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ Գագիկ Մանուչարյանի կողմից 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ Դ-123205-25 դիմումին կից, ինչպես նաև դրա հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում չի ներկայացվել պատահարի ու «Nissan Kicks SR 1,6» մակնիշի «01 CC 050» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքների միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետի կողմից տրված հետքաբանական փորձագիտական եզրակացություն, որի բացակայության պայմաններում իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունն ու 550.000 (հինգ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով գույքային վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածությունը, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ հոդվածների դրույթները՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գագիկ Մանուչարյանի՝ վնասի փոխհատուցման պահանջի մասին 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ Դ-123205-25 դիմումը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |