ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0190/02/13 2025 թ. | ||||||
| Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0190/02/13 | |||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի սեպտեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ «Մասիսավան Բրենչ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․11․2020 թվականի որոշման դեմ Վարուջ Կյուրեղյանի բերած վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Վարուջ Կյուրեղյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 242.610 ԱՄՆ դոլար` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք, 177.809 ԱՄՆ դոլար` որպես պատճառված վնասի հատուցում, բանկային տոկոսների հաշվարկը շարունակել մինչև դրամային պարտավորության փաստացի կատարումը, ինչպես նաև որպես հայցի ապահովում` 420.419 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնել Ընկերության գույքի կամ դրամական միջոցների վրա։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վավեր ճանաչել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/1 շենքի 4-րդ բնակարանի, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/1 շենքի 19-րդ օժանդակ տարածքի և Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/1 շենքի 4-րդ ավտոհանգրվանի վերաբերյալ Վարուջ Կյուրեղյանի ու Ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2013 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի հայցը մերժվել է, իսկ Ընկերության հակընդդեմ հայցը` բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2013 թվականի որոշմամբ Վարուջ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2013 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2015 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշմամբ Վարուջ Կյուրեղյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է․ «1․Վարուջ Կյուրեղյանի ներկայացուցիչ Գևորգ Չաքմիշյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Երևան քաղաքի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2015թ. վճիռը մասնակի բեկանել և փոփոխել` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձել 242610 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերության հակընդդեմ հայցը ընդդեմ Վարուջ Կյուրեղյանի առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել: 2․ Բռնագանձել «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերութունից 242610 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 5 տոկոսը հօգուտ պետական բյուջեի` որպես առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանի համար նախատեսված պետական տուրքի գումար: 3․ Որպես պատճառված վնասի հատուցում 177.809 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի մասով վճիռը բեկանել և ուղարկել առաջին ատյանի դատարան այդ մասով նոր քննության, իսկ այդ մասով դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով: 4․ «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերությունից բռնագանձել 5334.27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես գույքային պահանջի համար և 10.000 ՀՀ դրամ ոչ գույքային պահանջի համար Վերաքննիչ դատարանի կողմից հետաձգված պետական տուրքի գումար։ (…):»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.08.2019 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձել 74.418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Վարուջ Կյուրեղյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.769,18 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.488,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2020 թվականի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, և ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ Ընկերության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին գործի վարույթը կարճվել է, Վարուջ Կյուրեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 8.490,1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
Ընկերությունը դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03․11․2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, որոշվել է՝ «1․ «Մասիսավան Բրենչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի ներկայացրած դիմումը բավարարել: 2․ «Մասիսավան Բրենչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վերադարձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործով 02.08.2019 թվականին կայացված վճռի կատարման արդյունքում բռնագանձված գումարն ամբողջությամբ»։
Վերաքննիչ դատարանի դատավոր Ն․ Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուջ Կյուրեղյանը (ներկայացուցիչ Գևորգ Չաքմիշյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետն ու 380-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին և 27-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված չէ վերջինիս կողմից դատական ակտի կատարման շրջադարձի դիմում քննելու լիազորություն և գործել է որպես դիմումն ըստ էության քննող ատյան՝ առանց դրա համար այդպիսի դատավարական լիազորություն ունենալու:
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն առերևույթ խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար դրույթները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքը, քանի որ ակնհայտորեն խախտվել է իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքը՝ դրա իրավական որոշակիության իմաստով, որի պատճառով խախտվել է իր իրավունքներն ու ազատությունները: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտի կատարման շրջադարձի հարցը լուծել է առանց դրա համար կիրառելի իրավանորմերի գոյության, քննել է և որոշում է կայացրել մի պահանջի վերաբերյալ՝ առանց դրա համար օրենքով սահմանված լիազորությունն ու իրավունքն ունենալու, որի արդյունքում իր համար սահմանել է կոնկրետ պարտավորություններ:
Վերաքննիչ դատարանն իր կողմի բոլոր առարկությունները մերժել է, դրանք պատճառաբանել է «հակառակ տրամաբանության» և նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանության կանոններին հակասող մեկնաբանություններով, ինչն իրավական որոշակիության, հետևաբար նաև՝ իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքի խախտում է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.11.2020 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը՝
1) Դատարանի 02․08․2019 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձել 74.418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Վարուջ Կյուրեղյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.769,18 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.488,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար (հատոր 10-րդ, գ․թ․ 43-50).
2) Դատարանի 02․08․2019 թվականի վճռի կատարման համար Դատարանի կողմից 01․11․2019 թվականին տրվել է կատարողական թերթ՝ Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե 1․488,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջով։ Դատարանի 02․08․2019 թվականի վճռի կատարման համար Դատարանի կողմից 01․11․2019 թվականին տրվել է կատարողական թերթ՝ Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի 74․418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով (հատոր 10-րդ, գ․թ․ 61, 62).
3) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի 15․11․2019 թվականի թիվ 23792/02 գրությամբ հայտնվել է հետևյալը․ «(…) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում 05․11․2019թ.-ին հարուցվել է թիվ 05543850 և 05543836 կատարողական վարույթները։ Կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձում է տարածվել պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա, որի արդյունքում բռնագանձվել է 37․350․454 ՀՀ դրամ և 747․008 ՀՀ դրամ գումար, որը գտնվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվեհամարին։ Միաժամանակ հայտնում ենք, որ թիվ 05543850 կատարողականն վարույթը 14․11․2019 թվականին հետաձգվել է երկշաբաթյա ժամկետով իսկ թիվ 05543836 կատարողական վարույթը 13․11․2019թ․-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվել է» (հատոր 13-րդ, գ․թ․ 6).
4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05․03․2020 թվականի որոշմամբ Դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, և ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ Ընկերության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է (հատոր 11-րդ, գ․թ․ 175-182).
5) Ընկերության ներկայացուցիչը 28․09․2020 թվականին վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարանում, որով խնդրել է՝ թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործով կատարել վճռի շրջադարձ՝ կայացնել դատական ակտ պարտապան Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի և ՀՀ պետական բյուջեի բռնագանձված գույքը՝ համապատասխանաբար 37․350․454 ՀՀ դրամն ու 747․008 ՀՀ դրամը վերադարձնել Ընկերությանը (հատոր 13-րդ, գ․թ․ 4-5).
6) Վերաքննիչ դատարանը 03․11․2020 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարել է, Ընկերությանը վերադարձրել է Դատարանի 02․08․2019 թվականին կայացրած վճռի կատարման արդյունքում բռնագանձված գումարն ամբողջությամբ (հատոր 13-րդ, գ․թ․ 47-56)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի ու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի խախտում, որպիսի հիմքերի առկայությունը, սակայն հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննություն իրականացնելու և համապատասխան դատական ակտ կայացնելու լիազորության իրավական հարցին։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:
Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը և պարտապանը: (․․․)։ Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից: (․․․)։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վճռի կատարման շրջադարձի մասին որոշում կայացնելու համար պարտադիր է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
1) գործով կայացված վճիռն ի կատար է ածվել,
2) ի կատար ածված վճիռը բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:
Ընդ որում, որպես կանոն, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է այն դատարանը, որը կայացրել է դատական ակտը բեկանելու և հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճել է, կամ հայցը թողել է առանց քննության՝ նոր դատական ակտին համապատասխան որոշում կայացնելով գույքը լրիվ կամ մասնակի պարտապանին վերադարձնելու մասին: Այն դեպքում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա այդ հարցը կարող է լուծվել պարտապանի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին առանձին դիմումի հիման վրա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի (Papamichalopopuulos v. Greece) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34):
ՀՀ սահմանադրական դատարանը 28.06.2013 թվականի թիվ ՍԴՈ-1102 որոշմամբ արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կոչված է կարգավորելու քաղաքացիաիրավական հարաբերություններ` կապված դատական սխալի արդյունքում կայացված դատական ակտի կատարմամբ անձին պատճառված նյութական վնասի վերականգնման (հատուցման) հետ: Նյութական-իրավական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել մասնավոր այնպիսի դեպքերում, երբ առկա են դատարանի կայացրած ակտի բեկանման (լրիվ կամ մասնակի), գործի վարույթը կարճելու, հայցն առանց քննության թողնելու` օրենքով նախատեսված հիմքեր, հետևաբար` նաև այդ ակտն ի կատար ածելու արդյունքում առաջացած իրավական հետևանքները վերացնելու (այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը, գործի հանգամանքներով պայմանավորված շահագրգիռ կողմի (տուժողի) նախկին իրավունքներն ու պարտականությունները վերականգնելու) իրավական անհրաժեշտություն: Այսինքն` դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի նպատակն արդար և արդյունավետ արդարադատության իրականացման (արդարադատության նպատակների իրականացման) ապահովումն է, իսկ օբյեկտը՝ գույքային իրավունքն է և դրանով պայմանավորված կողմերի՝ միմյանց հանդեպ ունեցած իրավունքներն ու պարտականությունները, դրանց իրացման իրավաչափությունը՝ քաղաքացիաիրավական տվյալ վեճի շրջանակներում: Այսինքն` վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառմամբ պետությունը, ի դեմս իրավասու դատարանի, նպատակ ունի կատարելու անձանց սեփականությունը պաշտպանելու (այդ թվում՝ այլոց ապօրինի գործողություններից) իր պոզիտիվ պարտականությունը, որը նաև արդարադատության իրականացման հիմնական խնդիրներից է: Դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կարևոր երաշխիք է Սահմանադրության ինչպես 8-րդ, 18-րդ և 19-րդ, այնպես էլ այլ հոդվածներին համապատասխան անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության առումով: (․․․)։
Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ իրավակարգավորման բովանդակության համաձայն՝ դատավարական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել, եթե`
1. առկա է դատարանի ի կատար ածված վճիռ, և
2. դատարանի ի կատար ածված վճիռն իրավասու դատական ատյանի կողմից բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:
Վճռի կատարման շրջադարձի նպատակն է դատական կարգով վերականգնել պատասխանողի իրավունքները և օրինական շահերը, որոնք խախտվել են բեկանված դատական ակտով: Բեկանված դատական ակտի փոխարեն համապատասխան դատարանի կողմից կայացվում է գործն ըստ էության լուծող այլ դատական ակտ` հայցը լրիվ կամ մասնակի մերժելու կամ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին, որից հետո պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք է ձեռք բերում վերականգնել նախկին դրությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վճռի կատարման շրջադարձի նպատակն է՝ վերացնել ի կատար ածված դատական ակտի իրավական հետևանքները` վերականգնել այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը և գործի հանգամանքներով պայմանավորված` վերականգնել շահագրգիռ կողմի խախտված նախկին իրավունքներն ու պարտականությունները (տե՛ս ըստ Նինա Չալտիկյանի դիմումի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի թիվ 2-4247/2004թ. որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության վարույթի նպատակը մինչև բեկանված դատական ակտի կատարումը եղած դրությունը վերականգնելն է։ Այսինքն՝ բոլոր դեպքերում խոսք է գնում բեկանված դատական ակտով որոշված, սահմանված և տրամադրված իրավունքների և պարտականությունների մասին, որոնք վերացվել են դատական ակտի բեկանմամբ (տե՛ս Արսեն Չիչյանն ընդդեմ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի և մյուսների՝ թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ, որպես կանոն, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է այն դատարանը, որը կայացրել է դատական ակտը բեկանելու և հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճել է, կամ հայցը թողել է առանց քննության՝ նոր դատական ակտին համապատասխան որոշում կայացնելով գույքը լրիվ կամ մասնակի պարտապանին վերադարձնելու մասին: Այն դեպքում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա այդ հարցը կարող է լուծվել պարտապանի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին առանձին դիմումի հիման վրա (տե՛ս Շմավոն Համբարձումյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի թիվ ԿԴ1/0244/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.10.2023 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հատկապես հարկ է համարում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ վճռի կատարման շրջադարձը կարգավորող իրավական նորմերն ամրագրվել են 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխում, իսկ այդ ժամանակահատվածում գործած 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահել էր գործի կրկնակի քննության արդյունքներով վճիռ կայացնելու իրավասությունը։ Ուստի, ուսումնասիրելով երկու իրավական ակտերի կարգավորումների տրամանաբանությունը, ակնհայտ է, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում օգտագործելով «վճիռ» եզրույթը, չի սահմանափակվել միայն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռներով, այլ նաև առերևույթ նկատի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտերի՝ վճիռների կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումները քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավասությունը։ Այլ կերպ ասած, նման եզրույթի կիրառումը ոլորտը կարգավորող նորմերում, համահունչ է վճռի կատարման շրջադարձի տրամաբանությանը, անկախ այն հանգամանքից, որ օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահվել է որոշումներ կայացնելու իրավասությունը։
Համակարգային վերլուծության ենթարկելով վճռի կատարման շրջադարձի ինստիտուտին վերաբերելի իրավական նորմերը և դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ այն ևս մեկ երաշխիք է անձի արդար դատաքննության իրավունքն ապահովելու համար ու եթե արդեն իսկ կայացված դատական ակտով չի լուծվել վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա շահագրգիռ անձի կողմից ներկայացված վճռի կատարման շրջադարձի դիմումը ենթակա է քննության այն դատարանի կողմից, որը քննության է առել ու կոնկրետ գործով կայացրել է վերջնական կամ նոր դատական ակտը: Ավելին՝ օրենսդրի «նոր դատական ակտ կայացրած դատարան» ձևակերպումից առերևույթ բխում է, որ «նոր դատական ակտ կայացրած դատարանն» այն դատարանն է, որը տվյալ գործով կայացրել է վերջնական եզրափակիչ դատական ակտը, որպիսին կարելի է դիտարկել ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտերը։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 02․08․2019 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձվել է 74.418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Դատարանի 02․08․2019 թվականի վճռի կատարման համար 01․11․2019 թվականին տրվել է կատարողական թերթ։ Կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձում է տարածվել պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա, որի արդյունքում բռնագանձվել է 37․350․454 ՀՀ դրամ և 747․008 ՀՀ դրամ գումար։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05․03․2020 թվականի որոշմամբ Դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, և քաղաքացիական գործի վարույթն ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ Ընկերության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, կարճվել է։
Ընկերության ներկայացուցիչը 28․09․2020 թվականին վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որով խնդրել է՝ թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործով կատարել վճռի շրջադարձ՝ կայացնել դատական ակտ պարտապան Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի և ՀՀ պետական բյուջեի բռնագանձված գույքը՝ համապատասխանաբար 37․350․454 ՀՀ դրամն ու 747․008 ՀՀ դրամը վերադարձնել Ընկերությանը։
Վերաքննիչ դատարանը 03․11․2020 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարել է` Ընկերությանը վերադարձվել է Դատարանի 02․08․2019 թվականին կայացրած վճռի կատարման արդյունքում բռնագանձված գումարն ամբողջությամբ, պատճառաբանելով, որ․ «(․․․) դատական ակտի բողոքարկման և Վերաքննիչ դատարանի կողմից իր լիազորությունների շրջանակներում դատական ակտը փոփոխելու կամ քաղաքացիական գործի վարույթը կարճելու, առանց քննության թողնելու դեպքերում, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտը կայացրած դատարանը։ Որպես նոր դատական ակտ կայացրած դատարան վերոնշյալ դեպքերում հանդես է գալիս Վերաքննիչ դատարանը, որն էլ պետք է լուծի նաև վճռի կատարման շրջադարձի հարցը»։
Սույն գործով բողոք բերած անձը վիճարկել է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի կատարման շրջադարձի դիմում քննելու դատավարական լիազորություն չունի և գործել է որպես դիմումն ըստ էության քննող ատյան։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «նոր դատական ակտ» եզրույթը չի կարող մեկնաբանվել այնպես, որ այն վերաբերվի բացառապես առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռին, քանի որ նորմերի բովանդակությունների տրամաբանությունից բխում է, որ այն ընդգրկում է նաև վերաքննիչ դատարանի, որպես նոր դատական ակտ կայացրած դատարանի դատական ակտերին, հիմք ընդունելով այն, որ «դատական ակտ» եզրույթի ներքո հասկանալի է նաև նշված դատարանների կողմից կայացված որոշումները։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացնելով գործով վերջին՝ «նոր դատական ակտը»՝ 05․03․2020 թվականի որոշումը, չի անդրադարձել վճռի կատարման շրջադարձի հարցին: Նման պայմաններում, Ընկերությունն օրենքով սահմանված կարգով իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան նախքան վճռի կատարումը եղած իրավական վիճակը վերականգնելու համար: Վերաքննիչ դատարանը, գործելով իրեն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների գործող իրավակարգավորումը հիմք ընդունելով, որպես «նոր դատական ակտ կայացրած դատարան» իրավացիորեն բավարարել է դիմումը, վերացնելով Ընկերության համար օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի կատարմամբ առաջացած բացասական հետևանքներն ու հնարավորինս վերականգնելով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը:
Նկատի ունենալով, որ սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վերաքննիչ դատարանում ներկայացված վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը գործող իրավակարգավորումների համատեքստում ենթակա է եղել Վերաքննիչ դատարանի կողմից քննության՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն է քննության առել Ընկերության՝ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին դիմումը և բավարարել այն։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 03․11․2020 թվականի որոշումը բեկանելու համար, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են. (…) ֆիզիկական անձինք` (…) դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով։
Նույն հոդվածի նախավերջին պարբերության համաձայն՝ նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարուջ Կյուրեղյանն իրավահարաբերության ծագման պահին գործող «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով ազատված է եղել հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից, պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․11․2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ։
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագահող |
Գ. Հակոբյան |
|
Զեկուցող |
Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործով 26․09․2025 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
03.10.2025 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի սեպտեմբերի 26-ին (համակարգում տեղադրվել է 26.09.2025 թվականին) գրավոր ընթացակարգով քննելով Վարուջ Կյուրեղյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․11․2020 թվականի որոշման դեմ՝ ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ «Մասիսավան Բրենչ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03․11․2020 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Ա․ Աթաբեկյանս և Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ ու 10-րդ մասերով, շարադրում ենք հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Վարուջ Կյուրեղյանը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 242.610 ԱՄՆ դոլար` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք, 177.809 ԱՄՆ դոլար` որպես պատճառված վնասի հատուցում, բանկային տոկոսների հաշվարկը շարունակել մինչև դրամային պարտավորության փաստացի կատարումը, ինչպես նաև որպես հայցի ապահովում` 420.419 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով արգելանք դնել Ընկերության գույքի կամ դրամական միջոցների վրա։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վավեր ճանաչել Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/1 շենքի 4-րդ բնակարանի, Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/1 շենքի 19-րդ օժանդակ տարածքի և Երևանի Վերին Անտառային փողոցի թիվ 127/1 շենքի 4-րդ ավտոհանգրվանի վերաբերյալ Վարուջ Կյուրեղյանի ու Ընկերության միջև կնքված առուվաճառքի պայմանագիրը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2013 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի հայցը մերժվել է, իսկ Ընկերության հակընդդեմ հայցը` բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2013 թվականի որոշմամբ Վարուջ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.07.2013 թվականի վճիռը բեկանվել է ու գործն ուղարկվել է նույն դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2015 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշմամբ Վարուջ Կյուրեղյանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` որոշվել է․ «1․Վարուջ Կյուրեղյանի ներկայացուցիչ Գևորգ Չաքմիշյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի: Երևան քաղաքի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 27.05.2015թ. վճիռը մասնակի բեկանել և փոփոխել` որպես առոչինչ գործարքի անվավերության հետևանք «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձել 242610 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերության հակընդդեմ հայցը ընդդեմ Վարուջ Կյուրեղյանի առուվաճառքի գործարքը վավեր ճանաչելու պահանջի մասին, մերժել: 2․ Բռնագանձել «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերութունից 242610 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի 5 տոկոսը հօգուտ պետական բյուջեի` որպես առաջին ատյանի և Վերաքննիչ դատարանի համար նախատեսված պետական տուրքի գումար: 3․ Որպես պատճառված վնասի հատուցում 177.809 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի մասով վճիռը բեկանել և ուղարկել առաջին ատյանի դատարան այդ մասով նոր քննության, իսկ այդ մասով դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում կայացվելիք դատական ակտով: 4․ «Մասիսավան Բրենչ» ՍՊ ընկերությունից բռնագանձել 5334.27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որպես գույքային պահանջի համար և 10.000 ՀՀ դրամ ոչ գույքային պահանջի համար Վերաքննիչ դատարանի կողմից հետաձգված պետական տուրքի գումար։ (…):»։
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 09.12.2015 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.10.2015 թվականի որոշման դեմ Ընկերության ներկայացուցչի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 02.08.2019 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձել 74.418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Վարուջ Կյուրեղյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.769,18 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.488,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.03.2020 թվականի որոշմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, և ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ Ընկերության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին գործի վարույթը կարճվել է, Վարուջ Կյուրեղյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է 8.490,1 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
Ընկերությունը դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 03․11․2020 թվականի որոշմամբ Ընկերության ներկայացուցչի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է, որոշվել է՝ «1․ «Մասիսավան Բրենչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի ներկայացրած դիմումը բավարարել: 2․ «Մասիսավան Բրենչ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վերադարձնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործով 02.08.2019 թվականին կայացված վճռի կատարման արդյունքում բռնագանձված գումարն ամբողջությամբ»։
Վերաքննիչ դատարանի դատավոր Ն․ Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարուջ Կյուրեղյանը (ներկայացուցիչ Գևորգ Չաքմիշյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածը, 361-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետն ու 380-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 1-ին և 27-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածով սահմանված չէ վերջինիս կողմից դատական ակտի կատարման շրջադարձի դիմում քննելու լիազորություն և գործել է որպես դիմումն ըստ էության քննող ատյան՝ առանց դրա համար այդպիսի դատավարական լիազորություն ունենալու:
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումն առերևույթ խախտում է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված՝ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար դրույթները, մասնավորապես՝ արդար դատաքննության իրավունքը, քանի որ ակնհայտորեն խախտվել է իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքը՝ դրա իրավական որոշակիության իմաստով, որի պատճառով խախտվել է իր իրավունքներն ու ազատությունները: Ավելին՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտի կատարման շրջադարձի հարցը լուծել է առանց դրա համար կիրառելի իրավանորմերի գոյության, քննել է և որոշում է կայացրել մի պահանջի վերաբերյալ՝ առանց դրա համար օրենքով սահմանված լիազորությունն ու իրավունքն ունենալու, որի արդյունքում իր համար սահմանել է կոնկրետ պարտավորություններ:
Վերաքննիչ դատարանն իր կողմի բոլոր առարկությունները մերժել է, դրանք պատճառաբանել է «հակառակ տրամաբանության» և նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանության կանոններին հակասող մեկնաբանություններով, ինչն իրավական որոշակիության, հետևաբար նաև՝ իրավունքի գերակայության հիմնարար սկզբունքի խախտում է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.11.2020 թվականի որոշումը և գործի վարույթը կարճել»:
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ դատավարական փաստերը՝
1) Դատարանի 02․08․2019 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձել 74.418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, Վարուջ Կյուրեղյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.769,18 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար, Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1.488,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար (հատոր 10-րդ, գ․թ․ 43-50).
2) Դատարանի 02․08․2019 թվականի վճռի կատարման համար Դատարանի կողմից 01․11․2019 թվականին տրվել է կատարողական թերթ՝ Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջե 1․488,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար բռնագանձելու պահանջով։ Դատարանի 02․08․2019 թվականի վճռի կատարման համար Դատարանի կողմից 01․11․2019 թվականին տրվել է կատարողական թերթ՝ Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի 74․418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով (հատոր 10-րդ, գ․թ․ 61, 62).
3) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևանի քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնի պետի 15․11․2019 թվականի թիվ 23792/02 գրությամբ հայտնվել է հետևյալը․ «(…) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժնում 05․11․2019թ.-ին հարուցվել է թիվ 05543850 և 05543836 կատարողական վարույթները։ Կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձում է տարածվել պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա, որի արդյունքում բռնագանձվել է 37․350․454 ՀՀ դրամ և 747․008 ՀՀ դրամ գումար, որը գտնվում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության դեպոզիտ հաշվեհամարին։ Միաժամանակ հայտնում ենք, որ թիվ 05543850 կատարողականն վարույթը 14․11․2019 թվականին հետաձգվել է երկշաբաթյա ժամկետով իսկ թիվ 05543836 կատարողական վարույթը 13․11․2019թ․-ին «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվել է» (հատոր 13-րդ, գ․թ․ 6).
4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05․03․2020 թվականի որոշմամբ Դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, և ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ Ընկերության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործի վարույթը կարճվել է (հատոր 11-րդ, գ․թ․ 175-182).
5) Ընկերության ներկայացուցիչը 28․09․2020 թվականին վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարանում, որով խնդրել է՝ թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործով կատարել վճռի շրջադարձ՝ կայացնել դատական ակտ պարտապան Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի և ՀՀ պետական բյուջեի բռնագանձված գույքը՝ համապատասխանաբար 37․350․454 ՀՀ դրամն ու 747․008 ՀՀ դրամը վերադարձնել Ընկերությանը (հատոր 13-րդ, գ․թ․ 4-5).
6) Վերաքննիչ դատարանը 03․11․2020 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարել է, Ընկերությանը վերադարձրել է Դատարանի 02․08․2019 թվականին կայացրած վճռի կատարման արդյունքում բռնագանձված գումարն ամբողջությամբ (հատոր 13-րդ, գ․թ․ 47-56)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի ու «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի խախտում, որպիսի հիմքերի առկայությունը, սակայն հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննություն իրականացնելու և համապատասխան դատական ակտ կայացնելու լիազորության իրավական հարցին։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...)։
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:
Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը և պարտապանը: (․․․)։ Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից: (․․․)։
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վճռի կատարման շրջադարձի մասին որոշում կայացնելու համար պարտադիր է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
1) գործով կայացված վճիռն ի կատար է ածվել,
2) ի կատար ածված վճիռը բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:
Ընդ որում, որպես կանոն, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է այն դատարանը, որը կայացրել է դատական ակտը բեկանելու և հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճել է, կամ հայցը թողել է առանց քննության՝ նոր դատական ակտին համապատասխան որոշում կայացնելով գույքը լրիվ կամ մասնակի պարտապանին վերադարձնելու մասին: Այն դեպքում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա այդ հարցը կարող է լուծվել պարտապանի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին առանձին դիմումի հիման վրա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի (Papamichalopopuulos v. Greece) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34):
ՀՀ սահմանադրական դատարանը 28.06.2013 թվականի թիվ ՍԴՈ-1102 որոշմամբ արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կոչված է կարգավորելու քաղաքացիաիրավական հարաբերություններ` կապված դատական սխալի արդյունքում կայացված դատական ակտի կատարմամբ անձին պատճառված նյութական վնասի վերականգնման (հատուցման) հետ: Նյութական-իրավական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել մասնավոր այնպիսի դեպքերում, երբ առկա են դատարանի կայացրած ակտի բեկանման (լրիվ կամ մասնակի), գործի վարույթը կարճելու, հայցն առանց քննության թողնելու` օրենքով նախատեսված հիմքեր, հետևաբար` նաև այդ ակտն ի կատար ածելու արդյունքում առաջացած իրավական հետևանքները վերացնելու (այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը, գործի հանգամանքներով պայմանավորված շահագրգիռ կողմի (տուժողի) նախկին իրավունքներն ու պարտականությունները վերականգնելու) իրավական անհրաժեշտություն: Այսինքն` դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի նպատակն արդար և արդյունավետ արդարադատության իրականացման (արդարադատության նպատակների իրականացման) ապահովումն է, իսկ օբյեկտը՝ գույքային իրավունքն է և դրանով պայմանավորված կողմերի՝ միմյանց հանդեպ ունեցած իրավունքներն ու պարտականությունները, դրանց իրացման իրավաչափությունը՝ քաղաքացիաիրավական տվյալ վեճի շրջանակներում: Այսինքն` վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառմամբ պետությունը, ի դեմս իրավասու դատարանի, նպատակ ունի կատարելու անձանց սեփականությունը պաշտպանելու (այդ թվում՝ այլոց ապօրինի գործողություններից) իր պոզիտիվ պարտականությունը, որը նաև արդարադատության իրականացման հիմնական խնդիրներից է: Դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կարևոր երաշխիք է Սահմանադրության ինչպես 8-րդ, 18-րդ և 19-րդ, այնպես էլ այլ հոդվածներին համապատասխան անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության առումով: (․․․)։
Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ իրավակարգավորման բովանդակության համաձայն՝ դատավարական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել, եթե`
1. առկա է դատարանի ի կատար ածված վճիռ, և
2. դատարանի ի կատար ածված վճիռն իրավասու դատական ատյանի կողմից բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:
Վճռի կատարման շրջադարձի նպատակն է դատական կարգով վերականգնել պատասխանողի իրավունքները և օրինական շահերը, որոնք խախտվել են բեկանված դատական ակտով: Բեկանված դատական ակտի փոխարեն համապատասխան դատարանի կողմից կայացվում է գործն ըստ էության լուծող այլ դատական ակտ` հայցը լրիվ կամ մասնակի մերժելու կամ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին, որից հետո պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք է ձեռք բերում վերականգնել նախկին դրությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վճռի կատարման շրջադարձի նպատակն է՝ վերացնել ի կատար ածված դատական ակտի իրավական հետևանքները` վերականգնել այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը և գործի հանգամանքներով պայմանավորված` վերականգնել շահագրգիռ կողմի խախտված նախկին իրավունքներն ու պարտականությունները (տե՛ս ըստ Նինա Չալտիկյանի դիմումի՝ ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի թիվ 2-4247/2004թ. որոշումը)։
Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության վարույթի նպատակը մինչև բեկանված դատական ակտի կատարումը եղած դրությունը վերականգնելն է։ Այսինքն՝ բոլոր դեպքերում խոսք է գնում բեկանված դատական ակտով որոշված, սահմանված և տրամադրված իրավունքների և պարտականությունների մասին, որոնք վերացվել են դատական ակտի բեկանմամբ (տե՛ս Արսեն Չիչյանն ընդդեմ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի և մյուսների՝ թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ, որպես կանոն, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է այն դատարանը, որը կայացրել է դատական ակտը բեկանելու և հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճել է, կամ հայցը թողել է առանց քննության՝ նոր դատական ակտին համապատասխան որոշում կայացնելով գույքը լրիվ կամ մասնակի պարտապանին վերադարձնելու մասին: Այն դեպքում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա այդ հարցը կարող է լուծվել պարտապանի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին առանձին դիմումի հիման վրա (տե՛ս Շմավոն Համբարձումյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի թիվ ԿԴ1/0244/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.10.2023 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանը հատկապես հարկ է համարում ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ վճռի կատարման շրջադարձը կարգավորող իրավական նորմերն ամրագրվել են 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 3-րդ գլխում, իսկ այդ ժամանակահատվածում գործած 1999 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ մտած և 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահել էր գործի կրկնակի քննության արդյունքներով վճիռ կայացնելու իրավասությունը։ Ուստի, ուսումնասիրելով երկու իրավական ակտերի կարգավորումների տրամանաբանությունը, ակնհայտ է, որ օրենսդիրը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում օգտագործելով «վճիռ» եզրույթը, չի սահմանափակվել միայն առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռներով, այլ նաև առերևույթ նկատի է ունեցել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտերի՝ վճիռների կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումները քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավասությունը։ Այլ կերպ ասած, նման եզրույթի կիրառումը ոլորտը կարգավորող նորմերում, համահունչ է վճռի կատարման շրջադարձի տրամաբանությանը, անկախ այն հանգամանքից, որ օրենսդրական փոփոխություններից հետո ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին վերապահվել է որոշումներ կայացնելու իրավասությունը։
Համակարգային վերլուծության ենթարկելով վճռի կատարման շրջադարձի ինստիտուտին վերաբերելի իրավական նորմերը և դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ այն ևս մեկ երաշխիք է անձի արդար դատաքննության իրավունքն ապահովելու համար ու եթե արդեն իսկ կայացված դատական ակտով չի լուծվել վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա շահագրգիռ անձի կողմից ներկայացված վճռի կատարման շրջադարձի դիմումը ենթակա է քննության այն դատարանի կողմից, որը քննության է առել ու կոնկրետ գործով կայացրել է վերջնական կամ նոր դատական ակտը: Ավելին՝ օրենսդրի «նոր դատական ակտ կայացրած դատարան» ձևակերպումից առերևույթ բխում է, որ «նոր դատական ակտ կայացրած դատարանն» այն դատարանն է, որը տվյալ գործով կայացրել է վերջնական եզրափակիչ դատական ակտը, որպիսին կարելի է դիտարկել ինչպես առաջին ատյանի դատարանի, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կայացված դատական ակտերը։
Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 02․08․2019 թվականի վճռով Վարուջ Կյուրեղյանի պահանջը բավարարվել է մասնակիորեն` Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի բռնագանձվել է 74.418,12 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Դատարանի 02․08․2019 թվականի վճռի կատարման համար 01․11․2019 թվականին տրվել է կատարողական թերթ։ Կատարողական գործողությունների ընթացքում բռնագանձում է տարածվել պարտապանի գույքի և դրամական միջոցների վրա, որի արդյունքում բռնագանձվել է 37․350․454 ՀՀ դրամ և 747․008 ՀՀ դրամ գումար։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05․03․2020 թվականի որոշմամբ Դատարանի 02.08.2019 թվականի վճիռը բեկանվել է, և քաղաքացիական գործի վարույթն ըստ Վարուջ Կյուրեղյանի հայցի ընդդեմ Ընկերության ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասին, կարճվել է։
Ընկերության ներկայացուցիչը 28․09․2020 թվականին վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որով խնդրել է՝ թիվ ԵԿԴ/0190/02/13 քաղաքացիական գործով կատարել վճռի շրջադարձ՝ կայացնել դատական ակտ պարտապան Ընկերությունից հօգուտ Վարուջ Կյուրեղյանի և ՀՀ պետական բյուջեի բռնագանձված գույքը՝ համապատասխանաբար 37․350․454 ՀՀ դրամն ու 747․008 ՀՀ դրամը վերադարձնել Ընկերությանը։
Վերաքննիչ դատարանը 03․11․2020 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարել է` Ընկերությանը վերադարձվել է Դատարանի 02․08․2019 թվականին կայացրած վճռի կատարման արդյունքում բռնագանձված գումարն ամբողջությամբ, պատճառաբանելով, որ․ «(․․․) դատական ակտի բողոքարկման և Վերաքննիչ դատարանի կողմից իր լիազորությունների շրջանակներում դատական ակտը փոփոխելու կամ քաղաքացիական գործի վարույթը կարճելու, առանց քննության թողնելու դեպքերում, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտը կայացրած դատարանը։ Որպես նոր դատական ակտ կայացրած դատարան վերոնշյալ դեպքերում հանդես է գալիս Վերաքննիչ դատարանը, որն էլ պետք է լուծի նաև վճռի կատարման շրջադարձի հարցը»։
Սույն գործով բողոք բերած անձը վիճարկել է այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտի կատարման շրջադարձի դիմում քննելու դատավարական լիազորություն չունի և գործել է որպես դիմումն ըստ էության քննող ատյան։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված «նոր դատական ակտ» եզրույթը չի կարող մեկնաբանվել այնպես, որ այն վերաբերվի բացառապես առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճռին, քանի որ նորմերի բովանդակությունների տրամաբանությունից բխում է, որ այն ընդգրկում է նաև վերաքննիչ դատարանի, որպես նոր դատական ակտ կայացրած դատարանի դատական ակտերին, հիմք ընդունելով այն, որ «դատական ակտ» եզրույթի ներքո հասկանալի է նաև նշված դատարանների կողմից կայացված որոշումները։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի շրջանակներում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը կայացնելով գործով վերջին՝ «նոր դատական ակտը»՝ 05․03․2020 թվականի որոշումը, չի անդրադարձել վճռի կատարման շրջադարձի հարցին: Նման պայմաններում, Ընկերությունն օրենքով սահմանված կարգով իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան նախքան վճռի կատարումը եղած իրավական վիճակը վերականգնելու համար: Վերաքննիչ դատարանը, գործելով իրեն օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների գործող իրավակարգավորումը հիմք ընդունելով, որպես «նոր դատական ակտ կայացրած դատարան» իրավացիորեն բավարարել է դիմումը, վերացնելով Ընկերության համար օրինական ուժի մեջ չմտած դատական ակտի կատարմամբ առաջացած բացասական հետևանքներն ու հնարավորինս վերականգնելով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը:
Նկատի ունենալով, որ սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Վերաքննիչ դատարանում ներկայացված վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը գործող իրավակարգավորումների համատեքստում ենթակա է եղել Վերաքննիչ դատարանի կողմից քննության՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանն իրավաչափորեն է քննության առել Ընկերության՝ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին դիմումը և բավարարել այն։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 03․11․2020 թվականի որոշումը բեկանելու համար, ուստի այն պետք է թողնել օրինական ուժի մեջ»։
Վճռաբեկ դատարանի դատավոր Ա․ Աթաբեկյանս և Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
«Դատական ակտերի հարկադիր կատարման» մասին օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:
Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը: Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:
Վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից բխում է, որ անձանց խախտված իրավունքների վերականգման անհրաժեշտությունից ելնելով՝ օրենսդիրը նախատեսել է վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը, որի կիրառման համար անհրաժեշտ է հետևյալ իրավաբանական փաստերի միաժամանակյա առկայությունը՝
1) դատարանի կատարված վճիռ,
2) դատարանի կայացրած վճռի կատարումից հետո վերադաս ատյանի որոշում, որով վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության։
Այսինքն՝ օրենսդիրն Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նոր դատական ակտ կայացրած դատարանին լիազորել է կատարել վճռի կատարման շրջադարձ, եթե միաժամանակ առկա են վերը նշված պայմանները։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը համապատասխան իրավակարգավորում է նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ վերադաս դատական ատյանի որոշմամբ չի լուծվել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը՝ պարտապանին իրավունք վերապահելով իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով ներկայացնելու վճռի կատարման շրջադարձի դիմում։
Նկատի ունենալով, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների վերլուծությունից բխում է, որ կայացված նոր դատական ակտով վճռի կատարման շրջադարձի հարցը լուծված չլինելու դեպքում շահագրգիռ անձին վճռի կատարման շրջադարձի դիմումն այն դատարան ներկայացնելու իրավունք է վերապահվել, որը քննության է առել ու կոնկրետ գործով կայացրել է վերջնական կամ նոր դատական ակտը, ուստի հարկ ենք համարում տվյալ դեպքում անդրադառնալ վերաքննիչ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի և ոչ լրիվ վերաքննության տեսակի պայմաններում վերջինիս լիազորությունների շրջանակին։
Այսպես, Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Սահմանադրության 172-րդ հոդվածի համաձայն՝ վերաքննիչ դատարաններն առաջին ատյանի դատարանների դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայող դատական ատյան են:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, բացառությամբ նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքով վերաքննիչ դատարանը`
1) մերժում է վերաքննիչ բողոքը` վճիռը թողնելով անփոփոխ: Այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանը մերժում է վերաքննիչ բողոքը, սակայն դատարանի կայացրած վճիռը թերի կամ սխալ է հիմնավորված կամ պատճառաբանված, վերաքննիչ դատարանը հիմնավորում կամ պատճառաբանում է անփոփոխ թողնված վճիռը.
2) բավարարում է վերաքննիչ բողոքը՝ փոփոխելով վճռի պատճառաբանական մասը՝ առանց անդրադառնալու դրա եզրափակիչ մասին.
3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով վճիռը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.
4) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը` առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա հաստատելով նոր փաստ կամ չհաստատված համարելով դատարանի հաստատած փաստը, եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.
5) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վճիռը, եթե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.
6) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և ամբողջությամբ կամ մասնակիորեն կարճում է գործի վարույթը՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.
7) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և ամբողջությամբ կամ մասնակիորեն հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ.
8) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է վճիռը և հաստատում գործին մասնակցող անձանց կնքած հաշտության համաձայնությունը՝ բողոքարկված և չբեկանված մասով վճիռը թողնելով անփոփոխ: Չբեկանված մասով վճիռը մտնում է օրինական ուժի մեջ:
Մինչև 14․03․2024 թվականը գործած խմբագրությամբ Օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռի դեմ բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում (․․․)։
Փաստորեն, Սահմանադրության 172-րդ հոդվածը և սահմանադրական հիշյալ դրույթի հիման վրա Օրենսգրքի հիշատակված իրավակարգավորումները Հայաստանի Հանրապետությունում ամրագրում են ոչ լրիվ վերաքննության մոդելը, որպիսի պայմաններում վերաքննիչ դատարանի իրավասությունը սահմանափակվում է միայն ստորադաս դատարանի դատական ակտը վերանայելով, այլ խոսքով՝ ստորադաս դատարանում գործի քննության ընթացքում թույլ տրված դատական սխալներն ուղղելով և դրանով իսկ՝ վերանայվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովելով։ Նման պայմաններում վերաքննիչ դատարանի կողմից առանց գործի կրկնակի քննություն իրականացնելու քաղաքացիական դատավարությունում կայացված որոշմամբ եզրափակվում է վերաքննության փուլը, և վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով չբողոքարկվելու պայմաններում որոշակի դեպքերում սկսվում է կատարողական վարույթի փուլը, որի ընթացքում Օրենքը վերաքննիչ դատարանին որևէ դատավարական գործողություն կատարելու լիազորություն չի վերապահել, այդ թվում՝ նոր դատական ակտ կայացնելուց հետո պարտապանի կողմից ներկայացված առանձին դիմումի հիման վրա քննելու վճռի կատարման շրջադարձի մասին դիմում։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը վերաքննիչ դատարանին ևս լիազորել է լուծելու բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը՝ պայմանով, որ այդ հարցը լուծվի նոր դատական ակտ կայացնելուն զուգահեռ։ Այսինքն՝ բոլոր այն դեպքերում, երբ վերաքննիչ դատարանը կայացված դատական ակտում չի անդրադառնում վճռի կատարման շրջադարձի հարցին, ապա վերաքննիչ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակի և ոչ լրիվ վերաքննության մոդելի պայմաններում Օրենսգրքով վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակի վերլուծության հիման վրա գտնում ենք, որ վճռի կատարման շրջադարձի դիմումը քննելու լիազորությամբ օժտված է բացառապես առաջին ատյանի դատարանը։
Վերոգրյալի լույսի ներքո կարևոր ենք համարում ընդգծել նաև այն, որ վճռի կատարման շրջադարձի հետ կապված դատավարական հարաբերությունները կարգավորող իրավանորմերը սահմանվել են 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածներով, իսկ այդ ժամանակահատվածում գործած, մասնավորապես՝ 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետը վերաքննիչ դատարանին վերապահել է գործի կրկնակի քննության արդյունքներով վճիռ կայացնելու իրավասություն։ Հետագայում՝ 21.02.2007 թվականին, ՀՀ դատական օրենսգրքի ընդունումը և դրա հիման վրա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները Հայաստանի Հանրապետությունում հիմք դրեցին ոչ լրիվ վերաքննության ինստիտուտի գործադրմանը։ Մասնավորապես, հիշատակված փոփոխությունների, ինչպես նաև ներկայումս գործող իրավակարգավորումների ուժով վերաքննիչ դատարանն այլևս օժտված չէ գործի կրկնակի քննություն իրականացնելու և դրա արդյունքով վճիռ կայացնելու լիազորությամբ, որպիսի պայմաններում վերաքննիչ դատարանին վճռի կատարման շրջադարձի դիմումը քննելու լիազորություն վերապահելը, կարծում ենք, որ հակասում է ինչպես վերաքննիչ դատարանի ներկայիս սահմանադրաիրավական կարգավիճակին, այնպես էլ ոչ լրիվ վերաքննության պայմաններում վերաքննիչ դատարանին Օրենսգրքով վերապահված լիազորությունների էությանը։ Ընդ որում, տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի մեկնաբանություններից կարելի է եզրահանգում կատարել նաև այն մասին, որ բողոքարկված դատական ակտը Վճռաբեկ դատարանի կողմից բեկանվելու և համապատասխան նոր դատական ակտ կայացվելու դեպքում Վճռաբեկ դատարանը ևս պետք է քննի վճռի կատարման շրջադարձի դիմում, ինչը կրկին չի բխում ինչպես Օրենսգրքով Վճռաբեկ դատարանին վերապահված լիազորություններից, այնպես էլ Սահմանադրության 171-րդ հոդվածով Վճռաբեկ դատարանին վերապահված հատուկ սահմանադրաիրավական խնդիրներից։
Վերոգրյալի հաշվառմամբ անհրաժեշտ ենք համարում նաև վկայակոչել 11.04.2024 թվականին ընդունված և 01.01.2026 թվականին ուժի մեջ մտնող «Կատարողական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 122-րդ հոդվածի 2-րդ մասը, որով նախատեսված իրավակարգավորման համաձայն՝ նոր դատական ակտ կայացնելուց հետո դատական ակտի կատարման շրջադարձի դիմումը քննելու իրավասությունն արդեն վերապահվել է հենց գործը քննած առաջին ատյանի դատարանին, եթե նոր դատական ակտ կայացրած դատարանը շրջադարձի հարցը չի լուծել։
Փաստորեն, օրենսդիրը, նպատակ ունենալով որոշակիացնելու վճռի կատարման շրջադարձ կատարելու հետ կապված դատավարական հարաբերություններում վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների իրավասությունների շրջանակը՝ պայմանավորված վերջիններիս սահմանադրաիրավական կարգավիճակով և լիազորություններով, որպես վճռի կատարման շրջադարձի հարցը լուծող իրավասու դատարան ուղղակիորեն մատնանշել է հենց գործը քննած առաջին ատյանի դատարանին՝ պայմանով, որ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել շրջադարձի հարցը։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարծում ենք, որ բոլոր այն դեպքերում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը վճռի կատարման շրջադարձի հարցը չի լուծում, Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով համապատասխան դիմումը քննելու իրավասությամբ օժտված է միայն գործը քննած առաջին ատյանի դատարանը։
Վերը նշվածից ելնելով՝ հայտնում ենք մեր անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ վերաբերյալ:
Դատավոր`
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ
Դատավոր`
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2025 թվական: