ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԿԴ/12776/02/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
29.09.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
29.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/12776/02/21

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/12776/02/21

2025 թ.

Նախագահող դատավոր`

 Ն. Գաբրիելյան

Դատավորներ`

 Հ. Ենոքյան

 Ս. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի սեպտեմբերի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով անհատ ձեռնարկատեր Զաքարիա Ավետիսյանի (այսուհետ՝ Ձեռնարկատեր) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Ձեռնարկատիրոջ` որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Ձեռնարկատիրոջը պարտավորեցնել դադարեցնել Ընկերությանը բացառիկ իրավունքով պատկանող ապրանքային նշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը:

Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.04.2023 թվականի վճռով Ընկերության հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 26012024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 21042023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է, որի արդյունքում եզրափակիչ մասը շարադրվել է հետևյալ կերպ

«1․ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ պատասխանող ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանի՝ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը բացառիկ իրավունքով պատկանող ապրանքային նշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանին դադարեցնել պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել։

ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանին պարտավորեցնել դադարեցնել «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը:

2. «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» Ա.Ձ.-ից հօգուտ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 20,000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:»: 3. «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» Ա.Ձ.‑ից հօգուտ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 30,000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար»։ 

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ձեռնարկատերը (ներկայացուցիչ Տիգրան Ղազարյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 8-րդ, 9-րդ, 60-րդ և 66-րդ հոդվածները և 381-րդ հոդվածի 5-րդ մասը։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությունը չի ներկայացրել Ձեռնարկատիրոջ կողմից ենթադրյալ իրավախախտմամբ վաճառվող ապրանքի որևէ նմուշ, որի միջոցով հնարավոր կլիներ կատարել արտաքին նմանությունների և հնարավոր շփոթությունների մասին համապատասխան դատողություն: Նշված փաստը Դատարանին կաշկանդում է կատարել լիարժեք և բազմակողմանի ուսումնասիրություն ապացուցման ենթակա վերոնշյալ փաստերի առկայության վերաբերյալ, որի պայմաններում այն կասկածները, որոնք կարող են առաջանալ այս երկու ապրանքային նշանների միջև արտաքին նմանությունների ու հնարավոր շփոթությունների վերաբերյալ, պետք է փարատվեն հօգուտ Ձեռնարկատիրոջ՝ որպես այդ փաստերն ապացուցելու պարտականություն չկրող կողմի:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թեև «ԱՊԱՐԱՆ» բառը հանդիսանում է հատուկ պաշպանության օբյեկտ, այնուամենայնիվ այն այնքան է փոփոխվել և այնպիսի համատեքստում ու կատարմամբ է կիրառվել, որ կորցրել է իր՝ որպես «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանն անհատականացնող ու տարբերող տարրի նշանակությունը։ Նման պայմաններում երկու ապրանքային նշանները նույնական չեն և չեն առաջացնում շփոթություն, կամ առնվազն չկա ապացույց հակառակի մասին, ինչը ևս պետք է մեկնաբանվի հօգուտ Ձեռնարկատիրոջ, որպիսի եզրահանգման եկել է նաև Դատարանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.01.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.04.2023 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Մտավոր սեփականության գործակալության ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման թիվ 17738 վկայագրի համաձայն՝ 15.11.2011 թվականին թիվ 20110696 համարով գրանցվել է «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանը՝ ապրանքների (ծառայությունների) դասակարգչի 29-րդ դասի (թան) համար: Նշանը պահպանվում է բաց և մուգ կանաչ, սև, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր ու դեղին գունային համակցությամբ։ Բացի «ԱՊԱՐԱՆ» անվանումից, մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն (ներկայացման ամսաթիվը՝ 06062011, գործողության ժամկետ՝ 06062021) (հատոր 1-ին, գթ 12)

2) Մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետի կողմից տրված ապրանքային նշանի գրանցման մասին քաղվածքը, ի թիվս այլնի, պարունակում է հետևյալ տեղեկությունները՝

(210) 20110696 (111) 17738

(220) 06.06.2011 (151) 15.11.2011

(181) 06.06.2021 (156) 10.06.2021

(186) 06.06.2031 (141) (հատոր 1-ին, գթ 11)

3) «Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 30.06.2020 թվականի թիվ 272-Ա որոշման համաձայն՝ Հանձնաժողովը որոշել է. «(…) 3. Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանին հանձնարարել՝

 1) 1-ամսյա ժամկետում վերացնել Օրենքի խախտումը՝ դադարեցնել «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանի օգտագործումը և այդ նշանով մակնշված ապրանքները հետ կանչել բոլոր առևտրային օբյեկտներից.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված հանձնարարականը կատարելուց հետո 3‑օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին՝ ներկայացնելով տեղեկատվություն՝ «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանով ապրանքը բոլոր առևտրային օբյեկտներից հետ կանչելուց հետո դրա ծավալների (մնացորդի) վերաբերյալ՝ ներկայացնելով հիմնավորող ապացույցներ.

3) հետագայում բացառել Օրենքի խախտումը:»:

Նշված որոշմամբ Հանձնաժողովը նշել է, որ. «ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից օգտագործվող և չգրանցված «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» անվանումով ապրանքատեսակի արտաքին տեսքով ներկայացված ապրանքային նշանը շփոթության աստիճանի նման է Ընկերության անվամբ գրանցված և ՀՀ-ում բաց և մուգ կանաչ, սև, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր և դեղին գունային համակցությամբ իրավական պահպանություն ստացած «Ապարան MA» ապրանքային նշանին (գրանցման համար՝ թիվ 17738)» (հատոր 1-ին, գթ 14‑26)

4) հայցի փաստական հիմքում Ընկերությունը, ի թիվս այլնի, դրել է հետևյալ փաստական հանգամանքները

- Ձեռնարկատերն արտադրում և իրացնում է Ընկերության արտադրանքին նույնական արտադրանք՝ թան, որի պիտակին սպառողի ուշադրությունն ակնհայտ գրավելու նպատակով տեղադրել է «ԱՊԱՐԱՆ» տարր պարունակող նշում, դրանով իսկ սպառողի մոտ համանման ապրանքային նշանի հետ մոլորության աստիճանի շփոթմունք առաջացնելու ակնհայտ դիտավորությամբ, այսինքն՝ Ձեռնարկատերը, ըստ էության, ապօրինի կերպով օգտագործում է «ԱՊԱՐԱՆ» ապրանքային նշանը,

- Ձեռնարկատիրոջ կողմից իր պիտակի ձևավորման մեջ կատարվել են փոփոխություններ, սակայն թողնվել է հիմնական հանդիսացող «ԱՊԱՐԱՆ» տարրը (հատոր 1-ին, գթ 6-10)

5) 10.05.2022 թվականին կայացած նախնական դատական նիստի և 26012023 թվականին դատաքննության նպատակով հրավիրված դատական նիստի ընթացքում պատասխանողն առարկել է հայցապահանջի դեմ և հայտնել է, որ Հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումներն իր կողմից վերացվել են, թողարկվող արտադրանքի պիտակն ու ապրանքային նշանը տարբերվում են Ընկերության արտադրանքից, չունեն նմանություն և չեն կարող շփոթություն առաջացնել սպառողի մոտ: Ավելին՝ խախտումները վերացնելուց հետո ինքը դիմում է ներկայացրել Հանձնաժողովին հասկանալու՝ կարո՞ղ է արդյոք այսուհետ գործունեություն ծավալել փոփոխված պիտակներով, թե ոչ, որին ի պատասխան Հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը (հատոր 1-ին, գ.թ. 40-52, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ «1 03 2022_05_10 11-57-41», րոպեներ 08։25-09։40, հատոր 1-ին, գ.թ. 60-62, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ «1 2023_01_26 12-18-24», րոպեներ 4։20-4։42).

6) 10.05.2022 թվականին կայացած նախնական դատական նիստի ժամանակ Ընկերության ներկայացուցիչը, անդրադառնալով պատասխանողի դիրքորոշմանն այն մասին, որ վերջինս խախտումները վերացնելուց հետո դիմել է Հանձնաժողովին և ստացել է Հանձնաժողովի համաձայնությունը փոփոխված պիտակներն օգտագործելու վերաբերյալ, հայտնել է, որ նշված դիմումին ծանոթ չէ, և դրա վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի այն ժամանակ, երբ Դատարանը դա ներառի որպես ապացույց (հատոր 1-ին, գ.թ. 40-52, էլեկտրոնային սկավառակում ներբեռնված ձայնագրություն, ֆայլ «1 03 2022_05_10 11‑57‑41», րոպեներ 11։40-12։16)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ փաստի հաստատված լինելու հարցը պարզելիս դատարանի կողմից բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գործում առկա բոլոր ապացույցները գնահատելու հարցին։

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույց է այն փաստական տվյալը, որի հետազոտման և գնահատման հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիմքում դրված, ինչպես նաև գործի կամ հարցի լուծման համար նշանակություն ունեցող այլ փաստերի առկայությունը կամ բացակայությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաբերելի է այն ապացույցը, որն ավելի կամ պակաս հավանական է դարձնում գործը լուծելու համար նշանակություն ունեցող որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ապացույցի տեսակներն են գրավոր ապացույցները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող անհատական կամ ներքին իրավական ակտերը, գործարքները, տեղեկանքները, գործարար և մասնավոր թղթակցությունը և այլ գրավոր նյութերը (փաստաթղթերը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունն ու փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ապացույցի գնահատումն ապացույցների տրամաբանական և իրավաբանական որակումն է՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Ընդ որում` ապացույցների բավարարությունը գործով ձեռք բերված ապացույցների այնպիսի համակցությունն է, որը հնարավորություն է տալիս վերջնական եզրահանգում կատարելու որոնվող փաստերի առկայության կամ բացակայության վերաբերյալ: Ապացույցների գնահատումը բավարարության տեսանկյունից հետապնդում է ապացույցների միջև հակասությունները վերացնելու նպատակ այնպես, որ փարատվեն ստացված ամբողջ ապացուցողական զանգվածից կատարված հետևությունների ճշմարտացիության վերաբերյալ կասկածները: Ապացույցների անբավարար լինելու դեպքում գործի հանգամանքների վերաբերյալ դատարանը կարող է կատարել ոչ թե որոշակի, այլ հավանական եզրակացություններ, մինչդեռ դատարանի կողմից գործն ըստ էության լուծող դատական ակտը չի կարող հիմնված լինել հավանական եզրակացությունների և դատողությունների վրա (տե՛ս «Շենքերի կառավարում» համատիրությունն ընդդեմ Մասիս Ղազանչյանի թիվ ԵԱՔԴ/0483/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատարանը յուրաքանչյուր ապացույց բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու դեպքում պետք է հաշվի առնի, թե որքանով է այդ ապացույցը վերաբերելի ու թույլատրելի տվյալ փաստական հանգամանքը հաստատելու կամ մերժելու համար (տե՛ս Սվետլանա ժուլիկյանն ընդդեմ Անահիտ Խաչատրյանի թիվ ԵՄԴ/0232/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ դատարանը գործն ըստ էության լուծող պատճառաբանված դատական ակտ կայացնելու նպատակով պետք է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գնահատի գործում եղած բոլոր ապացույցները՝ դրանց վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության ու բավարարության տեսանկյունից: Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումները և հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքվում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը կարող է համարվել պատշաճ կերպով պատճառաբանված միայն այն դեպքում, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման օբյեկտիվ հիմքերը (տե՛ս Արման Վարդազարյանն ընդդեմ Կարինե Վարդազարյանի թիվ ԵԱՔԴ/0598/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը)։

Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս «Արսուգրիգ» ՍՊԸ-ն ընդդեմ Ա/Ձ Տիգրան Զալինյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի, մասնավորապես՝ Մտավոր սեփականության գործակալության ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման թիվ 17738 վկայագրի համաձայն՝ 15.11.2011 թվականին թիվ 20110696 համարով գրանցվել է «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանը՝ ապրանքների (ծառայությունների) դասակարգչի 29-րդ դասի (թան) համար: Նշանը պահպանվում է բաց և մուգ կանաչ, սև, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր ու դեղին գունային համակցությամբ։ Բացի «ԱՊԱՐԱՆ» անվանումից, մնացած բոլոր գրառումներն ինքնուրույն պահպանության օբյեկտներ չեն (ներկայացման ամսաթիվը՝ 06062011, գործողության ժամկետ՝ 06062021)։

«Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 30.06.2020 թվականի թիվ 272-Ա որոշմամբ արձանագրվել է, որ «ԱՁ Զ. Ավետիսյանի կողմից օգտագործվող և չգրանցված «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» անվանումով ապրանքատեսակի արտաքին տեսքով ներկայացված ապրանքային նշանը շփոթության աստիճանի նման է Ընկերության անվամբ գրանցված և ՀՀ-ում բաց և մուգ կանաչ, սև, սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր և դեղին գունային համակցությամբ իրավական պահպանություն ստացած «Ապարան MA» ապրանքային նշանին (գրանցման համար՝ թիվ 17738)», և որոշվել է «(…) 3. Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանին հանձնարարել՝

 1) 1-ամսյա ժամկետում վերացնել Օրենքի խախտումը՝ դադարեցնել «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանի օգտագործումը և այդ նշանով մակնշված ապրանքները հետ կանչել բոլոր առևտրային օբյեկտներից.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված հանձնարարականը կատարելուց հետո 3‑օրյա ժամկետում այդ մասին տեղեկացնել Հանձնաժողովին՝ ներկայացնելով տեղեկատվություն՝ «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» ապրանքային նշանով ապրանքը բոլոր առևտրային օբյեկտներից հետ կանչելուց հետո դրա ծավալների (մնացորդի) վերաբերյալ՝ ներկայացնելով հիմնավորող ապացույցներ.

3) հետագայում բացառել Օրենքի խախտումը:»:

Դիմելով Դատարան և հայցի փաստական հիմքում, ի թիվս այլնի, դնելով այն փաստական հանգամանքները, որ Ձեռնարկատերն արտադրում և իրացնում է Ընկերության արտադրանքին նույնական արտադրանք՝ թան, որի պիտակին սպառողի ուշադրությունն ակնհայտ գրավելու նպատակով տեղադրել է «ԱՊԱՐԱՆ» տարր պարունակող նշում, դրանով իսկ սպառողի մոտ համանման ապրանքային նշանի հետ մոլորության աստիճանի շփոթմունք առաջացնելու ակնհայտ դիտավորությամբ, այսինքն՝ Ձեռնարկատերը, ըստ էության, ապօրինի կերպով օգտագործում է ապրանքային «ԱՊԱՐԱՆ» նշանը, նաև այն, որ Ձեռնարկատիրոջ կողմից իր պիտակի ձևավորման մեջ կատարվել են փոփոխություններ, սակայն թողնվել է հիմնական հանդիսացող «ԱՊԱՐԱՆ» տարրը, Ընկերությունը պահանջել է Ձեռնարկատիրոջը պարտավորեցնել դադարեցնել Ընկերությանը բացառիկ իրավունքով պատկանող ապրանքային նշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը:

Գործի քննության ընթացքում պատասխանողն առարկել է հայցապահանջի դեմ և հայտնել է, որ Հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումներն իր կողմից վերացվել են, թողարկվող արտադրանքի պիտակն ու ապրանքային նշանը տարբերվում են Ընկերության արտադրանքից, չունեն նմանություն և չեն կարող շփոթություն առաջացնել սպառողի մոտ, ավելին՝ խախտումները վերացնելուց հետո ինքը դիմում է ներկայացրել Հանձնաժողովին հասկանալու՝ կարո՞ղ է արդյոք այսուհետ գործունեություն ծավալել փոփոխված պիտակներով, թե ոչ, որին ի պատասխան Հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը։ Անդրադառնալով պատասխանողի դիրքորոշմանը՝ Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ նշված դիմումին ծանոթ չէ, և դրա վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի այն ժամանակ, երբ Դատարանը դա ներառի որպես ապացույց (տե՛ս փաստեր 5, 6)։

Դատարանը 21.04.2023 թվականի վճռով հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ՝

- «գործում բացակայում է ապրանքային նշանների գրանցումների վերաբերյալ տվյալներ պարունակող պաշտոնական հավաքածուի մեջ թիվ 17738 համարով ապրանքային նշանի գրանցված լինելու մասին ապացույց և հակառակը հաստատող ապացույցների բացակայության պայմաններում «Ապրանքային նշանի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 3‑րդ մասի ուժով գործող կանխավարկածի հիման վրա պետք է արձանագրել, որ թիվ 17738 համարով ապրանքային նշանը հանվել է պետական գրանցամատյանից, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ թիվ 17738 համարով ապրանքային նշանի իրավական պահպանությունը հայցվորը չի կարող այլևս իրացնել»,

- «դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչը հայտարարել է, որ «Գանա Գրուպ Պլյուս» ՍՊ ընկերության իրավունքի գրանցումը թեև երկարաձգված է մինչև 2031 թվականը, սակայն այն հաստատող ապացույց չի ներկայացրել»,

- «գործով հավաքված ապացույցները հետազոտելով նախ` գործին դրանց վերաբերելիության, օրենքով նման ապացույցների թույլատրելիության, արժանահավատության տեսանկյունից, իսկ բոլոր ապացույցները միասին՝ նաև հայցվորի անվամբ «Ապարան» համակցված ապրանքային նշանի գրանցված լինելու փաստը հաստատելու համար բավարարության տեսանկյունից, Դատարանն արձանագրում է, որ դրանց միջոցով քննարկվող փաստը չի կարող հաստատվել՝ այդպիսի փաստի հաստատման համար գործում թույլատրելի և վերաբերելի բավարար ապացույցների բացակայության պատճառով»,

- «գործի քննության ընթացքում վիճելի է մնացել գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման հիման վրա հայցվորի կողմից ապացուցման ենթակա վերոնշյալ փաստը, ինչպիսի պարագայում (…) հայցվոր կողմը, կրելով այդ փաստի ապացուցման պարտականությունը և օրենքով նախատեսված միջոցներով ու կարգով այն չհիմնավորելով, պետք է կրի դրա չապացուցման բացասական (անբարենպաստ) հետևանքները, մասնավորապես՝ հայցվորի անվամբ «Ապարան» համակցված ապրանքային նշանի գրանցված լինելու փաստը պետք է համարել հերքված»,

- «գործի լուծման համար նշանակություն ունեցող հաջորդ փաստերը, այն է՝ «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանը թիվ 17738 համարով գրանցված ապրանքային նշանին նույնական կամ նման լինելու, ինչպես նաև պատասխանողի կողմից նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ պարունակելու, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդելու հանգամանքները, հաստատելու համար ևս բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցներ չեն ներկայացվել»,

- «գործի քննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացրել պատասխանողի կողմից վերոնշյալ գրառմամբ արտադրված թանի գեթ մեկ նմուշ կամ որևէ այլ թույլատրելի ապացույց, որի հետազոտման արդյունքում հնարավոր կլիներ պարզել պատասխանողի կողմից արտադրված թանի պիտակի վրա «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրերով նշանի առկայության մասին»,

- «Ինչ վերաբերում է հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 272-Ա որոշման պատճենին՝ (…) դրա մեջ առկա տեղեկությունները վերաբերում են պատասխանողի կողմից «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» բառային տարրեր պարունակող նշանով ապրանքատեսակի օգտագործմանը, մինչդեռ սույն գործի քննության շրջանակներում հայցվորն իր իրավունքների խախտումը պայմանավորում է պատասխանողի կողմից արտադրվող ապրանքատեսակի վրա մեծատառերով գրված «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառերի օգտագործման հետ, այսինքն՝ թիվ 272-Ա որոշումը վերաբերում է «ԱՊԱՐԱՆԻ ջրով և տնական մածունով ԹԱՆ» բառային տարրերով նշանի օգտագործմանը, որոնց մեջ, ընդ որում, «ԱՊԱՐԱՆԻ» և «ԹԱՆ» բառային տարրերը գրված են եղել մեծատառերով և մեծ տառաչափով, իսկ «ջրով և տնական մածունով» բառերը՝ փոքրատառերով և փոքր տառաչափով»,

- «Դատարանը հաստատված է համարում գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերը, որ պատասխանողի կողմից իր առևտրային գործունեության ընթացքում «թան» արտադրատեսակի ապրանքի համար, այսինքն՝ նույնատիպ այն ապրանքների, որոնց համար գրանցվել է թիվ 17738 համարով ապրանքային նշանը, օգտագործվում է «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանը»,

- «գործի քննության ընթացքում չի ներկայացվել ոչ միայն «ԱՊԱՐԱՆ Թան» անվանումով ապրանքի նմուշը և «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» անվանումով ապրանքի նմուշը, այլ նաև՝ թիվ 17738 գրանցման համարով գրանցված ապրանքային նշանի գունային կատարմամբ արտաքին տեսքը և պատասխանողի կողմից արտադրվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանով ապրանքատեսակի գունային կատարմամբ արտաքին տեսքը արտացոլող որևէ թույլատրելի և վերաբերելի ապացույց»,

- «գործի քննության ընթացքում չի ներկայացվել այնպիսի թույլատրելի և վերաբերելի ապացույց, որի հետազոտման և գնահատման հիման վրա հնարավոր կլիներ վերջնական և որոշակի եզրահանգում կատարել, որ հայցվորի կողմից թիվ 17738 համարով գրանցված «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանի օգտագործման արդյունքում «ԱՊԱՐԱՆ» տարրը ձեռք է բերել այնպիսի տարբերակիչ հատկություն, որ թան տեսակի ըմպելիքի շուկայում միջին սպառողի մոտ առկա է այն համոզմունքը, որ «ԱՊԱՐԱՆ» բառային տարր պարունակող ցանկացած ապրանքային նշանով թան տեսակի ապրանքի արտադրողը հանդիսանում է «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը»,

- «պատասխանողի կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրերով ապրանքային նշանը տեսողական, իմաստային և ձայնային ընկալումներով շփոթելու աստիճան նման չէ թիվ 17738 համարով գրանցված «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանին ու ընդհանուր տեսողական, իմաստային և լսողական տպավորությամբ սպառողի մոտ շփոթություն առաջացնելու վտանգ չի առաջացնում։ Այս եզրահանգումը կատարելիս Դատարանը հաշվի է առնում այն, որ գործի քննության ընթացքում հիմնավորվել է պատասխանողի կողմից միայն «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրերով ապրանքային նշանի օգտագործման փաստը, այսինքն՝ պատասխանողի կողմից օգտագործվող վերոնշյալ ապրանքային նշանը որևէ գունային համակցությամբ, որևէ պատկերի տեսքով, որոշակի տառատեսակով, տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրելաձևով կամ միմյանց նկատմամբ տառերի դասավորվածությամբ արտահայտված լինելու մասին վկայող որևէ տվյալ գործի քննության ընթացքում չի ստացվել»,

- ««ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» միայն բառային տարրեր ունեցող նշանը չի կարող սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ պարունակել իմաստային և լսողական առումով տարբերվող առնվազն այնպիսի ապրանքային նշանի հետ համեմատության պարագայում, որն ունի գունային որոշակի համակցություն (գերակշռում է կանաչ գույնը, վրան առկա են սպիտակ, երկնագույն, ոսկեգույն, կարմիր և դեղին գունային համակցությամբ «հավերժ որակ», «գրանցված ապրանքանիշ» և այլ գրառումներ), պարունակում է որոշակի պատկերներ, ինչպես նաև որոշակի տառատեսակով, տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրելաձևով, կարմիր գույնով և մեծ տառաչափով նշված «ԱՊԱՐԱՆ» և նախորդ տարրից տարբերվող գրաֆիկական այլ գրելաձևով ու ոսկեգույն գույնով նշված «Թան» բառային տարրեր»,

- «վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և հայցվորի կողմից ապացուցման ենթակա՝ պատասխանողի կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանը թիվ 17738 համարով գրանցված ապրանքային նշանին նույնական կամ նման լինելու, ինչպես նաև այդ նշանի օգտագործումն սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ պարունակելու, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդելու փաստերը։

Միաժամանակ, վերոնշյալ պատճառաբանությունների հիման վրա հաստատվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և պատասխանողի կողմից ապացուցման ենթակա՝ պատասխանողի կողմից «Ապարան» բառի օգտագործումն այնպիսի եղանակով կատարված լինելու փաստը, որի արդյունքում սպառողների մոտ շփոթություն չի կարող առաջանալ հայցվորի անվամբ գրանցված վերոհիշյալ ապրանքային նշանի հետ»,

 - «Արդյունքում՝ (…) նույնիսկ թիվ 17738 համարով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը մինչև 2031 թվականի հունիսի 06‑ը երկարաձգված լինելու ենթադրության պարագայում գործի լուծման համար նշանակություն ունեցող և հայցվորի կողմից ապացուցման ենթակա որոշակի այլ փաստեր, այդուհանդերձ, վիճելի են մնում մինչև վճռի կայացումը»։

Վերաքննիչ դատարանը պատճառաբանելով, որ՝

- «Հայցադիմումին կից ներկայացված ՀՀ մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետի ստորագրությամբ ապրանքային նշանի գրանցման մասին քաղվածքի պատճենը, (…) Հաշվի առնելով «Ապրանքային նշանների մասին» ՀՀ օրենքով ապրանքային նշանի գրանցման գործողության ժամկետը տասը տարի ժամկետով երկարաձգելու իրավական հնարավորություն նախատեսված լինելու հանգամանքը և վերը նշված քաղվածքում «06.06.2031» գրառումը» եզրահանգել է, որ «տվյալ դեպքում ապրանքների և ծառայությունների դասակարգչի 29-րդ դասի (թան) համար թիվ 17738 վկայագրով 15.11.2011 թվականին թիվ 20110696 համարով գրանցված «ԱՊԱՐԱՆ Թան» ապրանքային նշանի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 06.06.2031 թվականը»,

- «հայցի փաստական հիմքի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորն իր իրավունքի ենթադրյալ խախտումը պայմանավորել է պատասխանողի կողմից «ԱՊԱՐԱՆ» տարր պարունակող մակնշումն ապօրինի օգտագործելու հետ՝ այն պայմանավորելով թիվ 17738 վկայագրով գրանցված «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանի և անհատ ձեռնարկատեր «Զաքարիա Սանասարի Ավետիսյանի» կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈւՆՈՎ» ապրանքային նշանների շփոթության աստիճանի նմանությամբ: Դրանից բացի, հայցվորի՝ պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը դադարեցնելն է: Նշվածից հետևում է, որ երկու ապրանքային նշանների գունային համակցությունը վերը նշված պահանջի համատեքստում նշանակություն չունի ապրանքային նշանների շփոթության աստիճանի նմանությունը գնահատելու համար»,

- «թիվ 17738 վկայագրով ինքնուրույն պահպանության օբյեկտ է հանդիսանում «ԱՊԱՐԱՆ» անվանումը: «ԱՊԱՐԱՆ» անվանումն օգտագործվում է պատասխանողի կողմից արտադրվող նույնական ապրանքի՝ թանի, պիտակի վրա»,

- ««Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 30.06.2020 թվականի թիվ 272-Ա որոշումն իրենում պարունակվող տեղեկություններով բավարար է հաստատված համարելու փաստն առ այն, որ «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանը շփոթելու աստիճան նման է թիվ 17738 վկայագրով գրանցված «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանին»,

- «բողոքարկված վճիռը կայացնելիս գործով ձեռք բերված ապացույցները Դատարանի կողմից չեն գնահատվել իրենց համակցության մեջ, որի հետևանքով կայացվել է գործը սխալ լուծող դատական ակտ»,

26.01.2024 թվականին որոշում է կայացրել Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու և Դատարանի 21042023 թվականի վճիռը բեկանելու ու փոփոխելու մասին, որի արդյունքում եզրափակիչ մասը շարադրվել է հետևյալ կերպ

««Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցն ընդդեմ պատասխանող ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանի՝ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը բացառիկ իրավունքով պատկանող ապրանքային նշանի հետ նույնական կամ շփոթելու աստիճան նման «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանին դադարեցնել պարտավորեցնելու պահանջի մասին, բավարարել։

ԱՁ Զաքարիա Սանասարի Ավետիսյանին պարտավորեցնել դադարեցնել «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» նշանի մեջ «ԱՊԱՐԱՆ» տարրի ապօրինի օգտագործումը:

2. «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» Ա.Ձ.-ից հօգուտ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության է բռնագանձել 20,000 ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար: Դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:»: 3. «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» Ա.Ձ.‑ից հօգուտ «Գանա Գրուպ Պլյուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բռնագանձել 30,000 ՀՀ դրամ՝ որպես վերաքննիչ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար»: 

Վկայակոչված պատճառաբանություններից հետևում է, որ ստորադաս դատարանները քննարկման առարկա են դարձրել ապրանքային նշանների գրանցումների վերաբերյալ տվյալներ պարունակող պաշտոնական հավաքածուի մեջ թիվ 17738 համարով ապրանքային նշանի գրանցված լինելու, հայցվորի անվամբ «Ապարան» համակցված ապրանքային նշանի գրանցված լինելու, «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանը թիվ 17738 համարով գրանցված ապրանքային նշանին նույնական կամ նման լինելու, ինչպես նաև պատասխանողի կողմից նշանի օգտագործումը սպառողների մոտ շփոթություն առաջացնելու վտանգ պարունակելու, ներառյալ՝ գրանցված ապրանքային նշանին զուգորդելու հանգամանքները։

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելու և փոփոխելու՝ արդյունքում հայցը բավարարելու հիմքում, ի թիվս այլնի և առավելապես, դրել է այն, որ «Անհատ ձեռնարկատեր Զաքարիա Սանասարի Ավետիսյանի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին» ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 30.06.2020 թվականի թիվ 272-Ա որոշումն իրենում պարունակվող տեղեկություններով բավարար է հաստատված համարելու փաստն առ այն, որ «Զաքարիա Ավետիսյան Սանասարի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից օգտագործվող «ԱՊԱՐԱՆԻ ՋՐՈՎ ԵՎ ՏՆԱԿԱՆ ՄԱԾՈՒՆՈՎ» բառային տարրեր պարունակող նշանը շփոթելու աստիճան նման է թիվ 17738 վկայագրով գրանցված «ԱՊԱՐԱՆ MA» ապրանքային նշանին:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո և սույն գործի փաստերի համադրմամբ գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գործի քննության ընթացքում պատասխանողը, առարկելով հայցապահանջի դեմ, դիրքորոշում է հայտնել այն մասին, որ Հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումներն իր կողմից վերացվել են, թողարկվող արտադրանքի պիտակն ու ապրանքային նշանը տարբերվում են Ընկերության արտադրանքից, չունեն նմանություն և չեն կարող շփոթություն առաջացնել սպառողի մոտ: Միևնույն ժամանակ հայտնել է, որ ինքը դիմել է Հանձնաժողովին հասկանալու՝ կարո՞ղ է արդյոք այսուհետ գործունեություն ծավալել փոփոխված պիտակներով, թե ոչ, որին ի պատասխան Հանձնաժողովը տվել է իր համաձայնությունը։

Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող 6-րդ փաստից հետևում է, որ Ընկերության ներկայացուցիչը, անդրադառնալով պատասխանողի վերը նշված դիրքորոշմանը, հայտնել է, որ նշված դիմումին ծանոթ չէ, և դրա վերաբերյալ դիրքորոշում կներկայացնի այն ժամանակ, երբ Դատարանը դա ներառի որպես ապացույց։

Հարկ է նկատել, որ Դատարան ներկայացրած հայցադիմումից նույնպես հետևում է, որ Ընկերությունն ընդունում է, որ Ձեռնարկատիրոջ կողմից իր պիտակի ձևավորման մեջ կատարվել են փոփոխություններ։

Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել Հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումները վերացնելու վերաբերյալ պատասխանողի հայտնած դիրքորոշումը։ Ավելին՝ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը ներկայացրած հայցադիմումում նույնպես ընդունել է, որ Ձեռնարկատիրոջ կողմից իր պիտակի ձևավորման մեջ կատարվել են փոփոխություններ։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված տեղեկություններն ուղղակիորեն վերաբերում են սույն գործով պարզման ենթակա հանգամանքներին:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև նշել, որ պատասխանողի նման դիրքորոշման պայմաններում նշանը փոփոխված լինելու փաստը ոչ միայն պետք է Դատարանում ներառվեր գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակում, այլ նաև վերջինիս պետք է հնարավորություն տրվեր ապացուցելու այն, ինչը չանելու արդյունքում չի պարզվել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստը, մասնավորապես՝ փաստացի չի պարզվել իրավախախտումը դեռ շարունակվում է, թե ոչ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով նշված հանգամանքը և Դատարանի վճիռը բեկանելով ու փոփոխելով՝ արդյունքում հայցը բավարարելով, անտեսել է, որ բացակայում են այդ լիազորությունը կիրառելու հիմքերը: Դատարանում պատասխանողի դիրքորոշումը քննարկման առարկա դարձված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը պետք է գործն ուղարկեր նոր քննության՝ սահմանելով պատասխանողի դիրքորոշմամբ բարձրացված հարցերը քննարկելու մասին նոր ծավալ, ինչը չանելու արդյունքում թույլ է տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատավարական իրավունքի նորմի խախտում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 26.01.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն, քանի որ Դատարանի կողմից նույնպես համակողմանի գնահատման չեն արժանացել վերը նշված դիրքորոշումներում արտահայտած հարցերը։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ Վերաքննիչ դատարանի 26.01.2024 թվականի որոշումը բեկանելու և գործը համապատասխան ստորադաս՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գործի հանգամանքները պարզելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2 Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2025 թվական: