ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/12976/02/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 15.12.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12976/02/23

2025 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/12976/02/23

Նախագահող դատավոր`

 Գ. Խաչատրյան

Դատավորներ`

 Ն. Բարսեղյան

 Ա. Մխիթարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի սեպտեմբերի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), երրորդ անձ Ֆինանսների նախարարության՝ որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին Երևանի քաղաքապետի 27122022 թվականի թիվ 4614-Ա որոշումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.05.2024 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 07072023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Ընկերության հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետն ու 2-րդ մասը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ՝ Կարգ) 32-րդ կետի 19-րդ ենթակետը։

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությունը թե՛ հայտով և թե՛ շտկման փուլում ներկայացրել է հրավերով նախատեսված բոլոր պահանջվող փաստաթղթերը, շտկել է գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված բոլոր անհամապատասխանությունները, միայն թերի է լրացրել ներկայացված սարքեր սարքավորումների մասին հայտարարությունում արտադրող ընկերության անվանումը, ուստի «հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացրել հրավերով նախատեսված փաստաթղթերը» հիմքով իրեն չի կարող վերագրվել գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար անհրաժեշտ՝ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հիմքերն առկա չեն եղել։

Որոշումը չի բավարարում Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատճառաբանված լինելու օրենսդրական պահանջը, ինչն ինքնին բավարար է այն ոչ իրավաչափ ճանաչելու համար:

Թիվ ԵԴ/52483/02/22, թիվ ԵԴ/58597/02/22, թիվ ԵԴ/63151/02/22, թիվ ԵԴ2/37939/02/23, թիվ ԵԴ/52483/02/22, թիվ ԵԴ2/28023/02/23 և թիվ ԵԴ/63151/02/22 քաղաքացիական գործերով կայացված դատական ակտերում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի տված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.05.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 07072023 թվականի վճռին, կամ գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Քաղաքապետարանի կարիքների համար՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ գազատարի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է թիվ «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/89» ծածկագրով բաց մրցույթ (անվիճելի փաստ)

2) մրցույթին մասնակցելու նպատակով դիմում-հայտարարություն է ներկայացրել նաև Ընկերությունը (հատոր 3-րդ, գ.թ. 43)

3) թիվ «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/89» ծածկագրով գնման ընթացակարգի հանձնաժողովի (այսուհետ՝ գնահատող հանձնաժողով) նիստի 07112022 թվականի թիվ 3 արձանագրության 11-րդ կետի համաձայն՝ «Ավետիսյան Շին Մոնտաժ ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծավալաթերթ-նախահաշվում առկա են թվաբանական անճշտություններ։ Միևնույն ժամանակ Տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացում տողում գրված է անհասկանալի թիվ /26658,6589/ այն հաշվարկների մեջ որևէ կերպ ներառված չէ Ծավալաթերթ-Նախահաշվում: Նաև բացակայում է սարքեր-սարքավորումների մասին հայտարարությունը»:

Նույն կետի համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետի պահանջները, որոշել է կասեցնել նիստը և առաջարկել Ընկերությանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել առկա անհամապատասխանությունները (հատոր 3-րդ, գ.թ. 22-24)

4) գնահատող հանձնաժողովի նիստի 09112022 թվականի թիվ 4 արձանագրության 11-րդ կետի համաձայն՝ Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունները չեն շտկվել, մասնավորապես՝ սարքեր սարքավորումների մասին հայտարարությունում արտադրողի անվանումը դաշտում մասնակցի կողմից լրացվել է հասցե, ոչ թե ընկերության անվանումը: Ուստի գնահատող հանձնաժողովը որոշել է Ընկերության հայտը գնահատել անբավարար և մերժել (հատոր 3, գթ 25, 26)

5) Երևանի քաղաքապետի 27122022 թվականի թիվ 4614-Ա որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը։ Որպես փաստական հիմք նշվել է Ընկերության կողմից ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները խախտելը, այն է՝ Ընկերության հայտում արձանագրված անհամապատասխանությունները «սխալ շտկելը» և այդ հիմքով Ընկերության հայտն անբավարար գնահատելը և մերժելը (հատոր 1-ին, գ.թ. 41, 42)։

 

4․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1‑ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 1‑ին կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/52483/02/22 և թիվ ԵԴ2/28023/02/23 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Օրենքի 6‑րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը հայտ ներկայացրած մասնակցի կողմից թերի շտկելը կարո՞ղ է արդյոք գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում և հիմք հանդիսանալ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը։

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ (...), գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե՝ խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը։

Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված ցուցակը, այդ թվում՝ ռուսերեն, վարում և հրապարակում է լիազորված մարմինը: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա: Սույն մասում նշված որոշումը պատվիրատուի ղեկավարը կայացնում է գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ կնքված պայմանագրի վերաբերյալ հայտարարությունը հրապարակելու կամ պայմանագիրը միակողմանի լուծելու մասին հայտարարությունը հրապարակելու օրվան հաջորդող տասն օրվա ընթացքում: Որոշումը կայացվելուն հաջորդող օրը այն տրամադրվում է լիազորված մարմնին և մասնակցին: Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, իսկ որոշումն ստանալուն հաջորդող քառասուներորդ օրվա դրությամբ մասնակցի կողմից որոշման բողոքարկման վերաբերյալ հարուցված և չավարտված դատական գործի առկայության դեպքում` տվյալ դատական գործով եզրափակիչ դատական ակտն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ օրվա ընթացքում, եթե դատական քննության արդյունքով որոշման կատարման հնարավորությունը չի վերացել: Մասնակիցը նշված ցուցակում ընդգրկվում է ներառվելու օրվան հաջորդող օրվանից երկու տարի ժամկետով:

Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «(…) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`

1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.

2) գնային առաջարկը.

3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.

4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):»

Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: (...):

Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:

Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն՝ հրավերով նախատեսվում է նաև, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում։

Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն՝ հայտերի բացման և գնահատման նիստում (...) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին։

Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ հայտերի բացման և գնահատման նիստում Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (...)։

Կարգի 41-րդ կետի համաձայն՝ եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ՝ հրավերի պահանջների նկատմամբ (…) , ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:

Կարգի 42-րդ կետի համաձայն՝ եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, և բավարարվում է պատվիրատուի կարիքը։

Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով։

Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի՝

1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ և օգտավետ) առաջարկի ընտրության և նրա հետ պայմանագրի կնքման նպատակ

2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված և հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է։

Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի և գնման գործընթացի մասնակիցների միջև ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջև մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները։ Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալիս Օրենքով նախատեսված միակողմանի գործողությունները (գնումների հայտարարության և հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը և այլն), իսկ պայմանագրային փուլում՝ պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջև կնքված պայմանագիրը (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04042025 թվականի որոշումը)։

Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչև պայմանագրի կնքման փուլն ընկած ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել ևս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում՝ Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման՝ պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը (տե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թիվ ԵԴ/12436/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22102021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նախկինում կայացված վերոնշյալ որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության, հերքել է դատական պրակտիկայում արտահայտված այն իրավական դիրքորոշման իրավաչափությունը, որի համաձայն՝ գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ մասնակիցը որևէ պարտավորություն չի ստանձնում, քանի դեռ համապատասխան գործընթացի արդյունքներով չի ճանաչվել հաղթող մասնակից, և հրավերով նախատեսված փաստաթղթերը նույն հրավերով սահմանված ժամկետում ու կարգով ներկայացնելը հանդիսանում է ոչ թե մասնակցի պարտականություն, այլ՝ օրենքով իրեն վերապահված հնարավորություն, որից չօգտվելը, որպես բացասական հետևանք, կարող է հանգեցնել բացառապես ներկայացված հայտն անբավարար գնահատելուն և մերժելուն ու չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքների կիրառման համար (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08072025 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով՝ անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք՝ գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է՝

1) հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն՝ ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում՝ հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,

2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,

3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04042025 թվականի որոշումը)։

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնման գործընթացին մասնակցող անձի՝ հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նաև իր կողմից ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձևով և ժամկետում ներկայացնելու պարտականությունը։

Գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով և հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները, նախևառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված անհամապատասխանությունների բնույթից։ Այսպես՝

1) եթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը՝ ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է՝ առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու

2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը՝ նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին՝ առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչև կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը՝ ներառյալ այն դեպքերը, երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:

Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը և մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման։

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գնահատող հանձնաժողովի կողմից մասնակցի հայտն անբավարար գնահատելն ու մերժելը, որպես հետևանք՝ գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցումը, ըստ գնումների մասին օրենսդրության, տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել նաև այլ անբարենպաստ հետևանքներ՝ հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն [Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ], ինչպես նաև ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում [Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետ]։

Մասնակցի ներկայացրած հայտը մերժելու պատճառը կարող է հայտի ապահովման գումարը վճարելու պարտականության առաջացման և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմք հանդիսանալ այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված մասնակցի վարքագիծը գնահատվում է որպես «գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում»։

Միևնույն ժամանակ անդրադառնալով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտման՝ Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով նախատեսված՝ «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինիս առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն։

Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19‑րդ ենթակետով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում է դիտարկվում «փաստաթղթեր չներկայացնելը», որը հարկ է տարբերել այն իրավիճակներից, երբ մասնակիցը, նպատակ հետապնդելով շտկել հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը, սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը՝ հանձնաժողովի գնահատմամբ թերի շտկելով արձանագրված անհամապատասխանությունները կամ դրանցում թույլ տալով նոր անհամապատասխանություններ։ Նման դեպքերում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է՝ հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցմանը, այդուհանդերձ մասնակցի վարքագիծը չի կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում։ Համապատասխանաբար նման իրավիճակում չի կարող խոսք լինել նաև մասնակցի մոտ հայտի ապահովումը վճարելու պարտականության առաջացման (եթե կիրառելի է), իսկ վերջինս հրավերով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում՝ նաև մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքի առկայության մասին (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08072025 թվականի որոշումը)։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն՝ Քաղաքապետարանի կարիքների համար՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ գազատարի կառուցման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել է թիվ «ԵՔ-ԲՄԱՇՁԲ-22/89» ծածկագրով բաց մրցույթ, որին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև Ընկերությունը։

Գնահատող հանձնաժողովի նիստի 07112022 թվականի թիվ 3 արձանագրության 11 կետի համաձայն՝ «Ավետիսյան Շին Մոնտաժ ՍՊԸ-ի կողմից ներկայացված ծավալաթերթ‑նախահաշվում առկա են թվաբանական անճշտություններ։ Միևնույն ժամանակ Տեխնոլոգիական պրոցեսների ավտոմատացում տողում գրված է անհասկանալի թիվ /26658,6589/ այն հաշվարկների մեջ որևէ կերպ ներառված չէ Ծավալաթերթ‑Նախահաշվում: Նաև բացակայում է սարքեր-սարքավորումների մասին հայտարարությունը»:

Նույն կետի համաձայն՝ գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետի պահանջները, որոշել է կասեցնել նիստը և առաջարկել Ընկերությանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում շտկել առկա անհամապատասխանությունները։

Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է Հրավերով նախատեսված շտկման ենթակա փաստաթղթերի փոփոխված տարբերակները։

Գնահատող հանձնաժողովի նիստի 09112022 թվականի թիվ 4 արձանագրության 11‑րդ կետի համաձայն՝ Ընկերության կողմից ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունները չեն շտկվել, մասնավորապես՝ սարքեր սարքավորումների մասին հայտարարությունում արտադրողի անվանումը դաշտում մասնակցի կողմից լրացվել է հասցե, ոչ թե ընկերության անվանումը: Ուստի գնահատող հանձնաժողովը որոշել է Ընկերության հայտը գնահատել անբավարար և մերժել։

Երևանի քաղաքապետի 27122022 թվականի թիվ 4614-Ա որոշմամբ Ընկերությունը ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։ Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը։ Որպես փաստական հիմք նշվել է Ընկերության կողմից ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները խախտելը, այն է՝ Ընկերության հայտում արձանագրված անհամապատասխանությունները «սխալ շտկելը» և այդ հիմքով Ընկերության հայտն անբավարար գնահատելը և մերժելը։

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 27122022 թվականի թիվ 4614-Ա որոշումը՝ իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասին՝ հայցի հիմքում, ի թիվս այլնի, դնելով նաև այն, որ պարտավորության խախտում է գնահատվել հայտում արձանագրված որոշ անհամապատասխանությունը թերի շտկելը, մինչդեռ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտարկվել որպես հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում՝ առավել ևս հաշվի առնելով այն, որ Ընկերությունը թե՛ հայտով և թե՛ շտկման փուլում ներկայացրել է հրավերով նախատեսված բոլոր պահանջվող փաստաթղթերը, շտկել է գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված բոլոր անհամապատասխանությունները, միայն թերի է լրացրել ներկայացված սարքեր սարքավորումների մասին հայտարարությունում արտադրող ընկերության անվանումը։

Դատարանը, պատճառաբանելով, որ

- «Որպեսզի Ընկերությանը վերագրվի գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում, անհրաժեշտ էր, որպեսզի առկա լիներ Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված որևիցե հիմքերից մեկը»,

- «գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում Մասնակցին վերագրելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ, որ նա հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը»,

- ««Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ի կողմից թե հայտով և թե շտկման փուլում ներկայացվել են հրավերով նախատեսված բոլոր փաստաթղթերը, միայն թերի է լրացվել ներկայացված սարքեր սարքավորումների մասին հայտարարությունում արտադրող ընկերության անվանումը։ (…) ուստի այս հիմքով «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ին չի կարող վերագրվել գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում»,

- «Տվյալ դեպքում առկա չի եղել Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում և շտկում չկատարելը չի կարող դիտարկվել որպես Կարգի 32 րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտման թվարկված որևիցե հիմքերից մեկը, չի կարող նույնացվել այդ հիմքերից որևիցե մեկի հետ»,

- ««Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ն խախտել է Կարգի 42-րդ կետը, որը հայտը մերժելու հիմք է, սակայն շտկումը թերի կատարելը կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում չէ, և համապատասխանաբար Ընկերությանը 2 տարի ժամկետով գնումներին մասնակցելու իրավունքից զրկելու հիմք չէ։ (…) ։ Ավելին՝ Դատարանն արձանագրում է նաև, որ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը (կամ թերությունները չվերացնելը) և հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը տարբեր գործողություններ են, որոնք պայմանավորված են նաև դրանց չկատարման արդյունքում վրա հասնող տարբեր անբարենպաստ հետևանքներով, հետևաբար՝ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ի կողմից հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտվել որպես հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում և Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում»,

- «Երևանի քաղաքապետի 27122022թ 4614-Ա որոշումը չի բավարարում Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ պատճառաբանված լինելու օրենսդրական պահանջին, ինչն ինքնին բավարար է այն ոչ իրավաչափ ճանաչելու համար»,

07.07.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Վերաքննիչ դատարանը 14.05.2024 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի բերած վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի 07072022 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել՝ Ընկերության հայցը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ

«Կարգն առանձին նորմով՝ 32-րդ կետի 19-րդ ենթակետով՝ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը չշտկելը կամ թերի շտկելն ուղղակիորեն չի նախատեսվում որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, և որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում ճանաչված է մասնակցի կողմից հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը, մինչդեռ նշված գործողությունները մեկ ամբողջության բաղկացուցիչ մասեր են, մյուսից բխող են, գտնվում են փոխլրացնող տրամաբանական կապի մեջ, հետևաբար որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես առանձին և ինքնուրույն գործողություններ, քանի որ օրենսդրի տրամաբանությունը ելնում է այն կանխավարկածից, որ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում պետք է ներկայացնի հրավերով նախատեսված փաստաթղթերը՝ պատշաճ վիճակում, իսկ հնարավոր թերությունների հայտնաբերման դեպքում օրենքը դրանք շտկելու հնարավորություն է ընձեռել, ինչով մասնակցի համար առավել երաշխավորել է հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը պատշաճ ներկայացնելու հնարավորությունը: Վերոգրյալ մեկնաբանության տրամաբանությունը բխում է նաև Կարգի 42-րդ կետի դրույթներից, որոնցից ուղղակիորեն բխում է, որ հենց սահմանված ժամկետում հանձնաժողովի հայտնաբերած անհամապատասխանությունը մասնակցի կողմից չշտկելն /թերի շտկելն/ է հանդիսանում մասնակցի հայտը անբավարար և մերժման ենթակա գնահատելու հիմքը, որն էլ իր հերթին հանգեցնում է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, այլ ոչ թե հայտով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելն ինքնին: (…) Կարգի 41-րդ կետով սահմանված պահանջների խախտումը, որը Կարգի 42-րդ կետի հիմքով հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը, համարվում է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում: (…) Ընկերությունը ըստ էության թերի է շտկել Հանձնաժողովի կողմից արձանագրված խախտումը (նշված փաստն անվիճելի է), ինչը ըստ էության հանդիսանում է Կարգի 41-րդ կետով սահմանված պահանջների խախտում, որն էլ Կարգի 42-րդ կետի հիմքով պետք է և իրավամբ հանգեցրել է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը: Վերաքննիչ դատարանի նշված եզրահանգումը պայմանավորված է նրանով, որ մասնակիցը, գնման գործընթացում, հայտը ներկայացնելով, ստանձնում է որոշակի պարտավորություններ, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումն էլ առաջ է բերում վերոգրյալ բացասական հետևանքները: (…) ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը, ինչպես «Գնումների մասին» ՀՀ օրենքի, այնպես էլ Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի տրամաբանությամբ դիտվում է որպես ստանձնած պարտավորության խախտում, հետևաբար՝ Ընկերության համար կարող էր առաջանալ Կարգի 42-րդ կետով նախատեսված հետևանքից զատ, այլ անբարենպաստ հետևանք»։

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների իրավաչափությանը և հետևությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը պատշաճորեն չի գնահատել հայտի ներկայացման և գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները շտկելու փուլում Ընկերության դրսևորած վարքագիծն ու արձանագրված թերությունների բնույթը։ Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Ընկերությունը, գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը թերի շտկելով, թույլ է տվել գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում, հաշվի չի առել, որ Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ կետի իմաստով «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» հիմքի առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած՝ դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, այլ կերպ ասած՝ կարող են որակվել որպես հրավերով չնախատեսված, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն։ Մինչդեռ սույն դեպքում Ընկերությունը, նպատակ հետապնդելով շտկելու գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները, սահմանված կարգով և ժամկետում ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը՝ շտկելով գնահատող հանձնաժողովի նիստի 07112022 թվականի թիվ 3 արձանագրության 11 կետով մատնանշված անճշտությունները (անհամապատասխանությունները), այդ թվում՝ ներկայացրել է գնահատող հանձնաժողովի կողմից պահանջված սարքեր-սարքավորումների մասին հայտարարությունը՝ միևնույն ժամանակ թույլ տալով նոր խախտում, այն է՝ նշված հայտարարության մեջ «արտադրողի անվանումը» դաշտում լրացրել է հասցե, ոչ թե ընկերության անվանումը:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նման դեպքերում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով մասնակցի հայտը կարող է գնահատվել անբավարար և մերժվել՝ հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցմանը, այդուհանդերձ մասնակցի վարքագիծը չի կարող գնահատվել որպես «հրավերով սահմանված կարգով և ժամկետներում նույն հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում» ու, որպես հետևանք նաև՝ գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, և, համապատասխանաբար, հիմք հանդիսանալ Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար։

Սույն գործի փաստերի և կողմերի արտահայտած դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շտկման փուլում Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերում որոշակի անհամապատասխանությունների արձանագրումը ոչ թե Ընկերության կողմից գնահատման հանձնաժողովի պահանջած փաստաթղթերը չներկայացնելու կամ արձանագրված անհամապատասխանությունները շտկելուն ակնհայտորեն ոչ վերաբերելի փաստաթղթեր ներկայացնելու, այլ ներկայացված փաստաթղթերը հանձնաժողովի կողմից Հրավերի առանձին դրույթների համատեքստում գնահատելու արդյունք են, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Վերոգրյալ իրավական վերլուծության և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքերում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով Ընկերության ներկայացրած հայտը գնահատող հանձնաժողովի կողմից իր իրավասության սահմաններում կարող էր գնահատվել անբավարար և մերժվել՝ հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման, այդուհանդերձ Ընկերության վարքագիծը չէր կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, քանի որ Ընկերությունը գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով սահմանված ժամկետում չի դրսևորել անգործություն, այլ ներկայացրել է արձանագրված անհամապատասխանությունները շտկելուն ուղղված և դրանց ակնհայտորեն վերաբերելի փաստաթղթեր՝ թեկուզև դրանցում թույլ տալով նոր խախտումներ (անհամապատասխանություններ)։ Նման իրավիճակում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չի կարող խոսք լինել Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքի առկայության մասին, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից՝ թույլ տալով գործի ելքի վրա ազդող դատական սխալ։

Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով այն, որ սույն դեպքում բացակայում է Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար անհրաժեշտ պայմաններից առնվազն մեկը՝ Ընկերության կողմից գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտումը, ինչն ինքնին բավարար է վիճարկվող որոշումն անվավեր ճանաչելու համար՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված նյութական նորմերի մյուս խախտումներին:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394‑րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը։

Տվյալ դեպքում Ընկերության կողմից վկայակոչվել են 23032023 թվականի թիվ ԵԴ/52483/02/22 և 07.06.2024 թվականի թիվ ԵԴ2/28023/02/23 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, հիմնավորելով, որ այդ դատական ակտերում Օրենքի 6‑րդ հոդվածի 1-ին մասի 6‑րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են Վերաքննիչ դատարանի 14.05.2024 թվականի որոշմամբ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/52483/02/22 քաղաքացիական գործով 23032023 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, մասնավորապես, արձանագրել է. «Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը հստակ և սպառիչ սահմանում է այն բոլոր դեպքերը, երբ մասնակցի կողմից դրսևորած վարքագիծը կարող է դիտարկվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, դրանք են. 1. հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող. 2. մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը. 3.ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը: (…) ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը, չի կարող դիտարկվել գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում և Ընկերության համար առաջացնել այնպիսի անբարենպաստ հետևանք, ինչպիսին է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառվելը։ Վերաքննիչ դատարանն արձանագրում է՝ որպեսզի գնման գործընթացի մասնակցին վերագրվի գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում, անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրը չի նախատեսել ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելու առանձին և ինքնուրույն հետևանք, որպիսի պարագայում մասնակցի նման վարքագիծը կարող է դիտվել որպես հայտում առկա անհամապատասխանությունը չվերացնել, իսկ այդ դեպքում վրա հասնող միակ բացասական հետևանքն այն է, որ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ2/28023/02/23 քաղաքացիական գործով 07.06.2024 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, մասնավորապես, արձանագրել է. «(…) հայտին ներկայացվող պայմանների խախտումը հիմք է հայտը անբավարար գնահատելու և մերժելու համար, որը պատասխանատվության միջոց չէ, իսկ արդեն հայտի ապահովման գումարը գանձելու կամ գնման գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու պատվիրատուի որոշումը պատասխանատվության միջոց է, որը կարող է կիրառելի լինել բացառապես ստանձնած, սակայն չկատարված կամ ոչ պատշաճ կատարված պարտավորության պարագայում, ինչպես որ նախատեսված է քաղաքացիական օրենսդրությամբ և «Գնումների մասին» ՀՀ օրենքով: (…) գնման գործընթացի շրջանակներում ստանձած պարտավորության խախտումը կարող է առաջանալ բացառապես այն դեպքերում, երբ մասնակիցը ստանձնում է նման պարտավորություն, սակայն չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում այն, իսկ հայտի պայմանները չպահպանելը չի կարող համարվել ստանձնած պարտավորության խախտում, սակայն կարող է հիմք հանդիսանալ հայտն անբավարար գնահատելու և մերժելու համար»:

Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ 23032023 թվականի թիվ ԵԴ/52483/02/22 և 07.06.2024 թվականի թիվ ԵԴ2/28023/02/23 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, քանի որ թիվ ԵԴ/52483/02/22 ու թիվ ԵԴ2/28023/02/23 քաղաքացիական գործերով ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտերում Օրենքի 6‑րդ հոդվածի 1‑ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի՝ մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19‑րդ ենթակետը կիրառվել են Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։ Մասնավորապես՝ ստորադաս դատարանի կողմից, ի հակադրություն Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման, թիվ ԵԴ/52483/02/22 և թիվ ԵԴ2/28023/02/23 քաղաքացիական գործով տրվել է այնպիսի մեկնաբանություն, որ գնման գործընթացին մասնակցող անձի ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը, կամ հայտի պայմանները չպահպանելը որևէ պարագայում չեն կարող դիտարկվել գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում։

Վերը նշված փաստերից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի միատեսակ կիրառելիության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, կրկին փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված իրավական նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 14.05.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ նաև սույն որոշման պատճառաբանություններով՝ հետևյալ հիմնավորմամբ։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար՝ գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9.4-րդ կետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 50-ապատիկի չափով։

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժե.» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6‑րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով։

 «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ժդ.» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6‑րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով՝ բազային տուրքի 75-ապատիկի չափով։

Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 14.05.2024 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 07072023 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ

- Դատարանի 07072023 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.

- Վերաքննիչ դատարանում Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.

- Քաղաքապետարանից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 75.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.05.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 07.07.2023 թվականի վճռին՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Երևանի քաղաքապետարանից հօգուտ «Ավետիսյան Շին Մոնտաժ» ՍՊԸ-ի բռնագանձել 75.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումար։

Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3 Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Ս. Մեղրյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 դեկտեմբերի 2025 թվական: