Գլխավոր տեղեկություն
Համար
N 1287-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.28/88(1446) Հոդ.1208
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
19.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 նոյեմբերի 2018 թվականի N 1287-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

            

2018 թ. նոյեմբերի 19

Երևան

   

           

        

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ  ԵՎ  Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները:

2. Քաղաքացիական ծառայողի արձակուրդի տրամադրումը (այդ թվում՝ տեղափոխումը, երկարաձգումը կամ արձակուրդից հետ կանչելը) իրականացվում է գլխավոր քարտուղարի անհատական իրավական ակտով, իսկ գլխավոր քարտուղարի արձակուրդի տրամադրումը՝ համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտով: Հանրապետության նախագահի աշխատակազմում, Վարչապետի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողին արձակուրդը տրամադրում է համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Մարդու իրավունքների պաշտպանը, Դատական դեպարտամենտում՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Անվտանգության խորհրդի գրասենյակում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը:

(2-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

3. Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտի տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը:

4. Քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ունի ամենամյա արձակուրդի իրավունք, որը ներառում է ամենամյա նվազագույն արձակուրդը և ամենամյա լրացուցիչ արձակուրդը:

(4-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

4.1. Աշխատանքային տարին սկսվում է քաղաքացիական ծառայողին տվյալ մարմնում պաշտոնում նշանակելու մասին անհատական իրավական ակտով կամ ժամկետային աշխատանքային պայմանագրով նախատեսված՝ աշխատանքային պարտականությունների կատարմանն անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:

(4.1-ին կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

5. Քաղաքացիական ծառայողի ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 20 աշխատանքային oր է, իսկ ամենամյա լրացուցիչ արձակուրդի տևողությունը՝ 4 աշխատանքային օր:

6. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում՝ ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակացույցին (այսուհետ՝ ժամանակացույց) համապատասխան:

(6-րդ կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

6.1. Ժամանակացույցում ներառելու նպատակով քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր տարի նոյեմբերի 15-30-ը էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով (այսուհետ՝ էլեկտրոնային եղանակ) ընտրում է հաջորդ օրացուցային տարում իր ամենամյա արձակուրդը (այդ թվում՝ նախորդ տարվա տեղափոխված արձակուրդի օրերը) օգտագործելու ժամանակահատվածը (ամիսները): Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների հետ համաձայնեցված ժամանակացույցերը, իսկ կառուցվածքային ստորաբաժանման կազմում չընդգրկված քաղաքացիական ծառայողների անմիջական ղեկավարները նրանց հետ համաձայնեցված ժամանակացույցերը գլխավոր քարտուղարին, իսկ սույն կարգի 2-րդ կետում նշված մարմիններում համապատասխան պաշտոնատար անձին են ուղարկում դեկտեմբերի 1-10-ը։ Գլխավոր քարտուղարը, իսկ սույն կարգի 2-րդ կետում նշված մարմիններում համապատասխան պաշտոնատար անձը մարմնի բոլոր քաղաքացիական ծառայողների ժամանակացույցերը ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է անձնակազմի կառավարման ստորաբաժանում։ Գլխավոր քարտուղարը ժամանակացույցն ուղարկում է անձնակազմի կառավարման ստորաբաժանում՝ դրանում ներառելով իր ամենամյա արձակուրդն օգտագործելու ժամանակահատվածը (ամիսները)։

(6.1-ին կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

(11.12.25 N 1782-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 6.1-ին կետը դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ դրույթների մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)

6.2. Արտաքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայողների ժամանակացույցը կազմվում և գլխավոր քարտուղարին է ներկայացվում թղթային եղանակով:

(6.2-րդ կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

(11.12.25 N 1782-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 6.2-րդ կետը դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ դրույթների մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)

7. Ժամանակացույցում փոփոխությունները կատարվում են նոր ընդունված քաղաքացիական ծառայողների, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով գործուղված դիվանագետների և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգով գործուղված քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակահատվածների նախատեսման նպատակով՝ համապատասխան հիմքն առաջանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամանակացույցում փոփոխություններ կարող են կատարվել նաև քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի հիման վրա։

(7-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

7.1. Քաղաքացիական ծառայողի արձակուրդը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայողի ներկայացրած դիմումի հիման վրա՝ բացառությամբ սույն կարգի 19.1-ին կետով սահմանված դեպքի։

(7.1-ին կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

(11.12.25 N 1782-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 7.1-ին կետը դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ դրույթների մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)

7․2․ Ժամանակացույցով նախատեսված ժամանակահատվածներին չհամապատասխանող ժամանակահատվածների համար ամենամյա արձակուրդի (բացառությամբ սույն կարգի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով նախատեսված դեպքերի), ինչպես նաև սույն կարգի 35-րդ կետով սահմանված չվճարվող արձակուրդի դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացիական ծառայողին արձակուրդը տրամադրվում է, եթե այն չի խոչընդոտում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը:

(7.2-րդ կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

8. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին և տրամադրվել միասին։

(8-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

9. Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր: 

10. Աշխատանքային առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը քաղաքացիական ծառայողին տրամադրվում է տվյալ մարմնում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Կողմերի համաձայնությամբ աշխատանքային առաջին տարում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը:

(10-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

10.1. Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`

1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.

2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են քաղաքացիական ծառայողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ․

3) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.

5) հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածը, քաղաքացիական ծառայողի՝ իր պաշտոնում վերականգնվելու դեպքում.

6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.

7) վարժական հավաքների, զինվորական վարժանքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.

8) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:

(10.1-ին կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

11. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգով քաղաքացիական ծառայողի գործուղման դեպքում նրա չօգտագործած ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի չօգտագործած մասը ներառվում է այլ համապատասխան մարմնի ժամանակացույցում, որտեղ գործուղվել է քաղաքացիական ծառայողը։

(11-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

12. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով տեղափոխության կամ փոխադրման դեպքում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը տրամադրվում է ժամանակացույցին համապատասխան:

(12-րդ կետը փոփ. 11.12.25 N 1782-Ն)

13. Մինչև անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է`

1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.

2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

(13-րդ կետը փոփ. 11.12.25 N 1782-Ն)

14. Անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող քաղաքացիական ծառայողները:

(14-րդ կետը փոփ. 11.12.25 N 1782-Ն)

15. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդն իր դիմումի հիման վրա տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:

(15-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

15.1. Քաղաքացիական ծառայողին երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր դիմումի հիման վրա տրամադրվում է հայրության արձակուրդ՝ հինգ աշխատանքային օր տևողությամբ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է քաղաքացիական ծառայողի միջին օրական աշխատավարձի չափով:

(15.1-ին կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

16. Առանց աշխատանքից կտրվելու սովորող քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդն իր դիմումի հիման վրա տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային կամ ավարտական աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման, ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների ժամկետներին համապատասխան:

(16-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

17. Հիվանդին կամ հաշմանդամություն ունեցող անձին տանը խնամող քաղաքացիական ծառայողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն քաղաքացիական ծառայողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա, ամենամյա արձակուրդը տրամադրվում է իր նախընտրած ժամանակ:

18. Էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայողի ներկայացրած դիմումի հիման վրա կամ իր համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կամ դրա չօգտագործած մասը կարող է տեղափոխվել տվյալ աշխատանքային տարվա այլ ժամանակ։ Կողմերի համաձայնությամբ քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի մասը կարող է տեղափոխվել հաջորդ աշխատանքային տարի:

(18-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

(11.12.25 N 1782-Ն որոշման 2-րդ կետի համաձայն` 18-րդ կետը դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ դրույթների մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)

19. Ամենամյա արձակուրդը տեղափոխվում է նաև այլ ժամանակ, եթե՝

1) քաղաքացիական ծառայողը գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ.

2) քաղաքացիական ծառայողը ձեռք է բերել Աշխատանքային օրենսգրքի 171-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև սույն կարգի 32.1-ին և 34-րդ կետերով նախատեսված արձակուրդի իրավունք.

3) քաղաքացիական ծառայողը մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում.

4) քաղաքացիական ծառայողը մասնակցում է վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին կամ իրականացնում է զորահավաքային զինվորական ծառայություն կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին.

5) քաղաքացիական ծառայողի պաշտոնավարումը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով.

6) քաղաքացիական ծառայողի լիազորությունները կասեցվել են օրենսդրությամբ սահմանված կարգով․

7) քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով։

(19-րդ կետը փոփ., լրաց. 11.12.25 N 1782-Ն)

19.1. Եթե քաղաքացիական ծառայողը տվյալ աշխատանքային տարում և դրա ավարտից հետո 18 ամսվա ընթացքում խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա չօգտագործված մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, և այդ դիմումը չներկայացնելը պայմանավորված չէ սույն կարգի 19-րդ կետով սահմանված որևէ հանգամանքով, ապա տվյալ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը որոշում է գլխավոր քարտուղարը, իսկ սույն կարգի 2-րդ կետով սահմանված մարմիններում՝ համապատասխան պաշտոնատար անձը՝ հաշվի առնելով սույն կարգի 14-րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջները: Այս դեպքում ամենամյա արձակուրդը կամ դրա մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն ընդունվում է առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի:

(19.1-ին կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

19.2. Տվյալ աշխատանքային տարում և դրա ավարտից հետո 18 ամսվա ընթացքում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար քաղաքացիական ծառայողին վճարել տուժանք՝ քաղաքացիական ծառայողի միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելը պայմանավորված է եղել նշված ամբողջ ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու, ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու) կամ ուսումնական արձակուրդում կամ պետական և հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդում կամ հայրության արձակուրդում կամ սույն կարգի 34-րդ կետով նախատեսված չվճարվող արձակուրդում գտնվելու հանգամանքով կամ քաղաքացիական ծառայողի՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին մասնակցությամբ` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում կամ քաղաքացիական ծառայողի՝ վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին մասնակցությամբ կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի պաշտոնավարումը կասեցված լինելու կամ քաղաքացիական ծառայողի լիազորություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցված համարվելու կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցված լինելու հանգամանքներով։

(19.2-րդ կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

20. Մինչև ամենամյա արձակուրդի սկսվելը, սույն կարգի 19-րդ կետով նախատեսված հիմքերը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ հիմքեր առաջանալու դեպքում, քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ, իսկ այն դեպքում, երբ այդ հիմքերն առաջանում են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:

21. Քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն նրա համաձայնությամբ՝ բացառությամբ ռազմական դրություն հայտարարելու, ինչպես նաև պետական մարմինների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման գործընթացի շրջանակներում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքերի:

(21-րդ կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

22. Ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքում քաղաքացիական ծառայողին աշխատած օրերի համար վճարվում է աշխատավարձ: Ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերը (տեղափոխված արձակուրդը) հետագայում տրամադրելու դեպքում, անկախ այդ օրերի համար նախկինում վճարում կատարած լինելու հանգամանքից, քաղաքացիական ծառայողին այդ օրերի համար վճարվում է միայն միջին աշխատավարձը, լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար այլևս չի վճարվում:

23. (կետն ուժը կորցրել է 11.12.25 N 1782-Ն)

24. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը կամ դրա չօգտագործված մասը սույն կարգի 19-րդ կետի 1-4-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով (բացառությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի) տվյալ աշխատանքային տարում չտրամադրելու դեպքում տրամադրվում է հաջորդ աշխատանքային տարում, կամ 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա ավարտից, որի համար քաղաքացիական ծառայողին չի տրամադրվել կամ մասնակի է տրամադրվել ամենամյա արձակուրդը:

(24-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

25. (կետն ուժը կորցրել է 11.12.25 N 1782-Ն)

26. Քաղաքացիական ծառայողին յուրաքանչյուր աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի համար հիմնական արձակուրդային վճարից (միջին աշխատավարձից) բացի, մեկ անգամ տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով: Միջին աշխատավարձը հաշվարկվում է Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է մեկ անգամ: Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը կամ դրա մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում: Լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում նաև այն դեպքում, երբ տվյալ օրացուցային տարում քաղաքացիական ծառայողին արդեն վճարվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար։

(26-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

26.1. Քաղաքացիական ծառայողի աշխատանքից ազատվելու դեպքում՝

1) լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարում ձեռք բերված արձակուրդի իրավունքին համապատասխան (հասանելիք արձակուրդի օրերի համար).

2) նրան վճարված հիմնական արձակուրդային վճարը և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, եթե քաղաքացիական ծառայողն աշխատանքից ազատվում է մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել է ամենամյա արձակուրդ՝ բացառությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատման կամ լիազորությունները դադարելու դեպքերի։

(26.1-ին կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

26.2. Տվյալ աշխատանքային տարում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնում ծառայությունը մինչև մեկ տարի ժամկետով երկարաձգելու դեպքերում քաղաքացիական ծառայողի տվյալ աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրամադրվում են մինչև քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածին համամասնորեն:

(26.2-րդ կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

27. Ամենամյա արձակուրդի համար վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան ամենամյա արձակուրդն սկսելուց երեք օր առաջ, իսկ եթե դա հնարավոր չէ գործատուից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդն սկսելու՝ քաղաքացիական ծառայողի դիմումում նշված ժամկետից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Եթե քաղաքացիական ծառայողի համար հաշվարկված աշխատավարձը (միջին աշխատավարձը և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը) սույն կետով սահմանված ժամկետում չի վճարվում քաղաքացիական ծառայողից անկախ պատճառներով, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է այնքան օրով, որքան օրով երկարաձգվել է աշխատավարձի վճարումը, և երկարաձգված ժամանակի համար վճարումը կատարվում է այնպես, ինչպես ամենամյա արձակուրդի համար: Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի երկարաձգումն ամրագրվում է նրան արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի անհատական իրավական ակտով:

28. Քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատվելու, լիազորությունները դադարելու, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարեցնելու դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդը քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա տրամադրվում է ազատման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում պաշտոնից ազատման կամ լիազորությունները դադարելու օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:

(28-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

29. Սույն կարգի 28-րդ կետով նախատեսված դրույթը չի տարածվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4.1-ին, 5-րդ, 6.1-ին կամ 7-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատվելու դեպքերի վրա, ինչպես նաև 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 15-րդ կամ 16-րդ կետերով նախատեսված հիմքերով լիազորությունները դադարելու դեպքերի վրա: Սույն կարգի 28-րդ կետով նախատեսված դրույթը չի տարածվում նաև սույն կետում չնշված այն դեպքերի վրա, երբ քաղաքացիական ծառայողը պաշտոնից ազատվելուց կամ լիազորությունները դադարելուց հետո անցնում է այլ աշխատանքի կամ գրանցվում է կադրերի ռեզերվում:

(29-րդ կետը փոփ. 11.12.25 N 1782-Ն)

30. Ամենամյա արձակուրդի փոխարինումը դրամական հատուցմամբ չի թույլատրվում: Եթե աշխատանքից ազատվելու պատճառով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած քաղաքացիական ծառայողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդը, կամ քաղաքացիական ծառայողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա նրան վճարվում է դրամական հատուցում: Դրամական հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

31. (կետն ուժը կորցրել է 11.12.25 N 1782-Ն)

32. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար քաղաքացիական ծառայողին կարող է տրամադրվել լրացուցիչ վճարովի արձակուրդ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն արձակուրդի տևողությունը:

32.1. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիական ծառայողներին, ուսումնական հաստատության միջնորդությամբ, տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան օրերի քանակով։ Քաղաքացիական ծառայողին ուսումնական արձակուրդ է տրամադրվում նաև մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար: Ուսումնական արձակուրդի համար քաղաքացիական ծառայողը չի վճարվում:

(32.1-ին կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

33. Առանձին դեպքերում, անձնական կամ ընտանեկան հանգամանքներից ելնելով, քաղաքացիական ծառայողին կարող է մեկ աշխատանքային տարվա ընթացքում տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ ոչ ավելի, քան երեսուն օր՝ անկախ տվյալ մարմնում աշխատանքային ստաժի տևողությունից:

(33-րդ կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

34. Քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա չվճարվող արձակուրդ տրամադրվում է՝

1) եթե քաղաքացիական ծառայողի կինը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում.

2) եթե քաղաքացիական ծառայողի ամուսինը գտնվում է մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.

3) եթե քաղաքացիական ծառայողը հաշմանդամություն ունի կամ խնամում է ընտանիքի հիվանդ անդամին, որի համար չվճարվող արձակուրդը տրամադրվում է բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում.

4) քաղաքացիական ծառայողի ամուսնության համար` երեք աշխատանքային օր.

5) քաղաքացիական ծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում` մինչև երեք աշխատանքային օր․

6) քաղաքացիական ծառայողի ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` ոչ ավելի, քան չորս աշխատանքային օր։

(34-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

35. Սույն կարգի 34-րդ կետում չնշված դեպքերում քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա չվճարվող արձակուրդ կարող է տրամադրվել նրան արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ:

(35-րդ կետը փոփ. 11.12.25 N 1782-Ն)

36. Սույն կարգի 34-րդ և 35-րդ կետերում նշված դեպքերում և կարգով քաղաքացիական ծառայողին տրամադրվող արձակուրդի տևողությունը մեկ աշխատանքային տարվա ընթացքում չի կարող գերազանցել սույն կարգի 33-րդ կետով սահմանված ժամկետը:

(36-րդ կետը լրաց. 11.12.25 N 1782-Ն)

37. Սույն կարգի 32.1-ին կետով և 34-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված արձակուրդը քաղաքացիական ծառայողին տրամադրվում է համապատասխանաբար ուսումնական հաստատության միջնորդությունը, քաղաքացիական ծառայողի կնոջ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթը, քաղաքացիական ծառայողի ամուսնու մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթը, իր հաշմանդամությունը վկայող փաստաթուղթը կամ ընտանիքի անդամի հիվանդության վերաբերյալ բժշկական եզրակացությունը ներկայացնելու դեպքում:

(37-րդ կետը խմբ. 11.12.25 N 1782-Ն)

38. Քաղաքացիական ծառայողի հղիության և ծննդաբերության, մինչև երեք տարեկան երեխայի խնամքի, ինչպես նաև պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար արձակուրդների տրամադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ:

(հավելվածը խմբ., լրաց., փոփ. 11.12.25 N 1782-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.12.2025, N 1782-Ն 15.11.2018, N 1287-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան