Գլխավոր տեղեկություն
Համար
N 1782-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 11.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 դեկտեմբերի 2025 թվականի N 1782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 1287-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Քաղաքացիական ծառայողի արձակուրդի տրամադրումը (այդ թվում՝ տեղափոխումը, երկարաձգումը կամ արձակուրդից հետ կանչելը) իրականացվում է գլխավոր քարտուղարի անհատական իրավական ակտով, իսկ գլխավոր քարտուղարի արձակուրդի տրամադրումը՝ համապատասխան մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտով: Հանրապետության նախագահի աշխատակազմում, Վարչապետի աշխատակազմում, Ազգային ժողովի աշխատակազմում, Սահմանադրական դատարանի աշխատակազմում քաղաքացիական ծառայողին արձակուրդը տրամադրում է համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ Մարդու իրավունքների պաշտպանը, Դատական դեպարտամենտում՝ Դատական դեպարտամենտի ղեկավարը, իսկ Անվտանգության խորհրդի գրասենյակում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը:».

2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4. Քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ունի ամենամյա արձակուրդի իրավունք, որը ներառում է ամենամյա նվազագույն արձակուրդը և ամենամյա լրացուցիչ արձակուրդը:».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝

«4.1. Աշխատանքային տարին սկսվում է քաղաքացիական ծառայողին տվյալ մարմնում պաշտոնում նշանակելու մասին անհատական իրավական ակտով կամ ժամկետային աշխատանքային պայմանագրով նախատեսված՝ աշխատանքային պարտականությունների կատարմանն անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:».

4) 6-րդ կետը «ժամանակացույցին» բառից հետո լրացնել «(այսուհետ՝ ժամանակացույց)» բառերով.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով՝

«6.1. Ժամանակացույցում ներառելու նպատակով քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր տարի նոյեմբերի 15-30-ը էլեկտրոնային եղանակով՝ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակի միջոցով (այսուհետ՝ էլեկտրոնային եղանակ) ընտրում է հաջորդ օրացուցային տարում իր ամենամյա արձակուրդը (այդ թվում՝ նախորդ տարվա տեղափոխված արձակուրդի օրերը) օգտագործելու ժամանակահատվածը (ամիսները): Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն իրենց ստորաբաժանումների քաղաքացիական ծառայողների հետ համաձայնեցված ժամանակացույցերը, իսկ կառուցվածքային ստորաբաժանման կազմում չընդգրկված քաղաքացիական ծառայողների անմիջական ղեկավարները նրանց հետ համաձայնեցված ժամանակացույցերը գլխավոր քարտուղարին, իսկ սույն կարգի 2-րդ կետում նշված մարմիններում համապատասխան պաշտոնատար անձին են ուղարկում դեկտեմբերի 1-10-ը։ Գլխավոր քարտուղարը, իսկ սույն կարգի 2-րդ կետում նշված մարմիններում համապատասխան պաշտոնատար անձը մարմնի բոլոր քաղաքացիական ծառայողների ժամանակացույցերը ստանալուց հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է անձնակազմի կառավարման ստորաբաժանում։ Գլխավոր քարտուղարը ժամանակացույցն ուղարկում է անձնակազմի կառավարման ստորաբաժանում՝ դրանում ներառելով իր ամենամյա արձակուրդն օգտագործելու ժամանակահատվածը (ամիսները)։

6.2. Արտաքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայողների ժամանակացույցը կազմվում և գլխավոր քարտուղարին է ներկայացվում թղթային եղանակով:».

6) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Ժամանակացույցում փոփոխությունները կատարվում են նոր ընդունված քաղաքացիական ծառայողների, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով գործուղված դիվանագետների և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգով գործուղված քաղաքացիական ծառայողների ամենամյա արձակուրդների տրամադրման ժամանակահատվածների նախատեսման նպատակով՝ համապատասխան հիմքն առաջանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում: Ժամանակացույցում փոփոխություններ կարող են կատարվել նաև քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի հիման վրա։».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետով՝

«7.1. Քաղաքացիական ծառայողի արձակուրդը տրամադրվում է էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայողի ներկայացրած դիմումի հիման վրա՝ բացառությամբ սույն կարգի 19.1-ին կետով սահմանված դեպքի։»․

8) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7․2-րդ կետով՝

«7․2․ Ժամանակացույցով նախատեսված ժամանակահատվածներին չհամապատասխանող ժամանակահատվածների համար ամենամյա արձակուրդի (բացառությամբ սույն կարգի 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ և 17-րդ կետերով նախատեսված դեպքերի), ինչպես նաև սույն կարգի 35-րդ կետով սահմանված չվճարվող արձակուրդի դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացիական ծառայողին արձակուրդը տրամադրվում է, եթե այն չի խոչընդոտում տվյալ կառուցվածքային ստորաբաժանման բնականոն գործունեությանը:».

9) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Ամենամյա լրացուցիչ արձակուրդը կարող է միացվել ամենամյա նվազագույն արձակուրդին և տրամադրվել միասին։».

10) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Աշխատանքային առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը քաղաքացիական ծառայողին տրամադրվում է տվյալ մարմնում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Կողմերի համաձայնությամբ աշխատանքային առաջին տարում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը:».

11) լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով՝

«10.1. Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`

1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.

2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են քաղաքացիական ծառայողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ․

3) քաղաքացիական ծառայողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը.

4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը.

5) հարկադիր պարապուրդում գտնվելու ժամանակահատվածը, քաղաքացիական ծառայողի՝ իր պաշտոնում վերականգնվելու դեպքում.

6) օրինական գործադուլի ժամանակահատվածը.

7) վարժական հավաքների, զինվորական վարժանքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը.

8) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ:».

12) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված կարգով քաղաքացիական ծառայողի գործուղման դեպքում նրա չօգտագործած ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի չօգտագործած մասը ներառվում է այլ համապատասխան մարմնի ժամանակացույցում, որտեղ գործուղվել է քաղաքացիական ծառայողը։».

13) 12-րդ կետից հանել «ամենամյա արձակուրդի տրամադրման» բառերը.

14) 13-րդ կետում «անընդմեջ» բառը փոխարինել «անընդհատ» բառով, իսկ «խնդրանքով» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով.

15) 14-րդ կետում «Անընդմեջ» բառը փոխարինել «Անընդհատ» բառով.

16) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«15. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդն իր դիմումի հիման վրա տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:».

17) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15.1-ին կետով՝

«15.1. Քաղաքացիական ծառայողին երեխայի ծնվելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում, իր դիմումի հիման վրա տրամադրվում է հայրության արձակուրդ՝ հինգ աշխատանքային օր տևողությամբ, որի յուրաքանչյուր օրվա համար գործատուն վճարում է քաղաքացիական ծառայողի միջին օրական աշխատավարձի չափով:».

18) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16. Առանց աշխատանքից կտրվելու սովորող քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդն իր դիմումի հիման վրա տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային կամ ավարտական աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման, ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների ժամկետներին համապատասխան:».

19) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«18. Էլեկտրոնային եղանակով քաղաքացիական ծառայողի ներկայացրած դիմումի հիման վրա կամ իր համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կամ դրա չօգտագործած մասը կարող է տեղափոխվել տվյալ աշխատանքային տարվա այլ ժամանակ։ Կողմերի համաձայնությամբ քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի մասը կարող է տեղափոխվել հաջորդ աշխատանքային տարի:».

20) 19-րդ կետում՝

ա. 2-րդ ենթակետում «հոդվածով նախատեսված նպատակային» բառերը փոխարինել «հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, ինչպես նաև սույն կարգի 32.1-ին և 34-րդ կետերով նախատեսված» բառերով.

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-7-րդ ենթակետերով՝

«4) քաղաքացիական ծառայողը մասնակցում է վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին կամ իրականացնում է զորահավաքային զինվորական ծառայություն կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին.

5) քաղաքացիական ծառայողի պաշտոնավարումը կասեցվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով.

6) քաղաքացիական ծառայողի լիազորությունները կասեցվել են օրենսդրությամբ սահմանված կարգով․

7) քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով։».

21) լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-ին և 19.2-րդ կետերով՝

«19.1. Եթե քաղաքացիական ծառայողը տվյալ աշխատանքային տարում և դրա ավարտից հետո 18 ամսվա ընթացքում խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա չօգտագործված մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, և այդ դիմումը չներկայացնելը պայմանավորված չէ սույն կարգի 19-րդ կետով սահմանված որևէ հանգամանքով, ապա տվյալ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը որոշում է գլխավոր քարտուղարը, իսկ սույն կարգի 2-րդ կետով սահմանված մարմիններում՝ համապատասխան պաշտոնատար անձը՝ հաշվի առնելով սույն կարգի 14-րդ և 17-րդ կետերով սահմանված պահանջները: Այս դեպքում ամենամյա արձակուրդը կամ դրա մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն ընդունվում է առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի:

19.2. Տվյալ աշխատանքային տարում և դրա ավարտից հետո 18 ամսվա ընթացքում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար քաղաքացիական ծառայողին վճարել տուժանք՝ քաղաքացիական ծառայողի միջին ամսական աշխատավարձի 0.15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելը պայմանավորված է եղել նշված ամբողջ ժամանակահատվածում քաղաքացիական ծառայողի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու, ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվելու (այդ թվում՝ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու) կամ ուսումնական արձակուրդում կամ պետական և հասարակական պարտականությունների կատարման համար տրամադրվող արձակուրդում կամ հայրության արձակուրդում կամ սույն կարգի 34-րդ կետով նախատեսված չվճարվող արձակուրդում գտնվելու հանգամանքով կամ քաղաքացիական ծառայողի՝ տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման աշխատանքներին մասնակցությամբ` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում կամ քաղաքացիական ծառայողի՝ վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին մասնակցությամբ կամ զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի պաշտոնավարումը կասեցված լինելու կամ քաղաքացիական ծառայողի լիազորություններն օրենսդրությամբ սահմանված կարգով կասեցված համարվելու կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով քաղաքացիական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը կասեցված լինելու հանգամանքներով։».

22) 21-րդ կետը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ ռազմական դրություն հայտարարելու, ինչպես նաև պետական մարմինների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման գործընթացի շրջանակներում քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդից հետ կանչելու դեպքերի» բառերով.

23) ուժը կորցրած ճանաչել 23-րդ կետը.

24) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«24. Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը կամ դրա չօգտագործված մասը սույն կարգի 19-րդ կետի 1-4-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով (բացառությամբ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի) տվյալ աշխատանքային տարում չտրամադրելու դեպքում տրամադրվում է հաջորդ աշխատանքային տարում, կամ 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա ավարտից, որի համար քաղաքացիական ծառայողին չի տրամադրվել կամ մասնակի է տրամադրվել ամենամյա արձակուրդը:».

25) ուժը կորցրած ճանաչել 25-րդ կետը.

26) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«26. Քաղաքացիական ծառայողին յուրաքանչյուր աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի համար հիմնական արձակուրդային վճարից (միջին աշխատավարձից) բացի, մեկ անգամ տրվում է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար՝ իր միջին ամսական աշխատավարձի չափով: Միջին աշխատավարձը հաշվարկվում է Աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով: Ընդ որում՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում քաղաքացիական ծառայողին լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է մեկ անգամ: Քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդը կամ դրա մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում: Լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարվա վերջում նաև այն դեպքում, երբ տվյալ օրացուցային տարում քաղաքացիական ծառայողին արդեն վճարվել է լրացուցիչ միանվագ արձակուրդային վճար։».

27) լրացնել հետևյալ բովանդակությամբ 26.1-ին և 26.2-րդ կետերով՝

«26.1. Քաղաքացիական ծառայողի աշխատանքից ազատվելու դեպքում՝

1) լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրվում է տվյալ աշխատանքային տարում ձեռք բերված արձակուրդի իրավունքին համապատասխան (հասանելիք արձակուրդի օրերի համար).

2) նրան վճարված հիմնական արձակուրդային վճարը և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը չաշխատած ամիսների համամասնությամբ պահվում կամ գանձվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով, եթե քաղաքացիական ծառայողն աշխատանքից ազատվում է մինչև այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել է ամենամյա արձակուրդ՝ բացառությամբ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 7-րդ, 12-րդ և 14-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատման կամ լիազորությունները դադարելու դեպքերի։

26.2. Տվյալ աշխատանքային տարում քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու, ինչպես նաև տվյալ պաշտոնում ծառայությունը մինչև մեկ տարի ժամկետով երկարաձգելու դեպքերում քաղաքացիական ծառայողի տվյալ աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդը և լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տրամադրվում են մինչև քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարելու ժամկետի ավարտն ընկած ժամանակահատվածին համամասնորեն:».

28) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«28. Քաղաքացիական ծառայողի պաշտոնից ազատվելու, լիազորությունները դադարելու, ինչպես նաև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարեցնելու դեպքերում չօգտագործված ամենամյա արձակուրդը քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա տրամադրվում է ազատման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը տեղափոխելու միջոցով: Այդ դեպքում պաշտոնից ազատման կամ լիազորությունները դադարելու օր է համարվում ամենամյա արձակուրդի ժամկետի ավարտին հաջորդող օրը:».

29) 29-րդ կետում «5-րդ» բառը փոխարինել «4.1-ին, 5-րդ, 6.1-ին» բառերով.

30) ուժը կորցրած ճանաչել 31-րդ կետը.

31) լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով՝

«32.1. Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող քաղաքացիական ծառայողներին, ուսումնական հաստատության միջնորդությամբ, տրամադրվում է ուսումնական արձակուրդ՝ աշխատանքային օրենսգրքով սահմանված համապատասխան օրերի քանակով։ Քաղաքացիական ծառայողին ուսումնական արձակուրդ է տրամադրվում նաև մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ ընդունվելու նպատակով քննություններին նախապատրաստվելու համար: Ուսումնական արձակուրդի համար քաղաքացիական ծառայողը չի վճարվում:».

32) 33-րդ կետը «տարվա» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով.

33) 34-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«34. Քաղաքացիական ծառայողի դիմումի հիման վրա չվճարվող արձակուրդ տրամադրվում է՝

1) եթե քաղաքացիական ծառայողի կինը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում.

2) եթե քաղաքացիական ծառայողի ամուսինը գտնվում է մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում.

3) եթե քաղաքացիական ծառայողը հաշմանդամություն ունի կամ խնամում է ընտանիքի հիվանդ անդամին, որի համար չվճարվող արձակուրդը տրամադրվում է բժշկական եզրակացությամբ սահմանված ժամկետներում.

4) քաղաքացիական ծառայողի ամուսնության համար` երեք աշխատանքային օր.

5) քաղաքացիական ծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքում` մինչև երեք աշխատանքային օր․

6) քաղաքացիական ծառայողի ազգային, կրոնական տոները կամ հիշատակի օրերը նշելու համար` ոչ ավելի, քան չորս աշխատանքային օր։».

34) 35-րդ կետում «միջնորդությամբ» բառը փոխարինել «դիմումի հիման վրա» բառերով.

35) 36-րդ կետը «տարվա» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով.

36) 37-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«37. Սույն կարգի 32.1-ին կետով և 34-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված արձակուրդը քաղաքացիական ծառայողին տրամադրվում է համապատասխանաբար ուսումնական հաստատության միջնորդությունը, քաղաքացիական ծառայողի կնոջ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթը, քաղաքացիական ծառայողի ամուսնու մինչև մեկ տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ փաստաթուղթը, իր հաշմանդամությունը վկայող փաստաթուղթը կամ ընտանիքի անդամի հիվանդության վերաբերյալ բժշկական եզրակացությունը ներկայացնելու դեպքում:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետի, 7-րդ և 19-րդ ենթակետերի՝ դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու վերաբերյալ դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից։ Մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը արձակուրդի դիմումը ներկայացվում է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը գործող նորմերին համապատասխան։ Սույն որոշման 1-ին կետի 21-րդ ենթակետով սահմանված կարգավորումները տարածվում են 2023 թվականի դեկտեմբերի 1-ին և դրանից հետո սկսված և հաջորդող աշխատանքային տարիների ամենամյա արձակուրդների վրա։ Իսկ սույն որոշման 1-ին կետի 26-րդ ենթակետով սահմանված՝ մեկ օրացուցային տարվա ընթացքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը մեկ անգամ տրամադրելու, ինչպես նաև ամենամյա արձակուրդը կամ դրա մասը հաջորդ աշխատանքային տարի տեղափոխելու դեպքում լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարը տվյալ աշխատանքային տարվա վերջում տրամադրելու վերաբերյալ դրույթները տարածվում են 2024 թվականի դեկտեմբերի 21-ին և դրանից հետո նոր սկսվող աշխատանքային տարիների ամենամյա արձակուրդների տրամադրման հետ կապված հարաբերությունների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման գործառույթներ իրականացնող ստորաբաժանումը կամ պատասխանատու անձը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ է մուտքագրում համապատասխան մարմնի բոլոր քաղաքացիական ծառայողների չօգտագործած արձակուրդային օրերի վերաբերյալ տվյալները՝ մինչև 2026 թվականի նոյեմբերի 1-ը։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

11.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան