Գլխավոր տեղեկություն
Համար
N 1761-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.12.08-2025.12.21 Պաշտոնական հրապարակման օրը 08.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 դեկտեմբերի 2025 թվականի N 1761-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխումների և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացումների իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի մեկից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

06.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ


Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից ընդունված՝ տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով (այսուհետ` բյուջե) հաստատված հատկացումների վերաբաշխումների (այսուհետ՝ վերաբաշխում) և Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (այսուհետ՝ պահուստային ֆոնդ) հատկացումների իրականացման գործընթացները և կանոնակարգվում են այդ գործընթացների հետ կապված հիմնական հարաբերությունները։

2. Վերաբաշխումների և պահուստային ֆոնդից հատկացումների նպատակն է կառավարել և ֆինանսավորել բյուջեի կատարման ընթացքում առաջ եկող հրատապ և չնախատեսված, ինչպես նաև տվյալ տարվա բյուջեում նախատեսված բյուջետային ծրագրերի և միջոցառումների գծով լրացուցիչ ծախսային կարիքները, և օրենքներով Հայաստանի Հանրապետության կառավարությանը (այսուհետ՝ Կառավարություն) վերապահված լիազորությունների շրջանակներում բյուջեում իրականացնել վերանայումներ՝ ապահովելով հարկաբյուջետային կայունությունը, բյուջետային ծախսերի արդյունավետությունը, գործընթացի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

 

2. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝

1) բյուջետային հատկացում՝ բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների գծով նախատեսված միջոցները.

2) վերաբաշխում՝ Կառավարությանը կամ պետական մարմնին վերապահված իրավասությունների շրջանակում՝ տվյալ բյուջետային տարվա ընթացքում բյուջետային հատկացումների միջև իրականացվող տեղափոխություն.

3) պետական մարմին՝ սույն կարգի շրջանակում վերաբաշխում իրականացնելու իրավասություն ունեցող բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչներ (այսուհետ՝ գլխավոր կարգադրիչներ) և բյուջետային ծրագրերի միջոցառումները կատարող մարմիններ (այսուհետ՝ կատարող մարմիններ).

4) ներքին վերաբաշխում՝ պետական մարմնի նախաձեռնությամբ՝ բյուջեով իրեն վերապահված հատկացումների շրջանակներում ինքնուրույն իրականացվող վերաբաշխում.

5) արտաքին վերաբաշխում՝ Կառավարության որոշմամբ իրականացվող վերաբաշխում.

6) միջծրագրային վերաբաշխում՝ բյուջետային հատկացումներում իրականացվող տեղափոխություն բյուջետային տարբեր ծրագրերով նախատեսված միջոցառումների միջև.

7) միջոցառումների միջև վերաբաշխում՝ բյուջետային հատկացումներում իրականացվող տեղափոխություն բյուջետային միևնույն ծրագրի միջոցառումների միջև.

8) միջգերատեսչական վերաբաշխում՝ բյուջետային հատկացումների տեղափոխություն գլխավոր կարգադրիչների միջև.

9) կատարողների միջև վերաբաշխում՝ միջոցառման շրջանակներում բյուջետային հատկացումների տեղափոխություն այդ միջոցառումն իրականացնող բյուջետային հատկացումների ստորադաս կարգադրիչների (կատարող մարմինների) միջև.

10) միջհոդվածային վերաբաշխում՝ բյուջետային հատկացումներում իրականացվող տեղափոխություն բյուջետային ծրագրի միևնույն միջոցառման տնտեսագիտական դասակարգման տարրերի միջև (այդ թվում՝ նոր հոդվածների գծով).

11) ներքին միջեռամսյակային վերաբաշխում՝ բյուջետային հատկացումների տեղափոխություն միևնույն միջոցառման համար սահմանված եռամսյակային համամասնությունների միջև՝ առանց միջոցառման գծով հաստատված տարեկան ընդհանուր հատկացումների մեծության փոփոխության, որոնք իրականացվում են տվյալ գլխավոր կարգադրիչի կողմից իրականացվող այլ միջոցառումների գծով ծախսերի միջեռամսյակային վերաբաշխմամբ՝ ապահովելով բյուջեի եռամսյակային հաշվեկշռվածությունը.

12) արտաքին միջեռամսյակային վերաբաշխում՝ միջեռամսյակային վերաբաշխում տարբեր գլխավոր կարգադրիչների կողմից իրականացվող ծրագրերի միջոցառումների կամ դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրի ներգրավմամբ՝ ապահովելով բյուջեի եռամսյակային հաշվեկշռվածությունը.

13) պահուստային ֆոնդ՝ բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման, բյուջեում չկանխատեսված ելքերի, ինչպես նաև բյուջետային երաշխիքների ապահովման ելքերի ֆինանսավորման աղբյուր, յուրաքանչյուր տարվա բյուջեում նախատեսվող չբաշխված միջոցների ծախսային ծրագիր.

14) պահուստային ֆոնդից հատկացում՝ պահուստային ֆոնդից հատկացումների տեղափոխություն բյուջետային այլ ծրագրերի միջոցառումներին (այդ թվում՝ նոր բյուջետային ծրագրերի և միջոցառումների նախատեսմամբ).

15) ազատ միջոցներ՝ բյուջետային ծրագրի միջոցառման ներքո պայմանագրային կամ այլ ծախսային պարտավորություններով չծանրաբեռնված միջոցներ.

16) հրատապ դեպքեր՝ Կառավարության որոշումներով սույն որոշման շրջանակում՝ բնական և/կամ տեխնածին աղետներով, ռազմական դրությամբ, ազգային անվտանգության կամ հասարակական կարգի ապահովման կամ համավարակային իրավիճակներով պայմանավորված, կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից՝ բյուջեից հատկացումների տրամադրման մասին ուղղակի գրավոր հանձնարարականների կատարմանն ուղղված դեպքեր: Սույն կարգով աղետ են համարվում «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերը.

17) պայմանական պարտավորություններ՝ տվյալ տարվա բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները սահմանող Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններ, որոնք ֆինանսավորվում են պահուստային ֆոնդից՝ առանց Կառավարության որոշման ընդունման.

18) կայունացման հաշիվ՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված հաշիվ:

 

3. ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

4. Վերաբաշխումների իրականացման ձևերն են՝

1) ներքին վերաբաշխում.

2) արտաքին վերաբաշխում:

5. Ներքին վերաբաշխումներն են՝

1) ներքին միջեռամսյակային վերաբաշխումները.

2) միջոցառումների միջև վերաբաշխումները, բացառությամբ օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերին առնչվող միջոցառումների.

3) բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման միևնույն դասի ներսում միջհոդվածային վերաբաշխումները՝ բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նշված դեպքերի.

4) կառուցման և հիմնանորոգման ծրագրերում (միջոցառումներում) ընդգրկված օբյեկտների կառուցման, վերակառուցման, վերանորոգման և վերականգնման, նախագծահետազոտական, գեոդեզիաքարտեզագրական, ոչ ֆինանսական այլ ակտիվների ձեռքբերման ցանկերի գծով սահմանված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժերը, որոնք կատարվում են տվյալ միջոցառման տվյալ կատարողի տվյալ հոդվածով տարեկան և բոլոր եռամսյակներում ընդհանուր հատկացման, ինչպես նաև արդյունքային (կատարողական) ցուցանիշների պահպանմամբ:

6. Ներքին վերաբաշխումն իրականացվում է պետական մարմնի կողմից ինքնուրույն:

7. Արտաքին վերաբաշխումներն են՝

1) միջծրագրային վերաբաշխումները.

2) միջգերատեսչական վերաբաշխումները.

3) արտաքին միջեռամսյակային վերաբաշխումները.

4) կատարողների միջև վերաբաշխումները.

5) կապիտալ բնույթի և հանրային սեփականության կառավարմանն առնչվող միջոցառումների գծով ծախսերի նվազմանը հանգեցնող վերաբաշխումները.

6) օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերին առնչվող միջոցառումների գծով ծախսերի նվազմանը կամ ավելացմանը հանգեցնող վերաբաշխումները.

7) միջոցառումների տարեկան արդյունքային (կատարողական) ցուցանիշների փոփոխմանը հանգեցնող վերաբաշխումները.

8) բյուջետային հատկացումների տնտեսագիտական դասակարգման դասերի միջև փոփոխություններ նախատեսող միջհոդվածային վերաբաշխումները.

9) մրցույթով հատկացվող դրամաշնորհները ոչ մրցութայինի փոխելու նպատակով իրականացվող վերաբաշխումները.

10) գնման գործընթացի շրջանակներում գնման մրցակցային ձևերով կամ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով պայմանավորված մեկ անձից գնման ձևով կնքված գործարքների արդյունքում առաջացած տնտեսումների վերաբաշխումները.

11) կառուցման և հիմնանորոգման ծրագրերում (միջոցառումներում) (ներառյալ նախագծումը, փորձաքննությունը, հեղինակային և տեխնիկական հսկողությունը) ընդգրկված օբյեկտների ցանկերի կազմի և (կամ) դրանց գծով սահմանված հատկացումների փոփոխություն ենթադրող վերաբաշխումները՝ բացառությամբ սույն կարգի 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքերի:

8. Արտաքին վերաբաշխման վերաբերյալ որոշումն ընդունում է Կառավարությունը՝ գլխավոր կարգադրիչների, իսկ սույն կարգի 10-րդ կետում նախատեսված դեպքերում՝ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված առաջարկի հիման վրա:

9. Արտաքին միջգերատեսչական վերաբաշխման մասին Կառավարության որոշման նախագիծը Կառավարության քննարկմանն է ներկայացվում վերաբաշխման արդյունքում հավելյալ հատկացումներ ստացող գլխավոր կարգադրիչի, իսկ նախագծի շրջանակներում հավելյալ հատկացումներ ստացող մեկից ավելի գլխավոր կարգադրիչների առկայության դեպքում՝ այդ կարգադրիչներից որևէ մեկի կողմից:

10. Արտաքին վերաբաշխման մասին Կառավարության որոշման նախագիծը, որն իրականացվում է դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրների ներգրավմամբ (մասնավորապես՝ բյուջեի միջեռամսյակային հաշվեկշռվածությունն ապահովելու, բյուջետային վարկեր տրամադրելու, տարեսկզբի ազատ մնացորդի և կայունացման դեպոզիտային հաշվի օգտագործման և համալրման դեպքերում), ինչպես նաև հարկաբյուջետային ռիսկերի կառավարման կամ հարկաբյուջետային կայունության ապահովման նպատակով, Կառավարության քննարկմանն է ներկայացվում Ֆինանսների նախարարության կողմից կամ վերջինիս համաձայնությամբ:

11. Յուրաքանչյուր տարվա բյուջեով պահուստային ֆոնդի ծրագրի ներքո առանձին միջոցառումների տեսքով կարող են առանձնացվել պահուստային ֆոնդի հետևյալ տեսակները՝

1) ծախսային քաղաքականության պահուստ, որը նախատեսվում է պետական բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման և պետական բյուջեում չկանխատեսված ելքերի, բյուջետային երաշխիքների ֆինանսավորման նպատակով.

2) հարկաբյուջետային քաղաքականության պահուստ, որը նախատեսվում է բյուջեի եկամուտների՝ կանխատեսումներից շեղումների ռիսկերի կառավարման նպատակով (այդ թվում՝ պայմանավորված համախառն ներքին արդյունքի (այսուհետև՝ ՀՆԱ), գնաճի, փոխարժեքի, ներմուծման, հարկային եկամուտների վերաբերյալ ենթադրություններից շեղումների կամ այլ գործոններով).

3) պայմանական պարտավորությունների սպասարկման պահուստ, որը նախատեսվում է պայմանական պարտավորությունների ֆինանսավորման նպատակով.

4) աղետների կառավարման պահուստ, որը նախատեսվում է բնական և/կամ տեխնածին աղետների հետևանքով առաջացած վնասների կամ վնասվածքների վերականգնման միջոցառումների ֆինանսավորման նպատակով:

12. Պահուստային ֆոնդից հատկացումներն իրականացվում են Կառավարության որոշումներով՝ բացառությամբ պայմանական պարտավորությունների ֆինանսավորմանն ուղղված հատկացումների և սույն կարգի 11-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նշված պահուստների միջև տեղափոխությունների:

13. Պահուստային ֆոնդից հատկացումների վերաբերյալ առաջարկները ներկայացվում են գլխավոր կարգադրիչների կողմից՝ Կառավարության որոշման նախագծերի տեսքով:

14. Պահուստային ֆոնդից հատկացումները վերաբաշխում չեն համարվում:

15. Աղետների կառավարման պահուստի՝ բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ մնացորդը նույն օրը փոխանցվում է կայունացման հաշվին:

 

4. ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

16. Ներքին և արտաքին վերաբաշխումների գործընթացը ներառում է հետևյալ փուլերը՝

1) հավելյալ ծախսային կարիքների գնահատում.

2) ազատ միջոցների առկայության գնահատում.

3) վերաբաշխման վերաբերյալ որոշման կայացում.

4) վերաբաշխման իրականացում.

5) վերաբաշխման վերաբերյալ հաշվետվության տրամադրում:

17. Վերաբաշխման հիմքում դրված հավելյալ ծախսային կարիքների գնահատումը (այսուհետ՝ կարիքի գնահատում), ինչպես նաև վերաբաշխման համար ազատ միջոցների առկայության և դրանց հասանելիության գնահատումը (այսուհետ՝ ազատ միջոցների գնահատում) իրականացվում է վերաբաշխման առաջարկ ներկայացնող գլխավոր կարգադրիչի կողմից:

18. Կարիքի գնահատում իրականացնելիս հաշվի է առնվում բյուջետային ծրագրի գործող միջոցառման իրականացման ընթացքը, այդ թվում՝ պլանավորված և ձեռք բերված ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքները, միջոցառման իրականացման հետ կապված խնդիրները, ռիսկերը և այլ հանգամանքներ, որոնք առաջ են բերում միջոցառման գծով հավելյալ ծախսերի իրականացման կամ պլանավորված ծախսերի կազմի և կառուցվածքի վերանայման անհրաժեշտություն:

19. Կարիքի գնահատման արդյունքում հստակեցվում է հավելյալ ծախսերի կարիքի չափը, ուղղությունը և դրա նպատակահարմարության հիմնավորումը, այդ թվում՝ ակնկալվող օգուտների, արդյունքների կամ արդյունավետության իմաստով, կամ այդ ծախսերը չիրականացնելու հետևանքները՝ չստացված արդյունքների, ֆինանսական կորուստների, ոչ արդյունավետ ծախսերի կամ այլ ռիսկերի ձևավորման կամ նյութականացման տեսանկյունից:

20. Վերաբաշխման արդյունքում բյուջետային նոր (տվյալ տարվա բյուջեում չներառված) միջոցառումներ ձևավորվել չեն կարող: Վերաբաշխումներ կարող են իրականացվել վերաբաշխման պահին գոյություն ունեցող բյուջետային ծրագրերի և միջոցառումների միջև: Բյուջետային տարվա ընթացքում բյուջետային նոր միջոցառումներ կարող են ձևավորվել պահուստային ֆոնդից հատկացումների արդյունքում:

21. Ազատ միջոցների գնահատում իրականացնելիս գլխավոր կարգադրիչները հաշվի են առնում նվազեցվող միջոցառման իրականացման ընթացքը, այդ թվում՝ գործող պայմանագրերը, ստանձնված և ստանձնվելիք ծախսային պարտավորությունները, փաստացի և հնարավոր ծախսային տնտեսումները, պլանավորված և ձեռք բերված ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքները, միջոցառման իրականացման և արդյունքների ապահովման հետ կապված խնդիրները, ռիսկերը և այլ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս եզրակացնել միջոցառման շրջանակներում ազատ միջոցների առկայության, դրանց հասանելիության և այլ ուղղություններով դրանց ծախսման հնարավորության և նպատակահարմարության վերաբերյալ:

22. Ազատ միջոցների գնահատման արդյունքում գլխավոր կարգադրիչները հստակեցնում են հասանելի ազատ միջոցների չափը, ուղղությունները և այդ միջոցների նվազեցման (վերաբաշխման) նպատակահարմարության հիմնավորումը, այդ թվում՝ նվազեցման ազդեցությունը միջոցառման արդյունքների կամ արդյունավետության վրա, կամ նվազեցման հետևանքները՝ հնարավոր ֆինանսական կորուստների, հետագա ծախսային կարիքների կամ պարտքերի ձևավորման, ծախսերի արդյունավետության նվազեցման կամ միջոցառման իրականացման հետ կապված այլ ռիսկերի տեսանկյունից:

23. Արտաքին միջգերատեսչական վերաբաշխման դեպքում, ազատ միջոցների առկայության վերաբերյալ հիմնավորումները մշակվում և նախագիծը ներկայացնող գլխավոր կարգադրիչին են տրամադրվում այն գլխավոր կարգադրիչի (կարգադրիչների) կողմից, որի (որոնց) բյուջեից վերաբաշխման արդյունքում նախատեսվում է կատարել նվազեցումներ:

24. Այն դեպքերում, երբ տեխնիկական սահմանափակումների պատճառով պետական մարմինը չի կարողանում ներքին վերաբաշխումն ինքնուրույն իրականացնել գանձապետական վճարահաշվային համակարգի միջոցով, գլխավոր կարգադրիչը կարող է դիմել Ֆինանսների նախարարություն, պետական մարմնի փոխարեն գործողությունն իրականացնելու առաջարկով՝ ներկայացնելով սույն կարգի 17-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը և վերաբաշխումն ինքնուրույն իրականացնելու անհնարինության հիմնավորումները:

25. Սույն կարգի 24-րդ կետում նշված առաջարկի հիման վրա Ֆինանսների նախարարությունն իրականացնում է ներքին վերաբաշխում՝ պետական մարմնի փոխարեն համապատասխան գրանցումներ կատարելով գանձապետական վճարահաշվային համակարգում:

26. Ներքին վերաբաշխումների համար սույն կարգով սահմանված պահանջների ապահովման նկատմամբ հսկողությունն իրականացվում է վերաբաշխումն իրականացնող պետական մարմնի կողմից ինքնուրույն:

27. Ներքին վերաբաշխումները պետական մարմինների կողմից գանձապետական վճարահաշվային համակարգ մուտքագրելիս՝ վերաբաշխմամբ սահմանված հանրագումարները չպահպանելու դեպքերում` սկսած յուրաքանչյուր ամսվա ավարտին նախորդող չորրորդ աշխատանքային օրվանից, համակարգի կողմից արգելափակվում են բյուջետային միջոցառումների ֆինանսավորման նպատակով հավաստագրերի և պարտավորությունների գծով մուտքագրումները՝ մինչև հավասարակշռվածության վերականգնումը, իսկ վերջինս չապահովելու դեպքում՝ յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրը Ֆինանսների նախարարությունը կասեցնում է խնդրահարույց վերաբաշխմանն առնչվող միջոցառումների գծով ծախսերի ֆինանսավորումը՝ մինչև խնդրի կարգավորումը:

28. Արտաքին վերաբաշխման վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի փաթեթը պարունակում է տեղեկատվություն փոփոխության ենթարկվող բոլոր ծախսային ծրագրերի, միջոցառումների և տնտեսագիտական դասակարգման տարրերի, վերաբաշխվող ծախսերի մեծության և բյուջեի հավելվածներում փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորում վերաբաշխման նպատակահարմարության վերաբերյալ:

29. Արտաքին վերաբաշխման վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի փաթեթը Կառավարության քննարկմանն է ներկայացվում այդ նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարության, ինչպես նաև շահագրգիռ այլ մարմինների դիրքորոշման առկայությամբ:

30. Արտաքին վերաբաշխման վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշումը կարող է առնչվել հետևյալ հարցերին՝

1) նախագծի ընդունմանն առնչվող հարկաբյուջետային ռիսկերը.

2) բյուջետային ծրագրերի կամ միջոցառումների կատարմանն առնչվող ռիսկերը.

3) նախագծի փաթեթում առկա բյուջետային տեղեկատվության ամբողջականությունը և համապատասխանությանը.

4) Կառավարության ծախսային քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանությանը և այլ հարցեր, որոնք Ֆինանսների նախարարության գնահատմամբ անհրաժեշտ է հաշվի առնել նախագծի վերաբերյալ որոշում կայացնելիս:

31.Կառավարության որոշման նախագծում սույն կարգով պահանջվող տեղեկատվության կամ դրա մի մասի բացակայությունը հիմք է Ֆինանսների նախարարության կողմից նախագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում ներկայացնելու համար:

32. Վերաբաշխման շրջանակներում բյուջետային ծրագրերի միջոցառումների գծով նվազեցումներ նախատեսվում են այն դեպքում, երբ միջոցառման մասով առկա է նվազեցվող գումարի չափով ազատ մնացորդ և այն ծանրաբեռնված չէ պարտավորություններով:

33. Մինչև Կառավարության որոշման նախագծի շրջանառելը, դրանում առկա նվազեցվող ցուցանիշների փոփոխությունը՝ այն նախաձեռնող պետական մարմնի կողմից պետք է նախապես մուտքագրվի Ֆինանսների նախարարության գանձապետական վճարահաշվարկային համակարգ:

34. Եթե Կառավարության հերթական նիստին ընդառաջ համապատասխան նախարարական կոմիտեում վերաբաշխման վերաբերյալ Կառավարության որոշման նախագծին տրվում է բացասական դիրքորոշում կամ նախագծի լրամշակման վերաբերյալ այնպիսի հանձնարարական, որի արդյունքում սույն կարգի 33-րդ կետում նշված նվազեցվող միջոցներն ամբողջովին կամ մասամբ չեն վերաբաշխվում, ապա այդ գումարների չափով դադարեցվում է ֆինանսական պարտավորությունների ստանձնումը և ֆինանսավորումը: Նշված միջոցները տնօրինվում են Կառավարության որոշմամբ:

35. Գնում ենթադրող միջոցառումների մասով ֆինանսական միջոցների նվազեցումը, հիմք ընդունելով Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածով հաստատված կարգի 33-րդ կետի 9-րդ ենթակետը, իրականացվում է հետևյալ կարգով՝

1) մինչև պայմանագրի կողմի համաձայնությունն ստանալը պետական մարմինը նվազեցվող ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը նախնական մուտքագրում է գանձապետական վճարահաշվարկային համակարգ.

2) պայմանագրի կողմի համաձայնությունն ստանալուց հետո՝

ա. պետական մարմինը նվազեցվող ծավալի չափով կասեցնում է պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործընթացը՝ մինչև նվազեցման կատարման վերաբերյալ կողմերի միջև համաձայնագրի կնքումը,

բ. համաձայնության առկայությունը հիմնավորող փաստաթղթի պատճենը նախաձեռնողը մուտքագրում է էլեկտրոնային գնումների համակարգ (պայմանագրերի կառավարման և գնումների հաշվետվողականության մոդուլ, մրցույթներ բաժնում)՝ միաժամանակ նույն միջավայրում ծանրաբեռնված գումարը նվազեցնելով նվազեցվող գումարի չափով: Նշված գործողությունն իրականացնելուց հետո նույն համակարգում՝ գնումների պլանի բաժնում, միևնույն ԳՄԱ կոդի տողից ևս իրականացվում է ֆինանսական միջոցի նվազեցումը:

36. Ֆինանսների նախարարությունն իրականացնում է արտաքին և ներքին վերաբաշխումների հաշվառումը և օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դրանց արտացոլումը բյուջեի կատարման հաշվետվություններում:

37. Արտաքին վերաբաշխման որոշումները կարող են ընդունվել մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակում նախատեսված Կառավարության վերջին նիստի օրը: Հրատապության հիմքով վերաբաշխումների մասին Կառավարության որոշումները կարող են ընդունվել մինչև բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

38. Ներքին և արտաքին վերաբաշխումներ չեն կարող իրականացվել, եթե՝

1) չեն պահպանվել սույն կարգով սահմանված ընթացակարգերը.

2) նվազեցվող միջոցառմանը տարվա ընթացքում գումարներ են տրամադրվել պահուստային ֆոնդից, բացառությամբ այն դեպքի, երբ նվազեցումներն իրականացվում են բյուջետային տարվա ընթացքում պահուստային ֆոնդից տրամադրված հատկացումների հաշվին ձևավորված բյուջետային նոր միջոցառումներից.

3) վերաբաշխման արդյունքում նվազեցվում են արտաքին աղբյուրներից ստացված վարկերի կամ դրամաշնորհների մասով պետական բյուջեից տրամադրվող հարկերի, տուրքերի կամ պարտադիր այլ վճարների համար նախատեսված համաֆինանսավորման միջոցները և նվազեցված միջոցներն ուղղվում են այլ բնույթի ծախսերի իրականացմանը.

4) վերաբաշխումը հանգեցնում է այլ` փոխկապակցված ուղղություններով հավելյալ բյուջետային ծախսերի առաջացման, որոնց մասով բացակայում են խոշորացված ծախսային գնահատականները.

5) վերաբաշխումը հանգեցնում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված՝ վերաբաշխումների համար նախատեսված առավելագույն տարեկան սահմանաչափի գերազանցմանը.

6) վերաբաշխումը նախատեսվում է իրականացնել տվյալ տարվա բյուջեով հաստատված հատկացումների շրջանակներում արդեն վերաբաշխված գումարներից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

ա. կատարված վերաբաշխումներից հետո ի հայտ են եկել պետական մարմնից անկախ գործոններ,

բ. պետական մարմինների պահպանման միջոցառումների դեպքում՝ նախկինում վերաբաշխված միջոցների և նոր վերաբաշխվող միջոցների տնտեսագիտական դասակարգման հոդվածները տարբեր են.

7) հավելյալ ծախսային կարիքի ֆինանսավորման առաջարկը բյուջեի պլանավորման փուլում չի համարվել առաջնահերթ և չի ներառվել տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքի՝ լրացուցիչ ծախսերի առաջնահերթությունների հավելվածում: Սույն պահանջները չեն տարածվում պահանջարկով մղվող միջոցառումների գծով բյուջետային տարվա ընթացքում ձևավորված պարտավորությունների ֆինանսավորման, պետական բյուջեով սահմանված արդյունքային ցուցանիշների ապահովման, պահուստային ֆոնդի համալրման նպատակով իրականացվող, ինչպես նաև միջեռամսյակային վերաբաշխումների վրա: Սույն կարգի իմաստով պահանջարկով մղվող միջոցառումներ են համարվում այն ծախսային միջոցառումները, որոնց դեպքում Կառավարությունն օրենսդրորեն պարտավոր է ֆինանսավորել բոլոր իրավասու շահառուների փաստացի պահանջարկը՝ անկախ ֆինանսավորման ծավալներից: Պահանջարկով մղվող միջոցառումների օրինակներ են հանդիսանում սոցիալական նպաստները, կենսաթոշակները, օրենքով սահմանված փոխհատուցումները և այլն:

39. Սույն կարգի 38-րդ կետի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերով նախատեսված պահանջների պահպանումը պարտադիր չէ հրատապ դեպքերի հիմքով վերաբաշխումներ կատարելիս:

40. Կախված տվյալ բյուջետային տարվա առանձնահատկություններից՝ Կառավարության կողմից գլխավոր կարգադրիչների համար կարող են սահմանվել վերաբաշխման սահմանաչափեր:

41. Գլխավոր կարգադրիչը վերաբաշխումներն իրականացնում է բացառապես սույն կարգի 40-րդ կետում նշված սահմանաչափի շրջանակում: Բյուջետային տարվա ընթացքում վերաբաշխման սահմանաչափը գերազանցելու հիմնավոր կարիք առաջանալու դեպքում գլխավոր կարգադրիչը ներկայացնում է սահմանաչափը բարձրացնելու մասին Կառավարության որոշման նախագիծ, որի հաստատումից հետո գլխավոր կարգադրիչն իրավասու է շրջանառելու վերաբաշխման մասին Կառավարության որոշման նոր նախագիծ:

42. Բյուջեի կատարման ընթացքում՝ հարկաբյուջետային կայունության կամ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման նկատառումներից ելնելով, Ֆինանսների նախարարությունը կարող է հանդես գալ վերաբաշխումների ժամանակավոր սահմանափակման (կասեցման) առաջարկով, եթե բյուջեի կատարման համամասնություններով սահմանված եռամսյակային ցուցանիշների արդյունքներով բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարը (բացառությամբ պաշտոնական դրամաշնորհների) ավելի քան 5 տոկոսով ցածր է բյուջեի կատարման համամասնություններով սահմանված եռամսյակային ցուցանիշից:

43. Վերաբաշխումների սահմանափակման (կասեցման) առաջարկը ներառում է կասեցման հիմքերը և հիմնավորումները, տևողությունը, ուղղությունները:

44. Վերաբաշխումների սահմանափակման (կասեցման) առաջարկը Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին համաձայնեցման, որից հետո այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պետական մարմիններին ուղղված համապատասխան հանձնարարական կազմելու նպատակով:

 

5. ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

45. Պահուստային ֆոնդից հատկացման գործընթացը ներառում է հետևյալ փուլերը՝

1) հավելյալ ծախսային կարիքների գնահատում.

2) պահուստային ֆոնդում հասանելի միջոցների առկայության գնահատում.

3) պահուստային ֆոնդից հատկացման վերաբերյալ որոշման կայացում.

4) պահուստային ֆոնդից հատկացման իրականացում.

5) պահուստային ֆոնդից իրականացված հատկացումների վերաբերյալ հաշվետվության տրամադրում:

46. Պահուստային ֆոնդից հատկացման հիմքում դրված հավելյալ ծախսային կարիքների գնահատումն իրականացվում է պահուստային ֆոնդից հատկացման առաջարկ ներկայացնող գլխավոր կարգադրիչի, իսկ սույն կարգի 64-րդ կետով նախատեսված դեպքերում՝ Ֆինանսների նախարարության կողմից:

47. Պահուստային ֆոնդից հատկացման համար հասանելի միջոցների առկայության գնահատումն իրականացվում է Ֆինանսների նախարարության կողմից:

48. Կարիքի գնահատում իրականացնելիս հաշվի է առնվում բյուջեում չնախատեսված ուղղությամբ պահուստային ֆոնդից հատկացման անհրաժեշտությունը՝ կարիքի չափը, ուղղությունը և դրա նպատակահարմարության հիմնավորումը՝ այդ թվում, ակնկալվող օգուտների, արդյունքների կամ արդյունավետության իմաստով, անկանխատեսելի կամ հրատապ հանգամանքներով, այդ ծախսերի ֆինանսավորման առաջնահերթությամբ կամ դրանց չիրականացման հետ կապված ռիսկերով:

49. Բյուջեում նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման կարիքը գնահատելիս հաշվի է առնվում՝

1) բյուջետային միջոցառման իրականացման ընթացքը, այդ թվում՝ պլանավորված և ձեռք բերված ֆինանսական և ոչ ֆինանսական արդյունքները.

2) միջոցառման իրականացման հետ կապված խնդիրները և ռիսկերը.

3) այլ հանգամանքներ, որոնք առաջ են բերում հավելյալ ծախսերի ֆինանսավորման անհրաժեշտություն.

4) այդ ծախսերը պետական մարմնի բյուջեում վերաբաշխման միջոցով իրականացնելու հնարավորությունը:

50. Եթե պահուստային ֆոնդից հատկացման արդյունքում ձևավորվում է բյուջետային նոր (տվյալ տարվա բյուջեում չներառված) միջոցառում, որը նախատեսվում է շարունակել հաջորդ բյուջետային տարիներին, ապա լրացուցիչ ֆինանսավորման կարիքը գնահատելիս, ներկայացնում է տվյալ միջոցառման գծով ծախսային կարիքները նաև հաջորդ երկու տարիների համար:

51. Պայմանական պարտավորությունների սպասարկման համար լրացուցիչ ծախսերի կարիքը գնահատելիս հաշվի են առնվում պայմանական պարտավորությունների հիմքում դրված պայմանների ի հայտ գալու հանգամանքները և հիմնավորումները, ինչպես նաև դրանց գնահատված մեծությունը:

52. Պահուստային ֆոնդում հասանելի միջոցների առկայության գնահատում իրականացնելիս հաշվի է առնվում պահուստային ֆոնդում առկա միջոցների մնացորդը, մինչ տարեվերջ կանխատեսվող ծախսային կարիքները և գնահատվող հարկաբյուջետային ռիսկերը, այլ աղբյուրներից ծախսերի վերաբաշխմամբ ֆինանսավորման հնարավորությունը, պահուստային ֆոնդի համալրման հնարավորությունը և այլ հանգամանքներ, որոնք թույլ են տալիս եզրակացնել պահուստային ֆոնդում հասանելի ռեսուրսների առկայության և առաջարկվող ուղղություններով դրանց ծախսման հնարավորության և նպատակահարմարության վերաբերյալ:

53. Հավելյալ ծախսային կարիքների գնահատման արդյունքում, այդ ծախսերի ֆինանսավորումը հիմնավոր և նպատակահարմար համարվելու դեպքում, գլխավոր կարգադրիչի կողմից, իսկ սույն որոշմամբ նախատեսված դեպքերում՝ Ֆինանսների նախարարության կողմից, մշակվում և Կառավարության հաստատմանն է ներկայացվում Կառավարության որոշման նախագիծ՝ պահուստային ֆոնդից հատկացում կատարելու վերաբերյալ:

54. Պահուստային ֆոնդից հատկացում կատարելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի փաթեթը պետք է պարունակի տեղեկատվություն պահուստային ֆոնդից հատկացումների կատարման արդյունքում փոփոխության ենթարկվող բոլոր ծախսային ծրագրերի, միջոցառումների և տնտեսագիտական դասակարգման տարրերի, կատարվող հատկացումների մեծության և բյուջեի հավելվածներում փոփոխությունների վերաբերյալ, ինչպես նաև հիմնավորումներ պահուստային ֆոնդից հատկացման նպատակահարմարության վերաբերյալ:

55. Պահուստային ֆոնդից հատկացում կատարելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի փաթեթը Կառավարության քննարկմանն է ներկայացվում նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշման առկայությամբ:

56. Փաթեթի վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշումը կարող է պարունակել նախարարության գնահատականները և առաջարկները հետևյալ հարցերի առնչությամբ՝

1) պահուստային ֆոնդում հասանելի միջոցների առկայությունը.

2) ծախսերի ֆինանսավորման համար պետական մարմնի բյուջեում ազատ միջոցների առկայությունը և վերաբաշխման միջոցով իրականացնելու հնարավորությունը.

3) նախագծի ընդունմանն առնչվող հարկաբյուջետային ռիսկերը.

4) նախագծի փաթեթում առկա բյուջետային տեղեկատվության ամբողջականությունը և համապատասխանությանը:

57. Պահուստային ֆոնդից հատկացում կատարելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշումը կարող է վերաբերվել նաև նախագծի փաթեթում առկա բյուջետային տեղեկատվության ամբողջականությանը և համապատասխանությանը, Կառավարության ծախսային քաղաքականության առաջնահերթություններին համապատասխանությանը, և այլ հարցերի, որոնք Ֆինանսների նախարարության գնահատմամբ անհրաժեշտ է հաշվի առնել նախագծի վերաբերյալ որոշում կայացնելիս:

58. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու մասին քննարկումներն իրականացվում են հատկացումների վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշման առկայությամբ:

59. Կառավարության նիստին կամ Կառավարության նիստին ընդառաջ համապատասխան նախարարական կոմիտեներին պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծը որպես լրացուցիչ հարց ընդգրկելու դեպքում նախագծի վերաբերյալ Ֆինանսների նախարարության դիրքորոշման առկայությունը պարտադիր է:

60. Պահուստային ֆոնդից հատկացումներ կատարելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծի հիմնավորման մեջ սույն կարգով պահանջվող տեղեկատվության կամ դրա մի մասի բացակայությունը հիմք է Ֆինանսների նախարարության կողմից նախագծի վերաբերյալ բացասական դիրքորոշում ներկայացնելու համար:

61. Պահուստային ֆոնդից հատկացում կատարելու վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվելուց և որոշման վավերապայմանների հրապարակումից հետո 5 աշխատանքային օրվա, իսկ հրատապ դեպքերում 2 աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան տվյալ տարվա վերջին աշխատանքային օրը, Ֆինանսների նախարարությունը համապատասխան գրանցումներ է իրականացնում գանձապետական վճարահաշվային համակարգում:

62. Եթե տվյալ տարվա բյուջեով պահուստային ֆոնդում չի առանձնացվել պայմանական պարտավորությունների սպասարկման պահուստ, ապա պայմանական պարտավորությունների սպասարկման նպատակով պահուստային ֆոնդից հատկացումները կարող են իրականացվել ծախսային քաղաքականության պահուստի հաշվին՝ նույն ընթացակարգերով, ինչ պայմանական պարտավորությունների սպասարկման պահուստի դեպքում:

63. Պահուստային ֆոնդի տարբեր միջոցառումների (պահուստների) միջև ծախսերի տեղափոխությունները սույն կարգի իմաստով վերաբաշխումներ չեն համարվում:

64. Հարկաբյուջետային քաղաքականության պահուստից նվազեցումներ կարող են կատարվել պահուստային ֆոնդի այլ միջոցառումներին գումարների հատկացման (տեղափոխության) միջոցով Կառավարության որոշմամբ՝ Ֆինանսների նախարարության առաջարկի հիման վրա, որը ձևավորվում է՝ հաշվի առնելով պետական բյուջեի կատարման համամասնություններով սահմանված եռամսյակային եկամուտների ու ծախսերի փաստացի և մինչև տարեվերջ կանխատեսվող ցուցանիշները:

65. Հարկաբյուջետային քաղաքականության առաջին եռամսյակի և առաջին կիսամյակի պահուստից նվազեցման վերաբերյալ որոշում կարող է կայացվել ոչ շուտ, քան Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից համապատասխան եռամսյակի համախառն ներքին արդյունքի ցուցանիշի հրապարակման հաջորդ օրը: Հարկաբյուջետային քաղաքականության առաջին եռամսյակի և առաջին կիսամյակի համար նախատեսված պահուստից նվազեցումներ կարող են կատարվել, եթե բյուջեի առաջին եռամսյակի և առաջին կիսամյակի եռամսյակների կատարման համամասնություններով սահմանված եկամուտների կանխատեսումներից դեպի ներքև շեղման ռիսկերը չեն առարկայացել:

66. Հարկաբյուջետային քաղաքականության ինն ամիսների և տարվա համար նախատեսված պահուստից նվազեցման վերաբերյալ որոշում կարող է կայացվել ոչ շուտ, քան առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծի Կառավարության կողմից հաստատման հաջորդ օրը: Հարկաբյուջետային քաղաքականության ինն ամիսների և տարվա համար նախատեսված պահուստից նվազեցումներ կարող են կատարվել՝

1) համապատասխան ժամանակահատվածի փաստացի եկամուտների ցուցանիշի հայտնի չլինելու դեպքում, եթե առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծում ընթացիկ տարվա բյուջեի ինն ամիսների և տարվա կատարման համամասնություններով սահմանված եռամսյակային եկամուտների կանխատեսումներից դեպի ներքև շեղման ռիսկերի առարկայացում չի սպասվում.

2) համապատասխան ժամանակահատվածի փաստացի եկամուտների ցուցանիշի առկայության դեպքում, եթե համապատասխան ժամանակահատվածի եռամսյակների կատարման համամասնություններով սահմանված եկամուտների կանխատեսումներից դեպի ներքև շեղման ռիսկերը չեն առարկայացել:

67. Նվազեցման չափը և նպատակահարմարությունը որոշվում է ելնելով եռամսյակային փաստացի ցուցանիշների, ինչպես նաև առաջիկա տարվա պետական բյուջեի մասին օրենքի նախագծով ներկայացված թարմացված կանխատեսումների և ընթացիկ տարվա բյուջեով հաստատված կանխատեսումների համեմատությունից, այդ թվում՝ ելնելով բյուջետային տարվա եռամսյակային արդյունքներով փաստացի ստացված եկամուտներից:

68. Սույն կարգի 66-րդ կետում նշված ռիսկերի առարկայանալու դեպքում Ֆինանսների նախարարությունը կարող է ներկայացնել բյուջեի կատարման համամասնություններով սահմանված եռամսյակային և փաստացի թերհավաքագրված եկամուտների տարբերության չափով բյուջեի եկամուտների և ծախսերի համամասնական նվազեցման մասին Կառավարության որոշման նախագիծ:

69. Բյուջեի կատարման ընթացքում, հարկաբյուջետային ռիսկերով պայմանավորված, կարող է ծագել հարկաբյուջետային քաղաքականության պահուստի համալրման անհրաժեշտություն: Սույն կետում նշված դեպքերում, պահուստի համալրման վերաբերյալ Կառավարության որոշման նախագիծը ներկայացնում է Ֆինանսների նախարարությունը՝ համաձայնեցնելով շահագրգիռ գլխավոր կարգադրիչների հետ:

70. Պահուստային ֆոնդի համալրման աղբյուր կարող են հանդիսանալ պլանավորվածի համեմատ բյուջեի փաստացի ստացված հավելյալ եկամուտները, գանձապետական վճարահաշվային համակարգում արտացոլված փաստացի տնտեսված միջոցները և գլխավոր կարգադրիչների կողմից կանխատեսվող հնարավոր տնտեսումները, միջոցառումների դադարեցման կամ վերանայման արդյունքում ձևավորված ազատ միջոցները, կայունացման հաշվի միջոցները:

71. Ֆինանսների նախարարությունն իրականացնում է պահուստային ֆոնդից տրամադրված հատկացումների հաշվառումը և օրենքով սահմանված դեպքերում և կարգով՝ դրանց արտացոլումը բյուջեի կատարման հաշվետվություններում:

72. Պահուստային ֆոնդից հատկացումների վերաբերյալ որոշումները կարող են ընդունվել մինչև տվյալ տարվա դեկտեմբեր ամսվա երկրորդ տասնօրյակում նախատեսված Կառավարության վերջին հերթական նիստի օրը: Պահուստային ֆոնդից հրատապության հիմքով հատկացումների մասին Կառավարության որոշումները կարող են իրականացվել մինչև բյուջետային տարվա վերջին աշխատանքային օրը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

73. Պահուստային ֆոնդից հատկացումներ չեն կարող իրականացվել, եթե՝

1) չեն պահպանվել սույն կարգով սահմանված ընթացակարգերը.

2) ավելացվող միջոցառումից տարվա ընթացքում կատարվել են նվազեցումներ, որոնք վերաբաշխվել են այլ ուղղություններով, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

ա. կատարված նվազեցումներից հետո ի հայտ են եկել պետական մարմնից անկախ գործոններ,

բ. բյուջետային տարվա ընթացքում պետական մարմինների պահպանման միջոցառումներից նվազեցված միջոցների և պահուստային ֆոնդից հատկացվող միջոցների տնտեսագիտական դասակարգման հոդվածները տարբեր են.

3) հատկացումը կապված է հետագա տարիների համար երկարաժամկետ հավելյալ ծախսային պարտավորությունների ձևավորման հետ և չի ներկայացվել այդ ծախսային պարտավորությունների ֆինանսավորման չափի գնահատականների վերաբերյալ տեղեկատվություն:

74. Սույն կարգի 73-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված պահանջների պահպանումը պարտադիր չէ հրատապ դեպքերի հիմքով պահուստային ֆոնդից հատկացումներ իրականացնելիս:

75. Բյուջեի կատարման ընթացքում՝ հարկաբյուջետային կայունության կամ հարկաբյուջետային ռիսկերի կառավարման նկատառումներից ելնելով, Ֆինանսների նախարարությունը կարող է հանդես գալ պահուստային ֆոնդից հատկացումների ժամանակավոր սահմանափակման (կասեցման) առաջարկով, եթե բյուջեի կատարման համամասնություններով սահմանված եռամսյակային ցուցանիշների արդյունքներով բյուջեի փաստացի եկամուտների հանրագումարը (բացառությամբ պաշտոնական դրամաշնորհների) ավելի քան 5 տոկոսով ցածր է բյուջեի կատարման համամասնություններով սահմանված եռամսյակային ցուցանիշից:

76. Պահուստային ֆոնդից հատկացումների սահմանափակման (կասեցման) առաջարկը ներառում է կասեցման հիմքերը և հիմնավորումները, տևողությունը, ուղղությունները:

77. Պահուստային ֆոնդից հատկացումների սահմանափակման (կասեցման) առաջարկը Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերին համաձայնեցման, որից հետո այն ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ պետական մարմիններին ուղղված համապատասխան հանձնարարական կազմելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

08.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 դեկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան