Գլխավոր տեղեկություն
Համար
N 791-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.24-2025.12.07 Պաշտոնական հրապարակման օրը 05.12.2025
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.12.2025
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» դեկՏԵՄԲԵՐԻ 2025 թ.
քաղ. Երևան

N 791-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կատարողական վարույթի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

 1. Սահմանել կատարողական վարույթի հետ կապված գործավարության կարգը՝ համաձայն Հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ սույն հրամանի հավելվածի 8-րդ կետի և 22-րդ կետի 6-րդ ենթակետի, որոնք ուժի մեջ են մտնում էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգը գործարկվելու վերաբերյալ Արդարադատության նախարարության կողմից համապատասխան հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Ս. ԳԱԼՅԱՆ

 

 

Հավելված

Արդարադատության նախարարի

2025 թվականի դեկտեմբերի 3-ի

N 791-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ 1 

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով (այսուհետ նաև՝ Կարգ) կարգավորվում են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ նաև՝ Ծառայություն) կատարողական վարույթի հետ կապված գործավարության հարաբերությունները։

2. Կարգում օգտագործվող հասկացությունները և տերմինները կիրառվում են «Կատարողական վարույթի մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված իմաստով:

3. Կատարողական վարույթի հետ կապված գործավարությունը ներառում է կատարողական վարույթի նյութերի ներկայացումը, դրանց ընդունումը և գրանցումը։

 

Գ Լ ՈՒ Խ 2

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

 

4. Կատարողական վարույթի նյութերի ներկայացումն իրականացվում է էլեկտրոնային կամ թղթային եղանակով։

5․ Ֆիզիկական անձիք Օրենքով սահմանված կարգով փաստաթղթերը կարող են ներկայացվել էլեկտրոնային կամ թղթային եղանակով։

6․ Իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերը փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով, իսկ դրանց անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով։

7․ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դատարանները, նոտարները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Կառավարության սահմանած կարգով, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ։

8․ Պահանջատերը դատական ակտերի կատարման համար հարկադիր կատարման դիմում ներկայացնում է էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան հարթակների (դատավարության էլեկտրոնային համակարգերի) միջոցով։

9. Թղթային եղանակով փաստաթղթերը Ծառայություն ներկայացվում են առձեռն, փոստային առաքման և սուրհանդակային կապի ծառայության միջոցով։

10. Փաստաթղթերը առձեռն եղանակով ներկայացվում են Ծառայություն փաստաթղթերը ընդունելու լիազորություն ունեցող աշխատակցին կամ գցում են Ծառայության վարչական շենքում դրված համապատասխան արկղում։

11. Ծառայություն ներկայացված կատարման ենթակա ակտի հարկադիր կատարման դիմումները, և ցանկացած պահանջ ամրագրող այլ փաստաթղթերը ներկայացվում են իրավասու անձի կողմից ստորագրված։

12. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը Ծառայություն ներկայացվում են էլեկտրոնային համակարգերի՝ Ծառայության «Անձնական գրասենյակ» հարթակի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության «Mulberry» համակարգի (այսուհետ նաև` «Mulberry» համակարգ), էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am հարթակ) կամ Ծառայության և տվյալ մարմնի միջև գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով։

13. Փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով, բացառությամբ «Անձնական գրասենյակ» հարթակով փաստաթուղթ ներկայացնելու դեպքերի (նշված եղանակով ներկայացրած փաստաթղթերը համարվում են այդ անձի կողմից ստորագրված), ներկայացվում են «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով, Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ և Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի թիվ 572-Ն որոշմամբ սահմանված կարգով։

14․ Հարկադիր կատարման դիմումը էլեկտրոնային եղանակով ներկայացվում են «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով, Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 1204-Ն որոշմամբ և Կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի թիվ 572-Ն որոշմամբ սահմանված կարգով։

15․ Կարգի 12-րդ և 13-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող դիմումները, գրությունները, հարցումները և բողոքները կրում են տեղեկատվական բնույթ։

16. Ծառայության թղթային և էլեկտրոնային եղանակով ներկայացվող այն փաստաթղթերը, որոնք պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկություն, ներկայացվում են «պարունակում է օրենքով պահպանվող գաղտնիք» նշումով։ Յուրաքանչյուր դեպքում գաղտնիք կազմող տեղեկություն ներկայացնողն ուղեկցական գրությամբ նշում է՝ իր կողմից ներկայացվող նյութերում որ տեղեկությունն է գաղտնիք կազմող տեղեկություն։

 

Գ Լ ՈՒ Խ 3

 

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

17. Ծառայություն թղթային եղանակով ներկայացված փաստաթղթերն ընդունում է Երևան քաղաքում Սպասարկման բաժինը, իսկ մարզային ստորաբաժանումներում՝ նման լիազորություն ունեցող աշխատակիցը (այսուհետ՝ Աշխատակից)։

18. Եթե Ծառայություն առձեռն եղանակով փաստաթղթեր հանձնելիս ներկայացվում է փաստաթղթի պատճենը կամ երկրորդ օրինակը՝ Ծառայության դրոշմակնիք դրվելու նպատակով, Աշխատակիցը փաստաթղթերը ընդունելիս ստուգում է փաստաթղթերի առկայությունը, ներառյալ՝ թերթերի քանակը։

19. Փաստաթղթերն առձեռն հանձնելիս ամբողջականության հետ կապված խնդիրներ արձանագրելու դեպքում Աշխատակիցը մատնանշում է արձանագրված խնդիրները՝ հնարավորություն տալով ներկայացնողին շտկելու դրանք։ Արձանագրված խնդիրները շտկելու նպատակով ներկայացվող փաստաթղթում փոփոխություններ կատարելու դեպքում ներկայացնող անձը ստորագրում է՝ հաստատելով իր կողմից կատարվող փոփոխությունները։ Արձանագրված խնդիրները ներկայացնողի կողմից չշտկելու դեպքում համապատասխան փաստաթուղթը չի ընդունվում։

20. Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց կամ մատնանշված խնդիրները վերացվելուց հետո Աշխատակիցը պատճենի կամ երկրորդ օրինակի վրա դնում է դրոշմակնիքը, առանձին մասում նշում է հանձնվող փաստաթղթերի թերթերի քանակը, ընդունման ամսաթիվը, ժամը։

21. Ծրարները կցվում են ստացված այն փաստաթղթերին, որոնք ծրարով ներկայացվել են և պարտադիր պահպանվում են դրանց հետ։ Մեկ ծրարով ստացված մի քանի առանձին փաստաթղթերի դեպքում ծրարը կցվում է բոլորին, կամ կցվում է մեկին՝ մյուսների վրա կատարելով համապատասխան նշում ծրար պարունակող փաստաթղթի համարի մասին։

22․ Ծառայություն էլեկտրոնային եղանակով ներկայացված փաստաթղթերն ընդունում են․

1) Ծառայության «Անձնական գրասենյակ» հարթակի միջոցով ստացված փաստաթղթերը անմիջապես վարույթ իրականացնող ստորաբաժանումը՝ համապատասխան ընթացքը ապահովելու համար.

2) «Mulberry» համակարգով ՝ Ծառայության ընդհանուր բաժինը.

3) էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի (https://e-request.am հարթակ) միջոցով ստացված փաստաթղթերը՝ Ծառայության ընդհանուր բաժինը.

4) Ծառայության և համապատասխան մարմնի միջև առկա էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ստացված փաստաթղթերը ստանում են այն ստորաբաժանումը, որտեղ հարուցված են կամ պետք է հարուցվի տվյալ կատարողական վարույթը։ Նշված փաստաթղթերը ինքնաշխատ մակագրվում են հարկադիր կատարողին և կցվում են համապատասխան կատարողական վարույթին.

5) Կատարողական թերթերը դատարաններից ստանում են համապատասխան վարույթ իրականացնող ստորաբաժանումը Ծառայության և դատարանների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով.

6) Պահանջատիրոջ կողմից դատական ակտի կատարման համար ներկայացված հարկադիր կատարման դիմումը ստանում է համապատասխան վարույթ իրականացնող ստորաբաժանումը Ծառայության և դատարանների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովման նպատակով ստեղծված էլեկտրոնային համակարգի (այսուհետ` էլեկտրոնային համակարգ) միջոցով:

23․ Էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերում անհամապատասխանության առկայության դեպքում Ծառայության աշխատակիցը չեղարկում է փաստաթուղթը և այդ մասին տեղեկացնում է փաստաթուղթը ներկայացրած անձին, եթե բացակայում է Օրենքով վերադարձի կայացման վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտությունը։

24․ Պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված «Անձամբ» մակագրությամբ ծրարները չեն բացվում, փակ վիճակում հանձնվում են հասցեատիրոջը և նշվում է միայն դրանց ստացման ամսաթիվը, ժամը և ուղարկողի տվյալները։

25․ Կարգի 24-րդ կետով ստացված փաստաթղթերը հասցեատիրոջ կողմից տրվում են Ընդհանուր բաժնի պետին՝ հաշվառում իրականացնելու համար։

 

Գ Լ ՈՒ Խ 4

 

ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ

 

26. Ծառայության կողմից ընդունված փաստաթղթերը գրանցում է Երևան քաղաքում Ընդհանուր բաժնի աշխատակիցը, մարզերում՝ նման լիազորություն ունեցող աշխատակիցը։

27. Ծառայություն թղթային կամ էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում Ընդհանուր բաժինը սկանավորում (թղթային եղանակով ստացվածները) և անհապաղ բայց ոչ ուշ քան երկու աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում կառուցվածքային ստորաբաժանում՝ Ծառայության փաստաթղթաշրջանառությունն ապահովող «Գրասենյակի» էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Գրասենյակ) միջոցով։

28․ Մարզային ստորաբաժանման աշխատակիցը փաստաթղթերը ստանալիս անհապաղ բայց ոչ ուշ քան երկու աշխատանքային օրվա ընթացքում սկանավորում (թղթային եղանակով ստացվածները), գրանցում և Գրասենյակով տրամադրում է Բաժնի պետին (Բաժանմունքի պետին)՝ հետագա մակագրության համար։

29․ Հարկադիր կատարման ենթակա ակտերը, որոնք մուտքագրվել են էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարողին մակագրվում են ինքնաշխատ։

30․ Եթե ստացված Փաստաթուղթը չի վերաբերվում տվյալ ստորաբաժանմանը, ստորաբաժան պետը մեկ աշխատանքային օրվա ընթացքում կամ վերահասցեագրվում է փաստաթղթի հասցեատեր հանդիսացող ստորաբաժանում կամ ետ է վերադարձնում Ընդհանուր բաժին՝ մակագրության համար։

31․ Եթե պարզվում է որ հարադիր կատարման վերաբերյալ դիմումը ստացվել է ոչ հասցեատեր ստորաբաժանման կողմից, ապա կատարողական վարույթը հարուցելուց հետո, այն այլ ստորաբաժանում փոխանցվում է Օրենքով սահմանված կարգով, իսկ մինչև վարույթ հարուցելը այն փոխանցվում է համապատասխան ստորաբաժանում գլխավոր հարկադիր կատարողի հրամանով սահմանված կարգով։

32. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից ու փոխվարչապետերի գրասենյակներից, Արդարադատության նախարարից ստացված «Շտապ» կատարման նշումն ունեցող փաստաթղթերը գրանցվում և ներկայացվում են գլխավոր հարկադիր կատարողին անհապաղ:

33. Ընդհանուր բաժին մուտքագրվող գրությունների բնօրինակները սկանավորվելուց և համապատասխան ստորաբաժանում Գրասենյակի միջոցով տրամադրվելուց հետո պահպանվում են Ընդհանուր բաժնում, իսկ մարզային ստորաբաժանումների կողմից ստացված փաստաթղթերը պահպանվում են տվյալ ստորաբաժանումում։

 

Գ Լ ՈՒ Խ 5

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ

 

34. 2024թ․ հունվարից հետո ստացված կատարողական վարույթի հետ կապված բոլոր նյութերը պահպանվում են և վարվում են էլեկտրոնային եղանակով։

35․ Կատարողական վարույթի նյութերի էլեկտրոնային վարումը իրականացվում է Ծառայության «Կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի» (այսուհետ նաև՝ Համակարգ) միջոցով։

36. Կատարողական վարույթի էլեկտրոնային վարումն իրականցվում է հարկադիր կատարման դիմումի՝ Ծառայություն մուտքագրման պահից մինչև արխիվացման պահը:

37.Հարկադիր կատարման դիմումը մուտքագրվելիս ինքնաշխատ եղանակով յուրաքանչյուր վարույթին տրվում է համապատասխան անահատականացնող կոդ (կատարողական վարույթի համար)։

38․ Կատարողական վարույթի հետ կապված ցանկացած փաստաթուղթ սույն կարգով Ծառայություն մուտքագրվելու պահից ներբեռնվում և պահպանվում է Համակարգում համապատասխան համարի տակ գտնվող կատարողական վարույթում։

39. Համակարգում կատարողական վարույթի վերաբերյալ գործերը առնվազն պարունակում են՝

1) կատարողական վարույթի կոդը,

2) կատարման ենթակա ակտի համարը,

3) կատարման ենթակա ակտի ընդհանուր բնույթի տեղեկատվությունը,

4) հնարավորության դեպքում վարույթի ստեղծման համար հիմք հանդիսացող փաստաթղթի հղումը, գործի ստեղծման ամսաթիվը,

5) պարտապանի և պահանջատիրոջ անուն ազգանուն, ՀՎՀ, անձնագրային տվյալներ, հասցներ,

6) բռնագանձման ենթակա գումարի և կատարողական գործողությունների կատարման ծախսը,

7) կատարողական վարույթի վիճակը,

8) վարույթն իրականացնող հարկադիր կատարողի տվյալները և բաժինը,

9) գործի շրջանակում կայացված որոշումները,

10) կատարողական վարույթի սուբյեկտների դիմումները, միջնորդությունները վարույթին վերաբերվող ցանկացած գրությունները,

11) վարույթին առնչվող ցանկացած այլ հարցումներ, պատասխաններ և տեղեկատվություն,

12) գործի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանք։

40․ Կատարողական վարույթի հետ կապված ցանկացած փաստաթուղթ համապատասխան ստորաբաժանմանը մակագրվելուց հետո պետք է կցվի համապատասխան վարույթին, եթե արդեն իսկ կցված չէ։

41․ Համակարգին հասանելիություն պետք է ունենան միայն Ծառայության այն աշխատակիցները, ում տվյալ փաստաթուղթը ուղղակիորեն անհրաժեշտ է իր ծառայողական պարտականությունների կատարման համար։

 

Գ Լ ՈՒ Խ 6

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ԹՂԹԱՅԻՆ ՎԱՐՈՒՄԸ

 

42․ Մինչև 2024 թվականը հարուցված վարույթները վարվում են առանձին՝ ըստ վարույթի համարի (կոդի), համապատասխան հարկադիր կատարողի կողմից թղթային եղանակով։

43․ Վարույթը ներառում է դրան առնչվող ցանկացած փաստաթուղթ՝ սկսած հարկադիր կատարման ենթակա ակտից մինչև օրենքով սահմանված կարգով կայացված որոշումները և դրան առնչվող այլ փաստաթղթերը։

44․ Վարույթը էջակալվում է։

 

Գ Լ ՈՒ Խ 7

 

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՓԱՍՏԱԹՂԵՐԻ ԵԼՔԱԳՐՈՒՄԸ

 

45. Կատարողական վարույթի նյութերը ելքագրվում են անձնական գրասենյակ հարթակով, Ծառայության և տվյալ հասցեատիրոջ միջև գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով, էլեկտրոնային փոստով, փոստային առաքմամբ՝ Օրենքին համապատասխան։

46․ Ծառայության կողմից թղթային եղանակով փաստաթղթերի ելքագրումն իրականացվում է Աշխատակիցը՝ համապատասխան փաստաթուղթը իրեն փոխանցվելուց հետո ոչ ուշ քան մեկ աշխատանքային օրվա մեջ՝ Գրասենյակ համակարգի միջոցով։ Ելքագրվող փաստաթղթի վրա ինքնաշխատ ներբեռնվում է ելքի ամսաթիվը և հերթական համարը։

47. Փաստաթղթերը առձեռն հասցեատիրոջը կամ ներկայացուցչին հանձնելու ժամանակ ստացողի կողմից գրավոր ստացականի կամ փաստաթղթի պատճենի վրա համապատասխան նշում կատարելուց հետո հանձնվում են նրան։ Ստացականի կամ փաստաթղթի պատճենի վրա պարտադիր նշվում է կից հանձնվող փաստաթղթերի թերթերի քանակը, հանձնման տարին, ամիսը, ամսաթիվը, ժամը, ստացողի անունը, ազգանունը և ստորագրությունը, որը կցվում է հանձնված փաստաթղթի Ծառայության օրինակին։ Փաստաթղթերը ներկայացուցչի կողմից ստանալու դեպքում ստացողի կողմից ներկայացվում է լիազորագիրը, եթե գործում առկա չէ։

48. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերի ելքագրումը իրականացվում է Գրասենյակի (Mulberry» համակարգի) կամ Համակարգի միջոցով՝ վարույթն իրականացնող հարկադիր կատարողի կամ նման լիազորություն ունեցող աշխատակցի կողմից։

49․ Ծառայության կողմից գաղտնիք կազմող տեղեկություն պարունակելու դեպքում տրամադրվում են ուղեկցական գրության մեջ այդ մասին համապատասխան նշումով:

50․ Կատարողական վարույթի մասնակիցներին հասանելի են կատարողական վարույթի բոլոր նյութերը, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի։ Կատարողական վարույթի նյութերին հասանելիություն պետք է ունենան միայն Ծառայության այն աշխատակիցները, ում տվյալ փաստաթուղթը ուղղակիորեն անհրաժեշտ է իր ծառայողական պարտականությունների կատարման համար։

 

Գ Լ ՈՒ Խ 8

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ՈՒ ԱՐԽԻՎԱՑՈՒՄԸ

 

51. Թղթային եղանակով պահվող կատարողական վարույթի վարույթը մինչև արխիվացումը պահվում են տվյալ վարույթն իրականացնող ստորաբաժանումում։

52․ Կատարողական վարույթի նյութերը արխիվացվում և ոչնչացվում են կառավարության որոշմամբ սահմանված կարգով։

53․ Կատարողական վարույթն արխիվացվում է գլխավոր հարկադիր կատարողի հրամանով սահմանված ընթացակագով։

54․ Էլեկտրոնային եղանակով պահպանվող կատարողական վարույթն արխիվացվում է Համակարգում, որի միջոցով օգտվողը ըստ հասանելիության կարող է վարույթի կոդով կամ նույնականացնող այլ տվյալներով գտնել այն և դրանում գեներացված ցանկացած փաստաթուղթ։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 դեկտեմբերի 2025 թվական: