Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 20
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.08.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2016

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

15 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 20

քաղ. Մոսկվա

 

ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ՎՃԱՐՎԱԾ ԿԱՄ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՆԻՆ՝ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ԵՎ ՆՄԱՆԱՏԻՊ ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառելու վերաբերյալ հարցի լուծման համար միասնական մոտեցումներ մշակելու նպատակով,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն Հանձնարարականը հրապարակելու օրվանից առաջնորդվել «Ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարների ավելացման վերաբերյալ» hիմնադրույթով՝ հավելվածի համաձայն։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ
Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
2016 թվականի նոյեմբերի 15-ի
թիվ 20 հանձնարարականի

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարների ավելացման վերաբերյալ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն Հիմնադրույթը մշակվել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ գլխի, 1994 թվականի ««Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի» VII հոդվածը կիրառելու մասին» համաձայնագրի` ներառյալ դրան կից բացատրական ծանոթագրությունները, ինչպես նաև Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային գնահատման տեխնիկական կոմիտեի 25.1 մեկնաբանության և խորհրդատվական եզրակացությունների հիման վրա։

(1-ին կետը փոփ. ԵՏՀԿ 28.08.2018 թիվ 15)

2. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ներմուծվող ապրանքներ) մաքսային արժեքը դրանց վերաբերյալ գործարքի հիման վրա որոշելիս (1-ին մեթոդ), այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացվում են մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարներ՝ ներառյալ ռոյալթիները, արտոնագրերի, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքների համար կատարվող վճարները, որոնք վերաբերում են գնահատվող (ներմուծվող) ապրանքներին, և որոնք գնորդը Միության մաքսային տարածք արտահանելու համար որպես գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման, ուղղակիորեն կամ անուղղակիորեն կատարել է կամ պետք է կատարի՝ այդ ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ չներառված չափով։

Ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չպետք է ավելացվեն՝

Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար իրականացվող վճարները.

ներմուծվող ապրանքների բաշխման կամ վերավաճառքի իրավունքի համար իրականացվող վճարումները, եթե այդպիսի վճարումները Միության մաքսային տարածք արտահանվելու նպատակով ներմուծվող ապրանքների վաճառքի պայմաններ չեն համարվում:

(2-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 28.08.2018 թիվ 15)

3. Մտավոր սեփականության ոլորտում իրավահարաբերությունները կարգավորվում են միջազգային պայմանագրերով, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերով ու ակտերով և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) օրենսդրությամբ։

4. Սույն Հիմնադրույթում որպես մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարներ դիտարկվում են մտավոր գործունեության արդյունքների և դրանց հավասարեցված անհատականացման այն միջոցների օգտագործման համար ցանկացած վճար (այդ թվում՝ ռոյալթիներ, վարձատրություններ), որոնց շարքին են դասվում գիտության, գրականության և արվեստի ստեղծագործությունները, հնչյունագրերը, գյուտերը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները, արտադրության գաղտնիքները (նոու-հաու), ապրանքային նշանները, մտավոր սեփականության այլ օբյեկտներ (այսուհետ՝ լիցենզային վճարներ)՝ միջազգային պայմանագրերին, Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին, և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

5. Լիցենզային վճարները վճարելու պարտականությունը համարվում է լիցենզատուի և իրավատիրոջ (լիցենզառուի) միջև այնպիսի պայմանագրային հարաբերությունների մաս, որոնք կարող են ձևակերպվել լիցենզային պայմանագրով (համաձայնագրով), ենթալիցենզային պայմանագրով (համաձայնագրով), առևտրային կոնցեսիայի [համալիր ձեռնարկատիրական գործունեության թույլտվության (ֆրանչայզինգի)] պայմանագրով, առևտրային ենթակոնցեսիայի (ենթաֆրանչայզինգի) պայմանագրով, կամ պայմանագրի այլ տեսակով (այսուհետ՝ լիցենզային պայմանագիր)։

Լիցենզային պայմանագիր կնքելու դեպքում իրավատերը լիցենզառուին է տրամադրում մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման որոշակի իրավունքներ։

Սույն Հիմնադրույթը չի տարածվում մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման բացառիկ իրավունքի օտարման մասին պայմանագրերով նախատեսված վարձատրության վճարման դեպքերի վրա։

6. Միջազգային առևտրում լիցենզային վճարները կարող են վճարվել ինչպես ապրանքները վաճառողին, այնպես էլ ապրանքների վաճառող չհանդիսացող երրորդ անձի։

Լիցենզային վճարները ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառելու մասին որոշում կայացնելիս կարևոր չէ իրավատիրոջ՝ անդամ պետության անձ կամ օտարերկրյա անձ լինելու փաստը։

7. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի առաջին պարբերությամբ նախատեսված պայմանների կատարումը ստուգելու և լիցենզային վճարները՝ ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացնելու կամ չավելացնելու հարցը լուծելու նպատակով, պետք է վերլուծության ենթարկվեն լիցենզային պայմանագրի և այն արտաքին տնտեսական պայմանագրի (կոնտրակտի) պայմանները, որին համապատասխան իրականացվում է ապրանքների վաճառքը Միության մաքսային տարածք արտահանման համար, ինչպես նաև ապրանքների վաճառքի և լիցենզային վճարների վճարման հետ առնչություն ունեցող այլ փաստաթղթեր։

Եթե լիցենզային վճարները ներառված չեն ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնի մեջ և վճարվում են գնահատվող (ներմուծվող) ապրանքների վճարման հաշվից առանձին, ապա այդ ապրանքների մաքսային արժեքի մեջ լիցենզային վճարները ներառելու անհրաժեշտության հարցը որոշելիս հարկավոր է հաշվի առնել հետևյալ առանցքային գործոնները.

գնահատվող (ներմուծվող) ապրանքներին լիցենզային վճարների վերաբերելը կամ չվերաբերելը.

լիցենզային վճարների վճարման՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման լինելը կամ չլինելը։

Նշված գործոնները վերլուծելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառք ասելով ենթադրվում է դրանց վաճառքը՝ Միության մաքսային տարածք արտահանվելու համար։

(7-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 28.08.2018 թիվ 15)

8. Լիցենզային վճարների՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքներին վերաբերելը որոշելիս՝ առանցքային հարց է համարվում ոչ թե այն, թե ինչպես է հաշվարկվում լիցենզային վճարների գումարը, այլ այն, թե դրանք ինչու են վճարվում և թե կոնկրետ ինչ է ստանում գնորդը (լիցենզառուն) դրանք վճարելու դիմաց։

Ավելի հաճախ հանդիպող իրավիճակ, երբ լիցենզային վճարները կարող են դիտարկվել որպես գնահատվող (ներմուծվող) ապրանքներին վերաբերող, համարվում է այն իրավիճակը, որի դեպքում գնահատվող (ներմուծվող) ապրանքները պարունակում են մտավոր սեփականության օբյեկտ և (կամ) արտադրվել են այն մտավոր սեփականության օբյեկտի օգտագործմամբ, որի համար լիցենզային պայմանագրով իրավունքներ են տրամադրվել։

Նման և այլ իրավիճակներում լիցենզային վճարների՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքներին վերաբերելու մասին որոշումը կայացվում է այն հարցի ուսումնասիրման և վերլուծության հիման վրա, թե լիցենզային պայմանագրին համապատասխան դիտարկվող մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման ինչ իրավունքներ են տրամադրվել լիցենզառուին, և թե ինչպես է լիցենզառուն օգտագործում իրեն տրամադրված իրավունքները։

9. Լիցենզային վճարների վճարման՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման լինելը որոշելիս՝ հիմնական չափորոշիչ է համարվում գնորդի (լիցենզառուի) համար առանց լիցենզային վճարները վճարելու գնահատվող (ներմուծվող) ապրանքները ձեռք բերելու հնարավորության բացակայությունը։

Գնորդի (լիցենզառուի) համար առանց լիցենզային վճարները վճարելու՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքները ձեռք բերելու հնարավորության բացակայության մասին է վկայում արտաքին տնտեսական պայմանագրում (կոնտրակտում), որին համապատասխան ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, նշումն այն մասին, որ գնորդը պետք է վճարի լիցենզային վճարները որպես այդպիսի վաճառքի պայման։ Նման նշումը վճռորոշ է այն դեպքում, երբ որոշվում է, թե արդյոք լիցենզային վճարները վճարվել են որպես գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման, թե ոչ։

Լիցենզային վճարների վճարումից գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի կախվածություն կարող է լինել նաև այն դեպքերում, երբ արտաքին տնտեսական պայմանագիրը (կոնտրակտը), որին համապատասխան, ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, չի պարունակում որպես գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման՝ լիցենզային վճարների վճարման մասին ուղղակի նշումը, հատկապես՝ երբ իրավատերն ու վաճառողը տարբեր անձինք են։

Բոլոր դեպքերում, լիցենզային վճարների վճարման՝ գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքի պայման լինելու մասին որոշումը հարկավոր է կայացնել՝ հաշվի առնելով այդ ապրանքների վաճառքին ու ներմուծմանը զուգորդող բոլոր գործոնների ու հանգամանքների վերլուծությունը։ Որպես այդպիսիք, կարող են հաշվի առնվել հետևյալ գործոնները.

արտաքին տնտեսական պայմանագրում (կոնտրակտում), որին համապատասխան գնահատվող (ներմուծվող) ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, կամ այդպիսի ապրանքների վաճառքի հետ կապված այլ փաստաթղթերում, լիցենզային վճարների վճարմանն առնչվող դրույթների առկայությունը.

լիցենզային պայմանագրում գնահատվող (ներմուծվող) ապրանքների վաճառքին առնչվող դրույթների առկայությունը.

արտաքին տնտեսական պայմանագրում (կոնտրակտում), որին համապատասխան գնահատվող (ներմուծվող) ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, և (կամ) լիցենզային պայմանագրում գնորդի (լիցենզառուի) կողմից իրավատիրոջը լիցենզային վճարների չվճարման դեպքում արտաքին տնտեսական պայմանագիրը (կոնտրակտը) լուծելու հնարավորության վերաբերյալ դրույթի առկայությունը.

լիցենզային պայմանագրում այնպիսի պայմանի առկայությունը, որով արտադրողին (գնորդին) արգելվում է պատրաստել և (կամ) գնորդին վաճառել իրավատիրոջ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստեղծված ապրանքներ՝ համապատասխան վարձատրությունը վերջինիս չվճարելու դեպքում.

լիցենզային պայմանագրում այնպիսի պայմանի առկայությունը, որով իրավատիրոջը թույլատրվում է այնպիսի հսկողություն իրականացնել ապրանքների արտադրության կամ գնորդին արտադրողի (վաճառողի) կողմից դրանց վաճառքի (Միության մաքսային տարածք արտահանելու համար ապրանքների վաճառքի) նկատմամբ, որը դուրս կլիներ որակի հսկողության շրջանակներից։

10. Իրավատիրոջ կողմից մտավոր սեփականության կոնկրետ օբյեկտների նկատմամբ իրավունքների տրամադրման առանձին դեպքերի նկարագրություն պարունակող օրինակները, մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման իրավունք տրամադրող լիցենզային պայմանագրերի պայմանների, արտաքին տնտեսական այն պայմանագրերի (կոնտրակտների) պայմանների վերլուծությունը, որոնց համապատասխան ապրանքները վաճառվում են Միության մաքսային տարածք արտահանվելու համար, ինչպես նաև այլ գործոնների վերլուծությունը, որոնց ազդեցությունը հաշվի է առնվում լիցենզային վճարները ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացնելու կամ չավելացնելու վերաբերյալ որոշում կայացնելիս, բերված են հավելվածում։

(Դիտարկվող օրինակներում ապրանքների անվանումները բերված են բացառապես գործածության հարմարությունից ելնելով։ Ապրանքների մաքսային արժեքի մեջ լիցենզային վճարները ներառելու կամ չներառելու մասին օրինակներում պարունակվող եզրակացությունները կարող են կիրառվել ապրանքների ցանկացած տեսակի համար՝ կոնկրետ իրավիճակի գործոններին և հանգամանքներին օրինակում նկարագրված գործոնների և հանգամանքների համապատասխանության պայմանով։

Սույն Հիմնադրույթի հավելվածում բերված օրինակները չեն ընդգրկում այն բոլոր իրավիճակները, որոնք կարող են առաջանալ իրավակիրառ պրակտիկայում։ Եթե կոնկրետ իրավիճակին վերաբերող որևէ գործոն կամ հանգամանք չի համապատասխանում օրինակի մեջ նկարագրվածին, ապա անհրաժեշտ է անցկացնել տարբերությունների և եզրակացությունների վրա դրանց ազդեցության վերլուծություն։)

 

II. Լիցենզային վճարներ ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար

 

11. «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 11-րդ կետին համապատասխան (,Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 26 հավելված) ապրանքային նշան է համարվում քաղաքացիական շրջանառության մասնակիցների մի մասի ապրանքները քաղաքացիական շրջանառության մյուս մասնակիցների ապրանքներից տարբերելուն ծառայող նշումը, որը պահպանվում է անդամ պետությունների օրենսդրությանը և միջազգային այն պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակիցն են անդամ պետությունները։ Անդամ պետությունների օրենսդրական ակտերին համապատասխան՝ որպես ապրանքային նշան կարող են գրանցվել բառային, պատկերային, ծավալային և այլ նշումներ կամ դրանց համակցությունները։

Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրությամբ օրինակները բերված են սույն կանոնակարգի հավելվածի I բաժնում։

(11-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 28.08.2018 թիվ 15)

 

III. Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար իրականացվող լիցենզային վճարները

(բաժինը լրաց. ԵՏՀԿ 28.08.2018 թիվ 15)

 

12. Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հիման վրա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքն որոշելիս փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին չպետք է ավելացվեն Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար իրականացվող լիցենզային վճարները նույնիսկ այն դեպքերում, երբ այդպիսի լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքներին և դրանց վճարումն ապրանքների վաճառքի պայման է՝ Միության մաքսային տարածք արտահանելու համար:

13. Սույն կանոնակարգի նպատակների համար «վերարտադրություն (բազմացում)» հասկացությունը նշանակում է ոչ միայն ներմուծված ապրանքների նմանակումը (օրինակ՝ ներմուծվում է արտադրատեսակի նմուշը, որով ստեղծվում է ձևանմուշ, որն օգտագործվում է ներմուծված արտադրատեսակի ճշգրիտ կրկնօրինակների պատրաստման համար), այլև ներմուծվող ապրանքներում իրագործված գյուտի, ստեղծագործության, մտահղացման կամ գաղափարի վերարտադրությունը:

Սա վերաբերում է նաև գիտական աշխատանքների բնօրինակներին և պատճեններին (օրինակ՝ բակտերիաների նոր շտամի ներմուծում, որը կվերարտադրվի պատվաստանյութի արտադրության համար անհրաժեշտ ձևի), գրական ստեղծագործությունների բնօրինակներին (օրինակ՝ ձեռագրի ներմուծումը գրքի տպագրության համար), նախատիպերին, այսինքն՝ նմուշներին, մոդելներին, չափանմուշներին և այլն (օրինակ՝ նոր խաղալիքի նմուշ, որը կվերարտադրվի նոր խաղալիքի ճշգրիտ կրկնօրինակներում), ինչպես նաև կենդանիների և բույսերի տեսակներին (օրինակ՝ գենետիկորեն ձևափոխված միջատ, որը կբազմացվի ելքային տեսակների տարածման հետ պայքարի համար):

14. Սովորաբար մտավոր սեփականություն համարվող կամ այդպիսի օբյեկտներ պարունակող ապրանքների ձեռքբերումն ինքնին չի օժտում գնորդին վերարտադրության (բազմացման) իրավունքով: Մեծ մասամբ այդպիսի իրավունքը փոխանցվում է լիցենզային պայմանագիր կնքելու միջոցով:

15. Համարվում են արդյոք վճարվող վճարները ներմուծվող ապրանքների՝ Միության մաքսային տարածքում վերարտադրության (բազմացման) իրավունքի համար վճարվող վճարներ՝ հարցը լուծելու նպատակով անհրաժեշտ է վերլուծել հետևյալը՝

պարունակում են արդյոք ներմուծվող ապրանքները մտավոր իրավունքների օբյեկտ (օրինակ՝ հեղինակային իրավունքի օբյեկտ, գյուտ, նոու-հաու, սելեկցիոն նվաճում) համարվող որևէ գաղափար կամ յուրօրինակ աշխատանք.

համարվում է արդյոք գաղափարի վերարտադրությունը (բազմացումը) պահպանվող իրավունք՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան.

նախատեսված է արդյոք արտաքին տնտեսական պայմանագրի (կոնտրակտի) կամ այլ պայմանագրի պայմաններով գնորդին ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի տրամադրումը.

պահանջում է արդյոք պահպանվող իրավունքի տիրապետողը (լիցենզատուն) վարձատրության վճարում՝ վերարտադրության (բազմացման) իրավունքը գնորդին փոխանցելու համար:

Բոլոր թվարկված հարցերի դրական պատասխանները վկայում են այն հնարավորության մասին, որ վճարվող վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքների՝ Միության մաքսային տարածքում վերարտադրության (բազմացման) իրավունքի լիցենզային վճարներին:

Ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրություններով օրինակները բերված են սույն կանոնակարգի հավելվածի II բաժնում:

 

IV. Լիցենզային վճարներ արտադրության գաղտնիքների (նոու-հաուների) օգտագործման իրավունքի համար

(բաժինը լրաց. ԵՏՀԿ 28.08.2018 թիվ 15)

 

16. «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության և պաշտպանության մասին» արձանագրության 39-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 26 հավելված) արտադրության գաղտնիք (նոու-հաու) են ճանաչվում ցանկացած բնույթի տեղեկություն (արտադրական, տեխնիկական, տնտեսական, կազմակերպչական և այլն), այդ թվում՝ գիտատեխնիկական ոլորտում մտավոր գործունեության արդյունքների մասին տեղեկությունները, ինչպես նաև մասնագիտական գործունեություն իրականացնելու եղանակների մասին տեղեկությունները, որոնք ներկայացնում են իրական կամ հնարավոր առևտրային արժեք՝ երրորդ անձանց համար անհայտ լինելու ուժով, որոնք չեն կարող օրինական հիմքերով հասանելի լինել երրորդ անձանց և որոնց նկատմամբ այդպիսի տեղեկությունների տիրապետողի կողմից սահմանվել է առևտրային գաղտնիքի ռեժիմ։

17. Արտադրության գաղտնիքների (նոու-հաուների) օգտագործման իրավունքը տրամադրելիս լիցենզային պայմանագրում կարող է սահմանվել, որ արտադրության գաղտնիքն (նոու-հաուն) օգտագործվում է, օրինակ՝

ա) ներմուծվող ապրանքների արտադրության ժամանակ (այդ թվում՝ երբ արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) ինկորպորացված է (պարունակվում է) դրանցում).

բ) Միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների (բաղադրամասերի, բաղադրիչների, սարքավորումների, գործիքների և այլն) օգտագործմամբ արտադրվող արտադրանքի, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ.

գ) լիցենզառուի գործունեության շրջանակներում կազմակերպչական որոշումների իրագործման ժամանակ:

18. Եթե արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) օգտագործվել է ներմուծվող ապրանքներն արտադրելիս կամ ինկորպորացված է (պարունակվում է) դրանցում, ապա արտադրության գաղտնիքի (նոու-հաուի) օգտագործման համար լիցենզային վճարները ներառվում են ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ, քանի որ նման դեպքերում արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) ներմուծվող ապրանքների մաս է կազմում:

19. Եթե արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) կապված է Միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների (բաղադրամասերի, բաղադրիչների, սարքավորումների, գործիքների և այլն) օգտագործմամբ արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման հետ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) օգտագործելու համար լիցենզային վճարները ներառելու մասին որոշումն ընդունվում է այն հարցի ուսումնասիրության և վերլուծության հիման վրա, սահմանված է արդյոք արտադրության գաղտնիքի (նոու-հաուի) օգտագործման պայմաններով արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման մեջ ներմուծվող ապրանքների ձեռքբերման և օգտագործման պահանջը:

20. Եթե արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) կապված է լիզենզառուի գործունեության շրջանակներում կազմակերպչական որոշումների իրագործման հետ (օրինակ՝ լիցենզառուի անձնակազմի՝ լիցենզային արտադրանքի արտադրության կամ սարքավորումների, կամ մեքենաների օգտագործման ուսուցման հետ, կառավարման, վարչարարության, մարքեթինգի, վաճառքի և այլնի հաշվառման ոլորտում տեխնիկական աջակցության հետ), ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ արտադրության գաղտնիքը (նոու-հաուն) օգտագործելու համար լիցենզային վճարները ներառելու մասին որոշումն ընդունվում է լիցենզային պայմանագրով հաստատված սահմանափակումների և պահանջների առկայության մասին հարցն ուսումնասիրելու և վերլուծելու հիման վրա, կամ ապրանքային նշանի, առևտրային նշագրի, ֆիրմային անվանման օգտագործման լիցենզային պայմանագրի պայմաններով նախատեսվածներից տարբերվող՝ ներմուծվող (գնահատվող) ապրանքների սպեցիֆիկ առանձնահատկությունների կամ բնութագրերի հիման վրա, որոնց ուժով արտադրության գաղտնիքի (նոու-հաուի) օգտագործումը հնարավոր է ներմուծվող (գնահատվող) ապրանքների կիրառմամբ:

Արտադրության գաղտնիքների (նոու-հաուների) օգտագործման իրավունքի լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրություններով օրինակները բերված են սույն կանոնակարգի հավելվածի III բաժնում:

ՀԱՎԵԼՎԱԾ

 ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին՝ մտավոր սեփականության օբյեկտների օգտագործման համար լիցենզային և նմանատիպ այլ վճարների ավելացման վերաբերյալ Հիմնադրույթի

 

ՕՐԻՆԱԿՆԵՐ

 

 Լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրությամբ

(վերնագիրը փոփ. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

I. Ապրանքային նշանի օգտագործման իրավունքի համար լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրությամբ օրինակներ

(վերնագիրը լրաց. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 1. Իրավատերը (այսուհետ՝ մայր ընկերություն) ուղղակիորեն տիրապետում է ապրանքների գնորդի (այսուհետ՝ կազմակերպություն) շրջանառության մեջ դրված քվեարկող բաժնետոմսերի և ապրանքների արտադրողի (այսուհետ՝ արտադրող) քվեարկող բաժնետոմսերի 50 տոկոսին։

Կազմակերպությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ, Միություն) մաքսային տարածքում իրականացնում է հագուստի ներմուծում և վաճառք։ Կազմակերպությունը և մայր ընկերությունը կնքել են լիցենզային պայմանագիր, որին համապատասխան, կազմակերպությանը տրամադրվել է մայր ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործման իրավունք՝ անդամ պետություններից մեկի տարածքում ապրանքային նշանով հագուստի ներմուծման և քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու կապակցությամբ։ Լիցենզային պայմանագրի համաձայն՝ կազմակերպությունը մայր ընկերությանն է վճարում լիցենզային վճարներ` ապրանքի իրացումից կազմակերպության ստացած հասույթի գումարի 1,5 տոկոսի չափով։

Հագուստը, որի վրա զետեղված է ապրանքային նշանը, կազմակերպությունը ձեռք է բերում օտարերկրյա արտադրողից։ Արտադրողի և կազմակերպության միջև կնքված առքուվաճառքի պայմանագրում նախատեսված չեն կազմակերպության կողմից մայր ընկերության օգտին լիցենզային վճարներ վճարելու պարտավորություններ։

Քանի որ ապրանքային նշանով հագուստի ներմուծման կապակցությամբ կազմակերպությանը իրավունք է տրամադրվել օգտագործել ապրանքային նշանը, ապրանքային նշաններն օգտագործելու համար լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքներին։

Լիցենզային վճարները համարվում են ապրանքների վաճառքի պայման, քանի որ մայր ընկերությունը՝ հսկելով թե՛ կազմակերպությանը, թե՛ արտադրողին, կարող է սահմանել արտադրողի կողմից հագուստը կազմակերպությանը վաճառելու պայմաններ։

Արտադրողի և մայր ընկերության միջև գրավոր կնքված պայմանագրի բացակայության փաստը չի չեղարկում կազմակերպության՝ լիցենզային վճարներ վճարելու պարտավորությունը՝ լիցենզային պայմանագրում սահմանված մայր ընկերության պահանջներին համապատասխան։

Այսպիսով, լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքներին, դրանց վճարումը ներմուծվող ապրանքների վաճառքի պայման է համարվում և, հետևաբար, այդպիսի վճարները ենթակա են ավելացման ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին։

 

Օրինակ 2. Կազմակերպությունը օտարերկրյա իրավատիրոջ հետ կնքում է լիցենզային պայմանագիր, համաձայն որի կազմակերպությունը իրավատիրոջն է վճարում լիցենզային վճարներ՝ ապրանքային նշանը ապրանքների ներմուծման և արտադրության կապակցությամբ օգտագործելու իրավունքի համար։

Լիցենզային վճարները հաշվարկվում են՝ հաշվի առնելով լիցենզային պայմանագրում սահմանված հաստատագրված տոկոսը՝ անդամ պետության տարածքում ապրանքային նշանով ապրանքների իրացումից կազմակերպության ստացած հասույթի գումարից։

Կազմակերպության կողմից լիցենզային վճարները չվճարելու դեպքում իրավատերն իրավունք ունի լուծելու լիցենզային պայմանագիրը։

Կազմակերպությունը և իրավատերը փոխկապակցված անձինք են՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 37-րդ հոդվածով սահմանված իմաստով:

Իրավատերը նաև պայմանագիր է կնքել օտարերկրյա արտադրողի հետ՝ նրան ապրանքային նշանով ապրանքներ արտադրելու և դրանք կազմակերպությանը վաճառելու իրավունք տրամադրելու նպատակներով։ Այդ պայմանագրի համաձայն՝ արտադրողը պարտավոր է պահպանել որակի, դիզայնի և տեխնոլոգիաների առնչությամբ իրավատիրոջ կողմից սահմանված պահանջները։ Պայմանագրում, մասնավորապես, նշված է, որ արտադրողը պարտավորվում է ապրանքային նշանով ապրանքներն արտադրել և վաճառել բացառապես իրավատիրոջ կողմից որոշված կազմակերպության կամ ընկերության։

Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով՝ արտադրողը փոխկապակցված չէ ո՛չ իրավատիրոջ, ո՛չ էլ կազմակերպության հետ։

Կազմակերպությունը արտադրողի հետ կնքել է առքուվաճառքի պայմանագիր, համաձայն որի արտադրողը կազմակերպությանն է վաճառում իրավատիրոջ ապրանքային նշանով ապրանքները։ Առքուվաճառքի պայմանագրում բացակայում է ապրանքային նշանն օգտագործելու իրավունքի համար լիցենզային վճարներ վճարելու մասին պահանջը։ Կազմակերպության կողմից ապրանքների համար արտադրողին փաստացի վճարված կամ վճարման ենթակա գինը չի ներառում լիցենզային վճարները։

Քանի որ կազմակերպությանն իրավունք է ընձեռնվել՝ օգտագործելու ապրանքային նշանը այն ապրանքների ներմուծման և արտադրության կապակցությամբ, որոնց վրա զետեղված է ապրանքային նշանը, և կազմակերպությունը ներմուծում է ապրանքային նշանի զետեղմամբ այդ ապրանքները, լիցենզային վճարները վերաբերում են գնահատվող (ներմուծվող) ապրանքներին։

Ընդ որում, դիտարկվող դեպքում արտադրողի և իրավատիրոջ միջև կնքված պայմանագրի համաձայն՝ վերջինս վերահսկում է ապրանքային նշանով մակնշված ապրանքների արտադրությունը՝ տրամադրելով լիցենզային ապրանքների արտադրության թույլտվություն, որոշելով, թե արտադրողը որ ընկերություններին կարող է վաճառել ապրանքները, և անմիջապես արտադրողին ապահովելով նմուշներով և տեխնոլոգիաներով։

Այսպիսով, իրավատերը մի կողմից կազմակերպությանը տրամադրում է լիցենզային պայմանագրի դրույթներին համապատասխան ապրանքների ներմուծման և արտադրության կապակցությամբ ապրանքային նշանը օգտագործելու իրավունք, մյուս կողմից ազդում է կազմակերպության և արտադրողի միջև կնքված գործարքի վրա և վերահսկում այդ գործարքը՝ որոշելով, թե որ ընկերությունները կարող են օգտագործել ապրանքային նշանը և ձեռք բերել ապրանքային նշանով մակնշված ապրանքները։

Արտադրողի և կազմակերպության միջև առքուվաճառքի պայմանագիրը չի պարունակում լիցենզային վճարներ վճարելու անհրաժեշտության մասին պայմաններ։ Սակայն լիցենզային վճարների վճարումը համարվում է ապրանքների վաճառքի պայման, քանի որ կազմակերպությունը չի կարող դրանք ձեռք բերել առանց իրավատիրոջը վճարում կատարելու։ Կազմակերպության կողմից իրավատիրոջը լիցենզային վճարները չվճարելը կհանգեցնի ոչ միայն լիցենզային պայմանագիրը լուծելուն, այլև ապրանքային նշանով ապրանքների արտադրության և կազմակերպությանը վաճառելու համար արտադրողին տրամադրված թույլտվության հետկանչմանը։

Այսպիսով, դիտարկվող դեպքում լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքներին, դրանց վճարումը համարվում է ներմուծվող ապրանքների վաճառքի պայման և, հետևաբար, այդպիսի վճարները ենթակա են ներմուծվող ապրանքների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացման։

(2-րդ օրինակը փոփ., խմբ. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 3. Գնորդը առքուվաճառքի պայմանագրերով երկու օտարերկրյա արտադրողներից ձեռք է բերում պոլիէթիլենային թաղանթ՝ գնորդի կողմից անդամ պետության տարածքում արտադրված արտադրանքը փաթեթավորելու համար։ Արտադրանքի արտադրության նպատակով գնորդը օտարերկրյա իրավատիրոջ հետ կնքել է լիցենզային պայմանագիր, որով նախատեսվում է գնորդին արտադրանքի արտադրության տեխնոլոգիայի օգտագործման համար իրավունքների, ինչպես նաև ապրանքային նշանի տրամադրում՝ գնորդի կողմից արտադրվող արտադրանքի վրա այն զետեղելու միջոցով։

Լիցենզային պայմանագրին համապատասխան՝ «արտադրանք» եզրույթը նշանակում է հանքային բամբակ և (կամ) ըստ քաշի 30%-ից ավելի հանքային բամբակ պարունակող արտադրանք։ Արտադրանքի փաթեթավորման համար պոլիէթիլենային թաղանթը պատրաստվում է գնորդի պատվերով՝ վրան ապրանքային նշան զետեղելու միջոցով, ինչը լիցենզային արտադրանքի վրա ապրանքային նշան տեղադրելու եղանակներից մեկն է։ Իրավատիրոջ կողմից բացակայում է ցանկացած հատուկ պահանջ այն փաթեթվածքի նկատմամբ, որի մեջ կարող է փաթեթավորվել արտադրանքը։ Այսպիսով, արտադրանքի փաթեթվածքին և այդ փաթեթվածքի նյութին վերաբերող հարցը լուծվում է գնորդի հայեցողությամբ՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգման պահանջները։

Լիցենզային պայմանագրով նախատեսվում է գնորդի կողմից իրավատիրոջ օգտին լիցենզային վճարների վճարումը՝ արտադրված արտադրանքի իրացումից գնորդի ստացած հասույթի գումարի 1,5 տոկոսի չափով։

Գնորդը և իրավատերը փոխկապակցված անձինք են՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։

Թաղանթն արտադրողները ո՛չ գնորդի, ո՛չ իրավատիրոջ հետ փոխկապակցված անձինք չեն։ Թաղանթն արտադրողների և իրավատիրոջ միջև ապրանքային նշանի օգտագործման համար լիցենզային պայմանագրեր չեն կնքվել։ Գնորդի և արտադրողների միջև կնքված առքուվաճառքի պայմանագրերին համապատասխան՝ արտադրողներին չեն տրամադրվում ապրանքային նշանը օգտագործելու իրավունքներ։ Գնորդին է մատակարարվում ամբողջ թաղանթը՝ դրա վրա զետեղված ապրանքային նշանով։

Այսպիսով, քանի որ լիցենզային պայմանագրի գործողությունը տարածվում է անդամ պետության տարածքում գնորդի կողմից արտադրված արտադրանքի փաթեթվածքի վրա, և իրավատերը արտադրանքի փաթեթվածքի նկատմամբ պահանջներ չունի, և փաթեթվածքի մասին հարցը լուծվում է գնորդի հայեցողությամբ՝ հաշվի առնելով տեխնիկական կանոնակարգման պահանջները, լիցենզային վճարները չեն վերաբերում ներմուծվող արտադրանքին և ներմուծվող պոլիէթիլենային թաղանթի մաքսային արժեքի մեջ ներառման ենթակա չեն։

(3-րդ օրինակը փոփ. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 4. Կազմակերպությունն իրականացնում է ավտոմեքենաների վրա աքսեսուարների տեղադրման, ինչպես նաև ավտոմեքենաների աքսեսուարների և պահեստամասերի մանրածախ վաճառքի գործունեությունը։ Նշված գործունեությունն իրականացնելու համար կազմակերպությունը երրորդ երկրներում գնում է և անդամ պետության տարածք է ներմուծում ավտոմեքենաների աքսեսուարներ։

Կազմակերպությունը նաև լիցենզային պայմանագիր է կնքում օտարերկրյա այն իրավատիրոջ հետ, որը Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով կազմակերպության հետ փոխկապակցված անձ է։ Լիցենզային պայմանագրի համաձայն՝ կազմակերպությանը տրամադրվել են ապրանքային նշանն անդամ պետության տարածքում օգտագործելու հետևյալ իրավունքները.

ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված (կազմակերպության ֆիրմային անվանման, առևտրային նշագրերում, «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում դոմենային անվան մեջ, ձևաթղթերի վրա, փաստաթղթերում).

լիցենզային ապրանքների ներմուծման, լիցենզային ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դնելու, դրանց գովազդի և մարքեթինգի հետ կապված.

Ըստ լիցենզային պայմանագրի՝ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված կազմակերպությունը վճարում է լիցենզային վճարներ (ռոյալթիներ) տարին X միլիոն գումարի չափով հաստատագրված գումարի տեսքով։ Տվյալ գումարը բաժանվում է 4 հավասար եռամսյակային վճարների, որոնք ներառվում են լիցենզային վճարների (ռոյալթիների) վճարման եռամսյակային հաշվում։

Լիցենզային ապրանքների ներմուծման, լիցենզային ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դնելու, դրանց գովազդի և մարքեթինգի հետ կապված կազմակերպությունը վճարում է լիցենզային վճարներ՝ լիցենզային ապրանքների վաճառքի արդյունքում ստացված հասույթի գումարի 3 տոկոսի չափով։ Լիցենզային ապրանքների վաճառքի արդյունքում ստացված հասույթի չափը որոշվում է կազմակերպության կողմից յուրաքանչյուր եռամսյակ, հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա վերջին ամսաթվից ոչ ուշ։ Լիցենզային ապրանքների վաճառքի արդյունքում ստացված հասույթի մասին տվյալների հիման վրա կազմակերպությունն իրականացնում է լիցենզային վճարների (ռոյալթիների) հաշվարկ և դա ուղարկում իրավատիրոջը, որը յուրաքանչյուր եռամսյակ կազմակերպությանը հաշիվ է ներկայացնում։

Ներկայացվող եռամսյակային հաշվետվություններում միշտ առանձին նշվում են X միլիոն ռուբլուց Զ չափով հաստատագրված մեծությունը և լիցենզային վճարների (ռոյալթիների) գումարը, որը հաշվարկվել է նախորդ եռամսյակում լիցենզային ապրանքների վաճառքի արդյունքներով։

Լիցենզային պայմանագրին համապատասխան՝ լիցենզային ապրանքներին են վերաբերում այն ապրանքները, որոնց վրա զետեղված է ապրանքային նշան և որոնք կազմակերպության կողմից ձեռք են բերվում նրա հետ փոխկապակցված օտարերկրյա մատակարարներից։ Կազմակերպության և Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով փոխկապակցված օտարերկրյա մատակարարների միջև պայմանագրերում չեն պարունակվում հղումներ կազմակերպության կողմից կնքված լիցենզային պայմանագրին։

Բացի այն ապրանքներից, որոնց վրա զետեղված է ապրանքային նշան, կազմակերպությունը նաև ինչպես օտարերկրյա փոխկապակցված մատակարարներից, այնպես էլ անկախ մատակարարներից գնում է համանման ապրանքներ, որոնց վրա ապրանքային նշան զետեղված չէ, այսինքն ապրանքներ, որոնք չեն վերաբերում լիցենզային ապրանքներին։

Շարադրվածի հիման վրա կարելի է վճարվող լիցենզային վճարների առնչությամբ անել հետևյալ եզրակացությունները.

ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված.

քանի որ լիցենզային պայմանագրի համաձայն լիցենզային վճարները կազմակերպության կողմից վճարվում են լիցենզային ապրանքների ձեռքբերումից և օգտագործումից անկախ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ կապված , տվյալ լիցենզային վճարները չեն վերաբերում ներմուծվող լիցենզային ապրանքներին և այդ իսկ պատճառով դրանց մաքսային արժեքի մեջ ներառման ենթակա չեն.

լիցենզային ապրանքների ներմուծման, լիցենզային ապրանքները քաղաքացիական շրջանառության մեջ դնելու, դրանց գովազդի և մարքեթինգի հետ կապված.

քանի որ լիցենզային պայմանագրի համաձայն լիցենզային ապրանքներին են վերաբերում այն ապրանքները, որոնց վրա զետեղված է ապրանքային նշան և լիցենզային վճարները վճարվում են հենց այդպիսի ապրանքների ներմուծման հետ կապված իրավունքի համար, տվյալ լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող լիցենզային ապրանքներին։

Լիցենզային պայմանագրում և մատակարարման պայմանագրերում չի նշվում, որ լիցենզային վճարների վճարումը համարվում է ապրանքների վաճառքի պայման։ Սակայն, լիցենզային պայմանագրի համաձայն՝ լիցենզային ապրանքները ձեռք են բերվում փոխկապակցված օտարերկրյա մատակարարներից։ Դրա հետ կապված՝ անհրաժեշտ է հաշվի առնել, որ օտարերկրյա մատակարարները վերահսկվում են իրավատիրոջ կողմից և իրականացնում են լիցենզային ապրանքների արտադրությունը ոչ միայն կազմակերպությանը, այլև աշխարհով մեկ այլ գնորդների վաճառելու համար։ Ընդ որում, կազմակերպությունը մաքսային մարմին է ներկայացրել տեղեկատվություն այն մասին, թե իրավատերը ինչը կարող է վերահսկել, որ անձանց և ինչ պայմաններով են օտարերկրյա մատակարարներն իրացնում արտադրվող լիցենզային ապրանքները։ Այսպիսով, իրավատերը՝ որպես օտարերկրյա մատակարարների կողմից վերահսկվող լիցենզային ապրանքները կազմակերպությանը վաճառելու պայման՝ փաստացի սահմանում է լիցենզային վճարները վճարելու պահանջ։

Հետևաբար, այդպիսի լիցենզային վճարները ենթակա են ներմուծվող լիցենզային ապրանքների մաքսային արժեքի մեջ ներառման։

(4-րդ օրինակը փոփ. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 5. Ներմուծողը անդամ պետության տարածքում իրականացնում է սուրճի մշակման և վաճառքի գործունեություն։ Նշված գործունեությունն իրականացնելու համար ներմուծողը «Ա» ապրանքային նշանը տիրապետող օտարերկրյա ընկերության հետ (այսուհետ` իրավատեր) կնքել է լիցենզային պայմանագիր։

Լիցենզային պայմանագրին համապատասխան՝ ներմուծողին տրամադրվել են «Ա» ապրանքային նշանի օգտագործման իրավունքներ՝ անդամ պետության տարածքում սուրճի հումքից (հատիկավոր սուրճ) արտադրված պատրաստի արտադրանքի արտադրության, վաճառքի, այլ ձևով իրացման, վաճառահանումը խթանելու համար գովազդի հետ կապված։

Ներմուծողը և իրավատերը Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով փոխկապակցված անձինք չեն։

Իրավատերը չի սահմանել, որ պատրաստի արտադրանք արտադրելու համար կարող է օգտագործվել միայն «Ա» ապրանքային նշան ունեցող սուրճի հումքը, ինչպես նաև չի սահմանել սուրճի հումքը կոնկրետ մատակարարներից գնելու սահմանափակումներ կամ այդպիսի հումքի նկատմամբ այլ պահանջներ։ Սակայն լիցենզային պայմանագրով նախատեսված է, որ ներմուծողը պարտավոր է ապահովել իր կողմից արտադրվող այն պատրաստի արտադրանքի համար, որի վրա նա պետք է զետեղի «Ա» ապրանքային նշան, այնպիսի որակ, որը պետք է լինի իրավատիրոջ համապատասխան արտադրանքի որակից ոչ ավելի ցածր։ Իրավատերը կիրականացնի ներմուծողի կողմից արտադրված, վրան «Ա» ապրանքային նշանի զետեղմամբ պատրաստի արտադրանքի որակի նկատմամբ պատշաճ հսկողություն՝ դրա նմուշները ստուգելու միջոցով։ Այսպիսով, սուրճի հումքի ձեռքբերման մասին հարցը լուծվում է ներմուծողի հայեցողությամբ։

Ներմուծողը իրավատիրոջն է վճարում լիցենզային վճարները, որոնք հաշվարկվում են այն պատրաստի արտադրանքի վաճառքից ստացված հասույթի 4 տոկոսի չափով, որի վրա զետեղված է «Ա» ապրանքային նշանը։ Իրավատերն իրավունք ունի ներմուծողից ստուգման համար պահանջելու բոլոր այն հաշվապահական փաստաթղթերը, որոնք հաստատում են հասույթի գումարը, ներառյալ հաշիվները և շահույթների ու վնասների մասին հաշվետվությունները, այն ձևով, որով նշված փաստաթղթերը ներկայացվել են հարկային մարմիններ։

Ներմուծողն իր հայեցողությամբ ձեռք է բերում պատրաստի արտադրանքի արտադրության համար օգտագործվող սուրճի հումքը, ինչպես իրավատիրոջից (այդ դեպքում սուրճի արտադրանքը մատակարարվում է այն փաթեթվածքով, որի վրա զետեղված է «Ա» ապրանքային նշանը), այնպես էլ անկախ մատակարարներից (այդ դեպքում սուրճի հումքը մատակարարվում է փաթեթվածքով, առանց ապրանքային նշանների կամ այլ իրավատերերի պատկանող ապրանքային նշաններով)։

Անդամ պետության տարածքում ներմուծողը ներմուծված սուրճի հումքի հետ կատարում է մի շարք տեխնոլոգիական գործառույթներ, այդ թվում՝ բովում, տարբեր բուրավետիչների և այլ բաղադրիչների ավելացում, բաժնեծրարում սպառողական փաթեթվածքում։ Սպառողական փաթեթվածքի տարրերը, մասնավորապես պատրաստի արտադրանքի բաժնեծրարման համար օգտագործվող բանկաները, կափարիչները, պիտակները գնվում են ներմուծողի կողմից անդամ պետության տարածքի մատակարարներից։ Պատրաստի արտադրանքի սպառողական փաթեթվածքի վրա զետեղվում է «Ա» ապրանքային նշանը։

Դիտարկվող օրինակում լիցենզային վճարների վճարումն իրականացվում է սուրճի հումքից պատրաստված պատրաստի արտադրանքի առնչությամբ, որի վրա զետեղված է «Ա» ապրանքային նշանը, և կախված չէ այն սուրճի հումքի ձեռքբերումից և օգտագործումից, որի վրա զետեղված է «Ա» ապրանքային նշանը, քանի որ սուրճի հումքի մատակարարների ընտրությունն իրականացվում է ներմուծողի կողմից ինքնուրույն։

Հետևաբար, լիցենզային վճարները չեն վերաբերում ներմուծվող սուրճի հումքին։

Լիցենզային պայմանագրի այն դրույթները, որոնք իրավատիրոջը տալիս են նմուշները ստուգելու իրավունք, վերաբերում են արտադրվող պատրաստի արտադրանքի որակի հսկողությանը, իսկ ներմուծողի հաշվապահական փաստաթղթերի ստուգման իրավունքը՝ լիցենզային վճարների գումարի հաշվարկի ճշտության հսկողությանը։

Այն սուրճի հումքի վաճառքը, որի վրա զետեղված են ապրանքային նշանները, իրականացվում է ներմուծողի կողմից լիցենզային վճարները վճարելուց անկախ։ Հետևաբար, լիցենզային վճարների վճարումը սուրճի հումքի վաճառքի պայման չի համարվում։

Այսպիսով, ներմուծվող սուրճի հումքի մաքսային արժեքը որոշելիս լիցենզային վճարները չպետք է ավելացվեն փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին։

(5-րդ օրինակը փոփ. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 6. Անդամ պետությունում գրանցված ընկերությունը տվյալ պետության տարածք է ներմուծում հետևյալ ապրանքները.

պատրաստի արտադրատեսակներ՝ հետագա վերավաճառքի համար.

հումք և բաղադրիչներ, որոնք օգտագործվում են.

արտադրանքի արտադրության համար.

իրացված արտադրանքի և պատրաստի արտադրատեսակների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ծառայության (վերանորոգման) համար։

Արտադրանքի արտադրության ժամանակ ներմուծվող բաղադրիչներից բացի օգտագործվում են անդամ պետությունների տարածքներում արտադրված և ընկերության կողմից այդ պետությունների տարածքներում գրանցված մատակարարներից ձեռք բերված բաղադրիչները։

«Ա» ապրանքային նշանի զետեղմամբ՝ արտադրանքի արտադրության իրավունքն ստանալու համար ընկերությունը Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով ընկերության հետ փոխկապակցված օտարերկրյա իրավատիրոջ հետ կնքել է լիցենզային պայմանագիր։ Լիցենզային պայմանագրի համաձայն՝ ընկերությանը իրավունք է տրված օգտագործելու «Ա» ապրանքային նշանը՝ անդամ պետությունների տարածքներում արտադրվող արտադրանքի վրա այն տեղադրելու միջոցով (ներառյալ ապրանքային նշանի տեղադրումը դրա փաթեթվածքի վրա) և այդ պետությունների տարածքներում արտադրված արտադրանքի իրացման ժամանակ։ Լիցենզային պայմանագրում սահմանվել է այն ապրանքների կատեգորիաների (տեսակների) ցանկը, որոնց առնչությամբ, ըստ դիտարկվող պայմանագրի, տրամադրվել է «Ա» ապրանքային նշանն օգտագործելու իրավունք (այսուհետ` լիցենզային արտադրանք)։

Լիցենզային պայմանագիրը չի տարածվում ընկերության կողմից գնվող և հետագա վերավաճառքի համար Միության մաքսային տարածք ներմուծվող պատրաստի արտադրատեսակների, ինչպես նաև լիցենզային արտադրանք արտադրելու և իրացված արտադրանքի ու պատրաստի արտադրատեսակների երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման ծառայության (վերանորոգման) համար ընկերության կողմից Միության մաքսային տարածք ներմուծվող հումքի և բաղադրիչների վրա։

Լիցենզային պայմանագրի համաձայն՝ ընկերությունը վճարում է լիցենզային վճարներ (ռոյալթիներ) լիցենզային արտադրանքի վաճառքից ստացված հասույթի 5 տոկոսի չափով։ Պատրաստի արտադրատեսակների, ինչպես նաև ընկերության կողմից Միության մաքսային տարածք վերանորոգման համար ներմուծվող հումքի և բաղադրիչների իրացումից ստացված հասույթը չի ներառվում լիցենզային վճարների (ռոյալթիների) հաշվարկի մեջ։

Լիցենզային պայմանագիրը չի պարունակում հղումներ մատակարարման պայմանագրերին։ Իրավատերերի կողմից սահմանված չեն պահանջներ ընկերության կողմից հումքի և բաղադրիչների արտադրողների ու մատակարարների ընտրության նկատմամբ, ինչպես նաև պահանջներ այնպիսի մատակարարների կամ լիցենզային արտադրանքի արտադրության համար օգտագործվող այնպիսի հումքի և բաղադրիչների արտադրության կամ վաճառքի նկատմամբ, որոնք դուրս կլինեին լիցենզային արտադրանքի որակի հսկողության շրջանակներից։ Այսպիսով, հումքի և բաղադրիչների ձեռքբերման մասին հարցը լուծվում է ընկերության հայեցողությամբ։

Լիցենզային արտադրանք արտադրելու համար ընկերությունը տարբեր տեսակի հումք և բաղադրիչներ է գնում հետևյալ մատակարարներից.

հումք և բաղադրիչներ, որոնց վրա զետեղված է «Ա» ապրանքային նշանը՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով ընկերության հետ փոխկապակցված օտարերկրյա մատակարարներից.

այլ ապրանքային նշաններով հումք և բաղադրիչներ՝ օտարերկրյա անկախ մատակարարներից։ Ընդ որում, կարող են գնվել նույն տեսակի հումք և բաղադրիչներ, ինչպիսիք գնվում են փոխկապակցված մատակարարներից՝ դրանց վրա «Ա» ապրանքային նշանի զետեղմամբ։ Այսպես, ընկերությունը լիցենզային արտադրանքի արտադրության մեջ օգտագործում է երկու տեսակի շարժիչ. մի մասն արտադրվում է ընկերության հետ փոխկապակցված մատակարարների հետ, իսկ մյուսը՝ անկախ անձանց կողմից.

որևէ ապրանքային նշան չպարունակող հումք և բաղադրիչներ՝ օտարերկրյա անկախ մատակարարներից և անդամ պետությունների տարածքներում գրանցված մատակարարներից։

Ընկերությունը չի կնքել ներմուծվող հումքի և բաղադրիչների վրա տեղադրված այլ ապրանքային նշանների օգտագործման լիցենզային պայմանագրեր։

Ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագրերում չկան հղումներ լիցենզային պայմանագրին, դրույթներ, որոնք սահմանափակումներ կսահմանեին ընկերության՝ ձեռքբերված հումքի և բաղադրիչների հետագա օգտագործման կամ տնօրինման իրավունքների վրա, ինչպես նաև դրույթներ ընկերության կողմից լիցենզային վճարները իրավատիրոջը չվճարելու դեպքում այդպիսի մատակարարման պայմանագրերը լուծելու մասին։

«Ա» ապրանքային նշանով հումքի և բաղադրիչների որոշ տեսակներ օգտագործվում են ընկերության կողմից ինչպես անդամ պետության տարածքում լիցենզային արտադրանքի արտադրության համար, այնպես էլ այդպիսի արտադրանքի հետագա վերանորոգման, ինչպես նաև ընկերության կողմից ներմուծվող պատրաստի արտադրատեսակների համար։ Ընդ որում, հումքը և բաղադրիչները գնելու պահի դրությամբ, ընկերությունը չունի տեղեկատվություն այն մասին, թե ընկերությունը դրանց որ մասն է օգտագործելու լիցենզային արտադրանք արտադրելու համար, և որ մասը՝ վերանորոգման համար։ Օտարերկրյա մատակարարներից հումք և բաղադրիչներ գնելու գինը կախված չէ այն բանից, թե արդյոք ընկերությունը ներմուծվող հումքը և բաղադրիչները կօգտագործի լիցենզային արտադրանք արտադրելու, թե վերանորոգման համար։ Հումքի և բաղադրիչների կոնկրետ խմբաքանակի ներմուծումից հետո ընկերությունը, ընթացիկ կարիքներից ելնելով որոշում է, թե արդյոք դա ամբողջությամբ օգտագործվելու է լիցենզային արտադրանքի արտադրության համար, թե դրա մի մասը վաճառվելու է վերանորոգման համար։ Վերջին դեպքում ապրանքների մեկ խմբաքանակով ներմուծված և միևնույն գնով ձեռք բերված հումքի և բաղադրիչների մի մասն օգտագործվում է լիցենզային արտադրանքի արտադրության համար, իսկ նմանատիպ հումքի և բաղադրիչների մյուս մասը վերավաճառվում է վերանորոգման համար։

Վերանորոգումը կատարվում է կամ հենց ընկերության արտադրական հարթակներում կամ գործընկեր տեխնիկական սպասարկման ծառայությունների կողմից։ Երկրորդ դեպքում ներմուծվող հումքը և բաղադրիչները մատակարարման համապատասխան պայմանագրերով իրացվում են գործընկերներին։

Դիտարկվող օրինակում լիցենզային վճարների վճարումն իրականացվում է այն լիցենզային արտադրանքի առնչությամբ, որն արտադրվել է ներմուծվող հումքից և բաղադրիչներից։ Ընդ որում, իրավատերը չունի լիցենզային արտադրանքի արտադրության կամ հետագա վերանորոգման ժամանակ «Ա» ապրանքային նշանով հումքի և բաղադրիչների օգտագործման նկատմամբ պահանջներ։

Շարադրվածի կապակցությամբ, չնայած նրան, որ «Ա» ապրանքային նշանը զետեղվել է Միության մաքսային տարածք ներմուծվող որոշակի հումքի և բաղադրիչների վրա, ընկերության կողմից վճարված լիցենզային վճարները չեն վերաբերում ներմուծվող ապրանքներին։

Բացի դրանից, օտարերկրյա մատակարարներից «Ա» ապրանքային նշանով հումք և բաղադրիչներ գնելու գինը կախված չէ այն բանից, թե արդյոք ընկերությունը ներմուծվող հումքը և բաղադրիչները կօգտագործի լիցենզային արտադրանք արտադրելու, թե վերանորոգման համար։ Լիցենզային վճարներ չեն վճարվում այն հումքի և բաղադրիչների առնչությամբ, որոնք ընկերությանը վաճառվել են վերանորոգման համար, հետևաբար, անկախ լիցենզային վճարների վճարումից, ընկերությունն իրավունք ունի ձեռք բերելու «Ա» ապրանքային նշանով հումքը և բաղադրիչները։

Այսպիսով, լիցենզային վճարների վճարումը «Ա» ապրանքային նշանով հումքի և բաղադրիչների վաճառքի պայման չի համարվում։ Համապատասխանաբար, լիցենզային վճարները «Ա» ապրանքային նշան պարունակող ներմուծվող հումքի և բաղադրիչների մաքսային արժեքի մեջ ներառման ենթակա չեն։

(6-րդ օրինակը փոփ. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 7. Անդամ պետությունում գրանցված ընկերությունն այդ անդամ պետության տարածքում արտադրում է «Ա» և «Բ» ապրանքային նշաններով արտադրանք։

Ընկերությունը լիցենզային պայմանագիր է կնքել օտարերկրյա իրավատիրոջ հետ արտադրանքի արտադրության և իրացման ժամանակ տվյալ լիցենզային պայմանագրում շարադրված պայմաններին համապատասխան՝ ընկերությանը «Ա» և «Բ» ապրանքային նշանների օգտագործման իրավունք տրամադրելու մասին։

«Ա» և «Բ» ապրանքային նշանների օգտագործման համար ընկերությունը իրավատիրոջն է վճարում լիցենզային վճարներ, որոնք հաշվարկվում են «Ա» և «Բ» ապրանքային նշաններով պատրաստի արտադրանքի վաճառքից ստացված հասույթի հաստատագրված տոկոսի տեսքով։

Լիցենզային պայմանագրին համապատասխան՝ «Ա» և «Բ» ապրանքային նշանների ներքո արտադրանքի արտադրության իրավունքի տրամադրման պայման է համարվում ընկերության կողմից արտադրանքի արտադրության համար բացառապես այն հումքի օգտագործումը, որը նշվել է իրավատիրոջ կողմից և մատակարարվել իրավատիրոջ կամ իրավատիրոջ հետ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով փոխկապակցված մատակարարների, կամ անկախ մատակարարների կողմից՝ ընկերության և իրավատիրոջ կողմից համաձայնեցված գներով։

Բացի այդ, լիցենզային պայմանագրի պայմաններով նախատեսվում է, որ ընկերությունը պետք է օգտագործի իրավատիրոջ կամ մատակարարների կողմից մատակարարվող այն հումքը, որը նախօրոք հավանության է արժանացել իրավատիրոջ կողմից գրավոր տեսքով, արտադրանքը բացառապես «Ա» և «Բ» ապրանքային նշանների ներքո արտադրելու համար և չի կարող վաճառել կամ մատակարարել այդ արտադրանքը երրորդ անձանց, ինչպես նաև այդ արտադրանքն օգտագործել այլ ապրանքային նշանների ներքո այլ արտադրանք արտադրելու համար։

Հումքի մատակարարման բոլոր պայմանագրերում, այդ թվում՝ անկախ մատակարարների հետ մատակարարման պայմանագրերում, պարունակվում են դրույթներ այն մասին, որ լիցենզային պայմանագրի համաձայն, հումքը մատակարարվում է արտադրանքի՝ բացառապես «Ա» և «Բ» ապրանքային նշանների ներքո արտադրության համար, և ընկերությունը չի օգտագործի ներմուծվող հումքն այլ ապրանքների արտադրության համար, ինչպես նաև չի վաճառի կամ մատակարարի այդ հումքը երրորդ անձանց։

Հաշվի առնելով լիցենզային պայմանագրի պայմաններ սահմանող այն դրույթները, որոնք պահպանելու դեպքում ընկերությանը տրամադրվում է «Ա» և «Բ» ապրանքային նշանների ներքո արտադրանքի արտադրության և իրացման իրավունք, ինչպես նաև մատակարարման պայմանագրերի և լիցենզային պայմանագրի միջև կապը, կարելի է հանգել այն եզրակացության, որ լիցենզային վճարները վերաբերում են գնահատվող (ներմուծվող) ապրանքներին (հումքին) և դրանց վճարումը այդ ապրանքների (հումքի) վաճառքի պայման է համարվում և, համապատասխանաբար, լիցենզային վճարները ենթակա են գնահատվող (ներմուծվող) ապրանքների (հումքի) մաքսային արժեքի մեջ ներառման։

(7-րդ օրինակը փոփ. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 8. Կազմակերպությունն օտարերկրյա իրավատիրոջ հետ կնքել է լիցենզային պայմանագիր, համաձայն որի՝ օտարերկրյա իրավատերը կազմակերպությանը տրամադրում է ապրանքային նշանն օգտագործելու իրավունք՝ սպորտային պայուսակների վրա այն զետեղելու միջոցով՝ լիցենզային վճարների վճարման պայմանով:

Իրավատիրոջ կողմից սահմանված չեն այն սպորտային պայուսակներին ներկայացվող պահանջները, որոնց վրա զետեղվում է ապրանքային նշանը, ինչպես նաև դրանց արտադրողներին ներկայացվող պահանջները: Արտադրողների ընտրությունը կազմակերպության կողմից իրականացվում է ինքնուրույն:

Կազմակերպությունը և իրավատերը փոխկապակցված անձինք են՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։

Ապրանքային նշանը զետեղվում է սպորտային պայուսակների վրա, որոնք կազմակերպությունը ձեռք է բերում օտարերկրյա արտադրողներից:

Կազմակերպությունը և օտարերկրյա արտադրողները փոխկապակցված անձինք չեն՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։

Կազմակերպությունն օտարերկրյա արտադրողներին տրամադրում է ապրանքային նշան պարունակող պիտակներ, որոնք զետեղվում են սպորտային պայուսակների վրա՝ Միության մաքսային տարածք դրանք ներմուծելուց առաջ:

Քանի որ կազմակերպությանն իրավունք է ընձեռվել օգտագործելու ապրանքային նշանը սպորտային պայուսակների վրա այն զետեղելու միջոցով և կազմակերպությունն իրականացնում է այն սպորտային պայուսակների ներմուծումը, որոնց վրա կազմակերպության պատվերով արտադրողի կողմից զետեղված է ապրանքային նշանը, լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքներին:

Քանի որ իրավատիրոջ կողմից սահմանված չեն սպորտային պայուսակներին և դրանց արտադրողներին ներկայացվող պահանջները, և այդպիսի պայուսակները ձեռք են բերվում կազմակերպության ընտրությամբ՝ ոչ կազմակերպության, ոչ էլ իրավատիրոջ հետ փոխկապակցված անձ հանդիսացող արտադրողներից, ապա Միության մաքսային տարածք ապրանքներն արտահանելու համար լիցենզային վճարների վճարումը ապրանքների վաճառքի պայման չէ:

Հետևաբար՝ լիցենզային վճարները փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին ավելացման ենթակա չեն:

Տվյալ դեպքում ներմուծվող սպորտային պայուսակների մաքսային արժեքը որոշելիս առանձին պետք է դիտարկվի փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին հնարավոր լրացուցիչ հաշվեգրման մասին հարցը՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ կապված կազմակերպության կողմից արտադրողներին պիտակների տրամադրման հետ:

(8-րդ օրինակը լրաց. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 9. Գնորդը ապրանքային նշանի սեփականատիրոջ հետ կնքում է լիցենզային պայմանագիր, որով գնորդը պարտավորվում է իրավատիրոջը վճարել լիցենզային վճարների ֆիքսված գումար՝ կոշիկի յուրաքանչյուր զույգի համար, որն ունի ապրանքային նշան և ներմուծվում է Միության մաքսային տարածք:

Գնորդը պայմանագիր է կնքել օտարերկրյա արտադրողի հետ, որը նախատեսում է արտադրողի կողմից պատրաստված կոշիկի ձեռքբերում՝ ապրանքային նշանի զետեղմամբ և ապրանքային նշանի գեղարվեստական ձևավորման ու դիզայնի նկատմամբ իրավատիրոջ պահանջների պահպանմամբ, որն արտահայտված է էսքիզներում, նկարներում, գծագրերում: Արտադրողը չունի լիցենզային պայմանագիր իրավատիրոջ հետ: Գնորդի և արտադրողի միջև առուվաճառքի պայմանագիրը չի պարունակում լիցենզային վճարներ վճարելուն վերաբերող դրույթներ։ Արտադրողը, գնորդը և իրավատերը փոխկապակցված անձինք չեն՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։

Իրավատիրոջ կողմից սահմանված չեն այն կոշիկներին ներկայացվող պահանջները, որոնց վրա զետեղվում է ապրանքային նշանը, ինչպես նաև դրանց արտադրողներին ներկայացվող պահանջները: Արտադրողի ընտրությունը գնորդի կողմից իրականացվում է ինքնուրույն:

Քանի որ, համաձայն լիցենզային պայմանագրի, լիցենզային վճարները վճարվում են Միության մաքսային տարածք ապրանքային նշանով յուրաքանչյուր ներմուծվող զույգ կոշիկի համար, և ապրանքային նշանը զետեղվում է արտադրողի կողմից այդ ապրանքներն արտադրելիս, համաձայն գնորդի հետ կնքած պայմանագրի, այդպիսի լիցենզային վճարները վերաբերում են գնորդի կողմից ներմուծվող կոշիկներին:

Քանի որ իրավատերը չի վերահսկում արտադրողի կողմից կոշիկի արտադրությունը և գնորդին դրա վաճառքը ո՛չ պայմանագրային, ո՛չ էլ որևէ այլ իրավահարաբերությունների շրջանակներում, ապա լիցենզային վճարների վճարումն այդ ապրանքները վաճառելու պայման չէ: Հետևաբար՝ այդ դեպքում լիցենզային վճարները ենթակա չեն ավելացման փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:

Սակայն տվյալ դեպքում ներմուծվող կոշիկների մաքսային արժեքը որոշելիս առանձին պետք է դիտարկվի փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին հնարավոր լրացուցիչ հաշվեգրման մասին հարցը՝ Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝ կապված գնորդի կողմից արտադրողին էսքիզների, նկարների, գծագրերի տրամադրման հետ:

(9-րդ օրինակը լրաց. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 10. Ներմուծողն անդամ պետության տարածքում իրականացնում է սիգարետների և նորարարական ծխախոտ պարունակող արտադրանքի արտադրության գործունեություն (այսուհետ՝ պատրաստի արտադրանք), ինչպես նաև Միության մաքսային տարածք է ներմուծում սիգարետների և նորարարական ծխախոտ պարունակող արտադրանքի որոշ տեսակներ, որոնք տաքացվող ծխախոտից արտադրատեսակներ են (տաքացվող ծխախոտային փայտիկներ) (այսուհետ՝ ստիկեր):

Նշված գործունեությունն իրականացնելու համար ներմուծողը կնքել է լիցենզային պայմանագիր որոշակի ապրանքային նշանների տիրապետող օտարերկրյա ընկերության հետ (այսուհետ համապատասխանաբար` ապրանքային նշաններ, իրավատեր)։

Լիցենզային պայմանագրին համապատասխան՝ ներմուծողին ընձեռվել է պատրաստի արտադրանքի արտադրության իրավունք՝ դրա վրա ապրանքային նշանների զետեղմամբ, ինչպես նաև զետեղված ապրանքային նշաններով սիգարետների և ստիկերի ներմուծման հետ կապված ապրանքային նշանների օգտագործման իրավունք: Ներմուծողն ու իրավատերը փոխկապակցված անձինք են՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։

Համաձայն լիցենզային պայմանագրի՝ ներմուծողը վճարում է իրավատիրոջը ապրանքային նշանների զետեղման իրավունքով պատրաստի արտադրանք արտադրելու իրավունքի համար լիցենզային վճարներ՝ Միության մաքսային տարածքում պատրաստի արտադրանքի իրացումից ստացված հասույթի X տոկոսի չափով:

Լիցենզային պայմանագրի պայմաններով զետեղված ապրանքային նշաններով ներմուծվող սիգարետների և ստիկերի վերաբերյալ նախատեսված է, որ Միության մաքսային տարածք այդպիսի սիգարետների և ստիկերի ներմուծման իրավունքի համար ներմուծողն իրավատիրոջն առանձին վճարում է լիցենզային վճարներ՝ Միության մաքսային տարածքում սիգարետների և ստիկերի իրացումից ստացված հասույթի Y տոկոսի չափով:

Ներմուծվող սիգարետների և ստիկերի նկատմամբ լիցենզային պայմանագրի պայմաններով նախատեսված է, որ ներմուծողը գնում է այդպիսի սիգարետներն ու ստիկերը օտարերկրյա արտադրողներից, որոնք փոխկապակցված անձինք են՝ ներմուծողի և իրավատիրոջ հետ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։ Այդպիսի արտադրողները փաստացի վերահսկվում են իրավատիրոջ կողմից, քանի որ ապահովում են իրավատիրոջ կողմից սահմանված անձանց սիգարետների և ստիկերի մատակարարումը:

Պատրաստի արտադրանքի արտադրության համար ներմուծողն իր հայեցողությամբ ընտրում է օտարերկրյա մատակարարներին բաղադրամասեր (բաղադրիչներ) ձեռք բերելու համար, այն է՝ սիգարետների արտադրության համար ծխախոտային հումք, նորարարական ծխախոտ պարունակող արտադրանքի արտադրության համար ծխախոտ՝ տաքացվող (այսուհետ՝ հումք), ինչպես նաև ներմուծողի պատվերներով արտադրության և մատակարարման համար եզրաշերտային թուղթ, պիտակ (սիգարետները տուփերում և բլոկներում փաթեթավորելու համար)՝ փաթեթավորման տարա (ծալքավոր տուփ) (այսուհետ՝ ուղեկցող բաղադրիչներ) ձեռք բերելու համար: Հումքի և ուղեկցող բաղադրիչների օտարերկրյա մատակարարներն ինչպես փոխկապակցված, այնպես էլ ոչ փոխկապակցված անձինք են՝ ներմուծողի և իրավատիրոջ հետ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։

Հումքը մատակարարվում է փաթեթավորման տարայով (ծալքավոր տուփերով), որոնց վրա նույնականացման նպատակներով կարող է զետեղվել ապրանքային նշաններին հղում պարունակող մակնշում: Սիգարետների համար եզրաշերտային թղթի, պիտակի և փաթեթավորման տարայի (ծալքավոր տուփի) վրա զետեղված են ապրանքային նշաններ:

Հումքի և ուղեկցող բաղադրիչների օտարերկրյա մատակարարների հետ մատակարարման պայմանագրերը չեն պարունակում ինչպես հղումներ մատակարարի և իրավատիրոջ միջև կնքված՝ ապրանքային նշաններ օգտագործելու իրավունք տրամադրելու մասին լիցենզային պայմանագրին, այնպես էլ որևէ պայմաններ ներմուծողի՝ որևէ անձի ապրանքային նշանների օգտագործման համար լիցենզային վճարներ վճարելու պարտավորության մասին:

Իրավատերը չի իրականացնում հումքի և ուղեկցող բաղադրիչների մատակարարումների՝ ներառյալ դրանց գնման գների վերահսկողություն: Իրավատերը նաև չի սահմանել (այդ թվում՝ համաձայն լիցենզային պայմանագրի պայմանների), որ պատրաստի արտադրանքի արտադրության համար կարող է օգտագործվել միայն կոնկրետ մատակարարների հումքն ու ուղեկցող բաղադրիչները: Սակայն լիցենզային պայմանագրով նախատեսված է, որ ներմուծողը պարտավոր է ապահովել իրավատիրոջ կողմից սահմանվող որակի պահանջներին այն արտադրվող և իրացվող պատրաստի արտադրանքի որակի համապատասխանությունը, որի վրա զետեղվում են ապրանքային նշանները: Իրավատերն իրականացնում է զետեղված ապրանքային նշանով պատրաստի արտադրանքի վերահսկողությունը ներմուծողի կողմից արտադրվող պատրաստի արտադրանքի նմուշների պարբերական ստուգման միջոցով:

Շարադրվածի հիման վրա կարելի է ապրանքային նշանների օգտագործման իրավունքի համար վճարվող լիցենզային վճարների առնչությամբ անել հետևյալ հետևությունները.

պատրաստի արտադրանքի արտադրության և դրա վրա ապրանքային նշանների զետեղման առնչությամբ

լիցենզային վճարների վճարումն իրականացվում է զետեղված ապրանքային նշաններով պատրաստի արտադրանքի նկատմամբ, որը պատրաստված է ներմուծողի հայեցողությամբ ձեռք բերված հումքից և ուղեկցող բաղադրիչներից: Հետևաբար, լիցենզային վճարները չեն վերաբերում ներմուծվող հումքին և ուղեկցող բաղադրիչներին:

Հաշվի առնելով այն փաստը, որ նմուշներն ստուգելու իրավունքով իրավատիրոջն օժտող՝ լիցենզային պայմանագրի դրույթները վերաբերում են արտադրվող պատրաստի արտադրանքի որակի վերահսկողությանը, և մատակարարների ընտրությունն իրականացվում է ներմուծողի կողմից ինքնուրույն, ապա հումքի և ուղեկցող բաղադրիչների մատակարարումներն իրականացվում են անկախ ներմուծողի կողմից լիցենզային վճարների վճարումից: Հետևաբար՝ լիցենզային վճարների վճարումը ներմուծվող հումքի և ուղեկցող բաղադրիչների՝ Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառքի պայման չէ:

Այսպիսով՝ նման լիցենզային վճարները ներմուծվող հումքի և ուղեկցող բաղադրիչների մաքսային արժեքի մեջ ներառման ենթակա չեն.

զետեղված ապրանքային նշաններով սիգարետների և ստիկերի ներմուծման հետ կապված

քանի որ ներմուծողն իրականացնում է զետեղված ապրանքային նշաններով սիգարետների և ստիկերի ներմուծում, և լիցենզային վճարները վճարվում են հենց այդպիսի ապրանքների ներմուծման իրավունքի համար, տվյալ լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող սիգարետներին և ստիկերին:

Ներմուծողի՝ օտարերկրյա արտադրողների հետ կնքվող մատակարարման պայմանագրերը չեն պարունակում լիցենզային վճարների հետ կապված որևէ պայման: Սակայն օտարերկրյա արտադրողներն իրականացնում են սիգարետների և ստիկերի վաճառքն իրավատիրոջ կողմից սահմանված անձանց: Հետևաբար, լիցենզային վճարների վճարումը օտարերկրյա արտադրողների կողմից ներմուծվող սիգարետների և ստիկերի՝ Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառքի պայման է:

Այսպիսով, նման լիցենզային վճարները ենթակա են ներառման ներմուծվող սիգարետների և ստիկերի մաքսային արժեքի մեջ։

(10-րդ օրինակը լրաց. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

II. Ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի համար լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրությամբ օրինակները

(բաժինը լրաց. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 1. Առուվաճառքի պայմանագրի հիման վրա անդամ պետության տարածքում գրանցված կազմակերպությունը ձեռք է բերում և Միության մաքսային տարածք է ներմուծում A սորտի բույսերի վերարտադրական սերմեր (այսուհետ՝ մայրական սերմեր):

A բույսերի սորտը գրանցված է անդամ պետության պահպանվող սելեկցիոն նվաճումների պետական ռեեստրում:

Վաճառողի և կազմակերպության միջև կնքվել է լիցենզային պայմանագիր, որին համապատասխան վաճառողը (իրավատերը) կազմակերպությանը (լիցենզառուին) տրամադրել է սելեկցիոն նվաճման բազմացման իրավունքը՝ ներառյալ

մայրական սերմերի ներմուծումը բացառապես հետագա բազմացման նպատակներով.

մայրական սերմերը մինչև ցանքսային կոնդիցիայի հասնելը՝ հետագա բազմացման համար.

անմիջականորեն մայրական սերմերի բազմացումը՝ A սորտի բույսերի հիբրիդային սերմերի ստացման համար.

անդամ պետության տարածքում մայրական սերմերից ստացված՝ A սորտի բույսերի հիբրիդային սերմերի իրացումը:

Համաձայն լիցենզային պայմանագրի՝ սելեկցիոն նվաճման բազմացման իրավունքի համար կազմակերպությունը վաճառողին վճարում է իրացված հիբրիդային սերմերի յուրաքանչյուր տոննայից X եվրոյի չափով լիցենզային վճար:

Լիցենզային պայմանագրով սահմանված է նաև, որ կազմակերպությունը պարտավոր է վարել մայրական սերմերի հաշվառում՝ լիցենզատուին համապատասխան հաշվետվություն ներկայացնելով և իրավունք չունի մայրական սերմերի հետ իրականացնելու լիցենզային պայմանագրով նախատեսված գործողություններից տարբերվող գործողություններ: Այսպիսով, մայրական սերմերը ներմուծվում են կազմակերպության կողմից բացառապես բազմացման նպատակով և չեն կարող իրացվել երրորդ անձանց:

Կազմակերպության կողմից լիցենզային վճարներն իրավատիրոջը չվճարելու դեպքում լիցենզային պայմանագիրը նախատեսում է առուվաճառքի պայմանագրի խզում և մայրական սերմերը ոչնչացնելու պահանջ:

Քանի որ A սորտի բույսերը գրանցված են անդամ պետության պահպանվող սելեկցիոն նվաճումների պետական ռեեստրում, այդ սորտի բույսերի մայրական սերմերը մտավոր իրավունքի օբյեկտ են և դրանց օգտագործման նկատմամբ, ինչը ներառում է սերմերի հետ այնպիսի գործողությունների իրականացում, ինչպիսիք են վերարտադրությունը, տրամադրվում է իրավական պահպանություն՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև այն լիցենզային պայմանագրի պայմանները, որը նախատեսում է կազմակերպությանը մայրական սերմերի բազմացման իրավունքի տրամադրումը և լիցենզային վճարների վճարման պարտավորությունը, դիտարկվող լիցենզային վճարները Միության մաքսային տարածքում ներմուծվող ապրանքների վերարտադրության (բազմացման) իրավունքի վճարներ են:

Այսպիսով, չնայած այն բանին, որ լիցենզային պայմանագրին համապատասխան կազմակերպության կողմից վճարվող լիցենզային վճարները վերաբերում են ներմուծվող ապրանքին և դրանց վճարումը Միության մաքսային տարածք արտահանման համար ապրանքի վաճառքի պայման է, Օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հիման վրա ներմուծվող մայրական սերմերի մաքսային արժեքը որոշելիս լիցենզային վճարները չպետք է ավելացվեն փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:

 

III. Արտադրության գաղտնիքների (նոու հաուների) օգտագործման իրավունքի համար լիցենզային վճարներին վերաբերող իրավիճակների նկարագրությամբ օրինակները

(բաժինը լրաց. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

 

Օրինակ 1. Լիցենզային պայմանագրով ներմուծողին տրամադրվել է արտադրության գաղտնիքի (նոու հաուի) օգտագործման իրավունք, որը դրսևորվում է ածխաջրածինների արդյունահանման հետ կապված հորատման և այլ տեսակի աշխատանքների անցկացման մեջ, ինչն էապես բարձրացնում է դրանց արդյունավետությունն ու արտադրողականությունը: Տվյալ տեխնոլոգիայի կիրառման համար որևէ հատուկ մշակված սարքավորումների օգտագործում չի պահանջվում:

Նոու հաուի օգտագործման համար ներմուծողը պարտավոր է իրավատիրոջը վճարել լիցենզային վճար՝ երրորդ անձանց պատվերներով լիցենզային տեխնոլոգիայի կիրառմամբ ներմուծողի կողմից աշխատանքների կատարման համար որպես վարձատրություն ստացված հասույթի 3 տոկոսի չափով:

Իրավատերն ու ներմուծողը փոխկապակցված անձինք են՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։

Ներմուծողն իրականացնում է սարքավորումների, գործիքների և սպառման նյութերի (այսուհետ՝ հորատման աշխատանքների համար ապրանքներ) գնում և ներմուծում Միության մաքսային տարածք տարբեր օտարերկրյա վաճառողների հետ (ներմուծողի հետ ինչպես փոխկապակցված, այնպես էլ ոչ փոխկապակցված՝ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով) կնքված պայմանագրերով:

Հորատման աշխատանքների համար ապրանքների մի մասը ներմուծողի կողմից վերավաճառվում է երրորդ անձանց և չի օգտագործվում աշխատանքների կատարման մասով ներմուծողի գործունեության մեջ: Հորատման աշխատանքների համար ներմուծվող ապրանքների մյուս մասը ներմուծողի կողմից օգտագործվում է ածխաջրածինների արդյունահանման հետ կապված աշխատանքներն անցկացնելիս՝ երրորդ անձանց պատվերներով: Ներմուծողի կողմից առանց լիցենզային տեխնոլոգիաների կիրառման աշխատանքներ կատարելու դեպքում ներմուծողի կողմից ստացված վարձատրությունը հաշվի չի առնվում լիցենզային վճարների գումարի հաշվարկման ժամանակ: Նոու հաուի կիրառման դեպքում ներմուծողի վարձատրության չափն ավելի բարձր է, քան առանց լիցենզային տեխնոլոգիայի օգտագործման՝ նշված աշխատանքները կատարելու ժամանակ:

Չնայած այն բանին, որ հորատման աշխատանքների համար ներմուծվող ապրանքներն օգտագործվում են լիցենզային տեխնոլոգիայի կիրառման ժամանակ, լիցենզային վճարները դրանց չեն վերաբերում, քանի որ հորատման աշխատանքների համար ապրանքները տվյալ տեխնոլոգիայի իրագործման համար հատուկ մշակված սարքավորումներ չեն, և լիցենզային պայմանագրում սահմանված չէ որևէ սահմանափակում և պահանջ, որոնց ուժով նոու հաուի օգտագործումը հնարավոր է բացառապես հորատման աշխատանքների համար գնահատվող ապրանքների կիրառմամբ: Լիցենզային վճարների վճարումը Միության մաքսային տարածք արտահանելու համար հորատման աշխատանքների համար ապրանքների վաճառքի պայման չէ, քանի որ օտարերկրյա վաճառողները վաճառում են այդպիսի ապրանքներն անկախ ներմուծողի կողմից լիցենզատուին լիցենզային վճարների վճարումից: Տվյալ հետևությունը հաստատվում է նաև նրանով, որ հորատման աշխատանքների համար ներմուծվող ապրանքները կարող են օգտագործվել ներմուծողի կողմից առանց նոու հաուի կիրառման աշխատանքներ կատարելիս կամ կարող են վերավաճառվել, մինչդեռ լիցենզային պայմանագրով լիցենզային վճարների վճարումը նախատեսվում է ներմուծողի կողմից միայն լիցենզային տեխնոլոգիայի կիրառմամբ աշխատանքներ կատարելու համար:

Այսպիսով, դիտարկված դեպքում նոու հաուի օգտագործման համար լիցենզային վճարներն ենթակա չեն ներառման հորատման աշխատանքների համար ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի մեջ:

Օրինակ 2. Գնորդը լիցենզային պայմանագրի հիման վրա ստացել է տեխնոլոգիական գործընթացը (նոու հաուն) օգտագործելու իրավունք՝ որոշակի արտադրանք արտադրելու համար և պարտավոր է իրավատիրոջը վճարել լիցենզային վճար, որը հաշվարկվում է այդ գործընթացի օգտագործմամբ արտադրված արտադրանքի քանակի հիման վրա:

Գնորդը օտարերկրյա արտադրողի հետ կնքել է նաև մեքենայի մատակարարման պայմանագիր, որը հատուկ նախատեսված է տեխնոլոգիական գործընթացի (նոու հաուի) իրագործման համար: Նշված մեքենայի պատրաստումն իրականացվում է օտարերկրյա արտադրողի կողմից Միության մաքսային տարածքում կատարված և գնորդի կողմից տրամադրված նախագծային փաստաթղթերին համապատասխան: Օտարերկրյա արտադրողի կողմից գնորդին մեքենայի վաճառքը կախված չէ իրավատիրոջը լիցենզային վճարների վճարումից:

Օտարերկրյա արտադրողը փոխկապակցված չէ ո՛չ իրավատիրոջ, ո՛չ էլ գնորդի հետ Օրենսգրքի 37-րդ հոդվածով սահմանված իմաստով։

Չնայած այն բանին, որ դիտարկվող լիցենզային վճարի վճարումը կապված է այդ մեքենայով իրականացվող արտադրության գործընթացի հետ, և դա այդ մեքենան օգտագործելու միակ միջոցն է, այդ դեպքում լիցենզային վճարը մեքենայի մաքսային արժեքի մաս չէ, քանի որ դրա վճարումը մեքենայի՝ Միության մաքսային տարածք արտահանելու համար վաճառքի պայման չէ:

Օրինակ 3. Գնորդն ու վաճառողը կնքել են մետաղագլանման սարքավորումների մատակարարման պայմանագիր: Մետաղագլանման սարքավորումները պարունակում են տեխնոլոգիա, որն ապահովում է տեխնոլոգիական գործընթացի (նոու հաուի) օգտագործմամբ արտադրանքի արտադրություն:

Համաձայն գնորդի և վաճառողի միջև կնքված պայմանագրի՝ ի լրումն սարքավորումների գնի, գնորդը պետք է վճարի վաճառողին X միլիոն պայմանական միավորի չափով ֆիքսված գումար՝ որպես տեխնոլոգիական գործընթացն (նոու հաուն) օգտագործելու իրավունքի համար լիցենզային վճար: Սարքավորումների համար վճարելուց և լիցենզային վճարը վճարելուց հետո վաճառողը փոխանցում է լիցենզային վճարի ամբողջ գումարը լիցենզատուին:

Տվյալ դեպքում լիցենզային վճարը վճարվում է այն մետաղագլանման սարքավորումների շահագործման ժամանակ տեխնոլոգիական գործընթացն (նոու հաուն) օգտագործելու իրավունքի համար, որն ապահովում է նշված տեխնոլոգիական գործընթացի կատարումը: Սարքավորումները ձեռք են բերվել հատուկ տվյալ գործընթացը կատարելու համար:

Քանի որ տեխնոլոգիական գործընթացն (նոու հաուն) օգտագործելու իրավունքի համար լիցենզային վճարը կապված է այն տեխնոլոգիան պարունակող՝ ներմուծվող սարքավորումների հետ, որն ապահովում է տեխնոլոգիական գործընթացի (նոու հաուի) օգտագործմամբ արտադրությունը, և լիցենզային վճարի վճարումը սարքավորումների վաճառքի պայման է, տվյալ լիցենզային վճարը պետք է ավելացվի ներմուծվող մետաղագլանման սարքավորումների համար փաստացի վճարված կամ վճարման ենթակա գնին:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

(հիմնադրույթը խմբ., փոփ., լրաց. ԵՏՀԿ 28.08.18 թիվ 15)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.08.2018, թիվ 15 15.11.2016, թիվ 20
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան