Գլխավոր տեղեկություն
Համար
N 1111-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 01.12.2025
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.12.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1111-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի 3-րդ պարբերությամբ՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 16-ին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

01.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 1111-Լ որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքներով սահմանված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունում (այսուհետ` ծառայություն) ներդրվում է ռիսկի վրա հիմնված ստուգումների գնահատման համակարգ: Այն հնարավորություն է տալիս ծառայության կողմից բյուջեի կատարման նկատմամբ ստուգումներն իրականացնել հնարավորինս թիրախային՝ ապահովելով առկա միջոցներով առավելագույն արդյունք:

2. Ռիսկի վրա հիմնված ստուգումների գնահատման համակարգը հնարավորություն կտա ծառայությանը՝

1) վերլուծելու և դասակարգելու ստուգվող օբյեկտները՝ ըստ դրանց ռիսկայնության գործոնների.

2) ձևավորելու տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և ստուգվող օբյեկտների.

3) ներդնելու ստուգումների իրականացման արդյունավետ մեխանիզմներ.

4) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխելու ծառայությունում առկա միջոցները՝ դրանք նպատակաուղղելով առավել ռիսկային օբյեկտների վրա:

3. Սույն մեթոդաբանության պահանջներով ռիսկայնության գնահատման գործընթացը կիրառվելու է բացառապես ծառայության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման շրջանակներում ընդգրկվող ստուգվող օբյեկտների նկատմամբ:

 

2. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ: ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

4. Ռիսկայնության գնահատման տեսանկյունից ծառայության կողմից ստուգվող օբյեկտները բաժանվում են 2 խմբի՝

1) ստուգվող օբյեկտներ, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների հավաքագրումը.

2) ստուգվող օբյեկտներ, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի իրականացումը:

5. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` ստուգվող օբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`

1) բարձր ռիսկայնության.

2) միջին ռիսկայնության.

3) ցածր ռիսկայնության:

6. Ծառայության ռիսկի վրա հիմնված ստուգումների գնահատման համակարգը հիմնված է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների կամ պետական բյուջեից իրականացված ծախսերի վերաբերյալ ներկայացված համապատասխան հաշվետվությունների, վերլուծությունների, նախկինում իրականացված ստուգումների (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ նախկինում իրականացված ստուգումների) (այսուհետ՝ իրականացված ստուգումներ) արդյունքների համադրման, ստացված առաջարկների, դիմում-բողոքների, պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, ծառայությանը հասանելի էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններից ու համակարգերից (բազաներից), ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ստացված այլ տեղեկատվության հիման վրա ստուգվող օբյեկտների՝ ըստ ռիսկայնության աստիճանի դասակարգման վրա:

7. Պետական բյուջեի եկամուտների հավաքագրումն իրականացնող ստուգվող օբյեկտների ռիսկի գնահատման ժամանակ հաշվի են առնվում «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված բյուջետային եկամուտները:

8. Պետական բյուջեի եկամուտների հավաքագրումն իրականացնող ստուգվող օբյեկտների ռիսկայնությունը որոշող չափանիշներն են՝

1) պետական բյուջեի եկամուտների գումարային արժեքի հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքին (ԵԿԱՄՈՒՏ/ՀՆԱ * 100).

2) պլանային ցուցանիշների կատարման տոկոսը.

3) նախկինում իրականացված ստուգումների արդյունքները (այդ թվում՝ ստուգում իրականացված չլինելը).

4) ոլորտային քաղաքականության փոփոխությունները, որոնք կարող են ազդել պետական բյուջեի եկամուտների ապահովման վրա:

9. Սույն հավելվածի 8-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշը կիրառելիս հիմք են ընդունվում նախորդ 5 տարիներին նույն չափանիշի վիճակագրական միջինը և վերջինիս նկատմամբ թույլատրելի տոկոսային շեղումը (դրական կամ բացասական): Նշված միջակայքը դիտարկվում է որպես միջին ռիսկայնության, այն գերազանցելու պարագայում եկամտի տվյալ տեսակի հավաքագրման գործընթացը գնահատվում է ցածր ռիսկայնության, իսկ ցածր լինելու դեպքում՝ բարձր ռիսկայնության: Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ նախկին 5 տարիների ընթացքում նշված միջոցառումը երբևէ չի իրականացվել, վերջինս գնահատվում է որպես բարձր ռիսկային:

10. Սույն հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշը կիրառելիս պլանային ցուցանիշների կատարման 95 և ավելի տոկոսի պարագայում եկամտի հավաքագրման տվյալ գործընթացը գնահատվում է ցածր ռիսկային, 85-94 տոկոսի պարագայում՝ միջին, 85-ից ցածր տոկոսի պարագայում՝ բարձր ռիսկայնության:

11. Սույն հավելվածի 8-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված չափանիշը կիրառելիս ցածր ռիսկայնության գնահատական է տրվում այն օբյեկտին, որտեղ նախորդ 3 տարիների ընթացքում իրականացված ստուգումների արդյունքներով խախտումներ չեն հայտնաբերվել, միջին ռիսկայնության գնահատական է տրվում այն օբյեկտներին, որտեղ նախորդ 3 տարիների ընթացքում իրականացված ստուգումների արդյունքներով հայտնաբերված խախտումները վերացվել են կամ նախորդ 3 տարիների ընթացքում բյուջեի կատարման նկատմամբ ստուգումներ չեն իրականացվել, բարձր ռիսկայնության գնահատական է տրվում այն օբյեկտներին, որտեղ նախորդ 3 տարիների ընթացքում իրականացված ստուգումների արդյունքներով հայտնաբերված խախտումները չեն վերացվել կամ նախորդ 3-ից ավելի տարիների ընթացքում բյուջեի կատարման նկատմամբ ստուգումներ չեն իրականացվել:

12. Սույն հավելվածի 8-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված չափանիշը կիրառելիս ցածր ռիսկայնության գնահատական է տրվում այն ստուգվող օբյեկտին, որի կողմից եկամուտների հավաքագրման ոլորտային քաղաքականության փոփոխություններ վերջին 3 և ավելի տարիների ընթացքում չեն իրականացվել, միջին ռիսկայնության գնահատական է տրվում այն ստուգվող օբյեկտին, որի կողմից եկամուտների հավաքագրման ոլորտային քաղաքականության փոփոխություններ նախորդ 2-3 տարիների ընթացքում չեն իրականացվել, բարձր ռիսկայնության գնահատական է տրվում այն ստուգվող օբյեկտին, որի կողմից եկամուտների հավաքագրման ոլորտային քաղաքականության փոփոխությունները տեղի են ունեցել վերջին 1 տարվա ընթացքում:

13. Պետական բյուջեի ծախսերի իրականացումն ապահովող ստուգվող օբյեկտների ռիսկի գնահատման ժամանակ հաշվի են առնվում պետական բյուջեի միջոցառումների կատարման նպատակով իրականացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 1.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բյուջետային ծախսերը:

14. Պետական բյուջեի ծախսերի իրականացումն ապահովող ստուգվող օբյեկտների ռիսկը գնահատելիս ըստ ստուգվող օբյեկտի կողմից իրականացվող միջոցառումների՝ հաշվի են առնվում հետևյալ չափանիշները՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող գումարների ծավալների հարաբերակցությունը համախառն ներքին արդյունքին (ԾԱԽՍ/ՀՆԱ * 100).

2) իրականացված ծախսերի տնտեսագիտական դասակարգման նշանակալիությունը.

3) նախկինում իրականացված ստուգումները (այդ թվում՝ իրականացված չլինելը).

4) պլանային ցուցանիշների կատարման տոկոսը:

15. Սույն հավելվածի 14-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշը կիրառելիս հիմք են ընդունվում նախորդ 5 տարիներին նույն չափանիշի վիճակագրական միջինը և վերջինիս նկատմամբ թույլատրելի տոկոսային շեղումը (դրական կամ բացասական): Նշված միջակայքը դիտարկվում է որպես միջին ռիսկայնության, այն գերազանցելու պարագայում ծախսի տվյալ տեսակի իրականացման գործընթացը գնահատվում է բարձր ռիսկայնության, իսկ ցածր լինելու դեպքում՝ ցածր ռիսկայնության: Ընդ որում, բոլոր այն դեպքերում, երբ նախկին 5 տարիների ընթացքում նշված միջոցառումը երբևէ չի իրականացվել, վերջինս գնահատվում է որպես բարձր ռիսկային:

16. Սույն հավելվածի 14-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված չափանիշը կիրառելիս ցածր ռիսկային են գնահատվում ընթացիկ ծախսերը, բացառությամբ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացվող ծախսերի, միջին ռիսկային են գնահատվում ընթացիկ՝ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով իրականացվող ծախսերը, բարձր ռիսկային են գնահատվում կապիտալ ծախսերը:

17. Սույն հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված չափանիշը կիրառելիս ցածր ռիսկայնության գնահատական է տրվում այն օբյեկտին, որտեղ նախորդ 3 տարիների ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, միջին ռիսկայնության գնահատական է տրվում այն օբյեկտներին, որտեղ նախորդ 3 տարիների ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները վերացվել են կամ նախորդ 3 տարիների ընթացքում բյուջեի կատարման նկատմամբ ստուգումներ չեն իրականացվել, բարձր ռիսկայնության գնահատական է տրվում այն օբյեկտներին, որտեղ նախորդ 3 տարիների ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները չեն վերացվել կամ նախորդ 3-ից ավելի տարիների ընթացքում բյուջեի կատարման նկատմամբ ստուգումներ չեն իրականացվել:

18. Սույն հավելվածի 14-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված չափանիշը կիրառելիս պետական բյուջեի ճշգրտված պլանային ցուցանիշների նկատմամբ փաստացի ծախսի կատարման 80 և ավելի տոկոսի պարագայում ծախսի իրականացումը գնահատվում է ցածր ռիսկային, 60-80 տոկոսի պարագայում՝ միջին, մինչև 60 տոկոսի պարագայում՝ բարձր ռիսկայնության:

19. Ելնելով ծառայության համար ռիսկի սահմանումից՝ ռիսկայնության չափանիշների (հարցերի) պատասխանները գնահատվում են 1-3 բալային համակարգով. ինչքան բարձր է պատասխանի թվային արտահայտությունը, այնքան բարձր է բալը:

20. Ընդ որում, բալային համակարգը մեկ չափանիշի գծով կիրառվելու դեպքում պետք է կիրառվի նաև մնացած չափանիշների գծով:

21. Ստուգվող օբյեկտի ռիսկայնությունը ձևավորվում է բոլոր չափանիշներին տրված բալային գնահատականների արտադրյալի արդյունքում:

22. Սույն մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հիմք են հանդիսանալու ծառայության ղեկավարի կողմից ռիսկայնությունը որոշող չափանիշների հաշվարկման և գնահատման կարգը սահմանելու համար, որի հիման վրա հաշվարկվելու և գնահատվելու են ստուգվող օբյեկտների ռիսկայնության գնահատականները և կազմվելու է ծառայության ստուգումների իրականացման տարեկան ծրագիրը:

23. Ծառայությունը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում է իր կողմից ստուգման ենթակա ստուգվող օբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:

24. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է հետևյալ համամասնությամբ`

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված ստուգվող օբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա ստուգվող օբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.

2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված ստուգվող օբյեկտները կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա ստուգվող օբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը:

25. Տվյալ տարվա ստուգման ենթակա մարմինների ընտրությունը կատարվում է ըստ գնահատված ռիսկայնության՝ առավել բարձրից ցածր միավորներ հավաքելու սկզբունքից ելնելով: Ծառայության կողմից ստուգումներ իրականացնելու համար իրատեսական ընտրություն կատարելու նպատակով հաշվի են առնվում առկա կադրային ներուժը, տնտեսական, կազմակերպական և ֆինանսական կարողությունները:

26. Ծառայությունը ստուգվող օբյեկտներում ստուգումներն իրականացնում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով՝ ըստ տվյալ օբյեկտների ռիսկայնության աստիճանի սահմանված հաճախականությամբ:

27. Ծառայության տվյալների բազան վարվում է էլեկտրոնային, որի կառուցվածքն աղյուսակային է, բաղկացած է տեղեկատվական տողերից և սյունակներից, որը կարող է կառավարվել ինքնաշխատ:

28. Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման շրջանակներում պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացումը և օգտագործումն իրականացվում է օրենքով սահմանված սահմանափակումների հաշվառմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

01.12.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ