ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ՔԱՐ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՄՏԶ 00061 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3046-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
05.11.2025
Ստորագրող մարմին
Նախարարին փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
05.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«05» նոյեմբերի 2025 թ.

ք. Երևան

N 3046-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՔԱՐ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՄՏԶ 00061 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ուսումնասիրելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նաև Նախարար) 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 446-Ա հրամանի հիման վրա ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) կողմից ներկայացված՝ «ՔԱՐ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2025 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 2439-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի արդյունքները՝

ՊԱՐԶԵՑԻ

 

1Վարչական վարույթի նախապատմությունը.

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 2439-Ա հրամանով «ՔԱՐ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։

Վարչական վարույթի հարուցման համար հիմք Է հանդիսացել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ՔՏՄ/17.2/25186-25 միջնորդագիրը առ այն, որ Տեսչական մարմնի ղեկավարի 2025 թվականի օգոստոսի 13-ի ստուգում իրականացնելու վերաբերյալ թիվ Տ/888-2025 հանձնարարագրի հիման վրա 2025 թվականի օգոստոսի 27-ից մինչև 29-ը ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից Ընկերությանը պատկանող տեխնիկական զննության կայանում իրականացվել են ստուգումներ՝ 2024 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 29-ը ներառյալ ժամանակահատվածի համար։

Ըստ «ՔԱՐ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման մասին թիվ Տ/888-2025 ակտի՝ ստուգմամբ բացահայտվել են հետևյալ խախտումները՝

1) Առկա չէ տեխնիկական զննության համար նախատեսված տարածքի օգտագործման իրավունքի վկայականը։

Խախտվել է ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 1-ի 9-րդ կետի 2-րդ ենթակետը։

2) Տեխնիկական զննության կայանում չեն պահպանվում գործընթացի տեսաձայնագրությունները՝ մեկ տարի ժամկետով։

Խախտվել է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետը։

3) Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգումն իրականացվում է առանց ընկերությունում անվտանգության տեխնիկային կանոնների գծով հրահանգավորում ստացած տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների։

Խախտվել է ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 345-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի պահանջը։

Ստուգվող օբյեկտի կողմից առարկություններ չեն ներկայացվել։

Տեսչական մարմինը, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի № 690-Ն որոշումը, առաջարկել է քննարկել Ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00061 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։

Հաշվի առնելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ՔՏՄ/17.2/25186-25 միջնորդագիրը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետը, և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 3-րդ մասով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 2439-Ա հրամանով «ՔԱՐ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։

Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից՝ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 21-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հրավիրվել է վարչական լսում։

Վարչական լսմանը ներկայացել է Ընկերության տնօրեն Մ․ Հարությունյանը։ Հաշվի առնելով, որ վարչական վարույթի համար հիմք է հանդիսացել Ընկերության կողմից տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները Տեսչական մարմին չներկայացնելը՝ վարչական լսմանը քննարկման առարկա է հանդիսացել Ընկերության կողմից Տեսչական մարմնի պահանջով տեսաձայնագրությունների չներկայացումը։

Ընկերության ներկայացուցիչը վերոգրյալի առթիվ հայտնել է, որ Ընկերության կողմից տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները պատշաճ իրականացվում են, Տեսչական մարմնի պահանջով դրանք չեն ներկայացվել՝ պայմանավորված տեսանկարահանող սարքի հիշողության ծավալով։

 

2 Ընկերության կողմից ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է.

Ըստ տեխնիկական զննության էլեկտրոնային շտեմարանի տվյալների՝ Ընկերությունը 2024 թվականի օգոստոսի 27-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 29-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում շտեմարան է մուտքագրել 8 հազար 934 տրանսպորտային միջոց։

Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում և վարչական վարույթի շրջանակներում Ընկերության կողմից չեն ներկայացվել շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության տեսաձայնագրությունները, ինչպես նաև՝ համապատասխան հիմնավորումներ կամ փորձագիտական եզրակացություն՝ հոսանքի անջատումների կամ տատանումների պատճառով տեսանկարահանող սարքավորումների վնասման մասին։

 

3․Հրամանի իրավական հիմքերը և հիմնավորումները.

«Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ:

Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին։

Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը (այսուհետ՝ Կարգ)։

Կարգի 15-րդ կետի համաձայն՝ տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։

Այսինքն, Ընկերությունը պարտավորվում է տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրել և ձայնագրությունները պահպանել մեկ տարի ժամկետով։

Միևնույն ժամանակ, Ընկերությունը պարտավորվում է Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում՝ պահանջի առկայության պարագայում, Տեսչական մարմնին ներկայացնել շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները։

Փաստվում է, որ 2025 թվականի օգոստոսի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում Տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ՝ «ՔԱՐ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերությանը պատկանող տեխնիկական զննության կայանում։

Ստուգումների արդյունքում Ընկերությանն է տրամադրվել Տեսչական մարմնի կողմից կայացված ստուգման թիվ S/888-2025 ակտը։

Թիվ S//888-2025 ստուգման ակտով արձանագրվել է, Ընկերության կողմից տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները Տեսչական մարմնի պահանջով չեն տրամադրվել։

Այսինքն, չնայած որ Ընկերության պնդմամբ Ընկերության կողմից տեխնիկական զննության գործընթացի ձայնագրումը պատշաճ ապահովվում է, սակայն ստուգումների ընթացքում Ընկերությունը Տեսչական մարմին չի ներկայացրել 2024 թվականի օգոստոսի 27-ից 2025 թվականի օգոստոսի 29-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության տեսաձայնագրությունները։

Ստացվում է, որ Ընկերության կողմից չեն ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերը, ավելին՝ Ընկերության կողմից չեն ներկայացվել որևէ հիմնավոր ապացույցներ դրանց ներկայացման անհնարինության վերաբերյալ։

Արձանագրենք, որ Ընկերության կողմից չի ներկայացվել որևէ ապացույց Տեսչական մարմին համապատասխան փաստաթղթերի ներկայացման անհնարինության վերաբերյալ, այսինքն Ընկերությունը առանց հիմնավոր ապացույցի հրաժարվել է Տեսչական մարմին ներկայացնել պահանջված տեսաձայնագրությունները, ինչպես նաև չի ներկայացրել որևէ ապացույց՝ հիշողության սարքի փոքր ծավալի կամ այլ պատճառների վերաբերյալ։

Վերոգրյալը, «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետի համաձայն, հանդիսանում է Ընկերության վրա օրենքով դրված պարտավորության խախտում։

Վերոգրյալով պայմանավորված՝ Նախարարություն է ստացվել Տեսչական մարմնի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ՔՏՄ/17.2/25186-25 միջնորդագիրը՝ Ընկերության թիվ 00061 լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկելու վերաբերյալ։

«Լիցենզավորման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:

«Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝

1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`

5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 11.1-ին կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:

Արձանագրվում է, որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Ընկերությունից պահանջվել են տեխնիկական զննություն անցած տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, որոնք Ընկերության կողմից չեն ներկայացվել։

Այսինքն, Ընկերության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց առանց որևէ հիմնավորման չեն տրամադրվել տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, ինչն էլ ինքնին համարվում է Լիցենզավորման մասին օրենքով սահմանված՝ Ընկերությանը տրամադրված լիցենզիայի կասեցման հիմք։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝

1. Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:

2. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:

«Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:

2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`

1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.

2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.

3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).

4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:

Միևնույն ժամանակ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընկերության լիցենզիան ենթակա է կասեցման քանի դեռ Ընկերության կողմից կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառը չի վերացվում։

Հաշվի առնելով, որ Ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում չի ներկայացրել Տեսչական մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերը առանց պատշաճ հիմնավորման, ուստի Ընկերությանը տրամադրված թիվ ՏՄՏԶ 00061 լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ քանի դեռ Ընկերության կողմից չեն ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերը։

Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 2-րդ և 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի N 16/1 եզրակացությունը՝

 

Հրամայում եմ

 

1. Կասեցնել «ՔԱՐ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00061 լիցենզիայի գործողությունը՝ մինչև սույն կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառի վերացումը։

2. Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարին՝ վարչական ակտն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում ծանուցել վարույթի մասնակիցներին:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կարգով երկամսյա կամ դատական կարգով սույն որոշումը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

4. Սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում ապահովել «ՔԱՐ ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անջատումը տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցից:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարարին փոխարինող`

 

11/5/2025

Ք. Ղալեչյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան