ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
|
«12» նոյեմբերի 2025 թ. ք. Երևան |
N 3104-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՏԵԽԶՆՆՈՒՄ-1» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏՄՏԶ 00057 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ուսումնասիրելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ նաև Նախարար) 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 446-Ա հրամանի հիման վրա ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) կողմից ներկայացված՝ «ՏԵԽԶՆՆՈՒՄ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 3012-Ա հրամանով հարուցված վարչական վարույթի արդյունքները՝
ՊԱՐԶԵՑԻ
1․ Վարչական վարույթի նախապատմությունը.
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կողմից 2025 թվականի սեպտեմբերի 3-ին ՏԿԵ նախարարություն է մուտքագրվել միջնորդագիր, համաձայն որի՝ «ՏԵԽԶՆՆՈՒՄ-1» ՍՊ ընկերությանը (այսուհետ նաև՝ Ընկերություն) պատկանող տեխնիկական զննության կայանում իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, ինչի արդյունքում բացահայտված խախտումների հիմքով տրվել է ստուգման թիվ S/750-2025 ակտը։
Միևնույն ժամանակ միջնորդագրով առաջարկվել է՝ ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշումը՝ քննարկել ընկերությանը տրամադրված թիվ ՏՄՏԶ 00057 լիցենզիայի գործողության կասեցման հարցը։
Ըստ «ՏԵԽԶՆՆՈՒՄ-1» ՍՊ ընկերությունում իրականացված ստուգման մասին N S/750-2025 ակտի՝ ստուգմամբ բացահայտվել են հետևյալ խախտումները՝
1) Տեխնիկական զննության կայանում չեն պահպանվում գործընթացի տեսաձայնագրությունները, որը մեկնաբանված է որպես ՀՀ կառավարության 2021թ․ սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի պահանջի խախտում։
2) Տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգումն իրականացնում են առանց կազմակերպությունում անվտանգության տեխնիկայի կանոնների գծով հրահանգավորում ստացած տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների, որը մեկնաբանված է որպես ՀՀ կառավարության 2007թ․ փետրվարի 154-ի N 345-Ն որոշման հավելվածի 7-րդ կետի պահանջի խախտում։
Ստուգվող օբյեկտի կողմից առարկություններ չեն ներկայացվել։
Հաշվի առնելով, որ Ընկերության կողմից Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում չեն ներկայացվել 2024 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ ժամանակահատվածում իրականացված տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, հիմք ընդունելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 2025 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ ՔՏՄ/17.2/23850-25 գրությունը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 3-րդ մասով՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 3012-Ա հրամանով «ՏԵԽԶՆՆՈՒՄ-1» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից քննարկվող փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու նպատակով՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հրավիրվել է վարչական լսում, որի վերաբերյալ ծանուցվել են «ՏԵԽԶՆՆՈՒՄ-1» ՍՊ ընկերությունը թիվ ԱՍ//37852-2025 գրությամբ և ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը թիվ ԴԽ//37854-2025 գրությամբ։
Վարչական լսմանը Ընկերության տնօրենը պարզաբանել է, որ էլեկտրական հոսանքի տատանումների պատճառով Ընկերության գործունեության վայրում տեղադրված տեսաձայնագրման սարքավորումները վնասվել են, որի պատճառով տեսաձայնագրությունները չեն պահպանվել։
Միևնույն ժամանակ Ընկերության տնօրենը հայտնել է, որ Ընկերությունում պատշաճ իրականացվում են տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները և պահպանվում են կայանում։
Արձանագրենք, որ Ընկերության պնդմամբ վերջինս պատշաճ իրականացրել է տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրումը և պահպանումը, և դրանք չեն ներկայացվել Տեսչական մարմին՝ տեսաձայնագրող սարքի հնարավոր անսարքությամբ պայմանավորված։
Ընկերության կողմից չեն ներկայացվել համապատասխան հիմնավորումներ կամ փորձագիտական եզրակացություն դրանք Տեսչական մարմին ներկայացնելու անհնարինության վերաբերյալ, ինչպես նաև չի ներկայացվել հոսանքի անջատումների կամ տատանումների և տեսանկարահանող սարքավորումների վնասման միջև առկա պատճառահետևանքային կապի վերաբերյալ համապատասխան ապացույցներ։
2․ Ընկերության կողմից ներկայացրած նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
Ըստ տեխնիկական զննության էլեկտրոնային շտեմարանի տվյալների՝ Ընկերությունը 2024 թվականի օգոստոսի 13-ից 2025 թվականի օգոստոսի 15-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան է մուտքագրել 7248 տրանսպորտային միջոց։
Տեսչական մարմնի 2025 թվականի սեպտեմբերի 2-ին կայացրած թիվ Տ/750-2025 ստուգման ակտի վերաբերյալ Ընկերության կողմից առարկություններ չեն ներկայացվել։
Ընկերության տնօրենը վարչական լսման ընթացքում ներկայացրել է բանավոր առարկություն՝ տեսաձայնագրող սարքերի անսարքության վերաբերյալ, որի մասով չեն ներկայացվել հիմնավոր ապացույցներ։
Արձանագրվում է, որ Ընկերության կողմից Տեսչական մարմնին չեն տրամադրվել շտեմարան մուտքագրված թվով 7248 տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության տեսաձայնագրությունները, ինչպես նաև՝ համապատասխան հիմնավորումներ կամ փորձագիտական եզրակացություն՝ հոսանքի անջատումների կամ տատանումների պատճառով տեսանկարահանող սարքավորումների վնասման մասին։
3․ Հրամանի իրավական հիմքերը և հիմնավորումները.
«Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետի համաձայն՝ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են` ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պահանջով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները, տրամադրել դրանց լուսապատճենները (լուսապատճենահանման ծախսերը կատարվում են ստուգումն իրականացնող մարմնի կողմից), կրկնօրինակները և այլ տեղեկություններ:
Պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ երեք տարուց, փաստաթղթերը վերադարձվում են տնտեսավարող սուբյեկտին։
Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի «Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 344-Ն, 2007 թվականի փետրվարի 15-ի N 346-Ն, 2007 թվականի ապրիլի 5-ի N 401-Ն ու 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1565-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը (այսուհետ՝ Կարգ)։
Կարգի 15-րդ կետի համաձայն՝ տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրվում է, որի ձայնագրությունները կայանում պահպանվում են մեկ տարի ժամկետով։
Այսինքն, Ընկերությունը պարտավորվում է տեխնիկական զննության իրականացման գործընթացը տեսաձայնագրել և ձայնագրությունները պահպանել մեկ տարի ժամկետով։
Միևնույն ժամանակ, Ընկերությունը պարտավորվում է Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում՝ պահանջի առկայության պարագայում, Տեսչական մարմնին ներկայացնել շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները՝ մեկ տարվա կտրվածքով։
Այսպիսով փաստվում է, որ 2025 թվականի օգոստոսի 13-ից օգոստոսի 15-ը ներառյալ՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, Տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ՝ «ՏԵԽԶՆՆՈՒՄ-1» ՍՊ ընկերությանը պատկանող տեխնիկական զննության կայանում։
Ստուգումներն իրականացվել են 2024 թվականի օգոստոսի 13-ից մինչև 2025 թվականի օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածի համար։
2025 թվականի սեպտեմբերի 2-ին Ընկերությանն է տրամադրվել Տեսչական մարմնի կողմից կայացված ստուգման թիվ S/750-2025 ակտը։
Ստուգման թիվ S//750-2025 ակտով ի թիվս այլնի արձանագրվել է՝ Ընկերությունը չի պահպանում տեխնիկական զննության իրականացման գործընթացի տեսաձայնագրությունները մեկ տարի ժամկետով։
Ընկերության կողմից Տեսչական մարմնի թիվ S//750-2025 ստուգման ակտի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 3012-Ա հրամանով «ՏԵԽԶՆՆՈՒՄ-1» ՍՊ ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ։
Վարչական վարույթի շրջանակներում Ընկերության կողմից ներկայացվել է բանավոր դիրքորոշում առ այն, որ Ընկերության կողմից տեխնիկական զննության գործընթացի ձայնագրումը պատշաճ ապահովվում է, սակայն ստուգումների ընթացքում Ընկերության կողմից Տեսչական մարմին չեն ներկայացվել պահանջված ժամանակահատվածի համար՝ շտեմարան մուտքագրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության տեսաձայնագրությունները՝ տեսաձայնագրող սարքի անսարքությամբ պայմանավորված։
Ստացվում է, որ Ընկերության կողմից չեն ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերը՝ տեխնիկական խնդիրներով պայմանավորված, որի առկայությունը, սակայն, Ընկերության կողմից չի հիմնավորվել։ Միևնույն ժամանակ Ընկերության կողմից մատնանշված տեսաձայնագրող սարքի անսարքությունները չեն վերացվել և պահանջված փաստաթղթերը Հանձնաժողովին ևս չեն ներկայացվել։ Ավելին՝ Ընկերության կողմից չեն ներկայացվել որևէ հիմնավոր ապացույցներ դրանց ներկայացման անհնարինության վերաբերյալ։
Վերոգրյալը, «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի (բ) կետի համաձայն, հանդիսանում է Ընկերության վրա օրենքով դրված պարտավորության խախտում։
Վերոգրյալով պայմանավորված՝ Տեսչական մարմնի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 3-ին ներկայացվել է թիվ ՔՏՄ/17.2/23850-25 միջնորդագիրը՝ Ընկերության թիվ 00057 լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկելու վերաբերյալ։
«Լիցենզավորման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն՝ լիցենզավորող մարմինն իրավունք ունի օրենսդրության պահանջների խախտման պատճառով լիցենզիայի գործողությունը կասեցնել միայն լիցենզավորող մարմնի լիցենզավորման հանձնաժողովի եզրակացության համաձայն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիայի գործողության կասեցման հարցը քննարկում և համապատասխան եզրակացություն է կայացնում սույն օրենքով և հանձնաժողովի կանոնադրությամբ նախատեսված կարգով:
«Լիցենզավորման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝
1. Լիցենզիայի գործողությունը կարող է կասեցվել`
5) լիցենզավորված անձի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց՝ օրենսդրությանը համապատասխան ստուգումների իրականացմանը խոչընդոտելու կամ պահանջվող փաստաթղթերը չներկայացնելու դեպքում։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սույն հոդվածի առաջին մասի 2-րդ, 3-րդ, 3.1-ին, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և 11.1-ին կետերով նախատեսված դեպքերում լիցենզիայի գործողությունը կասեցվում է մինչև խախտման պատճառի վերացումը:
Արձանագրվում է, որ Տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների արդյունքում Ընկերությունից պահանջվել են 2024 թվականի օգոստոսի 13-ից 2025 թվականի օգոստոսի 15-ը ընկած ժամանակահատվածում շտեմարան մուտքագրված թվով 7248 տրանսպորտային միջոցների տեխնիկակակ տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, որոնք Ընկերության կողմից չեն ներկայացվել։
Այսինքն, Ընկերության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող անձանց առանց պատշաճ հիմնավորման չեն տրամադրվել տեխնիկական զննության գործընթացի տեսաձայնագրությունները, ինչն էլ ինքնին համարվում է «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված՝ Ընկերությանը տրամադրված լիցենզիայի կասեցման հիմք։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝
1. Վարչական մարմինները պարտավոր են հետևել օրենքների պահպանմանը:
2. Վարչական մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտերով:
«Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝
1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում լիցենզավորող մարմինն իր որոշումներն ընդունում է համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Սակայն լիցենզավորող մարմինն իրավունք ունի որոշման համար հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը: Այս դեպքում նա պարտավոր է իր որոշմամբ հիմնավորել հանձնաժողովի եզրակացությունը չընդունելու պատճառները:
2. Լիցենզավորող մարմնի որոշման մեջ պետք է նշվեն`
1) լիցենզավորող մարմնի անվանումը, որոշումը կայացնելու ամսաթիվը.
2) հարցը (հայտը, բողոքը, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի գործողության կասեցումը և այլն), որի վերաբերյալ կայացվել է որոշումը.
3) հարցը ներկայացնող անձի անունը (անվանումը).
4) շարժառիթները կամ հիմքերը, որոնցով լիցենզավորող մարմինը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ.
5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրակացությունը:
Միևնույն ժամանակ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ընկերության լիցենզիան ենթակա է կասեցման քանի դեռ Ընկերության կողմից կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառը չի վերացվում։
Հաշվի առնելով, որ Ընկերությունը Տեսչական մարմնի ստուգումների ընթացքում չի ներկայացրել Տեսչական մարմնի կողմից պահանջվող փաստաթղթերը առանց պատշաճ հիմնավորման, ուստի Ընկերությանը տրամադրված թիվ ՏՄՏԶ 00057 լիցենզիայի գործողությունը ենթակա է կասեցման՝ քանի դեռ Ընկերության կողմից չեն ներկայացվել Տեսչական մարմնի կողմից պահանջված փաստաթղթերը։
Հաշվի առնելով վերոգրյալը, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 2-րդ և 8-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 6-ի N 19/1 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Կասեցնել «ՏԵԽԶՆՆՈՒՄ-1» ՍՊ ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության թիվ ՏՄՏԶ 00057 լիցենզիայի գործողությունը՝ մինչև սույն կասեցման համար հիմք հանդիսացած խախտման պատճառի վերացումը։
2. Լիցենզավորման հանձնաժողովի քարտուղարին՝ վարչական ակտն ընդունվելուց հետո` եռօրյա ժամկետում ծանուցել վարույթի մասնակիցներին:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ երկամսյա կամ դատական կարգով՝ սույն որոշումը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
4. Սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո մեկօրյա ժամկետում ապահովել «ՏԵԽԶՆՆՈՒՄ-1» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անջատումը տեխնիկական զննության կայանների ընդհանուր համակարգչային ցանցից:
5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
|
Նախարարին փոխարինող`
11/12/2025 |
Ք. Ղալեչյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|