ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4735-Ա |
«24» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արա Ջորջ Քեթիբյանի ներկայացուցիչ՝ Վարդան Առաքելյանի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ Դ-113214-25 դիմումի (այսուհետ՝ նաև Դիմում) հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
Թիվ Դ-113214-25 դիմումի առարկայի քննության և դիմումատուի կողմից նշված փաստական հանգամանքների կապակցությամբ ապացույցներ ներկայացնելու նպատակով 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին հրավիրվել են լսումներ:
2025 թվականի հոկտեմբերի 31-ին լսումներին ներկայացած՝ Արա Ջորջ Քեթիբյանի ներկայացուցիչները միջնորդել են լսումները հետաձգել և տրամադրել ժամանակ՝ լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու նպատակով:
2025 թվականի նոյեմբերի 10-ին, ժամը 16:00-ին հետաձգված լսումներին դիմումատուի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել, սակայն ներկայացուցիչ Վարդան Առաքելյանի կողմից Երևանի քաղաքապետարան է ներկայացվել 2025 թվականի նոյեմբերի 10-ի թիվ Դ124303-25 դիմումը՝ վարույթի ժամկետը երկարաձգելու միջնորդությամբ:
Երևանի քաղաքապետի 2025 թվականի նոյեմբերի 11-ի N 4584-Ա որոշմամբ 2025 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ Դ-113214-25 դիմումի հիման վրա իրականացվող վարույթի ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի նոյեմբերի 22-ը ներառյալ:
2025 թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 16:00-ին հետաձգված լսումներին դիմումատուի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել, սակայն դիմումատուի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանը Երևանի քաղաքապետարանին հասցեագրված հեռախոսազանգով, ապա 2025 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-129091-25 դիմումով տեղեկացրել է թիվ ՎԴ2/0508/05/23 վարչական գործով 2025 թվականի նոյեմբերի 19-ին, ժամը 17:10-ին Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Սևանի նստավայրում ներկայացուցչություն ապահովելու հանգամանքով պայմանավորված՝ Երևանի քաղաքապետարանում հրավիրված լսումներին մասնակցելու անհնարինության մասին:
2025 թվականի նոյեմբերի 20-ի թիվ Դ-129091-25 դիմումով դիմումատուի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանը հայտնել է դիրքորոշում այն մասին, որ դիմումի քննության կարճ ժամկետում հնարավոր չի եղել ստանալ պատահարի և առաջացած վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող հետքաբանի փորձագիտական եզրակացություն և, հղում կատարելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածին, միջնորդել է դիմումատուի կողմից ներկայացված ապացույցներն ու դրանցում պարունակվող տվյալները, տեղեկություններն ընդունել հավաստի, իսկ կասկածների դեպքում՝ ձեռնարկել միջոցներ՝ դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
Ուսումնասիրելով Դիմումը, Դիմումին կից, ինչպես նաև վարչարարության շրջանակներում և վարույթի լսումների ժամանակ ներկայացված մյուս բոլոր ապացույցները, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 31-ի արձանագրությունը, գնահատելով Դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Արա Ջորջ Քեթիբյանի ներկայացուցիչներ Վարդան Առաքելյանը և Մինաս Ղանդիլյանը 2025 թվականի հոկտեմբերի 31-ն կայացած լսումների ընթացքում, պնդելով Դիմումում ներկայացված փաստարկները, պահանջել են իրենց վստահորդին փոխհատուցել 2025 թվականի փետրվարի 20-ին Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կամազ» մակնիշի՝ աղ և շիբին շաղ տվող ավտոմեքենան Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեի ցանկապատը վնասելու հետևանքով նույն ցանկապատի վերականգնված՝ 28 մետր երկարությամբ հատվածի և դեռևս վերականգնման ենթակա՝ 27 մետր երկարությամբ հատվածի վերանորոգման ծախսը՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով:
Երևանի քաղաքապետարանին պատկանող «Կամազ» մակնիշի՝ աղ և շիբին շաղ տվող ավտոմեքենան 2025 թվականի փետրվարի 20-ին Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեի ցանկապատը վնասելու հետևանքով առաջացած վնասը փոխհատուցելու պահանջը քննվել է Արա Ջորջ Քեթիբյանի անունից ներկայացված՝ 2025 թվականի հունիսի 23-ի թիվ Դ-66905-25 դիմումի հիման վրա իրականացված վարույթի շրջանակներում, որը եզրափակվել է Երևանի քաղաքապետի 2025 թվականի հուլիսի 21-ի թիվ N 2891-Ա որոշմամբ, որով 5,000,000 ՀՀ դրամի չափով վնասի փոխհատուցման պահանջը մերժվել էր դրա իրավաչափությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ, 17-րդ, 135-րդ, 164-րդ, 165-րդ, 685-րդ, 1058-րդ, 1066-րդ և 1072-րդ հոդվածների, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի, «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի 20-րդ հոդվածի իրավանորմերով նախատեսված իրավակարգավորումների համատեքստում հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ:
2021 թվականի հոկտեմբերի 5-ին տրված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05102021-01-0316 վկայականի համաձայն՝ Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեում գտնվող 0.35512 հա մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Արա Ջորջ Քեթիբյան Ժորժի սեփականության իրավունքը: Նույն վկայականի «5. Շինությունների բնութագրերը» բաժնում Արա Ջորջ Քեթիբյանի անվամբ սեփականության իրավունքով պետական գրանցման ենթարկված ցանկապատ կամ որևէ այլ շինություն նշված չէ:
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 14-ին Արա Ջորջ Քեթիբյանին տրվել է թիվ 30/Ք-1574 նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանք)՝ Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեում ցանկապատի կառուցման նախագծային փաստաթղթեր մշակելու համար:
Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեում գտնվող՝ 01-009-0014-0082 ծածկագրով հողամասում ցանկապատ կառուցելու նպատակով Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի կողմից 2021 թվականի հոկտեմբերի 22-ին Արա Ջորջ Քեթիբյանին տրվել է թիվ 34/Ք-1622 շինարարության թույլտվությունը, որի համար հիմք է հանդիսացել «Լեպիդուս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (լիցենզիա՝ 15815) մշակված և երաշխավորված աշխատանքային նախագիծը:
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի նոյեմբերի 10-ի թիվ Դ-124303-25 դիմումով դիմումատուի ներկայացուցիչ Վարդան Առաքելյանը ներկայացրել է ավարտական ակտ տրամադրելու մասին տեղեկատվություն պարունակող՝ էլեկտրոնային համակարգից վերծանված ծանուցման օրինակը, որի կապակցությամբ կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Արա Ջորջ Քեթիբյանի լիազորված անձ Մանուշակ Հակոբյանի 2022 թվականի փետրվարի 8-ի թիվ Հ-1069 դիմումի հիման վրա Երևանի քաղաքապետի կողմից 2022 թվականի մարտի 1-ին տրվել է թիվ 01/19-Հ-1069 ավարտական ակտը (շահագործման թույլտվությունը):
Արա Ջորջ Քեթիբյանի ներկայացուցիչների կողմից Դիմումին կից, ինչպես նաև վարույթի ողջ ընթացքում չեն ներկայացվել Դիմումում նկարագրված՝ նախքան 2025 թվականի փետրվարի 20-ը Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեում գոյություն ունեցած ցանկապատի ձևի, տեսակի, չափերի վերաբերյալ ապացույցներ (աշխատանքային նախագիծ), չեն ներկայացվել ցանկապատի իրավական կարգավիճակը (օրինականությունն ու պատկանելությունը) հիմնավորող, այդ թվում՝ 2022 թվականի մարտի 1-ի թիվ 01/19-Հ-1069 ավարտական ակտի (շահագործման թույլտվության) հիման վրա ցանկապատի նկատմամբ սեփականության իրավունքը պետական գրանցման ենթարկված լինելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, չեն ներկայացվել Դիմումի առարկա՝ 55 մետր երկարությամբ ցանկապատի 28 մետր երկարությամբ հատվածը վերականգնված լինելու և մնացած 27 մետր հատվածը վերականգնման ենթակա լինելու փաստական հանգամանքները հիմնավորող պատշաճ ապացույցներ, չեն ներկայացվել Դիմումում նկարագրված պատահարի արդյունքում առաջացած վնասի հետևանքների հետազոտման և գնահատման վերաբերյալ հետքաբանական և ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ:
Դիմումին կից ներկայացվել է Մինաս Ղանդիլյանի կողմից կազմված՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ի տեղեկանքը, որում նշված է հետևյալը. «Արդյունքում ներկա պահին նշված երկարությամբ պարիսպն ամբողջությամբ՝ ընդհանուր 55 մետր երկարությամբ ցանկապատը վերականգնելու համար արդեն իսկ վերանորոգված 28 մետր հատվածի համար անշարժ գույքի սեփականատիրոջից՝ Արա Ջորջ Քեթիբյանից ընդհանուր առմամբ առձեռն՝ 12 հավասարաչափ մասերով, ստացվել է 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ գումար, որն ամբողջությամբ ծախսվել է 28 մետր հատվածը վերականգնելու և մնացած 27 մետր հատվածի վերանորոգումը նախապատրաստելու համար և ևս 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ ծախսվելու է մնացած 27 մետր ցանկապատի ամբողջական վերականգնման համար, այսինքն պարսպի ողջ վերականգնման արժեքը կազմելու է հինգ միլիոն ՀՀ դրամ»:
Դիմումին կից ներկայացվել է «Ցանկապատի վերականգնման ծախսեր» վերտառությամբ անստորագիր և անթվագիր փաստաթուղթը, որում ներկայացված են շինարարական աշխատանքների և շինանյութի արժեքները, որոնց հանրագումարը կազմում է 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ:
2020 թվականի դեկտեմբերի 21-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XB086498 վկայագրի համաձայն՝ «Կամազ» մակնիշի «706 LU 01» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Երևան համայնքի սեփականությունը:
Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 4171-Ա որոշման 1-ին կետով Երևան քաղաքի սեփականությունը համարվող տրանսպորտային միջոցները, որոնց թվում նաև նույն որոշման N 1 հավելվածով հաստատված ցանկի 1-ին տողում նշված՝ «Կամազ» մակնիշի «706 LU 01» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը, անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկին:
Երևանի քաղաքապետի 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 4171-Ա որոշման հիման վրա «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջև 2021 թվականի հունվարի 11-ին կնքվել է գույքի անհատույց օգտագործման պայմանագիր և կազմվել է հանձնման-ընդունման ակտ:
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի և «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվել է «Կամազ» մակնիշի «706 LU 01» հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր (վկայագիր՝ N ST 260021), որը գործել է մինչև 2025 թվականի մարտի 21-ը:
2025 թվականի մարտի 10-ի թիվ Դ-25100-25 դիմումի առարկայի կապակցությամբ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից ներկայացվել է տեղեկատվություն այն մասին, որ դիմումում նկարագրված վթարի մասով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից հարուցվել է վարույթ, որի վերաբերյալ հիմնարկը վերջնական որոշում չի ստացել: Նաև տեղեկացվել է, որ վթարի մասնակից տրանսպորտային միջոցն ունի պարտադիր ապահովագրության պայմանագիր, որի պարագայում կախված փոխհատուցման գումարից, փոխհատուցումը պետք է կատարվի ապահովագրական ընկերության կողմից։
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներից հետևում է, որ օրենսդիրը որպես վնաս դիտարկում է իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), հետևաբար Դիմումով ներկայացված՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով վնասի փոխհատուցման պահանջի քննության շրջանակներում պարզման և ապացուցման են ենթակա հետևյալ փաստական հանգամանքները.
1) Դիմում նկարագրված պատահարի հետևանքով Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեում ի՞նչ գույք է վնասվել, այդ գույքն իրենից ի՞նչ է ներկայացնում և ի՞նչ մակերես (քառակուսի մետր) կամ երկարություն (գծամետր) ունի,
2) Ո՞ր ապացույցով է հիմնավորվում Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեում գտնվող՝ Դիմումում նշված ցանկապատը դիմումատուի սեփականությունը հանդիսանալու հանգամանքը,
3) Ո՞ր ապացույցով է հիմնավորվում Դիմում նկարագրված պատահարի հետևանքով Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեում գտնվող ցանկապատի 28 մետր կազմող հատվածը քանդվելու և վերականգնված լինելու հանգամանքը,
4) Ո՞ր ապացույցով է հիմնավորվում Դիմում նկարագրված պատահարի հետևանքով Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեում գտնվող ցանկապատի մնացած 27 մետր հատվածը ևս վերանորոգման ենթակա լինելու հանգամանքը,
5) Ո՞ր ապացույցով է հիմնավորվում Դիմում նկարագրված պատահարի հետևանքով վնասված ցանկապատի 28 մետր երկարությամբ հատվածը վերանորոգելու նպատակով կատարված ծախսը 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ կազմելու, իսկ վերանորոգման ենթակա 27 մետր երկարությամբ հատվածի վերականգնման ծախսը 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ կազմելու հանգամանքները,
5) Ո՞ր ապացույցով է հիմնավորվում Արա Ջորջ Քեթիբյանի՝ 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով ենթադրյալ վնասը Երևան համայնքի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Վերը թվարկված փաստական հանգամանքների ապացուցման նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթները, քանի որ դրանք ընկած են վնասի փոխհատուցման պահանջի հիմքում և Արա Ջորջ Քեթիբյանի համար հանդիսանում են բարենպաստ փաստական հանգամանքներ:
Արա Ջորջ Քեթիբյանի կողմից, որպես Երևան քաղաքի Նորքի 8-րդ փողոցի թիվ 19 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը հավաստող ապացույց, ներկայացվել է 2021 թվականի հոկտեմբերի 5-ին տրված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05102021-01-0316 վկայականը, որի «5. Շինությունների բնութագրերը» բաժնում ցանկապատի և դրա մակերեսի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ: Ավելին՝ խնդրո առարկա հանդիսացող ցանկապատի կառուցմանն առնչվող քաղաքաշինական փաստաթղթերը (2021 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 30/Ք-1574 նախագծման թույլտվություն, կառուցման նախագիծ, 2021 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 34/Ք-1622 շինարարության թույլտվություն, 2022 թվականի մարտի 1-ի թիվ 01/19-Հ-1069 ավարտական ակտ) տրվել են անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05102021-01-0316 վկայականով հավաստվող սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո, որոնց հիման վրա նոր ստեղծված անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարված լինելու և դրա նկատմամբ դիմումատուի սեփականության իրավունքը ծագած լինելու բարենպաստ փաստական հանգամանքները հիմնավորող ապացույցներ դիմումատուի կողմից չեն ներկայացվել:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
2021 թվականի հոկտեմբերի 5-ին տրված՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 05102021-01-0316 վկայականը չի հանդիսանում այն գրավոր ապացույցը, որով կարող է հաստատված համարվել Դիմումում նկարագրված ցանկապատը դիմումատուի սեփականությունը հանդիսանալու հանգամանքը, իսկ թվարկված քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա պետական գրանցում կատարված լինելու վերաբերյալ գրավոր ապացույց Դիմումին կից և վարույթի շրջանակներում չի ներկայացվել, ինչով պայմանավորված՝ Դիմումի պահանջի քննության շրջանակներում ապացուցման ենթակա այն բարենպաստ փաստական հանգամանքը, որ պատահարի արդյունքում վնասվել է դիմումատուի սեփականությունը հանդիսացող անշարժ գույքը, մնում է չապացուցված:
Դիմումին կից և վարչարարության շրջանակներում չեն ներկայացվել ապացույցներ, որոնցով կարող է հիմնավորված համարվել Դիմումում նկարագրված պատահարի հետևանքով նշված հասցեում գոյություն ունեցած 55 մետր երկարությամբ ցանկապատի 28 մետր երկարությամբ հատվածը վնասվելու և վերականգնվելու հանգամանքը, ինչպես նաև չեն ներկայացվել ապացույցներ այն մասին, որ ցանկապատի մյուս՝ 27 մետր երկարությամբ հատվածը ևս ենթակա է վերանորոգման: Նշված հանգամանքներով պայմանավորված՝ պատահարի և ցանկապատի հստակ հատվածի վնասման ու ամբողջ ցանկապատը վերանորոգման ենթակա լինելու հանգամանքները մնում են չապացուցված:
Դիմումին կից և վարչարարության շրջանակներում չեն ներկայացվել ապացույցներ, որոնցով կարող է հիմնավորվել նշված հասցեում գտնվող ցանկապատն ամբողջությամբ վերանորոգելու անհրաժեշտությունը Դիմումում նկարագրված պատահարի հետևանքով պայմանավորված լինելու և վերանորոգման ծախսը 5.000.000 (հինգ միլիոն) ՀՀ դրամ կազմելու հանգամանքը, ինչով պայմանավորված պատահարի և պահանջված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը ևս մնում է չապացուցված:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ: (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի կայացրած վճիռներով (օրինակ, Հարությունյանն ընդդեմ Հայաստանի թիվ 36549/03 Գալստյանն ընդդեմ Հայաստանի թիվ 26986/03, Մայզիթն ընդդեմ Ռուսաստանի թիվ 63378/00 գանգատներով վճիռները) տրվել են հատուցման ենթակա վնասի հատուցման պահանջին ներկայացվող որոշակի չափանիշներ։ Մասնավորապես, վնասի հատուցման պահանջը պետք է լինի իրական, անհրաժեշտ և ողջամիտ։ Իրական՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է փաստաթղթային ողջամիտ ապացույցներ ներկայացնի առ այն, որ վնասն իրականում գոյություն ունի, վնասի հատուցման պահանջը չի կարող հիմնված լինել ենթադրությունների, շահարկումների և ապագայում տեղի ունենալիք հնարավոր կամ անհնարին իրադարձությունների ու փաստերի վրա։ Անհրաժեշտ՝ նշանակում է, որ պահանջ ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ այդ հատուցումն իրոք անհրաժեշտ է իր խախտված իրավունքները վերականգնելու համար և, որ ամենակարևորն է, պետք է ցույց տա իր կրած վնասների ու իր իրավունքների խախտման միջև պատճառահետևանքային կապը։ Ողջամիտ՝ նշանակում է, որ վնասի հատուցման պահանջի չափը պետք է համարժեք լինի հենց այդ վնասներին, ինչը բնականաբար ևս հնարավոր է ապացուցել միայն հստակ փաստաթղթային եղանակով, բացառելով ենթադրությունները և շահարկումները։ Վերը նշվածը վերլուծելով, հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը։
Վարույթի նյութերում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ պարզվում է, որ դիմումատուի կողմից չեն ներկայացվել ապացույցներ առ այն, որ Դիմումով պահանջված գումարն իրենից ներկայացնում է վնաս, քանի որ չի հիմնավորվել վնասի իրական գոյությունը, չի ապացուցվել մինչև իրավունքի խախտումը քաղաքացիական շրջանառությունում համապատասխան սեփականության (սեփականության իրավունքով պատկանող ցանկապատի) առկայությունը:
Դիմումատուի կողմից ներկայացված պահանջի հիմքում դրված՝ վնասված սեփականությանն ու վնասի չափին վերաբերող փաստերն ու պնդումները հիմնված չեն վերաբերելի և թույլատրելի ապացույցների վրա, հետևաբար չունեն ապացուցողական նշանակություն և չեն կարող հանգեցնել իրավական հետևանքների:
Ինչ վերաբերում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի դրույթները կիրառելու մասին դիմումատուի դիրքորոշմանը, ապա այն ենթակա է կիրառման նույն օրենքի 42-րդ և 43-րդ հոդվածների դրույթների հետ համատեղ, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/7522/05/17 վարչական գործով 2022 թվականի մարտի 3-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
««Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի՝ «Ապացուցման պարտականությունը բաշխելը» վերտառությամբ 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա) անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում.
բ) վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Վերոգրյալ իրավակարգավորումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը հստակ ամրագրել է վարչական վարույթում ապացուցման պարտականության կանոնները, սահմանելով, որ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում անձի համար բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է տվյալ անձը, իսկ անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը:
Միևնույն ժամանակ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը սահմանել է այն ապացույցների շրջանակը, որոնց միջոցով անձը և վարչական մարմինը կարող են կատարել ապացուցման իրենց պարտականությունը: Ընդ որում, վարչական վարույթի ընթացքում հետազոտվել և գնահատվել կարող են միայն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված և օրենքին համապատասխանող ապացույցները:
Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ անձի կողմից ապացուցման իր պարտականությունը չկատարելու որևէ բացասական հետևանք «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով օրենսդիրը չի սահմանել: Նշված օրենքով բացասական հետևանք չի սահմանվել նաև վարչական մարմնի կողմից իր պարտականությունը չկատարելու համար, այդուհանդերձ վարչական մարմնի վրա օրենսդիրը դրել է գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումն ապահովելու, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու ուղղությամբ անհրաժեշտ ու համարժեք միջոցները ձեռնարկելու պարտականություն, քանի որ հենց վարչական մարմինն է կրում հիմնավորված և իրավաչափ վարչական ակտ ընդունելու պարտականությունը: Այսինքն՝ վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինը պարտավոր է վարչական վարույթի եզրափակման և վարչական ակտ ընդունելու համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները բացահայտելու նպատակով ձեռնարկել անհրաժեշտ ու համարժեք միջոցներ՝ իր գործողությունները որևէ կերպ չպայմանավորելով անձի կողմից ապացուցման պարտականությունը չկատարելու հանգամանքով: Ավելին՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում (հոդված 10-րդ), որպես վարչական մարմինների հետ հարաբերություններում վարչական վարույթի մասնակցի՝ ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության պատշաճ երաշխիք, ամրագրվել է հավաստիության կանխավարկածի սկզբունքը, համաձայն որի՝ վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Արգելվում է անձանցից պահանջել իրենց ներկայացրած տվյալները, տեղեկությունները հավաստող փաստաթղթեր կամ լրացուցիչ տեղեկություններ, եթե այդ պահանջը սահմանված չէ օրենքով:
Եթե վարչական մարմինը հիմնավոր կասկածներ ունի անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ, ապա ինքը պարտավոր է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` դրանց իսկության մեջ հավաստիանալու համար:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնի հետ փոխհարաբերություններում իր համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության ապացուցման պարտականությունն անձը կարող է կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված ապացույցներ ներկայացնելու միջոցով, որոնցում պարունակվող տվյալները, տեղեկությունները համարվում են հավաստի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել: Միևնույն ժամանակ օրենսդիրը վարչական մարմնին պարտավորեցրել է ինքնուրույն և իր հաշվին ձեռնարկել միջոցներ` անձանց ներկայացրած տվյալների, տեղեկությունների իսկության մեջ հավաստիանալու համար, եթե հիմնավոր կասկածներ ունի այդ տվյալների, տեղեկությունների իսկության վերաբերյալ: Ընդ որում, վարչական մարմնի կողմից անհրաժեշտ միջոցները պետք է ձեռնարկվեն օրենքին համապատասխան, իսկ ձեռք բերված ապացույցներ պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին, որպեսզի դրանք համարվեն թույլատրելի, ենթակա լինեն հետազոտման և գնահատման:»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:
Որպես վնասի առկայությունը և վնասի չափը հիմնավորող ապացույցներ՝ դիմումատուի անունից ներկայացվել են Մինաս Ղանդիլյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 7-ին կազմված տեղեկանքը, «Ցանկապատի վերականգնման ծախսեր» վերտառությամբ անստորագիր և անթվագիր փաստաթուղթը, որպիսիք թեև չեն հանդիսանում փորձագիտական եզրակացություններ, սակայն, որոշակի վերապահմամբ, դրանց ապացուցողական նշանակությունը վերը մեջբերված նախադեպային որոշման մեջ արտահայտված դիրքորոշումներից ելնելով գնահատելիս, կարելի է փաստել, որ դրանք չեն հանդիսանում Դիմումով ներկայացված պահանջի առարկան կազմող վնասը հիմնավորող պատշաճ ապացույցներ, քանի որ հիմնավորված չէ դրանք կազմող անձի որակավորումը և ձեռնհասությունը անշարժ գույքի գնահատում կատարելու հարցում, ապացուցված չէ հաշվարկի հիմքում դրված մեթոդների հիմնավորվածության աստիճանը, դրանք կիրառելու արդարացված լինելը, օգտագործված ելակետային տվյալների հավաստիությունը: Նշված փաստարկներով պայմանավորված՝ 2025 թվականի հոկտեմբերի 7-ի տեղեկանքը և «Ցանկապատի վերականգնման ծախսեր» վերտառությամբ անստորագիր և անթվագիր փաստաթուղթը գնահատվում են ոչ վերաբերելի, ոչ թույլատրելի և ոչ արժանահավատ:
Ինչ վերաբերում է Դիմումին կից ներկայացված լուսանկարներին, ապա ցանկապատի վերականգնված հատվածները պատկերող լուսանկարների ակնադիտական զննումը, առանց համապատասխան գրավոր ապացույցների հետազոտման, հնարավորություն չի տալիս օբյեկտիվ հետևություն կատարել իրականացված վերականգնման շինարարական աշխատանքների ծավալի, այդ նպատակով ծախսված նյութերի, առավել ևս դրանց արժեքների մասին, իսկ ցանկապատի՝ դեռևս (ապագայում) վերականգնման ենթակա հատվածները պատկերող լուսանկարների ակնադիտական զննությունը բավարար չէ օբյեկտիվ համոզմունք ձևավորելու այն մասին, որ առկա է ցանկապատի չվնասված հատվածի վերանորոգման անհրաժեշտություն և որն առաջացել է «Կամազ» մակնիշի «706 LU 01» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի հարվածի հետևանքով:
Դիմումով ներկայացված պահանջի հիմքում, որպես ենթադրյալ վնասին հանգեցրած հանգամանք, դրվել է համայնքային սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցի մասնակցությամբ պատահարը, ինչի կապակցությամբ վարչական մարմնի դիրքորոշումն ու դրա հիմքում ընկած իրավական և փաստական հիմքերը շարադրված են Երևանի քաղաքապետի 2025 թվականի հուլիսի 21-ի N 2891-Ա որոշման մեջ, որպիսիք, որպես օրինական ուժի մեջ մտած վարչական ակտով արտահայտված դիրքորոշում, հիմք են ընդունվում նաև Դիմումի քննության շրջանակներում՝ որպես ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առաջացած վնասի հատուցման պահանջի նկատմամբ վարչական մարմնի դիրքորոշում:
Ելնելով վերը նկարագրված փաստարկներից և հիմք ընդունելով սույն որոշման և Երևանի քաղաքապետի 2025 թվականի հուլիսի 21-ի N 2891-Ա որոշման մեջ մեջբերված իրավանորմերն ու փաստարկները, ինչպես նաև հաշվի առնելով, որ Դիմումի հիման վրա իրականացված վարույթով ստացված ապացույցներով չի հիմնավորվել վնասի հատուցման պահանջի իրավաչափությունը, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ենթադրյալ վնասը Երևան համայնքի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Արա Ջորջ Քեթիբյանի ներկայացուցիչ՝ Վարդան Առաքելյանի 2025 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ Դ-113214-25 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|