ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4728-Ա |
«21» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 3726-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ Ն/53460-25 գրության հիման վրա և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով 2025 թվականի սեպտեմբերի 22-ին հարուցվել և իրականացվել է վարչարարություն:
Վարչարարության շրջանակներում 2025 թվականի հոկտեմբերի 8-ին հրավիրվել է լսումներ, որի մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 07/126104-25 գրությամբ պատշաճ ծանուցվել է վարույթին մասնակից դարձված անձ Գևորգ Մանուչարյանը, ով ներկայացել և մասնակցել է լսումներին:
Երևանի քաղաքապետի 2025 թվականի հոկտեմբերի 22-ի N 4313-Ա որոշմամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ Ն/53460-25 գրության հիման վրա իրականացվող վարչարարության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի նոյեմբերի 21-ը ներառյալ:
Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ Ն/53460-25 գրությունը, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 8-ի արձանագրությունը, գնահատելով վարույթի առարկային առնչվող, ինչպես նաև վարչարարության ընթացքում ստացված փաստական հանգամանքներն ու ապացույցները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/9838/05/21 վարչական գործով 2023 թվականի ապրիլի 25-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (այսուհետ՝ Վճիռ) Գևորգ Մանուչարյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարվել է, այն է՝ վճռվել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Գևորգ Մանուչարյանին տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ նախատեսված բարենպաստ վարչական ակտ՝ Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 3 հասցեում գտնվող անշարժ գույքի օրինականացման վերաբերյալ:
Ի կատարումն Վճռի պահանջի՝ Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 3726-Ա որոշումը, որի 1-ին կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Արտաշատի խճուղի, թիվ 3/2 հասցեում գտնվող 207,7քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ արտադրական շինություն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչվել է օրինական:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ Ն/53460-25 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 3 հասցեին հարակից գտնվող ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված հողամասը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշաններով ներառված է արդյունաբերական օբյեկտների հողեր գոտում, սակայն, հիմք ընդունելով Վճռի պահանջները, 2025 թվականի սեպտեմբերի 11-ին կայացվել է Երևանի քաղաքապետի «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» N 3726-Ա որոշումը: 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ Ն/53460-25 գրությամբ նաև նշվել է, որ քննարկվող շինությունն օրինականացվել է որպես արտադրական նշանակության շինություն, ինչը չի հիմնավորվել:
Վարույթի լսումների ընթացքում Գևորգ Մանուչարյանը հայտնել է, որ շինության գործառնական նշանակությունը արտադրական նշվել է Երևանի քաղաքապետարանի պահանջով, քանի որ Երևանի քաղաքապետարանի գրավոր պատասխաններով նշվել է, որ հասարակական նշանակության շինությունը չի կարող քննարկվել, որից հետո կրկին կատարվել է չափագրում և տրվել է նոր տեղագրական հանույթ, որում շինության գործառնական նշանակությունը նշվել է արտադրական: Գևորգ Մանուչարյանը նաև հայտնել է, որ նույն հասցեի հարևանությամբ ևս առկա է նման կարգով կառուցված շինություն, որն օրինականացվել և տարիներ առաջ ենթարկվել է պետական գրանցման:
Վարչարարության շրջանակներում Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 3/2 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ կապված Երևանի քաղաքապետարանի կողմից հարցում է կատարվել «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչի կապակցությամբ ստացվել է «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ՄՇ/39561 գրությունը, որով տեղեկացվել է, որ նշված տարածքով անցնում է «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպասարկվող d=1200մմ կոյուղագիծ:
Հաշվի առնելով «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ՄՇ/39561 գրությունը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի նոյեմբերի 10-ի թիվ Ն/66466-25 գրությամբ նշվել է, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 3/2 հասցեում կառուցված շինությամբ զբաղեցված հողամասն ընդգրկված է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում (կետ 11):
Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ 2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ Դ-127608-25 դիմումով Գևորգ Մանուչարյանը հայտնել է, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղի թիվ 3/2 հասցեի տարածքում առկա կոյուղագծի հարցով դիմել է «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, ինչի կապակցությամբ վերջինս, իրականացնելով տեղատեսություն և զննում, պարզել է, որ այդ տարածքով կոյուղագիծ չի անցնում, ինչը հիմնավորող, ինչպես նաև 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ՄՇ/39561 գրությամբ տրամադրված տեղեկատվության իսկությունը հերքող գրավոր ապացույց ինչպես 2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ Դ-127608-25 դիմումին կից, այնպես էլ մինչ սույն որոշման կայացումը չի ներկայացվել:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ վարչական մարմնի վրա:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1- ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա սույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» ենթակետի համաձայն՝ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:
Վերոգրյալ իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական մարմնի կողմից անձի ներկայացրած դիմումի հիմքով հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չընդունելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և անձը կարող է ձեռնամուխ լինել իր հայցած իրավունքի իրականացմանը, որպիսի կանոնից բացառություն է սահմանված այն դեպքի համար, երբ նման վարչական ակտն առ ոչինչ է, այսինքն՝ այդ դեպքում վարչական ակտը չի կարող համարվել ընդունված վարչական ակտ: Միաժամանակ վարչական ակտն առ ոչինչ հանդիսանալու համար անհրաժեշտ է, որ դրանով հասցեատիրոջ վրա դրվի ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվի ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք, որի բացակայությունը բացառում է վարչական ակտի առ ոչինչ լինելու հանգամանքը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն օրենքի ուժով ընդունված համարվող վարչական ակտի հետ կապված արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը․ «... «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պայմանավորված չէ հայցվող վարչական ակտի իրավաչափությամբ, և նույնիսկ ոչ իրավաչափ վարչական ակտը, նշված իրավադրույթի համաձայն, կարող է համարվել ընդունված, բացառությամբ՝ եթե այդ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվող վարչական ակտի իրավաչափությունը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածով սահմանված իրավաբանական ֆիկցիայի գործողության պայման չէ: Նշվածից բացառություն է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը, այն է՝ ակտով դրա հասցեատիրոջը տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք: Այսինքն՝ օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի կողմից չընդունված վարչական ակտի՝ օրենքի ուժով ընդունված համարվելու ֆիկցիայի գործողությունը պարզելիս դատական վերահսկողությունը սահմանափակվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքի առկայությունը (բացակայությունը) գնահատելով:»։
Ինչ վերաբերում է հայցվող վարչական ակտի հնարավոր անվավերության հիմքերին, ինչպես նաև հնարավոր առոչնչության մյուս հիմքերին, ապա իրավաբանական ֆիկցիայի գործողությունը պարզելիս դրանց առկայությունը դատարանի կողմից քննության առարկա չի դարձվում և վարչական մարմինը, օժտված լինելով իր կողմից կայացված վարչական ակտի իրավաչափությունը վերանայելու իրավասությամբ, օրենքով սահմանված կարգով կարող է քննարկման առարկա դարձնել վարչական ակտի անվավերության հիմքերը և դրանց տալ համապատասխան իրավական գնահատական:
Տվյալ դեպքում թիվ ՎԴ/9838/05/21 վարչական գործի շրջանակներում դատական ատյանների կողմից քննության առարկա է հանդիսացել բացառապես հայցվող վարչական ակտի առոչնչության հարցը, իսկ դիմումատուի կողմից հայցված վարչական ակտի իրավաչափության հարցը՝ անվավերության հիմքերի բացահայտման տեսանկյունից, քննարկման առարկա չի հանդիսացել:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումներով արտահայտվել է դիրքորոշում այն մասին, որ օրենսդիրը նախատեսել է, որ ոչ իրավաչափ վարչական ակտերը հանդես են գալիս երկու ձևով` որպես անվավեր և որպես առ ոչինչ վարչական ակտեր: Օրենսդիրը, հաշվի առնելով վարչական ակտի որոշակիությանը ներկայացվող պահանջի կարևորությունը, նախատեսել է, որ առանձին դեպքերում վարչական ակտի որոշակիության պահանջի չպահպանումը հանգեցնում է վարչական ակտի առ ոչինչ լինելուն: Եթե վարչական ակտից հստակ չի երևում կամ միանշանակ պարզ չէ, թե որ վարչական մարմինն է դա ընդունել կամ ակտից պարզ չէ, թե դա որոշակիորեն ում է հասցեագրված կամ հայտնի չէ, թե ինչ հարց է կարգավորում, ապա այդ վարչական ակտը, ըստ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «գ» կետերի, առ ոչինչ վարչական ակտ է: Սակայն, եթե վարչական ակտը չի համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, և միաժամանակ, առկա չեն օրենսդրի կողմից սահմանված վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքերը, իրավական որոշակիության պահանջին չհամապատասխանող վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:
Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ արգելվում է քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք ջրային օբյեկտների և ավազանների առափնյա շերտերի, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային, երկաթուղային ճանապարհների, խողովակաշարային և այլ տրանսպորտի համար առանձնացված շերտերի, էլեկտրահաղորդիչ գծերի, մայրուղային ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների, ջրանցքների, ինչպես նաև դրանց հեռանկարային զարգացման համար առանձնացված (պահեստավորված) հողեր են:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ Ն/53460-25 գրությունը, 2025 թվականի նոյեմբերի 10-ի թիվ Ն/66466-25 գրությունը, «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ ՄՇ/39561 գրությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ, 58-րդ, հոդվածներով, 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի սեպտեմբերի 11-ի N 3726-Ա որոշումը ճանաչել անվավեր:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |