ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«20» նոյեմբեր 2025 թվականի N 149-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել ռևմատոլոգի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
20.11.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի նոյեմբեր «20»-իթիվ 149-Ն հրամանի |
ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ռևմատոլոգը իրականացնում է մասնագիտական գործունեություն ռևմատոլոգիա մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Ռևմատոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն ռևմատոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Ռևմատոլոգը կարող է կրթական ծրագրերի միջոցով ձեռք բերել լրացուցիչ մասնագիտացում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2․ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
4. Ռևմատոլոգը առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության ռևմատոլոգ.
2) Առողջության առաջնային պահպանման ծառայության ռևմատոլոգ.
3) Ռևմատոլոգիական և ընդհանուր թերապիայի բաժանմունքի վարիչ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5. Բժշկական գիտելիքներ և հմտություններ. ռևմատոլոգը պետք է.
1) Տիրապետի և ճանաչի ընդհանուր թերապիայի, սրտաբանության, նեֆրոլոգիայի, թոքաբանության, իմունոլոգիայի, դերմատոլոգիայի, նյարդաբանության, ընդհանոււր վիրաբուժության և օրթոպեդիայի ընդհանուր գիտելիքներին և կարողանա կատարել տարբերակիչ ախտորոշում նշված մասնագիտություններին վերաբերող համախտանիշների միջև.
2) Տիրապետի և ախտորոշի հոդերի բորբոքային և դեգեներատիվ, աուտոիմուն, աուտոբորբոքային, շարակցական հյուսվածքի համակարգային, ոսկրամկանային հիվանդությունների ախտորոշման և բուժման հիմնական սկզբունքներին` համաձայն միջազգային և Հայաստանի Հանրապետության ուղեցույցերի և գործելակարգերի (Μ00 – Μ45, Ε85).
3) Կարողանա կիրառել հիվանդի հետազոտման օբյեկտիվ մեթոդները, հայտնաբերել հիվանդության ընդհանուր և սպեցիֆիկ նշանները.
4) Կարողանա ձևակերպել առողջապահության օրենսդրությամբ նախատեսված բժշկական փաստաթղթերը.
5) Տիրապետի ռևմատոլոգիական հիվանդությունների ֆարմակոթերապիայի հիմունքներին, դեղամիջոցների հիմնական խմբերի ֆարմակոդինամիկային և ֆարմակոկինետիկային, դեղորայքի օգտագործումից առաջացած բարդություններին, դրանց շտկման մեթոդներին.
6) Տիրապետի ոչ դեղորայքային թերապիայի, ֆիզիոթերապիայի, բուժական ֆիզկուլտուրայի հիմունքներին.
7) Կարողանա գնահատել արյան, մեզի, իմունոլոգիական և կենսաքիմիական, կոագուլոգրամայի ցուցանիշները.
8) Կարողանա վերլուծել հոդերի և ողնաշարի ճառագայթային, ուլտրաձայնային, էլեկտրոնեյրոգրաֆիկ, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ), համակարգչային շերտագրություն (ՀՇ), էլեկտրասրտագրության (ԷՍԳ) հետազոտության տվյալները.
9) Կարողանա կազմել պացիենտի վարման տարբերակված պլանը՝ համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի.
10) Տիրապետի աղետների բժշկության հիմնական գործնական հմտություններին:
6. Բժշկական hատուկ գիտելիքներ և հմտություններ. ռևմատոլոգը պետք է`
1) Ունենա հատուկ հմտություններ գլյուկոկորտիկոստերոիդների, իմունոճնշիճ և կենսաբանական պրեպարատների կիրառման դեպքում հնարավոր կողմնակի ազդեցությունների վերացման և անվտանգ կիրառման համար.
2) Ունենա գիտելիքներ հիմնական ռևմատոլոգիական հիվանդությունների ախտանիշների ճանաչման, տարբերակիչ ախտորոշման, վերջնական ախտորոշման եզրահանգման և բուժման պլանի մշակման համար.
3) Տիրապետի հոդային և հարհոդային ներարկումների տեխնիկային.
4) Իրականացնի հոդերի օբյեկտիվ զննում, ֆունկցիոնալ վիճակի գնահատում.
5) Իրականացնի ողնաշարի օբյեկտիվ զննում, ֆունկցիոնալ թեսթերի վերծանում և ֆունկցիոնար վիճակի գնահատում:
4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. Ռևմատոլոգը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. ռևմատոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. ռևմատոլոգը պետք է կարողանա`
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ
10. Ռևմատոլոգը պետք է կարողանա`
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ ՌԵՎՄԱՏՈԼՈԳԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Ռևմատոլոգը իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է ղեկավարվի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքներով և պարտականություններով:
8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ` ՌԵՎՄԱՏԱԼՈԳԻԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել.
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում.
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2. Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3. Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|