Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (28.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2018 թվականի

թիվ 13

քաղ. Սոչի

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Ստեղծել օժանդակ մարմին՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդ:

2. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին» կից ներկայացվող հիմնադրույթը։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 
 

Հաստատված է

Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի

2018 թվականի մայիսի 14-ի

թիվ 13 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհրդի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմինների ղեկավարների խորհուրդը (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ, Ղեկավարների խորհուրդ) ստեղծվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան (այսուհետ՝ Պայմանագիր)՝ որպես օժանդակ մարմին՝ անդամ պետությունների կողմից համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականություն (այսուհետ՝ տրանսպորտային քաղաքականություն) իրականացնելու համար։

2. Ղեկավարների խորհուրդն իր գործունեությունն իրականացնելիս առաջնորդվում է Պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) իրավունքի մաս կազմող միջազգային այլ պայմանագրերով և ակտերով, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգով, ինչպես նաև սույն հիմնադրույթով։

 

II. Ղեկավարների խորհրդի հիմնական խնդիրները, գործառույթները և լիազորությունները

 

3. Ղեկավարների խորհրդի հիմնական խնդիրներն են՝

ա) տրանսպորտի ոլորտում տրանսպորտային քաղաքականության և Միության մարմինների ակտերի իրագործումն ապահովելու մասով լիազորված մարմինների և կազմակերպությունների փոխգործակցության համակարգումը.

բ) միջազգային կազմակերպությունների և երրորդ երկրների հետ՝ տրանսպորտի հարցերով փոխգործակցության մասով համաձայնեցված մոտեցումների մասին առաջարկությունների և հանձնարարականների քննարկումը՝ հաշվի առնելով անդամ պետությունների շահերը.

գ) տրանսպորտի ոլորտում ինտեգրումը զարգացնելու ուղղությունների և հեռանկարների մասով մոտեցումների համաձայնեցումը՝ հաշվի առնելով անդամ պետությունների պայմանավորվածությունները:

4. Ղեկավարների խորհուրդն իրեն վերապահված խնդիրների իրագործման համար իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) քննարկում է Միության մարմինների ակտերի իրագործման, այդ թվում՝ տրանսպորտային քաղաքականության իրագործման մասով միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») կատարման ընթացքի և դրա իրագործման հետագա փուլերի համար միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») նախագծերի նախապատրաստման մասին տեղեկատվությունը.

բ) քննարկում և, անհրաժեշտության դեպքում, նախապատրաստում է առաջարկություններ հետևյալ հարցերով՝

տրանսպորտային քաղաքականության իրագործման արդյունավետ մեխանիզմների և գործիքների ձևավորում.

անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում և ներդաշնակեցում տրանսպորտի ոլորտում՝ Միության իրավունքին համապատասխան.

Միության իրավունքին համապատասխան՝ այն միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի նախապատրաստման նպատակահարմարությունը, որոնք այդ թվում սահմանում են ծառայությունների ազատականացման կարգը, պայմանները և փուլերը՝ ըստ տրանսպորտի տեսակների.

տրանսպորտային ծառայությունների փուլ առ փուլ ազատականացում անցկացնելիս տրանսպորտային ծառայությունների շուկայի զարգացում.

տրանսպորտի ոլորտում Միության ներքին շուկայի գործունեության վրա ազդող խոչընդոտների (արգելքների, սահմանափակումների, բացառումների) վերացում.

անդամ պետությունների կադրային ներուժի ներգրավում և օգտագործում.

տրանսպորտի ոլորում լիազորված մարմինների փոխգործակցության (այդ թվում՝ տեղեկատվական) կատարելագործում.

անդամ պետություններում տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտում ինտեգրման նախագծերի իրագործում.

եվրասիական տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացում.

գ) աջակցություն է ցուցաբերում տրանսպորտի հարցերով լիազորված մարմինների համաձայնեցված դիրքորոշումների մշակմանը վիճելի հարցեր լուծելիս, որոնք առաջանում են տրանսպորտային քաղաքականություն իրագործելիս, ինչպես նաև երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս.

դ) քննարկում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) գիտահետազոտական աշխատանքների արդյունքները.

ե) իրականացնում է այլ գործառույթներ անդամ պետությունների կողմից տրանսպորտային քաղաքականության իրագործման շրջանակներում՝ Միության իրավունքին համապատասխան:

(4-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

5. Ղեկավարների խորհուրդն իրականացնում է հետևյալ լիազորությունները՝

ա) որոշումներ է ընդունում, Միության մարմինների համար տրանսպորտային քաղաքականության իրագործումն ապահովելուն ուղղված առաջարկություններ և հանձնարարականներ է նախապատրաստում.

բ) անհրաժեշտության դեպքում ստեղծում է աշխատանքային (փորձագիտական) խմբեր՝ Ղեկավարների խորհրդի գործունեության ուղղություններին առնչվող հարցերի լուծման համար:

 

III. Ղեկավարների խորհրդի կազմը

 

6. Ղեկավարների խորհրդի կազմը ձևավորվում է լիազորված մարմինների ղեկավարներից։ Ղեկավարների խորհրդի կազմում ընդգրկվում է Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որի իրավասությանն են վերապահված տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերը։

7. Ղեկավարների խորհրդի ղեկավարը Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամն է, որի իրավասությանն են վերապահված տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերը։

8. Ղեկավարների խորհրդի ղեկավարը՝

ա) ապահովում է Ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպումը.

բ) ձևավորում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը՝ հաշվի առնելով Ղեկավարների խորհրդի անդամների առաջարկությունները.

գ) փոխգործակցում է պետական իշխանության մարմինների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների և անկախ փորձագետների հետ.

դ) ստորագրում է Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունները:

(8-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

9. Ղեկավարների խորհրդի նիստերին նախագահում է Ղեկավարների խորհրդի անդամը՝ այն անդամ պետության ներկայացուցիչը, որը նախագահում է Միության մարմիններում՝ Պայմանագրի 8-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան:

10. Ղեկավարների խորհրդում նախագահողը՝

ա) հաստատում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման ամսաթիվը, ժամը և վայրը.

բ) վարում է Ղեկավարների խորհրդի նիստերը:

գ) (ենթակետը հանվել է ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

(10-րդ կետը փոփ. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

11. Ղեկավարների խորհրդի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Ղեկավարների խորհրդի նիստում քննարկվող հարցերը, անդամ պետությունների լիազորված և այլ պետական մարմինների ներկայացուցիչները։

Ղեկավարների խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ Ղեկավարների խորհրդի նիստին կարող են մասնակցել անդամ պետությունների գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և անկախ փորձագետները, ինչպես նաև Միությանը կից դիտորդ պետությունների պետական մարմինների ներկայացուցիչները։

(11-րդ կետը խմբ. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

12. Լիազորված մարմիններն իրենց ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացնում են Ղեկավարների խորհրդին և Հանձնաժողովին։

 

IV. Ղեկավարների խորհրդի աշխատակարգը

 

13. Ղեկավարների խորհրդի անդամները Ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցում են անձամբ կամ իրենց լիազորված ներկայացուցիչների միջոցով՝ տրանսպորտի ոլորտում լիազորված մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից ոչ ցածր մակարդակով։

Ղեկավարների խորհրդի նիստին լիազորված ներկայացուցչի մասնակցության դեպքում Ղեկավարների խորհրդի անդամը գրավոր տեղեկացնում է այդ մասին Ղեկավարների խորհրդի ղեկավարին՝ նիստի անցկացման օրվանից առնվազն 3 աշխատանքային օր առաջ։

Ղեկավարների խորհրդի նիստն իրավազոր է համարվում նիստին յուրաքանչյուր անդամ պետությունից Ղեկավարների խորհրդի առնվազն մեկ անդամի կամ լիազորված ներկայացուցչի մասնակցության դեպքում։

(13-րդ կետը խմբ. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

14. Ղեկավարների խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին 2 անգամ, և, որպես կանոն, Հանձնաժողովի շինություններում։

Ղեկավարների խորհրդի նիստը կարող է նաև անցկացվել ցանկացած անդամ պետությունում՝ Ղեկավարների խորհրդի բոլոր անդամների հետ համաձայնեցմամբ: Այս դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում Հանձնաժողովին՝ Ղեկավարների խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման հարցում։

(14-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

141. Ղեկավարների խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են առկա ձևաչափով։

Ղեկավարների խորհրդի անդամների առաջարկների հիման վրա բացառիկ դեպքերում նիստերը կարող են անցկացվել տեսակոնֆերանսի ձևաչափով կամ խառը ձևաչափով։

(14.1-ին կետը լրաց. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

15. Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին առնչվող նյութերը ներառում են`

քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ և արձանագրային որոշումների նախագծեր.

քննարկմանն առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).

անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։

Նշված նյութերը պետք է նախապես քննարկվեն լիազորված մարմինների ղեկավարների տեղակալների խորհրդակցության կամ Տրանսպորտի և ենթակառուցվածքի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի ժամանակ:

16. Ղեկավարների խորհրդի նիստում հարցերի քննարկման ժամանակ Ղեկավարների խորհրդի անդամներն ունեն հավասար իրավունքներ։

161. Ղեկավարների խորհրդի անդամներն իրավունք ունեն ներկայացնելու Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ներառելու կամ դրանից լրացուցիչ մշակում պահանջող հարցեր հանելու վերաբերյալ առաջարկներ (համապատասխան հիմնավորումներով)՝ ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 10 օրացուցային օր առաջ։

Ղեկավարների խորհրդի այն անդամները, որոնք առաջարկել են Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ներառել լրացուցիչ հարցեր, ապահովում են Ղեկավարների խորհրդի ղեկավարին համապատասխան նյութերի (տեղեկանքների և արձանագրային որոշումների նախագծերի) ներկայացումը։

(16.1-ին կետը լրաց. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

17. Ղեկավարների խորհուրդը որոշումներ է ընդունում ընդհանուր համաձայնությամբ (կոնսենսուսով)։

18. Ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում ամրագրվում են Ղեկավարների խորհրդի անդամների կամ նիստին մասնակցած՝ նրանց կողմից լիազորված անձանց դիրքորոշումները։

Արձանագրությունը ենթակա է համաձայնեցման Ղեկավարների խորհրդի անդամների կամ նիստին մասնակցած՝ նրանց լիազորված ներկայացուցիչների հետ ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում, և ստորագրվում է Ղեկավարների խորհրդի ղեկավարի կողմից ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 7 օրացուցային օրվա ընթացքում։

(18-րդ կետը խմբ. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

19. Ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանման կողմից, որը պատասխանատու է տրանսպորտի և ենթակառուցվածքի ոլորտին առնչվող հարցերի համար և որը՝

ա) նախապատրաստում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և դրան առնչվող նյութերը.

բ) Ղեկավարների խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին ուղարկում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և դրան առնչվող նյութերը՝ ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ.

գ) Ղեկավարների խորհրդի անդամներին և նիստի մասնակիցներին տեղեկացնում է Ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին.

դ) վարում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությունը.

ե) Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունների պատճեններն ուղարկում է Ղեկավարների խորհրդի անդամներին.

զ) իրականացնում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությամբ նախատեսված միջոցառումների իրագործման դիտանցում և տեղեկացնում է Ղեկավարների խորհրդի անդամներին դրա արդյունքների մասին։

20. Ղեկավարների խորհրդի անդամների և լիազորված մարմինների ներկայացուցիչների՝ Ղեկավարների խորհրդի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում են նրանց ուղարկող անդամ պետությունները։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների՝ Ղեկավարների խորհրդի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում է Հանձնաժողովը։

Ղեկավարների խորհրդի գործունեությանն անդամ պետությունների գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն։

(20-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

(հիմնադրույթը լրաց., փոփ., խմբ. ԵՏԲԽ 27.06.25 թիվ 4)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: