ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 456-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.11.2025
Ընդունող մարմին
Երևան քաղաքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
18.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

18 նոյեմբերի 2025 թ.

N 456-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ և 15-րդ կետերը.

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի տարածքում ճանապարհային երթևեկության կարգավորումն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով ստեղծել «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ (այսուհետ՝ հիմնարկ):

2. Հաստատել՝

1) հիմնարկի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի,

2) հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:

3. Երևանի քաղաքապետին` ապահովել հիմնարկի կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում:

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

 

2025 թ. նոյեմբերի 18

Երևան

 

Հավելված 1

Երևան քաղաքի ավագանու

2025 թվականի նոյեմբերի 18-ի

N 456-Ա որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը (այսուհետ` հիմնարկ) Երևանի քաղաքապետարանի կազմում գործող՝ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է:

2. Հիմնարկի հիմնադիրն Երևան համայնքն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ավագանու (այսուհետ` հիմնադիր):

3. Հիմնարկն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Սահմանադրությամբ, օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Հիմնադրի և հիմնարկի միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Հիմնարկի անվանումն է`

1) հայերեն լրիվ՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկ.

2) ռուսերեն լրիվ՝ Общинное учреждение «Центр управления дорожным движением Еревана».

3) անգլերեն լրիվ՝ Community Agency «Yerevan traffic management center».

4) հայերեն կրճատ՝ «ԵԵԿԿ» ՀՀ.

5) ռուսերեն կրճատ՝ ОУ «ЦУДДЕ».

6) անգլերեն կրճատ՝ CA «YTMC»:

6. Հիմնարկի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Քըրք Քըրքորյան 16:

 

II. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

 

7. Հիմնարկի գործունեության հիմնական նպատակն Երևան քաղաքի տարածքում ճանապարհային երթևեկության առավել արդյունավետ կարգավորման ապահովումն է:

8. Հիմնարկի հիմնական խնդիրներն են`

1) Երևանի քաղաքում երթևեկության և հանրային տրանսպորտի հետ կապված տվյալների հավաքագրումը, պահպանումը, մշակումն ու վերլուծությունը՝ տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների, տվյալների մշակման հարթակների և արհեստական բանականության գործիքների ու մեթոդների կիրառմամբ.

2) Տվյալների միասնական բազայի ձևավորումը և պահպանումը, երթևեկության և հանրային տրանսպորտի վիճակի վերլուծությունը, երթուղային ցանցի, ենթակառուցվածքային և երթևեկային համակարգերի առկա վիճակի և փոփոխությունների արձանագրումը, կանխատեսումների և փորձարկային մոդելների մշակումը, ինչպես նաև կառավարման որոշումների նախապատրաստումը, և դրանց ներկայացումը Երևանի քաղաքապետին.

3) Երթևեկության կազմակերպման և կառավարման հետ փոխկապակցված ենթակառուցվածքների՝ ներառյալ լուսացուցային ցանցի և դրա ավտոմատ կառավարման, տեսահսկման, մարդահոսքի հաշվառման և այլ նորարարական համակարգերի ուսումնասիրությունը, դրանց փորձարկման, ներդրման, շահագործման և զարգացման գործընթացների իրականացումը կամ դրանց իրականացման աջակցությունն ու վերլուծական մշտադիտարկումը.

4) Առկա լուսացուցային ցանցի, կանգառների (ներառյալ կանգառասրահների), հանրային տրանսպորտի երթուղային ցանցի, ինչպես նաև անձնական տրանսպորտային միջոցների կայանատեղիների, հեծանվային ուղիների և այլ խելացի շարժունակության (smart mobility) ենթակառուցվածքների ու ճանապարհային հատվածների վերլուծությունը, դրանց հիման վրա երթևեկության արդյունավետության գնահատման, կայանատեղիների, հանրային տրանսպորտի երթուղիների, կանգառների և հարակից ենթակառուցվածքների վերանայման (ավելացման, փոփոխման կամ հեռացման), ինչպես նաև երթևեկության կազմակերպման բարելավման և օպտիմալացման ուղղություններով առաջարկությունների, վերլուծությունների, հաշվետվությունների և երթևեկության կառավարման նախագծերի պատրաստումը և դրանց ներկայացումը Երևանի քաղաքապետին.

5) Երթևեկության և տրանսպորտային անվտանգության մակարդակի գնահատումը և կանխարգելիչ միջոցառումների առաջարկների պատրաստումը, ինչպես նաև «Անվտանգ քաղաք» ձևավորման շրջանակներում տվյալների և տեղեկատվական համակարգերի փոխկապակցման, մշտադիտարկման և վերլուծական աշխատանքների իրականացումը՝ վտանգավոր հատվածների նույնականացման, վթարների և խաչմերուկների վերլուծության, լուսացուցային ցանցի աշխատանքի գնահատման, ճանապարհատրանսպորտային միջադեպերի կանխարգելման, ինչպես նաև տեղեկատվական հարթակների և վերլուծական համակարգերի համադրման միջոցով երթևեկության անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների մշակման և իրականացման նպատակով.

6) Խցանումների, վթարների, երթևեկային խափանումների և ճանապարհային փոփոխությունների ազդեցության ուսումնասիրությունը և դրանց նվազեցման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և դրանց ներկայացումը Երևանի քաղաքապետին.

7) Կանգառասրահների ուսումնասիրության, նախագծման, տեղադրման և բարելավման աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.

8) Երևանի (ներառյալ քաղաք մտնող և քաղաքից դուրս եկող) տրանսպորտային հոսքերի, երթևեկության ինտենսիվության, ուղղությունների և ժամային բաշխվածության վերլուծությունը, հիմնված տեսահսկման, սենսորային կամ այլ աղբյուրներից ստացվող տվյալների վրա, և դրանց հիման վրա երթևեկության կառավարման, երթուղային պլանավորման և ենթակառուցվածքային որոշումների օպտիմալացման նպատակով առաջարկությունների մշակումը և դրանց ներկայացումը Երևանի քաղաքապետին.

9) Հանրային տրանսպորտի երթուղային գրաֆիկների և շահագործման ժամանակացույցերի վերլուծությունը՝ հիմնված ուղևորահոսքի, երթևեկության ինտենսիվության, կանգառային միջակայքերի, սպասարկման հաճախականության և պիկ ժամային բեռնվածության տվյալների վրա, դրանց օպտիմալացման և երթուղային ցանցի արդյունավետության բարձրացման նպատակով առաջարկությունների մշակումը և դրանց ներկայացումը Երևանի քաղաքապետին.

10) Հանրային տրանսպորտային միջոցների տեղորոշման (GPS) համակարգերի տեղադրման, տեխնիկական սպասարկման և ընդլայնման կազմակերպումը, ինչպես նաև տվյալ համակարգերից ստացվող տեղեկատվության հավաքագրման, մշտադիտարկման և վերլուծության ապահովումը.

11) Հանրային տրանսպորտային միջոցների հսկման, վերահսկման և վերլուծական տեխնիկական համակարգերի (ներառյալ մարդահոսքի հաշվառման, տեսահսկման, դռների կառավարման, կայանման վերահսկման և այլ համանման համակարգեր) ուսումնասիրությունը, փորձարկումը, ներդրումը, շահագործումը և զարգացումը, ինչպես նաև այդ համակարգերի միջոցով ստացվող տեղեկատվության հավաքագրումը, մշակումն ու փոխանցումը այլ կառույցների և կառավարման հարթակների.

12) Հանրային տրանսպորտի աշխատանքի որակի և երթևեկության կազմակերպման մշտադիտարկումը, խախտումների կամ թերությունների հայտնաբերման դեպքում դրանց վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը լիազոր մարմիններին.

13) Խելացի շարժունակության սկզբունքների խթանումը և դրանց վերաբերյալ վերլուծությունների ու առաջարկությունների պատրաստումը՝ երթևեկության կառավարման համակարգերի կատարելագործման և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ապահովմամբ.

14) Համագործակցությունը քաղաքային տրանսպորտի, ճանապարհաշինական, հասարակական կարգի ապահովման, արտակարգ իրավիճակների կառավարման և այլ փոխկապակցված մարմինների հետ՝ տվյալների փոխանակման, վերլուծությունների համադրման և մասնագիտական աջակցության ցուցաբերման ուղղությամբ.

15) Երթևեկության կառավարման ոլորտում միջազգային փորձի ուսումնասիրությունը, լավագույն օրինակների կիրառման խթանումը, փորձարկումը, նորարարական տեխնոլոգիաների և խելացի լուծումների ներդրումը.

16) Շրջակա միջավայրի վրա երթևեկության բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված վերլուծությունների աջակցումը և առաջարկությունների ներկայացումը՝ հասարակական տրանսպորտի կիրառման խթանման, երթևեկության հոսքերի հավասարակշռման և կայուն շարժունակության սկզբունքների հիման վրա։

9. Հիմնարկն անցնում է տարեկան ներքին աուդիտ՝ «Ներքին աուդիտի մասին» օրենքով սահմանված կարգով: Հիմնարկը կարող է անցնել նաև արտաքին աուդիտ՝ Երևան քաղաքի ավագանու սահմանած կարգով և դեպքերում:

 

III. ՀԻՄՆԱՐԿԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Հիմնարկի իրավունակությունը ծագում է նրա կանոնադրության հաստատման մասին հիմնադրի իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

11. Հիմնարկի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

12. Հիմնարկն իր հիմնադրի անունից, սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության նպատակին համապատասխան, կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և կրել այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

13. Հիմնարկին պատկանող քաղաքացիական իրավունքները՝ ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, հիմնարկն իրականացնում է հիմնադրի հայեցողությամբ` նրա անունից:

14. Հիմնարկն ունի անվանում, հիմնադրի կողմից իրեն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք: Հիմնարկն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:

15. Հիմնարկն օրենքի սահմաններում՝ սույն կանոնադրությամբ նախատեսված ոլորտների և խնդիրների իրականացման համար հիմնադրի անունից իրավունք ունի`

1) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ.

2) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ:

16. Հիմնարկի իրավունքները կարող են սահմանափակվել օրենքով նախատեսված դեպքերում և սահմանված կարգով, ինչպես նաև՝ հիմնադրի որոշմամբ:

17. Հիմնարկի պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում հիմնադիրը` օրենքով սահմանված կարգով:

18. Հիմնարկը պարտավոր է`

1) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական և ֆինանսական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

2) ապահովել կազմակերպության փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական և ֆինանսական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

19. Հիմնարկի կառավարումն իրականացնում են հիմնադիրը և Երևանի քաղաքապետը (այսուհետ՝ լիազոր մարմին): Հիմնարկի հիմնադրին է պատկանում հիմնարկի կառավարման և գործունեության վերաբերյալ ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

20. Հիմնարկի հիմնադրի լիազորություններն են`

1) հիմնարկի կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի սահմանումը.

2) հիմնարկի գործունեության դադարման մասին որոշման ընդունումը.

3) հիմնարկի կանոնադրության հաստատումը, դրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը:

21. Լիազոր մարմինը`

1) հաստատում է հիմնարկի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը.

2) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է հիմնարկի տնօրենին.

3) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

22. Հիմնարկի տնօրենը`

1) գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, սույն կանոնադրության, հիմնադրի, լիազոր մարմնի կողմից տրված հանձնարարականների համաձայն.

2) հաշվետու է հիմնադրին և լիազոր մարմնին.

3) պատասխանատու է հիմնարկի գործունեության համար.

4) չի կարող զբաղեցնել այլ վճարովի պաշտոն կամ կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

5) լրիվ գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով Երևան համայնքին պատճառած վնասի համար: Հիմնարկի տնօրենի լիազորությունների դադարեցումը հիմք չէ պատճառած վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ տնօրինում է հիմնարկի գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ է կնքում հիմնադրի անունից.

7) ներկայացնում է հիմնարկը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

8) գործում է առանց լիազորագրի.

9) տալիս է հիմնարկի անունից հանդես գալու լիազորագրեր.

10) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

11) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում է դրանց կատարումը.

12) աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հիմնարկի աշխատողներին.

13) հիմնարկի աշխատողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

14) արձակում է աշխատանքային իրավահարաբերություններից բխող հրամաններ հիմնարկի աշխատողներին արձակուրդ տրամադրելու (հետ կանչելու), նրանց գործուղումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում իր գործուղումների վերաբերյալ.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ։

 

V. ՀԻՄՆԱՐԿԻ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

23. Հիմնարկը չունի հիմնադրից առանձնացված գույք: Հիմնարկի գույքը սեփականության իրավունքով պատկանում է հիմնադրին:

24. Հիմնարկի գույքային իրավունքների օբյեկտներն են`

1) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

2) աշխատանքները և ծառայությունները.

3) տեղեկատվությունը.

4) ոչ նյութական բարիքները:

25. Հիմնարկի տիրապետմանն ու օգտագործմանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել հիմնարկին:

26. Հիմնարկի գույքը գտնվում է Երևան համայնքի պաշտպանության ներքո:

 

VI. ՀԻՄՆԱՐԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

27. Հիմնարկի գործունեությունը կարող է դադարել միայն հիմնադրի որոշմամբ:

28. Հիմնարկի հիմնադիրը կազմակերպության գործունեության դադարման մասին որոշմամբ նաև նշանակում է լուծարային հանձնաժողով, սահմանում լուծարման կարգն ու ժամկետները: Հիմնարկի լուծարման ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից:

29. Հիմնարկի գործունեությունը համարվում է դադարած` հիմնադրի սահմանած օրվանից:

 

Հավելված N 2

Երևան քաղաքի ավագանու

2025 թվականի նոյեմբերի 18-ի

N 456-Ա որոշման

 

«ԵՐԵՎԱՆԻ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

հ/հ

Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը

1

Վարչակազմ

2

Վերլուծության և կառավարման բաժին

3

ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման բաժին

4

Մշտադիտարկման կենտրոն

5

Վարչատնտեսական բաժին

ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

դրամ

 

հ/հ

Հաստիքների անվանումը

Հաստիքի քանակը

Հաստիքի ամսական պաշտոնային դրույքաչափը

Ընդամենը ամսական աշխատավարձը

1

2

3

4

5

Վարչակազմ

1

Տնօրեն

1

1,800,000

1,800,000

2

Փոխտնօրեն

1

1,700,000

1,700,000

3

Անձնակազմի կառավարման ղեկավար

1

600,000

600,000

4

Անձնակազմի հավաքագրման մասնագետ

1

550,000

550,000

5

Տնօրենի օգնական

1

400,000

400,000

6

Իրավաբան

1

650,000

650,000

7

Գլխավոր հաշվապահ

1

600,000

600,000

8

Հաշվապահ

1

450,000

450,000

 

Ընդամենը

8

 

6,750,000

Վերլուծության և կառավարման բաժին

1

Նախագծի ղեկավար

2

1,630,000

3,260,000

2

Տեխնոլոգիական ղեկավար (CTO)

1

1,755,000

1,755,000

3

Տվյալների գիտնական /AI մոդելավորող

1

1,500,000

1,500,000

4

Տվյալների վերլուծաբան / հետազոտող

2

1,350,000

2,700,000

5

Ճարտարագետ

3

650,000

1,950,000

 

Ընդամենը

9

 

11,165,000

ՏՏ ենթակառուցվածքի սպասարկման բաժին

1

Բաժնի պետ

1

1,350,000

1,350,000

2

IoT համակարգերի սպասարկման ղեկավար

1

1,200,000

1,200,000

3

ՏՏ ենթակառուցվածքի ադմինիստրատոր

1

850,000

850,000

4

ՏՏ անվտանգության մասնագետ

1

700,000

700,000

5

Տեխնիկական սպասարկման մասնագետ

6

655,000

3,930,000

 

Ընդամենը

10

 

8,030,000

Մշտադիտարկման կենտրոն

1

Բաժնի պետ

1

650,000

650,000

2

Ավագ օպերատոր

3

500,000

1,500,000

3

Մշտադիտարկման օպերատոր

18

350,000

6,300,000

4

Տրանսպորտային վերահսկող

6

340,000

2,040,000

 

Ընդամենը

28

 

10,490,000

Վարչատնտեսական բաժին

1

Բաժնի պետ

1

440,000

440,000

2

Տնտեսվար

1

286,000

286,000

3

Պահեստապետ

1

286,000

286,000

4

Էլեկտրիկ

1

286,000

286,000

5

Օժանդակ բանվոր

3

230,000

690,000

6

Վարորդ

2

286,000

572,000

7

Պահակ

8

230,000

1,840,000

8

Հավաքարար

2

230,000

460,000

 

Ընդամենը

19

 

4,860,000

Ընդհանուրը

74

 

41,295,000

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան