ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
19 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 130 |
քաղ. Մոսկվա |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ, ՈՐՈՆՑ ԲԱՑԹՈՂՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 120-ՐԴ ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ, ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԱՅԴՊԻՍԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ՆՇՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ ՀԱՅՏԱԳՐՎԱԾ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ԵՎ, ՄԻՆՉԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՐՈՇ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 20-րդ կետին և 324-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կցվող՝ այն ապրանքների համար, որոնց բացթողումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածին համապատասխան, ապրանքների հայտարարագրին վերաբերող մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների, այդպիսի հայտարարագրում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և նշված ապրանքների հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգում անցկացնելու կարգը։
2. Սահմանել որ էլեկտրոնային փաստաթղթի ձևավորումը և հայտարարատուին ուղարկումը կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետով նախատեսված նշումների կատարումը մաքսային մարմնի կողմից իրականացվում են ապրանքների հայտարարագրի գրանցման պահից 4 ժամվա ընթացքում, իսկ այն դեպքերում, երբ ԱՀ-ը գրանցվել է, երբ մինչև մաքսային մարմնի աշխատանքի ժամանակի ավարտվելուն մնացել է 4 ժամից պակաս ժամանակ՝ այդ մաքսային մարմնի աշխատանքի ժամն սկսվելու պահից 4 ժամվա ընթացքում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 130 որոշմամբ |
ԿԱՐԳ
այն ապրանքների համար, որոնց բացթողումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածին համապատասխան, ապրանքների հայտարարագրին վերաբերող մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների, այդպիսի հայտարարագրում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և նշված ապրանքների հայտարարագրում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգում անցկացնելու
1. Սույն կարգը սահմանում է այն ապրանքների համար, որոնց բացթողումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածին համապատասխան, ապրանքների հայտարարագրին վերաբերող մաքսային, այլ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների (այսուհետ՝ համապատասխանաբար՝ Միություն, Օրենսգիրք, ԱՀ), ԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի և ԱՀ-ում հայտագրված և (կամ) մաքսային մարմիններ ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների ստուգում անցկացնելու կարգը (այսուհետ՝ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում)։
2. Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումը կատարվում է սույն կարգին համապատասխան՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի հարցման անհրաժեշտություն ի հայտ գալու դեպքում՝ ԱՀ-ը գրանցելու պահից 4 ժամվա ընթացքում, իսկ այն դեպքերում, երբ ԱՀ-ը գրանցվել է, երբ մինչև մաքսային մարմնի աշխատանքի ժամանակի ավարտվելուն մնացել է 4 ժամից պակաս ժամանակ՝ այդ մաքսային մարմնի աշխատանքի ժամն սկսվելու պահից 4 ժամվա ընթացքում։
3. Այն դեպքում, երբ ԱՀ-ի ստուգման ընթացքում ի հայտ է եկել ԱՀ-ում հայտագրված տեղեկությունները հաստատող փաստաթղթերի հարցման անհրաժեշտություն, հայտարարատուին էլեկտրոնային փաստաթուղթ ուղարկելու կամ մինչև ԱՀ ներկայացնելը ապրանքների բացթողման մասին տեղեկություններ պարունակող թղթային կրիչով ներկայացված ԱՀ-ի վրա համապատասխան նշումներ կատարելու հետ միաժամանակ՝ մաքսային մարմինը հայտարարատուից պահանջում է այնպիսի փաստաթղթեր, բացառությամբ հետևյալ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների, որոնք ավելի վաղ ներկայացվել են ապրանքների բացթողման հայտի հետ միասին՝ մինչև ապրանքների հայտարարագիր ներկայացնելը (այսուհետ՝ հայտ) կամ կարող են ստացվել Օրենսգրքի 80-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝
ա) Օրենսգրքի 120-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված փաստաթղթեր (եթե հայտը ներկայացվել է թղթային կրիչով)․
բ) Օրենսգրքի 120-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթեր (եթե հայտը ներկայացվել է էլեկտրոնային փաստաթղթի ձևով)․
գ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված փաստաթղթերի մասին տեղեկություններ և (կամ) դրանցից տեղեկություններ։
4. Սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքում՝ սույն կարգի 3-րդ կետին համապատասխան՝ փաստաթղթերի հարցման հետ միաժամանակ մաքսային մարմնի կողմից կարող են հարցվել սույն կարգի 9-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։
Սույն կարգի 9-րդ կետի առաջին պարբերության մեջ նշված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հարցման դեպքում կիրառվում են սույն կարգի 10-15-րդ կետերի դրույթները։
5. Սույն կարգի 3-րդ կետին համապատասխան հարցվող փաստաթղթերը հայտարարատուի կողմից պետք է ներկայացվեն մաքսային մարմնի կողմից այդպիսի հարցում ուղարկելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
6. Եթե սույն կարգի 3-րդ կետին համապատասխան հարցվող փաստաթղթերը չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում, ապա փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտվում է փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը լրանալու օրը, իսկ եթե մինչև ԱՀ ներկայացնելը նշանակվել է մաքսային փորձաքննություն՝ մաքսային փորձաքննության արդյունքների ստացման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ (եթե մաքսային փորձաքննության արդյունքներն ստացվել են փաստաթղթերը ներկայացնելու ժամկետը լրանալուց հետո), ինչի մասին մաքսային մարմինը տեղեկացնում է հայտարարատուին՝ դրա ավարտման օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքների հիման վրա՝ այն ավարտվելու օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ մաքսային մարմինն իր տրամադրության տակ առկա տեղեկատվության հիման վրա որոշում է ընդունում ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին, որի ուղարկման (հանձնման) ձևը և կարգը սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 289 որոշմամբ հաստատված՝ ապրանքների հայտարարագրում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին կարգի V բաժնում (այսուհետ՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշում)։ Այս դեպքում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկում կատարելու բազան որոշվում է մաքսային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկությունների հիման վրա, իսկ ապրանքների դասակարգումն իրականացվում է՝ հաշվի առնելով Օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ կետը։
Այն դեպքում, երբ ապրանքի ծածկագիրը՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան, սահմանված է խմբավորման մակարդակով 10-ից պակաս նիշերի քանակով՝
մաքսատուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդպիսի խմբավորման մեջ ներառվող ապրանքներին համապատասխանող մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը
հարկերի հաշվարկման համար կիրառվում է ավելացված արժեքի հարկի դրույքաչափերից ամենամեծը, ակցիզների (ակցիզային հարկի կամ վճար) դրույքաչափերից ամենամեծը, որոնք համապատասխանում են այնպիսի խմբավորման մեջ ներառվող ապրանքներին, որոնց համար սահմանված է մաքսատուրքերի դրույքաչափերից ամենամեծը
հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում է այդպիսի խմբավորման մեջ ներառվող ապրանքներին համապատասխանող հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերից ամենամեծը՝ հաշվի առնելով սույն կետի ութերորդ և իններորդ պարբերությունները։
Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով Օրենսգրքի 4-րդ գլխին համապատասխան հաստատված ապրանքների ծագումից՝ հաշվի առնելով Օրենսգրքի 314-րդ հոդվածի դրույթները։
Այն դեպքում, երբ ապրանքների ծագման մասին փաստաթղթերի բացակայության հետ կապված հնարավոր չէ պարզել ապրանքների ծագումը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ միևնույն ծածկագրով դասակարգվող ապրանքների (եթե ապրանքի դասակարգումն իրականացվել է 10 նիշերի մակարդակով) կամ համապատասխան խմբավորման մեջ ներառված ապրանքների (եթե ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ին համապատասխան ապրանքների ծածկագրերը խմբավորման մակարդակով սահմանված են 10-ից պակաս նիշերի քանակով) համար սահմանված հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի ամենամեծ դրույքաչափերից:
Ապրանքների մասին ճշգրիտ տեղեկությունները հետագայում պարզվելու դեպքում մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը հաշվարկվում են՝ ելնելով այդպիսի ճշգրիտ տեղեկություններից, կատարվում է մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի՝ ավելի վճարված և (կամ) ավելի բռնագանձված գումարների վերադարձ (հաշվանցում) կամ չվճարված գումարների բռնագանձում՝ Օրենսգրքի 10-րդ և 11-րդ գլուխներին և 76-րդ ու 77-րդ հոդվածներին համապատասխան:
7. Այն դեպքում, երբ սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև մաքսային փորձաքննության արդյունքները (այն նշանակվելու դեպքում) հաստատում են ստուգվող տեղեկությունների հավաստիությունը և (կամ) լիարժեքությունը, փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտվում է փաստաթղթերը ներկայացնելու ամսաթվից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ (եթե մաքսային փորձաքննություն չի նշանակվել կամ դրա արդյունքներն ստացվել են մինչև փաստաթղթերը ներկայացնելը) կամ մաքսային փորձաքննության արդյունքները ստանալու ամսաթվից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ (եթե մաքսային փորձաքննության արդյունքներն ստացվել են փաստաթղթերը ներկայացնելուց հետո), ինչի մասին մաքսային մարմինը տեղեկացնում է հայտարարատուին դրա ավարտի օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
8. Այն դեպքում, երբ սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև մաքսային փորձաքննության արդյունքները (այն նշանակվելու դեպքում) չեն հաստատում ստուգվող տեղեկությունների հավաստիությունը և (կամ) լիարժեքությունը, փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտվում է փաստաթղթերը ներկայացնելու ամսաթվից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ (եթե մաքսային փորձաքննություն չի նշանակվել կամ դրա արդյունքներն ստացվել են մինչև փաստաթղթերը ներկայացնելը) կամ մաքսային փորձաքննության արդյունքները ստանալու ամսաթվից 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ (եթե մաքսային փորձաքննության արդյունքներն ստացվել են փաստաթղթերը ներկայացնելուց հետո), ինչի մասին մաքսային մարմինը տեղեկացնում է հայտարարատուին դրա ավարտի օրվան հաջորդող 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքների հիման վրա մաքսային մարմինը դրա ավարտի ամսաթվից 7 աշխատանքային օրվանից ոչ ուշ իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հիման վրա որոշում է ընդունում ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին։ Այս դեպքում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկումը սահմանվում է սույն կարգի 6-րդ կետի դրույթներին համապատասխան։
9. Մաքսային մարմինը սույն կարգի 3-րդ կետին համապատասխան հայտարարատուից հարցված փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ (բացառությամբ այն դեպքի, երբ այդպիսի փաստաթղթերը հարցվել են սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի հետ միաժամանակ՝ սույն կարգի 4-րդ կետին համապատասխան), իրավունք ունի հայտարարատուից հարցումով ստանալու առևտրային, հաշվապահական փաստաթղթեր, ապրանքի ծագման սերտիֆիկատ և (կամ) այլ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, այդ թվում՝ ԱՀ-ում հայտագրված ստուգվող տեղեկությունների և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունը և (կամ) լիարժեքությունը որոշելու (այսուհետ՝ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ) համար անհրաժեշտ գրավոր պարզաբանումներ հետևյալ դեպքերում՝
ա) մաքսային մարմնի կողմից հայտնաբերվել են մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի դրույթները և (կամ) Միության իրավունքը կազմող ակտերը, և (կամ) մաքսային կարգավորման վերաբերյալ Միության անդամ պետությունների օրենսդրությունը չպահպանելու հատկանիշներ.
բ) սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև հայտի հետ միասին ավելի վաղ ներկայացված փաստաթղթերը և (կամ) Օրենսգրքի 109-րդ հոդվածի 7-րդ կետի երրորդ պարբերությանը համապատասխան ներկայացված փաստաթղթերը չեն պարունակում անհրաժեշտ տեղեկություններ կամ պատշաճ կերպով չեն հաստատում ստուգվող տեղեկությունները․
գ) մաքսային մարմնի կողմից սույն կարգի 5-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերում պարունակվող տեղեկություններում հայտնաբերվել են ոչ հավաստի լինելու հատկանիշներ։
10. Հայտարարատուից փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հարցումը՝ սույն կարգի 9-րդ կետին համապատասխան, պետք է լինի հիմնավորված և պարունակի այն հատկանիշների ցանկը, որոնք վկայում են այն մասին, որ ԱՀ-ում հայտագրված տեղեկությունները և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունները պատշաճ կերպով չեն հաստատվել կամ կարող են լինել ոչ հավաստի, ինչպես նաև հարցվող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը:
Հարցվող փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ցանկը որոշվում է մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից՝ ելնելով ստուգվող տեղեկություններից, հաշվի առնելով ապրանքների հետ գործարքի պայմանները, ապրանքի բնութագրերը, դրա նշանակությունը, ինչպես նաև այլ հանգամանքներ:
11. Սույն կարգի 9-րդ կետին համապատասխան, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետով սահմանված դեպքում հարցվող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կամ այն պատճառների բացատրությունները, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, պետք է հայտարարատուի կողմից ներկայացվեն ԱՀ-ի գրանցման ամսաթվից 60 օրացուցային օրվանից ոչ ուշ։
12. Եթե սույն կարգի 11-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կամ այն պատճառների բացատրությունները, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, չեն վերացնում փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու հիմքերը, մաքսային մարմինը՝ մինչև սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, լրացուցիչ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հարցման իրավունք ունի, որոնք անհրաժեշտ են ԱՀ-ում հայտագրված ստուգվող տեղեկությունների և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն ու լիարժեքությունը որոշելու համար:
Այդպիսի լրացուցիչ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները պետք է ներկայացվեն համապատասխան հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
Սույն կետին համապատասխան լրացուցիչ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելու մասին հարցում ուղարկվելու դեպքում սույն կարգի 13-րդ կետում նշված ժամկետի տևողությունը կասեցվում է այդ հարցումը մաքսային մարմնի կողմից գրանցվելու օրվանից և վերսկսվում է մաքսային մարմնի կողմից լրացուցիչ փաստաթղթերը և (կամ) տեղեկություններն ստացվելու օրվանից, իսկ դրանք չներկայացվելու դեպքում՝ դրանք ներկայացնելու ժամկետը լրանալու օրվանից:
13. Եթե փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հարցումը կատարվել է սույն կարգի 9-րդ կետին համապատասխան, ապա փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտվում է փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները ներկայացվելու ամսաթվից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ, իսկ եթե սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետում այդպիսի փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն ներկայացվել, ապա այդ ժամկետը լրանալու ամսաթվից, բացառությամբ այն դեպքի, երբ նշանակվել է մաքսային փորձաքննություն և (կամ) հարցում է ուղարկվել Օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և այդ փորձաքննության արդյունքները և (կամ) այդ հարցման պատասխանը նշված ժամկետում չեն ստացվել։
Այն դեպքում, երբ նշանակվել է մաքսային փորձաքննություն, և դրա արդյունքները չեն ստացվել՝ մինչև սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետը լրանալը, փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտվում է այդպիսի փորձաքննության արդյունքներն ստանալու ամսաթվից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ:
Այն դեպքում, երբ հարցում է ուղարկվել Օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան և հարցման պատասխանը չի ստացվել՝ մինչև սույն կետի առաջին պարբերության մեջ նշված ժամկետը լրանալը, փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտվում է հարցման պատասխանը ստացվելու ամսաթվից 30 օրացուցային օրվանից ոչ ուշ կամ այդպիսի պատասխան ստանալու այն ժամկետը լրանալու ամսաթվից, որը սահմանված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին համապատասխան նախատեսված՝ ներմուծվող ապրանքների ծագումը որոշելու կանոններով։
14. Այն դեպքում, երբ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքների հիման վրա հաստատվել են մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի դրույթների և (կամ) Միության իրավունքը կազմող ակտերի, և (կամ) մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետության օրենսդրության, ստուգվող տեղեկությունների հավաստիության և (կամ) ամբողջականության պահպանումը և (կամ) վերացվել են փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու հիմքերը, ինչպես նաև սույն կարգի 15-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերությունների մեջ նշված դեպքերում մաքսային մարմինը հայտարարատուին տեղեկացնում է փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտվելու մասին՝ դրա ավարտման ամսաթվից 1 աշխատանքային օրվանից ոչ ուշ։
15. Փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգման արդյունքներով՝ այն ավարտվելու ամսաթվից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ մաքսային մարմինը՝ իր տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա, ընդունում է ԱՀ-ում հայտագրված տեղեկություններում փոփոխություններ (լրացումներ) կատարելու մասին որոշում հետևյալ դեպքերում՝
սույն հոդվածի 9-րդ կետին համապատասխան հարցված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները, կամ այն պատճառների բացատրությունները, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել, և (կամ) բացակայում են, չեն ներկայացվել սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ժամկետում
ներկայացված փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները կամ այն պատճառների բացատրությունները, որոնց հիման վրա այդ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները չեն կարող ներկայացվել և (կամ) բացակայում են, և (կամ) մաքսային փորձաքննության արդյունքները (այն նշանակվելու դեպքում) և (կամ) Օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ուղարկված (այն ուղարկվելու դեպքում) հարցման պատասխանը չեն հաստատում մաքսային իրավահարաբերությունները կարգավորող միջազգային պայմանագրերի դրույթների և (կամ) Միության իրավունքը կազմող ակտերի, և (կամ) մաքսային կարգավորման մասին Միության անդամ պետության օրենսդրության, ստուգվող տեղեկությունների հավաստիության և (կամ) ամբողջականության պահպանումը և (կամ) չեն վերացնում փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու հիմքերը։
Սույն կետի երկրորդ և երրորդ պարբերությունների մեջ նշված դեպքերում վճարման ենթակա մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման բազան որոշվում է սույն կարգի 6-րդ կետի դրույթներին համապատասխան։
16. Սույն կարգի 3-րդ, 9-րդ և 12-րդ կետերին համապատասխան հարցվող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները հայտարարատուի կողմից պետք է ներկայացվեն մեկ լրակազմով (միաժամանակ)՝ յուրաքանչյուր հարցման համար:
Մաքսային մարմնի կողմից հարցված փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների հետ միաժամանակ հայտարարատուի կողմից կարող են ներկայացվել այլ փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ՝ ԱՀ-ում հայտագրված տեղեկությունների և (կամ) այլ փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն ու լիարժեքությունը հաստատելու նպատակով:
17. Սույն կարգի 3-րդ, 9-րդ և 12-րդ կետերին համապատասխան՝ հայտարարատուի կողմից փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ ներկայացնելու մասին հարցումը և փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգումն ավարտվելու մասին տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով ուղարկվում են մաքսային մարմնի կողմից Օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված եղանակներով, իսկ էլեկտրոնային եղանակով հարցումն ուղարկելու տեխնիկական հնարավորության բացակայության դեպքում այն ստորագրմամբ հանձնվում է հայտարարատուին՝ թղթային կրիչով փաստաթղթի ձևով։ Եթե նման փաստաթուղթը հնարավոր չէ հանձնել ստորագրմամբ, ապա այն ուղարկվում է դրա ստանալու փաստը հաստատելու հնարավորություն տվող՝ այլ եղանակով։
18. Այն դեպքում, երբ մաքսային մարմինը հայտարարատուի կողմից տեղեկացվել է ԱՀ-ը ներկայացնելու պահին իրեն հայտնի՝ փաստացի տեղեկություններին ԱՀ-ում հայտագրվող ապրանքների մասին տեղեկությունների և հայտում պարունակվող տեղեկությունների անհամապատասխանության մասին, մաքսային մարմինը փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ստուգում անցկացնելու ժամանակ հաշվի է առնում նշված տեղեկատվությունը։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: