ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2025 թվականի N 1611-Ա
«ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ Թ. 1 ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ Թ. 1 ՀԱՏՈՒԿ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 278.210.03402) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» (պետական գրանցման համարը՝ 222.210.960164) պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
2. Սահմանել, որ՝
1) «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Էրեբունի Վարդաշեն 6-րդ փողոցի 68/2 հասցեում գտնվող՝ 4890.4 քառ. մետր մակերեսով կրթահամալիրը, 234.0 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 30.2 քառ. մետր մակերեսով ավտոտնակը, 6.3 քառ. մետր մակերեսով պահակատունը, 16.6 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, 12.4 քառ. մետր (27.28 խոր. մ) մակերեսով պարիսպը, 77.4 քառ. մետր (270.9 խոր. մ) մակերեսով պարիսպը և դրանց զբաղեցրած՝ սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 1.080243 հեկտար մակերեսով հողատարածքը (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 14122016-01-0214 վկայական) հետ վերցնել «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը (այսուհետ՝ կոմիտե):
4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Հանրապետական թ.1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացումը (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց) և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը, հաստատել փոխանցման ակտը, գույքի կազմն ու արժեքը, միացման պայմանագիրը, միացման կարգը և պայմանները, ինչպես նաև «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փոփոխված կանոնադրությունը.
2) սույն կետի 1-ին ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարեցման և «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը.
3) սույն կետի 2-րդ ենթակետի աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում՝ ապահովել «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի հանձնումը «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և հաստատել հանձնման-ընդունման ակտը:
5. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Երևան քաղաքի Էրեբունի Վարդաշեն 6-րդ փողոցի 68/2 հասցեում գտնվող անշարժ գույքի համար «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2020 թվականի հուլիսի 30-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 47/0020 պայմանագիրը: Պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքների դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
6. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2003 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված հողամասի անհատույց օգտագործման N 59/1 ԳԱ պայմանագիրը: Պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքների դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման «Հանրապետական թ. 1 հատուկ կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
14.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |