ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
11 նոյեմբերի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 132-Ա |
«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով), ուսումնասիրելով 2025 թվականի հոկտեմբերի 15-ին դիմումի հիման վրա հարուցված թիվ 9 վարչական վարույթի նյութերը, պարզեց.
2025 թվականի հոկտեմբերի 15-ին Հանձնաժողով մուտքագրված «Ավրորանյուզ» գլխավոր խմբագիր Դավիթ Ջալալյանի (այսուհետ՝ Դիմումատու) դիմումում նշված է «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Հեռարձակող կամ Ընկերություն) կողմից փաստացի հեռարձակում չիրականացնելու փաստի վերաբերյալ։
Դիմումատուն հոկտեմբերի 15-ի դիմումով հայտնել է, որ «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզում՝ Զովաշեն-94․0 Մհց, Վեդի-94․7 Մհց և Արտաշատ-94․3 Մհց հաճախականություններով փաստացի հեռարձակում չի իրականացվում։
Հանձնաժողովը, հիմք ընդունելով դիմումը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, 2025 թվականի հոկտեմբերի 15-ին Ընկերության նկատմամբ հարուցել է թիվ 9 վարչական վարույթը։
Հարուցված վարչական վարույթի վերաբերյալ Հանձնաժողովը 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ Ե/04/04․1/832-25 գրությամբ ծանուցել է Դիմումատուին։
Հանձնաժողովը հարուցված վարչական վարույթի վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ Ե/04/04․1/833-25 գրությամբ ծանուցել է նաև Հեռարձակողին և հայտնել, որ այս հարցի շուրջ կարող են ներկայացնել իրենց պարզաբանումները և բացատրությունները:
Հեռարձակողը նշված գրության և հարուցված վարչական վարույթի վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ներկայացրել է պարզաբանում, որում մասնավորապես նշել է․
«(․․․) Սույն թվականի սեպտեմբերի վերջին տեխնիկական խափանման են ենթարկվել մեր հեռարձակման համակարգի հիմնական սարքավորումները, մասնավորապես՝ IP ձայնի կոդավորիչ (Barix Instreamer) և վերծանիչ (Barix Exstreamer) սարքերը, որոնք ապահովում են ձայնային ազդանշանի փոխանցումը դեպի հեռարձակման կետեր։ Նշված խափանման հետևանքով ստեղծվել է հեռարձակում իրականացնելու տեխնիկական անհնարինություն, ինչն էլ հանդիսացել է նշված հաճախականություններով հեռարձակում չիրականացնելու պատճառ։
Տեղեկացնում ենք նաև, որ խնդրի հայտնաբերումից անմիջապես հետո Ընկերությունն արդեն իսկ պատվիրել է նոր սարքավորումներ խափանված սարքավորումները փոխարինելու և հեռարձակումը վերականգնելու նպատակով։
Հավաստիացնում ենք, որ նոր սարքավորումները ստանալուն և տեղադրելուն պես «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությունն անհապաղ կվերսկսի բնականոն հեռարձակումը վերոգրյալ հաճախականություններով։»։
Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.
Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովն արձանագրում է.
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Հայաստանի Հանրապետության տեսալսողական մեդիայի մասին օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Տեսալսողական մեդիայի մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին», «Լեզվի մասին», «Գովազդի մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրքը, կարգավորող պետական մարմնի իրավական ակտերը, տեսալսողական մեդիայի ոլորտը կարգավորող այլ իրավական ակտեր և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը։»:
Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ տեսալսողական մեդիածառայություն մատուցող (այսուհետ՝ Հեռարձակող, լսողական մեդիածառայություն մատուցող՝ Լսողական ծրագրեր հեռարձակող)՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրած կազմակերպություն կամ կարգավորող պետական մարմնի հեղինակազորած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը կազմում և սպառողին է ներկայացնում տեսալսողական տեղեկատվություն և խմբագրական պատասխանատվություն է կրում տեսալսողական արտադրանքի բովանդակության համար.
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ կարգավորող պետական մարմինը` Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։
Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։
Հիմք ընդունելով տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրությունը, ինչպես նաև վերոգրյալ իրավական հիմնավորումները՝ Հանձնաժողովն արձանագրում է․
Հեռարձակողը պարտավոր էր պահպանել Օրենքի սահմանող դրույթները։
Քննարկվող համատեքստում հատկանշական է, որ Հեռարձակողը 2021 թվականի մայիսի 28-ից հանդիսանում է Հանձնաժողովի կողմից լիցենզավորված անձ (սփռման տարածքը՝ ՀՀ Արարատի մարզ, լիցենզիայի գործողության ժամկետը, սերիան և համարը՝ ԵՀ N 313, 28.05.2021թ.-28.05.2028թ.)։
Հեռարձակողը պետք է հաշվի առնի, որ օրենքներով հստակ սահմանվում են իրավական նորմեր, որոնց չպահպանելն առաջացնում է իրավական հետևանքներ, և, ի թիվս այլնի, Հեռարձակողը պատասխանատվություն է կրում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների կիրարկման ապահովման համար։
Այսպես, հիմք ընդունելով Օրենքի դրույթները և ձեռք բերված փաստերը՝ արձանագրում ենք․
«ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության կողմից Արարատի մարզում՝ Զովաշեն-94․0 Մհց, Վեդի-94․7 Մհց և Արտաշատ-94․3 Մհց հաճախականություններով փաստացի 24 ժամ շարունակ հեռարձակում չի իրականացվել։
Հանձնաժողովն ուսումնասիրել է Հեռարձակողի կողմից ներկայացված պարզաբանումները, ըստ որի՝ հեռարձակման համակարգի հիմնական սարքավորումները տեխնիկական խափանման են ենթարկվել, և Արարատի մարզում՝ Զովաշեն-94․0 Մհց, Վեդի-94․7 Մհց և Արտաշատ-94․3 Մհց հաճախականություններով հեռարձակում չի իրականացվել։ Սակայն սույն պատճառաբանությունները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի դրույթով սահմանված իրավախախտումը չարձանագրելու և պատասխանատվության միջոց չկիրառելու համար:
Վերոգրյալից ելնելով՝ Հանձնաժողովն արձանագրում է, որ առկա է Հեռարձակողի լիցենզիայի գործողությունը կասեցնելու իրավական հիմք, քանի որ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել լսողական հաղորդումների հեռարձակումը։
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ կարգավորող պետական մարմինը` Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։
Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք.
3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.
4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Հեռարձակողի հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցվում է, եթե` լիցենզիա ստացած Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի 24 ժամ շարունակ չի ապահովել տեսալսողական հաղորդումների հեռարձակում։
Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը:
Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«Լիցենզիայի գործողության կասեցումը որոշակի ժամկետով կամ որոշակի պայմաններով լիցենզավորված անձին լիցենզավորման ենթակա գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կամ լիցենզիայով վերապահված առանձին գործողություններն իրականացնելու իրավունքից ժամանակավորապես զրկումն է:»։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, 55-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 58-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը, «Լիցենզավորման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերության նկատմամբ կիրառել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողությունը կասեցնել` 20 քսան օր ժամկետով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԷՖ ԹԻՎԻ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
4. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան:
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2025 թ. նոյեմբերի 11 ք. Երևան |