ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4521-Ա |
«06» նոյեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Սիփան Գալստյանի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Դ-110836-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Դ-110836-25 դիմումի քննության կապակցությամբ 2025 թվականի հոկտեմբերի 31-ին, ժամը 15.00-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է դիմումատու Սիփան Գալստյանը:
Ուսումնասիրելով 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Դ-110836-25, ինչպես նաև ի լրումն ներկայացված՝ թիվ Դ-111891-25 դիմումներն ու դրանց կից ներկայացված նյութերը, 2025 թվականի հոկտեմբերի 31-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Դ-110836-25 դիմումով, ինչպես նաև լսումների ընթացքում ներկայացված դիրքորոշմամբ Սիփան Գալստյանը խնդրել է փոխհատուցել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին Երևան քաղաքի Տերյան փողոցում իր սեփականությունը հանդիսացող «Honda CBR-600RR» մակնիշի «AG 267» հաշվառման համարանիշի մոտոցիկլով վթարի ենթարկվելու արդյունքում առաջացած վնասը՝ 250.000-300.000 (երկու հարյուր հիսուն հազարից-երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: Վարույթի լսումների ժամանակ Սիփան Գալստյանը, որպես նկարագրված պատահարը տեղի ունենալու պատճառ, նշել է ճանապարհի տվյալ հատվածում շինարարական աշխատանքներ իրականացնելն ու տարածքը նախազգուշացնող նշաններով կահավորված չլինելը:
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից Շահեն Խաչատրյանի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 4-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 832413 արձանագրությունը, որի համաձայն՝ նշված օրը Սիփան Գալստյանի վարած «Honda CBR-600RR» մակնիշի «AG 267» հաշվառման համարանիշի երկանիվ մոտոցիկլի մասնակցությամբ Երևան քաղաքի Տերյան փողոցից դեպի Կորյունի փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ինքնավթար, ինչի կապակցությամբ նաև կազմվել է պատահարի վայրի սխեմա, որտեղ ուրվագծված է պատահարի վայրում առկա փոսը:
2024 թվականի հոկտեմբերի 16-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB999585 վկայագրի համաձայն՝ «Honda CBR-600RR» մակնիշի «AG 267» հաշվառման համարանիշի երկանիվ մոտոցիկլը հանդիսանում է Սիփան Գալստյանի սեփականությունը:
2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Դ-110836-25 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում Սիփան Գալստյանի կողմից չեն ներկայացվել «Honda CBR-600RR» մակնիշի «AG 267» հաշվառման համարանիշի երկանիվ մոտոցիկլի մասնակցությամբ ինքնավթարը տեղի ունենալու հանգամանքների, փոխադրամիջոցի վնասվածքներն առաջանալու պատճառների, ինչպես նաև պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող և պատահարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներին համապատասխան կանխելու անհնարինության վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը: Ինչ վերաբերում է վնասը 250.000-300.000 (երկու հարյուր հիսուն հազարից-երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով ներկայացնելուն, ապա, ըստ թիվ Դ-111891-25 դիմումի, դրա համար հիմք է ընդունվել համապատասխան մասնագետի խորհրդատվությունը, ինչը քննարկվող պարագայում ապացուցման ենթակա փաստերի գնահատման համար ապացուցողական նշանակություն չունի, քանի որ իրենից ներկայացնում է բանավոր տեղեկություն:
2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Դ-110836-25 դիմումի ուսումնասիրության շրջանակներում Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 13-ին տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 4-ին, դիմումում նշված հասցեում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա որոշմամբ սահմանվել են ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները, որի 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ ջրահեռացման համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքներն ապահովելու համար ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունը կազմակերպում է ցանցերի և կառուցվածքների աշխատանքի խախտումների ու վթարների պատճառների վերլուծությունը և մշակում միջոցառումներ՝ դրանք կանխելու և վերացնելու համար:
«Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան (բացառությամբ սույն հոդվածի երրորդ պարբերության «ե» և «ե.1» կետերով նախատեսված դեպքերի), շինարարության թույլտվության հիման վրա: Նույն հոդվածի 4-րդ մասի «բ» կետի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:
Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, հետևաբար քննարկվող պարագայում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված ենթադրաբար անվտանգ երթևեկություն ապահովված չլինելու պատճառով ինքնավթար տեղի ունենալու արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման հարցում ևս Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Դ-110836-25 դիմումում նկարագրված պատահարում Երևանի քաղաքապետարանի պայմանական մեղավորության դիտարկումը ենթադրում է պատահարի վայրում ճանապարհի երթևեկելի մասում առկա փոսի հարակից հատվածը համապատասխան նախազգուշացնող նշաններով կահավորած չլինելու և այդ հատվածում անվտանգ երթևեկությունը չապահովելու հանգամանքների քննարկում, ինչը տվյալ պարագայում հիմնավորված չէ, քանի որ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունն իրականացնելով վթարավերականգնողական աշխատանքներ կրել է պարտավորություն տարածքն ապահովել համապատասխան կահավորանքով, իսկ ճանապարհի անվտանգ երթևեկությունն ապահովելու գործառույթը վերապահված է այլ վարչական մարմնին: Նշվածի համատեքստում՝ առանցքային նշանակություն ունի այն հարցերի պարզումը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված է եղել քննարկվող պատահարին հանգեցրած ապօրինի գործողություն կամ անգործություն, թե՞ ոչ, արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, թե՞ ոչ և արդյո՞ք պահանջված վնասը հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:
Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Դ-110836-25 դիմումին կից, ի լրումն ներկայացված թիվ Դ-111891-25 դիմումին կից և վարույթի ընթացքում չեն ներկայացվել «Honda CBR-600RR» մակնիշի «AG 267» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի մասնակցությամբ ինքնավթարի հանգամանքների փորձաքննության, վթարը կանխելու անհնարինության, այդ թվում՝ պատահարին նախորդած ժամանակահատվածում փոխադրամիջոցի արագության վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից կազմված փորձագիտական եզրակացություններ, փոխադրամիջոցի վնասվածքների հետքաբանական և առաջացած վնասի ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի՝ նշված ինքնավթարի պատճառ հանդիսացած գործոններում դրսևորած ենթադրյալ գործողությունը կամ անգործությունը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Դ-110836-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2025 թվականի հոկտեմբերի 4-ին «Honda CBR-600RR» մակնիշի «AG 267» հաշվառման համարանիշի երկանիվ մոտոցիկլի մասնակցությամբ ինքնավթարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, փոսի առկայությամբ պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ գործողությունը կամ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, հաշվի առնելով, որ պատահարի վայրում փոսի առկայությունը, ըստ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 13-ին տրամադրված տեղեկատվության, պայմանավորված է եղել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացված վթարավերականգնողական աշխատանքներով, ինչպես նաև նկատի ունենալով, որ չեն ներկայացվել անհրաժեշտ փորձագիտական եզրակացությունները, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա որոշման դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Սիփան Գալստյանի 2025 թվականի հոկտեմբերի 7-ի թիվ Դ-110836-25 դիմումով ներկայացված՝ վնասի հատուցման պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
|
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ, ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ |
Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|