ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
6 օգոստոսի 2024 թվականի |
թիվ 94 |
քաղ. Մոսկվա |
ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով), Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, քննել է արդյունաբերական նպատակով օգտագործվող՝ ջրի մաքրման քիմիական ռեագենտների իրացման անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով (այսուհետ՝ գործ) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության վերաբերյալ հարցը։
Գործի նյութերի քննության արդյունքներով, հիմնվելով Եվրասիական տնտեսական միության իրավունքի կազմում ընդգրկվող՝ մրցակցության ոլորտում միջազգային պայմանագրերի և ակտերի դրույթների վրա, ուսումնասիրելով գործի փաստական հանգամանքները և գործի քննության հարցերով հանձնաժողովի եզրահանգումները, որոնք, հավելվածի համաձայն, ներկայացված են սույն որոշման նկարագրական և պատճառաբանական մասերում, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և նշանակման կարգով (այսուհետ՝ Տուգանքների հաշվարկման մեթոդիկա և նշանակման կարգ), Հանձնաժողովի կոլեգիան որոշեց․
1. Ճանաչել՝
ա) «Մագնիտոգորսկի քիմիական ռեագենտների գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն, Չելյաբինսկի մարզ, քաղ. Մագնիտոգորսկ, Կիրովի փող., 104 շ., շին. 2, ՊԳՀՀ՝ 1167456057108, գրանցման ամսաթիվը՝ 9 փետրվարի 2016 թ., ՀՎՆՀ՝ 7456030614) և դրա պաշտոնատար անձանց՝ Վ.Վ. Սկոբիոլայի և Դ.Շ. Գատինի գործողություններում Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների խախտման բացակայությունը։ Նշված անձանց նկատմամբ գործի քննությունը կարճել:
բ) (ենթակետը չեղարկվել է ԵՏՀԿ 13.05.25 թիվ 42)
գ) (ենթակետը չեղարկվել է ԵՏՀԿ 13.05.25 թիվ 42)
(1-ին կետը փոփ.13.05.25 թիվ 42)
2. (կետը չեղարկվել է ԵՏՀԿ 13.05.25 թիվ 42)
3. (կետը չեղարկվել է ԵՏՀԿ 13.05.25 թիվ 42)
4. (կետը չեղարկվել է ԵՏՀԿ 13.05.25 թիվ 42)
5. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Եվրասիական տնտեսական միության դատարան։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 94 որոշման |
ՆԿԱՐԱԳՐԱԿԱՆ ԵՎ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 94 որոշման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2021 թվականի հունիսի 16-ի ա/հ-ի նամակով (2021 թվականի հունիսի 17-ի մտից թիվ 11063) ստացել է «ՏեխնոԽիմՌեագենտԲել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Բելառուսի Հանրապետություն, Գրոդնոյի մարզ, քաղ. Գրոդնո, Ձերժինսկու փող., 116Ա շ., ԳՀ՝ 590831274, գրանցման ամսաթիվ՝ 30 սեպտեմբերի 2011 թ., ՎՀՀ՝ 590831274) (այսուհետ՝ դիմումատու) դիմումը՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների խախտման հնարավոր հատկանիշների առկայության և այդ խախտումը կանխելու անհրաժեշտության մասին (այսուհետ՝ դիմում)։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների խախտման հատկանիշների վերացմանը և անդրսահմանային շուկաներում մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների կատարման վերաբերյալ առաջարկի նախագիծը մշակելու ու այն անհատ ձեռնարկատեր Ե.Ա. Կուրկոյին (այսուհետ՝ ԱՁ Ե.Ա. Կուրկո) և «Մագնիտոգորսկի քիմիական ռեագենտների գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Ռուսաստանի Դաշնություն, Չելյաբինսկի մարզ, քաղ. Մագնիտոգորսկ, Կիրովի փող., 104 շ., շին. 2, ՊԳՀՀ՝ 1167456057108, գրանցման ամսաթիվը՝ 9 փետրվարի 2016 թ., ՀՎՆՀ՝ 7456030614) (այսուհետ՝ «ՄՔՌԳ» ՍՊԸ) ուղարկելու առնչությամբ 2021 թվականի հուլիսի 14-ին Հանձնաժողովը թիվ 46/որոշ. որոշմամբ դիմումի քննությունը կասեցրել է։
2021 թվականի հուլիսի 15-ին ուժի մեջ է մտել ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը (ստորագրվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին 2019 թվականի հոկտեմբերի 1-ին), որը նախատեսում է տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներին) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության և (կամ) այդպիսի խախտման հատկանիշների առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու և այդ գործողությունների (անգործության) հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու մասին նախազգուշացում տալու լիազորություններով Հանձնաժողովին օժտելը։ Նշված փոփոխությունների ուժի մեջ մտնելը հանգեցրել է առաջարկներ ներկայացնելու մեխանիզմի դադարեցմանը և նախազգուշացման ինստիտուտի գործողության մեկնարկին։
Պայմանավորված դրանով՝ «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ՝ Արձանագրություն) 131-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) քննության կարգին համապատասխան, Արձանագրության 132–րդ կետով սահմանված դեպքերի բացակայությամբ պայմանավորված՝ այն գործողությունները կանխելու նպատակով, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցություն թույլ չտալուն, դրա սահմանափակմանը, վերացմանը, 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 70/որոշ. որոշմամբ դիմումի քննությունը վերսկսվել և կասեցվել է մրցակցության վիճակի գնահատում կատարելու, մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ պարունակող գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության և (կամ) այդպիսի խախտման հատկանիշների առաջացմանը նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու և այդ գործողությունների (անգործության) հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ նախազգուշացումը մշակելու, տալու և կատարելու ժամանակահատվածի համար։
2022 թվականի մարտի 16-ին ԱՁ Ե.Ա. Կուրկոյի և «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի նկատմամբ Հանձնաժողովը կայացրել է թիվ 6 նախազգ. նախազգուշացումը այն գործողությունները կանխելու մասին, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցություն թույլ չտալուն, դրա սահմանափակմանը, վերացմանը։
Նշված նախազգուշացմամբ նախատեսված միջոցներն այն անձանց կողմից չկատարելու պատճառով, որոնց գործողություններում դիտարկվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հնարավոր հատկանիշներ, 2022 թվականի հունիսի 24-ին դիմումի ուսումնասիրությունը վերսկսվել է և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացման կարգի (այսուհետ՝ Քննության անցկացման կարգ) 3-րդ կետի 1-ին ենթակետին, Արձանագրության 10-րդ կետի 4-րդ ենթակետին և 12-րդ կետին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան՝ տվյալ անձանց նկատմամբ նշանակվել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման քննության անցկացում (այսուհետ՝ քննություն), որի մասին կայացվել է 2022 թվականի հունիսի 24-ի թիվ 29/որոշ. որոշումը։
Քանի որ բավարար չեն այն տեղեկությունները, որոնք թույլ են տալիս եզրահանգել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին, Հանձնաժողովը քննության անցկացման ժամկետը երկարացնելու մասին 2022 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 57/որոշ․ որոշմամբ, Քննության անցկացման կարգի 6-րդ կետին համապատասխան, քննության անցկացման ժամկետը երկարացրել է 60 աշխատանքային օրով։
2023 թվականի հունվարի 25-ին թիվ 9/որոշ. որոշմամբ Հանձնաժողովը քննության արդյունքներով հարուցել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործը (այսուհետ՝ գործ), և ստեղծել է դրա քննության հարցերով հանձնաժողով՝ հետևյալ կազմով.
գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Ա.Գ. Սուշկևիչ,
գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա.Ա. Կալիև,
գործի քննության հարցերով հանձնաժողովի անդամներ՝ Ա.Բ. Աբդիլդաևա, Օ.Ս. Կորոլկովա և Ս.Ս. Սումենկով։
Գործի քննությանը մասնակցած անձինք՝
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների ներկայացուցիչներ, որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ). Յու.Վ. Վելտեր, Ա.Վ. Վոյնո, Տ.Վ. Զուբկովա և Յա.Վ. Սկլյարովա.
դիմումատուի՝ լիազորագրերով ներկայացուցիչներ՝ Ա.Գ. Մատվեև, Կ.Ի. Տրուխանով և Ա.Ն. Տրուշկով.
պատասխանողներ՝
ԱՁ Ե.Ա. Կուրկո և նրա՝ լիազորագրով ներկայացուցիչ Կ.Ա. Կուզնեցով. «ՄՔՌԳ» ՍՊԸ և դրա պաշտոնատար անձինք՝ Վ.Վ. Սկոբիոլա և Դ.Շ. Գատին։
Ընդ որում, «ՄՔՌԳ» ՍՊԸ-ն և դրա պաշտոնատար անձինք՝ Վ.Վ. Սկոբիոլան և Դ.Շ. Գատինը (դրա ներկայացուցիչները), որոնք պատշաճ ծանուցվել են գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստի անցկացման ժամի և վայրի մասին, բացակայել են, չներկայանալու պատճառների մասին չեն հայտնել։
Որոշում կայացնելու համար լրացուցիչ տեղեկություններ (տեղեկատվություն) ստանալու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործի քննության ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով, որի մասին կայացվել է 2023 թվականի ապրիլի 14-ի թիվ 36/որոշ. որոշումը։
Հանձնաժողովը, այդ թվում՝ նիստերի շրջանակներում, հարցմամբ գրավոր պահանջել է տեղեկություններ (տեղեկատվություն) անդամ պետությունների մարմիններից, ֆիզիկական և իրավաբանական անձանցից, գործի քննությանը մասնակցող անձանցից, այդ թվում՝ պատասխանողներից՝ դիմումի մեջ շարադրված և գործի նյութերում առկա փաստերի մասին։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկայում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի քննության կարգի (այսուհետ՝ Գործերի քննության կարգ) 23-րդ կետին համապատասխան՝ 2023 թվականի հուլիսի 11-ին գործի քննության հարցերով հանձնաժողովի նախագահ Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննության ավարտի մասին:
Գործի նյութերի քննության արդյունքներով պարզվել է հետևյալը։
Արձանագրությանը, Քննության անցկացման կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան՝ Հանձնաժողովն անցկացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի համապատասխան գնահատումը։
Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության վիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում արված հիմնական եզրահանգումները շարադրված են այն մասով, որով չեն խախտվում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները։
Մեթոդիկայի II բաժնի դրույթների համաձայն՝ շուկայի ուսումնասիրման ժամանակային միջակայքը սահմանվել է 2017 թվականից մինչև 2022 թվականը։
Մեթոդիկայի 4-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքների խախտումները քննելիս մրցակցության վիճակի գնահատումը կարող է սահմանափակվել ապրանքի նախնական որոշմամբ, որն անցկացվում է Մեթոդիկայի 15-րդ կետին համապատասխան։
Գործի նյութերում առկա համաձայնությունների (կոնտրակտների, պայմանագրերի), ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում ընդունված տնտեսական գործունեության, արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների դասակարգիչների ու գործի այլ նյութերի վերլուծության արդյունքներով իրականացվել է ապրանքի նախնական որոշում, և որպես ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմաններ սահմանվել է արդյունաբերական նպատակով օգտագործվող՝ ջրի մաքրման քիմիական ռեագենտների իրացման շուկան (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքային շուկա, ապրանք)։
Անդամ պետությունների օրենսդրության վերլուծության արդյունքների հիման վրա պարզվել է, որ ապրանքի իրացման գործունեությունը չի լիցենզավորվում։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ) 2-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների կիրառման նպատակներով շուկան անդրսահմանային է համարվում, եթե ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններն ընդգրկում են 2 և ավելի անդամ պետությունների տարածքներ։ Չափորոշիչների 3-րդ կետով սահմանվել է, որ տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքների խախտումները կանխում է Հանձնաժողովը, եթե տնտեսավարող սուբյեկտը, որի գործողությունները խախտում են սահմանված արգելքը, և մրցակից տնտեսավարող սուբյեկտը, որին այդպիսի գործողությունների կատարման արդյունքում վնաս է պատճառվել, կամ կարող է վնաս պատճառվել, կամ պատճառվել է կամ կարող է վնաս պատճառվել գործարար համբավին, գրանցված են տարբեր անդամ պետությունների տարածքներում։
Ապրանքային շուկայի՝ չափորոշիչներին համապատասխանությունը և Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված խախտումները կանխելու Հանձնաժողովի լիազորությունների առկայությունը պարզելու նպատակով ապրանքային շուկայի աշխարհագրական սահմանները որոշելիս, Մեթոդիկայի 26-րդ կետին համապատասխան, վերլուծվել և սահմանվել են այդ թվում ապրանքի արտադրության և իրացման տարածքները (վաճառողների և գնորդների գտնվելու վայրը), ներառյալ՝ մեկ անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքի մատակարարման տարածքները և ապրանք արտադրող և (կամ) իրացնող տնտեսավարող սուբյեկտները, ինչպես նաև նրանց մրցակցային հարաբերությունները։
Այսպես՝ գործի նյութերի, այդ թվում՝ դիմումատուի և պատասխանողների պարզաբանումների, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի (ԻԱՊՄԳ) տվյալների համաձայն՝ դիմումատուն և պատասխանողները գործունեությունն իրականացնում են մեկ ապրանքային շուկայում։
Գործի նյութերից նաև հետևում է, որ ապրանքն արտադրվում ու իրացվում է և կարող է արտադրվել ու իրացվել դիմումատուի ու պատասխանողների կողմից այդ թվում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում, ընդ որում, խախտման հետազոտվող ժամանակահատվածում, ըստ Արձանագրության 2-րդ կետի 5-րդ ենթակետի վեցերորդ և յոթերորդ պարբերություններում նշված հատկանիշների, պատասխանողներն ընդգրկվում են անձանց մի խմբում։
Նաև պարզվել է, որ ապրանքի արտադրության և իրացման համար բացակայում են այն ձեռք բերելու մտադրություն ունեցող անձի տարածքի, քաղաքացիության և (կամ) գրանցման վայրի առնչությամբ սահմանափակումները։
Այսպիսով, գնորդը ձեռք է բերում ապրանք կամ ունի ապրանք ձեռք բերելու տնտեսական, տեխնիկական կամ այլ հնարավորություն կամ նպատակահարմար է գտնում գնել ապրանքը Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններում, այսինքն՝ 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում:
Ղեկավարվելով Մեթոդիկայի 26-րդ կետով, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, 76-րդ հոդվածի 7-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափորոշիչների 1-3-րդ կետերի հիման վրա, գործի նյութերում ներկայացված տեղեկատվության համաձայն, ելնելով Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում ապրանքի ձեռքբերման հնարավորության առկայությունից՝ կարելի է եզրահանգել, որ ապրանքային շուկան անդրսահմանային է։
Հաշվի առնելով շարադրվածը և այն փաստը, որ ապրանքային շուկան անդրսահմանային է, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի, Չափորոշիչների 3-րդ կետի հիման վրա, և պայմանավորված նրանով, որ դիմումատուն գրանցված է Բելառուսի Հանրապետությունում, իսկ պատասխանողը՝ Ռուսաստանի Դաշնությունում (այսինքն՝ տարբեր անդամ պետությունների տարածքներում), ինչպես նաև հաշվի առնելով, որ նրանք մրցակից են մեկ ապրանքային շուկայում, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների խախտումների կանխումը գտնվում է Հանձնաժողովի իրավասության շրջանակներում։
Գործի նյութերի քննության, այդ թվում՝ գործի քննությանը մասնակցած անձանց լսելու, ապացույցների հետազոտման, գործին մասնակցած այլ անձանց կողմից ներկայացված ապացույցների վերաբերյալ նշված անձանց կարծիքներն ու պարզաբանումները լսելու արդյունքներով, գործի քննության հարցերով հանձնաժողովի նիստերի շրջանակներում պարզվել է հետևյալը։
Դիմումատուն ապրանքի արտադրության և իրացման գործունեությունն իրականացնում է B&V Water Treatment, Ltd. (Մեծ Բրիտանիա) ընկերության հետ 2006 թվականի հոկտեմբերի 18-ի լիցենզային պայմանագրի հիման վրա, համաձայն որի՝ դիմումատուին փոխանցվել են տեխնիկական տեղեկատվությունը, նոու հաուն և «PuroTech» առևտրային նշանի ներքո ապրանք արտադրելու և իրացնելու իրավունքները։
2010 թվականի օգոստոսի 16-ից դիմումատուն, ըստ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) միջազգային գրանցման (թիվ 1054402, գրանցման ամսաթիվը՝ 16 օգոստոսի 2010 թ.), «PuroTech» բառային նշանով ապրանքային նշանի իրավատերն է, ինչը գրանցված է Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգչի (այսուհետ՝ ԱԾՄԴ) 01 դասի ապրանքների նկատմամբ, որոնք ներառում են արդյունաբերական նպատակներով օգտագործման համար նախատեսված քիմիական արտադրանքը, ջրի մաքրման համար նախատեսված քիմիկատները և ռեագենտները, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում՝ իրավական պաշտպանությամբ (այսուհետ՝ ԱՆ թիվ 1054402)։
Դիմումատուն մատակարարում է «PuroTech» առևտրային նշանի ներքո ապրանքներն ինչպես անմիջապես սպառողներին, այնպես էլ դիստրիբյուտորների միջոցով։
2009 թվականից Ռուսաստանի Դաշնության տարածքում «PuroTech» առևտրային նշանով (ԱՆ թիվ 1054402) ապրանքի մատակարարման մասով դիմումատուի դիստրիբյուտորներից մեկն էր ԱՁ Ե.Ա. Կուրկոն։
Դիմումատուի պարզաբանումների համաձայն՝ ԱՁ Ե.Ա. Կուրկոն, լինելով նրա դիստրիբյուտորը, տիրապետել է «PuroTech» առևտրային նշանի ներքո դիմումատուի կողմից արտադրվող ապրանքի վերաբերյալ տեղեկատվության ամբողջ ծավալին, ներառյալ՝ տվյալ ապրանքի վերաբերյալ տեխնիկական տեղեկատվությանը։
2017 թվականին դիմումատուն դադարեցրել է համագործակցությունն ԱՁ Ե.Ա. Կուրկոյի հետ, ինչի հետևանքով ԱՁ Ե.Ա. Կուրկոն դադարել է լինել դիմումատուի դիստրիբյուտորը։
2018 թվականի մայիսին ԱՁ Ե.Ա. Կուրկոն «PUROTECH» բառային նշանով ապրանքային նշանի գրանցման հայտ է ներկայացրել Մտավոր սեփականության դաշնային ծառայություն (Ռոսպատենտ), որը շփոթելու աստիճան նման է դիմումատուի կողմից իր ձեռնարկատիրական գործունեության իրականացման ժամանակ օգտագործվող «PuroTech» բառային նշանով ապրանքային նշանին (թիվ 1054402 ԱՆ)։
ԱՁ Ե.Ա. Կուրկոյի նամակի (2022 թվականի մայիսի 26-ի մտից թիվ 9970) համաձայն՝ ինքը ԱԾՄԴ-ի 02 և 05 դասերի ապրանքներ է արտադրում, այդ թվում՝ Ռոսպատենտի կողմից գրանցված հետևյալ ապրանքային նշանների ներքո.
«PUROTECH» բառային նշանով թիվ 724855 ապրանքային նշան (գրանցված է ԱԾՄԴ-ի 02 և 05 դասերի մասով, գրանցման ամսաթիվը՝ 23 օգոստոսի 2019 թվականի) (այսուհետ՝ ԱՆ թիվ 724855), տվյալ ապրանքային նշանը նաև ՄՍՀԿ թիվ 1563413 միջազգային գրանցում ունի (գրանցման ամսաթիվը՝ 22 հուլիսի 2020 թ.) իրավական պաշտպանությամբ, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության տարածքներում (այսուհետ՝ ԱՆ թիվ 1563413).
«PuroTech» բառային նշանով թիվ 829709 ապրանքային նշան (գրանցված է ԱԾՄԴ-ի 02 և 05 դասերի մասով, գրանցման ամսաթիվը՝ 22 սեպտեմբերի 2021 թվականի) (այսուհետ՝ ԱՆ թիվ 829709)։
Հաշվի առնելով շարադրվածը՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը պարզել է, որ ԱՁ Ե.Ա. Կուրկոն արտադրում և իրացնում է ԱԾՄԴ-ի 02 և 05 դասերի ապրանքները՝ օգտագործելով «PuroTech» և «PUROTECH» բառային նշանները, իսկ դիմումատուն արտադրում և իրացնում է ԱԾՄԴ-ի 01 դասի ապրանքները՝ օգտագործելով «PuroTech» բառային նշանը։
Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մրցակցության ընդհանուր սկզբունքներն ու կանոններն ուղղված են 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունները բացահայտելու և կանխելու ապահովմանը։
Արձանագրության 2-րդ կետի 8-րդ ենթակետի համաձայն՝ մրցակցությունը սահմանվում է որպես տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) այնպիսի մրցողականությունը, որի դեպքում դրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն գործողություններով բացառվում կամ սահմանափակվում է համապատասխան ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա միակողմանի կարգով ազդելու հնարավորությունը։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ չի թույլատրվում անբարեխիղճ մրցակցությունը, այդ թվում՝ կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկությունների տարածումը, որոնք կարող են կորուստներ պատճառել տնտեսավարող սուբյեկտին (շուկայի սուբյեկտին) կամ վնաս պատճառել նրա գործարար համբավին։
Արձանագրության 2-րդ կետի 14-րդ ենթակետով արձանագրվել է, որ անբարեխիղճ մրցակցությունը տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) (անձանց խմբերի)՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելությունների ձեռքբերմանն ուղղված ցանկացած գործողություն է, որը հակասում է անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին և վնաս է պատճառել կամ կարող է վնաս պատճառել այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներին) կամ վնաս է պատճառել կամ կարող է վնաս պատճառել նրանց գործարար համբավին։
Նշված նորմերի փոխկապակցված ընթերցումը վկայում է այն մասին, որ Միության իրավունքով արգելված է տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) (անձանց խմբի) կամ մի քանի տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) (անձանց խմբերի)՝ ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելությունների ձեռքբերմանն ուղղված ցանկացած գործողություն, որը հակասում է անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին և վնաս է պատճառել կամ կարող է վնաս պատճառել այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտներին) կամ վնաս է պատճառել կամ կարող է վնաս պատճառել նրանց գործարար համբավին, որոնք արտահայտվել են կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկությունների տարածման մեջ։
Գործի քննության հարցերով հանձնաժողովի պարզված հանգամանքների համաձայն՝ ԱՁ Ե.Ա. Կուրկոն 2019 թվականից մինչև 2022 թվականը դիմումատուի դիստրիբյուտորներին (սպառողներին) ուղարկել է կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկություններ պարունակող բողոքներ, որոնք «PuroTech» բառային նշանով ապրանքային նշանի ներքո ապրանքի իրացման (օգտագործման) առնչությամբ նրանց գործողությունների, ինչպես նաև դիմումատուի գործողությունների ապօրինության վերաբերյալ անարժանահավատ տեղեկություններ են։
Այսպես՝ ԱՁ Ե.Ա. Կուրկոն 2019 թվականի հոկտեմբերի 2-ին «Մագնիտոգորսկի մետալուրգիական կոմբինատ» հանրային բաժնետիրական ընկերություն է (Ռուսաստանի Դաշնություն) (այսուհետ՝ «ՄՄԿ» ՀԲԸ) ուղարկել բողոք՝ «PuroTech» ապրանքային նշանի ներքո դիմումատուի կողմից արտադրված ապրանքի օգտագործումն արտադրության մեջ դադարեցնելու, դիմումատուին այդ ապրանքի դիմաց վճարումը կասեցնելու պահանջով։ Ընդ որում, որպես հիմնավորում եղել է այն, որ դիմումատուի կողմից մատակարարվող ապրանքի փաթեթվածքի վրա և դրան կից ուղեկից փաստաթղթերում նշված է այն ապրանքային նշաններում օգտագործվող «PuroTech» բառային նշանը, որոնց իրավատերն է ԱՁ Ե.Ա. Կուրկոն, ուստի «ՄՄԿ» ՀԲԸ-ն արտադրական ցիկլերում ոչ պատշաճ որակի կոնտրաֆակտ արտադրանք է օգտագործում։
ԱՁ Ե.Ա. Կուրկոյի կողմից տարածված տվյալ տեղեկությունները բովանդակությամբ կեղծ են եղել, քանի որ ԱՁ Ե.Ա. Կուրկոյին հաստատապես հայտնի է եղել «PuroTech» ու «PUROTECH» բառային նշաններ պարունակող ապրանքային նշանների և ԱԾՄԴ դասերի, ըստ որոնց գրանցված են տվյալ ապրանքային նշանները, օգտագործման իրավունքի վիճարկման առնչությամբ իր և դիմումատուի միջև դատական քննությունների մասին։
«PUROTECH» բառային նշանով ապրանքային նշանի ապօրինի օգտագործումը դադարեցնելու մասին բողոքները ԱՁ Ե.Ա. Կուրկոն 2020 թվականի դեկտեմբերի 13-ին նաև ուղարկել է «INTEZ.KZ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (Ղազախստանի Հանրապետություն), 2020 թվականի դեկտեմբերի 14-ին ուղարկել է «ԱՄԵՐՏԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (Ղազախստանի Հանրապետություն) և 2020 թվականի դեկտեմբերի 15-ին ուղարկել է «Պավլոդարի նավթաքիմիական գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (Ղազախստանի Հանրապետություն) (այսուհետ՝ «ՊՆՔԳ» ՍՊԸ)։
Ղազախստանյան ընկերություններին հղված բողոքների բովանդակությունից հետևում է, որ թիվ 1563413 միջազգային գրանցման հավաստագրին համապատասխան՝ «PUROTECH» բառային նշանով ապրանքային նշանի իրավատերն է ԱՁ Ե.Ա. Կուրկոն, ԱՁ Ե.Ա. Կուրկոյի անունից ղազախստանյան ընկերություններին չի տրամադրվել «PUROTECH» բառային նշանի կամ շփոթելու աստիճան դրան նման նշանի օգտագործմամբ ապրանքի իրացման թույլտվություն։ Ընդ որում, բողոքի պահանջը եղել է նշված ընկերությունների կողմից «PUROTECH» բառային նշանով ապրանքային նշանի նկատմամբ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի իրավունքի ճանաչման անհրաժեշտությունը, նաև բողոքները պարունակել են Ղազախստանի Հանրապետության տարածքում «PuroTech» բառային նշանով ապրանքային նշանով ապրանքի վաճառքը դադարեցնելու և ԱՁ Ե.Ա. Կուրկոյին «PUROTECH» բառային նշանով ապրանքային նշանի օգտագործման իրավունքի լիցենզային համաձայնագիր ստորագրելու հարցում ուղարկելու կամ «PUROTECH» բառային նշանով ապրանքային նշանի օգտագործումից հրաժարվելու պահանջ՝ ստանձնելով գրավոր պարտավորություն՝ թույլ չտալ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի իրավունքները խախտող գործողություններ։
Նաև հարկ է նշել, որ ԱՁ Ե.Ա. Կուրկոն 2020 թվականի դեկտեմբերի 15-ի բողոքում հայտնել է «ՊՆՔԳ» ՍՊԸ-ին, որ «ԱՄԵՐՏԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությունը «ՊՆՔԳ» ՍՊԸ-ին մատակարարել է նմանակված արտադրանք, որի փաթեթվածքի վրա առանց իրավատիրոջ թույլտվության նշված են եղել «PUROTECH» բառային նշանով ապրանքային նշանի տարրեր, որն օգտագործվում է այն ապրանքային նշաններում, որոնց նկատմամբ իրավունքները պատկանում են ԱՁ Ե.Ա. Կուրկոյին։ Իր հերթին, «ՊՆՔԳ» ՍՊԸ-ի նամակի (2022 թվականի օգոստոսի 16-ի մտից թիվ 15304) համաձայն, ԱՁ Ե.Ա. Կուրկոյի տվյալ բողոքը ընդունվել է ի գիտություն։
Ապրանքային նշանների պատկանելության և մրցակցի ապրանքի իբրև նմանակված լինելու մասին ԱՁ Ե.Ա. Կուրկոյի տարածած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանել և խեղաթյուրված է եղել, քանի որ ԱՁ Ե.Ա. Կուրկոն ԱԾՄԴ 01 դասի ապրանքների մասով գրանցված «PuroTech» բառային նշանով ապրանքային նշանների իրավատեր չի հանդիսացել։
2022 թվականի հունիսի 24-ին ԱՁ Ե.Ա. Կուրկոն «Ջրային տեխնոլոգիաներ ինժինիրինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (Ռուսաստանի Դաշնություն) հասցեին և «Ագբոր արտադրական հարթակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Ռուսաստանի Դաշնություն) ուղարկել է բողոքներ՝ «PuroTech» և «PUROTECH» բառային նշաններով թիվ 724855, թիվ 1563413 և թիվ 829709 ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ ապրանքի վաճառքը դադարեցնելու, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում, ու այդ ապրանքային նշանների նկատմամբ իր բացառիկ իրավունքները խախտելու համար իրեն փոխհատուցում վճարելու մասին։
ԱՁ Ե.Ա. Կուրկոն, հղում կատարելով նշված ապրանքային նշանների իրավատեր լինելուն, նաև նշել է, որ ԱԾՄԴ-ի 02 և 05 դասերի ապրանք վաճառելիս ընկերությունը նրա անունից նշված ապրանքային նշանների կամ շփոթելու աստիճան դրանց նման նշանների օգտագործման թույլտվություն չունի։
Բողոքները նաև պարունակել են տվյալ ապրանքային նշանների նկատմամբ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի իրավունքը նշված ընկերությունների կողմից ճանաչելու և իրեն պատկանող «PuroTech» ու «PUROTECH» բառային նշաններով ապրանքային նշանների օգտագործման իրավունքի լիցենզային համաձայնագիր իր հետ կնքելու մասին իրեն գրավոր հարցումներ ուղարկելու մասին պահանջներ՝ ստանձնելով գրավոր պարտավորություն՝ թույլ չտալ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի իրավունքները խախտող գործողություններ, ինչպես նաև ԱՁ Ե.Ա. Կուրկոյին կամավոր փոխհատուցում վճարելու մասին։
Ի հիմնավորում իր բողոքների՝ ԱՁ Ե.Ա. Կուրկոն, հղում կատարելով Մոսկվայի մարզի Ժուկովի քաղաքային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 2-275/2021 որոշմանը, պնդել է, որ վերը նշված ընկերությունները ԱԾՄԴ-ի 02 և 05 դասերի արտադրանքը ներմուծում և իրացնում են Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ օգտագործելով «PuroTech» բառային նշանով իր ապրանքային նշանը։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը պարզել է, որ Մոսկվայի մարզային դատարանի քաղաքացիական գործերով դատական կոլեգիայի 2022 թվականի հունիսի 29-ի վերաքննիչ բողոքով Մոսկվայի մարզի Ժուկովի քաղաքային դատարանի եզրահանգումն առ այն, որ դիմումատուն և նրա դիստրիբյուտորները Ռուսաստանի Դաշնության տարածք են ներմուծել ԱԾՄԴ-ի 02 և 05 դասերի ապրանքներ, բացառվել է։
2022 թվականի հուլիսի 6-ին և 7-ին ԱՁ Ե.Ա. Կուրկոն, չնայած Մոսկվայի մարզային դատարանի քաղաքացիական գործերով դատական կոլեգիայի օրինական ուժի մեջ մտած վերաքննիչ բողոքի, ինչի մասին ԱՁ Ե.Ա. Կուրկոն՝ որպես դատավարության մասնակից, տեղյակ է եղել, շարունակել է «ՏեխԷներգոԽիմ-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Ռուսաստանի Դաշնություն) (այսուհետ՝ «ՏեխԷներգոԽիմ-Գրուպ» ՍՊԸ) և «ԱԿՎԱՏԷԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (Ռուսաստանի Դաշնություն) (այսուհետ՝ «ԱԿՎԱՏԷԿՈ» ՍՊԸ) ուղարկել անարժանահավատ տեղեկություններով բողոքներ։
Դիմումատուի դիստրիբյուտորներին ուղղված բողոքներում ԱՁ Ե.Ա. Կուրկոն նշել է, որ մաքսային մարմինների ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն՝ դիմումատուն Ռուսաստանի Դաշնության տարածք է մատակարարում «PuroTech» բառային նշանով ապրանքային նշանով ԱԾՄԴ-ի 02 և 05 դասերի ապրանք։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը պարզել է, որ մաքսային մարմնի վիճակագրական ձևերում բացակայում է ԱԾՄԴ դասի վերաբերյալ նշումը։ Այսպիսով, ԱՁ Ե.Ա. Կուրկոյի նշված տեղեկությունները խեղաթյուրված են։
Բացի այդ, ԱՁ Ե.Ա. Կուրկոն դիմումատուի, «Ջրային տեխնոլոգիաներ ինժինիրինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «Ագբոր արտադրական հարթակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, «ՏեխԷներգոԽիմ-Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «ԱԿՎԱՏԷԿՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեմ «PUROTECH» ապրանքային նշանի նկատմամբ իրավունքի պաշտպանության հայցով դիմել է Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարան՝ պահանջելով պարտադրել նշված ընկերություններին հեռացնելու «PuroTech» նշագրով ապրանքային նշանը և դրան նման նշագրերն այն նյութերի վրայից, որոնցով ուղեկցվում է ապրանքի վաճառքը, և դադարեցնել օգտագործելու այդ ապրանքային նշանը և դրան նման նշագրերը։
2023 թվականի փետրվարի 20-ին Մոսկվա քաղաքի արբիտրաժային դատարանի որոշմամբ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի հայցի բավարարումը մերժվել է, քանի որ նշված ընկերությունների կողմից ԱՁ Ե.Ա. Կուրկոյի ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների խախտում դատարանը չի պարզել։ Դատարանը եզրահանգել է, որ դիմումատուն՝ որպես «PuroTech» ապրանքային նշանի իրավատեր, նշված ապրանքային նշանով ապրանքներն օրինական կերպով է արտադրում և ներմուծում Ռուսաստանի Դաշնության տարածք։
Իններորդ արբիտրաժային վերաքննիչ դատարանի 2023 թվականի հունիսի 8-ի որոշման համաձայն՝ նշված որոշումը թողնվել է անփոփոխ։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը եզրահանգել է, որ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի՝ դիմումատուի դիստրիբյուտորներին հղված իրեն պատկանող ապրանքային նշանների նշագրերի ապօրինի օգտագործման մասին բողոքների բովանդակությունը չի համապատասխանում գործի փաստական հանգամանքներին։
Ուսումնասիրելով դիմումատուի դիստրիբյուտորներին հղված ԱՁ Ե.Ա. Կուրկոյի թվարկած բողոքների բովանդակությունը, գործի քննության հարցերով հանձնաժողովը եզրահանգել է, որ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի կողմից «PuroTech» առևտրային նշանի ներքո դիմումատուի կողմից արտադրվող ապրանքի մասին, ինչպես նաև դատական որոշումների արդյունքների մասին և մաքսային մարմնից տեղեկատվության մասին անարժանահավատ տեղեկություններ հանդիսացող կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկություններ տարածելը անարժանահավատ տեղեկություններ տարածել է, և կարող է վնաս պատճառել դիմումատուին և (կամ) նրա դիստրիբյուտորներին կամ վնաս պատճառել նրանց գործարար համբավին։
Անարժանահավատ տեղեկություններ տարածելով՝ ԱՁ Ե.Ա. Կուրկոն ղազախստանյան և ռուսաստանյան ընկերություններին տեղեկացրել է հետևյալի մասին։
Առաջին՝ որ դիմումատուի կողմից մատակարարվող ապրանքը դասվում է ԱԾՄԴ-ի 02 և 05 դասերին, այլ ոչ թե ԱԾՄԴ-ի 01 դասին։ Ընդ որում, ԱՁ Ե.Ա. Կուրկոն բողոքներ ուղարկելիս դրանց չի կցել ապացույցներն առ այն, որ դիմումատուի կողմից արտադրվող և մատակարարվող ապրանքը դասակարգված է որպես ԱԾՄԴ-ի 02 և 05 դասեր։
Դրա հետ մեկտեղ գործի քննության շրջանակներում դիմումատուն բավականին փաստաթղթավորված ապացույցներ է ներկայացրել, որ իր կողմից արտադրվող և մատակարարվող ապրանքը դասակարգված է ըստ ԱԾՄԴ-ի 01 դասի։
Երկրորդ՝ ԱՁ Ե.Ա. Կուրկոն բողոքներում պնդել է, որ դիմումատուի կողմից արտադրվող ու իրացվող ապրանքը և դրան կից ուղեկցող փաստաթղթերը պարունակում են «PuroTech» և «PUROTECH» բառային նշաններով ապրանքային նշանների տարրեր, որոնց նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է ԱՁ Ե.Ա. Կուրկոյին։
ԱՁ Ե.Ա. Կուրկոյի տվյալ պնդումը նույնպես չի համապատասխանում իրականությանը, քանի որ ԱԾՄԴ-ի 01 դասի ապրանքների մասով «PuroTech» բառային նշանով ԱՆ թիվ 1054402 -ի նկատմամբ իրավունքը դիմումատուն ձեռք է բերել 2010 թվականին և այն օգտագործում է որպես ապրանքի արտադրության ու իրացման համար առևտրային նշան։
Միևնույն ժամանակ ԱՁ Ե.Ա. Կուրկոն «PuroTech» և «PUROTECH» բառային նշաններով մի շարք ապրանքային նշանների գրանցումն սկսել է միայն 2019 թվականից։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը պարզել է, որ «PuroTech» (դիմումատուի ԱՆ թիվ 1054402) բառային նշանին շփոթելու աստիճան նման «PuroTech» և «PUROTECH» բառային նշաններով ԱՆ թիվ 724855 , ԱՆ թիվ 1563413 և ԱՆ թիվ 829709 նկատմամբ դրանց պետական գրանցման միջոցով բացառիկ իրավունքների ձեռքբերման ԱՁ Ե.Ա. Կուրկոյի գործողություններն անբարեխիղճ մրցակցության ակտեր էին, իսկ նպատակը, ընդ որում, «PuroTech» առևտրային նշանի ներքո դիմումատուի կողմից արտադրվող և իրացվող ապրանքի ճանաչելիության հաշվին ԱՁ Ե.Ա. Կուրկոյի կողմից ձեռնարկատիրական գործունեության ժամանակ մրցակցային առավելություն ստանալն էր։
Երրորդ՝ ԱՁ Ե.Ա. Կուրկոն, լինելով դատավարությունների մասնակից, տեղեկացված է եղել այն մասին, որ դիմումատուն նրա ապրանքային նշանների ներքո ապրանք չի արտադրում և չի իրացնում և, հետևաբար, չի խախտում ապրանքային նշանների նկատմամբ նրա իրավունքները, որ դիմումատուի կողմից արտադրվող և իրացվող ապրանքը դասվում է ԱԾՄԴ-ի 01 դասին, այլ ոչ թե ԱԾՄԴ-ի 02 և 05 դասերին, սակայն շարունակել է դիմումատուին և նրա դիստրիբյուտորներին անհիմն բողոքներ ուղարկելու գործունեությունը։
Տվյալ հանգամանքներն ուղղակի մատնանշում են այն, որ բողոքներ ուղարկելու միջոցով ԱՁ Ե.Ա. Կուրկոն անարժանահավատ տեղեկություններ է տարածում դիմումատուի կողմից արտադրվող և իրացվող ապրանքի վերաբերյալ՝ իբրև ուրիշի ապրանքային նշանով մակնշված, և որպես հետևանք՝ նմանակված, առանց իրավատիրոջ թույլտվության ապօրինի շրջանառության մեջ դրված ապրանք։
Գործի քննության հարցերով հանձնաժողովի կարծիքով՝ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի կողմից կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկությունների, մասնավորապես՝ անարժանահավատ տեղեկությունների տարածումն ուղղված է եղել ի վնաս դիմումատուի չհիմնավորված ֆինանսական օգուտներ ստանալուն, քանի որ շուկայի մասնակիցներին պարտադրել է ԱՁ Ե.Ա. Կուրկոյի հետ համաձայնագրեր կնքել և նրան փոխհատուցում վճարել իբրև նրանց կողմից նրա ապրանքային նշանների ապօրինի օգտագործման համար։
«PuroTech» բառային նշագրով ապրանքային նշանի օգտագործմամբ ապրանքի մակնշումը կատարում է դիմումատուն, հետևաբար այս կամ այլ ապրանքային նշանի օգտագործման իրավաչափության հարցերը պետք է ուղղված լինեն դիմումատուին։ ԱՁ Ե.Ա. Կուրկոն իր գործողություններով նպատակ է ունեցել օգուտներ ստանալ անմիջապես դիմումատուի դիստրիբյուտորներից (սպառողներից)։
Պետք է նշել, որ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի բողոքները չեն պարունակում ԱՁ Ե.Ա. Կուրկոյի կողմից արտադրվող և իրացվող ապրանքն ընկերություններին մատակարարելու առաջարկություն, ինչպես նաև դիմումատուի կողմից արտադրվող և իրացվող ապրանքի նկատմամբ իր ապրանքի առավելությունների մասին տեղեկատվություն, տվյալ բողոքներն ուղղված են բացառապես խեղաթյուրելու դիմումատուի կողմից արտադրվող ու իրացվող ապրանքի և դրա ԱՆ թիվ 1054402-ի մասին տեղեկությունները։
Նամակով (2022 թվականի սեպտեմբերի 1-ի մտից թիվ 16375) դիմումատուն հայտնել է, որ իր դիստրիբյուտորներին ուղարկվող ԱՁ Ե.Ա. Կուրկոյի բողոքները վնասում են իր գործարար համբավը, քանի որ դիստրիբյուտորների մոտ կասկածի տակ են դնում դիմումատուի կողմից բաց թողնվող և անդամ պետությունների տարածքներում իրացվող ապրանքի օրինականությունը։ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի կողմից «PuroTech» և «PUROTECH» (ԱՆ թիվ 724855, ԱՆ թիվ 1563413 և ԱՆ թիվ 829709) բառային նշանների գրանցման նպատակն ի սկզբանե եղել է վնաս պատճառել «PuroTech» նույնանման անվանմամբ ապրանք բաց թողնող և շրջանառության մեջ դնող դիմումատուին, ինչպես նաև այդ նշանների օգտագործման համար փոխհատուցման տեսքով չհիմնավորված օգուտ ստանալ և ապրանքային շուկայում անբարեխիղճ մրցակցություն վարել։
Դրա հետ մեկտեղ Եվրասիական տնտեսական խորհրդի 2024 թվականի մարտի 1-ի թիվ 16 որոշմամբ փոփոխություններ են կատարվել Գործերի քննության կարգի 46-րդ կետի 4-րդ ենթակետում, որոնք նախատեսում են գործի քննության դադարեցում Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտում կատարելու օրվանից 3 տարին լրանալուց հետո։
Ուստի ԱՁ Ե.Ա. Կուրկոյի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 2-ին «ՄՄԿ» ՀԲԸ-ին, 2020 թվականի դեկտեմբերի 13-ին «INTEZ.KZ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությանը, 2020 թվականի դեկտեմբերի 14-ին «ԱՄԵՐՏԱՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությանը և 2020 թվականի դեկտեմբերի 15-ին «ՊՆՔԳ» ՍՊԸ-ին ուղղված բողոքների մասով պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրացել է։
Ընդ որում, գործի քննության հարցերով հանձնաժողովը նաև պարզել է, որ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը, ինչը կատարելու արգելքը սահմանված է Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով, 2022 թվականի հուլիսի 6-ին և 7-ին «ՏեխԷներգոԽիմ-Գրուպ» ՍՊԸ-ին և «ԱԿՎԱՏԷԿՈ» ՍՊԸ-ին դիմումատուի՝ «PuroTech» բառային նշագրով ապրանքային նշանով ապրանքի իրացման գործողությունների անօրինականության մասին խեղաթյուրված տեղեկություններ պարունակող բողոքներ ուղարկելն է։
Գործի քննության հարցերով հանձնաժողովը գնահատել է նաև «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի ու գործով որպես պատասխանողներ ներգրավված դրա պաշտոնատար անձանց՝ Վ.Վ. Սկոբիոլայի և Դ.Շ. Գատինի գործողությունները և եզրահանգել է հետևյալին։
Դիմումատուի նամակի (2022 թվականի սեպտեմբերի 1-ի մտից թիվ 16375) համաձայն՝ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ն ԱՁ Ե.Ա. Կուրկոյի ապրանքային նշանների հիման վրա արտադրում և անդամ պետությունների տարածքում սպառողներին է առաջարկում բացառապես արդյունաբերական նպատակներով օգտագործվող՝ ջրի մաքրման քիմիական ռեագենտներ, այսինքն՝ ապրանքներ, որոնք դասվում են ԱԾՄԴ-ի 01 դասին, դրանով իսկ մոլորության մեջ է գցում սպառողներին ապրանքների ծագման և դրանց արտադրողի վերաբերյալ, ինչը, ըստ դիմումատուի, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների խախտման հատկանիշ է։
Այսպես, magreagent.ru կայքի զննության՝ 2023 թվականի հունիսի 21-ի նոտարական արձանագրության համաձայն՝ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ն մետալուրգիական արդյունաբերության կարիքների համար արտադրում է «PUROTECH» («մաքուր գծեր») համալիր տեխնոլոգիայի մեջ մտնող քայքայումից և նստվածքներից պաշտպանող միջոցներ Polihib, ZK, ախտահանիչ միջոցներ, ալգեցիդներ և բիոցիդներ։
ԱՁ Ե.Ա. Կուրկոյի պարզաբանումներից հետևում է, որ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ն տարատեսակ քիմիական արտադրանք, այդ թվում՝ քայքայումից պաշտպանող միջոցներ և բիոցիդներ արտադրող է, որոնք մատակարարվում են Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության արդյունաբերական ձեռնարկություններին, և իր գործունեության մեջ օգտագործում է ԱՁ Ե.Ա. Կուրկոյի կողմից փոխանցված ապրանքային նշանները։
Գործի նյութերի համաձայն՝ ԱՁ Ե.Ա. Կուրկոյին նաև պատկանում է ըստ ԱԾՄԴ տարբեր դասերի «Polihib», «ZK» բառային նշաններով ապրանքային նշանները, որոնց մեջ են մտնում քայքայումից պաշտպանող միջոցները, կոռոզիայի դանդաղիչները (ինհիբիտորները), հակաքայքայիչ միջոցները և այլն։
Ըստ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի՝ իր ապրանքային նշանների օգտագործման իրավունքի փոխանցումը «ՄՔՌԳ» ՍՊԸ-ին տնտեսական գործունեություն վարելիս «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների խախտում չէ։
Ըստ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի (2022 թվականի հոկտեմբերի 26-ի մտից թիվ 20297)՝ ինքը արտադրում և իրացնում է արտադրանքը՝ օգտագործելով այն ապրանքային նշանները, որոնց նկատմամբ բացառիկ իրավունքը պատկանում է ԱՁ Ե.Ա. Կուրկոյին, անմիջապես ԱՁ Ե.Ա. Կուրկոյի համաձայնությամբ։
«ՊՆՔԳ» ՍՊԸ նամակի (2022 թվականի օգոստոսի 16-ի մտից թիվ 15304) համաձայն՝ դիմումատուի արտադրության՝ «PuroTech» առևտրային նշանի շրջանառու համակարգերի ռեագենտները և «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի արտադրության քիմիական ռեագենտները կարող են համափոխարինելի լինել, քանի որ դրանց կիրառման ոլորտը և արտադրողների կողմից նշված ռեագենտների բաղադրությունը համընկնում են։
«ՄՄԿ» ՀԲԸ-ի պատասխանի (2022 թվականի դեկտեմբերի 20-ի ելից թիվ UR [ЮР]-35/0884) համաձայն՝ «PuroTech» առևտրային նշանի տակ դիմումատուի կողմից արտադրվող՝ շրջանառու ջրամատակարարման համակարգերի քիմիական ռեագենտները և «PUROTECH» բառային նշանի օգտագործմամբ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող՝ շրջանառու ջրամատակարարման համակարգերի քիմիական ռեագենտները կիրառելի են միևնույն արտադրական նպատակներով։
2021 թվականի օգոստոսի 19-ի նամակով «ՄՔՌԳ» ՍՊԸ-ն հայտնել է, որ «PuroTech» բառային նշանի օգտագործմամբ քիմիական ռեագենտների վաճառքի և տարածման հետ կապված գործողությունների անօրինականության մասին և լիցենզային պայմանագիր կնքելու պահանջով բողոքներ չի ուղարկել։
Այսպիսով, գործի քննության հարցերով հանձնաժողովի կարծիքով, «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի կողմից առաջարկվող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվության տարածման հետ կապված «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի ու դրա պաշտոնատար անձանց՝ Վ.Վ. Սկոբիոլայի և Դ.Շ. Գատինի գործողությունները չեն պարունակում անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ և բավարար հիմք չեն Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները խախտում ճանաչելու համար։
Իր հերթին, գործի քննության հարցերով հանձնաժողովն ԱՁ Ե.Ա. Կուրկոյի գործողությունները գնահատել է որպես դիմումատուի կողմից արտադրվող ու իրացվող ապրանքի մասին և ապրանքային նշանի իրավատեր լինելու մասին խեղաթյուրված տեղեկությունների տարածում և դրանք որակել է որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի խախտում։
Չունենալով այս կամ այլ ապրանքային նշանի պետական գրանցման մասին վկայականի տրամադրման օրինականության մասով պետական մարմինների գործողությունները գնահատելու լիազորություններ՝ Հանձնաժողովը հարցը թողնում է առանց քննության։
Գործի քննության ընթացքում գործի քննության հարցերով հանձնաժողովին չեն տրամադրվել հետևյալը հաստատող տեղեկությունները (փաստաթղթերը).
ԱՁ Ե.Ա. Կուրկոյի կողմից դիմումատուի դիստրիբյուտորներին բողոքներ ուղարկելու օրինականություն.
դիմումատուի կողմից՝ նմանակված և (կամ) անորակ ապրանքի իրացման փաստեր.
դիմումատուի դիստրիբյուտորներից ինչպես դիմումատուի կողմից մատակարարված ապրանքի համար վճարման, այնպես էլ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի ապրանքային նշանների օգտագործման դիմաց նրան փոխհատուցում վճարելու պահանջների հիմքեր.
ԱՁ Ե.Ա. Կուրկոյի հետ իր ապրանքային նշանների օգտագործման լիցենզային պայմանագրեր կնքելու անհրաժեշտության մասին իր պահանջի հիմնավորվածություն։
Ըստ գործի քննության հարցերով հանձնաժողովի՝ դիմումատուի դիստրիբյուտորներին անարժանահավատ տեղեկություններ պարունակող բողոքներ ուղարկելու հետ կապված ԱՁ Ե.Ա. Կուրկոյի գործողությունները կարող էին դիմումատուի մասին անբարեխիղճ մատակարարի տպավորություն ստեղծել, որը խախտում է ապրանքային նշանների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները, ինչպես նաև նմանակված և անորակ արտադրանք մատակարարողի տպավորություն ստեղծել, ինչը չի հաստատվել գործի քննության ընթացքում։
Այսպիսով, ԱՁ Ե.Ա. Կուրկոյի՝ խեղաթյուրված տեղեկությունների տարածման հետ կապված գործողություններն ուղղված են ձեռնարկատիրական գործունեության ժամանակ առավելություն ձեռք բերելուն։ Այդպիսի գործողությունները հակասում են անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության ու արդարության պահանջներին, պատճառել կամ կարող են վնաս պատճառել դիմումատուին՝ որպես պատասխանողների մրցակից, կամ պատճառել կամ կարող են պատճառել վնաս նրա գործարար համբավին։
Գործի քննության շրջանակներում պատասխանողների համար ապահովվել է Գործերի քննության կարգի 13-րդ կետով նախատեսված բոլոր իրավունքների իրացման հնարավորությունը։ Բացի այդ, նրանցից պահանջվել են գործի վերաբերյալ պարզաբանումներ (իրենց գործողություններում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայության (բացակայության) վերաբերյալ փաստարկներ ներկայացնելու խնդրանքով), ինչպես նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների հնարավոր խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ դիրքորոշումներ։
Դրա հետ մեկտեղ ԱՁ Ե.Ա. Կուրկոն չի համաձայնել իր գործողություններում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման առկայությանը։
Միևնույն ժամանակ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ն և դրա պաշտոնատար անձինք՝ Վ.Վ. Սկոբիոլան և Դ.Շ. Գատինը գրավոր դիրքորոշում չեն ներկայացրել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետ համաձայն լինելու կամ չլինելու վերաբերյալ։
Գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները՝ գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ «ՏեխԷներգոԽիմ-Գրուպ» ՍՊԸ-ին և «ԱԿՎԱՏԷԿՈ» ՍՊԸ-ին «PuroTech» բառային նշանով ապրանքային նշանով ապրանքի իրացման հետ կապված դիմումատուի գործողությունների անօրինականության մասին խեղաթյուրված տեղեկություններ պարունակող բողոքներ ուղարկելու եղանակով խեղաթյուրված տեղեկությունների տարածման մեջ ԱՁ Ե.Ա. Կուրկոյի մեղքը հաստատվել է, իսկ նրա գործողությունները, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան, որակվել են ճիշտ։
Բացի այդ, գործի քննության հարցերով հանձնաժողովը համարում է, որ «ՄՔՌԳ» ՍՊԸ-ի կողմից խախտման հատկանիշները, որոնց մատնացույց է արել դիմումատուն, ինչպես նաև դրա պաշտոնատար անձանց՝ Վ.Վ. Սկոբիոլայի և Դ.Շ. Գատինի մեղքը չի ապացուցվել, այսինքն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների խախտում չի պարզվել։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայի և նշանակման կարգին համապատասխան, հաշվի առնելով ԱՁ Ե.Ա. Կուրկոյի գործողություններում պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների ցանկով նախատեսված պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների բացակայությունը և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքի չափը հաշվարկելիս հաշվի առնվող՝ պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները, (նշված Մեթոդիկայի թիվ 1 հավելված) ԱՁ Ե.Ա. Կուրկոյին նշանակել տուգանք։
Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի խախտման փաստը պարզելու կապակցությամբ, ղեկավարվելով Գործերի քննության կարգի 45-րդ կետով, Հանձնաժողովի կոլեգիան անհրաժեշտ է համարում պարտադրել ԱՁ Ե.Ա. Կուրկոյին հետագայում չկատարել Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի դրույթները խախտող գործողություններ՝ անդրսահմանային շուկաներում հավասար մրցակցության զարգացման համար պայմանների հեռանկարային ապահովման նպատակով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 13.05.2025, թիվ 42 | 06.08.2024, թիվ 94 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|