ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչ դատարանի որոշում Վարչական գործ թիվ ՎԴ/16218/05/24 Վարչական գործ թիվ ՎԴ/16218/05/24 Նախագահող դատավոր Ա. Առաքելյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող և զեկուցող Հ. Բ Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ռ. Հակոբյան
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի հոկտեմբերի 16-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԱՐԱՄՅԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31.03.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշման դեմ վարչական գործով՝ ըստ հայցի Ընկերության ընդդեմ Երևանի քաղաքապետի, երրորդ անձ՝ «Շին Պրոջեքտ» ՍՊ ընկերություն՝ Երևանի քաղաքապետի կողմից «ՇԻՆ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանը տրված 15.10.2024 թվականի թիվ 01/50-02-1848-24 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է վերացնել Երևանի քաղաքապետի կողմից «ՇԻՆ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանը տրված 15.10.2024 թվականի թիվ 01/50-02-1848-24 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ ներկայացրել է միջնորդություն Երևանի քաղաքապետի կողմից «ՇԻՆ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանը տրված 15.10.2024 թվականի թիվ 01/50-02-1848-24 շինարարության թույլտվության կատարումը մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կասեցնելու մասին։
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Չիլինգարյան) (այսուհետ` Դատարան) 03.01.2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ, գործը քննվել է բանավոր ընթացակարգով, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, «Շին Պրոջեքտ» ՍՊ ընկերությունը դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ, պահանջվել է ապացույց և հրավիրվել նախնական դատական նիստ:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.03.2025 թվականի որոշմամբ երրորդ անձ «Շին Պրոջեքտ» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով վերացվել է Դատարանի 03.01.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը բանավոր ընթացակարգով քննելու, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, երրորդ անձ ներգրավվելու, ապացույց պահանջելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը և կայացվել է նոր դատական ակտ. Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին, մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել հայցվոր Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Աշոտ Աբրահամյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել երրորդ անձ «Շին Պրոջեքտ» ՍՊ ընկերությունը (ներկայացուցիչ՝ Մարգարիտա Հովսեփյան)։
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, ինչպես նաև թույլ է տվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի, 135-րդ հոդվածի 3-րդ մասի, 136-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 138-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Երրորդ անձ «ՇԻՆ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությունը վերաքննիչ բողոքն Ընկերությանն ուղարկել է ■■■1 հասցեով, մինչդեռ ըստ գործում առկա տվյալների Ընկերության իրավաբանական, գործունեության և ծանուցման հասցեն հանդիսանում է ■■■2, որպիսի հանգամանքը հավասարեցվում է վերաքննիչ բողոքի պատճենը դատավարության մասնակցին չուղարկելուն։
Վերաքննիչ դատարանի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 10․02․2025 թվականի որոշումը Ընկերությունը ստացել է 29․03․2025 թվականին, իսկ Վերաքննիչ դատարանը 31․03․2025 թվականին կայացրել է որոշում «ՇԻՆ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարելու մասին, որը ստացվել է 04․04․2025 թվականին։ Ուստի, Վերաքննիչ դատարանը չի պահպանել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, այսինքն՝ «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» 10․02․2025 թվականի որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Վերաքննիչ դատարանը չի ուղարկել դատավարության մասնակցին՝ Ընկերությանը և չունենալով հավաստի ապացույց որոշումն Ընկերության կողմից ստանալու մասին, չի ապահովել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու Ընկերության իրավունքի իրականացնելուն և ըստ էության Ընկերությանը զրկել է բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքից։
Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31.03.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Սույն գործով հատկանշական է, որ չնայած այն հանգամանքին, որ հայցվորի ներկայացուցիչը, ունենալով լիազորագիր, որով վերջինս լիազորված է ծանուցվելու և ստանալու հայցվոր Ընկերությանը վերաբերող փաստաթղթերը, արդյունքում այդպես էլ չի ստացել ինչպես երրորդ անձի կողմից 24․01․2025 թվականին փոստային ծառայության միջոցով ուղարկված վերաքննիչ բողոքը, այնպես էլ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 10․02․2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը՝ «թերի հասցե» լինելու հիմքով։
Բացի այդ, հայցվորը, հիշյալ որոշումը ստանալով 29․03․2025 թվականին, այդպես էլ չի ձեռնարկել որևէ գործողություն վերաքննիչ բողոքը ձեռք բերելու ուղղությամբ, այլ միայն հինգ օր անց՝ 03․04․2025 թվականին դիմում է ներկայացրել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան գործի նյութերին ծանոթանալու համար՝ տեղեկացված լինելով, որ հիշյալ որոշումը ստանալուց հետո վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ներկայացվել միայն հնգօրյա ժամկետում։ Սակայն տվյալ դեպքում վերջինս նշված ժամկետում ոչ միայն պատասխան չի ներկայացրել, այլ միայն հինգ օր անց դիմում է ներկայացրել վերաքննիչ բողոքը իրեն տրամադրելու մասին։
Խնդրել է Ընկերության կողմից ներկայացված վճռաբեկ բողոքն ամբողջությամբ մերժել։
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության ընթացքում դատավարության մասնակիցների լսված լինելու իրավունքի իրացման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը։
ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածով ամրագրված՝ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնական ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի շրջանակներում արտահայտվում է որպես դատավարությունում կողմերի իրավահավասարության պահանջ:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան), անդրադառնալով դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքին, առանձնացրել է այս սկզբունքին բնորոշ հետևյալ տարրերը. «(...) դատավարությունում կողմերի իրավահավասարության պահանջը, որը արդար դատաքննության հասկացության հատկանիշներից մեկն է, ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմին պետք է տրամադրվի ողջամիտ հնարավորություն՝ ներկայացնելու իր փաստարկները, ներառյալ ապացույցները, այնպիսի պայմաններում, որոնք նրան մյուս կողմի համեմատ չեն դնում էականորեն անբարենպաստ վիճակում» (տե՛ս, Nikoghosyan and Melkonyan v. Armenia գործով Եվրոպական դատարանի 06.12.2007 թվականի վճիռը, կետ 37):
Կողմերի իրավահավասարության սկզբունքը՝ որպես դատավարական սկզբունք, ամրագրվել է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածում։ Ըստ նշված հոդվածի՝ դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, ներառյալ` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն։
Նախկինում կայացված որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախևառաջ անհրաժեշտ է համարել արձանագրել, որ նշված նորմում «կողմեր», «կողմ» եզրույթների բովանդակությունը չի սահմափակվում հայցվոր-պատասխանող շրջանակով։ Հիմք ընդունելով Օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ մասի այն դրույթը, ըստ որի՝ երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 6-րդ հոդվածով նախատեսված սկզբունքը հավասարապես վերաբերում է ինչպես կողմերին՝ հայցվորին և պատասխանողին, այնպես էլ երրորդ անձանց։
Կողմերի իրավահավասարությունը ենթադրում է կողմերի համար գործը ներկայացնելու հավասար հնարավորությունների ապահովում։ Կողմերի իրավահավասարության սկզբունքը նշանակում է, որ գործին առնչվող նյութերն ու ապացույցները պետք է հասանելի լինեն երկու կողմերին, և նրանք պետք է ունենան հակառակ կողմի ներկայացրած ապացույցներին և փաստարկներին ծանոթանալու ու դրանք մեկնաբանելու հնարավորություն։
Կողմերին իրենց դիրքորոշումը ներկայացնելու հնարավորություն ընձեռելն ինքնին նշանակում է դատարանի առջև դատավարության մասնակիցների լսված լինելու իրավունքի ճանաչում։ Ըստ այդմ՝ կողմերի իրավահավասարության սկզբունքի բովանդակային ծավալում, ի թիվս այլնի, ներառվում է դատավարության մասնակիցների՝ դատարանի առջև լսված լինելու իրավունքը։
Կողմերի իրավահավասարության սկզբունքը, այդ թվում՝ դատարանի առջև լսված լինելու իրավունքը, իրացված է Օրենսգրքի մի շարք հոդվածներում։ Մասնավորապես, այդ սկզբունքից են բխում Օրենսգրքի 18-րդ հոդվածով սահմանված՝ կողմերի իրավունքները։ Այն է՝ գործի նյութերին ծանոթանալու, ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ անելու, ապացույցներ ներկայացնելու և դրանց հետազոտմանը մասնակցելու, միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին հարցեր տալու, միջնորդություններ անելու, դատարանին բացատրություններ տալու, գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները ներկայացնելու, դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ առարկելու իրավունքները։
Վարչական դատավարությունում կողմերի հավասար հնարավորությունների իրացումը երաշխավորելուն է միտված նաև հայցադիմումը, վերաքննիչ բողոքը, վճռաբեկ բողոքը դատավարության մասնակիցներին ուղարկելու օրենսդրական պահանջը (Օրենսգրքի 74-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, 134-րդ հոդվածի 4-րդ մաս, 158-րդ հոդվածի 5-րդ մաս), ինչպես նաև ՀՀ վարչական դատարանի, ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ համապատասխանաբար հայցադիմումը, վերաքննիչ բողոքը և վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումներն օրենքով սահմանված ժամկետում դատավարության մասնակիցներին ուղարկելու պարտականությունը (Օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մաս, 135-րդ հոդվածի 3-րդ մաս և 161-րդ հոդվածի 6-րդ մաս)։
Կողմերի իրավահավասարության սկզբունքը և դրա բաղադրիչը կազմող լսված լինելու իրավունքն իրացվում է նաև հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պատասխան ներկայացնելու միջոցով։ Այսպես, Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, վարչական դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը։
Օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «1. Դատավարության մասնակիցը վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան`
1) տասնհինգօրյա ժամկետում` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված բողոքով.
2) հնգօրյա ժամկետում` միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքով։
2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է վերաքննիչ դատարան և դատավարության մասնակիցներին: (…)։
Օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու վճռաբեկ բողոքի պատասխան վճռաբեկ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը:
Վերը նշված նորմերի բովանդակությունից բխում է, որ եթե հայցադիմումի պատասխան ներկայացնելը պատասխանողի պարտականությունն է, ապա վերաքննիչ և վճռաբեկ բողոքների պատասխան ներկայացնելը դատավարության մասնակցի իրավունքն է։ Օրենսդիրը, սահմանելով վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու ժամկետներ, տարբերակված մոտեցում է դրսևորել գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու և միջանկյալ դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու դեպքերի միջև՝ առաջին դեպքում սահմանելով 15-օրյա, երկրորդ դեպքում՝ հնգօրյա ժամկետ։ Նման տարբերակված մոտեցումն ինքնանպատակ չէ։ Միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու համար ավելի սեղմ ժամկետի սահմանումը պայմանավորված է միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի քննության առանձնահատկություններով։ Մասնավորապես, ի տարբերություն գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի՝ միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության համար օրենսդիրը սահմանել է կոնկրետ ժամկետ։ Այն է՝ Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը գործը քննում և որոշում է կայացնում ողջամիտ ժամկետում, բացառությամբ նույն հոդվածով նախատեսված դեպքերի։ Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում և որոշում է կայացնում գործը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում։ Օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են առանց դատական նիստ հրավիրելու։
Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու համար սեղմ՝ հնգօրյա ժամկետի սահմանումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ վերաքննիչ բողոքը քննվում է օրենքով սահմանված սեղմ՝ մեկամսյա ժամկետում (գործն ստանալուց հետո)։ Վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու համար հնգօրյա ժամկետ սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է հետապնդել երաշխավորել, որ մինչև վերաքննիչ բողոքի քննության արդյունքում որոշում կայացնելը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանն իր տրամադրության տակ ունենա վերաքննիչ բողոքի պատասխանը՝ հնարավորություն տալով պատասխանը ներկայացրած դատավարության մասնակցին արտահայտել իր դիրքորոշումը վերաքննիչ բողոքի իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ։
Միաժամանակ, հաշվի առնելով, որ վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում և որոշումները կայացվում են առանց դատական նիստ հրավիրելու՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելն այն միակ դատավարական գործիքակազմն է, որի միջոցով դատավարության մասնակիցը կարող է արտահայտել իր դիրքորոշումը վերաքննիչ բողոքի իրավական և փաստական հիմքերի վերաբերյալ, ներկայացնել իր հակափաստարկները։ Այլ կերպ՝ դատավարության մասնակիցը միջանկյալ դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքի քննության ընթացքում իր լսված լինելու իրավունքը կարող է իրացնել միայն վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու միջոցով։ Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունը գործնականում չապահովելու դեպքում դատավարության մասնակիցը զրկվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի առջև լսված լինելու իրավունքից, և արդյունքում խախտվում է նաև կողմերի իրավահավասարության սկզբունքը։
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը կայացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, վերաքննիչ դատարանն այն ուղարկում է բողոք բերող անձին և դատավարության մասնակիցներին։ Նշված ժամկետում բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու պահանջը ևս ինքնանպատակ չէ. այն ևս միտված է, ի թիվս այլնի, դատավարության մասնակիցների համար վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունն ապահովելուն։
Վերոհիշյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ միջանկյալ դատական ակտերի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության շրջանակներում դատավարության մասնակիցների կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու, ըստ այդմ՝ վերջիններիս լսված լինելու իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու և դատավարության մասնակիցների իրավահավասարությունը գործնականում ապահովելու համար ՀՀ վերաքննիչ դատարանը պետք է խստորեն պահպանի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դատավարության կողմերին եռօրյա ժամկետում ուղարկելու պահանջը (տե՛ս, Մհեր Մաթևոսյանն ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ՝ Արմեն Մալխասյան, թիվ ՎԴ/3377/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31.03.2025 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը կրկին ամրագրում է, որ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի ապահովումը հանդիսանում է դատավարության մասնակցի լսված լինելու իրավունքի իրացման անմիջական երաշխիք։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պարտավոր է ապահովել դատավարության բոլոր մասնակիցների՝ իրավահավասարությունը և լսված լինելու իրավունքը, որի գործնական իրականացումը հնարավոր է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով, ներառյալ՝ ժամկետում կողմերին ուղարկելով։
Սույն գործով Ընկերությունը, դիմելով Դատարան, պահանջել է վերացնել Երևանի քաղաքապետի կողմից «ՇԻՆ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանը տրված 15.10.2024 թվականի թիվ 01/50-02-1848-24 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ ներկայացրել է միջնորդություն Երևանի քաղաքապետի կողմից «ՇԻՆ ՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերությանը տրված 15.10.2024 թվականի թիվ 01/50-02-1848-24 շինարարության թույլտվության կատարումը մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կասեցնելու մասին։
Դատարանի 03.01.2025 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարվել է, հայցադիմումն ընդունվել է վարույթ, գործը քննվել է բանավոր ընթացակարգով, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, «Շին Պրոջեքտ» ՍՊ ընկերությունը դատավարության մեջ ներգրավվել է որպես երրորդ անձ, պահանջվել է ապացույց և հրավիրվել նախնական դատական նիստ։
Վերաքննիչ դատարանի 10.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) վարույթ է ընդունվել Դատարանի 03.01.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը բանավոր ընթացակարգով քննելու, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, երրորդ անձ ներգրավվելու, ապացույց պահանջելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշման՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասի դեմ երրորդ անձ «Շին Պրոջեքտ» ՍՊ ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքը։
Կազմվել են Որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ կից գրություններ՝ թվագրված 11.02.2025 թվականին։ Որոշումն Ընկերությանն ուղարկելու վերաբերյալ կից գրությամբ (Հավելված, գ.թ. 108) վերջինիս հասցեն նշվել է «■■■3»։ Նշված գրությունը և Որոշումը 24.02.2025 թվականին փոստային ծառայության միջոցով Ընկերությանն են առաքվել նույն հասցեով։ Սակայն, LO126703670AM առաքման համարով փոստային ծրարը և ALO126703670AM համարով հետստացման հավաստագիրը 04.03.2025 թվականին վերադարձվել են Վերաքննիչ դատարան՝ «թերի հասցե» նշումով (Հավելված, գ.թ. 109-110)։ Որոշումն Ընկերությանն ուղարկելու վերաբերյալ կազմվել է նոր կից գրություն՝ 21.03.2025 թվականին (Հավելված, գ.թ. 112), որում Ընկերության հասցեն նշվել է «■■■4»։ Համաձայն ALO127224700AM առաքման համարով հետստացման հավաստագրի (Հավելված, գ.թ. 113)՝ նոր կից գրությունը և Որոշումն ընկերությունն ստացել է 02.04.2025 թվականին:
Վերաքննիչ դատարանի 31.03.2025 թվականի որոշմամբ երրորդ անձ «Շին Պրոջեքտ» ՍՊ ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասով վերացվել է Դատարանի 03.01.2025 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը բավարարելու, հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը բանավոր ընթացակարգով քննելու, վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու, երրորդ անձ ներգրավվելու, ապացույց պահանջելու և նախնական դատական նիստ հրավիրելու մասին» որոշումը և կայացվել է նոր դատական ակտ. Ընկերության կողմից ներկայացված միջնորդությունը՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին, մերժվել է։ Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշման մեջ արձանագրված է. «Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել»։
Կազմվել են նշված որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ կից գրություններ, որոնք թվագրված են 31.03.2025 թվականին։
Վերաքննիչ դատարանի 31.03.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը՝ ուղեկցական գրությամբ հայցվոր Ընկերության, պատասխանող Երևանի քաղաքապետի (քաղաքապետարանի), և երրորդ անձ «Շին Պրոջեքտ» ՍՊ ընկերության կողմից ստացվել է 04.04.2025 թվականին (Հավելված, գ.թ. 131-141)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից 31.03.2025 թվականին «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը կայացնելու պահի դրությամբ հայցվոր Ընկերությունը դեռևս ստացած չի եղել Վերաքննիչ դատարանի 10.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը (ստացել է 02.04.2025 թվականին), որպիսի պայմաններում դեռևս չէր սկսել հոսել վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու համար օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, և Ընկերությունը չէր կարող օբյեկտիվորեն իրացրած լինել վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իր իրավունքը։ Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում արձանագրել է, որ «Վերաքննիչ դատարանին վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել»՝ առանց հաշվի առնելու, որ վերաքննիչ բողոքի պատասխանի բացակայությունը պայմանավորված է ոչ թե վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու դատավարության մասնակցի կամքով, այլ Վերաքննիչ դատարանի 10.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը դեռևս ստացած չլինելու հանգամանքով։
Վերոհիշյալ փաստական հանգամանքների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից Վերաքննիչ դատարանի 10.02.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին» որոշումը 02.04.2025 թվականին՝ 31.03.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը կայացնելուց հետո, ստացված լինելու պայմաններում Ընկերությունն օբյեկտիվորեն զրկված է եղել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը գործնականում իրացնելու հնարավորությունից։ Ըստ այդմ՝ չի ապահովվել Վերաքննիչ դատարանում վերջինիս լսված լինելու իրավունքը և հետևաբար նաև՝ կողմերի իրավահավասարության սկզբունքը։
Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում վերաքննիչ բողոքի կրկին քննությունը, որի շրջանակներում կապահովվի Ընկերության՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացումը։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակի. վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 31.03.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը բավարարելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
___________________
1 Հանդիսանում է անձնական տվյալ
2 Հանդիսանում է անձնական տվյալ
3 Հանդիսանում է անձնական տվյալ
4 Հանդիսանում է անձնական տվյալ
|
Նախագահող և զեկուցող |
Հ. Բեդևյան |
|
Ա. Թովմասյան Լ. Հակոբյան Ռ. ՀակոբյանՔ. ՄԿՈՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 նոյեմբերի 2025 թվական: