ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4479-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 04.11.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
04.11.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, Երևանի քաղաքապետի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
04.11.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.11.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4479-Ա

«04» նոյեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Անահիտ Հակոբյանի 2025 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ Դ-105772-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Անահիտ Հակոբյանի 2025 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ Դ-105772-25 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները` պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ Դ-105772-25 դիմումով Անահիտ Հակոբյանը խնդրել է փոխհատուցել 2025 թվականի հուլիսի 5-ին Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 35 հասցեի մոտակայքում գտնվող կանգառում ծառի ճյուղն իր վրա ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածի կապակցությամբ կատարված անհրաժեշտ բժշկական միջամտությունների և բուժման արդյունքում կրած վնասը:

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի ավագ քննիչի 2025 թվականի հուլիսի 8-ի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին գրավոր իրազեկման համաձայն՝ 2025 թվականի հուլիսի 5-ին ստացվել է ահազանգ այն մասին, որ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր է տեղափոխվել Անահիտ Հակոբյանը «պոլիտրավմա» ախտորոշմամբ: Ահազանգի կապակցությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 35 հասցեի մոտ քամու հետևանքով հաստաբուն ծառից պոկված ճյուղի ընկնելու հետևանքով Անահիտ Հակոբյանը ստացել է բազմակի վնասվածքներ: Արդյունքում՝ նկատի ունենալով, որ նշված հաղորդմամբ չեն մատնանշվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, հանցագործության սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված արարքի մասին վկայող բավարար տվյալներ, ուստի ավագ քննիչը գտել է, որ նշված հաղորդումը չի համարվում առերևույթ հանցանքի մասին իրազեկում, քանի որ դրանով չի փաստվում այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական: Արդյունքում՝ ավագ քննիչը գտել է, որ տվյալ պարագայում քրեական վարույթ նախաձեռնելու հիմքեր չկան, ինչը հաստատվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի օրթոպեդիայի և վնասքաբանության կլինիկայի կողմից տրված էպիկրիզի համաձայն՝ Անահիտ Հակոբյանի մոտ ախտորոշվել է պոլիտրավմա, ձախ բազկի, ուսագոտու և կրծքավանդակի ձախ կեսի ջնջխված վերք, խառը տիպի արյունահոսություն, ձախ բազկոսկրի մ/վ3-ի բաց կոտրվածք, ձախ անրակոսկրի բաց կոտրվածք, գլխի ճակատային, գագաթային շրջանի փ/հ սալջարդ, պատռված վերք:

Ստացված մարմնական վնասվածքների բուժման նպատակով կատարված բժշկական միջամտությունների դիմաց և անհրաժեշտ նյութերի, դեղամիջոցների ձեռքբերման նպատակով կատարված ծախսերի կապակցությամբ ներկայացվել են թիվ 0004162968, թիվ 0004147229, թիվ 0004142798, թիվ 0004219032 վճարման անդորրագրերն ու 48753444, 91569341, 98399265 և 93055674 ֆիսկալ համարներով կտրոնները, որոնցով հավաստվող վճարումների հանրագումարը կազմում է 725,020 (յոթ հարյուր քսանհինգ հազար քսան) ՀՀ դրամ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2025 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ Դ-105772-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ստացված ապացույցներով հիմնավորվում է Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 35 հասցեի մոտ հաստաբուն ծառից պոկված ճյուղի ընկնելու հետևանքով Անահիտ Հակոբյանի ստացած վնասվածքների բուժման նպատակով կատարված ծախսը հատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի ավագ քննիչի 2025 թվականի հուլիսի 8-ի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու մասին գրավոր իրազեկումը, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի օրթոպեդիայի և վնասքաբանության կլինիկայի կողմից տրված էպիկրիզը, ինչպես նաև բժշկական միջամտությունների դիմաց և անհրաժեշտ նյութերի, դեղամիջոցների ձեռքբերման նպատակով կատարված ծախսերը հավաստող թիվ 0004162968, թիվ 0004147229, թիվ 0004142798, թիվ 0004219032 վճարման անդորրագրերն ու 48753444, 91569341, 98399265 և 93055674 ֆիսկալ համարներով կտրոնները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Անահիտ Հակոբյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ Դ-105772-25 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 35 հասցեի մոտ հաստաբուն ծառից պոկված ճյուղի ընկնելու հետևանքով Անահիտ Հակոբյանի ստացած վնասվածքների բուժման նպատակով կատարված բժշկական միջամտությունների դիմաց և անհրաժեշտ նյութերի, դեղամիջոցների ձեռքբերման նպատակով կատարված՝ թիվ 0004162968, թիվ 0004147229, թիվ 0004142798, թիվ 0004219032 վճարման անդորրագրերով ու 48753444, 91569341, 98399265 և 93055674 ֆիսկալ համարներով կտրոններով հավաստվող ծախսերի հանրագումարը կազմող 725,020 (յոթ հարյուր քսանհինգ հազար քսան) ՀՀ դրամ գումարը փոխհատուցել Անահիտ Հակոբյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,

ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ

Ա. ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան