ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 նոյեմբերի 2025 թվականի N 1566-Լ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-1156- 26.09.2025-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
06.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-1156- 26.09.2025-ՏՀ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկում է՝
1․ Նախագծի 1-ին հոդվածում «55-ապատիկի» բառը փոխարինել «45-ապատիկի» բառով` հիմք ընդունելով ստորև բերված հաշվարկը.
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Իրանում ամրանների արտադրության պրոցեսում միայն գազի, էլեկտրաէներգիայի ծախսի և աշխատավարձի տարբերությունը Հայաստանում նմանատիպ արտադրական պրոցեսի համեմատ, կազմում է 33 հազար դրամ 1 տոննայի համար։ Հարկ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ ԵԱՏՄ անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի շրջանակներում սահմանվել է ամրանների ներմուծման 0% մաքսատուրք, ինչը նախկինում կազմում էր 5 % (շուրջ 10 000) դրամ, դրա հետ մեկտեղ, որպես հետևանք, այդ մասով նվազել է վճարվող ԱԱՀ-ի չափը նույնպես (ինչը կազմում էր շուրջ 2000 դրամ)։ Հետևաբար, վերը նշված բաղադրիչները ձևավորում են շուրջ 45 հազար դրամի տարբերություն 1 տոննայի հաշվարկով (ինչը հնարավորություն է ընձեռում ներմուծողին նվազեցնել ներմուծված ամրանների վաճառքի գինը)։
Հարկ է նշել, որ նախագծով ներկայացված 55000 դրամ տուրքի չափի հաշվարկում ներառված է եղել նաև Իրանական արժույթի արժեզրկումը շուրջ 15-19 տոկոսով, որը կազմում է մոտ 10000 դրամ։ Սակայն կարծում ենք, որ արժեզրկման գործոնը փոփոխական է և այն հաշվի առնել նպատակահարմար չէ, ուստի պետք է առաջնորդվել ազդող հիմնական բաղադրիչներով, որոնց ազդեցությամբ արժեքի տարբերությունը կազմում է 45000 դրամ։
2. Նախագծի 2-րդ հոդվածում «տարածվում է» բառերը փոխարինել «դրա գործողությունը տարածվում է» բառերով, իսկ «նկատմամբ» բառը՝ «վրա» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: