ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մայիսի 1995 թ. N 275
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության առաջարկությունը և հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական Հաստատությունների 1995 թվականի ընդունելության քննությունների կանոնները (կցվում է)։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ է ՀՀ կառավարության 1995 թ. մայիսի 19-ի N 275 որոշմամբ |
Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ
1. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունները (բուհերը) 1995 թվականին ընդունելություն են կատարում ցերեկային (արտադրությունից կտրված) ուսուցման գծով։
2. Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել միջնակարգ և միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները` առանց տարիքի սահմանափակման։ Բարձրագույն կրթություն ունեցող անձինք, սահմանված կարգի համաձայն կարող են երկրորդ մասնագիտությամբ կրթություն ստանալ միայն վճարովի ուսուցման համակարգում։
3. Ընդունելությունը բուհերում կատարվում է համաձայն պետական պատվերի, վճարովի ուսուցման համակարգին հատկացված տեղերի, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված ընդունելության քննությունների ցանկի և սույն կանոններով սահմանված մրցույթի անցկացման կարգի։
4. Հանրակրթական առարկաների ընդունելության քննություններն անցկացնում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված հանրապետական առարկայական հանձնաժողովները` գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության հաստատած ծրագրերով՝ համաձայնեցված Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության հետ։ Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական առարկաների քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում՝ նրանց մշակած ծրագրերով։
5. Դիմորդներն իրենց ընտրությամբ կարող են մասնակցել միայն տվյալ քաղաքի մեկ կամ մի քանի բուհերի մինչև չորս մասնագիտությունների (պետպատվեր և վճարովի համակարգ) մրցույթին` հանձնելով այդ մասնագիտությունների ընդունելության բոլոր քննությունները։
Ծանոթագրություն.
ա) դիմորդները մրցույթին մասնակցում են իրենց դիմումներում նշած մասնագիտությունների հերթականությանը համապատասխան.
բ) ընտրած մասնագիտություններում կրկնվող առարկաների քննությունները հանձնվում են մեկ անգամ.
գ) դիմորդն իր ընտրած չորս մասնագիտությունների համար կարող է ներկայացնել մինչև ութ հայտ (պետպատվեր և վճարովի համակարգ)՝ իր նախասիրությանը և հնարավորությանը համապատասխան համարակալելով հայտերը.
դ) Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում և Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտում մրցույթն անցկացվում է ըստ ֆակուլտետների:
6. Մրցույթն ըստ մասնագիտությունների անցկացվում է մրցութային քննությունների միավորների գումարի հիման վրա, որի արդյունքները հաստատում է հանրապետական ընդունող հանձնաժողովը։ Մրցութային քննությունների միավորների գումարի հավասարության դեպքում հաշվի են առնվում քննական առարկաներից ստացած միավորները՝ բուհերի կողմից նշված հաջորդականությամբ։
7. Մրցույթին մասնակցում են այն դիմորդները, որոնք տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր քննություններից ստացել են դրական գնահատականներ և բավարարում են բուհերի կողմից առաջադրված պայմանները և որոնց առողջական վիճակը հակացուցված չէ տվյալ մասնագիտությամբ սովորելուն։
Ծանոթագրություն.
ա) հանրակրթական առարկաների քննությունները գնահատվում են 20 միավորային համակարգով։ Դրական են համարվում 8 և դրանից բարձր միավորները.
բ) եթե դիմորդը մրցույթով անցնում է հայտում նշված առաջին մասնագիտությամբ, ապա հայտում նշված մյուս մասնագիտությունների համար մրցույթին չի մասնակցում։ Այն դեպքում, երբ դիմորդը մրցույթով չի անցնում իր հայտում նշված առաջին մասնագիտությամբ, հավասար պայմաններով մասնակցում է հայտում նշված երկրորդ մասնագիտության մրցույթին և այսպես շարունակ.
գ) նույն մասնագիտության պետպատվերի և վճարովի ուսուցման մրցույթներն անցկացվում են իրարից անկախ` դիմումում նշված հերթականությամբ։
8. Ընդունելության քննությունները դրական գնահատականներով հանձնածներից, բուհի կողմից տվյալ մասնագիտության համար առաջադրված պայմաններից անկախ, մրցույթից դուրս, հանրապետական ընդունող հանձնաժողովի որոշմամբ պահեստային տեղերի հաշվին ընդունվում են`
ա) 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամները, որոնց համար բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովի եզրակացության համաձայն տվյալ մասնագիտությամբ սովորելը հակացուցված չէ.
բ) Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների և ազատամարտիկների ամուսիններն ու երեխաները, համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և ազգային անվտանգության պետական վարչության կողմից տրված վկայականների.
գ) երկկողմանի ծնողազուրկ, կամ ծնողների խնամքից զրկված (18 տարին չլրացած) անձինք.
դ) ներքին սփյուռքի (նախկին ԽՍՀՄ-ից) դիմորդները՝ մանկավարժական բուհեր (Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական, Գյումրիի Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական և Վանաձորի մանկավարժական ինստիտուտներ), տվյալ համայնքին հատկացված տեղերի չափով։
9. Մրցույթով անցած դիմորդների պաշտոնական ցուցակները հանձնվում են բուհերին, ինչպես նաև հրապարակվում են ի գիտություն դիմորդների՝ մինչև 1995 թվականի օգոստոսի 31-ը։
10. Համաձայն պաշտոնական ցուցակների, ընդունելությանը բուհում կատարվում է ռեկտորի հրամանով։
11. Դիմորդները բոլոր մասնագիտությունների համար ընդունելության քննություն են հանձնում հայոց լեզվից։ Միջնակարգ կրթության վկայականում հայոց լեզվից և գրականությունից գնահատական չունեցող դիմորդները հայոց լեզվի գրավոր քննության փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր), իսկ այն դիմորդները, որոնք միջնակարգ կրթության վկայականում չունեն նաև գնահատական ռուսաց լեզվից և գրականությունից, քննություն են հանձնում որևէ օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն)։
Բացառություն են կազմում
ա) 0214-ժուռնալիստիկա, 0230-հայոց լեզու և գրականություն, 0309-նախադպրոցական մանկավարժություն և հոգեբանություն, 0312-տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա ու 0317-օլիգոֆրենոմանկավարժություն և լոգոպեդիա մասնագիտությունները, որոնց դեպքում հայոց լեզվի գրավոր քննությունը պարտադիր է.
բ) 0217-բանասիրություն (ռուսաց լեզու և գրականություն) մասնագիտությունը, որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել օտար լեզվից (գրավոր).
գ) 0217-բանասիրություն (ռուսաց լեզու և երկրորդ օտար լեզու) մասնագիտությունը (ԵրՕԼԻ), որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել օտար լեզվից (բանավոր).
դ) 0233-անգլերեն լեզու և ռուսաց լեզու և գրականությունը (ԳՄԻ), որի համար սահմանված հայոց լեզվի գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել անգլերեն լեզվից (բանավոր)։
12. Միջնակարգ կրթության վկայականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն լեզուներից գնահատական չունեցող դիմորդներն այդ լեզուների գրավորի փոխարեն կարող են քննություն հանձնել ռուսաց լեզվից (գրավոր)։ Բացառություն են կազմում 0214-ժուռնալիստիկա, 0233-օտար լեզու, 0601, 0608, 0618-տնտեսագիտություն (ԵՊՀ), 0601-տեսական էկոնոմիկա, համաշխարհային էկոնոմիկա, 0611-կառավարում (մենեջմենթ), 0618-մաթեմատիկական մեթոդների և գործառնությունների հետազոտություն էկոնոմիկայում (ԵրժՏԻ) մասնագիտությունները, որոնց դեպքում օտար լեզվի գրավոր քննությունը պարտադիր է։
13. Քննությունների վերահանձնում չի թույլատրվում։
14. Ոչ հայկական դպրոցի շրջանավարտները քննությունները, բացի լեզուներից, կարող են հանձնել ռուսաց լեզվով։
15. Քննատախտակով նախատեսված օրն անհարգելի պատճառով քննության չմասնակցած դիմորդներին չի թույլատրվում տվյալ առարկայի քննությանը մասնակցել։ Հարգելի պատճառով (համապատասխան փաստաթղթերով հաստատված) որևէ առարկայի քննության չներկայացած դիմորդներին հնարավորություն է տրվում 5-օրյա ժամկետում հանձնել այն, եթե քննատախտակով տվյալ առարկայի քննությունները, չեն ավարտվել։
16. Բանավոր քննության գնահատականը դիմորդն իրավունք ունի գանգատարկելու առանց քննասենյակից դուրս գալու, իսկ գրավոր քննության գնահատականը՝ այն հայտնելու օրը։
17. Յուրաքանչյուր քննության համար դիմորդը վճարում է 500 դրամ։ Անկախ քննությանը մասնակցելուց և արդյունքից, քննության համար վճարած գումարը չի վերադարձվում։ Հանրապետական ընդունող հանձնաժողովն իրավունք ունի առանձին քաղաքացիների, նյութական վիճակից ելնելով, ազատելու ընդունելության քննությունների վարձից։
18. Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 1995 թվականի հունիսի 21-ից մինչև հուլիսի 22-ը, Ընդունելության քննություններն անցկացվում են 1995 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 19-ը։ Դիմորդի քննությունների գրաֆիկը կախված չէ գործերը հանձնելու օրվանից։
Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների մասնագիտական քննություններն անցկացվում են համապատասխան բուհերում՝ 1995 թվականի օգոստոսի 3-ից մինչև օգոստոսի 19-ը:
«Հայոց լեզու» առարկայի ընդունելության գրավոր քննությունը Հայաստանի Հանրապետության 1995 թվականի շրջանավարտները հանձնում են որպես պետական քննություն՝ կենտրոնացված կարգով, համապատասխան տարածաշրջաններում, համաձայն հավելվածի, իսկ Երևանում՝ քաղաքի համապատասխան շրջաններում, 1995 թվականի հուլիսի 6-10-ը, համաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետության լուսավորության նախարարության կողմից հաստատված կարգի։ Նախորդ տարիների շրջանավարտ և նախկին ԽՍՀՄ հանրապետությունների դիմորդները «հայոց լեզու» առարկայի գրավոր քննությունը հանձնում են կենտրոնացված կարգով, քննական մյուս առարկաների հետ միասին, 1995 թվականի հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 19-ը։
19. Դիմորդներն ընդունելության քննություններին և մասնագիտությունների մրցույթին մասնակցելու հայտն ու փաստաթղթերը հանձնում են դիմումում առաջինը նշված բուհում,
Արվեստի, ֆիզիկական կուլտուրայի և ճարտարապետության մասնագիտությունների դիմորդները փաստաթղթերը հանձնում են համապատասխան բուհում։
Դիմումի հետ ներկայացվում են՝
ա) կրթության մասին վկայականի բնագիրը.
բ) բժշկական տեղեկանք (ձև N 86-ու).
գ) 6 լուսանկար 3 X 4 սմ չափսի.
դ) փաստաթուղթ զինվորական ծառայության հետ առնչության մասին (զորակոչային տարիք ունեցող դիմորդներից փաստաթղթեր ընդունվում են զինհաշվարկային փաստաթղթերում տարկետման իրավունք տվող համապատասխան նշումի առկայության կամ չզորակոչելու պատճառը հաստատող այլ նշումների դեպքում).
ե) անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).
զ) այլ փաստաթղթեր, եթե այդպիսիք պահանջվում են տվյալ մասնագիտության ընդունելության պայմաններով.
է) լրացուցիչ տեղեկանքներ (տեղեկանք 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ, երկկողմանի ծնողազուրկ կամ ծնողների խնամքից զրկված լինելու մասին).
ը) ընդունելության քննություններին մասնակցելու համար սահմանված վճարը դիմորդները մուծում են համապատասխան բուհում։
20. Քննություններին և մրցույթին մասնակցելու հայտը փոփոխման ենթակա չէ։
21. Բուհերի ընդունելության հետ առնչվող բոլոր վիճելի հարցերը վճռում է հանրապետական ընդունող հանձնաժողովը։
22. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը թույլատրել`
ա) Հայաստանի Հանրապետության ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցների շրջանավարտներին, իրենց ավարտական քննությունների արդյունքներով, ընդունել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներ, նախարարության հաստատած հանձնաժողովի կողմից երեք մրցութային առարկաների շրջանակներում կազմակերպված հարցազրույցի արդյունքներով.
բ) միջնակարգ դպրոցի հանրակրթական առարկաների գծով միջազգային մրցույթների հաղթողներին ընդունել նույն մասնագիտությունների գծով բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներ՝ առանց ընդունելության քննությունների։
|
ՀԱՎԵԼՎԱԾ ՀՀ պետական բարձրագույն ուսումնականհաստատությունների 1995 թվականի ընդունելության կանոնների |
ՑԱՆԿ
1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ» ԱՌԱՐԿԱՅԻՑ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆՄԱՆ
|
NN ը/կ |
Տարածաշրջանի անվանումը. |
Քաղաքի անվանումը, որտեղ անցկացվելու է քննությունը |
|
1. |
Կապան, Մեղրի |
Կապան |
|
2. |
Գորիս, Սիսիան |
Գորիս |
|
3. |
Վայք, Եղեգնաձոր, Արարատ, Արտաշատ, Մասիս |
Արարատ |
|
4. |
Սևան, Կամո, Մարտունի, Վարդենիս |
Կամո |
|
5. |
Իջևան, Դիլիջան, նոյեմբերյան, Տաուշ, Կրասնոսելսկ |
Իջևան |
|
6. |
Թումանյան, Ստեփանավան, Տաշիր, Գուգարք, Սպիտակ, Վանաձոր |
Վանաձոր |
|
7. |
Աշոցք, Ամասիա, Ախուրյան, Արթիկ, Անի, Գյումրի |
Գյումրի |
|
8. |
Բաղրամյան, Հոկտեմբերյան, էջմիածին |
էջմիածին |
|
9. |
Արագած, Ապարան, Թալին, Աշտարակ |
Աշտարակ |
|
10. |
Նաիրի, Կոտայք, Հրազդան |
Աբովյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 06.07.1995, N 491 | --------- | |
| 20.06.1995, N 355 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|