ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 220
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/4, ապրիլ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 1995 թ. N 220

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի մասին» որոշման կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեն կատարման ընդունել ըստ հաշվարկային եկամուտների` 101164005,9 հազ. դրամ, ըստ ծախսերի` 130120740,6 հազ. դրամ գումարով, 28956734,7 հազ. դրամ բյուջեի դեֆիցիտով, համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեն կատարման ընդունել ըստ եկամուտների` 74519113,1 հազ. դրամ, ըստ ծախսերի` 103457847,8 հազ. դրամ գումարով, 28956734,9 հազ. դրամ բյուջեի դեֆիցիտով: Հանրապետական բյուջեի եկամուտներն ու ծախսերը նախատեսել ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, առանձին ոլորտների և բնագավառների, համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեի դեֆիցիտի լրացման համար ներգրավվող ֆինանսական միջոցները սահմանել 28956734,7 հազ. դրամ ի հաշիվ` 

ա) արտաքին ֆինանսավորման`

 

ընդամենը` 29688000,0 հազ. դրամ

որից`

 

Համաշխարհային բանկի վերականգնողական վարկ

25688000,0 հազ. դրամ

Ռուսաստանի Դաշնության միջպետական վարկ

4000000,0 հազ. դրամ

 

բ) ներքին ֆինանսավորման`

 

ՀՀ կենտրոնական բանկի վարկի տրամադրում 1995 թ. 4103000,0 հազ. դրամ
նախկինում տրամադրված վարկի մարում 4949000,0 հազ. դրամ
գանձապետական պարտավորությունների պարտատոմսերի շրջանառություն`  

թողարկում

378734,7 հազ. դրամ

մարում

493000,0 հազ. դրամ
ներքին շահող փոխառության պարտատոմսերի թողարկում 220000,0 հազ. դրամ

 

4. Սահմանել Հայաստանի Հանրապետության շրջանների և քաղաքների տեղական բյուջեներին 1995 թվականի մասհանումները`

ա) հողի հարկից` 100 տոկոս, պետական պահուստի հողերի և արոտավայրերի վարձակալության վճարից` 50 տոկոս.

բ) ավելացված արժեքի հարկից, հանրապետական ենթակայության ձեռնարկությունների, կազմակերպությունների շահութահարկից և հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից, համաձայն N 3 հավելվածի:

5. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեում օրենսդիր, գործադիր, դատական իշխանության և իրավապահ մարմինների պահպանման ծախսերն ըստ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների, համաձայն N 4 հավելվածի:

6. Սահմանել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեում լուսավորության, մշակույթի և գիտության ոլորտների ծախսերի ֆինանսավորման հատկացումները, համաձայն համապատասխանաբար NN 5, 6 և 7 հավելվածների:

7. Սահմանել Հայաստանի Հանրապետության շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների տեղական բյուջեների եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը ծածկելու համար Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեից հատկացվող դոտացիաների գումարները, համաձայն N 8 հավելվածի: 

8. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1995 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի մասին» որոշմամբ`

ա) թույլատրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1995 թվականին «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հարկերի վերաբերյալ առանձին օրենքներ ընդունվելու դեպքում փոփոխություններ մտցնել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի եկամուտների կազմում և դրան համապատասխան հանրապետական ու տեղական բյուջեների միջև սահմանազատել այդ հարկերը.

տնտեսությունում տեղաբաշխել լրացուցիչ փոխառություններ և տրամադրել վարկային երաշխավորագրեր` պետական բյուջեի սպասվելիք տարեկան եկամուտների 5 տոկոսի չափից ոչ ավելի.

1993-1994 թվականների հանրապետական բյուջեներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված` 479800,0 հազ. դրամ գումարով միջպետական վարկի մարումը երկարաձգել մինչև 1996 թվականի հունվարի 1-ը.

ելնելով Հայաստանի Հանրապետության ազգային դրամի կուրսի փոփոխություններից, անհրաժեշտության դեպքում, վերահաշվարկել և ճշտել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հաշվարկային ծավալները.

բ) սահմանել է, որ`

1995 թվականին ՀՀ կապի նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ պաշտպանության նախարարության հիմնական գործունեությանը վերաբերող ձեռնարկությունների, ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարության  երկաթգծի վարչության, ՀՀ պետական առևտրային բաժնետիրական բանկերի, ոչ պետական վիճակախաղեր կազմակերպող ձեռնարկությունների, «Հայավտոսերվիս» ՊՁ-ի, «Մոսկվիչ» տեխսպասարկման կայանի, «Արարատ-Լադա» բաժնետիրական ընկերության, «Ավտոտեխսպասարկում ԻԺ» ԱՄ-ի, ՀՀ կառավարությանն առընթեր «Հայտրանսշին» ՊՁ-ի, Արհմիությունների կուրորտների ղեկավարման հայկական հանրապետական խորհրդի, ՀՀ արտասահմանյան տուրիզմի գլխավոր տնտհաշվարկային վարչության, ինչպես նաև ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության ենթակայության ձեռնարկությունների շահութահարկն ու հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարն ամբողջությամբ հաշվանցվում է հանրապետական բյուջե.

Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեից բյուջեներին դոտացիաները հատկացվում են այդ բյուջեներով նախատեսված եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցումը ծածկելու համար.

Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է փաստացի ստացված եկամուտների սահմաններում` ելնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված բյուջեի կառուցվածքի համամասնություններից: Բյուջեի կատարման ընթացքում ստացված լրացուցիչ եկամուտների հաշվին լրացուցիչ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է նույն համամասնություններով.

Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական և տեղական բյուջեներով ընթացիկ պահպանությանն ուղղվող հատկացումներից պաշտպանության են ենթակա և բյուջեների կատարման ընթացքում ամբողջությամբ են ֆինանսավորվում հետևյալ հոդվածները`

աշխատավարձ (դրամական ապահովում)` հաշվի առած սոցիալական

ապահովության հատկացումները.

թոշակներ և կրթաթոշակներ.

նպաստներ.

սննդի ձեռքբերման ծախսեր (մթերային ապահովում) 

դեղորայքի և վիրակապական նյութերի ձեռքբերման ծախսեր.

միաժամանակ, եկամուտների թերակատարման դեպքում, հաշվետու եռամսյակում բյուջետային հիմնարկներում և կազմակերպություններում ծախսերի նախահաշիվներով ապրանքների ձեռքբերման, ծառայությունների և աշխատանքների արժեքների հատուցման համար նախատեսված ծախսերի սահմաններում գոյացած պարտքերը հաշվեգրվում են ընթացիկ եռամսյակի ֆինանսավորման դիմաց, և նոր պարտքերի կուտակում չի թույլատրվում.

Հայաստանի Հանրապետության բոլոր մակարդակների բյուջեների համար բյուջետային տարին սկսվում է հունվարի 1-ից և ավարտվում նույն տարվա դեկտեմբերի 31-ին.

գ) հանձնարարել է`

Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք եղած հավելյալ եկամուտներից լրացուցիչ հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը` 30,0 մլն դրամի չափով, դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի համար` ըստ ներկայացված հաշվարկների, իսկ մնացած գումարների հաշվին ավելացնել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդը.

«Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի համար նախատեսված 170,0 մլն դրամից 2-ական մլն դրամ հատկացնել «Ծիծեռնակ» և «Աղբյուր» մանկական ամսագրերին, 20,0 մլն դրամ` «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանին.

պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդներին`

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի մասին» որոշման կիրարկման օրվանից սկսած երկշաբաթյա ժամկետում կազմել, քննարկել և հաստատել համապատասխան շրջանների ու հանրապետական ենթակայության քաղաքների բյուջեները.

տեղական բյուջեներում դոտացիաները, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից և հանրապետական ենթակայության ձեռնարկությունների շահութահարկից, հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից ու վարձակալության տրված պետական պահուստի հողերի և արոտավայրերի օգտագործման համար վճարներից մասհանումները նախատեսել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից սահմանված չափերով ու նորմատիվներով.

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`

Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ծածկման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանը սահմանված կարգով տրամադրել 4103000,0 հազ. դրամ վարկ` մեկ տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքով.

Հայաստանի Հանրապետության կառավարությանը մինչև 1994 թվականի հունվարի 1-ը տրամադրված 2941000,0 հազ. դրամ և 900000,0 հազ. դրամ վարկերի մարման ժամկետը տեղափոխել 1995 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակներ` համապատասխանաբար 900000,0 հազ. դրամ և 2941000,0 հազ. դրամ գումարներով, իսկ 1994 թվականի դեկտեմբերի 1-ից հացի և էլեկտրաէներգիայի գների աճի հետ կապված ծախսերի ֆինանսավորման նպատակով տրամադրված 3200000,0 հազ. դրամ վարկի մարումը` 1996 թվականի առաջին եռամսյակ.

կազմակերպել և ապահովել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի դրամարկղային պլանի սահմանված կարգով կատարումը:

9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեի կատարումը կազմակերպել և իրականացնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատված բյուջեով սահմանված ծախսերի կառուցվածքի համամասնություններին համապատասխան, փաստացի ստացված եկամուտների սահմաններում և թույլ չտալ ծախսերի դեֆիցիտային ֆինանսավորում.

բ) Հայաստանի Հանրապետության բոլոր մակարդակների բյուջեների կատարման ընթացքում միջոցներ ձեռնարկել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների ծախսերի նախահաշիվներով նախատեսված ու պաշտպանության ենթակա ծախսերի հոդվածների, ինչպես նաև արտասահմանյան պետությունների, միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության կնքած պայմանագրերի սպասարկման համար բյուջեով նախատեսված ծախսերի ամբողջական ֆինանսավորումն ապահովելու ուղղությամբ.

գ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեի եկամուտների ամսական (եռամսյակային) կանխատեսումների սահմաններում նախատեսել յուրաքանչյուր նախարարության, պետական վարչության, գերատեսչության և միջոցառումների ֆինանսավորման սահմանաքանակներ` դրանք սահմանազատելով ծախսերի առանձին հոդվածների միջև և ձևավորել անհետաձգելի ծախսերի ու միջոցառումների ֆինանսավորման ընթացիկ երաշխիքային պահուստներ.

դ) կանխել և թույլ չտալ բյուջետային հիմնարկներում ու կազմակերպություններում համապատասխան ժամանակաշրջանի համար նախատեսված բյուջետային հատկացումների սահմանաքանակի նկատմամբ ընթացիկ պարտքերի (գերածախսի) առաջացում, իսկ պարտքերի առկայության դեպքում դրանք հաշվեգրել առաջիկա ֆինանսավորման դիմաց.

ե) հանրապետական բյուջեով պահվող նախարարություններից, պետական վարչություններից, գերատեսչություններից և մյուս բյուջետային կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել բյուջետային հատկացումների կատարման վերաբերյալ ամսական հաշվետվություններ:

Բյուջետային միջոցների ծախսման մասին հաշվետվությունների կազմման ու ներկայացման սահմանված կարգից շեղումներ թույլ տվողների նկատմամբ կիրառել տնտեսական պատժամիջոց` դադարեցնել առաջիկա ֆինանսավորման հատկացումները.

զ) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների հետ համատեղ միջոցառումներ իրականացնել բյուջեով նախատեսված հատկացումների` մրցութային (տենդերային) համակարգով ֆինանսավորման ուղղությամբ:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության բոլոր մակարդակների բյուջետային հիմնարկներն ու կազմակերպությունները բյուջետային հատկացումների հաշվին ապրանքների, աշխատանքների (ծառայությունների) գծով մինչև 2,0 մլն դրամ գնումներն իրականացնում են ինքնուրույն` առանց մրցույթի (տենդերի), մյուս դեպքերում ֆինանսավորումը կատարվում է մրցույթի համար նախատեսված կարգով: Ընդ որում, նշված գումարի չափով ձեռք բերվող ապրանքների գները, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական պատվերի մասին» N 67 որոշման, չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված պետական պատվերով, առանց մրցույթի գնվող արտադրանքի գնման գների վերին սահմանը.

է) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել 1995 թվականին Հայաստանի Հանրապետության ներքին շահող փոխառությունների և գանձապետական պարտավորությունների պարտատոմսերի (գանձապետական մուրհակների) թողարկման կազմակերպման ու սպասարկման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով շրջանառության մեջ մտցնել 598734,0 հազ. դրամ ընդհանուր գումարով ներքին շահող փոխառություններ և գանձապետական պարտավորությունների պարտատոմսեր.

ը) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացնել 1850000,0 դրամ միջպետական վարկ և 1993-1994 թվականներին հատկացված վարկերի մարումը երկարաձգել մինչև 1996 թվականի հունվարի 1-ը.

թ) «Հայաստանի Հանրապետությունում հարկերի և տուրքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հարկերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1995 թվականին առանձին օրենքների ընդունման դեպքում առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն` Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու համար.

ժ) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեի կատարման ընթացքում շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների տեղական բյուջեներին դոտացիաները հատկացնել հաշվի առնելով այդ բյուջեների եկամուտների փաստացի մակարդակը, բայց սույն որոշման N 8 հավելվածում նախատեսված հատկացումներից ոչ ավելի.

ի) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման հետևանքով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե մուտք եղած հավելյալ եկամուտներից լրացուցիչ հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությանը` 30,0 մլն դրամի չափով, դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի համար` ըստ ներկայացված հաշվարկների, իսկ մնացած գումարների հաշվին ավելացնել 1995 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդը.

լ) «Հայաստանի Հանրապետություն» և «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթերի համար նախատեսված 170,0 մլն դրամից 2-ական մլն դրամ հատկացնել «Ծիծեռնակ» և «Աղբյուր» մանկական ամսագրերին, 20,0 մլն դրամ` «Ոսկեփորիկ» մանկական հանրագիտարանին:

10. Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը`

ա) ապահովել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեով նախատեսված հարկերի և տուրքերի ժամանակին ու ամբողջությամբ բյուջե հավաքագրումը, հատուկ ուշադրություն դարձնել 1994 թվականի հարկերի գծով առաջացած ապառքների գանձման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը.

բ) հարկերի և տուրքերի մասին օրական տրվող տեղեկատվության կազմն ու կառուցվածքը վերակառուցել այնպես, որ այն հիմք ծառայի բյուջեի եկամուտների ավելի իրական ընթացիկ կանխատեսումների և մակրոտնտեսական վերլուծությունների համար.

գ) բյուջետային-հարկային քաղաքականության բարելավման համալիր միջոցառումների մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը պարբերաբար տրամադրել հարկերի և տուրքերի հավաքագրման վերաբերյալ վերլուծություններ, առաջարկություններ, ինչպես նաև հարկատուների տնտեսական գործունեության ստուգումների և ուսումնասիրությունների մասին նյութեր:

11. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին և գերատեսչություններին`

ա) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեով սահմանված հարկերն ու պարտադիր վճարումները համակարգի ձեռնարկությունների կողմից ժամանակին և ամբողջությամբ համապատասխան բյուջե վճարման, ինչպես նաև 1994 թվականի հարկային ապառքների վերացման ուղղությամբ.

բ) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունն ու նպատակասլացությունը բարձրացնելու համար համակարգի բյուջետային հիմնարկների ծախսերի ֆինանսավորման ոլորտում առավելապես կիրառել մրցութային (տենդերային) համակարգը: Ընդ որում, մրցույթի հայտարարումը, վճարումների կարգը, ժամկետները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ` հաշվի առնելով համապատասխան ժամանակաշրջանի համար վերջինիս կողմից սահմանված բյուջետային հատկացումների սահմանաքանակի գումարը.

գ) մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացնել հանրապետական բյուջեով պահվող հիմնարկների ու կազմակերպությունների գծով ծախսերի նախահաշիվները և համակարգի ձեռնարկությունների եկամուտների ու ծախսերի ամփոփ հաշվեկշիռները (ֆինանսական պլանները) տարեկան ու եռամսյակային բաշխումով.

դ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել արտասահմանյան վարկերի հաշվին ֆինանսավորվող ծրագրերի, այդ վարկերի պայմանների և սպասարկման վերաբերյալ հաշվետվություն.

ե) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից սահմանված կարգով միջոցներ ձեռնարկել բյուջետային միջոցների հաշվառումն ու հաշվետվությունը ծախսերի տնտեսագիտական դասակարգմամբ կազմակերպման ու վարման ուղղությամբ և ապահովել բյուջետային հատկացումների ծախսման մասին ամսական հաշվետվությունների կազմումն ու սահմանված ժամկետներում ներկայացնելը:

12. Պատգամավորների շրջանային և քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներին`

ա) Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի մասին» որոշումը կիրարկելու օրվանից սկսած երկշաբաթյա ժամկետում նախապատրաստել և համապատասխան խորհուրդների քննարկմանն ու հաստատմանը ներկայացնել համապատասխան շրջանների ու հանրապետական ենթակայության քաղաքների բյուջեները.

բ) տեղական բյուջեներում հանրապետական բյուջեից հատկացվող դոտացիաների գումարները, ավելացված արժեքի հարկից, հանրապետական ենթակայության ձեռնարկությունների շահութահարկից ու հիմնական արտադրական ֆոնդերի օգտագործման համար վճարից մասհանումները նախատեսել սույն որոշմամբ նախատեսված չափերով և դրանց սահմաններում իրականացնել սահմանազատումը ստորադաս բյուջեների միջև.

գ) երկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել շրջանի (քաղաքի) հաստատված տեղական բյուջեն` տարեկան ու եռամսյակային բաշխումով:

դ) տեղական բյուջեների միջոցների կառավարումն ու հաշվառումը բարելավելու նպատակով բյուջետային բոլոր հիմնարկների և կազմակերպությունների դրամարկղային սպասարկումը կենտրոնացնել ու կազմակերպել շրջանի, քաղաքի տարածքում գործող առևտրային բաժնետիրական միայն մեկ բանկի միջոցով:

13. Ընդունել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության առաջարկությունը և թույլատրել նրան`

ա) հաշվի առնելով առաջին եռամսյակում Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի եկամուտների կատարման մակարդակը, Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեից առաջին եռամսյակում թերֆինանսավորված գումարի չափով ճշտել նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների 1995 թվականի բյուջետային հատկացումների ծավալները.

բ) ելնելով Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական և հանրապետական բյուջեների կատարման ընթացքում առաջիկա եռամսյակների համար կանխատեսվող եկամուտների մակարդակից, անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների 1995 թվականի բյուջետային հատկացումների ծավալներում` պահպանելով հաստատված բյուջեի կառուցվածքն ու համամասնությունները:

14. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`

ա) Հայաստանի Հանրապետության 1995 թվականի պետական բյուջեի միջոցների կառավարումը բարելավելու նպատակով վերանայել Հայաստանի Հանրապետության 1995 թվականի հանրապետական բյուջեի եկամուտների ու ծախսերի վերաբերյալ օրական հաշվետվության կազմը և կառուցվածքը: Մասնավորապես, ծախսերի կատարման մասին տեղեկատվությունները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործառնական վարչության կողմից սպասարկվող Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների ու գերատեսչությունների բյուջետային հաշիվներից կատարված ծախսերի և այդ հաշիվների մնացորդի բաշխումով.

բ) միջոցներ ձեռնարկել առևտրային բաժնետիրական բանկերի կողմից բյուջեների դրամարկղային սպասարկման բարելավման ուղղությամբ, հաշվի առնելով հարկերից և տուրքերից ստացվող եկամուտները համապատասխան բյուջեների հաշիվներին հաշվանցման ու բյուջետային միջոցների հաշվին կատարվող գործառնությունների ժամկետների արագացումը:

15. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական միջոցների համախմբված բյուջեի և հաշվետվության կազմման համար այսուհետև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան ֆոնդերի գոյացման ու օգտագործման վերաբերյալ ամսական և տարեկան հաշվետվություններ: Տարեկան հաշվետվությունները ներկայացնել հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 25-ին, իսկ ամսական հաշվետվությունները` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ին:

16. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և նրա տեղական մարմինների տնտեսական ու սոցիալական զարգացման արտաբյուջետային ֆոնդի», «Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի» և «Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պահուստային ֆոնդի» միջոցների ձևավորման ու օգտագործման մասին 1994 թվականի տարեկան և 1995 թվականի ամսական հաշվետվություններ: Ամսական հաշվետվությունները ներկայացնել հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության գործերի

կառավարիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան