ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 4337-Ա |
«24» հոկտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 21-Ի N 1059-Ա ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Ն/21311-25 գրության հիման վրա և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով` հարուցվել և իրականացվել է վարչարարություն:
Վարչարարության շրջանակներում 2025 թվականի սեպտեմբերի 15-ին հրավիրվել է լսումներ, որի մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալի 2025 թվականի օգոստոսի 28-ի թիվ 07/114824-25 գրությամբ պատշաճ ծանուցվել է վարույթին մասնակից դարձված անձ Հայկանուշ Մանուչարյանը (փոստային առաքանի՝ AL0129296218AM), ով լսումներին չի ներկայացել:
Ուսումնասիրելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Ն/21311-25 գրությունը, գնահատելով վարույթի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքներն ու ապացույցներ՝ պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5603/05/22 վարչական գործով 2023 թվականի հուլիսի 27-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճռով (այսուհետ՝ Վճիռ) Հայկանուշ Մանուչարյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի բավարարվել է մասնակի, այն է՝ վճռվել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին Հայկանուշ Մանուչարյանին տրամադրել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 135/3 հասցեի հարևանությամբ գտնվող ինքնակամ կառույցն ու հողամասն օրինականացնելու վերաբերյալ որոշումը:
Ի կատարումն Վճռի պահանջի՝ Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է 2025 թվականի մարտի 21-ի N 1059-Ա որոշումը, որի 1-ին կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 131/6 հասցեում գտնվող 720,9քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ հասարակական շինություն գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022ZHELQA), համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչվել է օրինական։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Ն/21311-25 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 135/3 հասցեին կից գտնվող ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված հողամասի մի հատվածը Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշաններով ներառված է ընդհանուր օգտագործման տարածքների գոտում, սակայն, հիմք ընդունելով Վճռի պահանջները, 2025 թվականի մարտի 21-ին կայացվել է Երևանի քաղաքապետի «Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» N 1059-Ա որոշումը:
Վարույթի առարկայի կապակցությամբ թիվ Ն/55799-25 հարցման կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից տեղեկացվել է, որ Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը մշակվել է մասնավորապես «Երևաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից, ուստի քննարկվող հողամասի մի հատվածն ընդհանուր օգտագործման գոտում ներառելու վերաբերյալ հստակ տեղեկություն չի կարող տրամադրել: Միաժամանակ նշվել է, որ ընդհանուր օգտագործման գոտում գտնվող հողամասի մակերեսը կազմում է մոտ 350.76քմ, իսկ շինությամբ զբաղեցվածը` 94.0քմ: Ինչ վերաբերել է շինության՝ ընդհանուր օգտագործման տարածքների գոտում ներառված հողամասի վրա գտնվող հատվածի առանձնացման հնարավորությանը, ապա պարզաբանվել է, որ առանձնացման գիծն անցնում է միասնական տարածքի միջով, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում տրամադրել ճարտարապետահատակագծային առաջադրանք:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքում վարչական մարմնի կողմից քննարկվող փաստական հանգամանքների վերաբերյալ տվյալներին (տեղեկություններին) անձը կարող է իրազեկ դառնալ բացառապես տվյալ վարչական մարմնի միջոցով, ապա ապացուցման պարտականությունը դրվում է այդ վարչական մարմնի վրա:
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը Վճռով արձանագրել է հետևյալը. «...... տվյալ դեպքում 23․06․2022 թվականի դիմումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջներին, քանի որ դրանում առկա են դիմողի անունն ու ազգանունը, դիմումով ներկայացվող պահանջը, դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը։ Դատարանն արձանագրում է նաև, որ բացակայում է հայցվող՝ Երևան քաղաքի Արշակունյաց 135/3 հասցեի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությունն ու հողամասը օրինականացնելու վերաբերյալ որոշման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված վարչական ակտի առոչնչության հիմքը, քանի որ դրանով հայցվոր Հայկանուշ Մանուչարյանին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք չի տրամադրվում:
Ինչ վերաբերում է պատասխանող կողմի այն փաստարկին, որ հողամասը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ապա դատարանն արձանագրում է, որ վարչական գործում առկա չէ որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց (գլխավոր հատակագծեր, քաղաքաշինական գոտիավորման նախագծեր, հողերի օգտագործման սխեմաներ), որով կարող էր հաստատվել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքն առ այն, որ վիճելի հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:
Այսպիսով՝ դատարանն, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ գտնում է, որ նշված դիմումն, ըստ էության, համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին, ինչպես նաև հաշվի առնելով, որ հայցվոր Հայկանուշ Մանուչարյանի կողմից հայցվող որոշմամբ իրեն ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք չի տրամադրվում, ուստի քննարկվող դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով հայցվող` Երևան քաղաքի Արշակունյաց 135/3 հասցեի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությունն ու հողամասն օրինականացնելու վերաբերյալ որոշումը համարվում է ընդունված, հետևաբար հայցն այդ մասով հիմնավոր է և ենթակա բավարարման:»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական և իրավական հիմքերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ որպես կանոն, վարչական ակտն անվավեր է ճանաչվում ամբողջությամբ: Վարչական ակտը մի մասով անվավեր կարող է ճանաչվել, եթե անվավեր չճանաչված մասը կարող է ուժի մեջ մնալ առանց անվավեր ճանաչված մասի:
Վճռի առարկա է հանդիսացել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 135/3 հասցեի հարևանությամբ գտնվող 720,9քմ ընդհանուր մակերեսով, որպես մեկ ամբողջական գույքային միավոր հանդիսացող, հողամասն ու դրանում կառուցված շինությունը, հետևապես Երևանի քաղաքապետի 2025 թվականի մարտի 21-ի N 1059-Ա որոշման 1-ին կետը ևս վերաբերում է Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 131/6 հասցեում գտնվող 720,9քմ ընդհանուր մակերեսով, մեկ ամբողջական գույքային միավոր հանդիսացող, հողամասին ու դրանում կառուցված շինությանը:
Տվյալ դեպքում թիվ ՎԴ/5603/05/22 վարչական գործի շրջանակներում դիմումատուի կողմից հայցված վարչական ակտի իրավաչափության հարցը՝ անվավերության հիմքերի բացահայտման տեսանկյունից, քննարկման առարկա չի հանդիսացել, սակայն Երևանի քաղաքապետի 2025 թվականի մարտի 21-ի N 1059-Ա որոշման անվավերության հարցը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորման համատեքստում՝ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 131/6 հասցեում գտնվող 720,9քմ ընդհանուր մակերեսով հողամասի՝ ընդհանուր օգտագործման տարածքների գոտում ներառված մասի ու դրա վրա գտնվող շինության հատվածի նկատմամբ դիտարկելու պարագայում, հաշվի առնելով նաև թիվ Ն/55799-25 հարցման կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության դիրքորոշումը, չի ապահովվում օրենսդրական այն պահանջը, որը սահմանում է, որ վարչական ակտը մի մասով անվավեր կարող է ճանաչվել, եթե անվավեր չճանաչված մասը կարող է ուժի մեջ մնալ առանց անվավեր ճանաչված մասի:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/5603/05/22 վարչական գործով 2023 թվականի հուլիսի 27-ի օրինական ուժի մեջ մտած վճիռը, թիվ Ն/55799-25 հարցման կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության դիրքորոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 50-րդ հոդվածներով և 63-րդ հոդվածի 5-րդ մասով,
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի մարտի 21-ի N 1059-Ա որոշման վերանայման վարույթը կարճել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|