ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մայիսի 1995 թ. N 281
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐՈՎ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ (ՔԼԻՐԻՆԳԱՅԻՆ) ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ի լրումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 6-ի «1995 թվականի միջպետական փոխկապակցված (քլիրինգային) առաքումների մասին» N 562 որոշման և Հայաստանի Հանրապետության 1995 թվականի միջպետական փոխկապակցված (քլիրինգային) առաքումների իրականացման մեխանիզմների կատարելագործման ու 1993-1994 թվականների փոխկապակցված (քլիրինգային) առաքումների հետևանքով առաջացած պարտքերի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ 1995 թվականին Թուրքմենստանի հետ միջպետական փոխկապակցված առաքումները կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը («Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկություն), իսկ Ռուսաստանի Դաշնության հետ՝ Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարությունը («Հայկոնտրակտ» պետական ձեռնարկություն)։
2. Միջպետական փոխկապակցված (քլիրինգային) առաքումների նպատակով Ռուսաստանի Դաշնության հետ՝ Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» և Թուրքմենստանի հետ՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում արտահանման համար գնված, առաքված և դրանց դիմաց ներկրված ապրանքները հանդիսանում են վերջիններիս սեփականությունը, մինչև կոնտրագենտներին դրանց առաքելը։
3. Հայաստանի Հանրապետության 1995 թվականի միջպետական փոխկապակցված (քլիրինգային) առաքումներով ձեռք բերված ապրանքներն իրացվում են ազատ շուկայական գներով։
4. 1994 թվականի միջպետական փոխկապակցված (քլիրինգային) առաքումների համար բացված քլիրինգային հաշիվը մնում է «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության տնօրինությանը և վերանվանվում որպես առանձին հաշիվ, իսկ «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկությանը՝ միջպետական փոխկապակցված (քլիրինգային) առաքումների համար բացել առանձին հաշիվ, որով կիրականացվի միայն փոխկապակցված (քլիրինգային) գործառնությունների սպասարկումը։
5. Սահմանել, որ «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկության և «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկության համար 1995 թվականի միջպետական փոխկապակցված (քլիրինգային) առաքումներով ապրանքների իրացումից հասույթը հաշվարկվում է որպես այդ առաքումներով ներմուծված ապրանքների իրացումից հասույթի (ստացված գումարների) և դրանց համարժեք այդ առաքումների համար ձեռք բերված ապրանքների գների տարբերություն։ Ընդ որում, ներմուծված ապրանքների իրացումից հասույթը որոշվում է այդ առաքումների համար ձեռք բերված ապրանքների առաքման (հանձնման) հաշվարկային փաստաթղթերը գնորդին (ռուսական կամ թուրքմենական) ներկայացնելու օրվանից 180-րդ օրվա դրությամբ։
Եթե այդ ներմուծված ապրանքների դիմաց մինչև նշված ժամկետն իրականացվում է վճարում առանձին հաշվի վրա (կամ իրականացվում է ապրանքային համարժեք փոխհատուցում), ապա իրացումից հասույթը որոշվում է վճարման (փոխհատուցման) օրվա դրությամբ։
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, ֆինանսների նախարարությանը և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչությանը՝ շահագրգիռ կողմերի հետ համատեղ մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանել միջպետական փոխկապակցված (քլիրինգային) առաքումներով ապրանքների ինքնարժեքի ու դրանց իրացումից գոյացող շահույթի ձևակերպման կարգը։
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և ֆինանսների նախարարությանը՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության ու էներգետիկայի և վառելիքի նախարարության ներկայացմամբ մշակել ու Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել այդ բնագավառում գոյացած արտաքին և ներքին պարտքերի մարման կարգն ու ժամանակացանկը։
8. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, նյութական ռեսուրսների նախարարությանը, էներգետիկայի և վառելիքի նախարարությանը՝ 10-օրյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել միջպետական համաձայնագրերով փոխկապակցված (քլիրինգային) առաքումներին տնտեսավարող սուբյեկտների (անկախ սեփականության ձևից) մասնակցելու և քվոտաներից օգտվելու կարգը։
9. Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, նյութական ռեսուրսների նախարարության, էներգետիկայի և վառելիքի նախարարության, Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ 1995 թվականի հունիսի 1-ից ներդնել միջպետական փոխկապակցված (քլիրինգային) առաքումների շրջանակներում իրականացվող գործարքների վերաբերյալ վիճակագրական հաշվետվության ձևեր։
10. Սահմանել, որ 1994 թվականի միջպետական փոխկապակցված (քլիրինգային) առաքումներով Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքների իրացումից 1995 թվականի ընթացքում ստացվող հասույթից գոյացող տնտեսական արդյունքը հաշվարկվում և բաշխվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 31-ի N 58 որոշմամբ սահմանված կարգով։
11. Թույլատրել Հայաստանի Հանրապետության նյութական ռեսուրսների նախարարության «Հայկոնտրակտ» պետական ձեռնարկությանը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարության «Հայթուրթրեյդ» պետական ձեռնարկությանը 1995 թվականի առաջին եռամսյակի հաշվետվությունները ներկայացնել սույն որոշման 6-րդ կետում նշված կարգի սահմանումից 20 օր հետո։
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
|
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |