ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 141-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 29.10.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.10.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«21» հոկտեմբեր 2025 թվականի

N 141-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել անհետաձգելի օգնության բժշկի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

21.10.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

 Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի հոկտեմբեր «21»-ի

թիվ 141-Ն հրամանի

 

ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Անհետաձգելի օգնության բժիշկն իրականացնում է մասնագիտական գործունեություն անհետաձգելի բժշկություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման ծառայություններում:

2. Անհետաձգելի օգնության բժիշկ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն անհետաձգելի բժշկություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Անհետաձգելի օգնության բժիշկը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Անհետաձգելի օգնության բժիշկն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության անհետաձգելի օգնության բժիշկ.

2) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկական անհետաձգելի օգնության բժիշկ.

3) Անհետաձգելի բուժօգնության ծառայության անհետաձգելի օգնության բժիշկ.

4) Անհետաձգելի բուժօգնության ծառայության ղեկավար.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ. անհետաձգելի օգնության բժիշկը պետք է իմանա՝

1) Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքի կազմակերպման հիմունքները, աշխատանքային իրավունքի և հիվանդանոցի ներքին կանոնակարգերի հիմնական դրույթները, բուժանձնակազմի իրավունքներն ու պարտականությունները։ Ստացիոնար պայմաններում բուժօգնության կազմակերպումը, հոսքի կառավարումը, պացիենտի բուժօգնության տրամադրման առաջնահերթության որոշման (տրիաժ) սկզբունքները․

2) Վերակենդանացման հիմունքները․ սրտի և շնչառության կանգ, սուր շնչառական անբավարարություն, շոկ, գիտակցության խանգարում, անաֆիլաքսիա, սուր թունավորումներ և այլն՝ տարբեր տարիքային խմբերում․

3) Պացիենտների հոսպիտալացման չափորոշիչները․

4) Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում (ԱԲԲ) ինֆեկցիոն վերահսկման և հակահամաճարակային միջոցառումների և ԱԲԲ բժիշկի աշխատանքը կանոնակարգող հիմնական փաստաթղթերի վարման հիմունքները․

5) Հոսպիտալային փուլում ընդհանուր ցավազրկման հիմունքները․

6) Ախտորոշման և անհետաձգելի օգնության հիմունքները հետևյալ դեպքերում.

ա․ ներքին հիվանդությունների կլինիկայում անհետաձգելի վիճակների (սիրտ-անոթային հիվանդությունների, շնչառական հիվանդությունների, որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների, էնդոկրին հիվանդությունների, արյան հիվանդությունների, ալերգիկ հիվանդությունների որովայնի խոռոչի սուր հիվանդությունների և վնասվածքների)․

բ․ նյարդային համակարգի վնասվածքների և հիվանդությունների, աչքի սուր հիվանդությունների և վնասվածքների հենաշարժական ապարատի վնասվածքներ․

գ․ ականջի, կոկորդի և քթի սուր հիվանդությունների և վնասվածքների․

դ․ մանկաբարձա-գինեկոլոգիական պաթոլոգիաների․

ե․ հոգեկան հիվանդությունների․

զ․ սուր էկզոգեն թունավորումների․

է․ արտաքին միջավայրի ազդակներով պայմանավորված․

ը․ վարակիչ հիվանդությունների․

թ․ ուրոլոգիայում սուր հիվանդությունների և վնասածքների․

7) Թիմային աշխատանքի (ԱԲԲ բժիշկ, ռեանիմատոլոգներ, վիրաբույժներ, բուժքույրեր և այլ մասնագետներ) սկզբունքները.

8) Անհետաձգելի օգնության բժիշկը պետք է կարողանա՝

ա․ իրականացնել պացիենտի վիճակի օբյեկտիվ գնահատում և արագ ախտորոշում.

բ․ իրականացնել պացիենտի բուժօգնության տրամադրման առաջնահերթության որոշում (տրիաժ).

գ․ իրականացնել անհետաձգելի միջամտությունների կազմակերպում և ղեկավարում․

դ․ իրականացնել կարճաժամկետ հսկողություն և կայունացում մինչև մասնագիտացված բաժանմունք տեղափոխումը․

ե․ կատարել բժշկական փաստաթղթերի ճիշտ և ժամանակին ձևակերպում․

զ․ կիրառել պացիենտի հետազոտման օբյեկտիվ մեթոդները, հայտնաբերել հիվանդության ընդհանուր և յուրահատուկ հատկանիշները․

է․ գնահատել պացիենտի վիճակի ծանրությունը, այդ վիճակի պատճառը․

ը․ որոշել վերակենդանացման միջոցառումների ծավալը և հաջորդականությունը, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն․

թ․ որոշել հետազոտության հատուկ մեթոդների կիրառման անհրաժեշտությունը, կատարել և տալ մեկնաբանում.

ժ․ հիմնավորել դրված ախտորոշումը, հիվանդի վարման պլանը և տակտիկան, հոսպիտալացման ցուցումները, ապահովել տեղափոխումը ստացիոնար․

ժա․ ձևակերպել առողջապահության օրենսդրությամբ նախատեսված բժշկական փաստաթղթերը:

6․ Բժշկական hատուկ գիտելիքներ և հմտություններ. անհետաձգելի օգնության բժիշկը պետք է ՝

1) Մեծահասակների և երեխաների վերակենդանացման ոլորտում իմանա՝

ա. վերակենդանացման ցուցումները, վերակենդանացման միջոցառումների դադարեցման պայմանները, վերակենդանացում չմեկնարկելու պայմանները չափահասների, նորածինների, 0-1 և մեկ տարեկանից բարձր երեխաների հիմնական կենսաապահովման և ընդլայնված սիրտ անոթային կենսաապահովման միջոցառումները.

բ․ շնչառական սուր անբավարարություն. զարգացման պատճառները, դասակարգումը, բուժման սկզբունքները.

գ․ շոկ. պատճառները, պաթոգենեզը, դասակարգումը, բուժման ռազմավարությունը և սկզբունքները նրա բազմաձևության ժամանակ.

դ․ ալերգիկ վիճակների զարգացման պատճառները, դասակարգումը և բուժումը.

ե․ կոմատոզ վիճակների զարգացման պատճառները, դասակարգումը և բուժումը.

զ․ վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի առանձնահատկությունները դժբախտ պատահարների դեպքում՝ ջրահեղձում, կախում և էլեկտրավնասվածք.

է․ թոքերի արհեստական շնչառության սարքի կառուցվածքը, ռեժիմները, կարգավորումները.

ը․ ներքին հիվանդությունների անհետաձգելի վիճակների կլինիկան.

թ․ ախտորոշում և անհետաձգելի օգնություն սրտի իշեմիկ հիվանդության դեպքում. դրա ժամանակակից դասակարգումը, ստենոկարդիայի, սրտամկանի ինֆարկտի և նրա բարդությունների ախտորոշումը, ինտենսիվ թերապիայի սկզբունքները․

2) Կարողանա իրականացնել մեծահասակների և երեխաների ախտորոշում և թերապիա, այդ թվում՝

ա․ անհետաձգելի վիճակներ բորբոքային, դիստրոֆիկ ախտահարումների, սրտի արատների և կարդիոմիոպաթիայի.

բ․ սրտի ռիթմի և հաղորդչականության խանգարումներ.

գ․ զարկերակային հիպերթենզիայի.

դ. Էլեկտրասրտագրության (ԷՍԳ) գրանցման և վերծանման մեթոդները, 12.15 և 18 արտածումներով իրականացվող ԷՍԳ.

ե․ ախտորոշում և անհետաձգելի օգնություն թոքաբորբերի, սուր օբստրուկտիվ լարինգոտրախեիտի, թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի, բրոնխիալ ասթմայի և ասթմատիկ ստատուսի.

զ․ սպոնտան պնևմոթորաքսի և թոքային արյունահոսությունների, խոցային հիվանդությունների և նրա բարդությունների, կերակրափողի հիվանդությունների (ստոծանու կերակրափողային անցքի ճողվածք, երակների վարիկոզ փոփոխություն).

է․ հեպատիտների համաճարակաբանությունը, բժշկակական ռազմավարությունը դրանց ախտորոշման ժամանակ, անհետաձգելի օգնություն լյարդային կոմայի.

ը․ ախտորոշում և անհետաձգելի բուժօգնություն լեղաքարային հիվանդության, սուր պանկրեատիտի ժամանակ, հոսպիտալացման ցուցումները.

թ․ախտորոշում և անհետաձգելի օգնություն սուր պիելոնեֆրիտի, միզաքարային հիվանդության, ուրեմիկ կոմայի.

ժ․ ախտորոշում և անհետաձգելի բուժօգնություն աորտայի շերտազատվող անևրիզմայի.

ժա․ ախտորոշում և բժշկական տակտիկան մեզենտերիալ անոթների թրոմբոզի.

ժբ․ ախտորոշում և անհետաձգելի օգնություն շաքարային դիաբետի (հիպո- և հիպերգլիկեմիկ կոմաներ, դիաբետիկ ացիդոզներ).

ժգ․ ախտորոշում և անհետաձգելի օգնություն ֆեոքրոմոցիտոմա, մակերիկամների կեղևի անբավարարության.

ժդ․ ախտորոշում և անհետաձգելի օգնություն հիպոթիրեոիդ կոմայի և թիրեոտոքսիկոզի.

ժե․ անհետաձգելի վիճակներ հեմոցիտոբլաստոզների և հեմոռագիկ դիաթեզների:

3) կարողանա իրականացնել ախտորոշում և ռազմավարություն սուր հիվանդությունների, որովայնային և կրծքային խոռոչների վնասվածքների դեպքում անհետաձգելի վիճակներ ոլորտում`

ա․ սուր ապենդիցիտի ժամանակ, ախտորոշման առանձնահատկությունները հղիների մոտ, մանկական և ծեր տարիքներում․

բ․ օղակված ճողվածքների ժամանակ, առավել հաճախ հանդիպող բարդությունները.

գ․ աղիքային սուր անանցանելիության ժամանակ, հոմեոսթազի հիմնական խանգարումները և դրանց շտկման մեթոդները․

դ․ որովայնի վնասվածքի ժամանակ, պարենխիմատոզ և սնամեջ օրգանների վնասվածքի կլինիկան, որովայնի փակ վնասվածքների ժամանակ ախտորոշման առանձնահատկությունները․

ե․ կրծքվանդակի վնասվածքների ժամանակ, սուր շնչառական անբավարարության (ՍՇԱ) զարգացման մեխանիզմը, պնևմոթորաքսի տարբեր տեսակների բուժման սկզբունքները, ռազմավարությունը հեմոթորաքսի ժամանակ, անհետաձգելի օգնությունը նախահոսպիտալային փուլում.

4) Վնասվածքաբանության ոլորտում իմանա`

ա․ վնասվածքների նախահոսպիտալային սկզբունքները, առանձնահատկությունները, դեպքի վայրի կառավարումը, վնասվածքների մեխանիզմը․

բ․ ընդհանուր վնասվածքներ՝ գլխուղեղի վնասվածքներ, դիմային գանգ, գլխի փափուկ հյուսվածքների վնասվածքներ, գանգի վնասվածքներ, ցնցում, սալջարդ, հեմատոմաներ, սուբարախնոիդալ արյունազեղումներ, դիֆուզ աքսոնալ վնասում․

գ․ ողնաշար-ողնուղեղային վնասվածքներ՝ ողնաշարի վնասվածքներ, սպինալ շոկ, նեյրոգեն շոկ , ողային և ողնաշարի կոտրվածքներ, պարանոցի ողների կոտրվածքներ,

դ․ կրծքավանդակի վնասվածքներ՝ կողեր, ծփացող կրծքավանդակ, հեմո-պնևմոթորաքսներ, թոքերի սալջարդ, սրտի սալջարդ, սրտի տամպոնադա, աորտայի շերտազատում.

ե․ որովայնի վնասվածքներ՝ ներքին արյունահոսություն, լյարդի վնասում, փայծաղի վնասում, լեղու ուղիների և ենթաստամոքսային գեղձի վնասում, աղիների վնասում, երիկամների և միզուղիների վնասում, որովայնի խոռոչավոր օրգանների վնասում.

զ․ վերջույթների վնասվածքներ՝ թիակի և ուսի հոդերի կոտրվածքներ և հոդախախտումներ, ուսի ցավ և փափուկ հյուսվածքների վնասումներ, ծնկի և արմունկի հատվածների կոտրվածքներ, նախադաստակի ոսկրերի կոտրվածքներ, ձեռքի դաստակի ոսկրերի կոտրվածքներ, մատների կոտրվածքներ, տազի ոսկրերի կոտրվածքներ, ազդրոսկրի հոդի վնասում և ազդրոսկրի կոտրվածքներ, ծնկահոդի վնասումներ, սրունքի հոդի վնասումներ, ոտնաթաթի վնասումներ, կոմպարտմենտ-սինդրոմներ, ամպուտացիաներ, վերջույթի ճմլում,Կրաշ համախտանիշ.

5) կարողանա իրականացնել վնասվածքներից տուժածների զննում՝ առաջնային զննում, երկրորդային զննում․

6) Քթի, կոկորդի և ականջի հիվանդությունների և վնասվածքների ժամանակ անհետաձգելի վիճակների ոլորտում իմանա`

ա․ ախտորոշման և բուժման սկզբունքները վնասվածքների և օտար մարմինների ժամանակ.

բ․ ախտորոշումը և անհետաձգելի բուժօգնությունը քթի ոսկրերի կոտրվածքի, քթային արյունահոսությունների, քթի և հարակից ծոցերի հիվանդությունների ներգանգային բարդությունների (լեպտոմենինգիտ, ուղեղի թարախակույտեր) ժամանակ.

գ․ ախտորոշումը և անհետաձգելի բուժօգնությունը կոկորդի, ըմպանի և կերակրափողի վնասվածքների, թարախային պրոցեսների և օտար մարմինների ժամանակ.

7) Նյարդային համակարգի վնասվածքների և հիվանդությունների անհետաձգելի վիճակների ոլորտում իմանա`

ա․ գանգուղեղային վնասվածքի դասակարգումը և ախտորոշումը, կոմոցիոն-կոնտուզիոն համախտանիշի տարբեր ձևերի կլինիկական ընթացքը, բուժման ընդհանուր սկզբունքները նախահոսպիտալային փուլում.

բ․ ողնուղեղի վնասվածքների դասակարգումը և ախտորոշումը, բուժման սկզբունքները, տեղափոխման առանձնահատկությունները.

գ․ դասակարգումը, ախտորոշումը և բուժումը ջղացնցումային վիճակների դեպքում, զարգացման առանձնահատկությունները երեխաների մոտ.

դ․ դասակարգումը, ախտորոշումը և անհետաձգելի օգնությունը արյան շրջանառության սուր խանգարումների ժամանակ.

ե․ ախտորոշումը և անհետաձգելի օգնությունը գլխուղեղի և ողնուղեղի և նրանց թաղանթների սուր բորբոքային հիվանդությունների ժամանակ.

զ․ կոմաների գնահատման Գլազգոյի սանդղակը և կիրառման անհրաժեշտությունը մինչհիվանդանոցային փուլում.

8) Աչքի հիվանդությունների և վնասվածքների անհետաձգելի վիճակների ոլորտում իմանա`

ա․ կլինիկական արտահայտումը և անհետաձգելի օգնությունը գլաուկոմայի սուր նոպայի ժամանակ.

բ․ աչքի վնասվածքների և այրվածքների բնութագիրը, անհետաձգելի օգնության սկզբունքները, հոսպիտալացման ցուցումները.

9) Մանկաբարձա-գինեկոլոգիական անհետաձգելի վիճակների ոլորտում իմանա`

ա․ հղիների տոքսիկոզի էթիոլոգիան, պաթոգենեզը և կլինիկան, անհետաձգելի օգնությունը էկլամպսիայի ժամանակ.

բ․ ախտորոշումը և անհետաձգելի օգնությունը աբորտների և վաղաժամ ծննդաբերությունների ժամանակ, վաղաժամ ծննդաբերությունների արյունահոսությունների պաթոգենեզը.

գ․ նախահոսպիտալացման շրջանում ծննդի վարման ընդհանուր սկզբունքները,

դ․ արյունահոսությունների ախտորոշումը հղիության ուշ ժամկետներում, ծննդաբերության և հետծննդյան շրջաններում.

ե․ մանկաբարձությունում հեմոռագիկ շոկի պաթոգենեզը, ինտենսիվ թերապիայի սկզբունքները.

10) Հոգեկան հիվանդությունների անհետաձգելի վիճակների ոլորտում իմանա`

ա․ հոգեպաթոլոգիական համախտանիշների կլինիկական պատկերը, դրանց դասակարգումը, անհետաձգելի օգնության սկզբունքները.

բ․ շիզոֆրենիայի կլինիկական արտահայտությունները և սրացումների ժամանակ անհետաձգելի օգնությունը նախահոսպիտալային փուլում.

գ․ ախտորոշումը և անհետաձգելի օգնությունը ալկոհոլային պսիխոզների, մանյակալ-դեպրեսիվ պսիխոզի և ռեակտիվ վիճակների ժամանակ.

11) Տոքսիկոլոգիայի ոլորտում իմանա`

ա․ թույների դասակարգումը ըստ թունավորության, թունավորման ծանրությունը պայմանավորող հիմնական գործոնները.

բ․ սուր թունավորումների դասակարգումը, պաթոլոգիական համախտանիշները սուր թունավորումների ժամանակ, բուժման ժամանակակից սկզբունքները.

գ․ մանկական հասակի տոքսիկոլոգիայի առանձնահատկությունները, սուր թունավորումների կլինիկական ընթացքի առանձնահատկությունները մեծահասակների և ծերերի մոտ.

12) Ջերմային ախտահարումների ոլորտում իմանա`

ա. ընդհանուր տեղեկություններ այրվածքների մասին, դրանց դասակարգումը, այրվածքային հիվանդության փուլերը, այրվածքային շոկի պաթոգենեզը և կլինիկան, ինտենսիվ թերապիայի մեթոդները.

բ․ ախտորոշումը և անհետաձգելի օգնությունը արևահարության և ջերմահարության, ընդհանուր սառեցման և ցրտահարության ժամանակ.

13) Վարակիչ հիվանդությունների անհետաձգելի վիճակների ոլորտում իմանա`

ա․ էթիոլոգիան և համաճարակաբանությունը, ախտորոշումը և անհետաձգելի օգնությունը տիֆ-պարատիֆային հիվանդությունների, սալմոնելոզի, սննդային տոքսիկոինֆեկցիաների, բոտուլիզմի, գրիպի և նրա բարդությունների, դիֆթերիայի ժամանակ.

բ․ ախտորոշումը և անհետաձգելի օգնությունը մենինգոկոկային վարակների, մենինգիտների, էնցեֆալիտների, փայտացման ժամանակ.

գ․ բժշկական ռազմավարությունը, ինքնապաշտպանման միջոցները հատուկ վտանգավոր և կարանտինային վարակների ժամանակ (խոլերա, ժանտախտ, սիբիրյան խոց, ձեռքբերովի իմունային անբավարարության հիվանդություն՝ ՁԻԱՀ).

դ․ վարակիչ հիվանդությունների ընթացքի և անհետաձգելի օգնության առանձնահատկությունները նորածինների մոտ.

14) Ուրոլոգիայում սուր հիվանդությունների և վնասվածքների անհետաձգելի վիճակների ոլորտում իմանա`

ա․ անհետաձգելի օգնություն սուր միզակապության ժամանակ․

բ․ ախտորոշման և անհետաձգելի օգնության հիմունքները տղամարդկանց մոտ սեռական օրգանների բորբոքային հիվանդությունների ժամանակ․

գ․ ախտորոշման և անհետաձգելի օգնության հիմունքները միզասեռական օրգանների վնասվածքների ժամանակ․

15) Արտակարգ իրավիճակների, պատահարների, աղետների ժամանակ կարողանա իրականացնել`

ա․ կոդային թիմերի (Code Blue (Կոդ կապույտ), Code STEMI (Կոդ Ստեմի), Code Stroke (Կոդ կաթված)) կազմակերպում և ղեկավարում.

բ․ զանգվածային տուժածների տրիաժ (START (ստարտ) կամ այլ միջազգային ստանդարտներով), հիվանդների առաջնային գնահատում և կենսաբանական սպառնալիքների դեպքում ինքնապաշտպանության և մեկուսացման միջոցառումներ։ Գնահատել իրավիճակը, ձեռնարկել վիճակի կայունացման անհրաժեշտ միջոցներ, անհրաժեշտության դեպքում կազմակերպել և իրականացնել տուժածների հոսպիտալացումն ըստ առաջնահերթության.

16) Կարողանա իրականացնել միջամտություններ (մանիպուլյացիաներ) պացիենտի (մեծահասակի և երեխայի)՝

ա․ զննման հմտություններ՝ հիմնական կենսապահովման զննում, առաջնային զննում ըստ XABCDE (ԻքսԷյԲիՍիԴիԻ) ալգորիթմի, երկրորդային զննում․

բ․ կրծքավանդակի սեղմումներ.

գ․ շնչուղիների կառավարման բազային միջոցառումներ՝ գլուխը հետ կզակը վեր գործողություն, ստորին ծնոտի առաջ քաշում, բերան ըմպանային օդուղիների տեղադրում, քիթ-ըմպանային օդուղիների տեղադրում, ինտուբացված և ոչ ինտուբացված բուժառուների շնչուղիների մաքրում արտածծման միջոցով․

դ․ շնչուղիների կառավարման ընդլայնված միջոցառումներ՝ շնչափողի ինտուբացիա լարինգիալ դիմակի տեղադրում, I-Gel-ի (Այ-Գել) տեղադրում, լարինգիալ խողովակի տեղադրում, կոնիկոտոմիա, միջմաշկային շնչափողի կաթետերիզացիա․

ե․ թթվածնի մատակարարման միջոցներ՝ քթային փողակ, թթվածնային դիմակ, ոչ հետադարձ թթվածնային դիմակ, սատուրոմետրիա․

զ․ արհեստական շնչառություն ՝ բերան-բերան շնչառություն, բերան-դիմակ

շնչառություն, պարկ-դիմակ շնչառություն, պարկ-ընդլայնված խողովակ շնչառություն, արհեստական շնչառության սարքով շնչառություն․

է․ ավտոմատ և մանուալ դեֆիբրիլյատորների կիրառում.

ը․ ԷՍԳ իրականացում 12.15 և 18 արտածումով ԷՍԳ և ԷՍԳ մոնիթորինգ 3 և 5 էլեկտրոդներով.

թ․պերիֆերիկ երակների կաթետերիզացիա՝ ենթամաշկային, միջմկանային, ներերակային, ներերակային կաթիլային, ներոսկրային, ներբրոնխային ներարկումներ.

ժ․ տոնոմետրիա՝ մանուալ և մոնիթորով.

ժա․ պերիֆերիկ և կենտրոնական անոթազարկերի գնահատում.

ժբ․ մազանոթների վերալցման ժամանակի գնահատում.

ժգ․ գիտակցության գնահատում` գիտակցության մակարդակի գնահատման սանդղակի՝ AVPU (ԷյՎիՓիՅու) և Գլազգոյի սանդղակով՝ GCS.

ժդ․ արյունահոսությունը ժամանակավոր դադարեցման միջոցներ՝ ուղղակի ճնշում. ճնշող վիրակապ, լարանի տեղադրում, հեմոստատիկների կիրառում․

ժե․ կրծքավանդակի ասեղային դեկոմպրեսիա.

ժզ․ պարանոցի անշարժացում.

ժէ․ պացիենտի տեղափոխում պատգարակին տարբեր դիրքերից.

ժը․ պացիենտին անշարժացում մեծ պատգարակին.

ժթ․ վերջույթների անշարժացում.

իա․ քիթ-ստամոքսային զոնդի տեղադրում.

իբ․ բերան-ստամոքսային զոնդի տեղադրում.

իգ․ ստամոքսի լվացում.

իդ․ միզային կաթետրի տեղադրում.

իե․ փափուկ հյուսվածքների, վնասվածքների, վերքերի վիրակապում

իզ․ քթային արյունահոսության դադարեցում.

իէ․ կրծքավանդակի բաց վնասվածքների վիրակապում.

իը․ կոնքի անշարժացում.

իթ․ պացիենտի տեղափոխման որոշում (միջոց, տևողություն, ընդունող հաստատություն).

լա․ պացիենտների դուրս բերում մեքենայից.

լբ․ աչքի լվացման տեխնիկա․

17) Կարողանա իրականացնել միջամտություններ (մանիպուլյացիաներ) պացիենտի (երեխայի)՝

 ա․ անհասկանալի ծագման տենդ․

 բ․ ասթմա․

 գ․ ֆարինգիտ և միջին ականջաբորբ․

 դ․ բրոնխիոլիտ․

 ե․ լարինգոտրախեոբրոնխիտ (կռուպ)․

 զ․ էպիգլոտիտ․

 է․ թոքաբորբ․

 ը․ բնածին սրտային ախտաբանություններ․

 թ․ որովայնային ցավ․

 ժ․ ստամոքսի պիլորիկ բաժնի սեղմում (պիլորոստենոզ)․

 ժա․ գաստրոէնտերիտ․

 ժբ․ աղիքների խցանում․

 ժգ․ որդանման ելունի բորբոքում (ապենդիցիտ)․

 ժդ․ բակտերիալ մենինգիտ․

 ժե ․ցնցումային նոպաներ․

 ժզ․ Կավասակիի հիվանդություն․

 ժէ․ ջերմային ցնցումներ․

 ժը․ երեխայի նկատմամբ բռնի վերաբերմունք։

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Անհետաձգելի օգնության բժիշկը պետք է ունենա՝

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. ահետաձգելի օգնության բժիշկը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. Անհետաձգելի օգնության բժիշկը պետք է կարողանա՝

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Անհետաձգելի օգնության բժիշկը պետք է կարողանա՝

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են անհետաձգելի օգնության բժշկի վրա։

 

8. Կոմպետենտությունների մակարդակները անհետաձգելի բժշկություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական

միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2025 թվական: