ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
ԲԴԽ-52-Ո-Կ-11 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ
ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԱԳՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի |
|
|
|
|
անդամներ |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԷԴ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ Ք. ՄԿՈՅԱՆԻ |
|
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի նախագահ |
Հ. ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ |
|
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ |
Է. ԳՅՈՒՐՋՅԱՆԻ |
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր |
Վ . ԹՈՐՈՍՅԱՆԻ |
|
քարտուղարությամբ՝ |
Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ |
| 03 հոկտեմբերի 2025 թվականի |
ք. Երևան |
դռնբաց նիստում, քննության առնելով ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի հուլիսի 21-ի N-Կ-7/2025 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել 10․03․2025 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) ստացված փաստաբան Գուրգեն Թորոսյանի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ) հաղորդումը (թիվ Դ-159)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) դատավոր Վահագն Թորոսյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։
Հանձնաժողովի 19․05․2025 թվականի N-Կ-7/2025 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Հանձնաժողովի 21․07․2025 թվականի N-Կ-7/2025 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ (այսուհետ նաև՝ Միջնորդություն):
Խորհրդի 04.08.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ՝ 25.08.2025 թվականին:
25.08.2025 թվականին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 22.09.2025 թվականին:
22.09.2025 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 03.10.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.
Հանձնաժողովը, ներկայացրած միջնորդությամբ վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ CM/Rec(2010)12 հանձնարարականի 22-րդ կետը, Դատավորների միջազգային միության Դատավորների համընդհանուր խարտիայի 1-ին և 6.2-րդ հոդվածները, Եվրոպայի խորհրդի Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի Դատավորների մագնա կարտայի 2-րդ և 10-րդ կետերը, Դատավորների վարքագծի Բանգալորյան սկզբունքների (այսուհետ՝ Բանգալորյան սկզբունքներ) անկախության ցուցիչը, Բանգալորյան սկզբունքների անաչառության ցուցիչի 2.1-ին, 2.5-րդ և 4.1-ին կետերը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 8-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը, 71-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 28-րդ հոդվածի 1-ին մասը, 29-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Միքալեֆն ընդդեմ Մալթայի թիվ 17056/06 գործով 2009 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Ղուլյանն ընդդեմ Հայաստանի թիվ 35443/13 գործով 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը, Վճռաբեկ դատարանի թիվ ԵԴ/0013/06/19 գործով 2021 թվականի նոյեմբերի 3-ի և Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ–81-Ո-Կ-10 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, նշել է, որ վերոգրյալ իրավական նորմերի և նշված փաստերի համակարգային վերլուծության արդյունքում անդրադառնալով կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներին՝ Հանձնաժողովը փաստել է, որ Դատավորի վարույթում է քննվել թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Հովհաննեսի Խանամիրյանի ընդդեմ «Ֆլեշ» ՍՊԸ-ի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ «ԹԻԴԻ» ՍՊԸ-ի, Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի՝ 31.10.2022թ. անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 31/10/22-1 պայմանագրի անվավեր ճանաչման և անվավերության հետևանքների կիրառման պահանջների մասին։
Դատարանի կողմից 2025 թվականի մարտի 6-ին կայացված վճռով Պատասխանող «Ֆլեշ» ՍՊԸ-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով հայցային վաղեմության հատուկ ժամկետ կիրառելու վերաբերյալ, բավարարվել է և հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
Հանձնաժողովը նշել է, որ Վճռի՝ «Գործի դատավարական նախապատմությունը բաժնում» առկա չէ որևէ հիշատակում այն մասին, որ Դատավորի կողմից հիշյալ քաղաքացիական գործի քննության ընթացքում կողմերին բացահայտվել է իր և «Ֆլեշ» ՍՊԸ-ի փոխհարաբերությունների մասին, այսինքն՝ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու, իր բացակայությամբ ինքնաբացարկի անտեսման հարցը քննարկելու առաջարկ ներկայացնելու, այն կողմերի կողմից անտեսվելու փաստերի վերաբերյալ։ Նշվածի կապակցությամբ որևէ եզրահանգում առկա չէ նաև վճռի՝ «Դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները» բաժնում։ Հիշյալ վճռի դեմ հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք։
Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված՝ Դատավորի կենսագրական տվյալների համաձայն՝ վերջինս 2009-09.06.2020թթ. համատեղությամբ զբաղեցրել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնը։ Դատավորն իր բացատրությամբ ամբողջությամբ ընդունել է այս փաստը։
Վերոշարադրյալի կապակցությամբ Հանձնաժողովը հարկ է համարել ընդգծել, որ դեռևս կարգապահական վարույթի հարուցման փուլում որոշակիորեն հայտնի դարձած հանգամանքների, մասնավորապես, Հաղորդմանը կցված, ինչպես նաև Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված Դատավորի կենսագրական տվյալների, թիվ ԵԴ2/3058/02/24 էլեկտրոնային քաղաքացիական գործով Դատարանի կողմից 2025 թվականի մարտի 6-ին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում փաստվել էր, որ Դատավորը քննել և լուծել է թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործն այն դեպքում, երբ դատավորի պաշտոնում նշանակվելուն նախորդող ժամանակահատվածում՝ շուրջ 11 տարի, աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նույն գործով պատասխանող «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ։
Ընդ որում, աշխատանքային հարաբերություններում Դատավորը հանդես է եկել որպես ընկերության ներկայացուցիչ՝ զբաղեցնելով իրավաբանի պաշտոնը, և ըստ էության կատարել է իրավաբանական բնույթի տարբեր աշխատանքներ, որն ուղղակիորեն առնչություն է ունեցել նաև դատարաններում քննվող գործերի հետ, մասնավորապես՝ ըստ datalex.am կայքի տեղեկությունների՝ Դատավորը հանդես Է եկել որպես «Ֆլեշ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ մի շարք դատական գործերով, օրինակ՝ որպես հայցվորի ներկայացուցիչ թիվ ԵԴ/25665/02/18, թիվ ԵԴ/23823/02/18 (վերադարձված), թիվ ԳԴ/0681/02/17, թիվ ԵՇԴ/0113/02/16, թիվ ԿԴ2/0487/02/14, թիվ ԼԴ/0314/02/14, թիվ ԿԴ3/0138/02/13, թիվ ԵԷԴ/1530/02/12, թիվ ԵՇԴ/1047/02/12, թիվ ԼԴ/0719/02/12, թիվ ԼԴ/0677/02/12, թիվ ԵՇԴ/0889/02/12, թիվ ԵԱԴԴ/0819/02/12, թիվ ԵԿԴ/0654/02/12, թիվ ԱՐԱԴ/0425/02/09, թիվ ԵՔԴ/0958/02/08 և այլ քաղաքացիական գործերով, իսկ որպես պատասխանողի ներկայացուցիչ՝ թիվ ԵԿԴ/5785/02/15, թիվ ԵԱԴԴ/2689/02/16 և այլ գործերով։
Այսպիսով, ամբողջ վերոշարադրյալի համատեքստում և նման պայմաններում Հանձնաժողովը փաստել է, որ Դատավորը, ունենալով մինչև նախնական դատական նիստի ավարտը կողմերին բացահայտելու ինքնաբացարկի հիմքերը, չի բացահայտել դատավորի պաշտոնում նշանակվելուն նախորդող ժամանակահատվածում՝ շուրջ 10-11 տարի, իր՝ թիվ ԵԴ2/3058/02/24 գործով պատասխանող «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ, գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում, չի դիմել կողմերին՝ առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը՝ թույլ տալով դատավորի՝ ի պաշտոնե գործելիս վարքագծի կանոնների և դատավարական նորմերի խախտումներ՝ դրանով իսկ խախտելով և վտանգելով նշված քաղաքացիական գործով կողմերի՝ անաչառ դատարանի կողմից գործի քննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը, վտանգելով դատարանի՝ որպես անաչառ ինստիտուտի մասին հանրային ընկալումը։
Ամփոփելով վերը նշված փաստերը՝ Հանձնաժողովը գտել է, որ քննարկվող դեպքում առկա են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի, 63-րդ հոդվածի 1-ին մասի, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի, 71-րդ հոդվածի 1-ին մասի, 2-րդ մասի 1-ին կետի, 4-րդ մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին, 6-րդ և 10-րդ, 11-րդ մասերի դրույթների խախտման հատկանիշներ։
Միևնույն ժամանակ Հանձնաժողովը հարկ է համարել ընդգծել, որ սույն որոշմամբ արձանագրված դատավարական նորմերի խախտումները թույլ են տրվել վարքագծի կանոնների խախտման հետևանքով, ավելին՝ դրանք ըստ էության հանդիսանում են վարքագծի կանոնների խախտման հետևանքով թույլ տրված այնպիսի դատավարական խախտումներ, որոնք խաթարել են ոչ միայն արդարադատության բուն էությունը, այլև հանգեցրել են հայցվորի դատական պաշտպանության իրավունքի խախտման։
Հանձնաժողովն արձանագրել է, որ դատավորի անաչառության և առանց ինքնաբացարկի հիմքերի բացահայտման գործը քննելու վարքագծի կանոնների խախտումն ինքնին չի կարող ունենալ նվազ կարևորություն, քանի որ այս վարքագծի կանոնների միաժամանակյա խախտումը հեղինակազրկում է դատական իշխանությունը՝ իր հետ բերելով այնպիսի բացասական հետևանքներ, ինչպիսիք են հասարակության վստահության անկումը դատարանների հանդեպ, երբ դատարանների հետ գործ ունեցող կամ չունեցող անձանց մոտ դատավորի անաչառության մասին չփարատված այսպիսի կասկածի գոյության պայմաններում խոսք չի կարող լինել օրինական, հեղինակավոր դատական ակտի կայացման մասին, քանի որ սույն վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստերի գոյության պայմաններում որևէ կերպ չի փարատվում անաչառ և անկողմնակալ դատարանի մասին այնպիսի կասկածը, որի շարունակական գոյությունն ու չեզոքացումը վնասում է արդարադատության շահն ու դատական իշխանության հեղինակությունը, և անձանց մոտ կարող է ձևավորվել այնպիսի համոզմունք, որ դատարանները ոչ միայն ինքնաբացարկի օբյեկտիվ հիմք/եր/ի առկայության դեպքում շարունակում են քննել գործերը, այլև առնվազն փորձում են թաքցնել կամ չբացահայտել ինքնաբացարկի հիմքերը՝ ունենալով այս կամ այն անձի օգտին աչառու որոշում կայացնելու ոչ իրավաչափ նպատակներ։
Ավելին՝ Հանձնաժողովը հարկ է համարել ընդգծել, որ Դատավորը կայացրել է այնպիսի դատական ակտ, որով բավարարել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի միջնորդությունը՝ կիրառելով հայցային վաղեմություն, ինչի հետևանքով հայցվորի հայցը մերժվել է։ Այսինքն՝ անկախ այն հանգամանքից, թե դատական ակտը բողոքարկվել է, թե՝ ոչ, արդեն իսկ առկա է հետևանք, որը դրսևորվել է ոչ հայցվորի օգտին դատական ակտ կայացվելու և այն հայցվորի կողմից բողոքարկվելու միջոցով, այսինքն՝ այդպիսի դատական ակտը ոչ միայն հայցվորի համար եղել է անբարենպաստ, այլև՝ հայցվորը ստիպված ներկայացրել է բողոք այդ ակտի դեմ՝ հատկապես հաշվի առնելով, որ դա, ի թիվս այլնի, առնվազն հանգեցնում է նաև գործը ողջամիտ ժամկետում քննվելու սկզբունքի խախտման։
Ամբողջ վերոգրյալի հիման վրա Հանձնաժողովը եկել է այն համոզման, որ Դատավորի կողմից թույլ տրված և սույն որոշմամբ արձանագրված խախտումները նվազ կարևոր չեն։
Այսպիսով, Հանձնաժողովը գտել է, որ Դատարանի դատավոր Վահագն Թորոսյանը թույլ է տվել վերը շարադրված իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումներ, որոնք վերջինս կատարել է կոպիտ անփութությամբ։
Դատական նիստում Հանձնաժողովի ներկայացուցիչները պնդել են ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորը Հանձնաժողովին ներկայացրած բացատրությամբ հայտնել է, որ թիվ ԵԴ2/3658/02/24 քաղաքացիական գործը քննելիս, ինքը որպես նախագահող դատավոր, եղել է բացարձակ անաչառ, անկողմնակալ և որևէ նախապաշարմունքից և նախատրամադրվածությունից զերծ։ Այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ ինքը «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ մինչև 2019 թվականն առնչվել է միմիայն պաշտոնական աշխատանքային հարաբերությունների շրջանակներում՝ կատարելով բացառապես փաստաբանի (իրավաբանի) աշխատանքային գործառույթներ։ Մինչ օրս՝ ավելի քան 6 տարի շարունակ (2019 թվականից աշխատանքից ազատված լինելով և 2020 թվականին դատավորի պաշտոնում նշանակվելու հանգամանքով պայմանավորված), խզել է առհասարակ իր բոլոր տեսակի հարաբերությունները նշված ընկերության, դրա աշխատողների և/կամ ներկայացուցիչների հետ, նրանց հետ անձնական բնույթի, այդ թվում նաև՝ ընկերական կամ այլ տեսակի մտերմական հարաբերություններ, ինչպես նաև տնտեսական կամ այլ բնույթի շահեր երբևէ չի ունեցել և չունի, նման շահեր և/կամ նման բնույթի հարաբերություններ չունեն և չեն ունեցել նաև իր շրջապատը՝ ներառյալ մերձավոր ազգականները։ Նմանապես չի ունեցել և չունի որևէ տեսակի հարաբերություն թիվ ԵԴ2/3658/02/24 քաղաքացիական գործով պատասխանող ընկերության դատավարական ներկայացուցչի, գործին մասնակցող այլ անձանց և նրանց ներկայացուցիչների հետ։ Իր՝ պատասխանող ընկերությունում աշխատանքային գործունեության տարիներին խնդրո առարկա՝ թիվ ԵԴ2/3658/02/24 քաղաքացիական գործի հիմքում ընկած վեճը ծագած չի եղել, հետևաբար, այդ վեճի և դրա մասնակիցների միջև հարաբերությունների, ինչպես նաև այնպիսի այլ հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով իր անաչառության մեջ, ինքը որևէ տեղեկություն չի ունեցել և չէր էլ կարող ունենալ։ Հայցվորի ներկայացուցիչ Գուրգեն Թորոսյանի ազգանվան և իր ազգանվան համընկնումը զուտ պատահականության արդյունք է։ Ի դեպ, իր և հայցվորի ներկայացուցչի ազգանունների համընկնման հարցը նույնպես չի բացահայտել և չի առաջարկել քննարկել այդ հիմքով ինքնաբացարկի անտեսման հարցը, քանի որ, չնայած իր և հայցվորի ներկայացուցչի ազգանունների համընկնմանը, այդ հարցում օրենքով սահմանված ինքնաբացարկի հիմքը բացակայել է (որովհետև վերջինս չի հանդիսանում իր մերձավոր ազգականը)։ Եվ ամենևին էլ պատահական չէ, որ Հաղորդում ներկայացրած անձը, որպես ինքնաբացարկի ենթադրյալ հիմք, վկայակոչում է միայն 6 տարի առաջ փաստացի դադարած աշխատանքային հարաբերություններն ինքնին, քանի որ այլ տեսակի հարաբերություններ իրականում չեն եղել և այժմ էլ գոյություն չունեն, որոնք կարող են հանդիսանալ օրենքով նախատեսված ինքնաբացարկի հիմքեր կամ հիմք հանդիսանալ դատավորի անաչառության հարցում անկողմնակալ, իրազեկ և իրավագիտակից դիտորդի մոտ ողջամիտ կասկածի ձևավորման համար։
Վկայակոչելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 10-րդ մասի իրավակարգավորումները՝ Դատավորը գտել է, որ, ի հակադրություն Հաղորդում ներկայացրած անձի պնդումների, գործին մասնակցող անձի կարգավիճակում հանդես եկող «Ֆլեշ» ՍՊԸ-ում ավելի քան 6 տարի առաջ աշխատած լինելու փաստն ինքնին ինքնաբացարկի հիմք չի հանդիսանում, հետևաբար, ինքը, որպես նախագահող դատավոր, թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործի քննության ընթացքում այդ փաստը՝ որպես ինքնաբացարկի հիմք, կողմերի առջև բացահայտելու օրենքով սահմանված պարտականություն չի ունեցել, քանի որ այդ փաստն ինքնին «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի նորմերով սահմանված չէ որպես դատավորի ինքնաբացարկի հիմք։ Այս առումով անհրաժեշտ է համարել հղում կատարել Դատավորների վարքագծի Բանգալորյան սկզբունքների մեկնաբանություններին, որում ուղղակիորեն նշված է, որ «մինչ դատավոր նշանակվելը անձը կարող է զբաղեցրած լինել տարատեսակ պաշտոններ, ներառյալ՝ քաղաքական, կարող է ծավալած լինել նաև ակտիվ քաղաքական, կուսակցական գործունեություն։ Սա ինքնին դատավորի կողմնակալության մասին չի փաստում (...): Այս փուլում դատավորից ակնկալվում է, որպեսզի նա մի կողմ դնի կուսակցական շահերը, քաղաքական հավակնությունները և խուսափի ցանկացած տեսակի շահերի բախումից (տե՛ս, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակի մեկնաբանություն, կետ 88)։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Դատավորը խնդրել է կարճել իր նկատմամբ 2025 թվականին մայիսի 19-ին հարուցված կարգապահական վարույթը, քանի որ բացակայում են Հաղորդման մեջ նշված հիմքերով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը։
Դատավորը 11.08.2025 թվականին Խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանով հայտնել է, որ ամբողջությամբ առարկում է Միջնորդության դեմ։
Հայտնել է, որ թիվ ԵԴ2/3658/02/24 քաղաքացիական գործը, քննելիս, ինքը՝ որպես նախագահող դատավոր, եղել է բացարձակ անաչառ, անկողմնակալ և որևէ նախապաշարմունքից և նախատրամադրվածությունից զերծ, քանի որ բնության մեջ առկա չէ որևէ իրական (այլ ոչ թե երևակայական) հանգամանք կամ փաստ, որը կարող է հիմք ծառայել անկողմնակալ և իրազեկ դիտորղի մոտ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով իմ անաչառության և անկողմնակալության հարցում ողջամիտ, օբյեկտիվորեն հիմնավոր և իրավաչափ կասկած ձևավորելու համար։
Հայտնել է, որ չի ունեցել և չունի որևէ տեսակի հարաբերություն թիվ ԵԴ2/3658/02/24 քաղաքացիական գործով պատասխանող ընկերության դատավարական ներկայացուցչի, գործին մասնակցող այլ անձանց (նրանց ներկայացուցիչների) հետ։ 2019թ.–ից մինչ օրս հարաբերությունները վերը նշված անձանց հետ խզված են այն աստիճան, որ այդ շրջանակից որևէ անձի հետ կապված տոնական, ուրախության կամ տխուր առիթներով որևէ միջոցառման չի մասնակցել, նույնիսկ ծննդյան օրվա, Ամանորի, Մարտի 8-ի և այլ տոնական առիթներով որևէ մեկին չի շնորհավորել կամ հակառակը՝ նրանցից շնորհավորանք չի ստացել։ Այս հանգամանքները խոսում են փաստացի որևէ հարաբերության բացակայության մասին։
Գտնում է, որ նախկինում (16 տարի առաջ սկսված և ավելի քան 6 տարի առաջ լիովին դադարած)՝ «Ֆլեշ» ընկերությունում իր ֆորմալ (ձևական) աշխատանքային (սակայն իրականում փաստաբանական ծառայությունների մատուցման) շրջանակներում ոչ սերտ առնչություններն, ինքնին, չեն կարող անկողմնակալ իրազեկ դիտորդի տեսանկյունից հանդիսանալ թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով նախագահող դատավորին՝ անաչառ կամ անկողմնակալ չլինելու հարցում ողջամիտ, օբյեկտիվորեն հիմնավոր և իրավաչափ կասկածի առաջացման բավարար հիմք, հետևաբար՝ այդպիսի կասկածի բացակայության պայմաններում ինքնաբացարկի հիմքը բացառվում է, եթե առկա չեն եղել և այժմ էլ առկա չեն այնպիսի հարաբերություններ, որոնք օբյեկտիվորեն կարող են անկողմնակալ, իրազեկ դիտորդի տեսանկյունից ողջամտորեն կաշկանդել կամ սահմանափակել դատավորի՝ կոնկրետ այդ քաղաքացիական գործով անաչառ և անկողմնակալ որոշումներ կայացնելու հարցում։ Իսկ սույն դեպքում, պնդում է, որ ինչպես մինչև թիվ ԵԴ2/3058/02/24 քաղ. գործի քննությանը սկսելը, այնպես էլ դրա ընթացքում, նման բնույթի հանգամանքներն առհասարակ բացակայել են։
Պնդել է, որ այդ ընկերության հետ 2009-2019թթ.–ի հարաբերություններն իրականում եղել են ոչ սերտ, քանի որ դրանք սահմանափակվել են տարեկան մի քանի դատական գործերով դատական ներկայացուցչության իրականացմամբ, այն էլ՝ հիմնականում հեռավար կարգով։ Ի դեպ, այդ քաղ.գործերը, որոնցով ինքն իրականացրել է դատական ներկայացուցչություն, որևէ աղերս չունեն սույն վարույթի հիմքում ընկած ՝ թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով հայցվորի, ինչպես նաև նրա և «Ֆլեշ» ՍՊԸ-ի միջև առկա վեճի և դրա հիմքում ընկած հանգամանքների հետ։
Անհրաժեշտ է համարել Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը հրավիրել այն էական հանգամանքի վրա, որ խնդրո առարկա՝ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործի հիմքում ընկած վեճը ծագել է 2022թ.-ին, երբ ինքը վաղուց այլևս չէր աշխատում «Ֆլեշ» ընկերությունում և 2019թ.–ից մինչ օրս որևէ առնչություն այդ ընկերության և դրա ներկայացուցիչների հետ չեմ ունեցել, հետևաբար այդ վեճի հանգամանքների վերաբերյալ ես որևէ նախնական տեղեկություն, հետևաբար նաև այդ գործով որևէ նախապաշարմունք կամ նախնական համոզմունք չէր կարող ունենալ։
Հայտնել է նաև, որ թիվ ԵԴ2/3058/02/24 քաղ. գործին մասնակցող անձինք ունեցել են ողջամիտ հնարավորություն՝ բավարար ջանք գործադրելու պարագայում ծանոթանալ իմ կենսագրության մանրամասներին և անհրաժեշտության դեպքում հայտնել ինքնաբացարկ, ինչը հաղորդում ներկայացրած անձը, ունենալով փաստաբան, չի արել։
Վերոգրյալի հիման վրա գտնում է, որ Հանձնաժողովի կողմից իրեն վերագրվող արարքը չի պարունակում կարգապահական կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, չի առաջացրել Միջնորդության մեջ նշված հետևանքները, այն իր նվազ կարևորության պատճառով, որևէ կերպ կասկածի տակ չի դնում իր՝ որպես դատավորի, համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։
Խնդրել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից 21.07.2025թ.–ին կայացված որոշմամբ ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը մերժել՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4.1. Դատարանի (դատավոր՝ Վահագն Թորոսյան) վարույթում է քննվել թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Հովհաննեսի Խանամիրյանի ընդդեմ «Ֆլեշ» ՍՊԸ-ի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ «ԹԻԴԻ» ՍՊԸ-ի, Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի՝ 31.10.2022 թվականի անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 31/10/22-1 պայմանագրի անվավեր ճանաչման և անվավերության հետևանքների կիրառման պահանջների մասին։
4.2. Հայցադիմումը ներկայացվել է 19.04.2024 թվականին, վարույթ է ընդունվել 23.04.2024 թվականին, իսկ Դատարանի կողմից 06․03․2025 թվականին կայացված վճռով պատասխանող «Ֆլեշ» ՍՊԸ-ի ներկայացուցչի միջնորդությունը՝ թիվ ԵԴ2/3058/02/24 էլեկտրոնային քաղաքացիական գործով հայցային վաղեմության հատուկ ժամկետ կիրառելու վերաբերյալ, բավարարվել է և հայցը մերժվել է՝ հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով։
4.3. Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակված՝ Դատավորի կենսագրական տվյալների համաձայն՝ վերջինս 2009-09.06.2020թթ. համատեղությամբ զբաղեցրել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնը։ 2009-09.06.2020թթ համատեղությամբ աշխատել է «Կարկոմավտո», «Մեգնա», «Ֆորա» ՍՊ ընկերություններում՝ որպես իրավաբանական բաժնի պետ: 03.2013-09.06.2020թթ. աշխատել է «Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական բաժնի պետ: ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: 09.09.2019-04.05.2020թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր: 2020թ. հունիսի 9-ի ՀՀ նախագահի՝ ՆՀ-121-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2023թ. հունիսի 8-ին ՀՀ նախագահի՝ ՆՀ-191-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր:
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով Հանձնաժողովի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված հակափաստարկները` Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք 2009-09.06.2020թթ. համատեղությամբ «Ֆլեշ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնը զբաղեցնելու մասին տեղեկությունները Դատավորի կողմից թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով դատավարության մասնակիցներին չբացահայտելով և/կամ ինքնաբացարկ չհայտնելով, թույլ է տրվել վարքագծի կանոնի և/կամ դատավարական նորմի խախտում,
5.2. արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի և/կամ դատավարական նորմի ենթադրյալ խախտումը կատարվել է դիտավորությամբ, թե՞ կոպիտ անփութությամբ:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Հանձնաժողովի հաղորդումը, Հանձնաժողովի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ինչպես նաև ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ Վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնվում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:
ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
ՀՀ Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիային 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (․․․)
Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնների նպատակն է դատավորի և սույն հոդվածի 2-րդ մասում նշված անձանց կողմից վարքագծի կանոնները պահպանելու միջոցով նպաստել դատարանի անկախության ու անաչառության ապահովմանը, ինչպես նաև դատարանի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա են ինքնաբացարկ հայտարարելու հիմքեր։
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց։
Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ` դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն՝ դատավորին կարող է բացարկ հայտնվել, կամ դատավորը սեփական նախաձեռնությամբ պարտավոր է ինքնաբացարկ հայտնել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված հիմքերով:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև նախնական դատական նիստի ավարտը, իսկ վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում՝ մինչև բողոքի քննությունն սկսվելը: Եթե գործը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քննվում է առանց նախնական դատական նիստ հրավիրելու, դատավորն ինքնաբացարկ կարող է հայտնել, կամ նրան բացարկ կարող է հայտնվել մինչև գործի քննության ավարտը:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ ինքնաբացարկի կամ բացարկի հարցը լուծում է դատավորը:
Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որոնք ենթակա են արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:
Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու անհրաժեշտության դեպքում դատարանը դատական նիստի ծանուցագրում նշում է կատարում այդ մասին: Եթե կողմը, ծանուցված լինելով ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու նպատակով հրավիրված դատական նիստի մասին, չի ներկայանում դատական նիստին կամ չի ներկայացնում դատական նիստը հետաձգելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն, ապա դատարանն ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտում է գրավոր: Նշված ծանուցագիրն ստանալու պահից եռօրյա ժամկետում ինքնաբացարկի հիմքերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում չներկայացվելու դեպքում ինքնաբացարկը համարվում է կողմի կողմից անտեսված:
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2–րդ կետերի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Խորհուրդը հարկ է համարում նշել, որ ՀՀ Սահմանադրությունը դատավորներին է վերապահում արդարադատության իրականացման բացառիկ իրավասությունը, որը, ուղղակիորեն առնչվելով անհատների իրավունքների և ազատությունների հետ, ազդում է դատական համակարգի հանդեպ հանրային վստահության ձևավորման վրա: Ուստի հաշվի առնելով դատավորի պաշտոնի առանձնահատուկ դերն արդարադատության իրականացման հարցում՝ դատավորներին վերաբերելի վարքագծի կանոններն իրենց բնույթով ավելի խիստ են, քան պետական մյուս պաշտոնյաներինը: Այլ կերպ ասած, դատավորներն իրենց վարքագծով ոչ միայն պետք է ձեռնպահ մնան դատական համակարգը վարկաբեկելուց, այլև պետք է խթանեն դատական համակարգի նկատմամբ հանրության վստահության ամրապնդումը:
Դատավորի, դատարանի և դատական իշխանության յուրահատուկ դերը և դրանից բխող կարգավիճակն ամրագրված է մի շարք միջազգային իրավական փաստաթղթերում։ Դրանց մեջ կարևոր են հատկապես ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված՝ «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելված՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A (XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի Եվրոպական խարտիան և Եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի՝ «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010) 12 հանձնարարականը, Եվրոպական Դատավորների Խորհրդատվական խորհրդի և Վենետիկի հանձնաժողովի մի շարք եզրակացություններ ու զեկույցներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներ և այլն։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ նաև Եվրոպական դատարան) իր բազմաթիվ որոշումներում բացահայտել է դատարանի անկողմնակալության գնահատման չափանիշները: Այսպես՝ Եվրոպական դատարանն ընդգծել է, որ դատարանի անաչառությունը ենթադրում է գործը քննող դատավորի մոտ կանխակալ կարծիքի բացակայություն, իսկ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ չափանիշն է, որը վերաբերում է քննվող գործի կապակցությամբ տվյալ դատավորի անձնական համոզմունքներին և վարքագծին, իսկ երկրորդը՝ օբյեկտիվ չափանիշը, վերաբերում է առաջարկվող այն երաշխիքներին, որոնք պետք է բավարար լինեն դատավորի անաչառության կապակցությամբ առաջացած ցանկացած ողջամիտ կասկած բացառելու համար:
Սուբյեկտիվ չափանիշի համաձայն` դատարանի կամ դատավորի անկողմնակալությունը հանդես է գալիս որպես կանխավարկած, հետևաբար, քանի դեռ հակառակն ապացուցված չէ, դատավորը համարվում է սուբյեկտիվորեն անկողմնակալ: Հակառակ դրան` օբյեկտիվ անկողմնակալությունը կախված է արտաքին գործոններից, և այս դեպքում դատավորի վարքագիծը երկրորդական նշանակություն է ստանում: Մասնավորեցնելով օբյեկտիվ չափանիշը` Եվրոպական դատարանն արձանագրել է, որ այն հիմնականում վերաբերում է դատավորի և վարույթի մյուս մասնակիցների միջև աստիճանակարգային կամ մյուս կապերին կամ դատական գործընթացի շրջանակներում միևնույն անձի կողմից տարբեր գործառույթների իրականացմանը: Հետևաբար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է որոշել՝ արդյոք տվյալ հարաբերությունների բնույթը և սերտության աստիճանը վկայում են այն մասին, որ դատարանն անկողմնակալ չէ (տե՛ս, օրինակ, Piersack v. Belgium գործով Եվրոպական դատարանի 01.10.1982 թվականի վճիռը, կետ 30, Grieves v. the United Kingdom գործով Եվրոպական դատարանի 16.12.2003 թվականի վճիռը, կետ 69, Kyprianou v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 15.12.2005 թվականի վճիռը, կետեր 118, 121, Nicholas v. Cyprus գործով Եվրոպական դատարանի 09.01.2018 թվականի վճիռը, կետեր 49, 53, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետ 45):
Օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից Եվրոպական դատարանը կարևորել է նաև կոնկրետ գործի քննությանը դատավորի ունեցած դերը, դատավորի կողմից իրականացված գործողությունների շրջանակն ու բնույթը և գտել է, որ դատավորի կողմից գործի նյութերին պարզապես ծանոթ լինելը չի հանգեցնում վերջինիս անաչառության վերաբերյալ ծագած կասկածների ողջամտությանը (տե՛ս, Morel v. France գործով Եվրոպական դատարանի 18.10.2000 թվականի վճիռը, կետ 45, Fazlı Fazli Aslaner v. Turkey գործով Եվրոպական դատարանի 07.07.2014 թվականի վճիռը, կետ 31): Վերադաս դատարաններում նույնիսկ երկու այլ դատավորների հետ գործի քննությունն իրականացնող և գործի քննությունը նախագահող դատավորը չպետք է քննի իր իսկ որոշման դեմ ներկայացված բողոքները (տե՛ս De Haan v. the Netherlands գործով Եվրոպական դատարանի 26.08.1997 թվականի վճիռը, կետ 51): Անկողմնակալության ապահովման մասով ազգային ընթացակարգերի, մասնավորապես՝ դատավորներին գործի քննությունից հեռացնելը կարգավորող կանոնների առկայությունն էական գործոն է: Այդպիսի կանոնները վկայում են այն մասին, որ ազգային օրենսդիրները հատուկ ուշադրություն են դարձնում տվյալ դատավորի կամ դատարանի անկողմնակալության հետ կապված հիմնավոր բոլոր կասկածները վերացնելուն և այդպիսի կասկածների պատճառները վերացնելու միջոցով փորձում են անկողմնակալություն ապահովել: Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն (տե՛ս, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, կետեր 47, 51):
Եվրոպական դատարանն անդրադարձել է նաև «անկողմնակալության» հարցին, մասնավորապես նշելով, որ այս պահանջի մասով գոյություն ունի երկու ասպեկտ։ Նախ, դատարանը պետք է սուբյեկտիվորեն ազատ լինի անձնական նախապաշարմունքից կամ կանխակալությունից։ Երկրորդ, այն պետք է նաև օբյեկտիվորեն անկողմնակալ լինի, այն է՝ պետք է ապահովի բավարար երաշխիքներ՝ բացառելու ցանկացած օրինաչափ կասկած այդ առումով։ Անկախության և օբյեկտիվ անկողմնակալության հասկացությունները սերտորեն կապված են, և դատարանը դրանք հաճախ միասին է դիտարկում (տե՛ս Ֆինդլեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [Findlay v. the United Kingdom], 25 փետրվարի 1997 թվական, § 73, Վճիռների և որոշումների վերաբերյալ զեկույցներ 1997‑I, Բրուդնիկան և այլոք ընդդեմ Լեհաստանի [Brudnicka and Others v. Poland], գանգատ թիվ 54723/00, § 38, ՄԻԵԴ 2005‑II)։»։
Դատավորի վարքագծի Բանգալորյան սկզբունքների 2.5-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ երբ անկողմնակալ դիտորդին թվում է, թե նա ի վիճակի չէ տվյալ գործով անաչառ որոշում կայացնել: Նույն սկզբունքների 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է:
Դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունների 15-րդ կանոնի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել, կամ անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ նա ի վիճակի չէ տվյալ գործով արդարացի որոշում կայացնել։ Նման հիմքեր կարող են լինել, երբ՝ ա) Դատավորի մոտ առկա է նախատրամադրվածություն վիճող կողմերի նկատմամբ, կամ նախօրոք անձամբ ծանոթ է գործով ապացույց հանդիսացող վիճարկվող փաստական տվյալներին և դրանց վերաբերյալ ունի կանխակալ կարծիք. ...։
Դատավորի կողմնակալությունը և նախատրամադրվածությունը կարող են ունենալ բազմաթիվ և բազմաբնույթ դրսևորումներ, այդ պատճառով էլ դրանք բավարար որոշակիությամբ սահմանվել չեն կարող։ Ի տարբերություն օրենքի պահանջի՝ քննարկվող կանոնն ունի լրացուցիչ պահանջներ։ Դրանք են՝ 1. դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե գործի քննությունը նրա կողմից ողջամտորեն կարող է կասկած հարուցել նրա անաչառության նկատմամբ. ...։
Անդրադառնալով անկողմնակալ դիտորդի հարցին՝ Խորհուրդն իր 29․11․2021 թվականի թիվ ԲԴԽ-84-Ո-Կ-24 որոշմամբ արձանագրել է, որ «անկողմնակալ դիտորդ» արտահայտությունն արդեն իսկ հուշում է, որ գործով անկողմնակալ կարող է լինել այն սուբյեկտը, որն որևէ անմիջական առնչություն չունի տվյալ գործի հետ, գործի լուծումն որևէ կերպ չի կարող ազդել վերջինիս իրավունքների և պարտականությունների վրա։ Բառարանային բացատրությամբ «անկողմնակալ դիտորդը» բառակապակցությունն ունի հետևյալ մեկնաբանությունը՝ (...) Անկողմնակալ դիտորդ է համարվում այն անձը, ով անմիջականորեն ներգրավված չէ որոշակի իրավիճակում, հետևաբար, կարող է արդար կարծիք կամ որոշում հայտնել դրա վերաբերյալ (...)։ Վերոգրյալի համատեքստում Խորհուրդն արձանագրել է, որ անկողմնակալ դիտորդ կարող է լինել ցանկացած սուբյեկտ, բացի գործը քննող դատավորից և դատավարության մասնակիցներից։
Վկայակոչված միջազգային փաստաթղթերում ամրագրված են դատական իշխանության, դատավորների անկախության, դատավորների գործունեության, ինչպես նաև վերջիններիս վարքագծի կանոնների վերաբերյալ ելակետային դրույթներ:
Տվյալ դեպքում վարույթ հարուցած մարմինը, որպես Դատավորի կողմից թույլ տրված խախտում, դիտարկել է այն հանգամանքը, որ Դատավորը, ունենալով պարտականություն մինչև նախնական դատական նիստի ավարտը կողմերին բացահայտելու ինքնաբացարկի հիմքերը, չի բացահայտել դատավորի պաշտոնում նշանակվելուն նախորդող ժամանակահատվածում՝ շուրջ 10-11 տարի, իր՝ թիվ ԵԴ2/3058/02/24 գործով պատասխանող «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված լինելու հանգամանքը, միևնույն ժամանակ, գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում, չի դիմել կողմերին՝ առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը՝ թույլ տալով դատավորի՝ ի պաշտոնե գործելիս վարքագծի կանոնների և դատավարական նորմերի խախտումներ՝ դրանով իսկ խախտելով և վտանգելով նշված քաղաքացիական գործով կողմերի՝ անաչառ դատարանի կողմից գործի քննության սահմանադրական և կոնվենցիոն իրավունքը, վտանգելով դատարանի՝ որպես անաչառ ինստիտուտի մասին հանրային ընկալումը։
Վերոնշյալի կապակցությամբ Խորհուրդն անհրաժեշտ է համարում նախ անդրադառնալ դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու և, մասնավորապես, ինքնաբացարկի հիմքերը կողմերին բացահայտելու և վերջիններիս կողմից ինքնաբացարկի անտեսման հարցը քննարկելու՝ Օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 29-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով սահմանված իրավակարգավորումներին՝ բացահայտելով նաև այդ նորմերով սահմանված՝ դատավորի պարտականությունների ծագման հիմքերը։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների, նորմատիվ իրավական ակտի մեկնաբանման կանոնների լույսի ներքո անդրադառնալով դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ նշված նորմերի վերլուծությանը՝ Խորհուրդն արձանագրում է, որ եթե առկա են ինքնաբացարկի հիմքեր, ապա դրանք պետք է բացահայտվեն կողմերին։ Միաժամանակ, եթե ինքնաբացարկի հիմքերի առկայության պայմաններում դատավորն ունի նաև համոզմունք, որ տվյալ գործով կարող է լինել անաչառ, ապա կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Ինքնաբացարկը կողմերի կողմից անտեսվելու դեպքում դատավորն իրականացնում է գործի քննությունը:
Այսինքն՝ դատավորը պարտավոր է կողմերին օրենքով սահմանված ընթացակարգերով բացահայտել միայն այնպիսի փաստերը, որոնք հանդիսանում են օրենքով սահմանված ինքնաբացարկի հիմքեր։ Այլ կերպ ասած՝ որոշակի հանգամանքներ (փաստեր, իրադարձություններ և այլն) կողմերին բացահայտելու՝ դատավորի պարտականությունը սահմանափակված է միայն ինքնաբացարկի հիմքերով։ Հետևաբար, Օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի իրավակարգավորումների շրջանակներում դատավորը պարտավոր չէ կողմերին բացահայտել այն հանգամանքներն ու փաստերը, որոնք չեն հանդիսանում դատավորի ինքնաբացարկի հիմքեր։
Վերոգրյալ նորմերի, մեկնաբանությունների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Խորհուրդն արձանագրում է, որ սույն գործի քննությամբ հաստատվել է, որ Դատավորը 2009-09.06.2020թթ. համատեղությամբ զբաղեցրել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնը։ Ուստի, սույն որոշմամբ առաջադրված առաջին հարցադրմանը պատասխանելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք նշված փաստը հանդիսացել է ինքնաբացարկի հիմք, թե՝ ոչ։
Այս կապակցությամբ Խորհուրդը, ուսումնասիրելով սույն գործի քննությամբ ձեռք բերված տեղեկություններն ու փաստական հանգամանքները, գտնում է, որ թեև Դատավորը տևական ժամանակ՝ 2009-09.06.2020թթ., համատեղությամբ զբաղեցրել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնը, սակայն այդ փաստն ինքնին չի կարող Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի իմաստով ինքնաբացարկի հիմք հանդիսանալ։ Մասնավորապես, սույն գործի քննությամբ ձեռք չեն բերվել այնպիսի տեղեկություններ, չեն հաստատվել այնպիսի փաստեր, որոնք կվկայեին աշխատանքից ազատվելուց հետո «Ֆլեշ» ՍՊԸ-ի, այդ ընկերության մասնակիցների, ներկայացուցիչների, աշխատակիցների հետ Դատավորի որևէ տեսակի հարաբերությունների առկայության մասին։ Ընդ որում, գործի քննությամբ ձեռք չեն բերվել նաև տեղեկություններ և փաստեր նախկինում Դատավորի և վերոնշյալ անձանց հետ աշխատանքային հարաբերություններից զատ որևէ այլ, այդ թվում՝ անձնական, մտերիմ հարաբերությունների առկայության վերաբերյալ։ Ավելին, գործի փաստերի համաձայն՝ Դատավորը նույն ժամանակահատվածում որպես իրավաբանական բաժնի պետ համատեղությամբ աշխատել է նաև մի քանի այլ կազմակերպություններում, հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ և դատավոր է նշանակվել 09․06․2020 թվականին։
Խորհրդի գնահատմամբ վերոնշյալը թույլ է տալիս փաստել, որ Դատավորի առնչությունը «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ սահմանափակվել է բացառապես աշխատանքային իրավահարաբերություններով։ Ավելին, Միջնորդությամբ չի ներկայացվել նաև որևէ փաստարկ Դատավորի՝ թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործի առարկա հանդիսացող իրավահարաբերություններին և փաստերին նախկինում որևէ առնչություն ունենալու վերաբերյալ։
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ նախկինում ունեցած կապի և հարաբերությունների բնույթն ու աստիճանը, ինչպես նաև հայցադիմումը վարույթ ընդունվելուց հետո գործը քննվելու ընթացքում այդ աշխատանքային հարաբերությունների՝ արդեն իսկ ավելի քան 4 տարի դադարած լինելու, ինչպես նաև Դատավորի՝ նույն ժամանակահատվածում որպես իրավաբանական բաժնի պետ համատեղությամբ նաև մի քանի այլ կազմակերպություններում աշխատելու հանգամանքները, Խորհուրդը գտնում է, որ «Ֆլեշ» ընկերությունում տևական ժամանակ աշխատելն ինքնին չի կարող վկայել այն մասին, որ Դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով կողմերի նկատմամբ և չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
Ինչ վերաբերում է Միջնորդությամբ նշված՝ կոնկրետ իրավաբանական բնույթի աշխատանքով պայմանավորված՝ ընկերության ներքին գործավարությանը, կարգ ու կանոնին և այլ արժեքավոր տեղեկություններին աշխատանքային գործընթացների ժամանակ Դատավորի տիրապետելու մասին փաստարկներին, ապա, Խորհրդի գնահատմամբ, նշված բոլոր տեղեկություններին, կարգերին ու կանոններին նախկինում տիրապետելու փաստը նույնիսկ հաստատվելու դեպքում ինքնին՝ թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործի հետ համապատասխան կապի բացակայության պայմաններում (Միջնորդությամբ հակառակը չի հիմնավորվել), որևէ նշանակություն ունենալ չի կարող։
Նման պայմաններում Խորհուրդը գտնում է, որ թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով պատասխանողի և Դատավորի միջև առկա հարաբերությունների առնչությամբ անկողմնակալ դիտորդի մոտ Դատավորի անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած հարուցող հանգամանք չէր կարող առկա լինել, հետևաբար նաև, Դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու հիմք առկա չի եղել։
Այսպիսով, Խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը պարտականություն չի ունեցել Օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերով սահմանված իրավակարգավորումների շրջանակներում կողմերին բացահայտել «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ ունեցած աշխատանքային հարաբերությունների մասին և հայտնել ինքնաբացարկ։ Հետևաբար, Դատավորը թույլ չի տվել դատավորի վարքագծի կանոնի և/կամ դատավարական նորմի որևէ խախտում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան Անդամներ` ԴԵՄ (ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ) ԴԵՄ (ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ) ԴԵՄ (ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ) ԴԵՄ (ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ) Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Ա. Դանիելյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ա. Հայրապետյան Ա. հարությունյան Էդ. Հովհաննիսյան Ք. ՄԿՈՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հոկտեմբերի 2025 թվական:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ, Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԵՎ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
| «03» հոկտեմբերի 2025թ. |
ք. Երևան |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը»:
Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 27.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետի համաձայն՝ «Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումները ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Դեմ քվեարկած Խորհրդի անդամի անվան դիմաց նշվում է «Դեմ» բառը։ Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար»:
Արժևորելով ստորև քննարկվող հարցերի շուրջ Խորհրդի անդամներ (նախագահ՝ Ա. Աթաբեկյան, անդամներ՝ Ա. Դանիելյան, Մ. Համբարձումյան, Ա. Հայրապետյան, Ա. Հարությունյան, Էդ. Հովհաննիսյան, Ք. Մկոյան) ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին (այսուհետ՝ Դատարան կամ Դատավոր) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) միջնորդությունը մերժելու մասին Խորհրդի՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասի առնչությամբ մնում ենք հատուկ կարծիքի՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության: Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը՝ ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը:
Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց:
Տվյալ դեպքում Դատավորն իր վարույթում քննելով թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործն ըստ հայցի Կարեն Հովհաննեսի Խանամիրյանի ընդդեմ «Ֆլեշ» ՍՊԸ-ի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ «ԹԻԴԻ» ՍՊԸ-ի, Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի՝ 31.10.2022թ. անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 31/10/22-1 պայմանագրի անվավեր ճանաչման և անվավերության հետևանքների կիրառման պահանջների մասին՝ 06.03.2025 թվականին կայացված վճռով հայցային վաղեմության հատուկ ժամկետ կիրառելու վերաբերյալ պատասխանող «Ֆլեշ» ՍՊԸ-ի ներկայացուցչի միջնորդությունը բավարարել է և հայցը հայցային վաղեմության ժամկետը լրանալու հիմքով մերժել, սակայն թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով կայացված վճռում Դատավորի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի միջև տեղի ունեցած աշխատանքային փոխհարաբերությունների մասին կողմերին տեղեկացնելու կամ ինքնաբացարկի հիմքերը բացահայտելու, իր բացակայությամբ ինքնաբացարկի անտեսման հարցը քննարկելու առաջարկ ներկայացնելու, այն կողմերի կողմից քննարկման արդյունքում անտեսված լինելու փաստերի վերաբերյալ որևէ նշում առկա չէ:
Խորհուրդը Որոշմամբ արձանագրել է, որ. «(…) Խորհուրդը, ուսումնասիրելով սույն գործի քննությամբ ձեռք բերված տեղեկություններն ու փաստական հանգամանքները, գտնում է, որ թեև Դատավորը տևական ժամանակ՝ 2009-09.06.2020թթ., համատեղությամբ զբաղեցրել է «Ֆլեշ» ՍՊԸ-ի իրավաբանի պաշտոնը, սակայն այդ փաստն ինքնին չի կարող Օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 1-ին կետի իմաստով ինքնաբացարկի հիմք հանդիսանալ։ Մասնավորապես, սույն գործի քննությամբ ձեռք չեն բերվել այնպիսի տեղեկություններ, չեն հաստատվել այնպիսի փաստեր, որոնք կվկայեին աշխատանքից ազատվելուց հետո «Ֆլեշ» ՍՊԸ-ի, այդ ընկերության մասնակիցների, ներկայացուցիչների, աշխատակիցների հետ Դատավորի որևէ տեսակի հարաբերությունների առկայության մասին։ Ընդ որում, գործի քննությամբ ձեռք չեն բերվել նաև տեղեկություններ և փաստեր նախկինում Դատավորի և վերոնշյալ անձանց հետ աշխատանքային հարաբերություններից զատ որևէ այլ, այդ թվում՝ անձնական, մտերիմ հարաբերությունների առկայության վերաբերյալ։ Ավելին, գործի փաստերի համաձայն՝ Դատավորը նույն ժամանակահատվածում որպես իրավաբանական բաժնի պետ համատեղությամբ աշխատել է նաև մի քանի այլ կազմակերպություններում, հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ և դատավոր է նշանակվել 09․06․2020 թվականին։(…)։
Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ նախկինում ունեցած կապի և հարաբերությունների բնույթն ու աստիճանը, ինչպես նաև հայցադիմումը վարույթ ընդունվելուց հետո գործը քննվելու ընթացքում այդ աշխատանքային հարաբերությունների՝ արդեն իսկ ավելի քան 4 տարի դադարած լինելու, ինչպես նաև Դատավորի՝ նույն ժամանակահատվածում որպես իրավաբանական բաժնի պետ համատեղությամբ նաև մի քանի այլ կազմակերպություններում աշխատելու հանգամանքները, Խորհուրդը գտնում է, որ «Ֆլեշ» ընկերությունում տևական ժամանակ աշխատելն ինքնին չի կարող վկայել այն մասին, որ Դատավորը կանխակալ վերաբերմունք է ունեցել թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով կողմերի նկատմամբ և չի կարող անկողմնակալ դիտորդի մոտ ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ։»:
Վերոնշյալի համատեքստում հարկ է արձանագրել, որ ինքնաբացարկի ինստիտուտը կոչված է արդարադատության բնագավառում երաշխավորելու օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացումը` ինչպես ընթացակարգային (դատավարական), այնպես էլ նյութական իրավահարաբերություններ կարգավորելիս, և կոչված է երաշխավորելու դատական իշխանության անկախությունը, արդարադատության արդյունավետությունը, անկողմնակալությունը1: Ավելին, արտաքին դրսևորումները կարող են չափազանց կարևոր լինել կամ, այլ կերպ ասած, «արդարադատությունը ոչ միայն պետք է իրականացվի, այլ նաև պետք է տեսնել, որ այն իրականացվել է»։ Կարևոր է վստահությունը, որը ժողովրդավարական երկրում պետք է տածի հասարակությունը2: Որպեսզի հասարակությունը դատարանների նկատմամբ ունենա անհրաժեշտ վստահություն, պետք է հաշվի առնվեն ներքին կազմակերպական խնդիրներին առնչվող հարցերը։ Անկողմնակալությունն ապահովող ներքին ընթացակարգերի առկայությունը, մասնավորապես՝ դատավորների ինքնաբացարկը կարգավորող կանոնները, խիստ կարևոր են (Micallef-ն ընդդեմ Մալթայի, 2009, §§ 99-100): Նման կանոնները արտահայտում են, որ օրենսդիրը ձգտում է ազատվել դատավորի կամ դատարանի անկողմնակալության առնչությամբ բոլոր հիմնավոր կասկածներից և փորձում է ապահովել անկողմնակալությունը՝ վերացնելով այդ առթիվ առաջացող մտահոգությունների պատճառները։ Փաստացի կանխակալության բացակայությունն ապահովելու հետ մեկտեղ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին դրսևորման բացառման դեմ, որի շնորհիվ նպաստում են վստահության ձևավորմանը, որը դատարանները պետք է վայելեն ժողովրդավար հասարակությունում3։
Հատկանշական է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկան առանձնացնում է հնարավոր իրավիճակներ, երբ կարող են կասկածներ առաջանալ դատարանի/դատավորի անաչառության վերաբերյալ: Դրանցից մեկն իր բնույթով ֆունկցիոնալ է և վերաբերում է, օրինակ, միևնույն անձի կողմից դատավարության ընթացքում տարբեր գործառույթների իրականացմանը կա՛մ դատավորների, կա՛մ դատավարության այլ մասնակիցների միջև հիերարխիկ կամ այլ կապերի առկայությանը (Micallef-ն ընդդեմ Մալթայի [ՄՊ], 2009, §§ 97-98)։ Նշված դեպքում պետք է քննվեն տվյալ հարաբերության բնույթն ու աստիճանը: Ընդ որում, քննության առարկա պետք է դարձվի և դատական, և արտադատական գործառույթների իրականացումը: Այսպես, դատավորի կողմից ներկայացվող սահմանադրական բողոքը, որը քննության սկզբում գործել է որպես դիմումատուի հակառակորդի պաշտպան, հանգեցրել է 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման արձանագրման Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից4։
Այսպիսով, ակնհայտ է, որ մարդու և քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների հարգումն ու պաշտպանությունը, որպես հանրային իշխանության պարտականություն պետությանը պարտավորեցնում են ստեղծել այդ իրավունքների իրացման արդյունավետ կառուցակարգեր, ինչպիսիք են դատավարության մասնակիցների կողմից դատավորին բացարկ հայտնելու իրավունքը, ինչպես նաև դատավորի կողմից համապատասխան հիմքերի առկայության պարագայում ինքանաբացարկ ներկայացնելու կամ անկողմնակալ դիտորդի կողմից իր անաչառությունը կասկածի տակ դնող հնարավոր հանգամանքի մասին դատավարության մասնակիցներին գործի քննության ընթացքում տեղեկացնելու պարտականությունը:
Տվյալ դեպքում, Դատարանը թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործի շրջանակներում քննելով Կարեն Հովհաննեսի Խանամիրյանն ընդդեմ «Ֆլեշ» ՍՊԸ-ի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք՝ «ԹԻԴԻ» ՍՊԸ-ի, Երևան նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի՝ 31.10.2022թ. անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) թիվ 31/10/22-1 պայմանագրի անվավեր ճանաչման և անվավերության հետևանքների կիրառման պահանջների մասին հայցը գործին մասնակցող անձանց` առնվազն չի տեղեկացրել իր 2009-09.06.2020թթ. ընկած ժամանակահատվածում թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով պատասխանող «Ֆլեշ» ՍՊԸ-ում համատեղությամբ իրավաբանի պաշտոնը զբաղեցրած լինելու հանգամանքի մասին, այն պարագայում երբ «Ֆլեշ» ՍՊԸ-ի և Դատավորի միջև գոյություն ունեցած աշխատանքային հարաբերությունների բնույթն ու տևականությունը թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործի քննության ընթացքում՝ հաշվի առնելով նաև աշխատանքային հարաբերությունների՝ ավելի քան 4 տարի առաջ դադարած լինելը, սույն կարգապահական վարույթով քննարկման ենթակա հարցի համատեքստում վկայում են համագործակցության խզման ժամանակահատվածի մեծ չլինելու և քաղաքացիական գործով կողմերին առնվազն տեղեկացնելու անհրաժեշտության մասին, անկախ նման տեղեկատվության հանրային հասանելիության հանգամանքից այն հիմնավորմամբ, որ դատավարության մասնակիցները չեն կրում դատավորի աշխատանքային գործունեության մասին տեղեկություններ հավաքագրելու պարտականություն:
Այսպիսով, թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով պատասխանող «Ֆլեշ» ՍՊԸ-ի և Դատավորի միջև 2009-09.06.2020թթ. ընկած ժամանակահատվածում գոյություն ունեցած ակնհայտորեն տևական աշխատանքային հարաբերությունների մասին գործին մասնակցող անձանց չտեղեկացնելու արդյունքում Դատավորի կողմից թույլ է տրվել ի պաշտոնե գործելիս անաչառ լինելու և իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելու կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելու վարքագծի կանոնի խախտման ակնհայտ հատկանիշներ պարունակող արարք:
Իսկ ինչպես հայտնի է անկախությունը դատավորին տրված արտոնություն կամ առավելություն չէ, ընդհակառակը, այն հիմնարար սկզբունք է, ցանկացած ժողովրդավարական պետության էական տարր, իրավունքի գերակայության նախապայման և արդար դատաքննության երաշխիք5: Այն օրենքի գերակայության վրա հիմնված երաշխիք է, որ բոլոր անձինք և իշխանության մյուս մարմինները արդար դատաքննության հնարավորություն ունենան անաչառ դատարանների առջև6: Իր հերթին, դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանը ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման են7:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն կարծիքում տեղ գտած վերլուծությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, գտնում ենք, որ Դատավորի գործողություններում առկա էր կարգապահական խախտման հատկանիշներ և Խորհուրդը պարտավոր էր բավարարել Հանձնաժողովի միջնորդությունը և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության:
___________________________
1 Տե΄ս, ՀՀ Սահմանադրական դատարանի` 2010 թվականի սեպտեմբերի 28‑ի թիվ ՍԴՈ-918 որոշման 5‑րդ կետը:
2 Տե՛ս, Micallef-ն ընդդեմ Մալթայի, [ՄՊ], 2009, § 98; Stoimenovikj-ը և Miloshevikj-ն ընդդեմ Հյուսիսային Մակեդոնիայի, 2021, § 40:
3 Տե՛ս, Mežnarić-ն ընդդեմ Խորվաթիայի, 2005, § 27 և A.K.-ն ընդդեմ Լիխտենշտայնի, 2015, §§ 82-83:
4 Տե՛ս, Mežnarić-ն ընդդեմ Խորվաթիայի, § 36:
5 Venice Commission, CDL-AD(2014)018, Joint opinion on the draft amendments to the legal framework on the disciplinary responsibility of judges in the Kyrgyz Republic, պարբերություն 14, CCJE Opinion No. 1 (2001), պարբերություն 11, CCJE Opinion No. 1 (2014), պարբերություն 5, ՄԻԵԴ, Agrokompleks v. Ukraine (Application no. 23465/03), պարբերություն 136:
6 CCJE Situation report on the judiciary and judges in the Council Europe member States Updated version No. 1 (2013), պարբերություն 5, CCJE Opinion No. 18, պարբերություն 10:
7 Venice Commission, CDL-PI(2018)008, Compilation of Venice Commission opinions and reports concerning courts and judges, էջ 32:
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ
Կ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԲԴԽ-52-Ո-Կ-11 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
«04» նոյեմբերի 2025թ. |
ք. Երևան |
«ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը»:
Բարձրագույն դատական խորհրդի 2020թ. հոկտեմբերի 22-ի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշման (Աշխատակարգի) 96-րդ մասի համաձայն՝ (…) Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո1 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար»:
Արժևորելով ստորև քննարկվող հարցերի շուրջ Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ նաև՝ Խորհուրդ) անդամների (նախագահող՝ Ա. Աթաբեկյան, անդամներ՝ Ա. Դանիելյան, Մ. Համբարձումյան, Էդ. Հովհաննիսյան, Ք. Մկոյան, Ա. Հայրապետյան) ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանին2 կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը մերժելու վերաբերյալ Խորհրդի՝ 2025 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմանը քվեարկել եմ դեմ, ուստի հիշյալ որոշման եզրափակիչ, դրանով պայմանավորված՝ նաև պատճառաբանական մասերի առնչությամբ մնում եմ հատուկ կարծիքի՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության փաստական և իրավական հիմքերը․
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետև՝ Դատական օրենսգիրք) 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ վարույթն իրականացնող մարմնի, տվյալ դեպքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից պետք է Բարձրագույն դատական խորհրդին ներկայացվեն ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Հայաստանի Հանրապետության Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, ներկայացված միջնորդությամբ վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի 2010 թվականի նոյեմբերի 17-ի թիվ CM/Rec(2010)12 հանձնարարականի 22-րդ կետը, Դատավորների միջազգային միության Դատավորների համընդհանուր խարտիայի 1-ին և 6.2-րդ հոդվածները, Եվրոպայի խորհրդի Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի Դատավորների մագնա կարտայի 2-րդ և 10-րդ կետերը, ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի Բանգալորյան սկզբունքների անկախության ցուցիչը, Բանգալորյան սկզբունքների անաչառության ցուցիչի 2.1-ին, 2.5-րդ և 4.1-ին կետերը, Դատական օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 67-րդ հոդվածի 1-ին մասը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը, 71-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասի 1-ին կետը, 4-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 1-ին մասը, 29-րդ հոդվածի 1-ին, 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ մասերը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետև՝ ՄԻԵԴ) Միքալեֆն ընդդեմ Մալթայի թիվ 17056/06 գործով 2009 թվականի հոկտեմբերի 15-ի վճիռը, ՄԻԵԴ Ղուլյանն ընդդեմ Հայաստանի թիվ 35443/13 գործով 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը, Վճռաբեկ դատարանի ԵԴ/0013/06/19 գործով 2021 թվականի նոյեմբերի 3-ի և Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ ԲԴԽ-81-Ո-Կ-10 որոշումներով արտահայտած իրավական դիրքորոշումները, ներկայացրել է իրավական նորմերի և վարույթի շրջանակներում առկա փաստերի համակարգային վերլուծություն՝ փորձելով հիմնավորել դատավոր Վահագն Թորոսյանի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը և դրա հնարավոր ազդեցությունը ինչպես գործի ելքի (քաղաքացու սեփականության իրավունքի հնարավոր խախտման), այնպես էլ անկախ և անաչառ դատարանի կողմից գործի քննության սահմանադրական իրավունքի ապահովման երաշխիքների ոտնահարման առումով:
Դատավորին ցանկացած կարգապահական խախտում վերագրելիս կարևոր է մանրամասն ուսումնասիրել գործի փաստական հանգամանքները, պատշաճ անդրադարձ կատարելով դրանց բաղադրիչներին և դիտարկելով դրանք համակցության մեջ, ուստի գտնում եմ, որ 03.10.2025 թվականի ԲԴԽ-52-Ո-Կ-11 որոշման մեջ մանրամասն չեն արտացոլվել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից միջնորդության մեջ նշված թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործի փաստերը, որոնց համաձայն՝
ա) հայցվորը երկար տարիներ բացակայել է Հայաստանից և վերջին անգամ ժամանել է 2024 թվականի ապրիլ ամսին՝ պարզելով որ իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակարան են այցելել չափագրող և գույքի գնահատող՝ հայտնելով, որ իրեն պատկանող բնակարանը գրավադրված է ինչ-որ կազմակերպությունում:
բ) հայցվորի ներկայացուցչի կողմից ՀՀ կադաստրի կոմիտեից ստացված տվյալների ուսումնասիրությամբ պարզվել է, որ հայցվորի բնակարանի նկատմամբ 2022 թվականի հոկտեմբերի 31-ից առկա է անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) պայմանագիր «Ֆլեշ» ՍՊ ընկերության և «ԹԻԴԻ» ՍՊ ընկերության միջև և որ գրավառուի անունից հանդես է եկել Հայցվորի կողմից լիազորված անձը, որի արդյունքում հայցվորին պատկանող բնակարանի նկատմամբ գրանցվել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության գրավի իրավունքը:
գ) նշված գործարքի մասին հայցվորը երբևէ իրազեկված չի եղել, որևէ մեկին իր բնակարանի հետ կապված որևէ գործողություն կատարելու վերաբերյալ լիազորագիր չի տվել, ինչի կապակցությամբ դիմել է իրավապահ մարմիններին և ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի 2024 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, իսկ 2024 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ նշված քրեական վարույթով հայցվորը ճանաչվել է տուժող:
դ) 2024 թվականի ապրիլի 15-ին հայցվորը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Ֆլեշ» ՍՊ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ «ԹԻԴԻ» ՍՊ ընկերության՝ 2022 թվականի հոկտեմբերի 31-ի անշարժ գույքի գրավի (հիպոթեքի) պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին (քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/3058/02/2024):
ե) Հայցադիմումը վարույթ է ընդունվել, նշանակվել են դատական նիստեր, գործի քննության ընթացքում «Ֆլեշ» ՍՊ ընկերության ներկայացուցչի կողմից դատարան է ներկայացվել միջնորդություն պահանջի նկատմամբ հայցային վաղեմության ժամկետ կիրառելու մասին. 2025 թվականի հունվարի 23-ին միջնորդության քննարկումը համարվել է ավարտված, հրապարակման օր է նշանակվել 2025 թվականի փետրվարի 13-ը, դատական ակտի հրապարակման ժամկետը երկարաձգելու որոշում է կայացվել և արդյունքում՝ 2025 թվականի մարտի 6-ին (այսինքն՝ հայցվորի կողմից հայցադիմումը դատարան ներկայացնելուց գրեթե մեկ տարի անց) դատարանը բավարարել է «Ֆլեշ» ՍՊ ընկերության ներկայացուցչի միջնորդությունը՝ կիրառելով հայցային վաղեմության ժամկետ:
2. Դատավորին վերագրվող խախտումը թույլ տալու հարցի պարզում
Ի հակառակ սույն հատուկ կարծիքի 1-ին բաժնում նշված փաստերը՝ դատարանի անաչառության և անկողմնակալության լույսի ներքո ուսումնասիրության առարկա դարձնելու՝ 03.10.2025 թվականի ԲԴԽ-52-Ո-Կ-11 որոշման մեջ Բարձրագույն դատական խորհուրդի կողմից ուսումնասիրման առարկա են հանդիսացել առավելապես Դատավորի կողմից 2009-2020 թվականներին Ֆլեշ» ՍՊ ընկերությունում աշխատելու, նշված ընկերությանը իրավաբանական ծառայություններ մատուցելու, թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով վեճի առարկայի ծագման ժամանակահատվածում դրանք դադարած լինելու հանգամանքները` Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի լույսի ներքո:
Մասնավորապես, Բարձրագույն դատական խորհուրդը՝ 03.10.2025 թվականի ԲԴԽ-52-Ո-Կ-11 որոշման մեջ մի շարք իրավական դիրքորոշումների և նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման լույսի ներքո, եզրահանգել է, որ «(…) դատավորը պարտավոր է կողմերին օրենքով սահմանված ընթացակարգերով բացահայտել միայն այնպիսի փաստերը, որոնք հանդիսանում են օրենքով սահմանված ինքնաբացարկի հիմքեր: Այլ կերպ ասած՝ որոշակի հանգամանքներ (փաստեր, իրադարձություններ և այլն) կողմերին բացահայտելու՝ դատավորի պարտականությունը սահմանված է միայն ինքնաբացարկի հիմքերով: Հետևաբար, Օրենսգրքի3 71-րդ հոդվածի 4-րդ մասի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ մասերի իրավակարգավորումների շրջանակներում դատավորը պարտավոր չէ կողմերին բացահայտել այն հանգամանքներն ու փաստերը, որոնք չեն հանդիսանում դատավորի ինքնաբացարկի հիմքեր:»:
Վերոգրյալ եզրահանգումը, սակայն, իմ կարծիքով հիմնավոր չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը չի սահմանել (և չէր էլ կարող սահմանել) ինքնաբացարկի բոլոր հիմքերը և դա հաստատվում է այն փաստով, որ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Ինքնաբացարկի հիմքերը ներառում են, ի թիվս այլնի, այն դեպքերը, երբ`
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ.
2) դատավորը` որպես մասնավոր անձ, ականատես է եղել այն հանգամանքներին, որոնք վիճարկվում են գործի քննության ընթացքում.
3) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանն այլ դատարանում.
4) դատավորի մերձավոր ազգականը հանդիսացել է, հանդիսանում է կամ ողջամտորեն կհանդիսանա գործին մասնակցող անձ.
5) դատավորը գիտի կամ ողջամտորեն պետք է իմանա, որ նա անձամբ կամ նրա մերձավոր ազգականը տնտեսական շահ ունի` կապված վեճի էության կամ կողմերից մեկի հետ.
6) դատավորը պաշտոն է զբաղեցնում ոչ առևտրային կազմակերպությունում, և գործով կարող են շոշափվել այդ կազմակերպության շահերը:
Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասում «, ի թիվս այլնի,» ձևակերպումը օրենսդրի կողմից ինքնանպատակ չի օգտագործվել, ուստի, օրենքի վերը նշված դրույթների տառացի մեկնաբանությունից հետևում է, որ օրենսդիրը չի բացառել սահմանվածից բացի ինքնաբացարկի այլ հիմքերի կամ դեպքերի առկայությունը, չի պայմանավորել ինքնաբացարկ հայտնելու դատավորի պարտականությունը բացառապես Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված վեց դեպքերով, և այս պարագայում, անգամ դատավորի կողմից համոզմունք ունենալը՝ որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ կանխակալ վերաբերմունք չունենալու վերաբերյալ, հիմք չէ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասը չկիրառելու համար:
Ըստ որում, 03.10.2025 թվականի ԲԴԽ-52-Ո-Կ-11 որոշման մեջ հղում կատարելով օբյեկտիվ չափանիշի տեսանկյունից ՄԻԵԴ դատարանի իրավական դիրքորոշմանը, նշվել է, «(…) Որպես այդպիսին կողմնակալության բացակայությունն ապահովելուց բացի՝ դրանք ուղղված են կողմնակալության ցանկացած արտաքին հատկանիշ վերացնելուն և այդպիսով նպաստում են, որ ժողովրդավարական հասարակությունում դատարանները հանրությանը վստահություն ներշնչեն: Իրավիճակից կամ կապից է կախված դատավորի անկողմնակալության վերաբերյալ կասկածների առաջացումը: Այդ կասկածների օբյեկտիվորեն հիմնավորված լինելը կամ չլինելն առավելապես կախված է կոնկրետ գործի հանգամանքներից և այն գործոններից որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն4 (տես, Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճիռը, §§ 47, 51):»:
Հղում կատարելով Ղուլյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 24.01.2019 թվականի վճռին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, սակայն, արձանագրել է, որ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել միայն այնպիսի փաստերը, որոնք հանդիսանում են օրենքով սահմանված ինքնաբացարկի հիմքեր, առանց հաշվի առնելու «իրավիճակը», սույն հատուկ կարծիքի 1-ին բաժնում շարադրված Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից միջնորդության մեջ նշված թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործի «հանգամանքները և այն գործոնները, որոնք այդ իմաստով պետք է հաշվի առնվեն» շարադրված փաստերի համատեքստում:
Ելնելով վերոգրյալից՝ գտնում եմ, որ դատավորը պարտավոր էր գնահատել ինքնաբացարկի հիմքերը օբյեկտիվ չափանիշի սահմաններում՝ անաչառ դիտորդի մոտ ողջամիտ կասկածը բացառելու տեսանկյունից, և անկախ ու անաչառ դատարանի կողմից գործի արդարացի քննությունն ապահովելու համար՝ կատարեր Դատական օրենսգրքի 71—րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, քանի որ ինքնաբացարկի հիմքն առկա էր՝ հաշվի առնելով դատավորի պաշտոնում նշանակվելուն նախորդող ժամանակահատվածում 10-11 տարի գործով պատասխանող «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու հանգամանքը, ըստ որում՝ հաշվի առնելով այդ աշխատանքային հարաբերությունների բնույթը, այն է՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերությանը տևական ժամանակ իրավաբանական, խորհրդատվական, փաստաբանական ծառայություններ մատուցելը:
3. Հատուկ կարծիքի վերաբերյալ հիմնավորումները և եզրահանգումները
Դատական օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ 1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Դատական օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի հանգամանքների մասին, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ:
Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է կողմերին բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, որը ենթակա է արձանագրման: Տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:
Կարևոր եմ համարում արձանագրել, որ Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումներից բխում է, որ դատավորը պարտավոր է բացահայտել, ոչ միայն այն ինքնաբացարկի հիմքերի և դեպքերի առկայությունը, որոնք թվարկված են նույն հոդվածի 2-րդ մասում (ինչպես վերը նշվեց՝ օրենքը դրանք սպառիչ չի թվարկել), այլ կողմերին բացահայտել նաև այն հանգամանքները, որոնց տեղյակ է դատավորն անձամբ, և որոնք անկողմնակալ դիտորդի մոտ կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անաչառության մեջ: Օրենսդիրը նախատեսել է, որ տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում դատավորը կարող է դիմել կողմերին` առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը: Եթե կողմերը դատավորի բացակայությամբ որոշում են կայացնում դատավորի ինքնաբացարկն անտեսելու մասին, ապա այդ որոշումն արձանագրելուց հետո դատավորն իրականացնում է գործի քննությունը:
Վերոգրյալի համատեքստում՝ կրկին հարկ եմ համարում նշել, որ օրենսդիրը չի նախատեսել ինքնաբացարկի ինստիտուտի այլ տարբերակ, քան ինքնաբացարկ ներկայացնելը և դրա անտեսման առաջարկով հանդես գալը, որով հնարավոր կլիներ ինքնաբացարկի հիմքերի առկայության վերաբերյալ նվազագույն կասկած ունենալու դեպքում տեղեկացնել կողմերին այն հանգամանքների մասին, որոնց տեղյակ է դատավորը՝ բացառելով տվյալ գործով նրա անաչառության վերաբերյալ որևէ կասկած և ապահովելով կողմերի մոտ անաչառ և անկողմնակալ դատարանի կողմից գործի քննության սահմանադրական երաշխիքը: Ուստի, գործնականում որևէ հանգամանքի բացահայտումը դատավորի կողմից գործող իրավակարգավորումների շրջանակում հնարավոր է ինքնաբացարկի հիմքերի առկայության համատեքստում՝ չսահմանափակվելով բացառապես Դատական օրենսգրքի 71—րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված վեց հիմքերով, քանի որ ի թիվս դրանց կարող են լինել նաև այլ հիմքեր, և դատավորի կողմից օբյեկտիվ չափանիշի շրջանակներում նման հիմքերի ծանրակշիռ գնահատման և արդարադատության շահի հավասարակշռման արդյունքում՝ բացառել ծայրահեղական և ոչ ողջամիտ մոտեցումները, որոնք կարող են հանգեցնել արդարադատություն իրականացնելուց խուսափելու դեպքերի: Յուրաքանչյուր դեպքում, անկախ դատավորի կողմից տվյալ գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու հանգամանքից, Դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառությունը ենթադրում է, ինքնաբացարկի միջնորդությունը կողմերի կողմից չանտեսելու պարագայում գործի քննությունը այլ դատավորի վերապահելու և դրանով իսկ՝ արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալու հնարավորություն:
Գտնում եմ, որ տվյալ դեպքում՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությամբ հիմնավորել էր դատավորի՝ ի պաշտոնե գործելիս վարքագծի կանոնների և դատավարական նորմերի խախտումները՝ դրանով իսկ վտանգելով նշված քաղաքացիական գործով կողմերի՝ անաչառ դատարանի կողմից գործի քննության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքը, վտանգելով դատարանի՝ որպես անաչառ ինստիտուտի մասին հանրային ընկալումը:
ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի 2006 թվականի թիվ 2006/23 բանաձևով հաստատված Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքների (այսուհետ` Բանգալորյան սկզբունքներ) 4-րդ կետի համաձայն՝ վարքագծի կանոնների պահպանումը և դրա դրսևորումը դատավորի ողջ գործունեության կարևորագույն մասն է: Բանգալորյան սկզբունքների անաչառության ցուցիչի 2.1-րդ կետի համաձայն' դատավորը պարտավոր է իր ծառայական պարտականություններն իրականացնել առանց նախապատվության, կողմնակալության կամ խտրականության, իսկ նույն ցուցիչի 2.5-րդ կետի համաձայն՝ դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել բոլոր այն դեպքերում, երբ նա չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ երբ անկողմնակալ դիտորդին թվում է, թե նա ի վիճակի չէ տվյալ գործով անաչառ որոշում կայացնել: Բանգալորյան սկզբունքների վարքագծի կանոնների պահպանման ցուցիչի 4.1 կետի համաձայն՝ դատավորը պետք է պահպանի վարքագծի կանոնները և դատավորի պաշտոնի հետ կապված ցանկացած գործողություն կատարելիս զերծ մնա ոչ պատշաճ տպավորություն թողնելուց:
Կոնվենցիայի իրավունքների ապահովումը Կոնվենցիայի համակարգի այլ բաղադրիչների ապահովման հետ նաև ներպետական իշխանությունների և դատարանների գործն է: Հաշվի առնելով միջնորդությամբ ներկայացված ՄԻԵԴ պրակտիկային վերաբերող բազմաթիվ վկայակոչումները՝ վերոգրյալի համատեքստում ավելորդ եմ համարում կրկին վկայակոչել ՄԻԵԴ այն իրավական դիրքորոշումները, որոնք համանման փաստական հանգամանքների առկայության դեպքում արձանագրել են Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում՝ բավարարվելով միայն դրանց հղումները ներկայացնելով ստորև5:
Վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում 13.03.2009 թվականին ընդունված որոշմամբ նշել է, որ. «Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Սահմանադրության 19-րդ հոդվածով6 և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված յուրաքանչյուրի՝ անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է:»: Հղում կատարելով Պյերսակն ընդդեմ Բելգիայի գործով կայացված վճռին՝ Վճռաբեկ դատարանը նշել է «Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը՝ օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյոք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար:»:
Կրկնելով թիվ ԵԱՔԴ/1137/02/08 քաղաքացիական գործի շրջանակներում արտահայտած դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը թիվ ԱՐԴ1/0019/02/13 քաղաքացիական գործի շրջանակներում 28.11.2014 թվականին ընդունված որոշմամբ հավելել է. «Ինքնաբացարկի ինստիտուտը նպատակ ունի կողմերի և գործին մասնակցող այլ անձանց մոտ ամրապնդել համոզմունք առ այն, որ գործը քննվել և լուծվել է անկողմնակալ և օբյեկտիվ, ինչն իր հերթին նախադրյալներ է ստեղծում տվյալ գործով օրինական դատական ակտ կայացնելու համար:»:
Բարձրագույն դատական խորհուրդն իր 05.04.2021 թվականի ԲԴԽ-7-Ո-Կ-02 և 08.04.2021 թվականի ԲԴԽ-13-Ո-Կ-03 որոշումներում արձանագրել է, որ. «(…) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը: Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրել է, որ սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը: Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա: Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով:
Վերը թվարկված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ թիվ ԵԴ2/3058/02/24 քաղաքացիական գործով պարտականություն ունենալով կողմերին բացահայտելու ինքնաբացարկի հիմքերը, դատավորը չի բացահայտել դատավորի պաշտոնում նշանակվելուն նախորդող ժամանակահատվածում 10-11 տարի նույն գործով պատասխանող կազմակերպության հետ աշխատանքային հարաբերություններում գտնված լինելու (այդ կազմակերպությանը փաստաբանական, իրավաբանական, խորհրդատվական ծառայություններ մատուցելու) հանգամանքը, միևնույն ժամանակ, գործով անաչառ լինելու վերաբերյալ համոզմունք ունենալու դեպքում, չի դիմել կողմերին՝ առաջարկելով իր բացակայությամբ քննարկելու ինքնաբացարկի անտեսման հարցը, չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել, այսպիսով՝ թույլ է տրել դատավարական նորմի, ինչպես նաև դատավորի վարքագծի կանոնի խախտում, ուստի դատավորի կողմից կատարված իրավունքի խախտումը չի կարող գնահատվել որպես նվազ կարևոր:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն Հատուկ կարծիքում տեղ գտած վերլուծությունները, ղեկավարվելով Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով՝ գտնում եմ, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Վահագն Թորոսյանի գործողություններում առկա էին կարգապահական խախտման հատկանիշներ, և Խորհուրդը պարտավոր էր բավարարել ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ ենթարկելով դատավոր Վահագն Թորոսյանին կարգապահական պատասխանատվության:
__________
1 ԲԴԽ-52-Ո-Կ-11 որոշումը հրապարակվել է 24.10.2025 թվականին:
2 Սույն կարծիքում արված տեքստային բոլոր ընդգծումները (այդ թվում՝ մեջբերված իրավական նորմերի) հեղինակինն են:
3 ԲԴԽ-52-Ո-Կ-11 որոշուման մեջ նկատի ունի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը:
4 Տվյալ դեպքում ընդգծումը 03.10.2025 թ. ԲԴԽ-52-Ո-Կ-11 որոշման:
5 Տե՛ս, օրինակ՝ Wettstein v.Switzerland գանգատ թիվ 33958/96 https://hudoc.echr.coe.int/eng?i=001-59102 , Meznaric v. Croatia https://hudoc.echr.coe.int/eng?i=001-69726, Findlay v. the United Kingdom, գանգատ թիվ 22107/93 https://hudoc.echr.coe.int/eng?i=001-58016; Svarc and Kavnik v. Slovenia գանգատ թիվ 75617/01 https://hudoc.echr.coe.int/eng?i=001-79375, Micallef v. Malta գանգատ թիվ 17056/06 https://hudoc.echr.coe.int/fre?i=001-95031:
6 Վճռաբեկ դատարանի կողմից որոշման կայացման պահին գործում էր 27.11.2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը, որի 19-րդ հոդվածին բովանդակությամբ համապատասխանում է այժմ գործող Սահմանադրության 63-րդ հոդվածը:
Բարձրագույն դատական խորհրդի անդամ՝
Արմենուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 նոյեմբերի 2025 թվական: