ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4299-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4299-Ա

«21» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Նաիրի Մուկուչյանի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ Դ-104132-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Նաիրի Մուկուչյանի 2025 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ Դ-104132-25 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ու վարչարարության շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները` պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ Դ-104132-25 դիմումով Նաիրի Մուկուչյանը խնդրել է փոխհատուցել 2025 թվականի օգոստոսի 16-ին Երևան քաղաքի Փափազյան փողոցի թիվ 118/1 շենքի բակում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Honda CR-V 2.4 I» մակնիշի «37 XZ 315» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի հաստ ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ՎՊ-25-227-ԱՊ ապրանքագիտական եզրակացությամբ գնահատված վնասը:

2023 թվականի հոկտեմբերի 31-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB505781 վկայագրի համաձայն՝ «Honda CR-V 2.4 I» մակնիշի «37 XZ 315» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Նաիրի Մուկուչյանի սեփականությունը:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 19-ին տրված թիվ ՎՊ-25-226-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության համաձայն՝ «Honda CR-V 2.4 I» մակնիշի «37 XZ 315» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժնի նյութերի լուսանկարչական հավելվածի լուսանկարներում առկա՝ նշված ավտոմեքենայի վրա ծառի հաստ ճյուղն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում՝ նշված ավտոմեքենայի վրա ծառի հաստ ճյուղն ընկնելու հետևանքով: Նույն եզրակացությամբ փորձագետը հանգել է այն հետևության, որ տեղի ունեցած պատահարի ու «Honda CR-V 2.4 I» մակնիշի «37 XZ 315» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ նույն եզրակացությամբ նկարագրված հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի հաստ ճյուղի ընկնելն է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 19-ին տրված թիվ ՎՊ-25-227-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Honda CR-V 2.4 I» մակնիշի «37 XZ 315» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2025 թվականի օգոստոսի 16-ի դրությամբ, կազմել է շուրջ 418.000 (չորս հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամ:

Թիվ 12213 վճարման անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության («Կոմիտաս» մասնաճյուղ) հետ կատարված գործարքով 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Նաիրի Մուկուչյանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԾՊ/227 պայմանագրով փորձաքննության վճար:

Թիվ 11991 վճարման անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության («Կոմիտաս» մասնաճյուղ) հետ կատարված գործարքով 2025 թվականի սեպտեմբերի 12-ին Նաիրի Մուկուչյանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԾՊ/226 պայմանագրով փորձաքննության վճար:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ Վ.Փափազյան փողոցի թիվ 118/1 հասցեի բակում 2025 թվականի օգոստոսին 16-ին քաղաքացի Նաիրի Մուկուչյանին պատկանող «Honda CR-V 2.4 I» մակնիշի «37 XZ 315» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա քամուց կոտրվել և ընկել է կենսունակ մանրատերև թեղու կիսաչոր ճյուղ։

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժնի պետին ուղղված զեկուցագրի համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 16–ին ստացված հաղորդման կապակցությամբ Նաիրի Մուկուչյանը ոստիկանության աշխատակցի հարցման վերաբերյալ գրավոր հայտնել է, որ 2025 թվականի օգոստոսի 16-ին Վ.Փափազյան փողոցի թիվ 118/1 շենքի բակում կայանված իր սեփականությունը հանդիսացող «Honda CR-V 2.4 I» մակնիշի «37 XZ 315» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, քամու հետևանքով, ընկել է ծառի հաստ ճյուղ:

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 08/ԼԱ/-1197 գրության համաձայն՝ 2025 թվականի օգոստոսի 16-ին ժամը 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում քամու ուժգնացում չի գրանցվել, քամու առավելագույն պոռթկումը կազմել է 14 մ/վ:

«ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով կատարված գործարքի արդյունքում (վճարման հանձնարարագիր՝ N 250915098549007) 2025 թվականի սեպտեմբերի 15-ին Նաիրի Մուկուչյանի կողմից «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բանկային հաշվին փոխանցվել է 8,340 (ութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ՝ որպես հիդրոօդերևութաբանական տվյալների տրամադրման դիմաց վճար:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1181-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետով սահմանված է քամու ուժի սանդղակը, որով «13.9 մ/վրկ – 17.1 մ/վրկ» արագությամբ քամին բնութագրված է որպես «ավելի ուժեղ», իսկ որպես քամու ազդեցության նկարագիր՝ նշված է հետևյալը. «Ճոճվում են փոքր ծառերի բները: Ծովի վրա բարձրանում են փրփրող ալիքներ:»:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2025 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ Դ-104132-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Նաիրի Մուկուչյանի սեփականությունը հանդիսացող «Honda CR-V 2.4 I» մակնիշի «37 XZ 315» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Արաբկիրի բաժնում թիվ 6266 ահազանգով կազմված նյութերը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից թիվ Դ-97423-25 հանձնարարականով տրամադրված տեղեկատվությունը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 08/ԼԱ/-1197 գրությունը, «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ՎՊ-25-226-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և թիվ ՎՊ-25-227-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Նաիրի Մուկուչյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ Դ-104132-25 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ ՎՊ-25-227-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Honda CR-V 2.4 I» մակնիշի «37 XZ 315» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի հաստ ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 418.000 (չորս հարյուր տասնութ հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 160,000 (մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամը և 8,340 (ութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախսեր, փոխհատուցել Նաիրի Մուկուչյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան