ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 4308-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.10.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
21.10.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.10.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 4308-Ա

«21» հոկտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Գարիկ Հարությունյանի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումի քննության կապակցությամբ 2025 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 11.00-ին հրավիրվել են լսումներ, որին ներկայացել և մասնակցել է դիմումատու Գարիկ Հարությունյանը:

Ուսումնասիրելով 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումը, դիմումին կից, ինչպես նաև վարույթի շրջանակներում ստացված նյութերը, 2025 թվականի հոկտեմբերի 13-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումով, ինչպես նաև լսումների ընթացքում ներկայացված փաստարկներով Գարիկ Հարությունյանը հայտնել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 23:20-ին Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց ընթանալիս, Լենինգրադյան փողոցի հատվածում Հայկ Հարությունյանի վարած «BMW» մակնիշի «90 GG 991» հաշվառման համարանիշի ավտոմեքենան ընկել է բաց ջրատար դիտահորի մեջ և վնասվել:

Գարիկ Հարությունյանը, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 15002510 փորձագետի եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել «BMW» մակնիշի «90 GG 991» հաշվառման համարանիշի ավտոմեքենան բաց դիտահորի մեջ ընկնելու պատճառով ավտոմեքենայի անվահեծերի փոխարինման և վերանորոգման աշխատանքների շուկայական արժեքները՝ 105.000 (մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամի չափով:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակից Արմեն Սարգսյանի կողմից 2025 թվականի սեպտեմբերի 11-ին կազմվել է նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի մասին թիվ 762923 արձանագրությունը, որի համաձայն՝ նշված օրը Հայկ Հարությունյանի վարած «BMW» մակնիշի «90 GG 991» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղուց դեպի Լենինգրադյան փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ինքնավթար, ինչի կապակցությամբ նաև կազմվել է պատահարի վայրի սխեմա, որտեղ ուրվագծված են ավտոմեքենայի ընթացքի ուղղությունը և ջրահեռացման դիտահորը:

2023 թվականի մայիսի 13-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB220551 վկայագրի և տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ 01YY220508 վկայականի համաձայն՝ «BMW» մակնիշի «90 GG 991» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Գարիկ Հարությունյանի սեփականությունը:

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 15002510 ապրանքագիտական եզրակացությամբ փորձագետը, պարզաբանելով նախաձեռնողի կողմից առաջադրված՝ «Խնդրում ենք հնարավորության դեպքում կատարել ապրանքագիտական փորձաքննություն և որոշել բաց դիտահորի մեջ ընկնելու հետևանքով «BMW» մակնիշի «90 GG 991» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի կրած վնասի չափը» հարցը, նշել է, որ փորձաքննության առաջադրված «BMW» մակնիշի «320 I» մոդելի տրանսպորտային միջոցի անվահեծերի փոխարինման և վերանորոգման աշխատանքների շուկայական արժեքը՝ փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ գործող ՀՀ շուկայական գներով, կազմում է 105,000 (մեկ հարյուր հինգ հազար) ՀՀ դրամ:

 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումով, ինչպես նաև վարույթի լսումների ընթացքում Գարիկ Հարությունյանի կողմից չեն ներկայացվել «BMW» մակնիշի «90 GG 991» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասվածքներն առաջանալու պատճառների, ինչպես նաև պատահարի հետևանքով առաջացած վնասվածքների հետքաբանական փորձաքննության, պատահարի ու վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող և պատահարը Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներին համապատասխան կանխելու անհնարինության վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատված է ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը:

2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումի առարկայի ուսումնասիրության շրջանակներում պարզվել է, որ 2017 թվականի հունվարի 1-ից մեկնարկել է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծառայությունների մատուցման վարձակալության պայմանագիրը, որի կողմերն են հանդիսանում Ջրային կոմիտեն՝ որպես վարձատու և «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը՝ որպես վարձակալ, բացի այդ՝ Երևան քաղաքի վարչական տարածքում առկա դիտահորերը չեն գտնվում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում, հետևաբար չեն սպասարկվում Երևանի քաղաքապետարանի կողմից:

 3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

 «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառներում քաղաքապետը, որպես պատվիրակված լիազորություն, կառավարում է իր կառավարմանը հանձնված պետական սեփականություն համարվող ներհամայնքային հաղորդակցության ուղիների, ջրմուղի, կոյուղու, գազի, ոռոգման ու ջեռուցման ցանցերի և ճարտարագիտական այլ կառույցների շահագործումը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանվել է, որ Երևանի ավագանու առաջին ընտրությունից հետո սեփականության իրավունքով անհատույց, Երևան քաղաքին են համարվում փոխանցված Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող` նույն կետի 1-ին ենթակետում չներառված` պետական սեփականություն հանդիսացող փողոցները, հրապարակները, տրանսպորտային հանգույցները, հետիոտնի անցումները, այգիները, պուրակները, հուշարձանները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին» N 385-Ն որոշմամբ սահմանված հուշարձանների), արձանները, կիսանդրիները, ջրավազանները, արտաքին լուսավորության ցանցը (այդ թվում` հենասյուները), կամուրջները և այլ ենթակառուցվածքներ:

 Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա որոշմամբ սահմանվել են ջրահեռացման համակարգերի օգտագործման և հեռացվող ջրերի մաքրման կանոնները (այսուհետ՝ Կանոններ):

 Կանոնների 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ ջրահեռացման համակարգի արդյունավետ և անխափան աշխատանքներն ապահովելու համար ջրահեռացման համակարգը շահագործող կազմակերպությունը կազմակերպում է ցանցերի և կառուցվածքների աշխատանքի խախտումների ու վթարների պատճառների վերլուծությունը և մշակում միջոցառումներ՝ դրանք կանխելու և վերացնելու համար:

 Կանոնների 68-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ցանցի ստուգայցի և զննման ժամանակ ստուգվում են դիտահորերի արտաքին վիճակը, կափարիչների տեղակայվածությունը, կիպությունը:

 Կանոնների 72-րդ կետի համաձայն՝ շահագործման ընթացքում առաջացած թերությունները հայտնաբերելու նպատակով ստուգվում են դիտահորերի պատերի, կոկորդային մասի, ճարմանդների, աստիճանների, մտոցի կափարիչների, առվակների մուտքի և ելքի խողովակների վիճակները, մաքրվում առաջացած նստվածքները, միաժամանակ ստուգվում դիտահորին կից տեղամասերի ուղղագիծ լինելը:

 Վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ Երևան քաղաքի վարչական տարածքում առկա դիտահորերը, որոնց թվում և 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումում նկարագրված պատահարի պատճառ հանդիսացած դիտահորը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի N 604-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով չի փոխանցվել Երևան համայնքի սեփականությանը, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից գտնվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության օգտագործման ներքո, հետևաբար դրա արտաքին տեսքի, դրան կից տեղամասի պատշաճ վիճակի ապահովումը և պատշաճ վիճակում շահագործումն ապահովելը գտնվում է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության պատասխանատվության ներքո և չի առնչվում Երևանի քաղաքապետարանի գործառույթներին, քանի որ այդ մասով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործառույթները պետության կողմից Երևանի քաղաքապետին չեն վերապահվել:

 «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։

 Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:

 Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:

 Օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածներով նախատեսված՝ վերը մեջբերված իրավանորմերից հետևում է, որ անվտանգ երթևեկություն ապահովելու գործառույթն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից, հետևաբար քննարկվող պատահարի պատճառ դիտահորի կափարիչը բաց լինելու վիճակով պայմանավորված ենթադրաբար անվտանգ երթևեկություն ապահովված չլինելու պատճառով ինքնավթար տեղի ունենալու արդյունքում առաջացած վնասի փոխհատուցման հարցում ևս Երևանի քաղաքապետը չի հանդիսանում իրավասու պատասխանատու վարչական մարմին:

 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով ապացուցված չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումում նկարագրված պատահարում վարչական մարմնի պայմանական մեղավորության դիտարկումը ենթադրում է վերջինիս կողմից ենթադրաբար իր սեփականությունը հանդիսացող գույքը պատշաճ վիճակում չշահագործելու փաստի քննարկում, ինչը տվյալ պարագայում բացառվում է դիտահորը համայնքային սեփականություն չհանդիսանալու փաստի ուժով, ինչի շրջանակներում առանցքային նշանակություն ունի այն հարցերի պարզումը, թե արդյո՞ք Երևանի քաղաքապետարանի կողմից դրսևորված է եղել քննարկվող պատահարին հանգեցրած ապօրինի գործողություն կամ անգործություն, թե՞ ոչ, արդյո՞ք այն օրենքով սահմանված կարգով ճանաչվել է ոչ իրավաչափ, թե՞ ոչ և արդյո՞ք պահանջված վնասը հանդիսանում է վարչական մարմնի ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ կետով սահմանված է, որ վարորդը տրանսպորտային միջոցը պետք է վարի սահմանված արագությունը չգերազանցող արագությամբ` հաշվի առնելով երթևեկության ինտենսիվությունն ու տրանսպորտային միջոցի և բեռի վիճակն ու առանձնահատկությունները, ճանապարհային և օդերևութաբանական պայմանները, մասնավորապես, ճանապարհային ծածկույթի վիճակն ու տեսանելիությունը երթևեկության ուղղությամբ: Նույն կանոնների 67-րդ կետով սահմանված է, որ երթևեկության համար խոչընդոտ կամ վտանգ առաջանալու դեպքում, որը վարորդն ի վիճակի էր հայտնաբերել, նա պետք է միջոցներ ձեռնարկի արագությունն իջեցնելու` ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը: Այդ դեպքում կողանցումն ու շրջանցումը թույլատրելի է, եթե վարորդը համոզված է, որ դա անվտանգ է երթևեկության մյուս մասնակիցների համար:

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

 Դատական պրակտիկայում հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծը բնորոշվում է որպես գործողություն կամ անգործություն, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով:

 Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ:

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.

«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:

Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:

2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումին կից և վարույթի ընթացքում չեն ներկայացվել «BMW» մակնիշի «90 GG 991» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ ինքնավթարի հանգամանքների փորձաքննության, վթարը կանխելու անհնարինության, այդ թվում՝ ավտոմեքենայի արագության վերաբերյալ՝ ոլորտում համապատասխան որակավորում ունեցող փորձագետների կողմից կազմված փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չի ներկայացվել (առկա չէ) օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով ոչ իրավաչափ է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի՝ նշված վթարի պատճառ հանդիսացած գործոններում դրսևորած ենթադրյալ գործողությունը կամ անգործությունը:

 Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ չի ապացուցվել 2025 թվականի սեպտեմբերի 11-ին «BMW» մակնիշի «90 GG 991» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը Երևանի քաղաքապետարանի մեղքով տեղի ունենալու հանգամանքը, այն է՝ չի ներկայացվել պատահարի վայրում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, դիտահորի վիճակով պայմանավորված Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ գործողությունը կամ անգործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, չի հիմնավորվել պահանջված վնասը Երևանի քաղաքապետարանի՝ ենթադրյալ ոչ իրավաչափ գործողության կամ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը, հաշվի առնելով, որ դիտահորը չի հանդիսանում համայնքային սեփականություն և չի գտնվում վերջինիս տնօրինման ու սպասարկման ներքո, ինչպես նաև նկատի ունենալով, որ չեն ներկայացվել դիմումի առարկա փոխադրամիջոցի ավտոտեխնիկական, պատահարի հանգամանքները բացահայտող, փոխադրամիջոցի հետքաբանական փորձաքննության եզրակացություններ, ուստի հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ, 1071.1-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված կանոնների 65-րդ և 67-րդ կետերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 28-ի N 1228-Ա որոշման դրույթները և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ և 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Գարիկ Հարությունյանի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ Դ-104850-25 դիմումով ներկայացված վնասի հատուցման պահանջը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան