ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՈՌՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԺԱՄԱՆԱԿԻՆ (ՍԵԶՈՆԻՆ) ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 142
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 1995 թ. N 142

Քաղ. Երևան

 

ՋՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՈՌՈԳՄԱՆ ՄԱՍՆԱԺԱՄԱՆԱԿԻՆ (ՍԵԶՈՆԻՆ) ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԻՋԻՆ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հանրապետությունում ոռոգման ջրի բաշխման, վարձի գանձման, ջրատնտեսական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ջրամատակարար ձեռնարկությունների և ջրօգտագործողների միջև փոխհարաբերությունների կատարելագործման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պատգամավորների քաղաքային, շրջանային, գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեներին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) մինչև 1995 թվականի ապրիլի 1-ը ձեռնարկել գործնական միջոցներ ջրօգտագործողների կամավոր ընկերությունների, միությունների կամ ջրօգտագործողներին սպասարկող խմբերի, իսկ վերջիններիս չձևավորման դեպքում՝ համապատասխան ընկերությունների, կոոպերատիվների կամ սպառողական կոոպերատիվների ստեղծմանը նպաստելու համար:

Ջրօգտագործողների կամավոր ընկերությունների, միությունների կամ ջրօգտագործողներին սպասարկող խմբերի չձևավորման դեպքում ջրի տրման-ընդունման պայմանագրերը կնքվում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության դուստր ձեռնարկությունների և առաջնային ջրօգտագործողների՝ պատգամավորների քաղաքային, շրջանային, գյուղական (ավանային) խորհուրդների գործադիր կոմիտեների, իսկ այգեգործական (ամառանոցի) տարածքների ոռոգման ջրի տրման-ընդունման պայմանագրերը՝ այգեգործների հանրապետական կամավոր ընկերության կամ այգեգործական ընկերությունների միջև, որոնց փոխհարաբերությունները կարգավորվում են պայմանագրային հիմունքներով.

բ) մեկամսյա ժամկետում ավարտել 1994 թվականին ջրօգտագործողներին տրված ոռոգման ջրի դիմաց չվճարված գումարների գանձումը։

2. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Հայջրտնտ» հատուկ նշանակության պետական ձեռնարկության շրջանային ջրատնտեսական համակարգերի արտադրական դուստր ձեռնարկությունները ջրօգտագործողների կամավոր ընկերություններին, միություններին, ջրօգտագործողներին սպասարկող խմբերին, այգեգործական (ամառանոցի) ընկերություններին իրենց պայմանագրային պարտավորությունների կատարման դիմաց Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սահմանված նորմատիվներով հատկացնում են տրված ջրի համար գանձված հասույթից.

բ) 1995 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով բացթողնվող ջրի չափաքանակը 270 մլն խորանարդ մետր է.

գ) 1995 թվականին ոռոգման ջրի հանրապետական միջին սակագին է հաստատվում 1 խորանարդ մետր ջրի համար` 5 դրամ։

3. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին` ոռոգման մասնաժամանակում ջրհան կայանները մտցնել հանրապետական կենսաապահովման օբյեկտների ցանկի մեջ և պարբերաբար անդրադառնալ հատկացված էլեկտրաէներգիայի սահմանաքանակների պահպանման հարցին։

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մշակել և հաստատել 1995 թվականի ոռոգման մասնաժամանակում ջրհան կայանների անխափան էլեկտրամատակարարման ապահովման կարգ և պայմանագրի օրինակելի ձև

բ) ապահովել նախարարության ենթակա ձեռնարկությունների հաշվեկշիռներում գտնվող ներտնտեսային նշանակության ջրհան կայանների, խորքային հորերի, բարձր ու ցածր լարման էլեկտրահաղորդման գծերի ու ենթակայանների վերականգնումն ու դրանց անխափան էլեկտրամատակարարումը՝

Արարատյան դաշտավայրի և ցածրադիր գոտու շրջաններում՝ մինչև 1995 թվականի մարտի 31-ը.

նախալեռնային գոտու շրջաններում՝ մինչև 1995 թվականի ապրիլի 30-ը.

լեռնային գոտու շրջաններում՝ մինչև 1995 թվականի ապրիլի 30-ը։

5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ ֆինանսների նախարարության, բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում փորձաքննության ենթարկել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներկայացրած բնապահպան միջոցառումների 1995 թվականի ծրագիրը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ դրանց իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման վերաբերյալ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ

Վ. Մանուկյան