ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 141
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.03.1995-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/3, մարտ 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.03.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.03.1995

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մարտի 1995 թ. N 141

Քաղ. Երևան

 

ԳԱՐՆԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով 1995 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցում գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, հողի վարձակալներին ու գյուղատնտեսական պետական ձեռնարկություններին աջակցելու անհրաժեշտությունից և ի գիտություն ընդունելով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 1995 թվականի գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և իրականացման միջոցառումների ծրագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար ապահովել`

ա) անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների (սերմացուների, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների, վառելիքաքսանյութերի) ներկրումը, իրացումը և դրանց նպատակային օգտագործումը.

բ) գյուղատնտեսական տեխնիկայի նորոգման աշխատանքները՝  այն հասցնելով անհրաժեշտ պատրաստության.

գ) երկամսյա ժամկետում ջրօգտագործողների հետ համապատասխան պայմանագրերի կնքումը, ջրի վարձի և դրա կանխավճարի գանձման աշխատանքների կատարումը՝ ըստ տարածաշրջանների ոռոգման նախապատրաստական աշխատանքների իրականացումը, սահմանված ժամկետներում (Արարատյան հարթավայրում և ցածրադիր գոտում մինչև մարտի 30-ը, նախալեռնային գոտում՝ մինչև ապրիլի 30-ը, լեռնային գոտում` մինչև մայիսի 25-ը) ջրտուքի կազմակերպումը.

դ) գարնանացան մշակաբույսերի սերմնանյութերի ու տնկանյութերի ցանքային պիտանիության ստուգումը և նախացանքային միջոցառումների իրականացումը.

ե) 5 հազ. տոննա գարնանացան գարու սերմացուի և 1000 տոննա կարտոֆիլի տնկանյութի ձեռքբերումը և ներկրումը.

զ) սածիլվող բանջարանոցային մշակաբույսերի ջերմոցային տնտեսության համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների մատակարարումը և պահանջվող քանակությամբ սածիլների արտադրության կազմակերպումն ու իրացումը։

2. Օպերատիվ կառավարման հանրապետական շտաբին` գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին մինչև 1995 թվականի հոկտեմբերի 10-ը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջոցով, պետական պահուստից վերականգնման պայմանով հատկացնել 2000 տոննա դիզելային վառելիք։

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝

ա) մեկամսյա ժամկետում պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների հետ  համատեղ քննության առնել և Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սերմնաբուծական տնտեսություններին շրջանառու միջոցների համալրման նպատակով ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ.

բ) բույսերի պաշտպանության աշխատանքները կենտրոնացված կարգով կատարելու նպատակով մինչև 1995 թվականի մարտի 27 -ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, 1995 թվականի բյուջեով նրան նախատեսված գործառնական ծախսերի հաշվին, հատկացնել 60 մլն դրամ։

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին և Դիլիջանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեին՝

ա) ընդլայնել գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար նյութատեխնիկական միջոցների մատակարարման և ծառայությունների մատուցման ծավալները.

բ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ գարնան գյուղատնտեսական աշխատանքները սահմանված ժամկետներում կատարելու, գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, գյուղատնտեսական պետական և այլ ձեռնարկություններին աջակցելու, նյութատեխնիկական միջոցների պակասը սեփական հնարավորություններով համալրելու, մարդասիրական օգնության գծով ստացված սերմնանյութերի, նյութատեխնիկական միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար.

գ) բարձրացնել հողային և ջրային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների պատասխանատվությունը, կիրառել հողի և ջրի օգտագործման, մատակարարումների, ծառայությունների մատուցման համար վճարումների արդյունավետ մեթոդներ.

դ) ձեռնարկել անհետաձգելի միջոցներ 150 հազ. հեկտար հողահանդակներում բույսերի պաշտպանության աշխատանքները նպաստավոր ժամկետներում իրականացնելու համար.

ե) հատուկ քննության առնել գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման և իրականացման, վարելահողերի և, հատկապես, պահուստային ֆոնդի հողերի արդյունավետ օգտագործման հարցերը։

5. Հայաստանի Հանրապետության պարենի և մթերումների նախարարությանը, գյուղատնտեսության նախարարությանը, առևտրի նախարարությանը, Հայկոոպի վարչությանը՝ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսական մթերքների ու հումքի գնումների և մթերումների իրականացման, 1995 թվականի բերքից մեծածավալ արտահանումների կազմակերպման համար։

6. Հայկոոպի վարչությանը՝ իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ գյուղում սպառողական կոոպերացիայի հետագա զարգացման, սպասարկման, մատակարարման, տարբեր ծառայությունների համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման, գյուղացիական տնտեսություններում առկա մթերքների ու հումքի, մասնավորապես, բրդի իրացման կազմակերպման և արտաքին տնտեսական ակտիվ գործունեության ծավալման ուղղությամբ։

7. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության հատուկ ծրագրերի պետական վարչության հետ համատեղ ձեռնարկել միջոցներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գարնան գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների (սերմերի, վառելիքաքսանյութերի, պարարտանյութերի, թունաքիմիկատների և այլն) հատկացման համար։

8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը՝ գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին պարբերաբար զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

9. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և պատգամավորների շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների վրա։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐՉի առաջին տեղակալ

Վ. Մանուկյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան